«Բանալի ճշմարտության» երկը և «Նոր-թոնդրակեցիների» խնդիրը 19-րդ դարի վերջին .

by

Աննա Օհանջանյան, 2000թ. ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2002 թ` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2005 թ.-ից աշխատում է ԵՊՀ Աստվածաբանության ամբիոնում` որպես դասախոս: Հեղինակ է ավելի քան 10 գիտական հոդվածների:

Մեր օրերում Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները մի նոր քաղաքականություն են որդեգրել` ապացուցելու համար, որ ավետարանական եկեղեցին` եվրոպական միսիոներների ջանքերով հայ իրականություն ներթափանցած օտարածին մի երեւույթ չէ, այլ հենց հայոց հողում ծագած կրոնական հոսանքների, այն է` պավլիկյան եւ, մասնավորապես, թոնդրակյան աղանդների ժառանգորդը:

Ավելին, որոշ ավետարանական հեղինակներ, հետեւելով Եվրոպայում 19-րդ դարի վերջերին հրապարակ իջած եւ Եվրոպայում ուսանած որոշ հայ լիբերալ հոգեւորականների կողմից սատարվող տեսակետներին, եվրոպական ռեֆորմացիայի եւ ավետարանական-բողոքական եկեղեցիների նախածնող են համարում վերոնշյալ աղանդները:
Ավետարանական հեղինակներն իրենց տեսակետն ապացուցելու համար հիմք են ընդունում, որ ո՛չ պավլիկյան, եւ ո՛չ էլ առավել եւս թոնդրակյան աղանդները չեն հանդիսանում մանիքեա-մծղնեական աղանդի շարունակությունը, մինչդեռ մինչ այդ տարածված եւ ընդունված տեսակետի համաձայն` այս աղանդները սերում են մանիքեականությունից:

19-րդ դարի վերջին Հայաստանում այս տեսակետի ջատագովը դարձավ Գալուստ Տեր-Մկրտչյանը, որն, ուսանելով եվրոպական համալսարաններում, իր վրա էր կրում եվրոպական բողոքական նոր մտքի ազդեցությունը: 1892 թ. «Արարատ» հանդեսում Գալուստ Տեր-Մկրտչյանը «Միաբան» մակագրությամբ տպագրեց Անանիա Նարեկացու «Գիր խոստովանութեան» թուղթը1, որը հետագայում Վենետիկի Մխիթարյան միաբան Բարսեղ Սարգսյանի կողմից դիտարկվեց որպես` Անանիա Նարեկացու կողմից գրված 2-րդ խոստովանագիրը2: Հոդվածի նախաբանը մեծ աղմուկ բարձրացրեց պահպանողական մամուլի շրջանակներում` հիմք տալով Մուրացանին «Նոր-Դար» թերթում3, իսկ ավելի ուշ Բարսեղ Սարգսյանին` հանդես գալ պատասխան հոդվածաշարերով4: Բանն այն է, որ այս աղմկահարույց նախաբանը ոչ այլ ինչ էր, եթե ոչ թոնդրակյան աղանդի` որպես «բոլոր բողոքական եւ ավետարանական շարժումների հիմք» ջատագովությունը, որտեղ Գալուստ Տեր-Մկրտչյանը թոնդրակեցիների աղանդը համարում էր բուն հայկական ծնունդ եւ հայ մտքի ինքնատիպ դրսեւորում, որով էլ հայ միտքը հայտնի դարձավ ողջ աշխարհին` հասնելով մինչեւ Փոքր Ասիա, Միջագետք, Բալկանյան թեարկղզի, մասնավորապես` Բուլղարիա,Միջին Եվրոպա,հյուսիսային Իտալիա եւ հարավային Ֆրանսիա: Ավելին, Միաբանը, Արիստակես Լաստիվերցու պատմության մեջ5 եւ Գրիգոր Մագիստրոսի թղթերում պահպանված բոլոր աղանդավորներին համարում է ազգային հերոսներ` կոչելով նրանց «աղանդի նշանավոր գործիչներ»6: Հասկանալի է, որ այսպիսի գաղափարները չէին կարող անպատասխան մնալ: Իր հայտնի` «Թոնդրակեցիների աղանդը եւ Էջմիածնի մի միաբանի այդ աղանդի մասին արված ակնարկները» հոդվածում Մուրացանը զարմանք է հայտնում, որ «Միաբանը» հպարտանում է աղանդով, եթե անգամ այն բուն հայկական մտքի ծնունդ է, քանզի աղանդի նոր մտքերի քարոզումը դեռեւս պատճառ չէ դրանով հպարտանալու համար: Ավելին, Մուրացանը «Միաբանին» համարում է բողոքականության եւ ռեֆորմացիայի սիրահար, որն այս շարժումների նախահայրն է համարում Հայաստանը, եւ իր տեսակետն ապացուցելու համար պատրաստ է ամեն ինչի, ընդհուպ մինչեւ պատմական փաստերի աղավաղումը7: Բարսեղ Սարգսյանը, քննարկելով «Միաբան»-Մուրացան երկխոսությունը, իր հերթին հանդես է գալիս հոդվածաշարով, որը Գալուստ Տեր-Մկրտչյանն անվանում է կրոնական ծայրահեղության դրսեւորում, եւ ավելի ենթադրությունների խրթին գրառում, քան գիտական հանդարտ մի շարադրանք8: Ինչ խոսք, այս որակավորումը որոշ չափով մոտ է ճշմարտությանը, սակայն պետք չէ մոռանալ նաեւ այն հանգամանքը, որ հենց ինքը` Գալուստ Տեր-Մկրտչյանը, եւ առավել եւս նրա գաղափարներից ազդված այնպիսի հեղինակներ, ինչպես օրինակ Ֆրեդերիկ Կոնիբերը, սեփական տեսակետների հիմնավորման հրամայականով հաճախ են ընկել ծայրահեղության գիրկը եւ խեղաթյուրել պատմությունը: Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆ. Ֆրեդերիկ Կոնիբերը ,,The Key of Truth. A manual of the Paulician Church of Armenia, Oxford, 1898, Clarendon Press,, աշխատության մեջ թույլ է տալիս գրեթե աններելի պատմական սխալներ, որոնք հետագայում կրկնվում են գրեթե բոլոր հայ ավետարանական հեղինակների կողմից:Այսպես, Ֆրեդերիկ Կոնիբերի աշխատությունը հիմք հանդիսացավ մերօրյա այնպիսի հայ ավետարանական հեղինակների համար,ինչպես օր.` վեր. Արսէն Կեօրկիզեանը9 եւ վեր. Ռ. Լեւոնյանը10: Մասնավորապես, Ա. Կէօրկիզյանը գրեթե նույնությամբ կրկնում է Կոնիբերի սխալները:Ե՛վ Գալուստ Տեր-Մկրտչյանի, եւ՛ Ֆրեդերիկ Կոնիբերի տեսակետի հիմքում ընկած էր «Բանալի Ճշմարտության» գրքի ու, այսպես կոչված, «նոր թոնդրակեցիների» աղանդի ուսումնասիրությունը,որտեղ վերջիններս տեսնում էին պավլիկեա-թոնդրակյան աղանդի հետքեր: Նշենք նաեւ այն հետաքրքրական հանգամանքը, որ Գալուստ Տեր-Մկրտչյանի գաղափարներից ազդվել էր նաեւ այնպիսի կարկառուն գիտնական, ինչպիսին էր Կարապետ Տեր-Մկրտչյանը, ով հաճախ էր օգտվում Գ. Տեր-Մկրտչյանի աշխատանքներից` չնշելով սակայն դրանց աղբյուրը11: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում «Բանալի Ճշմարտության» գիրքը եւ ովքե՞ր էին «նոր թոնդրակեցիները»:
1880 թ. «Փորձ» ամսագրում տպագրվեց Ալեքսանդր Երիցյանի «Մեր օրերի թոնդրակեցիները» հոդվածը, որտեղ հեղինակը հակիրճ ներկայացնում է աղանդների պատմությունը` համարելով դրանք մանիքեականության տրանսֆորմացված ձեւեր12:Սակայն հոդվածի կարեւորությունը նրանում է, որ Ալեքսանդր Երիցյանը, արխիվային փաստաթղթերի հենքի վրա, առաջին անգամ հրապարակեց 1837 թ. Շիրակի Ախվելի գյուղի «թոնդրակյան» կոչվող աղանդավորների դեմ հարուցված գործի քննության պատմությունը եւ արխվելցիների թվով 4 խոստովանագրերը, ինչպես նաեւ` «Բանալի ճշմարտության» կոչվող ձեռագրից որոշ հատվածներ, որը տպագրված երկու տետրակների հետ միասին բռնագրավել էին արխվելցի աղանդավորներից: 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի պատճառով Տաճկաստանից գաղթած հայերը հաստատվել էին Ռուսաստանի սահմաններում` Ախալցխայից մինչեւ Երեւան: Արխվելի գյուղի բնակիչներից 25 գերդաստան գաղթել էր Խնուս գավառի Չեվիրմե գյուղից, իսկ ինչպես հայտնի է Խնուսում 10-11-րդ դդ. լայն տարածում էր ստացել թոնդրակյան աղանդը:Արխվելցիները հարուցված դատական գործի փաստաթղթերում որակվում են որպես «թոնդրակեցիներ», որոնք «թէպէտ անտեղեակք են գիտութեան գրոց, բայց ի ջատագովութիւն իւրեանց աղանդոյն ունին զբավական գիտութիւն եւ այնպէս խորամանկ խաբէութեամբ պղտորէն զմիտս պարզամտաց»13: Ս. Սինոդը Կովկասի կառավարչին հաղորդում է, որ թեեւ այդ աղանդը տարածված էր դեռեւս Խնուսում` Տաճկաստանից գաղթելուց առաջ, սակայն Գյումրիի բնակիչների մեջ տարածված հերձվածը ավելի մոտ է Ավետարանական-Լյութերական եկեղեցու վարդապետությանը, որի քարոզիչները Շուշիում հիմնել էին դպրոց եւ տպարան, եւ երբ նրանց գործունեությունը արգելվեց ռուսահպատակ տարածքներում, իրենց գրքերը բաժանեցին հայ ռամիկներին:Այն,որ աղանդը բուն ավետարանական է,վկայում են նաեւ արխվելցիների խոստովանագրերը, որոնցից պարզ երեւում է, որ իրենց վարդապետությունը սովորել են Թարզի Սարգիս Հարությունյանից, իսկ վերջինս էլ 1835 թ-ին արխվելցի տիրացու Գեորգից եւ նրա մոտի «Բանալի Ճշմարտության» գրքից: Տիրացու Գեորգը ասել է Թարզի Սարգսին,թե բոլոր քրիստոնյաները սուտ են, բացի «նեմեցները, որ ուղիղ քրիստոնյա են»14: «Բանալի Ճշմարտության» գիրքը բաղկացած է առաջաբանից եւ 20-ից ավելի գլուխներից, որոնց մի մասը պոկված է: Բնագիրը բաղկացած է 149 էջից,կան շատ ջնջումներ. հավանաբար 1837թ. քննության ժամանակ տիրացու Գեւորգը վախից ջնջել կամ հեռացրել է Հայ եկեղեցու դեմ խոսող սուր հատվածները: Գրքի հեղինակի եւ գրման տարեթվի շուրջ բազմաթիվ վեճեր են ծագել: Գրքի գրման տարեթիվն է 1782 թ., որը ձեռագրի վրա, հավանաբար տիրացու Գեորգի ձեռքով դարձրած է 1882 թ.: Ինչ վերաբերում է գրքի հեղինակին, ապա այս հարցի շուրջ առկա են մի շարք կարծիքներ: Կ. Տեր-Մկրտչյանը համարում է, որ գիրքը գրվել է 1782 թ. Տարոնում, Հովհաննես անունով մի երեցի ձեռքով, մինչդեռ «Բանալի Ճշմարտության» գրքի անգլերեն թարգմանության հեղինակ եւ բնագրի հրատարակիչ Ֆրեդերիկ Կոնիբերը, որը գրքի պատճենահանված օրինակը ստացել էր Գալուստ Տեր-Մկրտչյանից, թյուրիմացաբար ենթադրում է, թե գիրքը գրվել է 7-9-րդ դդ. եւ գրքի գրության տարեթիվը դնում 850թ.` ելնելով որոշ բառերի եւ բառակապակցությունների լեզվաբանական ուսումնասիրությունից, ինչը դեռեւս հիմք չէ նման ենթադրություն անելու համար: Ըստ Կոնիբերի` աղոթքները գրված են դասական եւ մաքուր խոսքով, մինչդեռ ողջ գիրքը գրված է բարբառային լեզվով:Այդ իսկ պատճառով, աղոթքները թվագրում է 4-5 դդ: Կոնիբերը եզրակացնում է, որ ուսումնասիրելով գրքի հիշատակարանը, կարելի է եզրակացնել, որ Հովհաննես երեցն ուղղակի արտագրել է գիրքը: Ինչ վերաբերում է նախաբանին, ապա ըստ Կոնիբերի, հենց այն է, որ վկայում է, թե գիրքը գրված է մեծն պավլիկյան (ոչ թե թոնդրակյան) առաջնորդի, այն է` Սմբատ Զարեհավանցու ձեռքով,եւ թերեւս Գրիգոր Մագիստրոսը ընդդեմ թոնդրակեցվոց իր նշանավոր թղթերը գրելիս իր ձեռքի տակ է ունեցել «Բանալի Ճշմարտության» գիրքը15:Իհարկե այս տեսակետը անհիմն է, քանզի Մագիստրոսը չէր լռի այսպիսի մի աղբյուրի առկայության մասին, այն էլ, եթե այն գրված լիներ Սերգիոսի, կամ էլ ըստ Կոնիբերի, Սմբատի ձեռքով:Այն, որ Կոնիբերի մոտ առկա են որոշակի աղավաղումներ, նշում է նաեւ Վ. Գրիգորյանը`1960 թ. «Բանբեր մատենադարանի» հանդեսում լույս տեսած իր հոդվածում,գրելով, որ «այդ գեղեցիկ հրատարակությունը ունի սակայն շատ թերություններ»16: Վ Գրիգորյանը գրքի հեղինակի խնդրի ուսումնասիրության արդյունքում հիմնավոր կերպով հերքում է Գյուլամիրյանի այն կարծիքը, համաձայն որի` «Բանալի Ճշմարտության» գրքի հեղինակը Հովհաննես Վահագնունին է, որի անունը պահպանված է գրքի` մասամբ ոչնչացված հիշատակարանում, եւ որ գրքի տեքստի հիմքում ընկած է մի ավելի հին տեքստ, որը խմբագրվել եւ հարմարեցվել է 18-րդ դարի թոնդրակյան գաղափարներին17: Ըստ Վ. Գրիգորյանի` գրքի հիշատակարանի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հովհաննես Վահագնունին ոչ թե գրքի հեղինակն էր, այլ մեկը նրանցից, ովքեր պատվիրել էին այն: Արխվելցիների խոստովանագրերն իրենց հերթին վկայում են, որ Օսմանյան կայսրության ժամանակ Չեվիրմե գյուղում բնակվել է «Յօհաննէս անուն» մի երեց, որ «շարադրեալ է զգիրք մի Բանալի Ճշմարտության անուանեալ»18: Վ. Գրիգորյանը գրքի հեղինակ է համարում 1791 թ. Ղուկաս Կարնեցու կողմից Զաքարիա պատրիարքին գրված նամակում նշված Հովհաննեսին, որը շղթայակապ պահվում էր Էջմիածնի վանքում եւ մեղադրվում` բազմիցս հավատափոխ լինելու եւ թոնդրակյան աղանդին հարելու համար: Այս Հովհաննեսի կյանքի եւ գործունեության մասին վկայություններ են պահպանվել նաեւ Բարսեղ Սարգսյանի մոտ հանդիպող Պողոս Մեհերյանի օրագրում: Արդյունքում Հովհաննեսն Էջմիածնից փախչում է Խնուս, ապա, եւս մեկ անգամ դավանափոխ լինելով, խեղդամահ է արվում թուրքական կառավարության կողմից:
Այսպես, «Բանալի Ճշմարտության» գիրքը, եւ «նոր թոնդրակեցիներ» հորջորջվող աղանդավորներն առիթ տվեցին մի շարք բողոքական եւ ավետարանական հեղինակների` թյուր եզրակացությունների հանգել`ավետարանական-բողոքական եկեղեցիներին վերագրելով նախամիսիոներական ծագում: Պատասխանելու համար այն հարցերին,թե «Բանալի Ճշմարտության» գիրքը պավլիկյան եւ թոնդրակյան վարդապետական հայացքներն է արդյոք ներկայացնո՞ւմ, թե՞ պարզապես բուն ավետարանական վարդապետությունը պարունակող մի ձեռնարկ է,եւ ովքե՞ր էին «նոր թոնդրակեցիները», հարկ է քննել հետեւյալ փաստերը: 1841 թ. Երեւանի կոնսիստորիան Սինոդին հայտնում է աղանդավորներին դարձի բերելու համար Շիրակի շրջան ուղարկված Ղփչաղա միաբան Գրիգոր աբեղայի հաղորդած տեղեկությունները,համաձայն որոնց` աղանդավորները հիմք ընդունելով «Բանալի Ճշմարտության» գրքի բովանդակությունը, «յիմարաբար մկրտեալ են զմիմեանս եւ հաղորդեալ են ի ձեւ մոլորեալ թոնդրակեցւոց» երկու անգամ` նախ` տիրացու Տոնո Կիրակոսյանի ախոռում, ապա` Սուվար Հովհաննիսյանի ներքին սենյակում19: Փաստաթղթում նշվում է «ի ձեւ մոլորեալ թոնդրակեցվոց», սակայն Ալեքսանդր Երիցյանի ներկայացրած «նոր թոնդրակեցիների» Հաղորդության ծեսը, որն արվել է ջրով եւ անթթխմոր հացով` հար եւ նման է ավետարանական ծեսին: Մեկ այլ հատկանշական փաստ եւս. 1842 թ. Ալեքսանդրապոլի առաջնորդ Նիկողայոս եպիսկոպոսի ջանքերով բացված ապօրինի մկրտության վերաբերյալ քննությունից երեւում է, որ արխվելցի աղանդավորները մկրտվել են գետերում, ինչը հատուկ է հատկապես բապտիստական (մկրտական) եկեղեցուն:Բապտիզմի տարրեր պարունակում է նաեւ «Բանալի Ճշմարտության» երկը, ինչի մասին խոսում է երկի առաջին գլուխը. հերքվում է մանկամկրտությունը հետեւյալ խոսքերով` «եւ ոչ զանհաւատ երեխայս որք են անբան», իսկ ինչպես հայտնի է` բապտիստական եկեղեցին չի ընդունում մանկամկրտությունը20: Մեկ այլ հանգամանք եւս: Ալեքսանդր Երիցյանը «Փորձի» իր հոդվածում նշում է, որ մկրտությունն արվել է «յանուն Հոր, Որդու եւ Ս. Հոգու», ինչն ուղղակիորեն վկայում է, որ ծեսը չէր կարող թոնդրակյան «մոլորյալ ձեւով լինել», քանի որ թոնդրակեցիները չէին ընդունում ոչ Ս. Երրորդությունը, ոչ էլ առավել եւս Ս. Հոգու Շնորհը: Մուրացանի21 եւ Բարսեղ Սարգսյանի22 բնորոշմամբ` թոնդրակեցիները չէին ընդունում նաեւ նախախնամությունը, խորհուրդները, ինչպես նաեւ մեղքն ու պատիժը, մինչդեռ «Բանալի Ճշմարտության» գրքի առաջին իսկ գլխում խոսվում է նախնական եւ ներգործական մեղքերի ընդունման եւ ապաշխարության մասին23: Երկի հետագա աստվածաբանական ուսումնասիրությունը լուսաբանում է երկի բովանդակած ավետարանական, մասնավորապես` մկրտական վարդապետությունը, սակայն այս հոդվածում կբավարարվենք «Բանալի Ճշմարտության» գրքի միայն որոշ հատվածների աստվածաբանական քննությամբ, ինչն արդեն բավական է եզրակացնելու համար,որ երկը, որոշ վերապահումներով, իհարկե, հիմնականում ներկայացնում է բողոքական վարդապետական հայացքներ:
Այն հարցը, թե ովքե՞ր էին «նոր թոնդրակեցիները», դժվար թե վերջնական եւ սպառիչ պատասխան ունենա: Այնուամենայնիվ, խնդրո առարկայի վերաբերյալ կխիզախեմ մի նոր վարկած ներկայացնել, ինչն առավել հստակ կդառնա ներքոնշյալ մի շարք փաստերի դիտարկման լույսի ներքո.
ա) Ալեքսանդր Երիցյանն իր հոդվածի սկզբում նշում է,որ «նոր թոնդրակեցիները» բավական շատ էին Ալեքսանդրապոլում, Շիրակի գյուղերում, Կաղզվանում, Փամբակում, Նոր Բայազետում, Երեւանի եւ Էջմիածնի գավառներում, նույնիսկ Վաղարշապատում 137 տներից, որոնք իրենց ավետարանական էին անվանում, 3/4-ը թոնդրակյան աղանդին էին պատկանում եւ «երբեմն պրիգունություն են անում»24: Երիցյանը նկատում է, որ անգամ ռուսական գյուղերից մեկում մոլոկան-պրիգունների քահանան մի թոնդրակեցի հայ է: Ընդհանրապես, Երիցյանը հաճախ է այս աղանդը նմանեցնում մոլոկանների, եւ հատկապես` պրիգունների աղանդին25:
բ) ինչպես հայտնի է Կովկասի պատմությունից, ավետարանականությունը Կովկասում եւ Ռուսաստանում տարածվեց հատկապես առեւտրական խավի շրջանակներում, որի 90 տոկոսն էին կազմում մոլոկանները եւ շաբաթականները, որոնք էլ արագ անցնում էին մասնավորապես բապտիստների շարքերը26: Եվ այսպիսով բապտիզմի տարածումը Կովկասում իրականանում էր հարուստ առեւտրական մոլոկանների օգնությամբ: Սրա վառ օրինակն է այն, որ 1867 թ. Թիֆլիսում առաջինը բապտիստների կողմից մկրտվեց մոլոկան-առեւտրական Նիկիտա Վորոնինը: Սկզբնական շրջանում ավետարանականությունը տարածվեց Անդրկովկասում եւ Հյուսիսային Կովկասի տարածքում, իսկ 19-րդ դարի 60-ական թթ.-ից ռուս եւ ուկրաինացի գյուղացիների շրջանակներում առաջ եկավ շտունդիզմ կոչվող աղանդը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մոլոկանության կամ հոգեւոր քրիստոնյաների (դուխոբորների) եւ բապտիստական աղանդի միաձուլումը27:
գ) վեր. Ա Կէօրկիզյանը գրում է,որ Կոնիբերը իր ,,The World Religious Systems, p 375,, ,աշխատության մեջ նշում է, թե «իրենց առօրյա կյանքում բարոյական բարձր իդեալի էին ձգտում այդ հայ »հերետիկոս» կոչվածները: Բուն մեր քուեյքերներին (quake-ցնցվել, իմա` տրանսային վիճակ) են նման նրանք…»28:
դ) Ռ. Լեւոնյանը գրում է, որ որոշ տվյալների համաձայն` արդյունքում «նոր թոնդրակեցիներն» էլ ընդունեցին Ավետարանականություն` նմանություն գտնելով իրենց աղանդի վարդապետության հետ29:
ե) «Բանալի Ճշմարտության» գրքի նախաբանում հանդիպում է »Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի զկաթն սուրբ, որով զարգասջիգ ի հաւատս» արտահայտությունը, որն, ըստ էության, «հոգեւոր կաթի» մասին մոլոկանների ընդունած վարդապետությունն է30:
Շարադրված կետերը հիմք են տալիս եզրակացնելու, որ գոյություն ուներ, եւ այսօր էլ ունի` մոլոկան-պրիգուններին, անգլիական քուեյքերներին եւ բապտիստներին միավորող մի օղակ, որը դյուրին կերպով իրար է միացնում բավականին տարբեր կրոնական այս ուղղությունները:Նմանօրինակ օղակ կարող է հանդիսանալ միայն տրանսային պրակտիկան,որն առկա է ե՛ւ պրիգունների, եւ քուեյքերների, եւ բապտիստ-հոգեգալստականների մոտ: Սա իր հերթին գալիս է փաստելու այն վարկածը, որ միգուցե «նոր թոնդրակեցիներն» էլ ոչ այլ ինչ էին, եթե ոչ ավետարանականությունից պոկված հոգեգալստական ճյուղին պատկանող հայ բապտիստներ, որոնց հատուկ էր տրանսային վիճակը եւ մանկամկրտության մերժումը, ինչով էլ կարելի է բացատրել մոլոկան-պրիգունների հետ «նոր թոնդրակեցիների» նմանությունն ու մտերմությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայ ավետարանական եկեղեցին հին պավլիկյանների ու թոնդրակյանների հետեւորդն է, ապա ըստ Մաղաքիա Օրմանյանի` սա մտացածին բան է, քանզի «ծանօթ եղելութիւն մըն է, թէ Արեւելքի բողոքականութիւնը Ամերիկացի քարոզիչներու ձեռքով բերուած նէրածութիւն մըն է»31: Ավելին, հայ բողոքականությունը ավելի լավ հիմք ուներ, քան երբեւիցե ունեցել էին հայ պավլիկյանները, քանզի հայ բողոքականներն Արեւմուտքի բողոքականներից ստանում էին այն քաղաքական աջակցությունը, որը պակասում էր պավլիկյաններին32:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ohanjanyan, A.M. The Song of ‘The Key to the Truth and the Issue of ‘Nor-Tondrakitsiner at the End of the 19th Century’

The author of ‘ The Song of ‘The Key to the Truth’ and the Issue of ‘Nor-Tondrakitsiner at the End of the 19th Century attempted to analyze the views of the Evangelical Church of Armenia according to which the foundations of the Evangelical movement in Armenia are found in the conceptions of the Pavlikianism and Tondrakism. Comparing the foreign and Armenian authors sources the author of the article proves that the mentioned religious movements can not be identified as the commencement of the evangelical movements in Armenia. According to the author despite certain similarities those movements are nonetheless entirely different from each other.

1 Տե’ս Միաբան, Անանիա Նարեկացի, «Արարատ», 1892, N 1:
2 Տե’ս Սարգսյան Բ., Ուսումնասիրություն մանիքեա-պաւղիկեան թոնդրակեցւոց աղանդին և Անանիա Նարեկացու թուղթը,
\Վենետիկ, 1893, էջ 9:
3 Տե’ս Մուրացան, Թոնդրակեցիների աղանդը եւ Էջմիածնի մի միաբանի այդ աղանդի մասին արած ակնարկները, □Նոր-Դար□,
փետրվար 1892, N 33 և N 35:
4 Տե’ս Սարգսյան Բ., նշվ. աշխ., էջ 9:
5 Տե’ս Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմ. Վ. Ա. Գեւորգյանի, Երեւան, 1971, էջ 91-98:
6 Տե’ս Միաբան, Անանիա Նարեկացի, «Արարատ», 1892, N 1:
7 Տե’ս Մուրացան, Թոնդրակեցիների աղանդը եւ Էջմիածնի մի միաբանի այդ աղանդի մասին արած ակնարկները, «Նոր-Դար»,
փետրվար 1892, N 33 և N 35:
8 Տե’ս Տէր-Մկրտչեան Գ., Անանիա Մոկացի, □Արարատ□, 1897, N 2, էջ 93:
9 Տե’ս Վեր Ա. Կէօրկիզեան, Պավլիկեա-թոնդրակեաններու շարժումը Հայ Առաքելական եկեղեցվո մէջ Է-րդ դարեն մինչեւ ԺԲ
դարը, Պեյրութ, 1970:
10 Լեւոնյան Ռ., Ղազարյան Ա., Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի, Երեւան,1999,
էջ 35:
11 Տե’ս Տէր-Մկրտչեան Գ., Հայագիտական ուսումնասիրություններ, Երեւան, 1979, էջ 220:
12 Տե’ս Երիցեան Ա., Մեր օրերի թոնդրակեցիները, «Փորձ», 1880, N 10, էջ 90-132:
13 Նույն տեղում, էջ 100:
14 Նույն տեղում, էջ 105:
15 Տե’ս Conybeare F. The Key of Truth. A Manual of the Paulician Church of Armenia. Oxford, 1898, pp. xxxi-xli.
16 Գրիգորյան Վ., Նոր տեղեկություններ «Բանալի Ճշմարտության» երկի հեղինակ Հովհաննես երեցի մասին, «Բանբեր
Մատենադարանի», 1960, N 5, էջ 335:
17 Տե’ս նույն տեղում, էջ 336:
18 Նույն տեղում: Տե’ս նաև Երիցյան Ա., Մեր օրերի թոնդրակեցիները, □Փորձ□, 1880, N 10, էջ 108:
19 Տե’ս նույն տեղում, էջ 109:
20 Տե’ս Conybeare F. նշվ. աշխ., էջ 3:
21 Տե’ս Մուրացան, Թոնդրակեցիների աղանդը և Էջմիածնի մի միաբանի այդ աղանդի մասին արած ակնարկները, «Նոր-Դար»,
1892, N 35:
22 Տե’ս Սարգսյան Բ., նշվ. աշխ., էջ 64:
23 Տե’ս Conybeare F. նշվ. աշխ., էջ 2:
24 Տե’ս Երիցյան Ա., Մեր օրերի նոր թոնդրակեցիները, □Փորձ□, 1880, N 10, էջ 91:
25 Տե’ս ՁՐցՊօ V-չՏ ՈՐւպՏսՏչՌփպրՍՏչՏ րՕպջՊՈ Չ ՁՌՒսՌրպ. Ծ., 1887, ր. 170.
26 Տե’ս ԼրՈպվՍՏ Ը. Թ. նՍրՑՐպՎՌրՑօ-ոՈտՑՌրՑօ Ռ Ռւ տՏրսպՊՏՉՈՑպսՌ. ԿՐՊՋՏվՌՍՌՊջպ:
ԼՐ., 1988, ր. 12-14
27 Տե’ս ժՐօՔպՉ Ը. Ը. ժՉՈվչպսՖրՍՌպ ւՐՌրՑՌՈվպ-ոՈտՑՌրՑօ, ԽՌպՉ, 1960, ր. 18.
28 Տե’ս Վեր Ա. Կէօրկիզեան, նշվ. աշխ., էջ 66:
29 Տե’ս Լեւոնյան Ռ., Ղազարյան Ա., նշվ. աշխ., էջ 35:
30 Տե’ս Conybeare F. նշվ. աշխ., էջ 1:
31 Տե’ս Մաղաքիա արք. Օրմանեան, Հայոց եկեղեցին, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 237:
32 Տե’ս Եղիաեան Բ., Հայ Յարանուանութեանց բաժանումը, Անթիլիաս, 1971, էջ 91-92:

One Response to “«Բանալի ճշմարտության» երկը և «Նոր-թոնդրակեցիների» խնդիրը 19-րդ դարի վերջին .”

  1. Anna Ohanjanyan Says:

    Բարև Ձեզ, ես Աննա Օհանջանյանն եմ, կցանկանայի իմանալ թե ինչպես է իմ հոգվածը հայտնվել Ձեր էջում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: