Քրիստոս Չհարյավ Ի Մեռելոց կամ Հիսուսը` տեսի՞լք, այլ` ո՞չ թե ֆիզիկական երեւույթ

by


Հիմա, երբ քրիստոնյա աշխարհը, ներառյալ քրիստոնեությունը առաջինը “ընդունած” հայերը, կամաց-կամաց վերադառնում են “Քրիստոսի հարության” պատճառած բերկրանքից եւ հարբած վիճակից եւ ավելի սթափ են, հարց ենք ուղղում՝ ո՞րն էր այդ նմանը չունեցող ոգեւորության պատճառը: Հիսուս Քրիստոս Աստծո որդին եւ, իհարկե, Աստվածը խաչը կրելով գնացել էր մինչեւ Գողգոթա, խաչվել բոլոր իր ստեղծած մարդկանց մեղքերի համար, որպեսզի այդ մարդկանց փրկի հավիտենական տանջանքից դժոխքում, մեռնելուց 3 օր հետո հրաշքով գերեզմանը թափուր էր գտնվել եւ Հիսուսը հարություն էր առել, աշակերտներին տեսնվել…

Այդ որ մի ծնողը, ինչքան էլ անպատասխանատու, անբարոյական, եսակենտրոն եւ ինքնասիրահարված լինի, կարող է մերժել այդպիսի հնարավորություն` “զոհողությամբ” փրկելու իր մահվան դատապարտված երեխային (խոսքը այն մասին է որ “Աստծո որդի” Հիսուսը իմանում էր որ մեռնելուց 3 օր հետո հարություն է առնելու): Երեւի միայն հոգեկան խանգարում ունեցողը կամ բացարձակ տականքը: Եթե ցանկացած ծնող նույն “զոհողություն”-ը անելու էր, ապա այդ ի՜նչ է, որ Աստված առել է եւ մի հատ էլ գլուխ է գովում: Բոլոր փառաբանությունները այդ գերագույն եւ անզուգական սիրո մասին, թե ինչպես Աստված իր միածին որդուն զոհեց, որ մարդկությունը փրկի, մեղմ ասած, չափազանցված է եւ չի համապատասխանում այդ արարքի իրական արժեքին:

Սակայն, “Քրիստոսի հարության” պատմության թերությունը վերոնշյալը չէ, թերությունը հենց “Քրիստոսի հարության” պատմությունն է:

Մ.թ.ա. 49թ. Հյուսիսային Իտալիայում մի փոքր գետի հատումը դարձավ հնագույն պատմության առանցքային իրադարձություներից մեկը: Այդտեղից վեր խոյացավ Հռոմեական կայսրությունը: Տոգորված սանձարձակ փառասիրությամբ եւ զինվորական հմտությամբ` նա կարողացավ գրավել ժողովրդի սիրտն ու հոգին եւ սպառնալ Հռոմի իշխող Սենատին, մերժեց զինաթափվել “պետության թշնամի” կոչվելու գնով, խախտեց հին հռոմեական օրենքը, ըստ որի արգելվում էր որեւէ հրամանատարի անցնել գետը բանակով, ինչը նշանակում էր դավաճանություն: Նա անցավ գետը եւ կերտեց պատմություն: Այդ հրամանատարի անունը Հուլիոս Կեսար էր, իսկ գետը՝ Ռուբիկոնը:

Որտեղից ենք իմանում, որ պատմության այս պատառիկը համահունչ է իրականությանը:
ա/ Ունենք Կայսեր խոսքը այս նյութի կապակցությամբ: Իրականում “Քաղաքացիական պատերազմ” գրքի համահեղինակն է հենց կայսրը, որ 2000 տարուց ի վեր մնում է դասական եւ ցայսօր շրջանառվում է:
բ/ Ունենք այդ իրադարձության ժամանակակից, բայց կայսեր թշնամիների վկայությունները, որոնք հաստատում են, որ, իրոք, կայսրը անցավ Ռուբիկոնը:
գ/ Կան մակագրություններ, արձանագրություններ եւ մետաղադրամներ՝ արտադրված Հանրապետական քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո, որոնք առնչվում են “Ռուբիկոնի անցում”-ին:
դ/ Համարյա այդ ժամանակի բոլոր պատմաբանները հիշում են “Ռուբիկոնի անցում”-ը՝ ներառյալ ականավոր գիտնականների գերակշիռ մասը:
ե/ Հռոմի պատմությունը չէր կարող ունենալ այն ընթացքը, որ ունեցավ, եթե կայսրը չշարժեր բանակը դեպի Իտալիա: Եթե նույնիսկ ենթադրենք, որ կայսրը հմտությամբ կարողացել էր հավատացնել, թե անցել է Ռուբիկոնը, չէր կարողանալու գրավել Հռոմը, զինվորական ծառայության կոչել իտալացի տղամարդկանց՝ Հունաստանում Պոմպեի ուժերի դեմ կռվելու համար:

“Ռուբիկոնի անցում”-ից 75-85 տարի հետո ասում են, որ մի սուրբ, ընդունված որպես բարոյականության մարմնացում, Աստծո որդի, մահվան դատապարտվեց, խաչի վրա մեռավ, թաղվեց, սակայն հաղթեց մահին եւ 3 օր հետո հարություն առավ: Նրան կոչում էին Հիսուս Քրիստոս: Ասում են, որ նա այդ քայլին դիմեց` փրկելու մարդուն հավիտենական տանջանքից:

Որտեղից ենք իմանում, որ պատմության այս պատառիկը համահունչ է իրականությանը՝ նկատի առնելով, որ վերոհիշյալ ապացույցները, որ մեզ հիմք են տալիս հավատալու, թե Կեսարը իրոք հատեց Ռուբիկոնը, իսպառ բացակայում են Քրիստոսի հարության դեպքի առումով: Ոչ մի գրություն չունենք Հիսուսի կողմից, ոչ մի արձանագրություն չկա նրա հակառակորդների կամ առնվազն չեզոք մարդկանց կողմից՝ մինչեւ այդ դեպքից 100 տարի անց: Չկա ոչ մի հարության ոչ մի ապացույց, ոչ մի կայացած պատմաբան չի հիշում այդ դեպքը մինչեւ 3-4-րդ դարը, եւ այն ժամանակ էլ հիշատակողները քրիստոնյա պատմաբաններ են լինում: Այդ մի քանիսը, ովքեր հիշատակել են դեպքից հետո 30-100 տարվա ընթացքում (այսպես կոչված Նոր կտակարանի հեղինակները…), ոչ մի աղբյուր չեն մեջբերել, ոչ մի քննադատական ուսումնասիրության չեն ենթարկել իրար հակասող տեսակետները, չունեն ոչ մի այլ գրականություն կամ աշխատանք, որով կարելի լիներ հաստատել իրենց ճշմարտացիությունը, եւ ակնհայտ է նրանց կողմնակալ լինելը համոզելու եւ մարդկանց կրոնափոխելու հարցում:

Իրականում եթե համեմատենք Քրիստոսի հարության կապակցությամբ 5 կետերը, ապա 5-ից 4-ը գոյություն չունեն, իսկ այն մեկ հատն էլ, որ մի կերպ առնչվում է հարության հետ, ոչ թե լավագույն, այլ ամենավատագույն ապացույցն է, որ գրել են մի քանի նախապաշարված, ոչ գիտական, անծանոթ եւ իրադարձության մասին լսած, այլ ոչ թե ականատես մարդիկ եւ գրել են դեպքից առնվազն 25 տարի հետո: Երեւի աշխարհում գոյություն չունի մի դեպք, որ ավելի վատ իրավիճակում գտնվեր փաստարկման տեսանկյունից, քան հարության իրադարձությունն է:

Հիսուսի հարությունը, պատմական իրողություն լինելու համար, բավարար հաստատուն հիմքեր չունի: Մի բան, որ պարտավոր էր լինելու՝ նկատի առնելով, որ մարդկության հավիտենական երջանկությունը կամ դժբախտությունը, ըստ վարկածը տարածողների, կախյալ է հենց այդ իրողությունից…

Ընթերցողը կհետաքրքրվի` ինչպես մարմնական հարության գաղափարը տարածվեց, գերիշխեց:

Առաջին քրիստոնյաները հավատում էին Քրիստոսի հոգեւոր հարությանը, որը ժամանակի ընթացքում զարգանալով վերածվեց մարմնական հարության: Խաչելության իրադարձությունից մոտավորապես կես դար հետո է, որ տեսնում ենք այդ արտառոց զարդարանքների ու չափազանցությունների մուտքը քրիստոնյաների մտածողության մեջ եւ որի, իբր հետեւանք, ծնունդ առավ մարմնական հարության գաղափարը: Ավելի հստակեցնելու համար դիմենք Բիբլիային: Առաջին անգամ Քրիստոսի հարության մասին իմանում ենք Պողոս առաքյալից (հարկ է նշել, որ այսպես կոչված Նոր կտակարանում գտնվող գրքերը ժամանակագրական հերթականությամբ տեղադրված չեն, այսինքն` 4 ավետարանները շատ ավելի ուշ են հայտնվել, քան Պողոսի գրքերը)՝ կարդալով “Ա. Թուղթ առ Կորնթացիս”-ի 15:3-8: Պողոսը իր թղթերը գրել էր 50-ականների կեսերին, այսինքն՝ ենթադրյալ հարությունից 20-25 տարի հետո:

Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի 4եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի 5եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին. 6ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան։ 7Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին։ 8Ամենից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս:

Այստեղ չկա ոչ մի երկրաշարժ, ոչ մի խավարում կամ աստղագիտական իրադարձություն, ոչ մի հրեշտակ, կին, որ պատմություններ պատմի. կա միայն տեղեկություն առաջին քրիստոնյաների հավատամքի մասին: Վերոնշյալ մեջբերման մեջ կան 3 կարեւոր բառեր` թաղվեց, հարություն, երեւաց:

Թաղվեց-ը հունարեն էտաֆե բառի թարգմանությունն է, որ միայն նշանակում է թաղում եւ ոչ գերեզման (մնեմա) կամ դամբարան/շիրիմ (մնեմեյոն): Պողոսը չի խոսում գերեզմանի մասին, խոսում է մի մարդու մասին, ով մահացավ: Պողոսը չէր հավատում դատարկ գերեզմանի վարկածին, եւ առաջին քրիստոնյաները չեն հիշատակել այդ արտառոց զարդարանքները ու ֆիզիկական չափազանցությունները:

Գալով Հարության-ը` պետք է նշեմ, որ գործածված բառը վեր կացնել (էգեյրո) բառն է եւ ոչ հարություն (անաստասիս), որ բոլոր լեզուների թարգմանություններում պահպանվել է` բացի հայերենից եւ չինարենից: Պողոսը գործածել է վեր կացնել (էգեյրո) բառը եւ “նոր կտակարան”-ի բոլոր տեղերում այդ բառը նշանակել է հոգեւոր արթնացում կամ` միայն արթնացում:

Մատթէոսի 8:25 “Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին (էգեյրո) նրան ու ասացին. “Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք”:
Հռոմէացիներ 13:1111 որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք (էգեյրո). քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք։

Ամենահետաքրքիրը “Թուղթ առ Եփեսացիներ”-ի 5-րդ գլխում է, ուր Պողոսը մի շարք խորհուրդներ է տալիս քրիստոնյաներին` ինչ է թուլատրվում անել, ինչը` ոչ, ինչպես ապրել եւ այլն, ընթացքում ասում է հետեւյալը — Եփեսացիներ 5:14-“Վեր կաց(էգեյրո) դու, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ”:
Ինչպես նկատեցինք, նորից գործածվում է էգեյրո-ն եւ ոչ թե անաստասիս-ը: Պարզ է, ոնց կարելի է ապրող եւ շնչող մարդուն հրաման տալ, որ հարություն առնի: Պողոսը նույնիսկ չի էլ մտածում, որ այդ բառը կարող է առնչվել մարմնական հարության հետ:

Գալով երեւաց-ին, այդ հունարեն (օֆտհե) բառի թարգմանությունն է, որ նշանակում է տեսիլք: Պողոսը նույն բառն է ասում` նկարագրելու Հիսուսի երեւալը թե իրեն, թե աշակերտներին: Հիսուսը Պողոսին ֆիզիկապես չի երեւացել, ինչից ենթադրում ենք, որ մյուսներին երեւալը այլ կերպ էր: Ավելին, Պողոսը մի քիչ անդին “Ա. Թուղթ առ Կորնթացիս”-ում ասում է` 50Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող”: Հստակ է` Հիսուս հարյավ հոգեւոր առումով, այլ ոչ` ֆիզիկական կամ մարմնական:

Առաջին գրությունը հարության վերաբերյալ` չկա դատարկ գերեզման, չկա ֆիզիկական հայտնություն: Ընթերցողը կարող է հարցնել — եթե Հիսուսի մարմնական հարությունը իրականությանը չի համապատասխանում, այլ միայն հոգեւոր առումով պետք է ընդունել, ապա ինչպես բացատրել Հիսուսի աշակերտների վստահությունը, ովքեր համբերությամբ տարան բոլոր տեսակի զրկանքներ, մահը իրենց հավատի համար: Եթե Հիսուսի մարմնական հարությունը իրականությանը չի համապատասխանում, եւ գերեզմանը դատարկ չէր, ապա ինչու այդ օրվա քրիստոնյաների հակառակորդները ցույց չտվեցին նրա մարմինը` ասեկոսեները մեկընդմիշտ դադարեցնելու համար:

Ասենք: Ավետարանները գրված են 70-100թ.: Ենթադրենք, որ գրողները Հիսուսի իսկական աշակերտներից էին եւ նրանց ամենափոքրի տարիքը 25 էր, երբ հանդիպեցին Հիսուսին:
Հետեւաբար, նրանք պետք է լինեին 60-90 տարիքի սահմաններում, երբ “նստեցին” գրելու:
Դժվար է պատկերացնել, որ մի դարում, երբ կյանքի տեւողությունը 50-ից ցածր է, այդ աշակերտները կարողացել էին հետապնդվել, չարչարանքի ենթարկվել եւ ապրել այնքան երկար ու դեռ հասցնել գիրք էլ գրել: Ավելի տրամաբանական է հավատալ, որ այդ գրքերը գրվել էին հավատացյալների հաջորդ սերնդի կողմից եւ, հետեւաբար, ականատեսների վկայություններ չեն: Մատթէոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես անունները հետո են ավելացվել անանուն գրքերին եւ ներկայացվել որպես հեղինակներ` այն տպավորությունը թողնելու, որ դրանք ականատեսների վկայություներ են: Ավելին, ոչ մի “ավետարան” կամ “թուղթ” չի նշում որեւէ մեկի, ով զոհվել է` հավատալով Հիսուսի ֆիզիկական հարությանը: Այն միակ երկու մարտիրոսները, ովքեր նշված են “գործք առաքելոց”-ում, Ստեփանոսն ու Հակոբոսն էին: Ստեփանոսը Հարության վկա չէր, այլ հետագայում կրոնափոխված, որ սպանվեց ոչ թե հավատի, այլ` կեղծ մեղադրանքի պատճառով: Նրա վերջին խոսքերից էր այն, որ Հիսուսը Փրկիչն է, որ գտնվում է երկնքում, նա իբրեւ թե տեսավ Հիսուսին, որ վստահաբար տեսիլք էր, այլ ոչ ֆիզիկական երեւույթ, քանի որ իրենից բացի, նրանք, ովքեր իր մոտն էին, չտեսան, եւ ոչ մի պատճառ չկա հավատալու, որ մյուս տեսնողները մարմնավոր Հիսուսին էին տեսնում:

Հակոբոս առաքյալի մահվան պատճառը թեեւ չի նշվում, բայց կա մի անկախ տեղեկություն Ժոզեֆոսի “Հրեաների պատմություն” գրքում, ուր նշվում է, որ նա մահացավ` խախտելով հրեական օրենքը: Հաջորդ մարտիրոսության մասին իմանում ենք 2-րդ դարավերջում, երբ անանուն քրիստոնյաները վառվեցին Ներոնի կողմից, այլ ոչ թե Հիսուսի ֆիզիկապես հարությանը հավատալու համար: Նույնիսկ հստակ չէր, թե ինչին էին հավատում: Հակոբոսից զատ հիմնական ականատեսների ճակատագրի մասին, բացի լեգենդներից, մի քանի դար հետո էլ հստակ տեղեկություն չկա:

Գալով թափուր գերեզմանին` հարկ է նշել, որ առաջին քրիստոնյաները ակնածանքով չէին նայում այդ մտքին, որ ապացուցում է, որ այն գոյություն չուներ: Ավելին, թաղումից առնվազն 7 շաբաթ հետո էր, որ հարության մասին քարոզվեց պենտեկոստի ժամանակ, եւ այդ լուրի բացահայտումը պահանջում էր առնվազն մի քանի ամիս. այդ ընթացքում ի՞նչ էր լինելու դիակի հետ, եթե հաշվի առնենք տեղի կլիման: Լազարոսի դիակը նեխել էր 4 օր հետո: Եթե ենթադրենք, որ փորեցին, գտան եւ ցուցադրեցին աշակերտներին, ապա ո՞վ է երաշխավորում, որ նրանք հավատալու էին, որ այդ փտած կմախքը նրանց Տերն ու Փրկիչն է: Լավ, եթե այդպես է, ապա ինչպե՞ս բացատրել քրիստոնեական կրոնի ծնունդը եւ վիթխարի ու արագընթաց տարածումը աշխարհով մեկ:

Նրանք, ովքեր ասում են, թե չկա կրակ առանց ծխի, ուրեմն քրիստոնեությունը չէր կարող տարածվել, եթե չլինեին հաստատուն հիմքեր: Այդ պարագայում պետք է ընդունել, որ կան շատ կրոններ, որոնք տարածված են եւ ունեն բազմամիլիոն հետեւորդներ ու հավատում են, որ ունեն ճշմարտությունը:

Հիսուսի աշակերտները իրենց ունեցվածքից հրաժարվել էին` հետեւելու Հիսուսին` հավատալով, որ իրենց Փրկիչը երկրի վրա թագավորություն է հաստատելու, որը… չիրականացավ: Հիսուսը մեռավ, ինչի պատճառով ստեղծվեց իմացական աններդաշնակություն: Հետդարձի ճանապարհ չունեին եւ` սկսեցին “տեսնել” Հիսուսին` իրենք իրենց համոզելով, որ իրենց հավատքն առ Հիսուս ի վերջո զուր չէր… Ասվածը պարզ վերլուծություն չէ, կատարվում է բոլոր կրոնների հետ: “Եհովայի վկաներ” աղանդը կանխագուշակեց, որ Հիսուսի երկրորդ գալուստը տեղի է ունենալու 1914թ., բայց երբ չեղավ, ասացին, թե մի փոքր թվաբանական սխալ են թույլ տվել, եւ գալուստը լինելու է 1925թ.: Հետո` 1975թ…. Այն դեպքում, երբ մարդիկ ամբողջ ունեցվածքը վաճառել էին եւ սպասում էին փրկչին… 1980-ականների սկզբում 800հզ. վկաներ լքեցին իրենց կազմակերպությունը այն ժամանակվա ղեկավարի զարմիկի հետ: Ի՞նչ փոխվեց: Ոչինչ: Գոնե մեր հայրենաբնակ ազգակիցները լավ գիտեն, հանդիպած կլինեն “բարի լուրը” ավետողներին, ովքեր ոչ թե հետդարձ չեն ապրում, այլ դարձել են ամենամեծ աղանդներից մեկը մեր երկրում…

Ամեն ոք չէ, որ կարող է դիմակայել իր հավատի չիրականացմանը եւ դրա առաջացրած հիասթափությանը, երբ վտանգել է ամեն ինչ կրոնական հավատի համար ու այրել հետդարձի կամուրջները: Այսպես է ուրիշ կրոնների համար: Այսպես էր քրիստոնեության համար:

Ահավասիկ Քրիստոսի “հրաշափառ” հարության պատմությունը: Մի պատմություն, որ կարելի էր համարել հրաշալի գեղարվեստական ստեղծագործություն, եթե այն չլիներ ողբերգական մեզ համար: Երկու անգամ ցեղասպանության ենթարկվեցինք` 301թ., երբ խաչը մեզ մոտ հասավ եւ օգտագործվեց որպես սուր եւ մյուսը` 1915թ.` իբր հետեւանք 301թ. ցեղասպանության: Հայը դարձել էր անճանաչելի: Աստվածամարդ հայը, որ Հայկական բարձրավանդակի տերն ու տիրականն էր` շնորհիվ իր արի ռազմիկների, ովքեր հարգվում էին նույնիսկ թշնամու կողմից, դարձել էր հլու հնազանդ գառ…

Բայց ամեն ինչ կորած չէ: Հայի գենը արթնանում է:

Քրիստոս չհարյավ ի մեռելոց, բայց արորդիները վերադառնում են:
Հաստատ:

Ռաֆֆի Պապիկյան
Հայաստան-Սփյւոռք կապերի նախաձեռնության ղեկավար

“Լուսանցք” թիվ144, ապրիլի 9-15 2010թ.

Advertisements

One Response to “Քրիստոս Չհարյավ Ի Մեռելոց կամ Հիսուսը` տեսի՞լք, այլ` ո՞չ թե ֆիզիկական երեւույթ”

  1. shoshanna Says:

    “Բայց ամեն ինչ կորած չէ: Հայի գենը արթնանում է:”
    Հիանալի է ասված: ԵՎ կասեի ճշմարտություն է:
    Կգերադասեի որ մենք հայերս չզբաղվեինք Քրիստոսի մեռնելուն, հարություն առնելուն:Որ գիրքը ով է գրել, երբ է գրել:Պատմության դասերը լավ սովորենք ու սովորեցնենք մեր զավակներին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: