Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում `ազգային անվտանգության տեսանկյունից

by

Ե Ր Կ Ի Ր
դ ե կ տ ե մ բ ե ր 2 4 , 2 0 0 4 ,

Հայաստանի Հանրապետությունը մտել է զարգացման վճռորոշ փուլ։ 1988թ. աղետալի երկրաշարժից, 1990-ական թթ. առաջին կեսին մեծագույն զոհեր խլած Արցախյան ազատամարտից, զուգընթաց համակարգային փլուզումից հետո` տարեցտարի արձանագրվում է երկրի աստիճանական տնտեսական կազդուրում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ՀՀ ՀՆԱ-ն 2001թ.` նախորդ տարվա
համեմատ, աճել է 9,6%, 2002թ.` 12,9%, 2003թ.` 13,9%, 2004թ. առաջին 9 ամիսներին`
շուրջ 10%։

Արդարև, նորանկախ հայկական պետության լիարժեք կայացման համար ստեղծված են մի շարք ֆունդամենտալ նախադրյալներ. բավականին պաշտպանունակ տարածք (ներառյալ Արցախը` ազատագրված տարածքներով հանդերձ), հայկական բանակ, հրաշալի բնություն և հարուստ ընդերք (այդ թվում՝ ջրային նշանակալից ռեսուրսներ, որոնք ոչ հեռու ապագայում նավթից ու գազից պակաս չեն արժենալու), Սփյուռքի ներուժի ճիշտ օգտագործման հնարավորություն, դաշնակից ու բարեկամ պետություններ, աշխատասեր, տաղանդավոր և զոհողությունների պատրաստ ժողովուրդ` իր հնագույն ժառանգված մշակույթով, ազգային լեզվով զարգացած գրականությամբ ու գիտությամբ:

Սակայն այս ռազմավարական նախադրյալներն ամբողջապես “իրացնելու” համար անհրաժեշտ է պետական կառավարման շատ ավելի արդյունավետ համակարգի ձևավորում, որ նախատեսում է նաև ստվերային տնտեսության ու կոռուպցիայի մակարդակների կտրուկ նվազեցում։

Կոռուպցիան` օգուտ կորզելու նպատակով իրականացված պետական իշխանության չարաշահումն է։ Մեզանում այն հաճախ ավանդաբար նույնացվում է միայն կաշառակերության հետ, մինչդեռ այդ երևույթն ունի տարբեր ձևեր ու դրսևորումներ, ինչպիսիք են` վատնումը, խարդախությունը, շորթումը, կամայականությունը, գաղտնի տեղեկություններից շահույթ ստանալու միտված գործողությունը, ապօրինի նպաստը, արտոնություն կամ պարգևատրում ստանալը, հովանավորչությունը, խնամիականությունը, ապօրինի նվիրատվություններն ու ներդրումները և այլն։Թուլացնելով օրենքի իշխանությունը և հարվածելով պետության հեղինակությանը “ներսում” և “դրսում”, կոռուպցիան մեծապես արգելակում է երկրի զարգացումն ու տնտեսական աճը։

Հայաստանում կոռուպցիայի հետևանքներն իրենց վրա կրում են հասարակության անխտիր բոլոր խավերը, որովհետև այն տարածված է բոլոր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, դատական և այլ: Պատահական չէ, որ այժմ կոռուպցիայի հետ կապված խնդիրները լայնորեն քննարկվում են զանգվածային լրատվության միջոցներում, գիտական ու քաղաքական խորհրդաժողովներում։ Այդ ուղղությամբ աշխատում են հասարակական մի շարք կազմնակերպություններ, որոնք արդեն պատրաստել ու հրապարակել են ուշագրավ
վերլուծություններ։ Ավելին` 2003թ. նոյեմբերի 6-ին կառավարության ընդունած No.1522 որոշմամբ և ՀՀ նախագահի հաստատմամբ (դեկտեմբերի 1, 2003) գործի է դրվել “ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը”, պետական մարմիններում ստեղծվել են մասնագիտացված նոր բաժանմունքներ (մասնավորապես` ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ ոստիկանության ու դատախազության կազմում), միջգերատեսչական հատուկ խորհուրդներ և հանձնաժողովներ: Այսպես`Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որ գլխավորում է երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ստեղծվել է 2004թ. հունիսի 2-ին։ Այդ խորհրդի մաս կազմող Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը`ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի գլխավորությամբ, իր առաջին նիստը գումարեց 2004թ. օգոստոսի 6-ին։

2004թ. սկզբին Հայաստանը պաշտոնապես անդամագրվեց Եվրախորհրդի`Կոռուպցիայի դեմ պետությունների խմբին (GRECO), որի շրջանակներում կատարվելու և 2005թ. հրապարակվելու է Հայաստանում կոռուպցիայի ծավալների գնահատումը։

Միջազգային հակակոռուպցիոն ամենահեղինակավոր կազմակերպության` “Թրանսփարենսի Ինթրնեշնլ”-ի գնահատմամբ, 2004թ. Հայաստանի Հանրապետությունը 146 պետությունների շարքում զբաղեցնում է 82-րդ տեղը (բաժանելով այն Մադագասկարի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ) 3.1 միավորով (չափված` 0-10 սանդղակով, որտեղ 10-ը համապատասխանում է կոռուպցիայի ամենացածր մակարդակին): 2003թ. նույն կազմակերպության չափումների համաձայն, Հայաստանը 78-րդ տեղում էր 133 հետազոտված երկրների շարքում։

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը 2003-ին կիսում էին նույն ցանկի անպատվաբեր 124-րդ տեղը, իսկ 2004թ. զբաղեցնում էին համապատասխանաբար 133-րդ և 140-րդ տեղերը1։ 2003թ. ԱՊՀ երկրների մեջ ՀՀ-ից իր ցուցացիշներով բարձր էր միայն Բելառուսը (53-րդը)։

Այս ամենով հանդերձ, ՀՀ ազգաբնակչությունը շարունակում է գնահատել կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում իբրև “համատարած” և առաջիկայում այդ ճակատում ակնկալում է իրական պայքար ու շոշափելի արդյունքներ։

“Թրանսփարենսի Ինթրնեշնլ”-ի 2004թ. հոկտեմբերի 29-ին հրապարակած ուսումնասիրության մեջ գնահատվել է Հայաստանի օրինականության ազգային համակարգի (ՕԱՀ-ի) արդյունավետությունը: ՕԱՀ-ն այն ինստիտուտներն են, որոնք նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանը և նվազեցմանը: Ուսումնասիրության համաձայն, այդ ինստիտուտներից որևէ մեկի գործունեությունն արդյունավետ չէ, որովհետև “խոչընդոտվում է համակարգային բնույթ կրող հետևյալ գործոններով` քաղաքական կամքի բացակայությամբ, ինստիտուտների անկախության և ինքնուրույնության պակասով, իրավական դաշտի անկատարությամբ և օրենքների թերի կիրարկմամբ, վարչական և կադրային միջոցների սահմանափակությամբ, քաղաքականության ձևավորման մեջ հասարակության մասնակցության ցածր աստիճանով և այլն”:

Հարևան պետությունների հետ համեմատությունը չպետք է գոհացում ու հանգստություն պարգևի Հայաստանի իշխանություններին։ Նախ, արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն իսկ ակնարկում են, որ Վրաստանի երիտասարդ նախագահ Մ. Սահակաշվիլու հակակոռուպցիոն եռանդուն միջոցառումները կարող են արագորեն այդ երկիրը դարձնել տարածաշրջանային առաջատար նշված բնագավառում, բնականաբար, բերելով նաև քաղաքական որոշակի արտոնություններ ու տնտեսական նոր ներդրումներ։
Սակայն ամենակարևորն այն է, որ Հայաստանի աշխարհառազմավարական բարդ կացությունը մեր երկրի առջև դնում է ներքին կազմակերպվածության, համախմբվածության և ազգային համերաշխության անհամեմատ ավելի բարձր պահանջներ, քան ԱՊՀ անդամ-պետություններից որևէ մեկի առջև։ Հետևաբար, Հայաստանի պարագայում, կոռուպցիայի ցուցանիշները ճիշտ կլինի համադրել ոչ թե հարևան պետությունների ցուցանիշների, այլ` երկրի ազգային անվտանգության կենսական պահանջների հետ։
* * *
1 Ուսումնասիրված 146 երկրներից 60-ը ստացել են 3-ից ցածր միավոր, որն այդ երկրներում
կոռուպցիայի մեծ չափերի վկայություն է: Բանգլադեշի, Հաիթիի, Նիգերիայի, Չադի, Միանմարի, Ադրբեջանի և Պարագվայի միավորները 2-ից ցածր են: Առավել “մաքուր”
երկրների շարքին են դասվել Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան և Իսլանդիան, որոնք
ստացել են 9.5 և բարձր միավորներ:

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի լայն չափերի հիմնական պատճառներ և հակակոռուպցիոն պայքարի հիմնական դժվարություններ կարելի է համարել հետևյալ հանգամանքները.
1. Քաղաքացիական հասարակության որոշակի օտարվածությունը հանրային կառավարման ոլորտում վճիռների ձևավորման, կայացման,իրականացման ու նաև գնահատման գործընթացներից։
2. Հասարակության թերահավատությունը` հանրային կառավարմանն իրական և արդյունավետ մասնակցություն բերելու գործում:
3. Հասարակության` կոռուպցիայի դեմ պայքարը որպես բացառապես պետական մարմինների գործառույթ դիտելու հակումը:
4. Օրենսդրության մեջ հանրային կառավարմանը հասարակայնության մասնակցության ապահովման դեկլարատիվ բնույթը, երբ բացակայում են կառավարման արտաքուստ ժողովրդավարական դրույթների իրականացման գործուն և արդյունավետ մեխանիզմները:
5. ՀՀ մի շարք օրենքներ եվրոպական և ԱՊՀ (հիմնականում` Ռուսաստանի) օրենքների ուղղակի արտագրությունն են, հարմարեցված չեն հայկական միջավայրին ու պայմաններին, իսկ դրանց կիրարկումը լիովին անտեսում է ազգային մտայնությունը։
6. Պետական պաշտոնյաների և քաղաքացիների փոխհարաբերություններում յուրահատուկ տարրերի առկայությունը, որ խոչընդոտում է օրենքների գերիշխանությանը և նպաստում
կոռուպցիային:

Վերոհիշյալ բարդությունների հաղթահարումն անհնար է, եթե չհաջողվի հակակոռուպցիոն պայքարին զինվորագրել քաղաքացիական հասարակության ողջ ներուժը։ Ընդ որում, նույն պայքարի շրջանակներում անհրաժեշտ է կառուցել դրական ու կառուցողական համագործակցություն, մի կողմից, պետական մարմինների, մյուս կողմից` հասարակայնորեն ակտիվ խմբերի միջև: Այս առումով կարևորվում է հասարակության իրազեկության բարձրացումը` կոռուպցիայի տարբեր ձևերի,տարածվածության, ծնող պատճառների և նրանց դեմ պայքարի հնարավորությունների մասին։ Սակայն, իրազեկության բարձրացումը, առանց համարժեք միջոցների վճռական կիրառման, անիմաստ է. այն ընդունակ է առաջացնել հասարակական ցինիզմ և, այդպիսով, հակառակ ազդեցություն գործել` խրախուսել կոռուպցիայի աճը:

Ամփոփենք։ Կոռուպցիան խախտում է Հայաստանի ազգային անվտանգության հիմքերը ոչ միայն նյութական ու մարդկային ռեսուրսների առումով` առաջացնելով պետական սակավ միջոցների անհավասար բաշխում, աղքատություն, արտագաղթ ու ֆինանսների արտահոսք, բացասական այլ երևույթներ, նաև, որ առավել վտանգավոր է` քայքայում է շրջափակման ու կիսապատերազմական վիճակում ապրող Հայաստանի բնակչության համախմբվածությունն ու համերաշխությունը, խաթարում ազգային արժեքների ողջ համակարգը։ Նկատի ունենալով երկրի աշխարհառազմավարական դրությունը, այս կորուստները հղի են ծանրագույն հետևանքներով։ Հետևաբար, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալումը`տնտեսական, իրավական ու բարոյական անհրաժեշտություն լինելուց բացի, ձեռք է բերում նաև ազգային անվտանգության հրատապ խնդրի նշանակություն։ Չէ՞ որ
ազգային (ներառյալ` պետական) արժեքների և համակարգի երկարաժամկետ ապահով պահպանումը` ազգային անվտանգության բուն բովանդակությունն է։

ԱՐՄԵն ԱՅՎԱԶՅԱՆ
քաղաքական գիտությունների դոկտոր,
“Քարոզարշավ ընդդեմ Հայաստանում կոռուպցիան
խրախուսող իրավական և սոցիալական պայմանների”
Խմբի ղեկավար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: