Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի ներկա կարգավիճակը

by

(հայցադիմումի /compromis/ իրավական կարգավիճակի լույսի ներքո)

 Ապրիլի 12-ին, ժամը 11.00-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Վաշինգտոն է ժամանելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար, կայցելի Վաշինգտոնի Մայր տաճար և  ծաղկեպսակ կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին:

The Armenian Weekly, 11 ապրիլի 2010թ. 

Վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր ելույթներ եմ ունեցել Հայոց պահանջատիրության իրավական հիմունքների մասին, բնականաբար անդրադարձել դրա առանցքը կազմող Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին (Arbitral award): Այս ելույթներն ինձ հնարավորություն են տվել ոչ միայն հասարակությանը իրազեկել նշյալ հույժ կարևոր հարցի մասին, այլև տրված հարցերի միջոցով վեր հանել հիմնական առարկությունները:

 Հաճախ հնչող հարցերից մեկն հետևյալն է.  “Ինչպե՞ս կարող է Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը (22 նոյեմբերի 1920թ.) իրավազոր (legal) լինել, եթե Սևրի պայմանագիրը (10 օգոստոսի 1920թ.) չի վավերացվել “:  

Հարցին պատասխանեմ մի շարք առարկություններով: 

1. Միանգամայն սխալ է Վիլսոնի Իրավարար վճիռը կապել Սևրի պայմանագրի վավերացված կամ չվավերացված լինելու հետ: Վուդրո Վիլսոնը ստանձնել է իրավարարի պարտականությունը ոչ թե Սևրի պայմանագրի հիման վրա, այլ ի պատասխան Փարիզի վեհաժողովի  (1919-20թթ.) Սան Ռեմոյի նիստի (23-27 ապրիլի 1920թ.) հայցադիմումի (compromis): Նշյալ հայցադիմումը կատարվել է 1920թ. ապրիլի 26-ին, բոլոր Դաշնակից ուժերի անունից հանդես եկող Մեծ եռյակի կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա): Դեռևս Սևրի պայմանագրի ստորագրումից գրեթե երեք ամիս առաջ` 1920թ. մայիսի 17-ին,  ԱՄՆ նախագահ Վիլսոնը տվել է իր դրական պատասխանը և պաշտոնապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի (arbitrator) պարտականություններն ու լիազորությունը:  

Սևրի պայմանագրի և Իրավարար վճռի առանձին և անկախ փաստաթղթեր լինելու  մասին դեռևս  1926թ. միանշանակորեն գրել է Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան (1913-1917թթ.), իրավագետ  Ջեյմս Վաթսոն Ջերարը (James Watson Gerard).  “Ընդսմին, ինչ վերաբերում է Ամերիկային և Դաշնակից ուժերին, ապա Սևրի պայմանագրից հրաժարումը կամ նրա չեղյալ հայտարարումը չի կարող ազդեցություն ունենալ Վիլսոնի վճռի վրա, որովհետև նախագահի իրավարար որոշումը խարսխված է ոչ թե 1920թ. օգոս. 10-ի Սևրի պայմանագրի, այլ Դաշնակիցների Գերագույն խորհրդի 1920թ. ապրիլի հայցի վրա: Խորհրդի հայցը և Սևրի պայմանագիրը իրար հետ կապ չունեն և իրարից անկախ են: Նախագահ Վիլսոնին հղված հայցը չի ունեցել  որևէ նախապայման “: (Insofar as America and the Allies are concerned, the abandonment or abrogation of the Sevres Treaty cannot affect the Wilson award – because the arbitral decision of the President rests, not upon the Sevres Treaty of Aug. 1920, but upon the invitation of the Allied Supreme Council of April, 1920. The invitation of the Council and the Sevres Treaty are unrelated to and independent of each other. No condition was attached to the invitation to the President). [1]

 2. Այն, որ Վիլսոնի Իրավարար վճիռը և Սևրի պայմանագիրը առանձին փաստաթղթեր են և Իրավարար վճռի գործադրումը բնավ կապ չունի Սևրի պայմանագրի վավերացման հետ, միանշանակորեն ամրագրված է նույն Սևրի պայմանագրի # 89 և  # 90 հոդվածներում:

Պայմանագրի  89-րդ հոդվածն ամրագրում է.  “Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև այլ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայն են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությանը ներկայացնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցը, և ընդունել նրա որոշումն անմիջապես, ինչպես  այն պայմանները, որոնք նա կարող է հանձնարարել` ապահովելու համար Հայաստանի ելքը դեպի ծով,  այնպես էլ նշյալ սահմանին հարակից թուրքական տարածքի ցանկացած մասի ապառազմականացումը “:  (Article 89. Turkey and Armenia as well as the other High Contracting Parties agree to submit to the arbitration of the President of the United States of America the Question of the frontier to be Fixed between Turkey and Armenia in the vilayets of Erzerum, Trabizond, Van and Bitlis, and to accept his decision thereupon, as well as any stipulations he may prescribe as to access for Armenia to the sea, and as to the demilitarization of any portion of Turkish territory adjacent to the said frontier).

Այս հոդվածից ակնհայտ է, որ Սևրի պայմանագրի կողմերը, այդ թվում նաև Թուրքիան, պարտավորվում են  “ընդունել նրա [Վիլսոնի] որոշումն անմիջապես “:  Այսինքն, պայմանագրի նշյալ հոդվածով ամրագրված պարտավորությունների  գործադրման ելակետ է որոշված ոչ թե պայմանագրի վավերացումը, այլ  իրավարար վճռի կայացումը`  հետևաբար գործածված է  “անմիջապես “ բառը: Միջազգային հարաբերություններում բազմաթիվ են այնպիսի պայմանագրերը, որոնց մի մասի գործադրման համար, ի տարբերություն ողջ պայմանագրի, այլ ժամանակային կամ նախապայմանային ելակետ է որոշվում: Օրինակ, տխրահռչակ Կարսի պայմանագրի (13 հոկտեմբեր 1921թ.) քսան հոդվածից հինգն (# # 6; 14; 16; 18 և 19) ուժի մեջ պիտի մտնեին  “անմիջապես պայմանագրի ստորագումից հետո “, ի տարբերություն պայմանագրի մնացած տասնհինգը հոդվածի, որոնք ուժի մեջ էին մտնելու   “վավերագրերի փոխանակման պահից “: [2]

 Ավելին, Թուրքիան Սևրի պայմանագրի առանձին  հոդվածով լրացուցիչ պարտավորություն է ստանձնում` Հայաստանին  փոխանցվող  “տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից “ հրաժարվել  “նշյլալ [իրավարար] որոշման օրից “:  

Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածը միանշանակորեն և անվերապահորեն ամրագրում է.  “Այն պարագայում, երբ ըստ 89-րդ հոդվածի սահմանը որոշելիս նշյալ վիլայեթների տարածքն ամբողջությամբ կամ մասամբ կփոխանցվի Հայաստանին, ապա Թուրքիան սրանով իսկ  նշյլալ որոշման օրից հրաժարվում է փոխանցվող տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից “:   (Article 90. In the event of the determination of the frontier under Article 89 involving the transfer of the whole or any part of the territory of said Vilayates to Armenia, Turkey hereby renounces as from the date of such decision all rights and title over the territory so transferred).

Ըստ  այսմ, Սևրի պայմանագիրը ստրորագրած բոլոր պետությունները, ներառյալ Թուրքիան,  Վիլսոնի Իրավարար վճիռը ճանաչել են  “անմիջապես ”  և  ի լրումն դրա Թուրքիան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի նկատմամբ   “բոլոր իրավունքներից և տիտղոսից ” հրաժարվել է Իրավարար վճռի կատարման օրից, այն է` 1920թ. նոյեմբերի 22-ից:

 3. Իրավարարության հայցադիմումները (compromis) բնավ կարիք չունեն վավերացման: Հայցադիմումի վավերական լինելու համար բավարար է միայն պետության լիազոր ներկայացուցչի ստորագրությունը: Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում կատարված հարյուրավոր  միջպետական իրավարարությունները ասածիս անհերքելի վկայություններն են: Այդպես է եղել նաև Թուրքիայի պարագային: Օրինակ, Օսմանյան և Ռուսաստանի կայսրությունների միջև առաջացած վեճը լուծող 1910թ.-ի իրավարարության հայցի վավերականության համար միանգամայն բավարար է եղել Թուրքիայի արտգործնախարար Ռիֆֆաթ փաշայի (Riffat Pasha)  և  Կ.Պոլսում Ռուսաստանի կայսրության դեսպան Նիկոլայ  Չարիկովի (Чарыко́в, Tcharikow) [3]  ստորագրությունները:[4]

 4. Պետք է հիշել, որ հատուկ խմբի աշխատանքներից հետո (ղեկավար` Վիլյամ Վեսթերման, William Westerman) Իրավարար վճիռը քննության է ենթարկվել և հավանության է արժանացել  Միացյալ Նահանգների պետքարտուղարության, պաշտպանության նախարարության և ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից: Այս կառույցների փորձագետներից  և ոչ մեկը իրավացիորեն երբևէ չի նշել, որ հարկ է սպասել Սևրի պայմանագրի վավերացմանը:

 5. Վուդրո Վիլսոնն ինքն իրավաբան էր, իրավագիտության դոկտոր: Մինչև քաղաքականության մեջ մտնելը գրեթե երեք տասնամյակ (1883-1911թթ.) իրավագիտություն է ուսումնասիրել և դասավանդել ԱՄՆ լավագույն համալսարաններում: Որպես բարձրակարգ մասնագետ վստահաբար նա շատերցս լավ գիտեր Սևրի պայմանագրի և իրեն հղված հայցադիմումի իրավական փոխհարաբերությունները: Եթե նա առանց Սևրի պայմանագրի վավերացման կատարել է Իրավարար վճիռը, ապաև այն  ստորագրել և Միացյալ Նահանգների Մեծ կնիքով (The Great Seal of the USA) կնքել է  տվել ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիին (Bainbridge Colby), ուրեմն կասկածի նշույլ իսկ չի եղել, որ վերոհիշյալ փաստաթղթերն իրարից անկախ են:

 6.  1926-27թթ. փորձ էր արվում ԱՄՆ Սենատում հավանության արժանացնել 1923թ. օգոստոսի 6-ի ԱՄՆ-Թուրքիա պայմանագիրը: Պայմանագրի վավերացման դեմ հիմնական խոչընդոտը Վիլսոնի Իրավարար վճիռն էր, ավելի ճիշտ նրա ոտնահարումը Թուրքիայի կողմից: Թեև Սենատում նշյալ պայմանագիրն բազմաթիվ կողմնակիցներ ուներ, սակայն նրանցից որևէ մեկը երբեք կասկածի տակ չդրեց Իրավարար վճռի վավերականությունը կամ այդ վճռի հայցադիմումի օրինականությունը:

 Եզրափակելով վերոշարադրյալը կարելի է անել հետևյալ ամփոփումը.  

  1. Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռիը և Սևրի պայմանագրի վավերացման հարցն իրար հետ կապ չունեցող երկու տարբեր հարցեր են:
  2. Սևրի պայմանագիրը ստորագրած երկրները Իրավարար վճռի գործադրաման համար սահմանել են նշյալ պայմանագրի վավերացումից անկախ ելակետային ժամկետ:
  3. Հայցադիմումների վավերականության համար բավարար է միայն պետությունների լիազոր ներկայացուցիչների ստորգրությունը:
  4. Վիլսոնի Իրավարար վճռի վավերականության հարցը, նրա գոյության 90 տարվա ընթացքում, երբևէ չի վիճարկվել և հարցականի տակ չի դրվել:

 Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

12 ապրիլի 2010թ.


[1] James W. Gerard, Armenia, Russia and the Lausanne Treaty, p. 166. In the book: The Lausanne Treaty, Turkey and Armenia, New York, 1926.

 [2] Soviet Treaty, Series, vol. I (1917-1928), [ed. by Leonard Shapiro], Washington, 1950, p. 137. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, (1928-1923թթ.), [խմբ. Ջ. Կիրակոսանի], Երևան, 1972, էջ  523:

[3]  Չարիկով Նիկոլայ Վալերևիչ (Чарыко́в Никола́й Вале́рьевич), Ռուսաստանի կայսրության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Պոլսում (25 մայիսի 1909 – 26 փետրվարի 1912).

[4] Arbitration Agreement between the Imperial Russian Government and the Imperial Ottoman Government, signed at Constantinople July 22/ August 4, 1910, American Journal of International Law, vol. 7, No. 1, Supplement: Official Documents (Jan., 1913), pp. 62-67.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: