Որ պետական տոնը ազգայինի վերածվի

by

Հունիսի 15-ին քայլերթ եղավ. այն կառավարության շենքի դիմացից անցավ Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով եւ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք գործեց կրկին Հանրապետության հրապարակ:

 ՀՀ պետական դրոշի տոնին մասնակցեցին հիմնականում դպրոցականներ, ուսանողներ եւ երիտասարդներ: Քայլերթի մասնակիցներին առաջնորդում էր զինվորական նվագախումբը, իսկ բոլոր մասնակիցների ձեռքին եռագույնն էր, նրանք կրում էին հենց մեր եռագույնի ձեւով վերնաշապիկներ:

 Այսպես առաջին անգամ տոնվեց ՀՀ պետական դրոշի օրը, որն ընդունվել է մեր Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին, իսկ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է “ՀՀ դրոշի մասին” գործող օրենքը:

 ՀՀ պետական դրոշը 1919թ. եռագույնի օրինակով վերականգնված դրոշն է՝ պաստառ, որը բաղկացած է 3, միմյանց հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն: Երկարության հարաբերակցությունը լայնությանը՝ 2:1:

 Դրոշի գույներն ու դրանց դասավորությունը տարբեր մեկնաբանությունների են ենթարկվել: Առավել ընդունելի է համարվում հետեւյալը. կարմիր գույնը խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար հայերի հեղած արյունը, կապույտը երկրի բնությունն է, ծիրանագույնը՝ ազգային խիզախությունն ու աշխատասիրությունը: Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետեւյալ նշանակությունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատեւ պայքարը գոյության, հավատքի, Հայաստանի ազատության եւ անկախության համար, կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու՝ հայ ժողովրդի ձգտումը, ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:

 Կան էլի մեկնաբանություններ: Ինչեւէ, կարեւորն այն է, որ պետական խորհրդանիշերից մեկի՝ դրոշի համար նույնպես տոն է անցկացվում: Եվ շատ կարեւոր է, որ պետական տոները ճիշտ եւ ազգայնորեն կազմակերպվեն ու ի վերջո ազգային տոների վերածվեն:

 Արտակ Հայոցյան

 Ըստ ադրբեջանցիների՝ Արցախն անկախ է

 Տաջիկստանի բջջային օպերատորը օրերս համաձայնագիր է կնքել Արցախի “Karabakh Telecom”-ի հետ: Այս փաստը խիստ վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում:

Այդ երկրի լրատվամիջոցները այնպես են արձագանքել, որ կարծես խուճապի մեջ են ընկել: Մասնավորապես, “Վեստի.ազ”-ը տագնապով հրապարակել է այսպիսի լուր. “Մուսուլմանական պետությունում ճանաչել են Լեռնային Ղարաբաղը”, որով էլ ադրբեջանցիներին տեղեկացնում է, որ Տաջիկստանի հեռահաղորդակցային “Tcell” ընկերությունը ռոումինգ-համաձայնագիր է կնքել Լեռնային Ղարաբաղի բջջային կապի օպերատոր “Karabakh Telecom” ընկերության հետ:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ “Tcell” ընկերությունից իրենց այդպիսի դիրքորոշման մասին ոչինչ չեն ասել…

 Անթույլատրելի է ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, Քաթարի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբի հավատարմագրերն ընդունելիս հայտնել է, որ անթույլատրելի է արցախյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը եւ ափսոսանք է հայտնել, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին եւ անհարկի լարում են առաջացնում: Դեսպանն ասել է, որ պաշտպանում է ԼՂ-ի խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե հակամարտությունը կրոնական հիմք ունի:

Կարծում ենք` ՀՀ իշխանությունները կշարունակեն եռանդուն աշխատել “Իսլամական կոնֆերանս”-ի անդամ երկրների հետ, որպեսզի կարողանան վերջ դնել ադրբեջանական (ի վերջո՝ համաթուրքական) սադրանքներին իսլամական (նաեւ՝ արաբական) աշխարհում:       

 Արտակ Հայոցյան 

* * *

 Արցախի հարցով

 Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակը:

Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշներն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում են ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջում, հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. “Կողմերը մտքեր են փոխանակել իրանական միջուկային խնդրի շուրջ, այդ թվում ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձեւի քննարկման ենթատեքստում, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակի վերաբերյալ”:

Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 Եռանախագահների հանդիպումը հետաձգվեց Նախատեսված է 3 նախագահների հանդիպումը

 Եռանախագահների` հունիսի 17-ի ժ.19.00-ին նախատեսվող հանդիպումը կայացել է որոշ ժամանակով հետաձգվելուց հետո:

Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով մեկնել է ՌԴ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Այստեղ նախատեսվում է նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

 Դեռ շուտ է խոսել խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականության մասին

 “Այդ հարցը պետք է դիտարկենք շահերի տեսանկյունից մյուս կողմից էլ գոյություն ունի պաշտոնական հռետորություն, մասնավորապես, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը, երբ Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպելիս պաշտոնապես հայտարարվեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը անմիջական մասնակիցների խնդիրն է”,- ասել է քաղաքագետ Արթուր Աթանեսյանը` անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկություններին, թե արդեն օգոստոսին ռուսական խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել Ղարաբաղում:

“Նախ եւ առաջ, ըստ կարգի, խաղաղապահ առաքելությունների գործողությունների կանոնակարգվածությունը կապված է ՄԱԿ-ի կանոնադրության հետ եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, խաղաղապահ ուժերը մուտք են գործում տարածաշրջան այն դեպքում, երբ կոնֆլիկտի կողմերը ցանկություն են հայտնում` այս պարագայում բացի ցանկությունը պետք է նշվի, որ հենց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները լինեն եւ ոչ թե մեկ այլ պետության, այսինքն ամենաքիչը 2 նախապայման է պետք: Եվ կարծում եմ դեռ շուտ է խոսել հավանականության մասին”,- ասել է քաղաքագետը:

Ա. Աթանեսյանի կարծիքով խաղաղապահ առաքելությունների կարիքը հակամարտող պետությունները սովորաբար զգում են, իրենք պատրաստ են, ցանկություն են հայտնում և դիմում են պետությանը կամ միջազգային կազմակերպությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու այն դեպքում, երբ սեփական ուժերով չեն կարողանում հաստատել զինադադար:

“Բայց, քանի որ կողմերը կարողացան իրենց ուժերով հասնել զինադադարի եւ պահպանում են այն, երրորդ կողմի մասնակցությունը այստեղ պետք չէ: Եվ եթե նման պայմաններում երրորդ կողմ հանդիսացող Ռուսաստանը մտնի տարածաշրջան եւ խաղաղապահ առաքելություններ սկսի իրականացնել, ապա դա պետք է մեկ ձեւով ընկալել` որպես Ռուսաստանի եւս մի միջամտություն պետությունների գործունեությանը, ինչը նպաստում է ՌԴ ազդեցության ընդլայնմանը”,- նշել է նա:

 Սեփ. լրատվություն

 “Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: