Այն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը` Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին հայտարարեց, որ □Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը□, միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Հետո, օրինաչափ է, քանի որ միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրավունքի մեջ չկա մի չափորոշիչ, որով անկախանալու իրավունքը վերապված է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նույն իրավունքը մերժվում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին:
Բնական է, որ անկախության հռչակումը միշտ էլ միակողմանի է լինում: Երբ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրությունից կամ ՍՍՀՄ-ից, նրանք դա արեցին առանց, այսպեդս կոչված, □կենտրանական իշխանության□ թույլտվության: Ուրիշ բան, որ □կենտրոնական իշխանությունը□ կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց ավելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արյան մեջ խեղդել ուրիշների ձգտումը:
Գնահատելի է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերոհիշյալ որոշումը միջազգային իրավունքի ժողովրդավարացման ուղղությամբ զարգացման տեսանկյունից: Որոշումը ցույց տվեց, որ XXI դարի մտածողությանն անհարիր է ժողվուրդների բաժանումն արտոնյալների և մերժյալների:
Հիշյալ որոշումը գնահատելի է նաև Արցախի հակամարտության ժողովրդավարական լուծման տեսանկյունից: Այսինքն, ինչպես ժողովրդավարական հասարակության մեջ որևէ մեկն իրավունք չունի անհատի փոխարեն որոշումներ կայացնելու, այնպես էլ ներկա միջազգային հարաբերություններում որևէ մեկն իրավունք չունի որոշումներ կայացնելու այդ անհատների կազմակերպված հանրության փոխարեն:
XXI դարում միջազգային իրավուքը չի կարող աճուրդի դրվել: Միջազգային իրավուքը նավթի աշտարակ չէ:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
23 հուլիսի 2010թ.
Թողնել պատասխան