Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը

by

Սա մի հարցադրում է, որը երիցս հաստատական պատասխանով է հասել մեզ: Անժխտելի է, որ հարցն իր նշանակությամբ իսկապես առանցքային է, մի ծխնի, որի վրա 17 դար դարձադարձ է անում մեր պատմությունը: Սակայն կա եւ մեկ ուրիշ հարց. իսկ ի՞նչ կապ ուներ հայ ժողովուրդը կրոնափոխության այս ակցիայի (գործողության) հետ: Ոչ մի:

Հաստա՛տ ոչ մի կապ: Կար թագավոր իր նպատակներով, եւ կար խորհրդավոր մի անձ իր նպատակներով, որին ճանաչում ենք իբրեւ քրիստոնյա միսիոներ: Տրդատ Գ. եւ Գրիգոր Լուսավորիչ:

Երկուսն էլ Պարթեւ: Մեկը թագավոր՝ թագավորի որդի, մյուսը՝ դավադիր թագավորասպանի որդի…

Հայոց կրոնադարձության սկզբնապատմության մեջ ամենախճճված ու առեղծվածային պահը, թերեւս, Սուրեն Պարթեւին (Գրիգոր Լուսավորչին) գործի գլխավոր իրականացնող դարձնելու մասին Տրդատի որոշում կայացնելու հանգամանքն է: Ագաթանգեղոսի Պատմության համապատասխան հատվածը շարադրանքի եզակի պարզություն ունի: Կարդում ենք. “Ապա թագավորը (բժշկվելուց հետո.- Հ.Դ.) իսկույն տիրաբար հրաման տվեց. ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի եւ նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի”: Սակայն եկեղեցին հետագայում կրոնական հեղափոխության (դարձի) առաջին դեմք է դարձնում Գրիգորին, իսկ Տրդատին ընդամենը “Ս. Գրիգոր Լուսավորչի զուգահեռը” համարում: Նույնն է ասում եւ Օրմանյանը. “Այդ հրաշալի դարձին գլուխն ու նոր առաքյալը եղավ Գրիգոր Պարթեւ… Տրդատ թագավորն ալ պետք է ճանչնալ իբր Գրիգորի գործակից, այսինքն՝ առաքելակից եւ լուսավորչակից մը”: Բայց եկեղեցու համար անվերապահ հեղինակություն Ագաթանգեղոսի վարքագրության բերված հատվածից անգամ հստակ է, որ եթե չլիներ թագավորի “տիրաբար տված հրամանը”՝ եկեղեցին ընդամենը կունենար հանուն հավատքի Հայոց հողում նահատակվածի եւս մեկ սուրբ անուն եւ ոչ թե կրոնափոխության կազմակերպչի անուն: Այստեղ չհարթված կնճիռ է մնում, որովհետեւ եկեղեցու համար եթե կասկած չի կարող լինել, թե ինչու հենց Գրիգորը, ապա հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար մութ է, թե ինչու հատկապես Գրիգորը: Նման հարցադրման պատճառները շատ են, քանզի մինչեւ Հայոց թագավորի կողմից գործի գլուխ նշանակվելը, Գրիգորի կենսագրության մեջ ոչ մի նշանավոր բան չենք տեսնում (թերեւս միայն խորվիրապյան դրվագը), որով նրան տարբերենք քրիստոնյա մյուս քարոզիչներից: Մ. Օրմանյանը նույնպես ականավոր քարոզիչ չի համարում նրան. “Գրիգոր պարզ աշխարհական մըն էր, եւ իրեն հետ ոչ քարոզիչ ընկերներ ուներ, եւ ոչ գործակից եկեղեցականներու խումբ մը”: Նրա կազմակերպչական խոշոր տաղանդը, որի համար առ այսօր փառաբանվում է, նախքան Տրդատի վճիռը կայացնելը կրոնափոխության մասին՝ որեւէ կերպ եւ որեւէ տեղ չի դրսեւորվում (համայքների կազմակերպում, բացահայտ քարոզչություն եւ այլն), բացի արքունի կանանց շրջանում ճանաչվելուց:

Ըստ վարքագրության, թագուհի Աշխենը եւ արքայաքույր Խոսրովիդուխտը քրիստոնեական հավատքի են գալիս Գրիգորի հորդորով: Թեեւ սա էլ մի բացառիկ հաջողություն չէ, որովհետեւ, ինչպես գիտենք, ի սկզբանե քրիստոնյա քարոզիչներն ամենուր այդպես են գործել՝ ամենից առաջ համախոհ են դարձրել արքայական եւ իշխանական ընտանիքների կանանց (Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտ կույս–Թադեոս առաքյալ, եւ բազմաթիվ այլ օրինակներ): Լեոն գրում է. “Որքան էլ հրաշաբան եւ ջատագովական լինեն Գրիգորին նվիրված վկայաբանությունները, բայց նրանց մեջ մենք շատ քիչ ենք պատահում քրիստոնեական ճշմարիտ առաքելություն, այսինքն, որ Գրիգորը խաղաղ քարոզչական գործունեությամբ մշակած լիներ հայերի սիրտը՝ նոր վարդապետությունն ընդունելու համար: Նա խոսքի ուժով իր հետեւից չէր քաշում անհատներ եւ ժողովրդական զանգվածներ, չէր հարուցում գաղափարական շարժում: Մեծ հեղափոխությունը մտնում էր հայոց աշխարհը վերեւից դեպի ցած”:

Ծանոթ չենք նաեւ Գրիգոր Լուսավորիչ աստվածաբան-դավանաբանին, թեեւ Ագաթանգեղոսն ասում է, որ նա կյանքի վերջում սկսել էր “դժվարապատում ճառեր կարգել ու հորինել”: Որոշ հետազոտողներ նրան են վերագրում “Յաճախապատում ճառքը” եւ “Պատարագամատոյցը”, որոնք սակայն ըստ էության ժողովածուներ են: Չգիտենք նաեւ, թե ծագումով, կրթությամբ ու դաստիարակությամբ հայ չլինելով եւ առաջին անգամ Հայաստան գալով 287 թվին, երբ 48 կամ 35 տարեկան էր (հեղինակների տարբեր հաշվարկներով), Գրիգորը ինչ չափով էր ծանոթ հայոց լեզվին, երկրի ու ժողովրդի պատմությանը, նրա սովորույթներին ու նիստուկացին, ինչ արժեք ուներ հայ մարդը նրա համար:

Հայտնի բան է, որ անհնար է սիրել մի ժողովրդի, առանց հարգելու նրա նախնիներին: Իսկ Գրիգորը հակառակն արեց: Ագաթանգեղոսի հետեւյալ տողերն էլ ամենեւին պարզություն չեն բերում. “եւ սա (Գրիգորը) գալով հասնելով, երեւալով հայաբարբառ հայրենախոս դարձավ”: Հարցերն ամենեւին երկրորդական չեն դառնում, երբ հետո տեսնում ենք, թե Լուսավորիչը հավատքի անունից զենքի միջոցով ինչպես է լուսավորում երկիրը: Ուսումնասիրողներ են եղել, ովքեր փորձել են հայացնել Գրիգորի ծագումը՝ նրան դարձնելով հայ ազնվականի զավակ, սակայն ոչինչ չի ստացվել, որովհետեւ, թեեւ կենսագրության մեջ չափազանց շատ են բացերը, այնուամենայնիվ, ծագումը քաջ հայտնի է: Իսկ այդօրինակ ջանքերը հասկանալի են. ցանկալի է իր երկրում գործող եկեղեցու հիմնադիր տեսնել ազգակից մարդու: Մեր խնդիրը Գրիգորի կենսագրական տեղեկությունները ճշգրտելու փորձեր անելը չէ, հետեւաբար հուզող հարցի (ինչո՞ւ Գրիգորը) պատասխանն ունենալու եւ հենց հարցը հիմնավորելու համար դիմենք եղած հայտնի դրվագներին: Առաջին ամենամեծ տարօրինակությունն այն է, թե ինչո՞ւ եւ ի՞նչ ռիսկով Գրիգորը եկավ Հայաստան: Նա արքայասպան Անակի որդին էր եւ մի՞թե կարծում էր, թե ոչ ոք չի հիշում դա: Եկեղեցին այսպես է բացատրում. Գրիգորը, իմանալով հոր գործած ոճիրի մասին, որոշում է մեղքը քավել Տրդատ թագավորի մոտ ազնվորեն ծառայելով: Բայց այս բացատրությունը եթե հալած յուղի տեղ չես ընդունում, ապա ավելի մեծ շփոթության մեջ ես ընկնում: Նախ՝ մեղքը գիտակցողը, կարծում ենք, մեղքը խոստովանելով պիտի փորձի քավել, սակայն Գրիգորը նման բան չի անում: Եվ մտքով անգամ չի անցկացնում: Կարդանք Ագաթանգեղոս. “Երբ դայակներից տեղեկացավ իր հոր կատարած գործերը, ելավ ու գնաց Տրդատին կամավոր ծառայելու: Թաքցրեց իր անձը եւ ոչինչ չէր հայտնում, թե ում համար, կամ որտեղից կամ ինչպես էր (հայտնվել), եւ իր անձը ծառայության տալով հնազանդությամբ սպասարկում էր նրան”: Այս հատվածն էլ իր հերթին է հարցերի մի ամբողջ շարան բերում: Հետեւապես, եթե ուզում ենք հասկանալ, թե ո՞վ էր Գրիգորը եւ ի՞նչ մտքով էր եկել Հայաստան, ապա ստիպված չպիտի ձանձրանանք այդ հարցերը քննելուց:

Մանավանդ երբ տեսնում ես, որ “հնազանդությամբ սպասարկել”, ամենեւին չի նշանակում նվիրվածությամբ օգտակար լինել: Հնազանդ կարող է լինել եւ տիրոջ թիկունքը դաշույն խրող ստրուկը, իսկ նվիրվածը՝ նման հարվածից իր մարմնով տիրոջը պաշտպանողն է: Եթե Գրիգորը կամենում էր գործով արժանանալ թագավորի ներողամտությանը, ապա “հնազանդությամբ սպասարկելը” կրկին քիչ է: Առնվազն հարկավոր էր երկակի կյանքով չապրել. թագավորի մոտ որպես պարզ սպասարկող, թագավորից հեռու՝ քրիստոնյա քարոզիչ ու մինչեւ անգամ արքայական ընտանիքում համակիրներ որոնող չլիներ: Եվ, վերջապես, վարքագիրը բառ անգամ չի գրել հոր գործած հանցանքի համար Գրիգորի զղջումի մասին: Դայակներից տեղեկանալով, հայտնի չէ, Գրիգորը ոգեւորվե՞ց, թե՞ ընտանեկան պատվի վրա բիծ համարեց հոր կատարած գործը: Մտադրվեց այն շարունակե՞լ, թե՞ մեկ ուրիշ բան: Գուցե թե ափսոսանքի զգացողության ենթադրության առիթ է տալիս Խորենացու այս տողը. “Գրիգորը անցավ գնաց Տրդատի մոտ՝ հոր պարտքը հատուցանելու, կամ իսկապես ասելով՝ վարժվելու եւ պատրաստվելու մեր աշխարհի առաքելության եւ քահանայապետության, ինչպես եւ մարտիրոսության վիճակին”: Հավանաբար Խորենացին էլ է ստիպված գրել՝ “հոր պարտքը հատուցանելու”, բայց հետո, ասես, թոթափել է իրեն ու անմիջապես շարունակել՝ “կամ իսկապես ասելով…”: Հավատքի համար չէ, որ Գրիգորին տանջանքների է ենթարկում Տրդատ արքան: Նա առաջին անգամ չէր քրիստոնյայի հետ շփվում, իր կարծիքն ուներ նրանց մասին, եւ անձամբ դժվար թե ժամանակ վատներ մի հերթական քարոզչի վրա: Տրդատն իրեն վիրավորված էր զգում. Գրիգորը չարաշահել էր իր վստահությունը եւ փաստորեն թիկունքում հակառակ գործունեություն ծավալել: Դա առնվազն ապերախտություն էր: Լսածն ստուգելով ու համոզվելով, որ Գրիգորն այն մարդը չէ, ինչ ներկայանում է իրեն, նա դառնացած ասում է. “Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար եւ ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն Աստծուն, որին ես չեմ պաշտում”: Մեղադրում, բայց խնայում է եւ հրամայում նրան պարզապես հսկողության տակ առնել: Հետո կրկին բերել է տալիս իր առջեւ ու կամենում է հասկանալ նրա անշնորհակալության պատճառը: Տրդատը հանդիմանանքով ու խրատաբար է խոսում. “Այսքան տարի ես քեզ ճանաչել եմ եւ դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ, եւ ես գոհ էի քո աշխատանքից ու մտադիր էի ապրեցնել քեզ: Ինչո՞ւ չես կատարում իմ կամքը”: Սակայն անսպասելիորեն Գրիգորը պոռթկում է ու զրույցի շարունակության մեջ հետզհետե անկեղծանում: Նոր միայն երեւում է, որ նա երբեք էլ իր ամբողջ էությամբ հավատարմորեն չի ծառայել, ինչպես նաեւ մտադրությունը շատ կասկածելի է եղել:

Դավանաբանական վեճի տեսք տված երկար երկխոսությունն իր մեջ բացատրություն ունի նաեւ, թե ինչու է Տրդատը հրամայում տանջել Գրիգորին: Վերջինս, երբ սկսում է հանդես գալ ինչպես որ է՝ աստիճանաբար մոռանում է պարկեշտության որեւէ սահման եւ կոպիտ ու հանդուգն խոսքերից անցնում է Տրդատի թագավորական անձը վիրավորելուն: Սա արդեն չափազանց էր ու նաեւ Տրդատի համար անակնկալ: Այս դեպքում էլ ներողամտություն հանդես բերել, կնշանակեր զրկվել արքայական հեղինակությունից: Թագավորն սկսեց խոսել ու ասաց. “Ես քեզ խնայեցի որպես վաստակավորի, որպեսզի ուղիղ կարգի գաս պաշտելով աստվածներին: Դու նրանց պատիվ զլանալով՝ սուտ արարիչ ես համարում, եւ որոնք որ ճշմարիտ արարիչներ են, անարգում ես… Եվ քանի որ բոլորին նախատեցիր, նույնիսկ համարձակվելով մեզ եւս անասուն անվանել, արդ՝ ես քեզ տանջանքներ կտամ եւ սանձ կդնեմ քո կզակին, որ իմանաս, թե սին խոսքերը, որ իմ առջեւ հաճախ կրկնեցիր, անմիջապես իրենց արդյունքը տվեցին: Եվ այս քեզ համար մեծ պատիվ է, ասում է (թագավորը), որ խոսեցի քեզ հետ եւ մեծարեցի քեզ, իսկ դու ինձ պատասխան տվեցիր իբրեւ ընկերոջ (իբրեւ հասարակ մարդու.- Հ.Դ.)”: Եվ յոթնօրյա չարչարանք նշանակեց: Տրդատն այլ ելք չուներ. նա թագավոր էր եւ պետության գլուխ:

Ըստ էության, էլի մեղմ վարվեց՝ կարող էր եւ Գրիգորին զրկել կյանքից: Հետագայում Տիրանը, օրինակ, չներեց Հուսիկ կաթողիկոսին, որն արգելեց իրեն՝ թագավորին, եկեղեցի մտնել ու դրանով մեծ անարգանք հասցրեց յուր արքայական վսեմությանը, եւ հրամայեց բրածեծ անել կաթողիկոսին, որից վերջինս մահացավ:

Այսպիսով, Գրիգորը Տրդատից պատիժ ստացավ իր աշխարհիկ մեղքերի՝‘ա) Հայոց աստվածներին սաստիկ անարգելու, բ) երկրի գլխավորին՝ Մեծ Հայքի թագավորին, անձնական վիրավորանք հասցնելու, գ) արքայական բարձր վստահությունը չարաշահելու, դ) արգելված գործունեությամբ (քարոզչություն ոչ թե հասարակական վայրերում, այլ պաշտոնավայրում՝ արքունիքում, եւ ընտանիքներում) զբաղվելու համար: Հանցանքը կար, պատիժը պիտի հետեւեր. սա է կարգն ու օրենքը բոլոր ժամանակներում եւ բոլոր ժողովուրդների մոտ: Աններելի է ոտնձգություն կատարել թագակիր անհատի պատվի դեմ: Եվ այն էլ ոչ ինչ-որ մի կամազուրկ կամ տկարամիտ անձի, այլ Տրդատի նման թագավորի, որին հենց Գրիգորի վարքագիրը բնութագրում է այսպես. “Վասնզի իրոք սեգ էր հանդերձանքով եւ մեծ ուժով, հարստությամբ, ամուր ոսկորներով եւ հաղթ մարմնով, քաջ էր եւ կատաղի պատերազմող, բարձր ու լայն հասակով: Իր կյանքի բոլոր տարիներին նա պատերազմել էր եւ մարտերում հաջողություն ձեռք բերել: Քաջության փառքի մեծ անուն ստացավ եւ հոյակապ, փառավոր հաղթանակներ տարավ ամբողջ երկրում, թշնամիներին հարվածեց՝ ցանկանալով իր հայրերի վրեժը լուծել”… Ընդհանրապես զարմանալի ու անըմբռնելի պահվածք: Նա կրոնական քարոզիչ է եւ իրեն նվիրել է Հայաստանի մեջ քրիստոնեական վարդապետության լույսն ու կյանքը տարածելու գործին: Ընդունենք նաեւ, որ մինչեւ Տրդատի կողմից իր համոզմունքների բացահայտումը, նա զգուշանում էր կամ դեռ թագավորին անպատրաստ կարծելով՝ վաղ էր համարում հետը քրիստոսասիրության մասին խոսելը: Բայց երբ Տրդատն ինքն է անկեղծ զրույց առաջարկում՝ փորձելով հասկանալ իր կողմից շնորհների արժանացած մարդուն, ապա մի՞ թե սա չէ քարոզչի համար ամենաբաղձալի պահը. անհավատը վերջապես կամենում է լսել իրեն ու ընկալել իր խոսքը: Սակայն, չգիտես ինչու, սիրով ու համբերատարությամբ բացատրություններ տալու փոխարեն, Գրիգորը Տրդատի արդարացի հանդիմանանքին պատասխանում է հախուռն հոխորտանքով (նման տոնով մինչեւ իսկ Հիսուսը չի խոսում Պիղատոսի հետ): Ահա խոսքի, մտածողության եւ գործունեության այս տոնն է, որ հետագայում դրվում է Հայոց եկեղեցու պատրիստիկայի (հայրաբանության) հիմքում: Գրիգորի խոսքի այս տոնն է, որ թույլ չի տալիս միանշանակորեն ընդունել նրա Հայաստան գալու նպատակի պարզությունը: Որքան էլ համարենք, թե միգուցե այդ կոշտ երկխոսությունը վարքագիրների ջանասիրության արդյունքն է, այնուամենայնիվ, գործողությունների զարգացմանը հետեւելով, գրավոր վարդապետության հաստ շերտի տակ տեսնում ենք փաստական պատառիկներ, որոնց ուշադիր ընթերցումը կրոնավորական մեկնաբանություններից էականորեն տարբերվող տպավորություն է թողնում: Որտե՞ղ գտնենք, օրինակ, եւ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Տրդատը, իմանալով Գրիգորի քրիստոսապաշտության մասին, ինչպես նաեւ քրիստոնեությունը չափազանց վտանգավոր աղանդ համարելով, այնուամենայնիվ, խնայեց նրա կյանքը: Ինչո՞ւ էր գնահատում, անգամ պահպանում Գրիգորին, երբ նույն գործերի համար չներեց նույնիսկ գեղանի Հռիփսիմե կույսին, որին մտադիր էր կնության առնել: Չգիտենք նաեւ, թե Գրիգորն ինչ պաշտոն էր զբաղեցնում արքունիքում: Կշիռ տալու համար որոշ հեղինակներ պարզապես ասում են “կարեւոր պաշտոն”, բայց անկասկած դա արվում է Գրիգորին նշանավորելու նպատակով: Ասենք միայն, որ պետության մեջ արքայից ցած բացառվում էր այնպիսի պաշտոն ունեցող մեկը, որն անձեռնմխելի լիներ (խոսքը քրմական դասին չի վերաբերում): Այսպիսով, թեեւ Գրիգորն անձեռնմխելի չէր, սակայն “Տրդատը խորհում էր այլ սիրաշահությամբ խոսել նրա հետ, եւ կյանք ու պատիվ խոստանալ, որոնց նա չէր էլ լսելու”: Ինչո՞ւ էր Տրդատը համառորեն փորձում իմանալ՝ ով է այդ օտարականը եւ ինչ մտքով է թափանցել իր արքունիք: Գուցե նրա համար, որ ոչ թե լսածով, այլ իր դառը կենսագրությա՞մբ գիտեր, թե ինչի են ընդունակ արքային մերձավոր դարձած պղտոր մտքեր ունեցող մարդիկ: Արդյոք թագավորը չէ՞ր կամենում հենց Գրիգորից լսել այն, ինչն իմացավ իր դայեկորդի, Հայոց սպարապետ Արտավազդ Մանդակունուց: Արտավազդն իրեն հայտնեց, թե այդ ծածկամիտ անձը “որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը՝ Խոսրովին եւ խավար բերեց մեր Հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը”: Տեղեկությունը հավաստի էր, որովհետեւ սպարապետի քրոջ ամուսինն էր ասել՝ Տաճատը, որն այս բաներն իմացել էր Կեսարիայում որոշ ժամանակ ապրելով: Տպավորությունն այնպիսին է, ասես պարզաբանումը սպասելի էր, եւ Տրդատը հավաստիանալով՝ հանկարծակիի չի գալիս: Նա չի հրամայում անել այն, ինչը տվյալ ժամանակների համար կարող էր միանգամայն բնական դիտվել: Նա չի հրամայում սպանել Գրիգորին, երբ արդեն վերը նշված հանցանքներին գումարվում է նաեւ ամենածանրն ու եղկելին՝ արքայասպանությունը: Իսկ որ հոր գործած հանցանքը փոխանցվում էր նաեւ Գրիգորին, հաստատենք Լեոյի ձեւակերպումով. “Հին իրավական հասկացողություն էր, որ հայրերի մեղքը որդիներից էր պահանջվում մինչեւ յոթ պորտ”: Չափազանց թանկ արյուն էր ստորաբար ու դավադրաբար հեղվել՝ Սասանյանների համար անպարտելի Խոսրով–Տրդատ Բ.-ի արյունը, որպեսզի հեշտորեն մոռացվեր ու ներվեր: Մի՞թե երեք տասնամյակ Հայաստանը ծունկի բերված էր պահվել (ըստ Խորենացու՝ “անիշխանության տարիներ”), արքայական ու իշխանական ընտանիքներ էին ոչնչացվել (Արտաշիրն իմանալով, որ մանուկ Տրդատին Արտավազդ Մանդակունին է փրկել, հրամայեց կոտորել նրա ցեղը), որպեսզի հիմա Տրդատ թագավորն ամեն ինչ ներեր: Համարժեքին մոտ փոխհատուցում պիտի լիներ, հետեւաբար Գրիգորին կյանքից զրկելը երեւի թե բավարար չէր: Ճշտելով, որ Գրիգորը Անակ Պահլավի Սուրեն որդին է, Տրդատը հրամայեց նրան Խոր Վիրապ արքունի բանտում պահել որպես… Գուցե որպես պատա՞նդ: “Հենց չարագործների համար էր շինված այս տեղը եւ ամբողջ Հայաստանի մահապարտների սպանության համար հատկացված”,- ասում է Ագաթանգեղոսը: Անմիջապես նշենք, որ գրավոր որեւէ հիշատակում չունենք մեր ձեռքի տակ, որպեսզի փաստացի ապացուցենք այս տեսակետը: Մատենագիրները, հետագայում էլ նրանց կեցվածքին հետեւած պատմաբանները, թվում է՝ ավելորդ մի գլխացավանքից խուսափելու համար երբեք քննության չեն առել վարքագիրների հաղորդած առասպելը: Գրիգորին իբրեւ պատանդ կամ պետական խոշոր հանցագործություն կատարած բանտարկյալ պահելու վարկածի հիմնավորումը չունենալով, այնուամենայնիվ, մենք չենք կարողանում գտնել նաեւ վերոնշյալ հարցի տրամաբանական պատասխանը. ինչպե՞ս պատահեց, որ նույն Հայաստան երկրում եւ նույն Տրդատ թագավորի օրոք հավատքից չհրաժարվելու համար մինչեւ անգամ կանանց են խոշտանգում ու մահապատժի ենթարկում (Հռիփսիմեին, Գայանեին եւ մնացած 87 կույսերին), իսկ արքայասպանի որդի եւ թագավորի անձը վատ խոսքերով վիրավորող Գրիգորին խնայում են: Ագաթանգեղոսը մեկ ուրիշ տեղեկություն էլ է թողել մեզ, որն ընդհանրապես ուշադրության չի արժանացել հայ պատմագրության կողմից: Նա գրում է. “Միայն պարթեւի (Անակի.- Հ.Դ.) որդիներից երկու փոքրիկ մանուկների՝ մի մարդ (երեխաներից) մեկի դայակների միջոցով փրկեց, որոնցից մեկին փախցրեցին Պարսից կողմերը, իսկ մյուսին՝ Հունաց”: Հունաց կողմերը փախցրածը Գրիգորն է, գիտենք, իսկ ի՞նչ եղավ նրա եղբայրը. ապրե՞ց-չապրե՞ց, մեծամեծ պատիվների ու դիրքի հասա՞վ, թե՞ ոչ: Այնինչ, կան այս հարցերի պատասխանները, Սեբեոսն է հայտնում. “Դայակները, վերցնելով սրան (մահապարտ Անակի զավակին.- Հ.Դ.) հայոց Խոսրով արքայի վրիժառությունից փախցրին Պարսից կողմերը՝ իրենց արքունի դուռը: Եվ արքան նրա համար կատարեց նրա հայր Անակի խոստացած պարգեւները. կրկին վերադարձնելով բուն իսկ պարթեւական պահլավը՝ թագ կապելով մեծարեց եւ կարգեց իր թագավորության երկրորդ” (Սեբեոս, Պատմություն, Երեւան, 2005, էջ 61): Հետագայում նույնպես Պարսից արքաները երախտիքով էին հիշում Անակյան տոհմաճյուղի մատուցած ծառայությունները (տե՛ս Խորենացու մեջբերած Արտաշիրի թուղթը Վռամշապուհին), հետեւաբար, կարծում ենք, նրանք քաջ տեղյակ պիտի լինեին նաեւ Հայաստան գալու Գրիգորի որոշումից: Հիշենք, որ մանուկ Գրիգորին փրկող ստնտուի ամուսինն էր “Բուրգար անունով մեկը Պարսկաստանից, ոչ փոքր եւ աննշան մարդ”: Արդյո՞ք քրիստոնեական կրթությանը զուգահեռ, Գրիգորն այլ դաստիարակություն չէր ստանում: Ի վերջո, նրա հայրը մահապարտ Անակն էր, որը հանուն նպատակի չխնայեց անգամ իր ընտանիքը: Գրիգորի ձեռնարկած քայլերը նույնպես մահապարտի կայացրած որոշումների են նման: Չափահաս դառնալով՝ նա ամուսնանում է, երկու զավակ ունենում, լուծում անսերունդ չմնալու խնդիրը, ապա երեք տարի անց համերաշխությամբ բաժանվում կնոջից, նրան ու որդիներին ապագա ապահովում, հետո խոր պահած նպատակադրությամբ գալիս Հայաստան:
Արդ, ինչպե՞ս հասկանանք, որ ոչ միայն Պարսից, այլեւ Հայոց արքան էր փորձում սիրաշահել ու իր կողմը գրավել պարթեւ արքայատոհմից Սուրենի Պահլավներին եւ Կարենի Պահլավներին: Գուցե կամենում էր այս անգամ հակասասանյան ներքի՞ն կոալիցիա նորոգել: Գրիգորն ընդհանրապես ի՞նչ տեղ ուներ Տրդատի հաշվարկներում, ի՞նչ գիտեր նա Գրիգորի եղբոր մասին՝ հայտնի չէ: Այն, ինչ ասում ենք, միայն վարկած է: Սակայն, այնուամենայնիվ, փորձենք պարզել, թե Տրդատն ինչո՞ւ հենց Գրիգորին նշանակեց կրոնական հեղափոխության գլուխ:

Մինչ այդ՝ ընդամենը ուրվագծենք տիրող քաղաքական իրավիճակը: Պատկերն այսպիսին էր. Տրդատ Գ.-ն 287 թվականին Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ, եւ նրա թագավորության երրորդ տարում, վերջնականապես հաստատվեց Հայոց գահի վրա (առաջին գահակալումը Պարսկաստանին ենթակա Մեծ Հայքում 274-276 թվականներին էր): Տրդատը հռոմեական կայսեր վասալն էր: Պարսից արքա Ներսեհը նույնպես ճանաչեց Տրդատի օրինավոր ժառանգությունը, քանզի դրանով կանխվում էր Հայաստանի գահը Սասանյան որեւէ կենտրոնախույզ ներկայացուցչի ձեռքն ընկնելու հավանականությունը: Տասնամյակներ տեւած պարսկա-հռոմեական պայքարի այս շրջափուլն ավարտվեց 298թ. Մծբինի 40-ամյա դաշնագրի կնքումով: Մեծ Հայքն ամբողջությամբ հայտնվեց Հռոմեական կայսրության հովանավորության ներքո: Ձեռք բերած բոլոր հաջողությունները պետք է ամրապնդեր Տրդատը: Նա էր Հռոմի հույսը: Հայաստանը պետք է դառնար հակասասանյան պլացդարմ: Տրդատն ինքն էլ էր դա կամենում եւ եռանդով ձեռնամուխ եղավ երկրում հիմնավոր փոփոխություններ կատարելուն:

Թե ինչպիսին էր դրությունը Հայաստանում եւ ինչ քայլեր ձեռնարկեց Տրդատը, կփորձենք ներկայացնել պատմահայր Խորենացու Պատմության հիման վրա, եւ եթե ապագա ընդդիմախոսներն առավել ճշգրիտ ու ծանրակշիռ փաստարկներ կբերեն, ապա միայն ուրախ կլինենք: Խորենացին գրում է, որ Խոսրով-Տրդատի սրախողխող լինելուց հետո “Արտաշիրը նվաճեց նախարարական ցեղերը, գաղթածներին հետ դարձրեց [Նա] գեղեցիկ կարգավորում է Հայոց աշխարհը, վերականգնում է նախկին կարգերը՝ ամեն բանում իր անունն է հաստատում: Նա մեր աշխարհը կառավարեց պարսիկ գործակալների ձեռքով, ինչպես իր աշխարհներից մեկը, քսան եւ վեց տարի”:

Փաստորեն, Արտաշիրը վերացրել էր Արշակունիների գահակալությունը Հայաստանում եւ երկիրն ամբողջությամբ ընդգրկել համաիրանական աշխարհի մեջ՝ տեղում պահպանելով “նախկին կարգերը”, ինչը գոհացնում էր բոլորին: Բարդ էր, ուրեմն, Տրդատի առջեւ ծառացած խնդիրը. նա որեւէ հենարան չուներ երկրում: Սակայն, ամենեւին չվհատվելով նման տխուր իրողությունից, նա սկսում է իշխանության սեփական հենասյուներ բարձրացնել: Եվ առաջին հերթին հայացքն ուղղում է դեպի իր արյունակիցները՝ պարթեւական ծագում ունեցողների եւ հայոց հողի հետ բացարձակապես կապ չունեցող օտարների կողմը: Նախ նշենք Մամիկոնյաններին, որպեսզի ակամայից հետագա շարադրանքի ստվերում չմնան: Նրանց պատմության սկիզբը սա է. տոհմի նահապետ Մամգունը, Ճենաց թագավորի զայրույթից փախչելով, իր ընտանիքով ապավինում է Պարսից թագավորին: “Շապուհը թեպետ Մամգունին չի հանձնում նրա տիրոջ ձեռքը, բայց նույնպես չի թողնում Արյաց աշխարհում, այլ բոլոր աղխովն իբրեւ աքսորական ուղարկում է Հայաստան իր գործակալների մոտ”: Եվ աքսորյալի աննշմար կյանքով էլ գուցե նրանք շարունակեին ապրել Հայաստանում, եթե քաղաքական դրությունը, այսինքն՝ երկրի ճակատագիրը կտրուկ չփոխվեր: Մամգունն անմիջապես ընկալում է պահը եւ արագորեն կողմնորոշվում. քանի որ “ոչ իր կամքով Հայաստան գալով՝ պատահեց Տրդատի գալստյանը, Պարսից զորքերի հետ (Պարսկաստան) չդարձավ, այլ իր բոլոր աղխով Տրդատին ընդառաջ գնաց մեծ ընծաներով: Տրդատը նրան ընդունեց…”:

Չի ուշանում նաեւ աչքի ընկնելու առիթը: Սլկունյաց Սղուկ նահապետը մերժում էր ճանաչել Տրդատի իշխանությունը: Մամգունը հանձն է առնում պատժել ապստամբին, եւ խոստումը կատարում է՝ Անակի նման դավադրաբար սպանելով Սղուկին:

Նոր տիրոջ վստահությունը նվաճված էր: Տրդատն ուրախանալով՝ հրովարտակ է գրում եւ նրան նախարարական կարգ տալիս, շնորհելով նաեւ ոչնչացված Սլկունյաց ցեղի Տարոն աշխարհը: Այսպես է Մամգունի տոհմը հաստատվում Հայաստանում՝ հետագայում երբեք չմոռանալով պատժարարի իր կոչումը եւ միշտ հավատարիմ մնալով Պարթեւաց տանը: Դա երեւում է Տրդատի հաջորդ Խոսրով Կոտակի օրոք Մանավազյան եւ Որդունի նախարարների “մեծ խռովության” ժամանակ, երբ թագավորը նորից նրանց դեմ Մամիկոնյաններից մեկին է ուղարկում՝ Վաչե զորավարին, որը “գնաց նրանց վրա, երկու տոհմն էլ ջարդեց ոչնչացրեց, երկու տոհմերից ոչ մի արու կենդանի չթողեց”: Ի դեպ, Մամիկոնյանները կարող էին նաեւ թագավոր սպանել, եթե թագավորը ձեռնարկումներ էր կատարում եկեղեցու դեմ (նկատի ունենք Պապ թագավորի սպանությանը մասնակցելու մեղադրանքը՝ ուղղված սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին):

Իսկ հիմա խոսենք Կարենի Պահլավի ցեղից Կամսարի մասին, որին “բոլոր նրա ունեցվածքով” տարիներ առաջ Եկբատանից Տրդատն ինքն էր բերել Հայաստան: Հետագայում նա նաեւ Կամսարի որդիների համար “նախարարական ցեղ է սահմանում”՝ ժառանգություն տալով Արշակունիների արքունի կալվածներից՝ ամբողջ Շիրակ գավառը եւ էլի ուրիշ դաստակերտներ: Կամսարականների տանուտերն այդուհետ համարվեց “թագավորից հետո առաջին պատվավոր անձ”, որովհետեւ պահլավական ծագում ուներ: Հիշեցնենք, որ պարթեւ Արշակունի արքայատոհմի հիմնական ճյուղերն էին Սուրենի Պահլավ եւ Կարենի Պահլավ նախարարական տները, իսկ հայ Արշակունիները երկրորդն էին նրանցից հետո: Սրանց մեջ հակառակություն է ծագում Սասանյանների կողմից իշխանությունը գրավելուց հետո միայն, երբ Սուրենի Պահլավները պաշտպանեցին Արտաշիրին եւ նախարարների մեջ կրկին գրավեցին ամենաբարձր տեղը, իսկ Կարենի Պահլավները չընդունեցին, եւ այդ պատճառով գրեթե լրիվ կոտորվեցին:

Տրդատն անսպասելիորեն նրանց միջեւ հավասարության նշան է դնում: Այսինքն՝ արյունակցական հիմքի վրա փորձում է հավասարապես իրեն մոտեցնել եւ՛ քաղաքական հակառակորդներին, եւ՛ համախոհներին: Թերեւս դա կարելի է խելամիտ քայլ համարել, մանավանդ այն հանգամանքը նկատի ունենալով, որ, եթե Կարենի Պահլավները գրեթե լրիվ սպառված էին, ու նրանց դեռ պետք էր ոտքի կանգնեցնել, ապա Սուրենի Պահլավները շարունակում էին մնալ ամենաազդեցիկ նախարարական տոհմը. Պարսկաստանում նրանք երկրորդն էին Սասանյաններից հետո, իսկ Հայաստանում՝ առաջինը՝ բարձր դասվելով նույնիսկ Արշակունիներից: Ի վերջո, “Անակը, որ Սուրենյան Պահլավի ցեղից էր”, իզուր չէր զոհել իր կյանքը. նա սեւ գործը հանձն էր առել, պայմանով, որ Արտաշիրը իր ազգատոհմի մնացորդներին ապրեցնի: Եվ քանի որ Պարսից թագավորներին դժվար է մեղադրել վարձի հատուցում շնորհելու մոռացկոտության մեջ (ինչպես տեսանք, Շապուհ Ա.-ն Անակի մյուս որդուն՝ Գրիգորի եղբորը, չափահաս դառնալուց հետո կարգեց իր թագավորության երկրորդ), ապա միանգամայն հավանական ենք համարում, որ Խորենացու բնորոշած անիշխանության տարիներին իբրեւ կառավարիչ նշանակված “Արմենիայի մեծ թագավոր” Արտավազդ Ե.-ն էլ արքայասպան Անակի եղբայրն էր: Քիչ հավանական է Գութշմիդտի այն կարծիքը, թե սա եղել է վերջին պարթեւ Արշակունի
Արտավանի որդին, կամ թե ըստ այլ տեսակետների՝ հայ Արշակունի սեպուհներից մեկը: Նշանակում է՝ Հայաստանը լիարժեքորեն վերահսկելու համար հարկավոր էր Սուրենի Պահլավներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել: Նրանք հայեր չէին, որոնց կարելի էր ոչնչացնել, եւ, բացի այդ, Տրդատն ինքն էր զգում նրանց կարիքը: Եվ որոշեց Սուրենի Պահլավներին իր կողմը գրավելու համար իշխանությունից մասհանում կատարել: Նման որոշումները, բնականաբար, հեշտ չեն ծնվում, եւ գուցե նախնական բանակցություններ են ընթացել, ինչից մեզ որեւէ տեղեկություն չի հասել: Արդյոք դա՞ չէր պատճառը, որ Տրդատը շարունակում էր պահպանել Սուրենի Պահլավ Գրիգորի կյանքը: Նա Տրդատի համար այլեւս մասնավոր անձ չէր, այլ ներկայացուցիչ, եւ անհնար էր անտեսել այդ իրողությունը: Հավանական է՝ Սուրենի Պահլավների պահանջն էլ Հայոց թագավորից հենց Գրիգորին էր վերաբերում. նրանք Հայաստանում նեցուկ են դառնում Տրդատի համար, ապահովում նաեւ Տիզբոնի լոյալությունը վերջինիս նկատմամբ (չնայած, որ Հռոմն էր նրան հովանավորում), եթե միայն Գրիգորը բարձրացվում է հենց Տրդատի կողմից: Բայց արքայասպանի՝ իր հորն սպանողի որդուն Տրդատը չէր կարող բացահայտորեն իշխանություն ու պատիվներ շնորհել. երկիրն ու ժողովուրդը դա չէին հասկանա…

Առիթն ինքնըստինքյան ստեղծվեց: Նա պատրաստվում էր կրոնական մեծ հեղափոխության: Նախ, որ երկիրը վերափոխել առանց կրոնական ռեֆորմ կատարելու անհնար էր, ապա նաեւ հրատապ էր դարձել հայ քրմական դասի հետ չափազանց բարդացած հարաբերությունները հանգուցալուծելը:

Բանն այն է, որ քրմությունը չէր պաշտպանում նրա ընդգծված հռոմեամետ (նույնն է թե՝ հակապարսկական) քաղաքականությունը: Ժամանակի զարկերակը շոշափող այդ իմաստուն այրերը հստակորեն պատկերացնում էին, որ Սասանյաններ-Արշակունիներ պայքարն ավարտվել է, որ Սասանյանները հաղթել ու վերջնականապես հաստատվել են իրանական գահի վրա (Խոսրով-Տրդատ Բ.-ի սպանությունից հետո), իսկ Արշակունիները վերջնականապես պարտվել են եւ պարտավոր են ընդունել իրականությունը ինչպես որ է: Հակառակը, այսինքն՝ պայքարը շարունակելը, քրմերը համարում էին Տրդատի կողմից անձնական հավակնությունները բավարարելու փորձ, այլ ոչ թե երկրի պահանջներից բխող անհրաժեշտություն: Հնարավոր է ուրեմն, որ Տրդատը ժամն էր համարում արմատապես լուծելու քրմերի անպարագիծ ազդեցությունը սահմանափակելու հարցը:

Որքան էլ հիպոթետիկ թվա, ասենք սակայն, որ ամենայն հավանականությամբ հայ քրմական դասը հուսալի չէր եւ Սասանյանների համար, որովհետև երբեւիցե նա կարող էր Իրանական գահի որեւէ մրցակցի համար հենարան դառնալ: Նշանակում է՝ Սասանյանները հայերի հետ կրոնական նույնությունը կամ նմանությունը շատ ավելի վտանգավոր էին համարում, քան տարբերությունը:

Կարծում ենք, սա է պատճառը, որ Տրդատը, երբ կրոնափոխության վճիռ կայացրեց, Սուրենի Պահլավները (բնականաբար եւ Սասանյանների արքունիքը) ոչ միայն երկրում ներքին դիմադրություն չկազմակերպեցին (ինչը հեշտորեն կարող էին անել), այլեւ այդ գործի գլուխ պահանջեցին նշանակել Գրիգոր Պարթեւին: Ահա եւ իշխանությունը բաժանելու ամենամեծ հնարավորությունը: Զարմանալի ներդաշնակ մի զույգ է ձեւավորվում. Հայաստանն սկսում են կառավարել մարդիկ, որոնք ձեռնտու էին եւ՛ Հռոմեական կայսրությանը, եւ՛ Պարսկաստանին: Երկուսն էլ իրանական ծագում ունեին, սակայն հունահռոմեական դաստիարակություն էին ստացել: Եվ եթե հիմա Տրդատն այնպիսի բարեփոխումներ էր ձեռնարկում, որոնք, առաջին հայացքից, թվում է թե հակապարսկական բնույթ ունեին, ապա նկատենք, որ այդ բարեփոխումները կատարվում էին պարսկական իշխանության հովանավորյալի՝ Գրիգորի անմիջական հսկողությամբ:

Ապագան անամպ էր թվում, եւ երկու ուժ կար միայն, որոնց միավորվելու դեպքում մեծ վտանգ կարող էր առաջանալ հավասարապես եւ՛ Հռոմի եւ՛ Տիզբոնի համար: Այդ ուժերն էին հայ նախարարությունը եւ հայոց քրմությունը: Ահա թե ինչու Տրդատը շարունակում է Սասանյանների նման ճնշած պահել հայոց նախարարական տները, իսկ քրմերի հետ պարզապես հաշվեհարդար է տեսնում (Ագաթանգեղոսի խոսքերով, “քրմերի պղծագործ ցեղի” մնացորդներին սիրաշահելու հետագա օրինակները պարզապես նրանց հաստատապես անվտանգ դարձնելու միջոցներ էին. հայոց հավատքի շքեղ կառույցը կործանված էր):

Եթե փորձենք ամփոփել վերն ասվածն ու բացորոշ գնահատական տալ, ապա դա կարող է լինել միայն մեկը, ինչը պարտավոր ենք առանց երկմտելու ներկայացնել, այն է. Տրդատ Գ.-ն, հաստատվելով Հայոց գահի վրա, երկրում այնպիսի կառավարչաձեւ սահմանեց, որը կարելի է համեմատել միայն օկուպացիոն ռեժիմի հետ: Նա երկիրն սկսում է ղեկավարել սոսկ անձնապես իրեն նվիրվածների (Օտա Ամատունի, Արտավազդ Մանդակունի), օտարացեղ հանձնակատարների (Մամիկոնյաններ) եւ պարթեւ արյունակիցների (Սուրենի եւ Կարենի Պահլավներ) միջոցով: Սրանք բոլորը եկվորներ էին, ոչ հայկական ծագումով: Մեծ Հայքում, ըստ Խորենացու գահնամակի, IV դարում 62 նախարարական տուն կար, իսկ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է նույնիսկ 400 գահ ու պատիվ ունեցող նախարարների, որոնցից սակայն ոչ մեկի անունը չի հոլովվում Տրդատ Գ.-ի անվան կողքին: Տրդատը նրանց այդպես էլ ուշադրության չի արժանացնում: Միակ հնչող անունը Գրիգոր Պարթեւինն է: Նա հավասար է Տրդատին, ավելին, ժառանգաբար փոխանցվելու իրավունքով կաթողիկոսական աթոռ է հիմնում, որն ավելի հաստատուն է դառնում, քան թագավորական գահը: Այսպիսով, Սուրենի Պահլավները բավարարված էին, Սասանյանները՝ խոստումը կատարած, իսկ Գրիգորն ինքը (նաեւ իր ժառանգները) ներքուստ հաշվետու, որ ամեն ինչով պարտական է միայն իր տոհմանունին:

Հիմնավոր խոսք ասելու համար, մեկ անգամ էլ թերթենք Հայոց կաթողիկոսությունը ձեռքը վերցրած այս տան ներկայացուցիչների կենսագրությունները, որոնք շուրջ 130 տարի Հայաստանի իրական տերերը եղան, եւ կհամոզվենք, որ նրանցից ոչ մեկը, չնայած հունասեր հորջորջվելուն, երբեք հակապարսկական քայլ անգամ չի կատարել: Եթե Խոսրով Տրդատին սպանելուց հետո Պարսից թագավորները Հայաստանը բացահայտորեն էին կառավարում գործակալների միջոցով, ապա այժմ այդ գործակալության եղանակն էր միայն փոխվել եւ ուրիշ անուն ստացել: Նույնիսկ Արշակունիների գահի բարձումից հետո, Հայաստանի Պարթեւ կաթողիկոսները շարունակում էին առանձնակի հարգանքի արժանանալ Պարսից արքունիքում: Հատկանշական է Սահակ Պարթեւի օրինակը: Հայոց թագավորության դադարումից հետո նա գնում է Տիզբոն՝ կաթողիկոսական գործերը կարգավորելու:

Օրմանյանը գրում է. “Շատ լաւ եւ շատ յաջող ընդունելութիւն գտաւ Սահակ Վռամի կողմէն, նախ որ կը պատկաներ քաջատոհմիկ ազգին Պահլաւկաց” (ընդգծ. Օրմ.; 82, I, 301): Խորենացուց ավելին ենք իմանում, այն, որ Սահակը Պարսից թագավորի հետ խոսում էր իբրեւ Սուրենի Պահլավ եւ նրա խնդրած առանձնաշնորհներն էլ, ինչպես նախորդ անգամ Շապուհ արքայի հետ հանդիպման ժամանակ վերաբերում էին միայն իրեն եւ իր ազգականներին: Նա աղաչում է ներում շնորհել հանցապարտ Գազավոն Կամսարականին եւ կրկին նախարարների կարգի մեջ մտցնել, ապա եւ իրավունք տալ թոռանը՝ ստրատելատ Վարդան Մամիկոնյանին հունական մասից վերադառնալ Հայաստան (հոր մահից հետո նա դառնում է նաեւ սպարապետ):

Ի դեպ, արժե նշել եւ այն, որ նույնարյուն լինելու հիշողությունը երկուստեք պահպանվում էր նաեւ հետագայում: Այս միտքը մեզ Փարպեցին է տալիս, երբ նրանից տեղեկանում ենք, որ Վահանանց պատերազմի ժամանակ մարզպան Շապուհը Կամսարականներին առաջարկում է սպանել Վահան Մամիկոնյանին՝ համապատասխան պարգեւի դիմաց: Պատահակա՞ն էր արդյոք, որ հենց Կամսարականներին էր նման առաջարկ արվում: Այսքանն ասացինք, որպեսզի “ընթերցողները լավ ծանոթություն ունենան մեր Լուսավորչի ազգականների մասին”, իսկ հետո գեթ մի փոքր էլ գուցե պարզած համարենք նաեւ այն գաղտնիքը, թե Տրդատն ինչու հենց Գրիգորին տվեց երկիրը “դարձի” բերելու գործը:

Ինչ վերաբերում է կրոնափոխության ինքնաբուխ պահանջին, ապա նշել ենք, որ նման բան չկար ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես: Արեւմուտքում պետական կրոնի մակարդակին քրիստոնեության բարձրանալուն մեծապես նպաստեց զրադաշտականության առաջն առնելու անհրաժեշտությունը: Դարեր շարունակ Արեւմուտքն իր սեփական աշխարհը նրա համար չէր կերտում, որ հեշտորեն հետո թույլ տար այդ ամենը կուլ գնա հակառակորդին: Սովետահայ պատմաբանները նմանօրինակ վտանգ էին տեսնում նաեւ հայ ժողովրդի համար. “Սասանյանների կողմից հովանավորվող զրադաշտականությունը Հայաստանում դիտվում էր որպես հայերի ստրկացման եւ պարսիկների հետ նրանց միաձուլման գաղափարի կրող”: Նույն ծեծված սխեման է. հարկավոր էր ցույց տալ, որ մեր նախնիները ստիպված էին դիմակայություն կազմակերպել: Իսկ թե որտեղ կարելի է գտնել այս մտքի հիմնավորումը, դժվար է ասել:

Փոխարենն ակնհայտ երեւում է, որ Հայաստանում կրոնափոխություն կատարելու որոշումը կամայական էր, ու ժողովրդի համար միանգամայն անսպասելի: Երկրում ոչ մի նախադրյալ չկար եւ մնում էր միայն գործի դնել բռնի ուժը. ահա թե ինչու Տրդատն ու Գրիգորը “ամենից առաջ սկսեցին քանդել, այրել, ավերել” ինչ հնարավոր էր: Տրդատը 40 տարում պիտի նոր երկիր կառուցեր:

Քրիստոնեությամբ: Թե ինչու հենց քրիստոնեությամբ, շատ է գրվել, բայց հիմա փորձենք ամեն ինչ դիտարկել փոքր-ինչ այլ տեսանկյունից եւ համատեղել մի քանի կարծիքներ, որոնք սովորաբար առանձին-առանձին համապատասխան ուշադրության չեն արժանանում: Նորից նշենք քրիստոնեությանը Տրդատի նախապատվություն տալու հիմնական պատճառները: Դրանք են. ա) Սասանյաններից տարբերվելու (ոչ թե փրկվելու), բ) վարդապետությունների մեջ այլընտրանք չտեսնելու, գ) քրմական դասից վրեժխնդիր լինելու համար: Կան, իհարկե, նաեւ ուրիշ պատճառներ, որոնցից առավել հաճախ է հոլովվում այն մեկը, թե Տրդատն ուզում էր կենտրոնացված պետություն ստեղծել եւ թագավորական իշխանությունն ամրապնդել “Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր տերերին” քրիստոնեական կարգախոսով: Անշուշտ, դա իր նշանակությունն ունեցող հանգամանք է, բայց չարժե գլխավորը համարել, որովհետեւ գաղափարն ինքնին եզակի չէ եւ հարազատ է գրեթե բոլոր հին ու նոր կրոններին (օր. իսլամ՝ թարգմանվում է հնազանդություն):

Քրիստոնեությունը առաջարկվեց Տրդատին: Այսինքն, Տրդատը ոչ թե նախընտրեց քրիստոնեությունը, այլ պարզապես համաձայ-նեց առաջարկությանը: Հավանորեն նրա կարծիքը՝ հարցնող էլ չեղավ: Մենք ենք, որ նրան ենք վերագրում ընտրությունը: Բուզանդը մի չվերծանված տող ունի՝ “Տրդատ թագավորի ակամա հնազանդելը (քրիստոնեական) կրոնին”: Անշուշտ գիտենք, բայց աներկբայության համար ասենք, որ, ըստ Աճառյանի, ակամա՝ նշանակում է իր կամքին հակառակ, չուզենալով: Արեւմուտքին շտապ հարկավոր էր բուֆերային գոտի ստեղծել Արեւելքից եկող էքսպանսիան մեղմելու համար: Պարսկաստանից 40 տարով պոկած Մեծ Հայքը կարելի էր ամուր պատվար դարձնել, ընդգծված ջրբաժան Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, որպեսզի նրա հետեւում հնարավոր լիներ թափ հավաքել:

Տրդատը ոչ միայն տեղյակ էր այդ ծրագրից, այլեւ դրա իրականացման ջատագովներից մեկն էր՝ ունենալով իհարկե նաեւ սեփական նկրտումները. ի վերջո, նա պարթեւ Արշակունի էր, հետեւապես իրավունք ուներ երազել արքայական ծիրանին մինչեւ հեռավոր Պարթեւստան տարածելու մասին:
Ահա եւ ողջ գաղտնիքը, թե ինչու նրա կամքն ու ցանկությունը դարձավ առաջին հերթին Հայոց հզոր ու ռազմունակ պետություն ստեղծելը, ունեցած 100–120 հազարանոց բանակը մշտապես մարտական վիճակում պահելը: Նկատի ունենանք, որ այն ժամանակների համար միակ բացառիկ ռեսուրսը, որն ունեցող անհատը կամ երկիրը կարող էր մեծ հաջողությունների հասնել՝ բանակն էր: Ի դեպ, Հայաստանը թեեւ աշխարհակալ պետություն չէր, սակայն նրա այդ թվակազմով բանակն ի զորու էր շատ ավելի ահեղ ուժ ներկայացնել, քան Պարսկաստանի կամ Հռոմի առավել մեծաքանակ զորքերը, որովհետեւ իբրեւ միատարր կամ գրեթե միատարր ազգաբնակչություն ունեցող պետություն կարելիություն ուներ իր պատերազմական ուժը շատ ավելի արագ եւ ամբողջապես գործադրել (ընդամենը կարգադրություններով կարգավորելով իր ներքին հարցերը եւ մնացած հարեւանների գոնե ժամանակավոր չեզոքությունը ապահովելով), քան նրանք, ովքեր զորքով պիտի հոգային նաեւ իրենց նվաճած երկրների անխռովությունը: Այսինքն՝ երբեք Պարսկաստանը կամ թեկուզ Հռոմը իրենց ողջ ռազմական ուժը չէին կարող հանել Հայաստանի դեմ, իսկ Հայաստանը նրանց դեմ՝ կարող էր: Եվ հենց այս դեպքում էր Հայաստանը գրեթե հավասարազոր դառնում նրանց, իսկ եթե լավ մարզված ու հանդերձավորված բանակ էր ունենում, ապա դառնում էր նաեւ առավել: Ուրեմն՝ Տրդատին պետք էր կայուն եւ ամուր մի պետություն, որն ի վիճակի լիներ նման բանակ պահել ու կերակրել, իսկ դրա համար միջոցներ էին հարկավոր: Եվ առաջին հերթին՝ փող: Լիքն էր արքունի գանձարանը, թե կիսադատարկ՝ էական չէ: Այդ կարգի գործի համար երբեք դրամը չի բավականացնում: Հայաստանում հարստություն 3 տեղ կար՝ սեպհական դասի մոտ, մեհյաններում եւ ազգային փոքրամասնությունների համայնքներում: Հիմնականում՝ հրեական:

Ժամանակագրություն եւ ընդհանրապես թվերի առումով կոնկրետություն չսիրող Բուզանդը անսպասելիորեն մեզ օգնում է ճշտելու հրեաների մոտավոր թիվը Հայաստանում: Անհուշ բերդում բանտելով Հայոց Արշակ Բ. արքային՝ Շապուհը մեծաքանակ զորքով մտնում է Հայաստան, գերեվարում Փառանձեմ թագուհուն, ապա ասպատակում է ողջ երկիրը եւ տասնյակ հազարավոր ընտանիքներ քշում Պարսկաստանի խորքերը: Բուզանդը բերում է բռնադատված հայ եւ հրեա ընտանիքների թիվը: Մենք նշենք միայն հրեաներին: Եվ այսպես՝ Արտաշատից 9 հազար տուն հրեա, Երվանդաշատից՝ 30 հազար, Զարեհավանից՝ 8 հազար, Զարիշատից՝ 14 հազար, Վանից՝ 18 հազար, Նախճավանից՝ 16 հազար: Ընդհանուր՝ 95 հազար տուն հրեա: Եթե այս թիվը բազմապատկենք գոնե 5–ով (ընտանիքի համար նվազագույն թիվը), ապա կունենանք 475.000 արտահանված հրեա: Չենք կարծում, թե սա նրանց ամբողջական թիվն էր երկրում: Բուզանդն ասում է, որ այս հրեաներին իրենց Հյուրկանոս քահանայապետով Տիգրան Մեծն էր տեղահանել Պաղեստինից ու բնակեցրել իր տերության քաղաքներում: Կարծում ենք՝ դրանով Տիգրանն ընդամենը հավելում է կատարել, քանզի անհավանական է, որ Հայաստանում մինչ այդ հրեաներ չլինեին:

Նրանց ամենուր կարելի էր հանդիպել, որովհետեւ անընդգրկելի էր հրեական սփյուռքը: Բաբելոնից մինչեւ Հռոմ, բոլոր քաղաքներում ու նավահանգիստներում հրեաներն ապրում էին առանձին թաղամասերով՝ պահպանելով իրենց նիստ ու կացը եւ, հիմնականում, զբաղվելով արհեստներով:

Բացի այդ, հրեաների ձեռքում էր նաեւ Հին աշխարհի գրեթե ամբողջ առեւտուրը: Նրանց սփռվածությունը Փիլոն Ալեքսանդրացուն առիթ էր տալիս ասելու. “Պաղեստինը ոչ միայն Հրեաստանի մայրաքաղաքն է, այլեւ երկրների մեծ մասի մայրաքաղաքը”: Նման պատկերի ծանոթանալուց հետո դժվար է, իհարկե, խոսել որեւէ գերության շրջանում նրանց կրած նեղությունների մասին, սակայն սովորույթի ուժով այդպես էլ չենք դադարում կրկնել հրեա հեղինակների նկարագրած ընտրյալ ժողովրդի Բաբելոնյան, Եգիպտական կամ այլ գերությունների վերաբերյալ զրույցները: Ինչեւէ, գուցե մեկ ուրիշ առիթով ծավալվենք, բայց հիմա նկատենք միայն, որ, եթե գերություն ենք ասում, ապա պետք է նշենք նաեւ, որ հրեաները ոչ միայն գերության մեջ իրենց պահել գիտեին, այեւ երբեք գերեվարողին չէին ներում:

Պատմության տրամաբանությունից բխող այս տեսակետն անուղղակիորեն
հաստատող պատմական մի փաստի կարող ենք հանդիպել ժամանակակից ուսումնասիրող Ի. Գաֆնիի գրքում, ուր ասվում է, թե Սասանյանների իշխանակալությունը մեծապես վնասել էր նաեւ բաբելոնյան հրեաներին՝ վերջ դնելով նրանց բարեկեցիկ կյանքին եւ ունեցած հսկայական ազդեցությանը: Իսկ, ինչպես հիշում ենք, նույն բաբելոնյան հրեաներն էին, որ Աքեմենյան Պարսկաստանի տիրակալ Կյուրոս Մեծի առջեւ սիրահոժար բացեցին Բաբելոնի դարպասները:

Ասվում է, թե Պարսից թագավորը դրա համար հրեաներին մեծ արտոնություններ էր խոստացել:

Կարելի է չկասկածել, որ իրոք այդպես էլ եղել է, քանզի վստահաբար գործարքը շատ ավելի լայն ընդգրկում ուներ եւ դարպասներ բացելու փաստը դրա երեւացող (ավելի ճիշտ՝ անժխտելի) կողմն է սոսկ: Բաբելոնում անվանապես միայն գերության մեջ գտնվող հրեա բանկիրներն ու մեծահարուստ վաճառականներն անտարակույս իրենց ծանրակշիռ մասնակցությունն էին ունեցել կյուրոսյան արշավանքի նախապատրաստությանը: Զուր չէր Երուսաղեմի տաճարը կործանելու համար բաբելացիներից վրեժխնդիր լինելու կոչեր հղում Երեմիա մարգարեն: Նա ոչ թե հորդորում, այլ ուղղակի ցուցում էր տալիս. “Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Միննիի եւ Ասքանասի թագաւորութիւնները (ընդգծ. մերն է. — Հ.Դ.) … Նորա դեմ պատրաստեցէք ազգերը՝ Մարաց թագաւորներին, նորա կուսակալներին… Բաբիլոնի երկիրը ամայի անբնակ անելու համար” (13ա, Երեմ., ԾԱ, 27, 28, 29): Սա արդեն ոչ թե վարկած, այլ ապացույց է, որ հրեաներն իրենց թշնամիների դեմ ազգերին, այդ թվում եւ մեզ (վերոնշյալ թագավորությունները հայկական երկրներն են), պատրաստելու ցանկության պակաս երբեք չեն ունեցել: Հարյուրամյակներ անց տեսնում ենք, որ հրեաները կրկին անհանգստացած են Բաբելոնիայում, սակայն այս անգամ հենց պարսիկների պատճառով, որոնք իրենց պետական շահերից ելնելով, ինչ-ինչ սահմանափակումներ էին մտցրել այնտեղ:

Ու թեեւ ուղիղ փաստեր չկան, բայց կարծում ենք, որ վերջիններս հակադրվելու եւ հակազդելու միջոց են ընտրում օժանդակությունն այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք ընդդիմանում կամ պատերազմում էին Սասանյանների դեմ: Կոնկրետ՝ հայերին: Առաջարկում են օգնել փողով եւ գաղափարով: Փողն արդեն վաղուց էր քաղաքական զենք դարձել: Դեռեւս Արտաքսերքսես Ա.-ն (ն.թ.ա. 465-424 թթ.) էր սկսել իր դիվանագիտության մեջ լայնորեն կիրառել մեկ պետությունը մյուսի դեմ հանելու քաղաքականությունը՝ ինչի համար մեծ չափով կաշառք էր օգտագործում: Հույն-պարսկական պատերազմների ժամանակ պարսիկները հսկայական գումարներ էին ծախսում հունական պետական գործիչներին ու նշանավոր հռետորներին առնելու կամ վարկաբեկելու, ինչպես նաեւ առանձին պոլիսներ իրենց կողմը գրավելու համար: Պարսկական ոսկին հին դարերում արդյունավետորեն պառակտել էր Հունաստանը: Այժմ պառակտվելու հերթը Պարսկաստանինն էր: Եվ ուրեմն, հրեությունն այն իքս գործոնն էր, որը կարող էր որոշիչ լինել Հայաստանը կրոնափոխելու հարցում:
Ըստ հաշվարկների, Արածանիում մկրտվելու պահին 4 մլն հայ կար կամ Հայաստանն այդքան բնակչություն ուներ: Գումարած՝ շուրջ կես միլիոն հրեա: Նշանակում է՝ հրեաները նաեւ քանակապես էին նշանակալից եւ, ինչպես միշտ ու ամենուր, հարուստ: Հիշենք Եղիշեի Պատմությունից, թե Անգղի դեպքերից հետո մոգպետը իր օգնականների հետ քրիստոնյաների մասին խոսելիս ինչ էր ասում. “Ու թեեւ ոչ մի տեղից հայտնի օգնություն չէր երեւում, բայց նրանք շարունակ աճում ու անընդհատ բազմանում էին եւ մարմնավոր մեծությամբ ճոխանում: Հարստության պատճառների մասին մենք ոչինչ չգիտեինք”: Հարուստ էին հրեական համայնքները եւ՛ Պարսկաստանում, եւ՛ Հայաստանում: Իսկ քրիստոնեությունը տարածող օջախներն էլ, ինչպես գիտենք, հենց այդ համայնքներն էին: Հնարավոր է, որ դրանք իրենց դերակատարությունն ունեցան ճակատագրական որոշում կայացնելու գործում:

Տրդատն ընդունեց հրեության գրավիչ առաջարկը. փողը՝ բանակի, քրիստոնեությունը՝ թագավորական ամուր գահ ունենալու համար: Ծախսի դիմաց հրեաներն ստանում էին մի զորեղ ուժ, որի միջոցով Սասանյանների հիմքերը նույնիսկ կարելի էր սասանել: Բայց հրեաներն ամենեւին իրենց չէին նմանի, եթե մտածեին պարսիկների դեմ միայն ռազմական ուժ հանելու մասին, որովհետեւ ցանկացած բանակ իր կողմնորոշումների մեջ միշտ էլ փոփոխական է լինում. նրա ճշմարտությունը պահի մեջ է: Դրա համար էլ հրեաներն ամրակայեցին հայոց ուժի ուղղվածությունը: Նոր դավանությամբ:

Այդուհետ քրիստոնեությունն էր դառնալու հայկական պետական մեքենայի գաղափարական շարժիչը: Գործի սկիզբը չնայած հախուռն էր ստացվում, սակայն հաջող էր եւ խոստումնալից:

Փոխհամաձայնության եկան նաեւ ռեֆորմատորի անձի վերաբերյալ: Թեկնածուն նորից Գրիգորն էր, որովհետեւ նա թեեւ պարթեւական ծագում ուներ, սակայն դաստիարակություն էր ստացել Կապադովկիայում եւ մշտապես կապի մեջ էր Հայաստանի հրեական համայնքների հետ: Հենց այդ համայնքների ավագներն էլ երաշխավորեցին նրան: Դժվար է ասել, թե հրեաները ինչ չափով էին Գրիգորին վերահսկելի համարում:

Հնարավոր է, որ դրա կարիքը նույնիսկ չկար. նախ որ՝ նրա համար իրական պայման էր ստեղծվել “հոր պարտքը հատուցանելու” (այդ առեղծվածային պարտքը), եւ հետո՝ Հայաստանում քրիստոնեության հաստատումը արտաքուստ թեեւ Պարսկաստանի, սակայն խորքում Հռոմի դեմ էր: Այսինքն՝ այս կետում հրեաների եւ Գրիգորի մտադրությունները համընկնում էին:

Ստացվում էր, որ Հայաստանից թեեւ արգելապատնեշ էր կառուցվում Պարսկաստանի դեմ, բայց այն նաեւ փորձադաշտ էր հանդիսանալու հռոմեական իշխանությունը խարխլող գաղափարները փորձարկելու համար: Ռոբերտսոնը գրում է. “Հրեաները ոչ միայն պարզապես Պաղեստինի ժողովուրդ էին, այլեւ նրանք իրենցից ներկայացնում էին պրոպագանդիստական աղանդ, որը թափանցում էր հունահռոմեական աշխարհի բոլոր անկյունները” (119, 106): Եվ թափանցում էին, որպեսզի “պրոպագանդելով” հեշտացնեն Պաղեստինի վրա իշխող Հռոմի կործանումը: Մեծ Հայքը, Մծբինից հետո, այդ աշխարհի ծիրի մեջ էր:

Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ հուդայականությունը չառաջարկվեց: Վերջապես, երկրի կառավարման այն մոդելը, որ ձգտում էր քրիստոնեական եկեղեցին հաստատել Հայաստանում, բխում էր Մովսիսական օրենքներից, այն է՝ կրոնապետություն գերագույն գլխավոր քրմապետի գլխավորությամբ: Թերեւս չառաջարկվեց, որովհետեւ դա այնքան պարզունակ ու թափանցիկ կլիներ, որ հրեաներն իրենց նույնպես հարվածի տակ կդնեին, իսկ քրիստոնեությամբ՝ պարսիկների դեմ որպես սուր եւ վահան կդառնային միայն հայերը: Հետաքրքրական է Ռոբերտսոնի տեսակետը. “Փարիսեցիները, որոնք ժառանգել էին մարգարեների տրադիցիաները, հրեական կրոնը դիտում էին որպես կյանքի եղանակ, որ հարկավոր էր տարածել ժողովուրդների մեջ. մինչեւ որ կընկալի ամբողջ աշխարհը, եւ պրոպագանդայի նպատակով նրանք երբեմն չէին վարանում յուրացնելու այնպիսի ոչ հրեական գաղափարներ, որոնք մեծ հակասության մեջ չէին հրեական կրոնի հետ”: Ուշագրավ է Լեոյի բացատրությունը. “Յահվեի պաշտամունքի հիմքն այն էր, որ աշխարհում մի հատ միայն ընտրյալ ազգ կա, բարձր բոլոր մյուս ազգերից եւ դա հրեությունն է, որի Յահվեն, երկնքի եւ երկրի արարիչը, միայն այդ ազգի հովանավորն ու պաշտպանն է եւ նրա շահերին պատրաստ է զոհել աշխարհի բոլոր ազգությունները: Հրեան իրավամբ պարծենում էր իր ստեղծած կրոնով, որ պարունակում էր ոչ միայն բարձր ու վսեմ վարդապետություն, այլեւ օրենք՝ մարդկային կյանքն այս աշխարհում կառավարելու եւ կանոնավորելու համար: Եվ այս հպարտ ինքնագիտակցությամբ հրեան արհամարհում էր ամեն ինչ, որ դուրս էր հրեական շրջապատից”: Բայց տարօրինակն այն է, որ հրեաների բացառիկությունը երբեք չի մոռանում նաեւ քրիստոնեական եկեղեցին: “Հին ուխտի մեջ Աստված միայն իր ժողովրդի (հրեաների- Հ.Դ.) Հայրն է,- պարզաբանում է Շահե արք. Աճեմյանը:- Նոր ուխտի մեջ նա Հայրն է բոլոր նրանց, ովքեր դավանում են Քրիստոսին՝ “Որդի կենդանի Աստծո””: Այսինքն՝ Աստծո զավակները միայն հրեաներն են շարունակում մնալ, իսկ մնացած ժողովուրդները Աստծո որդուն ճանաչողներն են: Նշանակում է՝ մենք Աստծո միջնորդավորվա՞ծ զավակներն ենք…

Ի դեպ, կան տեսաբաններ, որոնց կարծիքով Հայրը դիտմամբ է ուղարկել Որդուն, որպեսզի Նրա միջոցով կործանի մյուս ժողովուրդներին, իսկ Նրան ճանաչել չցանկացող հրեաներին՝ փրկի: Արտառոց տեսակետ է թվում, բայց ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը դա միանգամայն տրամաբանական է համարում: Համանման եզրահանգում է անում եւ անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբին. “Անդրաշխարհային արքայությունը երկրային հաղթություն տենչացող զելոտի (հրեա ըմբոստի.- Հ.Դ.) համար զուրկ էր ամեն իմաստից: Ի՞նչ մտադրությամբ էր Եհովան խոստանում ընտրյալ ժողովրդի համար թագավոր ուղարկել, որը պետք է կառավարեր Աստծո ընտրյալներին: Եվ ի՞նչ նշանով կարելի էր ճանաչել Փրկչին: Մեսիայի նշան էր համարվում միայն Դարեհի, Անտիոքի կամ Կեսարի ձեռքից համաշխարհային տիրապետության գայիսոնը առնելն ու հրեաներին կառավարող ազգի մակարդակի բարձրացնելը”:

Հնարավո՞ր էր, արդյոք, արագացնել հատկապես այդ Փրկչի գալուստը: Եվ եթե նրա Նշանը տեսնելու համար անհնար էր ճանապարհ ընկնել Երուսաղեմից, ապա գուցե դա կարելի էր Հայաստանի՞ց: Պատմական պահ էր հասունացել: Համաշխարհային քաղաքական շահերի բախումնակետ դարձած Հայաստանում աննախադեպ իրադարձություն պիտի կատարվեր, աշխարհը հեղաշրջող երեւույթ պիտի տեղի ունենար: Դրան համաձայն էին եւ սպասում էին բոլորը: Հրեաները՝ ինքնին հասկանալի է, Հռոմը՝ քանզի Արեւելքում իրեն դեռեւս անհաստատ էր զգում, այդ պատճառով էլ խիստ չէր հակառակվում տեղական ազդեցիկ ուժերին (մանավանդ կրոնական), Պարսկաստանը՝ որովհետեւ նախ չէր կարող արգելել այդ գործընթացները, ապա նաեւ խանգարել չէր կամենում, քանի որ քրիստոնեական եկեղեցին պետք է գործեր… ընդդեմ Արշակունիների:

Այսպիսով՝ Մեծ Հայք, III դ. վերջին տասնամյակ: Եղերագործ Անակի փրկված որդիներից մեկը մեծացել ու դաստիարակվել էր Կեսարիայում, Կապադովկիայի հունահրեական քրիստոնեական մթնոլորտում ու կնքվել Գրիգոր անունով: Նրա իսկական անունը մենք չգիտենք (արդյո՞ք Սուրեն էր): Նա Տրդատի հետ համաժամանակ գալիս է Հայաստան: Եվ գալիս է մենակ: Առերես գոնե մենակ: Տրդատը նրան իր կողքին է կանգնեցնում (բայց ովքե՞ր էին նրա թիկունքին՝ սկզբնականում չեն երեւում): Իսկ Գրիգորը երախտապարտ լինելու փոխարեն, ուզած պահին սպառնում է Տրդատին ահա այսպես. “Հայոց եւ պարսից մեջ չկա մեծագույն քան Արշակունիների ազգը եւ տոհմը, բայց եթե չզգաստանան բարի կրոնի մեջ, ավելի պատուհաս կկրեն Աստծուց”: Կարեւոր չէ, որ դիմացինը Տրդատն է: Գրիգորը նույնիսկ համարձակվում է հիշեցնել արքայի նախնիների թարմ օրինակը, այն է թե՝ քրիստոնեության (ավելի հստակ՝ եկեղեցու, իսկ ավելի կոնկրետ՝ իր) նկատմամբ եթե նա ավելի բարեհաճ ու ուշադիր չլինի, ապա արդար իրավունքով կպատժվի: “Պատժեսցին յարդար իրաւանցն” ընթերցվում է իբրեւ Աստծո արդար պատիժը կկրի: Ուրեմն Գրիգորն սպառնում էր Տրդատին՝ կպատժվես ինձանից: Ու՞մ վրա էր հենվում Գրիգորը Աստծո զորությունից զատ…

Հզոր ու ահեղ Տրդատը դարձավ մեղմաբնույթ եւ մոռացության տվեց, որ Գրիգորը ծայրահեղ ոճրագործություն՝ արքայասպանություն կատարողի որդի է, գուցեեւ ինքն էլ նման միտք ունեցող: Տրդատը ոչ միայն հաշտվեց ու համակերպվեց իրեն հատկացված դերին, այլեւ մտավ դերի մեջ: Ինքն էր դիմել քրիստոնեությանը եւ այլեւս վերադարձ չէր տեսնում: Նրան հարկավոր էր պետություն նորոգել, ինչի համար էլ նոր հավատքի տարածման եռանդուն գործունեություն էր սկսում, բայց՝ պարզվեց հօգուտ իր գործի կործանման, որովհետեւ Գրիգորի եւ գրիգորյանների նպատակը հակառակն էր:

Համլետ Դավթյան

Խմբ. կողմից – հեղինակի “Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը” գիրքը (որից էլ նյութում հատվածներ են ներառված) կարող եք ձեռք բերել Երեւանի գրախանութներում:

“Լուսանցք” Թիվ 99, ապրիլի 10- 16, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 100, ապրիլի 17- 23, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 101, ապրիլի 24- 30, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 102 մայիսի 1-7 2009թ.
“Լուսանցք” Թիվ 104 մայիսի 15-21 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: