Հայկական հարցի լուծման հայեցակարգ

by

Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը` ազգի կազմակերպման բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ միջոցը: Ազգային պետությունն է տվյալ ազգի լինելիության գրավականը, ազգային ինքնության պահպանման ու տնտեսական զարգացման անսասան հիմքը:

Ըստ այդմ, երբ  ազգային գոյության, ինքնության պահպանման և տնտեսական զարգացման  տեսանկյունից ենք քննում արդի հայոց պետականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ  առանց Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականությունը ներկա սահմաններով և ներկա ձևով ոչ միայն ի զորու չէ և ի զորու չի լինելու երաշխավորել վերոհիշյալ գործառույթների իրագործումը, այլև խիստ խնդրահարույց է մնալու նրա` որպես պետական ինքնիշխան և ինքնուրույն միավորի,  հարատևելու  հնարավորությունը: Ընդսմին, Հայկական հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արևելյան սահմանների մասով, այսինքն Լեռնային Ղարաբաղի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները և չի չեզոքացնելու մեր գոյությանը վտանգող մարտահրավերները:

1. Հայկական հարցի լուծման բուն նպատակը —

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հայկական հարցի լուծումը, այն է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումը,  ինքնանպատակ չէ: Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի  իրավունքերի հաստատումով կամ, ընդհանրապես,  չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:

Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով  հայերի’ որպես  մարդկության անբաժանաելի և ինքնատիպ հատվածի, հարատևման ապահովումը: 

 2. Հայկական հարցի լուծման հրամայականը –

Առանց հայկական հարցի լուծման հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ: Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ ձևական բնույթ և չի լուծի  պետականության հիմնական խնդիրները.

                          I.      Պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների ան-վտանգության ապահովում;

                        II.      Երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում;

                     III.      Նախորդ երկուսի հենքի վրա` այսինքն ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:

 Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենասական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության համար, այլև սեփական հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար:

3. Հայկական հարցի լուծման հրատապությունը  –

Ներկայումս Հայաստանի Հանրապետության առջև ծառացել են մի շարք լուրջ մարտահրավերներ, առանց որոնց հաղթահարման Հայաստանը չի կարող հասնել կայուն կենսապահովման:  Հայկական հարցի որոշակի լուծումը հնրարավորություն կտա.

               I.      Դիմակայել և չեզոքացնել, թերևս Հայաստանի Հանրապետության քաղաքական կամքից լուրջ կախվածության մեջ դնել, Հայաստանը  շրջանցել և մեկուսացնել ձգտող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են.

  • Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը,
  • Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը,
  • Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին:

            II.      Նվազագույնի հասցնել Թուրքիայի բացասական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Թուրքիային ստիպել առավել կենտրոնանալ սեփական խնդիրների վրա:

         III.      Առանց քաղաքական կամ այլ զիջումների բացել, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը: Ապահովել Տրապիզոն նավահանգստի և դեպի այն տանող ճանապարհի  օգտագործումն անվճար կամ արտոնյալ սակագներով:

          IV.      Հայ-վրացական հարաբերություններին հաղորդել նոր բնույթ: Համարժեք լծակի միջոցով դուրս գալ բեռնափոխադրումների հարցում Վրաստանից Հայաստանի միակողմանի կախվածությունից: Էական լծակներ ձեռք բերել Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա:

            V.      Հիմքեր ստեղծել տարածաշրջանում Հայաստանի առաջանցիկ տնտեսական զարգացան համար, ապահովելով ներդրումների և եկամուտների նոր, ոչ ավանդական, աղբյուրներ: Հայ-թուրքական դիմակայությունը, որը մինչայժմ մեզ համար եղել է միջոցներ սպառող կամ միջոցներ ստեղծելուն խոչընդոտող, վերափոխել, հեղաշրջել և դարձնել միջոցներ տրամադրող:

          VI.      Հաշվի առնելով ամերիկա-թուրքական ներկա լարվածությունը, այն  դարձնել, եթե ոչ անշրջելի, ապա գոնե տևական:  Ամերիկա-թուրքական հարաբերությունների մեջ ներդնել նոր գործոն:

       VII.      Վերարծարծել ԱՄՆ-ի, եվրոպական և ոչ եվրոպական մի շարք ազդեցիկ երկրների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրավական, քաղաքական և  բարոյական պարտավորությունների հարցը:

     VIII.      Հաշվի առնելով Թուրքիայի շարունակական ձգտումը անդամակցելու Եվրոպական Միությանը և Եվրոպական Միության մի շարք երկրների դրան ընդդիմանալու բացահայտ կամ ծածուկ  ճիգերը,  եվրոպացիների գործածության համար քաղաքական շրջանառության մեջ մտցնել Թուրքիայի անդամակցության նոր չափորոշիչ:  

          IX.      Իրավական և քաղաքական հիմքեր նախապատրաստել աշխարհաքաղաքական հետագա և անխուսափելի տեղաշարժերից ոչ միայն չտուժելու, այլև օգտվելու համար:

 Հույժ հրատապ և խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության շարունակական քայլերը հայոց իրավունքներին տեր կանգնելու ուղղությամբ: Պատեհապաշտ հայտարարություններն ու պահանջատիրական քայլերի տևական բացակայությունը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել հետագայում: Հայկական հարցի անտարբերության մատնումն ու պահանջատիրության ուղղությամբ քայլեր չձեռնարկելու Հայաստանի Հանրապետության արդեն գրեթե երկու տասնամյակ տևող քաղաքականությունը, առաջիկայում Թուրքիային հնարավություն կտա վկայակոչել էստոպելի (estoppel)  կիրարկումը (այսինքն, երբ Հայաստանի Հանրապետությունն իր գործողություններով կամ գործողությունների բացակայությամբ ցույց է տալիս, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ) և դրանով իսկ էապես հակազդել հայոց հետագա հնարավոր պահանջներին:

 Հայկական հարցի լուծման ուղին –

Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի` խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է, և մշտապես զիջելու է, Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև նրանց քաղաքական հոլովույթի մեջ աքցանված Վրաստանի, ընդհանուր ներու­ժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործ­ընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն: 

Այսինքն, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների հարաբերու­թյուննե­րը տեղափոխել միջազգային իրավունքի  դաշտ և այդ հարաբե­րություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական լուծումներ ու ձևակերպումներ:  

  1. Հայկական հարցի էությունը ներկա փուլում

Որպես միջազգային  հարց և քաղաքական խնդիր Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց, այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի: 

Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:  

 6. Հայկական հարցի լուծման փուլայնությունը –

Հայկական հարցի լուծման ողջ գործընթացը կարելի է բաժանել երեք հաջորդական  և փոխլրացնող փուլի. 

                ա.  Նախնական փուլ

Հայկական հարցի (չշփոթել Հայոց ցեղասպանության հետ) լուծմանը նպատակամղված փաստաթղթերի հավաքման, հետազոտման ու համադրման փուլ: Այս փուլի  վերջնական արդյունքը պետք է լինի  Հայկական հարցին (այլ ոչ թե նրա չեզոքացմանն ուղղված թուրքական հանցագործությանը’ հայոց ցեղասպանությանը) վերաբերող և հայոց պահանջատիրությունը  հիմնավորող փաստաթղթի ժողովածուների պատրաստումը, այդ ժողովածուների տարաձև և բազմալեզու հրապարակումը: Այս փաստաթղթերի մեջ առաջնահերթությունը պատկանում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճռի և առդիր զեկույցի, ինչպես նաև հարակից պաշտոնական փաստաթղթերի ամողջական հրապարակումը: Հետևողական աշխատանք պետք է իրականացնել այդ հարցի մասին հանրության իրազեկման և տեղեկացման ուղղությամբ:

                 բ. Միջին փուլ

Այս փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել միջազգային իրավունքի, դատական վարույթի ու ընթացակարգերի հեղինակավոր մասնագետների, փորձառու գործող իրավաբանների: Փուլի վեջնական արդյունքը պետք է լինի իրավագիտության տարբեր ոլորտների խորագետների մասնակցությամբ ՄԱԿ Միջազգային դատարանում ընդդեմ Թուրքիայի Հանրապետության դատական գործի պատրաստումը: Այս փուլում նպատակահարմար կդառնա համահայկական ներկայացուցչական կառույցի գումարումը: Կկարևորվի հարցի ուսումնասիրման, հետամտման և հանրայնացման մասնագիտացված կենտրոնի ստեղծումը: 

                 գ.  Վերջնական փուլ

Դատական հայցի առաջադրման և դատընթացի սկզբնավորման փուլ: Այս փուլում պետք է ապահովել Հայաստանի Հանրապետության, որպես հայոց պահանջատիրության հիմնական իրավունքների առաջնային կրողի, լիակատար  ընդգրկումը գործընթացի մեջ: Հասնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում (տվյալ կառույցի Կանոնակարգի # 36 հոդվածի 2-րդ կետ շրջանակում) Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի ոտնահարման և ստանձնած միջազգային պարտավորութուննեի չկատարման հարցի ընդգրկմանը: Փուլի վեջնական արդյունքը պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ՄԱԿ Կանոնոդրության #34 և #35 հոդվածների շրջանակում) Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարման հետևանքով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների հարցի քննակումը, ինչպես նաև գործնական քայլերի նախաձեռնումը իրավիճակը շտկելու ուղղությամբ: Այսինքն, միջազգային օրենքի շրջանակում պարտադրումը Թուրքիայի Հանրապետությանը, ինչպես նաև այլ հանձնառու երկրներին,   կյանքի կոչելու ստանձնած պարտավորությունները, որոնք մասնավորապես ներառված են Վուդրո Վիլսոնի 22 նոյեմբերի 1920թ. իրավարար վճռի մեջ, և ապահովելու միջազգային օրենքի լիակատար իրագործումը տարածաշրջանում ու օրենքի ոտնահարման հետևանքով առաջացած հետևանքների  ամբողջական հաղթահարումը:   

7. Հայկական հարցի բովանդակությունը ներկա փուլում

Հայկական հարցը ներկա փուլում ունի երեք հիմնական բաղադրիչ`  տարածքային, նյութական և բարոյական: Հետևաբար, Հայկական հարցը լուծված կարելի է համարել միայն նշյալ երեք բաղադրիչներից բխող խնդիրների լիակատար լուծման` այն է ամբողջական կամ մասնակի հատուցման, դեպքում: 

ա.  Հայկական հարցի տարածքային բաղադրիչը.

Վերոնշյալ եռամիասնության մեջ տարածքային բաղադրիչն ամենաէականն է: Թեև 1920-1923թթ. Հայաստանի Հանրապետությունն ունեցել է տարածքային զգալի կորուստներ, այսուհանդերձ դրանք ոչ թե de jure  այլ միայն de facto կորուստներ են: Այսինքն, չնայած այդ տարածքները բռնազավթվել (occupied) են օտար ուժերի կողմից և հետագայում բռնակցվել են (annexed) այլ երկրների, բայցևայնպես Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պահպանել դրանց տիտղոսը և դրանց նկատմամբ իր ունեցած օրինական իրավունքները, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները խարսխված են միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների, պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև, կատարման համար  պարտադիր վճիռների և իրավական  փաստաթղթերի վրա:

Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները հստակեցնող և տիտղոսը ամրագրող փաստաթղթերից կարևորագույնը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի (1913-1921թթ.) Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող Իրավարար վճիռն է (Arbitral Award)` կատարված և ուժի մեջ մտած 1920թ. նոյեմբերի 22-ին: Սույն իրավական փաստաթղթով Հայաստանի Հանրա-պետության տիտղոսը ճանաչվեց և իրավունքները  հաստատվեցին հայության բնօրրան-հայրենիքի մի փոքր մասի` նրա հյուսիս-արևելյան հատվածի, վրա:  Իրավարար վճիռն իր կայացման և ուժի մեջ մտնելու պահից (22.11.1920թ.) կատարման համար անվերապահ պարտադիր, իրավաբանական տեսանկյունից անբեկանելի և  իրավական հետևանքների առումով անժամանցելի է:

Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է երկու փաստաթղթի` Դաշնակից ուժերի անունից հանդես եկող Գերագույն խորհրդի (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիա) 26.04.1920 թվակիր իրավարարության հայցադիմումի (compromis), ինչպես նաև Սևրի խաղաղության պայմանագրի մեջ 89-րդ հոդվածի տեսքով ներառված իրավարարության հայցադիմումի, հիման վրա, ուստի Իրավարար վճիռը նշյալ երկու փաստաթղթերին կողմ հանդիսացող երկրների և նրանց իրավահաջորդ պետությունների համար անսակարկ իրավական պարտավորություն է և անխուսափելի քաղաքական հանձնառություն:

Ըստ այսմ.

              I.      Քանի որ Բրիտանական կայսրության վարչապետը, իր համաձայնությունը տալով Իրավարար վճռի 26.04.1920 թվակիր հայցադիմումին, հանդես էր գալիս այդ ժամանակ Բրիտանական կայսրությանը մաս հանդիսացող կամ նրա քաղաքական ենթակայության տակ գտնվող բոլոր երկրների անունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ իրավահաջորդ երկիրը շարունակում է կրել տարածքի միջազգային հարաբերությունների պատասխանատվությունը (in the responsibility for the international relations of territory)[1], ուստի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է (legally binding document) Միացյալ Թագավորության և Բրիտանական կայսրության իրավահաջորդ բոլոր երկրների համար: (Այս երկրների ցանկը տես` հավելված I, սյունակ 3-րդ: Պետությունները տրված են ներկա պաշտոնական անվանումներով)

            II.      Քանի որ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետը, իր համաձայնությունը տալով Իրավարար վճռի 26.04.1920 թվակիր հայցադիմումին, հանդես էր գալիս  այդ ժամանակ Ֆրանսիայի երրորդ հանրապետությանը մաս հանդիսացող կամ նրա քաղաքական ենթակայության տակ գտնվող բոլոր երկրների անունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ իրավահաջորդ երկիրը շարունակում է կրել տարածքի միջազգային հարաբերությունների պատասխանատվությունը (in the responsibility for the international relations of territory), ուստի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է (legally binding document) Ֆրանսիայի Հանրապետության և Ֆրանսիայի երրորդ հանրապետության իրավահաջորդ բոլոր երկրների համար: (Տես` հավելված I, սյունակ 4-րդ:)

         III.      Քանի որ Դաշնակից ուժերի (Անտանտի; Entente Powers) Գերագույն խորհուրդը` Մեծ եռյակը, լիազորված էր հանդես գալու և հանդես էր գալիս բոլոր դաշնակից ուժերի անունից, ուստի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավար վճիռը (22.11.1920թ.), կատարված նաև  Իրավարար վճռի 26.04.1920 թվակիր հայցադիմումի հիման վրա,  հանդիսանում է կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ (legally binding document) Դաշնակից ուժերի և նրանց իրավահաջորդ բոլոր երկրների համար: (Տես` հավելված I, սյունակ 5-րդ:)

          IV.      Քանի որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավար վճիռը (22.11.1920թ.) կատարվել է նաև Սևրի խաղաղության պայմանագրի (10.08.1920թ.) մեջ 89-րդ հոդվածի տեսքով ներառված իրավարարության հայցադիմումի հիման վրա, ուստի Իրավարար վճիռը կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է (legally binding document) Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրների և նրանց իրավահաջորդ պետությունների համար:  (Տես` հավելված I, սյունակ 5-րդ:)

            V.      Քանի որ Կենտրոնական ուժերից (Central Powers) յուրաքանչյուրը` Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան և Բուլղարիան, իրենց կնքած խաղաղության պայմանագրերի մեջ կանխավ պարտավորվել էին ճանաչել □բոլոր այն պայմանագրերի և համաձայնությունների լիազորությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ապագայում … և ճանաչել դրանցով որոշվող սահմաները□, ապա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է (legally binding document) նաև բոլոր վերոնշյալ երկրների համար: (Մանրամասների համար տես` հավելված I, սյունակ 5-րդ:)

Ամփոփում

Նկատի ունենալով, որ ներկա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հստակորեն և հանգամանալից  նկարագրված ու ամրագրված է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 22.11.1920 թվակիր Իրավարար վճռի մեջ;

Ընդունելով, որ թեև հայ ժողովրդի իրավունքները պատմականորեն հաստատված են Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների մի մասի վրա, այսուհանդերձ, ներկայումս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տիտղոսը անբեկանելիորեն ճանաչված են և իրավականորեն սահմանափակվում եմ միայն նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մի մասի վրա;

Հաշվի առնելով, որ պետությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց մասնակցությունը բերելով իրավարար վճռի հայցադիմումին դրանով իսկ նախապես տալիս են իրենց անվերապահ համաձայնությունը որպես պարտադիր ընդունել ցանկացած կայացվելիք վճիռ, ուստի.

ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր փաստաթուղթ է ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից 142-ի համար, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգը անդամներից չորսի համար`  ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն և Չինաստան:

  բ. Հայկական հարցի նյութական բաղադրիչը.

Ի սկզբանե պետք է հստակ լինի, որ նյութական հատուցումը որևէ կապ չունի □արյան գնի□ հետ: Նյութական հատուցումն առաջին հերթին պետք է ընդգրկի հայության և Հայաստանի Հանրապետության կրած ուղղակի նյութական կորուստները, զանազան հաշվարկներով և ներկա փոխարժեքային դրսորմամբ, 40-100 միլիարդ ԱՄՆ դոլար:

Քանի որ հատուցման ընդհանուր սկզբունքն առնվազն նախնական վիճակի վերականգնումն է, ուստի հատուցումը պետք է նախատեսի հայության ամենացավագին կորստի` մարդկային կորուսների, վերկանգման ծրագիր: Թուրքական իշխանությունները, միջազգային հանրության և կառույցների վերահսկողության ներքո, պետք է ստեղծեն հատուկ հիմնադրամ, որն անկախ քաղաքացիությունից կխրախուսի հայերի մեջ բազմազավակությունը և նյութական զգալի աջակցություն կցուցաբերի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների բազմազավակ ընտանիքներին:

Նյութական հատուցումը պետք է ընդգրկի Թուրքիայի Հանրապետության տարածքում առկա հայկական ժառանգության թուրքական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացված կամ վնասված հայկական հուշարձանների և այլ  ժառանգության վերականգման ծախսերը: Թուրքական իշխանությունները օրինական տիրոջը` հայ ժողովրդին, պետք է վերադարձնեն թանգարաններում, արխիվներում և այլ, այդ թվում նաև մասնավոր, հավաքածուներում պահվող  հայ ժողովրդի ժառանգությունը հանդիսացող ցուցանմուշները, առարկաներն ու նյութերը:

Առանձին քննարկան առարկա պետք է դառնան.

  • Օսմանյան կայսրությանը պատկանող կամ նրա տարածքում գործած բանկերում հայերի ի պահ տված գումարների հարցը;
  • հայերից բռանգրավված ոսկու, այլ թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի հարցը;
  • հայերի կյանքի, առաղջության և գույքի ապահովագրական գումարների հարցը;
  • թուրքական պետության և անհատ թուրքերի կողմից հայ համայնքին և անհատ հայերին պատկանած անշարժ գույքի (տներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն) և հողամասերի անօրինական գործածություն (1920թ. նոյեմբերից առ այսօր) վարձավճարների հատուցման  հարցը:
  • Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական և զինվորական անձանց անօրինական աշխատանքի դիմաց չվճարված գումարների հարցը;
  • նյութական կորուստների այլ դրսևորումներ:

 Մասնավոր քննության առարկա պետք է դառնա.

  • Գերմանիայի, (որպես Օսմանյան կայսրության կառավարման մեջ ներգրավված, հետևաբար  հանցակից երկրի),
  • Ֆրանսիայի (որպես Կիլիկիայի մանդատը ստանձնած, սակայն միջազգային պարտավորությունը  չկատարած, ինչպես նաև ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական շարժմանը /քեմալականներին/ ռազմական օգնություն ցուցաբերած երկրի),
  • Իտալիայի (որպես ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական շարժմանը /քեմալականներին/ ռազմական օգնություն ցուցաբերած երկրի),
  • Ռուսաստանի (որպես ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի խախտումով ընթացող անօրինական /քեմալականների/ շարժումը հրահրած, նրան լայնորեն աջակցած ու անմիջականորեն մասնակցած և տվյալ շարժմանը ռազմական օգնություն ցուցաբերած երկրի) և այլ երկրների  անօրինական գործողությունների պատճառով հայ ժողավրդի կրած վնասների հատուցման հարցը այդ երկրների կողմից:

    Ամփոփում.

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը պետք է ամբողջական հատուցում ստանան իրենց կրած բազմաբնույթ նյութական կորուստների համար’ վերականգնելու համար կորուստերին նախորդող վիճակը, ինչպես նաև կայացնելու բնականոն զարգացման պարագային ստեղծվելիք նյութական իրավիճակը:               

գ. Հայկական հարցի բարոյական բաղադրիչը

Բարոյական հատուցումը պետք է ընդգրկի ոչ միայն Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ուղղակի ճանաչումն ու  միանշանակ դատապարտումը, այլև, որն ավելի կարևոր է, պետք է խորանա հաշտեցման ծրագրի իրականացմամբ:  Թուրքիայի իշխանությունները թուրք հասարակության համար պետք է իրականացնեն պատմական իրականությունը բացահայտող քարոզչական և ուսումնա-կրթական համապարփակ բազմափուլ ծրագեր:  

 8. Հայկական հարցի լուծման ձևախեղման վտանգը  –

Վերջին հիսուն տարում Հայկական հարցի լուծումը, որը հիմանականում պայմանավորված է եղել հայոց պետականազուրկ վիճակով և որոշակի հաջողություներ գրանցելու ձգտումով, ընթացել է Հայոց ցեղասպանությունը ընդունել տալու ճանապարհով: Եթե այս քաղաքականությունը, որոշակի վերապահումով, կարելի է արդարացված համարել իր ժամանակի և հնարավորությունների համար, ապա 1991թ.-ին հայոց պետականության վերահաստատումից հետո նման քաղաքական հիմնուղին ժամանակավրեպ է և անարդյունավետ: Նմանապես, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքա-կանության գերակայությունների մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընդգրկումն առանց Հայաստանի Հանրապետության իրավունքների վերականգման և Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կողմից տարածքային, նյութական և բարոյական հատուցուման զուգորդման, անպտուղ է և, մինչևիսկ,  վտանգավոր: Նման ձևով հարցի առաջադրումը ստեղծում է հարցի հնարավոր լուծման պատրանքային վիճակ, այն կլանում է հսկայանկան մարդկային և նյութական միջոցներ, փոշիացնում է բուն նպատակին հասնելու  քաղաքական կամքը: Ներկա փուլում Սփյուռքի քաղաքական բոլոր կառույցների համար հույժ կարևոր է վերաձևակերպել առաջնահերթությունները, վերասահմանել թիրախային նպատակները և, համապատասխանաբար, վերաբաշխել մարդկային ու նյութական միջոցները:

Հայկական հարցի անգամ մասնակի լուծումը, այն է  Հայոց ցեղասպանության  ճանաչման ընդլայնումը կամ Լեռնային Ղարաբաղի հարցի մինչևիսկ կատարելապես հայանպաստ ելքը, էապես չեն փոխելու Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական վիճակը: Հայաստանը մնալու է նույքան խոցելի և շրջախաելի, գոյատևման և զարգացման համար խիստ սահամանափակ հնարավորություննեով: Հետևաբար, Հայաստանի Հանապետության համար կեսական անհրաժեշտություն է երկրի իշխանության կողմից պետականությանը սպառնացող մարտահրավերների խորը գիտակցումը, ինքնախաբկանքի վիհից դուրս գալու  քաղաքական կամքի դրսևորումը և, համապատասխանաբար, այդ վտանգները չեզոքացնելու համար Հայկական հարցի լուծանը նպատակամղված լուրջ քաղաքականության իրականացումը: 

9. Հայկական հարցի լուծման դրսևորման ձևերը –

Հայկական հարցի լուծումը հնարավոր է և այն կարող է ունենալ դրսևորման բազմամազան ձևեր: Այսուհանդերձ, Հայկական հարցի լուծումը հնրավոր կլինի, եթե այն խարսխված լինի իրատեսության վրա, այսինքն հաշվի առնի ներկայիս ժողովրդագրական, ռազմական, քաղաքական և տնտեսական իրողությունները: Միևնույն ժամանակ, իրագործելի լինելու համար Հայկական հարցի լուծումը պիտի գործնականում նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը,   գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց տարածաշրջանի հարցերի մեջ  ավելի լայն ներգրավվմանը: 

Տարակույս չկա, որ 1920թ. նոյեմբերի  22-ից Վիլսոնյան Իրավարար վճռով Հայաստանի Հանրապետության իրավատիրությանն անցած տարածքները (նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների զգալի մասը) առ այսօր իրավականորեն Հայաստանի Հանրապետության մաս են կազմում: Սակայն կարծել, որ Թուրքիայի Հանրապետությունը դրանք կամավորությամբ կամ միայն միջազգային օրենքների ճնշման տակ, առանց ռազմական ճնշման, կվերադարձնի իրավատիրոջը, իրատեսական չէ: Ուստի, անրաժեշտ է գտնել Հայաստանի և Թուրքիայի Հանրպետությունների համար երկուստեք ընդունելի, Իրավարար վճռին մաս կազմած երկրների հավանությանն արժանացած,  համաշխարհային ուժային կենտրոնների շահերը  հաշվի առնող և միջազգային իրավունքով ամրագրելի ձև: Ընդսմին,  այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, հնարավորություն ընձեռի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավրություն տա զգալու, որ հարցի առաջարկվող լուծումը արժաապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:

 Ըստ այդմ, Հայկական հարցի լուծումը հնարավոր է խնդրո առարկա տարածքին,  տարածքային վարձակալության ճանապարհով,  որոշակի  նոր կարգվիճակ շնորհելու  ճանապարհով, ուր Հայաստանի Հանրապետության de jureիրավատիրությունը կհամադրվի Թուրքիայի Հանրապետության de facto տնօրինման հետ:  

Այսինքն.

              I.      Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից, միջազգային երաշխիքներ պարունակող երկկողմ պայմանագրի հիման վրա և ողջանիտ վարձավճարով,[2]  վարձակալում է “Վիլսոնյան Հայաստանը”:  Նշյալ պայմանագիրը և կից համաձայանգրերը ամրագրում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները,  ինչպես նաև միջազգային կառույցների և շահագրգիռ երկրների մասնակցության ձևն ու ընդգրկվածության ծավալը խնդրո առարկա տարածքում:  Վարձավճարի չափը, վճարման ձևն ու պարբերականությունը որոշվում է համապատասխան համաձայնագրով:

            II.      Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  անկախ բնակության վայրից պահպանում են իրենց քաղաքացիությունը, օգտվում են այդ քաղաքացիության ընձեռած բոլոր իրավունքներից, կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները: Երկու երկրի բոլոր քաղաքացիները ստանում են տարածքում ազատ տեղաշարժի, բեռնափոխադրման, բնակության և տնտեսական գործունեություն ծավալելու ազատ ու անկաշկանդ իրավունք: Տարածքում գործունեություն ծավալած ընկերությունները և անձինք, բացի տեղական հարկերից և վճարներից,  համապատասխան օրենսդրությամբ նախատեսած չափով, հարկեր են վճարում ըստ գրանցման վայրի և քաղաքացիության: 

         III.      Երրոդ երկրների տարանցիկ փոխադրումներից (ներառյալ նավթամուղերից և գազամուղերից) ստացած եկամուտները գնում են տեղական ենթակառույցների (ճանապարհներ, երկաթուղիներ, ընդհանուր օգտագործման հանրային տարածքենր) բարեկարգմանը և զարգացմանը:

          IV.      Տարածքն  ապառազմականացվում է, այսինքն տարածքից դուրս են բերվում Եվրոպայում սովորական սպառազինություների մասին պայմանագրով (Treaty on Conventional Armed Forces in Europe (CFE), 1990թ.) առանձնանշած հարձակողական բնույթի հինգը զիանատեսակները:[3] Տարածքի վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում պաշտպանությունը, իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված և ՄԱԿ-ի  անվանգության հովանու ներքո գործող միջազգային խաղաղապահ ուժերը: Համայնքներում կարգուկանոնն ու անվտանգույունն ապահովումն են  համայնքային ոստիկանությունը, անհարժեշտության դեպքում, ներքին զորքերը: Տարածքում տեղակայվում են միջազգային ռազմական և քաղաքցիական դիտորդական և խորհրդատվական առաքելություններ:

            V.      Առանձին քննարկման հարց պիտի դառնա և լուծման դրսևորում պիտի ունենա նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սումալուի գավառի տարածքների կարգավիճակի հարցը: Նրկայումս այդ տարածքները կազմում են Թուրքիայի Հանրապետության Կարսի (9587 քառ. կմ; 130.000 բնակիչ),  Արդահանի (5661 քառ. կմ; 120.000 բնակիչ), Արդվինի (7436 քառ. կմ; 192.000 բնակիչ) և Իգդիրի (3587 քառ. կմ; 180.000 բնակիչ) նահանգները: Ընդամենը’ 26.241 քառ. կմ (3,4%) և 779.000 բնակիչ (1,1%) (Մանրամասների համար տես’ հավեված 2): Այս տարածքների վրա, ի տարբերություն Վիլսոնյան Հայաստանի,  անմիջականորեն պիտի հաստատվի հայաստանյան ուղղակի ինքնիշխանություն

 10. Հայկական հարցի լուծման գործընթացը որպես Հայաստանի Հանրապետության հզորացման միջոց և  նախադրյալ.

Ոչ միայն Հայկական հարցի վերջնական կամ ընդունելի լուծումն ունի  կենսական նշանակություն Հայաստանի Հանրապետության անկախ ու արժանապատիվ գոյության համար, այլև լուծման գործընթացն ինքնին վճռորոշ նշանակություն ունի հայոց պետականության հզորացման, հետևաբար չընդմիջվող գոյության, համար:

Քաղաքագիտությունը վաղուց է մշակել պետության հզորության հաշվարկի բանաձևը: Ամերիկյան քաղաքագիտության մեջ այն հայտնի է Յաբլոնսկու (Jablonsky) բանաձև անվանունով.[4]

Pp = (C+E+M) x (S+W)

Այս բանաձևի մեջ.

Pp   ( Perceived power)                                                     հաշվարկվող հզորությունն է;

C    (Critical mass: population +  territory)    որոշիչ զանգվածը. բնակչությունը + տարածքը;

E    (Economic capability)                                 տնտեսական կարողությունը;

M   (Military capability)                                                    ռազմական կարողությունը;

S    (Strategic purpose)                                                        հեռագնա (ստրատեգիական) նպատակը

W   (Will to pursue national strategy)                            հեռագնա (ստրատեգիական) նպատակը

հետապնդելու կամքը

Բանաձևից ակնհայտ է, որ պետության հզորությունը նույնքան պայմանավորված է հեռագնա նպատակի առկայությամբ և դրան հասնելու պետական նպատակամղվածու-թյամբ, որքան բնակչությամբ, տարածքով, տնտեսական և ռազմական հզորությամբ: Պետության հզորությունը որոշակի ցուցանիշների սոսկական գումար չէ, այլ շոշափելի, նյութական ցուցանիշների բազմապատկումն է նպատակի և նպատակամղվածության գումարային  ցուցանիշով:  Անկախ տարածքի, բնակչության, տնտեսական և ռազմական հզորությունից, եթե պետությունը չունի նպատակ, հետևաբար նրան հասնելու կամք, պետության հզորությունը ոչինչ է, քանի որ ցանկացած թիվ բազմապատկած զրոյով արդյունքում զրո է:

Այսօր Ղարաբաղի հարցը, մի շարք առարկայական և ոչ առարկայական պատճառներով, չի հանդիսանում համազգային նպատակ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու քաղաքական գործընթացն ըստ էոթյան չի կարող լինել համազգային, առավել ևս պետական նպատակ, քանի որ բացակայում է նպատակի հստակ ձևակերպումն ու որևէ էական արդյունքի հասնելու հնարավորությունը: 

Հետևաբար ոչ միայն Հայակական հարցի  լուծումն է  հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին, այլև  Հայկական հարցը լուծելու սոսկ գործընթացը, այսինքն նման նպատակի առկայությունն ու նրան հասնելու քաղաքական կամքը, հայոց պետականության հզորության ամրապնդման անփոխարինելի գործոն է, քանզի Հայրենիքը, որ նպատակ չունի  միայն բնակավայր է:

 Եզրակացություն.

 Վերլուծելով վերը շարադրածը, ինչպես նաև նկատի ունենալով Հայկական հարցի լուծմանը վերաբերող վերոհիշյալ հիմնադրույթները, կարել է անել հետևյալ եզրակացությունը.

  • Հայկական հարցի լուծումն իրատեսական է և իրագործելի:
  • Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի: Հայկական հարցը չլուծելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կախված է լինելու հարևան երկրների իրավիճակից կամ բարեհաճությունից:
  • Հայկական հարցի լուծումը հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունն է և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին:          

[1] Vienna Convention on Succession of States in respect of Treaties 1978, Article 2, (b).

[2].  Ողջամիտ կարելի է համարել Թուրքիայի Հանրապետության ՀՆԱ-յի 1%-ին համարժեք վճարը’ 8,6 մլրդ. ԱՄՆ դոլլար, քանի որ այդ տարածքը  կազմում է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքի գրեթե 13%-ը /ավելի քան 100 հազար քառ. կմ/ և այնտեղ  ապրում է Թուրքիայի բնակչության ավելի քան  8%-ը /մոտվորապես 5,6 միլիոն մարդ/: (Վերոհիշյալի մեջ չի հաշվարկված նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սումալուի գավառի տարածքները: Մանրամասների համար տես սույն հայցակարգի   9-րդ կետի  V ենթակետը:)

[3].  Այդ զինատեսակներն են’ տանկերը, զրահամեքենաները, հրանոթները, մարտական ինքնաթիռներն ու հարձակողական ուղղաթիռները:

[4] David Jablonsky, National Power, Parameters, vol. 27, 1, Spring, 1997, pp. 34-54.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: