Սասունցի Դավիթն անպարտ է կամ նորից Հայաստանում օտարալեզու դպրոցների մասին

by

Վերջին շրջանում հասարակության բուռն քննարկման առարկա է դարձել Լեզվի մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները: Բնական է և լավ է, որ հասարակությունը միակարծիք չէ: Սա նշանակում է մենք աստիճանաբար հաղթահարում ենք ոչ վաղ անցյալի ժառանգությունը: Սակայն ցավալին այն է, որ օրենքի փոփոխությունների կողմնակիցները ոչ թե հիմնավոր առարկություններ են բերում իրենց ընդդիմախոսների քաղաքական, իրավական, տնտեսական, հոգեբանական, մշակութային փաստարկների դեմ, այլ պարզապես նենգափոխում են հարցի բուն էությունը և փորձ են անում  հարցը ներկայացնել իբր այլատյացության դրսևորում և ինքնամեկուսացման ջատագովություն:
Նախ իմ նկատառումները հայտնեմ քննարկումների ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերյալ, ապա կանդրադառնամ անձամբ իմ հասցեին հնչած մեղադրանքներին, հատկապես  Новое время-յում Отдел политики-ի կողմից  2010թ. մայիսի 22-ին տպագրված Язык твой — враг мой? հոդվածին:
Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների հիմնական կռվանն այն է, որ դա կնպաստի Հայաստանի մրցունակության աճին ժամանակակից աշխարհում, կնպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը: Միանգամայն անհիմն պնդումներ: Անդրսահարյան աֆրիկայի երկրների մեծ մասում կրթության լեզուն` առաջին դասարանից մինչև համալսարան ու Ph.D, անգլերենն է կամ ֆրանսերենը: Ֆինլանդիայում, Ճապոնիայում և Նիդեռլանդներում համապատասխանաբար ֆիններենը, ճապոներենն ու հոլանդերենը: Հիմա ազնվորեն ասացեք, ո՞ր երկրներն են ավելի մրցունակ և զարգացած: Ուրեմն խնդիրը ուսուցման լեզուն չէ, այլ կրթության բնույթն ու որակը: Ուրեմն, շեշտը պիտի դրվի ընդհանուր կրթական համակարգի բարելավման, մասնավորապես օտար լեզուների ուսուցման արդիականցման վրա: Ես հասկանում եմ, որ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն, եթե մենք կարող ենք 500 մլն. դոլար պարք վերցնել անավարտ շինարարություններն ավարտելու համար, ինչո՞ւ նույնը չենք կարող անել անկատար կրթական համակարգն արմատապես բարեփոխելու համար: Ի վերջո, կրթության ոլորտում ցանկացած ներդրում ապագայում կհատուցվի տասնապատիկ:

Այսուհանդերձ, պետք է շեշտել, որ  մինչևիսկ լավագույն կրթական համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը, քանի դեռ աշխատանքի շուկայում չկա գիտելիքի  ազատ ու արդար մրցակցություն:  Ո՞վ կարող է հայաստանցի երեք մեծահարուստի կամ երեք մեծապաշտոնի անուն տալ, որոնք հաջողության են հասել իրենց խելքի ու գիտելիքի շնորհիվ:

Օտարալեզու հանրակրթության կողմնակիցների մյուս կռվանն այն է, որ լեզվի ընտրությունը մարդու իրավունքների հարց է և ծնողն իրավունք պիտի ունենա ինքը որոշելու, թե ո՞ր լեզվով պիտի ուսուցում ստանա իր զավակը: Նախ, կուզեի իմանալ այդ ո՞ր օրվանից եք այդքան մտածում մարդու իրավունքների մասին: Հետո, մարդու իրավունքները Կանադայից ավելի հարգողը չլինենք: Կանադայում, ինչպես գիտեք, կա երկու պետական լեզու` անգլերեն և ֆրանսերեն: Սակայն ծնողները մինչևիսկ ազատ չեն երկու հավասարազոր պետական լեզուների միջև ընտրություն կատարելու հարցում: Օրինակ, 1974թ. Քեբեկում ընդունված Պետական լեզվի ակտով բոլոըը պարտավոր են իրենց երեխաներին տանել ֆրանսալեզու դպրոց: Բացառություն է արված միայն հինգը խմբի համար` հիմնականում բնիկ անգլալեզուների և օտարահպատակների համար: Չխորանալով իրավական նրբությունների մեջ ասեմ, որ եթե դուք քեբեքցի եք և ապրում եք Քեբեքում (մեր պարագայում հայ եք և ապրում եք Հայաստանում) չեք կարող ձեր երեխային տալ անգլալեզու դպրոց: Որևէ հիմնավորում, որ անգլիական կրթությունը ձեր երեխային ավելի մրցունակ կդարձնի Միացյալ Նահանգներում կամ Կանադայում աշխատանք գտնելու հարցում, չի անցնում: Քեբեքում հանրակրթական դպրոցն ընկալվում է որպես ֆրանսախոս ինքնության պահպանման հիմնասյուն և ոչ թե աշխատանքի տեղավորման գրասենյակ: Մասնագիտական գիտելիքի համար կան համալսարաններ:

Հիմա անցնենք Новое время-ի վերոհիշյալ հոդվածին: Отдел политики-ին իմ կողմից այն փաստի վկայակոչումը, որ  Եռաբլուրում  թաղվածների անհամամասնորեն մեծ մասն  ունի հայկական կրթություն,  համարել է □oчень бестактно□: Հիմա զարմանալու հերթն իմն է. Իմ արտահայտած միտքը պարզապես առկա իրողության բարձրաձայնում է: Արդյո՞ք դուք կնեղվեք այն մտքից, եթե մեկն ասի, որ ցերեկը լույս է, իսկ գիշերը մութ: Դա փաստ է, իսկ փաստից չեն նեղվում: Փաստերը կարելի է միայն հերքել: Եթե դուք իմ ասածի նման Եռաբլուրից հարյուր պատահական անուն վերցնեք և փաստեք իմ ասածի հակառակը, ես պատրաստ կլինեմ հենց ձեր թերթում ներողություն խնդրել: Մինչ այդ ես պնդում եմ իմ ասածը:  Թվերը չեն խաբում:

Նվիրվածությունը սեփական երկրին և ժողովրդին ոչ միայն և ոչ այնքան գիտակցված վարքագիծ է, որքան ենթագիտակցական ընտրություն, որը խարսխված է լեզվամշակութային ընկալումների վրա: Այսուհանդերձ, ես երբեք չեմ պնդել և չեմ պնդում, որ առանձին անհատներ, առանց մայրենի լեզվի կամ հայրենի մշակույթի իմացության կամ խորը իմացության  չեն կարող իրագործել հայրենանվեր գործեր: Ես, մամուլում հիշատակված Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադևոսյան), Քրիստափոր Իվանյանի և Մոնթե Մելքոնյանի անուններին, կուզեի ավելացնել առնվազն երկու անուն` Նորատ Տեր-Գրիգորյանցի և Անատոլի Զինևիչի անունները: Երկու մեծ զինվորական  անհատականություն, զուտ ռուսախոս, որոնց անուններն այսօր քիչ են հիշվում, սակայն որոնց դերն անուրանալի է հայոց հայրենիքի արևելյան հատվածի մի մասի ազատագրման գործում: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր զոհվածների հիշատակի և բոլոր ողջերի առջև: Սակայն ակնհայտ է, որ հենց այս անունների առանձնանաշումը ցույց է տալիս, որ նրանք  բացառություններ են, որ հաստատում են լեզվամշակութային կապի անհրաժեշտությունը:  1989թ., ՍՍՀՄ զինված ուժերում ավելի քան 6 հազար հայազգի սպա էր ծառայում` ճնշող մեծամասնությունը զուտ ռուսախոս: Քանիսն եկան իրենց մասնագիտությունն ի սպաս դնելու սեփական հայրենիքին: Չե՞ք կարծում, որ եթե նրանք լեզվամշակութային ընկալումներով ավելի կապված լինեին սեփական հայրենիքին, ավելի մեծ թվով կգային: Չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ում ապրող ավելի քան մեկ միլիոն հայությունից, որոնց զգալի մասն այսօր կորցրել է իր հայախոսությունը,  շատ ավելի մեծ թվով հայեր անմիջական մասնակցությունը կբերեին մեր հայրենիքի ազատագրմանը, եթե հայախոս լինեին: Համեմատեք, նշյալ փաստերը տասն անգամ ավելի փոքրաթիվ  Լիբանանի կամ Իրանի հայախոս համայնքների հետ և ասածները լրացուցիչ փաստերի կարիք չեն ունենա: Նույն Միացյալ Նահանգների համար նշեմ, որ երբ ԱՄՆ մտավ Առաջին աշխարհամարտի մեջ (1917թ.),  այդ ժամանակվա փոքրաթիվ ամերիկահայ համայնքից իրենց հայրենիքի ազատագրմանը որպես կամավորներ անդամագրվեցին հազարավոր ամերիկահայեր:  Չե՞ք կարծում, որ դա պայմանավորված էր նրանց հայախոսությամբ: Կրկնում եմ, բացառություններ միշտ կան և կլինեն, սակայն մեծ պատկերը հստակ է` լեզվամտածողությունը զգալապես պայմանավորում է ազգային վարքագիծը:

Մեկ այլ հանգամանք: Հոդվածագիրը հարց է տալիս` ես ի՞նչ լեզվով եմ կարդացել Լյուդվիգ Վիտգենշտեյնի աշխատությունները: Ասեմ` ռուսերեն: Եթե ես` հայկական դպրոցի շրջանավարտս, ի վիճակի եմ եղել ռուսերեն կարդալ փիլիսոփայական աշխատություններ, ապա դա ինչո՞ւ  չեն կարող անել ուրիշները:   Եթե իմ հայախոս ընկերները և ես ի վիճակի էինք ՍՍՀՄ միութենական ուսանողա-գիտական մրցույթներում մրցանակներ շահել լեզվաբանության, փիլիսոփայության, քաղաքագիտության և պատմության ոլորտներում, ինչո՞ւ հիմա դա չեն կարող անել ուրիշները, երբ լեզու սովորելու հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են: Նորից եկանք նրան, որ դպրոցական կրթության լեզուն կապ չունի, կապ ունի կրթության որակը և դպրոցներում լեզուների դասավանդման մակարդակը:  Եթե լեզուների դասավանդումը չի բարելավվում հարնակրթական դպրոցներում, ուրեմն չկա դրա հասարակական պահանջը: Իսկ չկա , քանի որ  գիտությանը մեր երկրում տրված է պետական վարչակազմի աղախնի կարգավիճակը: Ի դեպ, քանի որ խոսքը գնաց իմ մասին բերեմ մի օրինակ ևս: Երբ ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ, ոչ մի բառ չգիտեի պարսկերեն: Սակայն երեք տարի հետ ես արդեն աշխատում էի որպես ռուսերենից-պարսկերեն և պարսկերենից-ռուսերեն թարգմանիչ: Ուզում եմ շեշտել, որ ես բացառություն չէի, ինձանից ավելի լավ լեզու իմացողներ էլ կային: Այսինքն, ճիշտ դասավանդման և ցանկության դեպքում միայն համալսարանական տարիներն էլ բավարար են օտար լեզուներ սովորելու համար:

Եվս մի հանգամանք և առայժմ սրանով սահմանափակվենք: Ես երբեք դեմ չեմ եղել և դեմ չեմ օտար լեզուների ուսուցմանը Հայաստանում, ես դեմ եմ օտար լեզվով ուսուցմանը Հայաստանում` հանրակրթական դպրոցում և հայաստանցի հարկատուների հաշվին: Սա է եղել  իմ մշտական դիրքորոշումը: Ես լավ հիշում եմ մեր բոլորիս ոգևորությունը 1980-ական թվականներին, երբ բացվեց պարսկերենի ուսուցման առաջին դպրոցը Հայաստանում: Ես կողմ եմ եղել և կողմ եմ մինչևիսկ թուրքերենի ուսուցմանը մի քանի  դպրոցում, քանի որ կա դրա քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային անհրաժեշտությունը:

Ես ավարտել եմ Երևանի # 114 հայկական դպրոցը (ներկայումս Խաչիկ Դաշտենցի անվան): Բացի հայերենից մենք անցնում էինք երկու օտար լեզու` ռուսերեն և անգլերեն: Մենք ամեն օր ունեինք մեկական դասաժամ անգլերեն, իսկ որոշակի տարիքից հետո, յուրաքանչյուր տարի նաև շաբաթական մեկական ժամ անգլերենով պատմություն, աշխարհագրություն, քերականագիտություն և տեխնիկական թարգմանություն: Այսինքն, Հայաստանում կա դպրոցում երկու օտար լեզվի լավ դասավանդման փորձը, ուրեմն   այն կարելի է ընդհանրացնել: Ուրիշ բան, որ դա շատ աշխատատար է և թանկ, միաժամանակ պահանջում է գործի իմացություն ու նվիրում հայրենիքին, որոնք կարծես չունեն Լեզվի մասին օրենքում  փոփոխություններ մտցնել ցանկացողները: Նրանք գնում են դյուրին ճանապարհով, սակայն դյուրինը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է:  

Մեր դյուցազներգության հերոսը` Սասունցի Դավիթը, անպարտ էր: Անպարտ էր քանի դեռ պարտություն չկրեց սեփական զարմից: Միթե՞ մենք այնքան անհեռատես պիտի լինենք, որ պարտություն կրենք ինքներս մեզնից:

 Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

22 մայիսի 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: