Նախարարը ապակողմնորոշում է

by

Հայոց Աշխարհ
30.10.2001

“Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը 907 հոդվածը հանելու կապակցությամբ, 100 տոկոսով համընկնում է ԱՄՆ պետդեպարտամենտի և նրա խոսափողը դարձած Ամերիկայի Հայկական համագումար կոչվող կազմակերպության արտահայտած տեսակետներին:
Եվ հակառակը՝ ԱԳ նախարար Օսկանյանի ելույթը, թե՝ “ընդունվել է շատ հավասարակշռված որոշում, որով Հայաստանի շահերին որևէ վնաս չհասցվեց…”, 100 տոկոսով ուղղակի տրամագծորեն հակասում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Ջ.Բուշին ուղղված նամակում արտահայտված տեսակետներին: Սա վկայում է Հայաստանի արտաքին քաղաքական կառույցում գոյացած լուրջ տարանջատվածության մասին:
Նշված փաստերից ակնհայտ է, որ իրականում Վ.Օսկանյանը հասարակությանը ապակողմնորոշում է և մեր գլխի տակ փափուկ բարձ է դնում: Բայց, ի վերջո, ո՞ւմ քաղաքականությունն է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարը. Հայաստանի նախագահի՞, թե՞ ԱՄՆ պետքարտուղարի”,- “Հայոց Աշխարհի” թղթակցին ասաց պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանը:

Արմեն Հակոբյան
Հարցազրույց պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ

-Նախ ինչպե՞ս ընդունվեց ԱՄՆ Ազատության աջակցության օրենքի 907 հոդվածը:
-Իրոք, արժե հակիրճ անդրադառնալ 907 հոդվածի ընդունման նախապատմությանը, որի մասին թեպետ քիչ բան է հայտնի, բայց այն նույնպես կարևոր է: Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից ի վեր՝ 1988թ. հուլիսից մինչև 1991թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը վեց որոշում են ընդունել, որոնցով աներկբայորեն պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ ծագած հակամարտության մեջ: Բայց հետաքրքիր է, որ այդ որոշումները չեն էլ օգտագործվում ոչ Հայաստանի իշխանությունների, ոչ սփյուռքահայ կազմակերպությունների կողմից: Այդ որոշումների միակ դրական արդյունքը եղավ այն, որ 1992թ. ԱՄՆ Ազատության աջակցության ակտի մեջ մտցվեց 907 հոդվածը, որով ԱՄՆ կառավարությանն արգելվում է ուղղակի տնտեսական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին, մինչև վերջինս չվերացնի Հայաստանի և “Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի” դեմ ուղղված շրջափակումները: Ճիշտ է, այդ հոդվածով ԱՄՆ Սենատի կողմից Ղարաբաղի հայերը ճանաչվում են Ադրբեջանի
փոքրամասնություն և խոսվում է միայն նրանց մարդկային, բայց ոչ կոլեկտիվ իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին: Հիշյալ բանաձևը դարձավ օրենք, երբ նախագահական ընտրությունների նախօրյակին ամերիկահայերի աջակցությունը շահելու նպատակով 1992թ.
հոկտեմբերի 24-ին այն ստորագրեց ԱՄՆ նախագահ Բուշը /ավագ/:

-Այնուհանդերձ, ինչո՞ւ է կարևորվում 907 հոդվածը:
-Նույնիսկ այդ տեսքով 907 հոդվածը կարևոր էր, որովհետև աշխարհի հզորագույն պետության օրենսդրական իշխանության մակարդակով փաստորեն դատապարտվում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը: Այդ բանաձևը լուրջ
քաղաքական և բարոյական կապիտալ էր Հայաստանի և ԼՂՀ դիվանագիտության համար: Բացի այդ, էլ ավելի գործնական մակարդակի վրա 907 հոդվածը արգելում էր ԱՄՆ-ի ուղղակի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Ի դեպ, արժե նկատել, որ այդ արգելքի կապակցությամբ
բազմիցս տրտնջացել են ամերիկյան բարձրաստիճան սպաները: Ավելին՝ 907 հոդվածը որոշակի հավասարակշռություն էր մտցնում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ կողմից վարվող քաղաքականության մեջ: Հետևաբար, 907 հոդվածի վերացմամբ ԱՄՆ քաղաքականությունը ձեռք է բերում հստակ ադրբեջանամետ ուղղվածություն: Այս մասին էր օրերս զգուշացնում Հայաստանի նախագահ Քոչարյանը ԱՄՆ նախագահ Ջ.Բուշին /կրտսեր/ ուղղված նամակում:

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Սենատի ընդունած վերջին որոշումը:
-Սենատի որոշումը պարունակում է մեզ համար չափազանց վտանգավոր ձևակերպում, որով ԱՄՆ ռազմական օգնություն է ցույց տալու Ադրբեջանին, վերջինիս “սահմանները պաշտպանելու համար”: Ընդ որում՝ ճշտված չէ, թե ո՞ր սահմանները: Մինչդեռ հայտնի է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի սահմանների մեջ է ճանաչում և՛ Ղարաբաղը, և՛ ազատագրված տարածքները: Ուստի Ադրբեջանը
կարող է իր ստացած օգնությունն ուղղակիորեն օգտագործել Ղարաբաղի և Հայաստանի դեմ՝ “իր սահմանները պաշտպանելու” պատրվակով: Չի կարելի բացառել նաև, որ ԱՄՆ թուրքամետ որոշ շրջանակներ կարող են խրախուսել Ադրբեջանի նման վարքագիծը, ճիշտ այնպես, ինչպես 1993-ին խրախուսում և նույնիսկ օժանդակում էին Աֆղանստանից Ադրբեջան /Ղարաբաղյան ճակատ/
մոջահեդների տեղափոխմանը:
Բացի նավթային կորպորացիաներից, Սենատի այդ որոշման հետևում կանգնած է նաև ԱՄՆ ռազմական գերատեսչությունը, որի կապերը Թուրքիայի հետ չափազանց սերտ են ու համակարգված: Ուշագրավ է, որ եթե նույն որոշմամբ Հայաստանին իբրև փոխհատուցում ԱՄՆ ռազմական օգնությունն արդեն սահմանափակված է 4,6 մլն դոլարով, ապա նույն փաստաթղթով
Սենատը ԱՄՆ նախագահին իրավունք է վերապահել Ադրբեջանին մատակարարել անսահմանափակ ծավալի ռազմական օգնություն: Առավել քան մտահոգիչ է, որ որոշումն ընդունվում է հենց այն պահին, երբ Բաքուն սպառնում է Ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Փաստորեն Սենատը այդ որոշմամբ իր հավանությունը հայտնեց Ադրբեջանի ռազմատենչությանն ու պատերազմի վերսկսմանը: Իսկ այն ձևակերպումները,որոնցում նշվում է, թե ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանը չի կարող գործադրել Հայաստանի դեմ, պարզապես զավեշտ է և ձևականություն: Իսկ ո՞վ է վերահսկելու, որ Ադրբեջանն ամերիկյան ռազմական օգնությունը
Հայաստանի դեմ չգործադրի: Սա այն պարագայում, երբ չի բացառվում, որ մոտ ապագայում ռազմական այդ օգնությունը կուղղվի Ադրբեջանում թուրքական հենակայաններ հիմնելու ծրագրին: Իմ համոզմամբ, ԱՄՆ Ազատության աջակցության օրենքից 907 հոդվածը հանելը հայ դիվանագիտության խոշոր պարտություններից է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: