Քրիստոնեական դավադրություն, որը Հայոց աշխարհի արմատական անկման սկիզբը դրեց

by

Խոսքը 301թ.-ին` երկրում քրիստոնեական կրոնը օտար նվաճողների կողմից “պետական” կրոն հռչակելուց 2-3 տարի առաջ, օրերից մի օր, Վաղարշապատ մայրաքաղաքի մերձակայքում քրիստոնյաների՝ Հայոց Տրդատ թագավորի դեմ կատարած դավադրության մասին է, որից սկսվեց Հայոց կյանքի ամենաեղերական ընթացքը1 (նախորդները դրա հետ համեմատ ի՜նչ էին որ):

Պարզորոշության համար այդ եղերական օրվանից հետ գնանք: 297թ.-ին Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրով Հայաստանը փաստացի անցավ Հռոմի տիրապետության տակ, ըստ որի Հռոմը իրավունք ստացավ հայոց թագավոր նշանակել (եւ թագադրություն անել), Հայաստանում ունենալ զորակայաններ, իր օրենքները Հայաստանի համար համարել գերակա: Ահա եւ ի կատարումն այդ պայմանագրի՝ Տրդատ Գ-ն` Գրգորիսի հոր՝ Անակի կողմից սպանված Խոսրով թագավորի որդին, Հռոմի կողմից թագ ստանալով, հետն առած հռոմեական մի մեծ բանակ՝ գալիս է Հայաստան իր հոր գահին նստելու: Գալով՝ ճնշում է երկրում առկա պարսկամետների եւ ազգայնականների (Տրդատը Հռոմում մանկուց աշխարհաքաղաքացիական կրթություն եւ դաստիարակություն էր ստացել) դիմադրությունը եւ երկիրը խաղաղեցնում-իրեն է ենթարկեցնում: Հետո տեսնելով ու համոզվելով, որ քրիստոնեական կրոնը (դրա հետեւորդները) երկիրը ապակայունացնող գլխավոր պատճառն է՝ հետեւելով Հռոմի օրինակին՝ պատերազմ է հայտարարում այդ կրոնի ու դրա հետեւորդների դեմ. այդ կրոնը, դրա հետեւորդներին արգելող երկու՝ մեկը մեկից սարսափազդու հրովարտակներ է հղում բնակչությանն ու երկրում ապրողներին: Ի հետեւանք այդ հրովարտակների գործադրումի՝ շատ քրիստոնյաներ (սրանք, որոնք այլազգի կամ խառնածին էին, երկրում շատ էին, դրանցից քիչ չկային նաեւ իր իսկ Տրդատի կողմից Հռոմից բերված բանակում) են ձերբակալվում ու սպանվում: Թագավորական այդ ձեռնարկումներից քրիստոնյաներին հատկապես գրգռում է Գրիգորիսի՝ Տրդատի գրագրի, ով ամենայն հավանականությամբ եղել է Հայաստանի քրիստոնյաների ծպտված ղեկավարը, ձերբակալումը եւ Գայանեական կույսեր կոչվածների սպանումը: Այդ ամենի համար քրիստոնյաները Տրդատի, նրա երկրի դեմ վրեժխնդրությամբ են լցվում (Գրիգորիսի պարագայում այդ կատաղությունը նաեւ զուտ անձնական հիմքեր ուներ…) եւ սպասում են հարմար պահի` իրենց վրեժն առնելու համար:

Օրերից մի օր թագավորը կարծելով, որ երկիրը քաղաքականորեն, ռազմականորեն ու դավաբանորեն արդեն խաղաղեցվել է՝ մայրաքաղաք Վաղարշապատ է կանչում իր կողմնակից ու իրեն ենթարկեցրած երկրի նախարարներին՝ միասին տոնելու Հայոց թագավորության վերականգնումը: Տոնումի շրջանակների մեջ էր մտնում, պարզ է, որսի դուրս գալը:

“Այս աշխարհում հալածվածները”` քրիստոնյաները որոշում են օգտվել Տրդատի` որսի գնալու հանգամանքից։ Այդ որսի մասին հիշատակող Ագաթանգեղոսը պատմում է. “Այնուհետեւ, որսի ժամ (արքան, -Ս.Մ.) որոշեց, բոլոր զորքերին հրամայեց հավաքել բերել որսի զենքերը…, կամենում էր որս անել Փառական Շեմակաց դաշտում2 : Մինչդեռ կառքի վրա նստած թագավորը քաղաքից դուրս էր եկել, իսկույն նրա վրա տիրոջ պատուհասը հասավ, եւ պիղծ դեւը խփելով թագավորին կառքից վայր տապալեց: Անմիջապես սկսվեց մոլեգնել եւ ինքն իրեն ուտել եւ… մարդկային բնույթից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրեւ նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու: Այնուհետեւ մտնելով եղեգնուտը խոտաճարակ դարձավ, սաստիկ անզգայությամբ դաշտերում կոծելով իր մերկ մարմինը: Թեպետեւ կամեցան նրան արգելափակել քաղաքում, չկարողացան. նախ բնական ուժի պատճառով եւ, ապա, չդիմանալով նրա մեջ մտած դիվական ուժին”: Առաջնորդվելով ասվածով, բայց մի կողմ թողնելով պատմիչի` արքայի հանդեպ տածած չարությունը (նա իր եկեղեցու հիմնադրին էր բանտարկել եւ բազում քրիստոնյաների էր սպանել տվել), եւ` ընդհանրապես եկեղեցական լեզվամտածողությունից ծնված` ստահոդ ու “կիկոսյան” պատկերները, ասել է, թե ասվածին մոտենալով ողջամիտ պատմաբանի տեսանկյունից (եկեղեցական լեզուն թարգմանելով ողջախոհության լեզվով),- մտքի աչքերի առջեւ դեպքի հետեւյալ իրական պատկերն է գծագրվում (պարզ է` մոտավոր): Քաղաքից դուրս արքային սպանելու նպատակով նրա հակառակորդների կողմից3 դարան է պատրաստված լինում (կամ էլ` նրա հետի հռոմեացի զինվորներն են, եթե, իհարկե, այդպիսիներին նա իր հետ վերցրել է, վաղօրոք արքային սպանելու դավադիր ծրագիր մշակել): Եվ երբ Տրդատը քաղաքից դուրս գալուց է լինում` նրանք (Ագաթանգեղոսի լեզվով` “պիղծ դեւը”) նրան հարվածում` կառքից վայր են գցում: Արքան ծանր վիրավորվում է: Դավադիրները (դրանց թիվը, դժվար չէ ենթադրել, արագ աճել է…) փորձել են վիրավոր արքային շուրջկալել-վերադարձնել քաղաք, որ հանկարծ նա փախուստի դիմելով, հետագայում ուժեր հավաքելով չվերադառնա եւ իրենց չպատժի։ Բայց արքան, ըստ երեւույթին, իրեն պաշտպանող թիկնապահների օգնությամբ կարողանում է շրջապատումը ճեղքել եւ փախուստի դիմել (այդպես պետք է հասկանալ բերված մեջբերման վերջին նախադասությունը): Թաքնվում է անվայելուչ տեղում` ճահիճներում բուսնած եղեգնուտներում, որը, ինչպես հայտնի է, խոզերի սիրած տեղն է. այսպես պետք է հասկանալ` “մարդկային բնույթից դուրս գալով (այսինքն` մարդուն վայել կենալու տեղը թողած,-Ս.Մ.) վայրենի խոզերի կերպարանքով (այսինքն` ճահիճների մեջ թավալ եկող խոզերի պես ճահճի ցեխով կոլոլվելով,-Ս.Մ.), իբրեւ նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու” արտահայտությունը: Արքայի ստացած վերքը շատ ծանր է լինում, եւ նա թաքստոցում գիտակցությունը կորցնում է (“սաստիկ անզգայությամբ” արտահայտությունն է այդ մասին հուշում): Ըստ երեւույթին` արյունաքամ եղող եւ ցավերից “կոծող” Տրդատի շորերը մոտը եղողները ստիպված են լինում հանել4 : Նա իր եղեգնուտային թաքստոցում ստիպված է լինում օրեր շարունակ մնալ (դավադիրները օր ու գիշեր փնտրում էին նրան, բայց չէին գտնում), առանց մարդկային սնունդ ստանալու, եւ նրա կյանքը պահելու պարտականությունն ունեցող հետը եղողները, ճարահատյալ, նրան “խոտաճարակ” են դարձնում, այսինքն` խոտ են ուտեցնել տալիս` քաղցն ու ծարավը այդ կերպ ինչ-որ չափով հագեցնելու համար:

Այն, որ Տրդատի հետ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար մի դիպված է եղել, այլ կայսերական ուժերի, դրանց հենարան հայաստանյան քրիստոնյաների կողմից վաղօրոք մշակված` Հայաստանի բնիկների, նրանց թագավորության դեմ հռոմեասերների ու հռոմեահպատակների ապստամբական ծրագրի իրագործման սկիզբ` կեսխոսք վկայում է Ագաթանգեղոսը։ Նա վերը հիշատակված` Տրդատի հետ “պատահածը” նկարագրելուց անմիջապես հետո գրում է. “Նաեւ քաղաքի (Վաղարշապատի,-Ս.Մ.) բոլոր մարդիկ (խոսքը, պարզ է, Տրդատին հավատարիմների ու հարազատների` հայերի մասին է,- Ս.Մ.) նույնօրինակ դիվահար եղած մոլեգնում էին, ու սաստիկ կործանում հասավ երկրին5: Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները առհասարակ հարվածներ կրեցին ու ահավոր սուգի մեջ էին պատուհասի պատճառով”6: Փաստորեն` ապստամբները մայրաքաղաքը գրավում են, քաղաքի հայ բնակչության մի մասին սրի են քաշում, մի մասին էլ` պատանդ ու գերի են վերցնում։ Այս վերջիններիս մեջ են լինում թագավորի հետ որսի դուրս եկած շատ հայ նախարարներ, ինչպես նաեւ Տրդատի ընտանիքի անդամները` Աշխեն թագուհին ու թագավորի քույրը` Խոսրովիդուխտը։ Այս վերջինիս որպես թե երեւացած “տեսիլքի” հետ կապված` Ագաթանգեղոսը գրում է. “Այն ժամ Աստծուց տեսիլ երեւաց թագավորի քրոջը, որի անունն էր Խոսրովիդուխտ: Արդ` եկավ պատմեց մարդկանց իր տեսիլքը` ասելով. “Ինձ տեսիլք երեւաց այս գիշեր. մի մարդ լույսի նմանությամբ եկավ պատմեց ինձ, թե ձեզ (այսինքն` հայերիդ,-Ս.Մ.) վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, եթե (մարդ) չուղարկեք Արտաշատ քաղաքը` այնտեղից բերելու կապյալ Գրիգորիսին: Նա գալով կսովորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը”: Ասվածի` եկեղեցական պատմելաոճին հատուկ ծածկամտությունը7 հաղթահարելով` հետեւյալ պատմական իրողությունն է գծագրվում աչքի առաջ: Ապստամբության համար նախատեսված գլխավորը` Գրիգորիսը դեռեւս գտնվում էր բանտում: Հարկ էր նրան ազատել` ապստամբությանը նոր թափ հաղորդելու, այն “ճիշտ” ուղով տանելու, ապստամբներին ոգեշնչելու համար: Ապստամբների համար դեռեւս վտանգահարույց էր թագավորական ուժերի կողմից ըստ ամենայնի պաշտպանված Արտաշատ քաղաքի վրա գրոհելը եւ Գրիգորիսին ազատելը։ Ահա եւ նրանք դիմում են նենգամիտ քայլի` թագավորի քրոջ միջոցով, ով թագավորական տան ամենաթույլ անձն էր8 , իրենց ղեկավարին բանտից հանել տալ (այդ ժամանակ Տրդատը դեռեւս իր թաքստոցում էր գտնվում եւ նրա միջոցով հնարավոր չէր դա անել. դրան ի զորու էր կամ թագուհին, կամ էլ` Խոսրովիդուխտը…): Պարզ է, իրենց ուզածին հասնելու համար նրանք նրան ըստ ամենայնի ահաբեկում եւ ինչ-ինչ խոստումներ են տալիս: Նույն պատմիչը այնուհետեւ պատմում է, որ թագավորի քույրը իրեն երեւացած “տեսիլքի” հետ կապված խորհրդակցում է “մարդկանց (սրանք իր պես պատանդված թագավորի պաշտոնավոր շրջապատից են լինում,-Ս.Մ.) հետ”: Սակայն խորհրդակցությունը “հարվածողների” համար ցանկալի արդյուք չի տալիս. ինչպես կարելի է հետեւեցնել պատմիչի ասածներից` խորհրդակցությունը որոշում է Տրդատի հրամանին դեմ դուրս չգալ: “Սակայն,- շարունակում է Ագաթանգեղոսը,- նույն տեսիլքը դարձյալ երեւաց կնոջը (Խոսրովիդուխտին,-Ս.Մ.) հինգ անգամ եւ սպառնալիքով կրկնեց, որ եթե տեսիլքը շուտ-շուտ չպատմի, մեծամեծ տանջանքներ կկրի, եւ մարդկանց (հայերին,-Ս.Մ.) ու թագավորի հարվածները առավել եւս կսաստկանան մահվամբ ու պեսպես տանջանքներով”: Այսինքն` ահաբեկիչները մերժում ստանալուց հետո էլի բազմիցս հանդիպում են Խոսրովիդուխտին (սա նշանակում է` նա ու նրա խորհրդակիցները այդ ամբողջ ժամանակահատվածում չեն ընդունում ապստամբների առաջարկները), նրան ահաբեկելով ու վախեցնելով, որ եթե Գրիգորիսին ազատել չտա, ապա թագավորի տանը, նրա յուրայիններին, “մարդկանց”, ամբողջ երկրին նորանոր մահեր ու պեսպես տանջանքներ կսպասվեն: Դա ասում է այն մասին, որ ապստամբները վստահ էին իրենց մահաբեր ու ավերիչ ուժին: Իսկ վստահ կարող էին լինել միայն մի պարագայում` եթե նրանց ուժական միջուկը լիներ Տրդատի` Հռոմից բերած ըստ ամենայնի զինված ու վարժված բանակը…
Նույն պատմիչը այնուհետեւ պատմում է, որ թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով “ավագ նախարարին” ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել: Ինչ խոսք, նրանց այդ քայլը անելուն դրդում են ապստամբների պես-պես սպառնալիքները, մի կողմից, եւ տված խոստումները (թե “նա գալով կսովորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը”9 )` մյուս:

Սակայն ավելորդ չէ Գրիգորիսին ազատել տալու գլխավոր անձի` Խոսրովիդուխտի այդ քայլը անելու մեկ այլ` հնարավոր դրդապատճառի մասին էլ ասել: Բանն այն է, որ դեպքերից մի փոքր առաջ ընկնելով ասենք, որ հետագայում Գրիգորիսը “դարձի” բերումով ավերելով Հայաստանի բոլոր մեհյանները` թողնում է միայն մեկը` Գառնիինը, որտեղ էր գտնվում Խոսրովիդուխտի ամառանոցը: Այդ “բարեգթությունը”, ինչ խոսք, վերը հիշատակված թագավորի քրոջ` Գրիգորիսին մատուցած մեծ ծառայությամբ է բացատրվում: Բայց, արդյո՞ք, միայն դրանով է պատճառաբանվում: Կարելի է ենթադրել, որ մինչեւ բանտարկվելը Գրիգորիսն արդեն հասցրել էր գաղտնորեն Խոսրովիդուխտի “խելքն ուտել”, նրան իր կրոնի (կամ էլ “սիրո”) թակարդն գցել: Տրդատն էլ, անտեղյակ իր գրագրի բուն մտադրություններին, երեւի, մտադրվել էր նրան փեսայացնել իրեն, այդպես նրան “բարձ” տալով ու “առաջ” տանելով (դա այդ պարագայում էր հնարավոր միայն), ինչպես նա խոստովանում է նրա հետ մինչեւ բանտարկելը ունեցած բանավեճերից մեկի ժամանակ (տես Ագաթանգեղոս):
Այսպես, ուրեմն, բանտից ազատվում է ապստամբության նախատեսված գլուխը` Գրիգորիսը, ով հետագայում ապստամբությանը անասելի դաժան ընթացք տվեց, որով սկսվեց հայոց կյանքի թարսությունը:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ դոցենտ

1 Նկատենք, որ այդ դավադրության մասին հայ պատմաբանները ոչի՜նչ չեն ասել (բավարարվել են այդ մասին ինչ-որ մոգոնանքներ անելով միայն), թեեւ դրա համար Ագաթանգեղոսի “Պատմություն”-ը բոլոր հիմքերը տալիս է:
2 Ինչպես նկատվեց` արքան իր հետ որսի էր տանում նաեւ մի շարք նախարարների:
3 Դեպքերի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ դրանք ոչ թե հայեր` Տրդատի յուրայիններն են են եղել, այլ քրիստոնյաներ, որոնց պարզ է` հռոմեացի զինվորներ էին օժանդակում:
4 Հետո, երբ բանտից ազատված Գրիգորիսը թագավորին գտնել է տալիս` նա մերկ է լինում:
5 Փաստորեն` ապստամբությունը, իր կենտրոնում ունենալով Վաղարշապատը, տարբեր ընդգրկումներով տարածվում է ողջ երկրով մեկ. Հայաստանի ողջ հռոմեադավան օտարականությունը ոտքի է կանգնում:
6 Ուշադրություն դարձնենք` խոսք չկա հռոմեացի զինվորների կամ քրիստոնյաների մասին: Իսկ չկա, որովհետեւ հենց նրանք էին հարվածողները, դիվահար դարձնողները:
7 Եկեղեցական պատմիչը, սովորաբար, նենգամիտ լինելով` տեսակ-տեսակ քողեր է քաշում իր բուն ասելիքի վրա……
8 Այդպես, փաստորեն, դուրս եկավ……
9 Ի՜նչ իմանային դյուրահավատները, որ “նա գալով”` իրենց, իրենց թագավորին ու երկրին նոր անտանելի հարվածներ էր հասցնելու:

“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: