Հայաստան-Սփյուռք.արդյունավետ համագործակցության մոռացված գրավականները

by

Հայաստան-Սփյուռք լրատվության միջոցների երրորդ համաժողով
Ծաղկաձոր, 16 սեպտեմբերի 2006 թ.

Արմեն Այվազյան
քաղաքական գիտությունների դոկտոր

Այսօր, երբ տոնում ենք անկախության 15-երրորդ տարեդարձը և Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, ճիշտ ժամանակն է մեկ անգամ ևս անկեղծ հայացքով գնահատել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները։

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության համար տակավին ստեղծված չեն գաղափարաբանական, կազմակերպչական ու ֆինանսական հիմքերը։

Գաղափարաբանական առումով՝ Հայաստանի կերպարը գլխիվայր շրջված է։

Սփյուռքում Հայաստանն այլևս չի դիտվում որպես աշխարհասփյուռ հայության ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ ու ՄԻԱԿ ՀԱՅՐԵՆԻՔ։ Հայաստանն ընդունված է դիտել առավելապես որպես “աղետի գոտի”, որին պետք է ընդամենը խղճալ ու ներածին չափով ֆինանսապես օժանդակել։ Հայրենաբնակ հայության մոտ ևս խաթարվել է հայրենիքի ըմռնումն ու զգացումը, որ արդյունք է և՛ խորհրդային շրջանում ստացած դաստիարակության, և՛ անկախության նորագույն շրջանում կրած մեծ զրկանքների, անարդարությունների և ապաշնորհ կառավարման, և՛ նույն այդ 15 տարիների ընթացքում թափ առած աղետալի արտագաղթի, բայց նաև՝ հայրենադարձությունն անլուրջ գաղափար համարելու Սփյուռքի ընդհանուր դիրքորոշման։ Մեծաթիվ և բարեկեցիկ Սփյուռք ունենալը նպաստում է շարունակվող արտագաղթին, որովհետև Սփյուռքը, մի կողմից, վառ օրինակ է տալիս հայրենաբնակ հայությանը, թե ինչպե՛ս կարելի է բարգավաճել Հայաստանից դուրս, օտար ափերում, մյուս կողմից՝ դյուրացնում է արտասահմանում աշխատանք գտնելու և հարմարվելու գործը: Սփյուռքը նաև հոգեբանական ինքնարդարացում է պարգևում պանդխտության ցուպը բռնած, բայց հայրենասիրության տարրեր ունեցող հայաստանաբնակ հային՝ մատուցելով նրան “այնտեղից հայրենիքին ավելի շատ օգուտ բերելու” ինքնախաբ բանաձևը:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նման հոգեբանության գերիշխանությունը ի չիք է անում լուրջ առաջընթացի հնարավորությունը։ Իրականում՝ Հայաստանը կարոտ է ոչ այնքան ֆինանսական, որքան բարոյահոգեբանական օժանդակության, որը հիմնված կլինի ոչ թե հայրենիքի նկատմամբ խղճահարության, այլ հպարտության ու ակնածանքի զգացմունքների վրա։ Որովհետև հայոց հայրենիքը այն չէ միայն, ինչ ներկայումս տեսանելի ու շոշափելի է։ Հայոց հայրենիքը պատմություն է, մշակույթ, քաղաքակրթություն, արժանապատվություն և, իհարկե, տարածք՝ իր հող ու ջրով։

Հայրենիքին առավելագույնս օժանդակելու լավագույն ու ամենաճիշտ միջոցը այրենադարձությունն է։ Միթե՞ պատահական էր, օրինակ, այն, որ լիբանանյան վերջին պատերազմի ավարտից և նրանում Իսրայելի կրած անհաջողություններից (շատ վերլուծաբաների գնահատականով՝ պարտությունից) ընդամենը 2-3 օր անց աշխարհի ամենազարգացած երկրներից՝ ԱՄՆ-ից (400 հոգի), Մեծ Բրիտանիայից (145 հոգի) և Կանադայից ընդհանուր առմամբ շուրջ 800 հրեա կազմակերպված ձևով ներգաղթեց Իսրայել։ 2000 թ.-ից ի վեր միայն Միայցյալ Նահանգներից Իսրայել է ներգաղթել 13,179 հրեա, որոնք կազմում են այդ նույն շրջանում ամբողջ աշխարհից Իսրայել ներգաղթած 224,641 հրեաների ընդամենը 6 տոկոսը։ Այսպիսի գործողությունների նպատակներից մեկը՝ իսրայելցիներին իրենց երկրի ապագայի նկատմամբ վստահություն ներշնչելն է։ Հիշեցնենք, որ նշված ժամանակաշրջանը համընկնում է 2-րդ Ինտիֆադայի հետ։

Իսկ մե՞նք։ Ինչու՞ Հայաստանի պետությունը, ո՛չ էլ սփյուռքահայ կազմակերպությունները գոնե մեկ հատ նման ակցիա չեն կազմակերպել, թեև պատերազմն ավարտվել է 12 տարի առաջ։ Չէ՞ որ հայրենադարձվողները կարող են կատարել նույն դերը, ինչ ռազմաճակատներում թարմ զորագնդերինն է, որոնք գալիս են փոխարինելու հոգնած ու հյուծված, թեկուզև ընտիր ջոկատներին:

Խնդիրը ֆինանսական չէ՝ ասֆալտի վերանորոգման համար գտնվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Խնդիրը նաև սփյուռքահայ զագվածների մեջ հայրենասիրության պակասը չէ՝ այսօր էլ կգտնվեն հարյուրավոր ու հազարավոր սփյուռք ահայեր, որոնք հոգևորը կգերադասեն նյութականից, հայրենիքի դառնություններն ու դժվարությունները՝ օտարության խաբուսիկ քաղցրություններից, մայրենի լեզվով զավակներին դաստիարակելը՝ օտարաշունչ կրթությունից, հայության պայքարին մասնակից լինելը՝ սերունդների անխուսափելի ձուլումից։ Սփյուռքի ընդհանուր թվաքանակի առումով այսպիսի մարդիկ առայժմ չնչին փոքրամասնություն են, բայց նրանք այնուհանդերձ հազարներ են։ Հայրենադարձվելով՝ նրանք կարող են մեծ դեր կատարել Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ժողովր դագրական ճգնաժամը մեղմելու, սոցիալական արդարության ու հավասար իրավունքների համար ընթացող պայքարին մասնակցելու, հետագա՝ առավել մեծաթիվ հայրենադարձությունների ճանապարհը հարթելու առումով։

Բանն այն է, որ Հայաստանի պետությունը, ինչպես նաև սփյուռքահայության վերնախավը, տարբեր (անձնական մերկանտիլ, հատվածական, կուսակցական և այլ) պատճառներով, մերժում է հայրենադարձության բուն գաղափարը, երբեմն նույնիսկ մտածված ու նպատակասլաց պայքարելով այդ գաղափարի դեմ։

Այսօր սփյուռքահայ կառույցների մեծ մասի օրակարգը որպես գլխավոր նպատակ հռչակում է այսպես կոչված “հայապահպանումը”: Հայաստանում էլ՝ շատերը սփյուռքի գոյության իմաստը տեսնում են հայապահպանության մեջ: Բայց ի՞նչն է հայապահպանման նպատակը. ահա դա արդեն անհայտ է մնում: Արտերկրում հայապահպանումը դարձել է անիմաստ, ինքնանպատակ գաղափար:

Սփյուռքահայության գոյապահպանման, այն է՝ հայապահպանման բուն և վերջնական նպատակը (նաև գլխավոր միջոցը)՝ սեփական հողերի վրա, անկախ պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, առայժմ՝ այսօրվա Հայաստանում (այն ամբողջ տարածքում, որը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է), հետագայում՝ նաև պատմական Հայաստանի ազատագրվելիք այլ հատվածներում:

Հայապահպանումն իմաստ ունի միայն, եթե այն գալիս է օժանդակելու ազգային խնդիրների իրականացմանը: Պատմական այս ժամանակահատվածում այդ խնդիրներից են Հայաստանի պետության կայացումն ու ամրապնդումը, հայրենադարձությունը (“հայահավաքը”), հայոց ոտնահարված ազգային իրավունքների պաշտպանությունը:

Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն հայապահպանման կարևորագույն տարրերը:
Մասնավորապես, հայերի քաղաքական գիտակցությունը զրկվում է ազգի գոյատևման դաշտն ու այնտեղ ամեն օր ընթացող հայ-թուրք/ադրբեջանական օբյեկտիվ պայքարը տեսնելուց: Դրանով խանգարվում է իրականության ճիշտ ըմբռնումը:

Ավելին, օտար միջավայրի ձուլող իրադրության մեջ՝ հայոց լեզվի և մշակույթի թույլ ու թյուր իմացության պայմաններում, հայապահպանման բուն նպատակի անտեսումը զրկում է տարագիր հային այդ նպատակի դիմադրողականություն ներարկող ընդունակությունից:

Ուրեմն, Հայաստանի և Սփյուռքի կառույցները պարտավոր են լուրջ քարոզչական աշխատանք տանել հայության մեջ՝ վերականգնելու համար զգալիորեն թուլացած հայրենիքի գաղափարն ու զգացումը, ինչպես նաև հայապահպանության բուն նպատակի գիտակցումը։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցման առանցքը պետք է կազմեն հայրենադարձությանը նպաստող աշխատանքները։ Մանրամասնությունների մասին ես բավականին գրել եմ, ուստի այստեղ դրանց չեմ անդրադառնում, կարևորը՝ հայրենադարձության անհրաժեշտության անվերապահ և անհապաղ որդեգրումն է հայրենի պետական և սփյուռքահայ կառույցների կողմից, մնացածը՝ տեխնիկական հարցեր են։

Վերջապես պետք է հասկանալ, որ ամենամեծ կապիտալը մարդն է և մարդուժը: Աշխարհաքաղաքական այս ծանրագույն միջավայրում երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը պարզապես չի կարող երկար գոյատևել: Այսօր մի շարք նախկինում ամուր հայկական գաղթօջախներ, կարելի է ասել, այլևս ապագա չունեն և կամացկամաց կամ գուցե արագորեն կազմալուծվելու են, գաղթելով Ամերիկաներ, Ավստրալիաներ ու Ռուսաստաններ։ Դրանց թվին են պատկանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքի և Թիֆլիսի հայ համայնքները։ Հայկական շունչը պահպանած, հայեցի դաստիարակություն ստացած այդ զանգվածներին հենց այնպես կորցնելն անթույլատրելի է:

Նշենք նաև լավատեսություն ներշնչող զարգացումները։ Վերջին տասնամյակում Հայաստան արդեն իսկ ներգաղթել և ապրում են հազարավոր հայեր, որոնք եկել են սեփական կամքով ու նախաձեռնությամբ: Դա նշանակում է, որ նոր հայրենադարձության գործընթացն սկսվել է, թեպետև այն ընթանում է անհատական մակարդակով:

Այնինչ հայերին Հայաստան պետք է հրավիրել պետական մակարդակով, ստեղծելով հնարավոր բոլոր դյուրությունները նրանց համար: Ներգաղթն իր հետ բերում է նաև ուղղակի ներդրում ինչպես կապիտալի, այնպես էլ մասնագիտական առումով:
Իսրայելը ինչպե՞ս է ոտքի կանգնել ու զարգացել: Միայն ու միայն ներգաղթի շնորհիվ:

Պետք է ողջունել լիբանանյան վերջին պատերազմի օրերին Հայաստանի վարչապետի և որոշ պաշտոնյաների հայտարարությունները՝ մեր հայրենակիցներին ընդունելու հայրենի պետության պատրաստակամության մասին։ Ցավոք սրտի, նրանց ընդունման գործնական մեխանիզմներն տակավին մշակված չեն։ Ամենից առավել՝ հայության հայրենադարձությունը Հայաստան, ներառյալ Արցախ՝ ազատագրված տարածքներով հանդերձ, կենսական անհրաժեշտություն է Հայաստանի ազգային անվտանգության համար։

Հայրենադարձությունն անհրաժեշտ է նաև ազգային ինքնությունը պահպանել ձգտող սփյուռքահայերին։ Այսպիսով՝ ասվածից հետևող եզրակացությունն է՝ ժողովրդագրությունն է որոշում ամեն ինչ։

Կազմակերպչական առումով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում չստեղծվեցին նոր կառույցներ, որոնք կկարողանային պատշաճորեն գործ ունենալ քանակապես ու որակապես կտրուկ աճած փոխհարաբերությունների հետ։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցվածքային պատկերն այսպիսին է։

Իրադրությունը Հայաստանում
• Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն, փոխանակ ընդլայնվելու և անկախ Հայաստանի շահերից բխող ծրագրերով առաջնորդվելու, պարզապես ցրվեց։
• Հայաստան-Սփյուռք հարաբերություններով արտգործնախարարության շրջանակներում զբաղվելու թույլ փորձերը, մասնավորապես, Սփյուռքի հարցերով արտգործնախարարի հատուկ տեղակալի պաշտոնի կարճատև գոյությունը, փաստորեն ձախողվեցին։ Այսօրվա վիճակով այդ հարցերով ՀՀ ԱԳՆ-ում զբաղվողների թիվն ու մանդատն ի սկզբանե կանխում
են լուրջ աշխատանքների իրականացումը։ Բացի այդ, ԱԳՆ-ի գործառույթները բոլորովին տարբեր են՝ դրանք պատկանում են միջպետական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ոլորտին։ Մինչդեռ խոշոր սփուռք ունեցող պետությունների շարքում Հայաստանը թերևս միակն է, որը չունի սփյուռքի հարցերով հատուկ նախարարություն
կամ գոնե պետական կոմիտե։ Մինչդեռ, օրինակ, մարդկային ռեսուրսների պակաս չունեցող Չինաստանում դա ամենամեծ նախարարությունն է։ Իսրայելում գործում է Ներգաղթողների կլանման (աբսորբցիայի) անունը կրող նախարարությունը, որն իր երկարամյա գոյության
ընթացքում մշակել է բազմաթիվ արդյունավետ մեխանիզմներ: Ռուսաստանն ու Ադրբեջանը վերջերս են ստեղծել իրենց սփյուռքերի հարցերով համապատասխան կոմիտեներ։
• “Հայաստան” հիմնադրամի ներկա կարողություններն այն վերածել են մի կազմակերպության, որը հեռավոր կերպով անգամ չի հիշեցնում այն համահայկական հզոր կառույցը, որն սկզբնապես նպատակադրված էր։
• Հայաստան-Սփյուռք 1-ին և 2-րդ համաժողովները նույնպես չկարողացան պարգևել մեզ շոշափելի և կոնկրետ արդյունքներ։ Ի՞նչպիսի ակնկալիքներ կարելի է ունենալ Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովից, որը երկու օրից բացվելու է Երևանում։ Մեր կարծիքով, այս 3-
րդ համաժողովի միակ ռեալ արդյունքը կլինի այն, որ 50 ներդրողներ կստանձնեն սահմանամերձ 50 գյուղերի զարգացմանը սատարելու հույժ կարևոր գործը, բայց միթե՞ այդպիսի մասնավոր որոշումներ ընդունելու համար պարտադիր է հրավիրել Հայաստան-Սփյուռք մեծ համաժողովներ, մանավանդ, որ այդ 50 ներդրողներն արդեն գտնվել են ու
հայտնի են։

Իրադրությունն Սփյուռքում
• Արտերկրում ստեղծվեցին նոր կառույցներ՝ Լինսի հիմնադրամը, Միացյալ հայկական ֆոնդը (United Armenian Fund), որոնք խիստ կարևոր աշխատանք են տանում Հայաստանին ֆինանսապես օժանդակելու գործում, սակայն օգնության ծրագրերը ակտիվորեն չեն
ներգրավում սփյուռքահայ զանգվածներին Հայաստանի ու հայության կյանքի մեջ։
• Լոբբինգն ինքնին շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք է, բայց քանի դեռ նրանում բացակայում են հե՛նց Հայաստանի հետ կապված կոնկրետ միջոցառումները, լոբբինգը նույնպես չի ներգրավում սփյուռքահայ զանգվածներին։ Բացի այդ, լոբբինգը պայքարի
կրավորական միջոց է, եթե չի ուղեկցվում այլ ծրագրերով։
• Համասփյուռքյան կազմակերպություն ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են բազմաթիվ պատճառներով (որոնք այստեղ քննարկելն անիմաստ է) և այս փուլում իրատեսական չեն թվում։

Այսպիսով, ցայսօր Սփյուռքի ներգրավումը Հայաստանի կյանքին ընթացել է հին ճանապարհներով՝ 1) օգնության ծրագրեր, 2) լոբբինգ (հիմնականում ԱՄՆ-ում,
վերջերս էլ Եվրոպական Միությունում), 3) քաղաքական հովանավորություն առանձին
քաղաքական խմբերին Հայաստանում։

Առաջընթաց արձանագրելու համար հայությունն ինքնակազմակերպման շեշտակի աճի կարիք ունի՝ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում, ինչպես նաև այդ երկուսի միջև։ Հայաստանը, իր դժվարություններով ու ձախողումներով, բայց նաև կարևոր ձեռքբերումներով, ամենաիրական առանցքն է, շատ առումներով՝ միակը, որի շուրջը կարելի է կառուցել սփյուռքահայ կյանքն ու ինքնությունը։

Կարծում ենք, օգտակար կլինի մտածել արտերկրում այնպիսի նոր կառույցների հիմնադրման մասին, որոնց միակ խնդիրը կլինի հայրենադարձությանն ամբողջ հնարավոր օժանդակություն ցուցաբերելը՝ ֆինանսական, տեղեկատվական, իրավական, ինչպես նաև գաղափարական առումներով։ Այդ նոր կառույցները պետք է անկախ լինեն սփյուռքյան բոլոր մյուս կառույցներից, ինչպես նաև հայկական պետությունից։

Հույժ կարևոր է Հայաստանում Սփյուռքի հարցերով նախարարության հիմնումը։
Ժամանակն է նաև խոշոր ներդրումներ կատարել հայրենադարձության մեջ, որը կբարձրացնի ազգի ոգին, ինչպես նաև երկրի տնտեսությունը, իսկ համաշխարհային պատմությունից քաջ հայտնի է, որ այս երկուսը սերտորեն փոխկապակցված ոլորտներ են։
Ի մի բերենք, Հայաստան-Սփյուռք համագործակցության ճիշտ կազմակերպումը նախատեսում է լուրջ փոփոխություններ հայկական աշխարհի գաղափարաբանական ու կազմակերպչական կյանքում (ներառյալ Հայաստանի օրենսդրական դաշտում)՝ հիմքում ունենալով Հայաստանում վաղ թե ուշ հայության միավորման գաղափարը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: