Քրիստոնեության իրական դեմքը կամ՝ո՞վ էր ի վերջո Գրիգոր Լուսավորիչը

by

Լեո Հայ կղերական դիվանագիտություն -1

Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իրական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն կարող է խոսք լինել բուժումի մասին”: (Նժդեհ)

Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի…

Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…

Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…

Րաֆֆի

Ներածություն

Հայ կղերական դիվանագիտությունը հայ պատմական բոլոր շարժումների մեջ կենտրոնական դիրք բռնած ամենաուժեղ գործոնն էր, անպատասխանատու, ինքնակամ մի կարգադրիչ ու հրամանատար: Եվ մենք ամենից առաջ այդ հիմնարկությունը պիտի տեսության առարկա դարձնենք՝ նրա էության հետ ծանոթանալու համար:

Առաջին անգամ մենք ենք, որ ձեւակերպում ենք մի այսպիսի արտահայտություն-հայ կղերական դիվանագիտություն, իբրեւ մի անվանում, որ կարծում ենք միանգամայն ի վիճակի է բնորոշիչ լինելու հայոց

պատմության մի չափազանց կարեւոր առանձնահատկության. այդ այն իրողությունն է, որ հայ ժողովրդի քաղաքական վիճակի տնօրինումը, ասել է՝ նրա դիվանագիտությունը, նրա դիպլոմատիան հայ հոգեւորականության ձեռքին է գտնվել, եղել է նրա դասակարգային մենաշնորհը:

Այդ խոշոր երեւույթը, որ պիտի քննական գնահատման ենթարկվի, ինչպես ասվում է հասարակորեն՝ կարմիր թելի պես անցնում է մեր պատմության միջով, եւ եթե պետք է որոնել նրա տեւողությունը, մենք կարող ենք ամենայն հեշտությամբ մատնանշել այն կետը, ուր վերջանում է այդ կարմիր թելը: Այդ՝ 1920թ. նոյեմբերի վերջն է, երբ Հայաստանի մի մասը, հազիվ ազատվելով համաշխարհային պատերազմի բերած ընդհանուր փլուզումից, մտավ Խորհրդային հանրապետությունների Միության մեջ:

Իսկ կարմիր թելի սկի՞զբը: Նրան դեռ պետք է որոնել, եւ մենք կզբաղվենք այդ որոնումով, առանց, սակայն, ընդարձ ակորեն մանրամասնությունների մեջ մտնելու: Մեզ անհրաժեշտ է հիմնավորել “Հայ կղերական դիվանագիտություն ” տերմինի հաստատուն եւ տեւական պատմականությունը:

Հայ կղերական դիվանագիտություն

Հայոց պատմության նախաքրիստոնեական կամ հեթանոսական դարերում մենք, ճիշտ է, տեսնում

ենք կղերի ուժեղ եւ իր հարստություններով խիստ հեղինակավոր կազմակերպություն, բայց նյութ չունենք դատելու համար, թե պաշտամունքի սեփականատեր լինելուց ավել, ի՞նչ էր նա, պետական ի՞նչ հանձնառություններ էր կատարում: Իհարկե, քրմական դասակարգը, իբրեւ միակ գրագետ տարրը պետության մեջ, պիտի խոշոր մասնակցություն ունենար ներքին եւ արտաքին հարաբերությունների մեջ: Բայց հարցը գրագրի, կամ հին պաշտոնակոչումով դիվանադպրի մասին չէ, այլ լիազոր հրամա-

նատարի մասին: Շատ հավանական է թվում, որ հեթանոս կղերը պետության ճակատագիրը անկախաբար եւ միանձնորեն վարելու արտոնության տեր չէր: Հայաստանում, ինչպես նաեւ առհասարակ հեթանոսական աշխարհում, թագավորող անձը կամ տոհմը միացնում էր իր մեջ եւ քրմապետությունը, հետեւաբար մեհյանի ազատ եւ ինքնամփոփ աշխարհավարության մասին

խոսք լինել չի կարող: Հայ հեթանոս կղերը քաղաքական իշխանության հլու հպատակ է եղել եւ այս ապացուցում են քրիստոնեության մուտքի առաջին դարում գործած մի շարք հոգեւորականներ, որոնք, նախկին քրմեր էին կան քրմական սերունդներ: Խոսել, ուրեմն, հայոց պատմության այս առաջին շրջանի՝ հեթանոսականի մասին, կարիք չկա մեր այս նյութի տեսակետից:

Մեզ մատչելի բոլոր տվյալները միաբերան թելադրում են, թե հայ կղերական դիվանագիտությունը մեկն է այն արդյունքներից, որ տվեց հայ ժողովրդին IV դարը, ավատական հեղաշրջման այն չափազանց նշանավոր ժամանակաշրջանը, որ սահմանաբաժան դարագլուխ է ներկայացնում տնտեսական երկու խոշոր ձեւերի՝ անասնապահական կամ արոտային եւ երկրագործական

կամ հովտային դրությունների հակամարտությունների մեջ1: Ավատականության կատարյալ եւ ջախջախիչ հաղթանակը բերող մի խորունկ հեղաշրջում էր այդ, որ նոր ճակատագիր, մի գյուղական-ճորտային երկրի ճակատագիրն էր ընդհանրացնում ամբողջ հայկական բարձրավանդակի վրա:

Հայ անցյալի այս բազմաբեղուն եւ վճռական կերպարանափոխումը եթե ոչ միանգամայն կախված էր, գեթ շատ հզոր եւ անդիմադրելի մղումներ էր ստանում այն մեծ քաղաքական, համաշխարհային նշանակություն ունեցող փոփոխություններից, որոնք III դարի կեսից մինչեւ IV դարի կեսը տեղի ունցան Առաջավոր Ասիայում, այլակերպելով դիրքերն այդտեղ տիրապետող երկու մեծ պետությունների՝ Հռոմի եւ Իրանի եւ նրանց մեջ եղած փոխհարաբերությունները: Իրանում ջնջվում էր պարթեւների թագավորությունը, որ տոհմատիրական ցեղային դրությունից անցել էր ավատական տնտեսակարգին եւ ամբողջ այդ ահագին պետությունը հպատակվում էր Սասանյան ցեղին, որ պետական աշխարհավարության հիմք էր դարձնում ազգայնական զրադաշտական կրոնը, ընդգրկելով ռազմատենչ քաղաքականություն, մանավանդ Հռոմի դեմ եւ վերականգնելով այդ հին համառ պատերազմը, որի նպատակն էր դարձյալ հինը՝ դուրս մղել Հռոմը Միջերկրական ծովի արեւելյան ավազանից եւ վերահաստատել այնտեղ պարսկական տիրապետությունը: Հռոմն էլ, իհարկե, իր հին նվաճողական ավանդույթներին էր հետեւում եւ, ինչպես միշտ, ասիական ռազմադաշտի առաջավոր դիրքեր էր նկատում Հայաստանն ու Միջագետքը: Եվ, ինչպես այս կրկնվել էր հնուց, այդ երկու սահմանաբաժան դիրքերն էլ, Հայաստան, թե Միջագետք, ձեռքից ձեռք էին անցնում, մերթ Հռոմին եւ մերթ Իրանին, նայած թե ինչ էր բերում պատերազմական բախտ կոչված բանը:

Հայաստանը՝ երկու վիթխարի մրցակիցների մեջ տրորվող մի թույլ կազմակերպություն, անկախություն, իսկական մտքով, չուներ, այլ կազմում էր փոխարքայություն մերթ Հռոմի եւ մերթ Իրանի տիրապետության տակ եւ համապատասխան այս փոփոխության, ենթարկվում էր Իրանի եւ Հռոմի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ազդեցության: Ի՞նչ կարող էր նա ստանալ իր այդ դիրքերից:

Պարթեւական Իրանը շատ մոտ էր Հայաստանին՝ հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, որ նա տվել էր հայերին: Այդ կազմակերպությունը թագավորություն

էր, պարթեւական կերպարանքով: Իրենց ահագին պետությունը պարթեւական շահերը կառավարում էին ոչ թե խիստ կենտրոնացման եղանակով, ինչպես անում էին Աքեմենյան դինաստիայի շահերը, այլ տեղական լայն ինքնավարությունների կամ փոխարքայությունների համակարգով: Այդպիսի

փոխարքայություններ պարթեւ թագավորներն ունեին Իրանի պետության ցանկացած կողմերում՝ մինչեւ 18, եւ դրանցից մեկն էլ՝ Հայաստանը: Այդ գրավումները, որոնց ծանրության կենտրոնը կազմում էր Արաքսի միջին հոսանքը կամ Արարատյան երկիրը, նկարագրում էին իբրեւ “եկան, գրավեցին, նստեցին, հետո էլի գնացին, էլի եկան”, եւ այսպես շարունակ: Կարծես Հռոմի լեգեոնները զինվորական զբոսանք էին կատարում, կամ այնքան կարոտ էին դափնիների, որ այդքան հեռու եւ դժվարին արշավ էին հանձն առնում: Եթե այսօր Գառնի գյուղի մոտ մնացել են հռոմեական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն այդ է նշանակում, որ հռոմեական արվեստի բոլոր սրբություններով կառուցված

տաճարը եւ նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ՝ վայելելու երկու քայլի վրա հորդահոս վազող աղբյուրի պաղ ջուրը:

Ոչ, այսպես չէր դարավոր իրողությունը: Հռոմեական իմպերիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը, որպեսզի դառնա նրա սպասավորը եւ աշխարհից աշխարհ ընկնելով, շահեր նվաճի նրա համար: Հռոմի բանկիրները, կապալառուները եւ մատակարարները՝ ահա ովքեր էին հռոմեական լեգիոնների քայլեցնողները: Հարկավոր էին օտար մարզեր՝ սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Եվ բանակի հետևից դեպի օտար երկրներ էին շարժվում կապիտալիստական տզրուկների ամբողջ բանակներ, որոնք ունեին տեսակտեսակ հանձնառություններ՝ հարկերի հավաքում, գերիների առեւտուր, տեղի հողային հարստությունների, արդյունաբերական ձեռնարկությունների շահագործում եւ այլն եւ այլն: Եվ այս բոլորը պիտի հովանավորեին եւ պաշտպանեին երկրներ գրաված հռոմեական զորքերը: Թե որքան բազմաթիվ էին զինվորական արշավներին հետեւող այս վայելողների ոհմակը, կարելի է հետեւեցնել այն հանգամանքից, որ երբ Հռոմի ոխերիմ թշնամի Միհրդատ Պոնտացին

հրաման արձակեց ոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեացիներին, այդ երկրի զանազան համայնքներում ջարդվեցին 80.000 իտալացիներ: Այնուհետեւ այս հռոմեական ջարդը մի տեսակ սովորություն էր դառնում Ասիա նահանգում: Կովկասի լեռներից իջնում էին ցեղեր եւ մասնակի կոտորածներ էին սարքում այս եւ այն քաղաքներում: Այս արյունահեղություններն ապացույց էին, թե մինչեւ որ աստիճան կատաղի էր տեղական ազգաբնակչությունը դեպի եկվոր շահագործողները եւ մյուս կողմից էլ, թե որքան այդ շահագործողները կարոտ էին լեգիոնների արթուն եւ եռանդուն պաշտպանության, որ եւ դառնում էր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեական կառավարության գլխավոր հոգսերի առարկա:

Այս կողմից ուսանելի եւ հետաքրքրական են այն խրատները, որ տալիս էր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը Հայաստանը նորից նվաճած Պոմպեոսին, երբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում էր փոխարինելու Լուկուլլոսին, որ արիստոկրատ դասակարգին էր պատկանում եւ որ, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ էր եղել իր զինվորների ձեռքով, շնորհիվ այն պրոպագանդի, որ տարածել էին բանակի մեջ Հռոմից գնացած կապիտալիստական գործակալները: Կիկերոնը հիշեցնելով Պոմպեոսին, թե որքան մեծ կարեւորություն ունի Ասիա նահանգն իր բնական հարստություններով, զարգացած երկրագործությամբ, ընդարձակ արոտատեղիներով եւ արտահանության համար օգտակար արդյունաբերությամբ, դարձնում էր նրա ուշադրությունը այն անապահովության վրա, որ տիրում էր այնտեղ եւ առաջ էր բերում այն դրությունը, որ մարդիկ վախից թողնում էին իրենց տներն ու դաշտերը, եւ այսպիսով վնասվում են պետական գանձարանը, կամ ավելի ճիշտ գանձարանի գործակալ եւ հարկահավաքության մեջ իրենց համար հարստություններ դիզող կապալառուները, որոնց Հռոմի հռչակավոր հռետորն անվանում էր “հոգեւոր եւ պատվավոր”, գտնում էր, որ “ամենից առաջ սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամոտ ուշադրությունը, քանի որ նրանք իրենց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ երկրները, իսկ սրանց շահերը ինքնըստինքյան արժանի են ձեր ուշադրությանը: Իրավ, եթե մենք արդարացի կերպով արքուն ական հասույթների մեջ տեսել ենք մեր պետության զարկերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, որ վարում է այդ հասույթները, մյուս դասակարգերի գոյության երաշխիք: Բայց բացի դրանից մյուս դասակարգերի անդամներն էլ, նախաձեռնող եւ գործունյամարդիկ, մասամբ իրենք են դրամական շրջանառություններով զբաղվում Ասիայում, ուստի իբրեւ բացականեր, իրավունք ունեն ստանալու ձեր աջակցությունը, մասամբ էլ մեծ կապիտալներ են տեղավորել այդ նահանգում: Այսպիսով ինքը՝ մարդասիրությունը պահանջում է ձեզանից, որ դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց անկախ այս ամենից, ձեր խոհականությունը պիտի թելադրի ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայումը չի կարող անհետ անցնել եւ մեր պետության կյանքի համար: Իհարկե կարելի է առարկել, թե նրանց կորցնելուց հետո մենք կարող ենք հաղթությունների ճանապարհով վերադարձնել մեր եկամուտները, բայց նախ այս բանի մեջ օգուտ քիչ կա, որովհետեւ նախկին ընկերությունները քայքայվելով ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապիտալը, իսկ ուրիշ ընկերություններ վախից մոտ չեն գա, հետո նաեւ մենք պետք է լավ հիշենք, թե ինչ սովորեցրեց մեզ հենց այս իսկ Ասիան եւ ինքն այդ Միհրդատը ասիական պատերազմի սկզբում, լավ որ այդ դասը մեզ չափազանց թանկ նստեց. երբ այդ միջոցին բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումն երը կանգ առան եւ բոլոր կուրսերն ընկան: Ուրիշ կերպ չէր կարող լինել, անկարելի է, որ մի պետության մեջ շատ քաղաքացիներ կորցնեն իրենց կարողությունը, չքաշելով այդ խորտակման մեջ ուրիշ անձանց, զանգվածներ: Պաշտպանեցեք ուրեմն այդ վտանգից մեր պետությունը եւ հավատացեք, եթե ոչ ինձ, գոնե ձեր սեփական աչքերին, Հռոմի կուրսերը, Հռոմի դրամական գործողությունները, որոնք կատարվում են այստեղ, ֆորումում, սերտ եւ օրգանական կապակցության մեջ են գտնվում Ասիայում կատարվող դրամական շրջանառությունների հետ, այս վերջինների խորտակումը չի կարող չքաշել առաջիններին էլ միեւնույն անդունդի մեջ”:

Ահա թե ինչ է նշանակում լինել հռոմ եական նահանգ: Նվաճումը զինվորական չէր, այլ գերազանցորեն տնտեսական եւ հռոմեական զինվորը հռոմեական կապիտալի պահապանն էր: Այսպիսով շահագործվող գաղութը հարյուրավոր կենսական թելերով կապված էր տնտեսության կենտրոնի հետ եւ հռոմեական աշխարհածավալ պետության հրամանատարը Հռոմի բորսան էր, նրա ֆորումը:

Հայաստանը Ասիայի նահանգին սահմանակից էր եւ նրանից պակաս կարեւորություն չուներ եւ ոչ միայն ռազմագիտական, այլ մասնավորապես նաեւ տնտեսական տեսակետից: Լինելով հռոմեական իմպերիալիզմի առաջավոր պահակն Արեւելքում, որ ապահովում էր տիրապետության հնարավորությունը Եփրատ-Տիգրիսյան հովտի վրա մինչեւ Պարսից ծոցը, նա միաժամանակ իր մեջ ուներ սեփական, տեղային հարստության այնպիսի աղբյուրներ, որոնք չէին կարող չգրավել հռոմեական զինվորներին կրնկակոխ հետեւող հռոմեական կապիտալները: Հռոմեական զինվորական գրավումը ամբողջ Հայաստանը չէր բռնում, այլ նրա մի մասը, եւ եթե այդ մասը Արարատն էր եւ ոչ թե մի այլ նահանգ, այս էլ հենց նույն այդ պատճառով, որ նույն այս նահանգը, եւ ոչ մի այլ ուրիշը, դարձել էր հայ պետության կենտրոն, այն էլ նրա տնտեսական առաջնակարգ կարեւորության պատճառով: Այստեղ էր, որ նստեց Հռոմի զինվորական գրավումը եւ այնքան ամուր, որ անհրաժեշտություն համարվեց Գառնիի փոքրիկ, բայց մեծածախս տաճարի դժվար իրագործելի կառուցումը:

Եվ զինվորական գրավման հետ Արարատյան երկրում ամուր նստում էր նաև Հռոմի կապիտալիստական գրավումը, որի տրամադրության տակ էին մտնում իր բերրիությամբ հռչակված հողի բազմազան մշակույթները: Եթե Ասիա նահանգում Հռոմի տնտեսական հենարաններից գլխավորների թվում էին գորգագործության խոշոր գործարանները և ոսկեհուռ դիպակների արվեստագործությունը, Հայաստանն էլ հայտնի էր իր գորգերով, իսկ ոսկեթել դիպագործությամբ արաբական շրջանում հռչակված էր Դվին քաղաքը, որի գործվածքներն ամբողջ Արևելքում կրում էին «հայկական ապրանք» անունը, մի հռչակ, որ անշուշտ չէր կարող միանգամից ստեղծվել, այլ արդյունք էր դարերի արհեստագիտական զարգացման: Մեզ այստեղ կարիք չկա մանրամասնելու, թե արտահանության ուրիշ ինչ արժեքավորություններ կարող էր օգտագործել Արարատյան երկրում նստած հռոմեական կապիտալը, բավական է հիշել մեկը` որդան կարմիրը:

Այսպիսով մենք ունենք մեր առջև մի չափազանց խոշոր կենսական երևույթ` եվրոպական կապիտալը հայ ժողովրդի մեջ, նրա երկրում: Այս կապիտալը միայն կեղեքել, տանել չգիտեր, այլև տնտեսկան միջավայր կազմակերպել` համապատասխան իր շահագործման, արդյունավորման պահանջների: Այս նշանակում էր հռոմեական կարգերի ներածում Հայաստանի մեջ, որ մինչև հռոմեացիներին ճանաչելը գտնվում էր Իրանի տնտեսավարական կարգերի խիստ ազդեցության տակ: Քաղաքական ազդեցությունների խիստ մրցակցության հետ զուգընթացաբար գնում է և տնտեսական ազդեցությունների մրցակցությունը: Գերակշռողը հանդիսանում է, իհարկե, եվրոպական մեթոդը, իբրև ավելի բարձրը և ուժեղը: Բայց նա ուներ և իր տկար կողմը, և այդ այն էր, որ կապված լինելով հռոմեական կապիտալի հետ, կապվում էր և հռոմեական զինվորական գրավման տարածության հետ, անկարող թևակոխելու այնպիսի հողամասեր, ուր հռոմեացի զինվոր չկար: Այս նշանակում էր, որ Հայաստանի ամբողջ տարածության վրա միայն Արարատյան երկիրն էր տնտեսական նոր երևույթի կրկես դառնում, ուրեմն և մի տեսակ բացառություն` հայ համատարած իրականության մեջ:

Արդ, դիմելով այդ բացառությանը հատկանշող տնտեսական ձևերին, մենք տեսնում ենք ամենից առաջ քաղաքային տնտեսության խիստ զարգացումը մի համեմատաբար փոքր տարածության վրա, բայց անշուշտ աչքաթող չէր արվում և կապիտալիստական գյուղատնտեսությունը, որին հոժարությամբ նվիրվում էին հռոմեացիներն օտար երկրներում, ընտրելով դրա համար նվաճողի, իհարկե, իրավունքով, ամենալավ և բերրի հողաբաժինները: Աշխատանքի հիմք չէր կարող չլինել այն, ինչ գործ էր ածում ամբողջ հին աշխարհը, այն է` ստրկությունը:

Հայ ժողովրդի կյանքի վաղ արշալույսին մենք տեսնում ենք նրան տնտեսական զարգացման ցածր աստիճանի վրա` խորունկ տոհմատիրական նախնականության մեջ: Քսենոֆոնը չտեսավ և ոչ մի քաղաք Հայաստանում: Հետագա զարգացման ընթացքում, մանավանդ հելլենահռոմեական աշխարհի հետ ունեցած շփումների հետևանքով, անհրաժեշտ է դառնում քաղաքային տնտեսությունը, բայց որովհետև ժողովուրդը տնտեսապես զարգացած չէր քաղաքային տարր դառնալու չափ, ուստի հայ թագավորները, Արտաշես և Տիգրան, լցնում էին իրենց մայրաքաղաքները` Արտաշատ և Տիգրանակերտ, օտարազգի ազգաբնակչությամբ, առաջինը` մարերով և երկրորդը` հույներով և հրեաներով: Մանավանդ վերջիններս դառնում էին խոշոր ներգաղթերի առարկա և լրացնում էին քաղաքային տարրի պակասությունը Հայաստանի մի քանի վայրերում, առանձնապես Արարատյան երկրում: Հռոմեական կառավարությունը, նախանձախնդիր քաղաքային տնտեսության զարգացման և ծավալման, խրախուսում էր այդ հրեական ներգաղթերը և հենց այդ նպատակով էր երևի, որ նա հայ թագավորական գահի վրա նստեցրեց մի քանի թագավորներ, որոնք հրեական ծագում ունեին և կրում էին Տիգրանի անունը: Հրեական տարրն իր խոշորագույն մասով կենտրոնանում էր այն քաղաքներում, որոնք գտնվում էին Արարատյան երկրի միջից գնացող հռոմեական մեծ ռազմական ճանապարհի վրա, որ միաժամանակ նաև Հռոմի կապիտալների ճանապարհն էր: Նա սկսվում էր Արտաշատից, ընդունում էր իր մեջ Նախիջևանի մեծ առևտրական ուղին, գնում էր Վաղարշապատ, այնտեղից Երվանդաշատ` Ախուրյան գետի վրայով, ուր անցնում էր Արաքսի աջ ափը և բարձրանալով Բարթողյան լեռնանցքներով, իջնում էր Արևելյան Եփրատի (Արածանի) հովիտը, ուր գտնվում է Զարեհավան քաղաքը և գնում էր դեպի Բասեն և Կարին:

Քաղաքային տնտեսության (առևտուր, արդյունաբերություն) այս արտակարգ զարգացումը Արարատի մեջ խոշոր նշանակություն ուներ նաև երկրի քաղաքական և վարչական կազմակերպության տեսակետից: Ամբողջ պետությունը ավատական, այսինքն գավառական հատվածականության հիմքերի վրա էր կառուցված: Կենտրոնական իշխանությունը, որ պիտի կապ հանդիսանար այդ բազմաթիվ առանձնահատկությունների մեջ, ինքն էլ մի ավատական մարմին էր և նրա ներկայացուցիչը, որ ամենայն հայոց թագավոր էր կոչվում, իր նյութական միջոցներով շատ չէր տարբերվում մի առաջնակարգ նախարարից: Նրա կալվածքների մեծագույն մասը գտնվում էր Արարատում, և այս հարստությունը չէր կարող պահել նրան` մի թագավորի` թեկուզ համեստ դիրքում, եթե չլինեին առևտրա-արդյունաբերական այն կենտրոնները, որոնց անունները թվեցինք վերևում և որոնց վրա էլ հենվում էր կենտրոնական իշխանությունը: Այս դրությունը շահավետ էր թե՛ Հռոմի և թե՛ պարթևական Իրանի համար, որովհետև Արարատի թագավորը մերթ մեկի, մերթ մյուսի վասալն էր, երբեմն` երկուսինը միասին, հետևաբար և նրանց օգուտն էր, որ այդ վասալը լինի իրենց հպատակ ավատականությունից բարձր` իր ուժով ու դիրքով, որպեսզի կարողանա կարգ պահպանել այդ կալվածատերերի կենտրոնախույս ըմբոստ ձգտումների մեջ:

Թե ինքը, Արարատյան արքունիքն էլ լավ ըմբռնում էր քաղաքային տնտեսության մեծ նշանակությունն իր իսկ շահերի տեսակետից, ցույց էր տալիս նույնանման առևտրա-արդյունաբերական կենտրոնի` Զարիշատ քաղաքի գոյությունը հռոմեական մեծ ռազմա-կապիտալիստական ճանապարհից դուրս, Ալիհովիտ գավառում (Վանա լճի հյուսիս-արևելյան կողմում), որ թագավորող տոհմի սեփականությունն էր կազմում և հատկացված էր թագավորի որդիներին իբրև բնակության տեղ և ապրուստի միջոց:

Չնայած որ մեր հին աղբյուրները միանգամայն լուռ ու մունջ են Արարատյան երկրի տնտեսական շարժումների վերաբերյալ, մենք այնուամենայնիվ կարող ենք մի փոքր պատկեր տալ, թե ինչ զարգացման էր կարողանում հասնել քաղաքային տնտեսությունը2 Արարատյան իրականության մեջ: Երվանդաշատ մեծ քաղաքի արվարձանը` Երվանդակերտն այսպես է նկարագրում Մովսես Խորենացին. «Քաղցր է ինձ ասել և յադաղս գեղեցիկ դաստակերտին Երուանդակերտի զոր յօրինեաց նույն ինքն Երուանդ գեղեցիկ ու չքնաղ յօրինուածովք: Քանզի զմիջոց հովտին մեծի լնու մարդկութեամբ և պայծառ շինուածովք լուսաւոր որպես ական բիբ, իսկ շուրջ զմարդուկեամբն ծաղկոցաց տարանաց կազմութիւն, որպէ շուրջ զբովն զայլ բոլորակութիւն ական: Իսկ զբազմութիւն այգեստանոց, իբր զարաևանաց խիտ ու գեղեցիկ ծիր, որոյ հիւսիսային կողմանն դիր կտրականաձև` արդարև գեղաւոր կուսից յօնից դարևանդաց համեմատ: Իսկ ի հարաւոյ հարթութիւն դաշտաց, ծնօտից պարզութեան գեղեցկութիւն, իսկ գետն բերանացեալ դարւանդօք ականց` զերկթերթիւն նշանակէ շրթունս: Եւ այսպիսի գեղեցկութեան դիր` անքթթելի իմն զոգցես բարձրաւանդակ թագաւորանիստ զհայեցուածսն ունի և արդարև բերրի և թագաւորական դաստակերտն»:

Պակաս չէր և Հռոմի կառավարության հոգացողությունը, որ Արարատյան քաղաքային տնտեսությունը բարգավաճ դրության մեջ լինի: Հայաստանում էլ, ինչպես և Ասիայի այլ երկրներում, հաջող վարած պատերազմների հետևանքով հարստությունների մեծ կուտակումներ էին գոյացել, որոնք և գրգռում էին հռոմեացի զինվորականների ավազակային հակումները: Նրանք կողոպտեցին միջազգային ուխտատեղի դարձաձ և իր հարստություններով հռչակված Անահիտ տաճարը: Լուկուլլոսն ահագին հարստություններ տարավ Հայաստանից` թալանի մատնելով Տիգրանակերտ քաղաքը հարավային Հայաստանում: Ավելի վատթար վիճակի մեջ ընկավ մյուս մայրաքաղաքը` Արտաշատը Արաքսի վրա: Երկու անգամ նա ենթարկվեց բարբարոսական կործանման և կոտորածի: Առաջին անգամ այդ «քաջությունը» ցույց էր տալիս քաջ համարվող Կորբուլոն զորավարը: Հռոմը հակառակ էր Արտաշատի ոչնչացմանը մինչև այն աստիճան, որ նրա իմպերիալիստական գիշատիչ գանձարանը բաց արեց իր դռները և առատ գումար տվեց Արտաշատը նորից վերականգնելու և զարդարելու համար: Իսկ երբ երկրորդ անգամ նույն հռոմեական կողոպտիչ զինվորական վայրագությունը կրկնեց նույն կործանումը, դարձյալ նույն գանձարանն էր, որ Արտաշատի փոխարեն շինեց Կայնապոլիս կամ Նոր Քաղաք, այլև Քաղաքադաշտ անունով քաղաքը, որը հետո կոչվեց Վաղարշապատ:

Այսպես էր Հայաստանը պարթևա-հռոմեական տիրապետության ժամանակ: Սասանյանների գործած պետական հեղաշրջումը մի սասանեցուցիչ հարված էր բոլոր պարթևական փոխարքայությունների համար: Բնականորեն նրանք բոլորը պիտի ջնջվեին: Բայց Հայաստանը, շնորհիվ այն հանգամանքի, որ հռոմեական իմպերիալիզմն այստեղ շահեր ուներ, կարողացավ պարթևական մնալ, կառչելով Հռոմի ուժին: Այստեղից առաջանում էր դինաստիական թշնամություն հայ Արշակունիների և Սասանյանների միջև, և այս թշնամությունը վերածվում էր երկարատև պատերազմների: Սասանյաններին մնում էր նորից զենքով նվաճել Հայաստանը, բայց այստեղ իրենց առջև տեսնում էին հռոմեական լեգիոնները, որոնք վերականգնում էին իրենց տիրապետությունն արևելքում և այսպիսով հանդիսանում էին իսկական փրկիչներ հայ Արշակունիների, քանի որ մենամարտությունը փոքրիկ և թույլ Հայաստանի և Սասանյան հզոր պետության միջև չէր կարող խոստանալ որևէ վճռական հաջողություն առաջինի համար:

Այստեղից ինքնստինքյան հասկանալի է, թե որքան մեծ, կյանքի և մահվան նշանակություն ունեցող անհրաժեշտություն էր դառնում հայ Արշակունիների համար իսպառ հրաժարվելը իրանական ազդեցությունից և միմիայն Հռոմի վասալը դառնալու վերջնական ամրապնդումը: Եվ իրավ, Հայաստանի պարթև թագավորները Սասանյանների ժամանակ հռոմեական պաշտոնյաների դիրքերում են և նրանցից մեկը` Տրդատը երկար ժամանակ ապրում էր Հռոմում, դաստիարակվում էր հռոմեական ոգով, մինչև իսկ յուրացնում էր հռոմեական փիլիսոփայությունը: Արարատյան թագավորության մեջ այսպիսով քաղաքական և տնտեսական իր հզոր ազդեցությունների վրա Հռոմն ավելացնում էր և մշակութային ազդեցությունը, լուսավորություն, արվեստ, գիտություն: Եվրոպական մի կես գաղութ էր դառնում Հայաստանի այդ միջնաշխարհը` մշակելով իր սեփական ազնվապետական նիստն ու կացը, քաղաքական պահանջները և այլն, մինչդեռ նրա շուրջը, բարձրավանդակների վրա արոտային տնտեսությունն էր տիրում իր աղքատ նախնականությամբ, որ հասնում էր այն աստիճան, որ վայրեր կային, ուր դեռ հայտնի չէր միս եփելը:

Բայց չորրորդ դարի առաջին քառորդում հռոմեական պետականությունը ենթարկվում էր արմատական փոփոխության: Կոնստանդիանոս կայսրը, կամենալով ազատել կայսրերի գահը Հռոմ քաղաքի հանրապետական ավանդույթներից և այսպիսով ուժեղացնել միահեծան իշխանության սկզբունքները, պետական կրոնի աստիճանին է բարձրացնում քրիստոնեությունը, ապա և փոխադրում իր գահը Հռոմից Բյուզանդիա, որը և նրա անունով կոչվեց Կոնստանդնուպոլիս: Երկու աշխարհի փոխարկություն էր այս: Պատմության բեմից իջնում էր հեթանոսական Հռոմն իր ապերասան կենցաղով, գլխովին անհավատ, իսկ նրա տեղ բեմ էր մտնում եպիսկոպոսների մշակած նոր կրոնն իր ֆանատիկոսական անհամբերությամբ և ճգնավորական բթամտությամբ, որոնք առանձնապես թանձրացած էին հունական միջավայրում և պիտի նվաճեին նաև զեխ ու հղփացած Հռոմը:

Տալով քրիստոնեությանը պետական նվաճողական ուժ, կայսրը հոգ էր տանում նույնպես, որ նոր եկեղեցին տարածվի և ուրիշ երկրներում, առաջին հերթին, կայսրության վերաբերվող վասալական երկրներում: Քրիստոնեությունն ընդունելու և պաշտոնական կրոն դարձնելու հրաման ստանում են Հայաստանի և Վրաստանի վասալ թագավորները: Հասկանալի է, որ մի այսպիսի առաջարկություն անտեսել չէին կարող մանավանդ հայ Արշակունիները, որոնց բախտը կախված էր ամբողջովին հունական կայսրությունից:

Սակայն քրիստոնեությունը Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չէր: Նա վաղուց մուտք էր գործել այդ երկիրը, դանդաղ տարածվում էր, առանց մեծամեծ աղմուկներ և շարժումներ առաջացնելու: Գուցե բնական զարգացման ընթացքին թողնելով, նրան հաջողվեր կատարել երկրի նվաճումը խաղաղ պրոպագանդի միջոցով: Այս միանգամայն հնարավոր էր այդ նոր պաշտամունքի համար, որովհետև նա սիրիական քրիստոնեությունն էր, որ Հայաստան մտնելու հետ միաժամանակ մուտք էր գործել նույնիսկ Պարսկաստան` իբրև խաղաղ և չեզոք կրոնական երևույթ և իր քարոզչության կենտրոնն էր դարձել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը, հիմնելով այնտեղ եկեղեցի և եպիսկոպոսական աթոռ: Սիրիական միսիոներության միակ ուժն ու հմայքը սիրիացի վաճառականի թափառիկ առևտրական կապիտալն էր, որի ուսերին հեծած նոր կրոնը գնաց աննկատելի կերպով տարածվելու մինչև Հնդկաստան:

Սիրիական այդ աղքատ քրիստոնեության վրա հայ Արշակունիները ուշադրություն չէին դարձնում: Կար քրիստոնեություն և քրիստոնեություն: Հարկավոր էր ոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեություն, մինչև ատամները զինված մի հզոր պետականություն, որի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չէ, որքան երկաթն ու հուրը: Հարկավոր էր հունական քրիստոնեությունը, որ Արևելքում գալիս էր փոխարինելու հռոմեական իմպերիալիզմին: Այս կլիներ ամենից առաջ լավագույն պաշտպանություն հայ Արշակունիների դինաստիական շահերի` ընդդեմ Սասանյան վտանգի:

Այսպես էր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոններում: Սակայն նրա իրագործումը հեշտ չէր բոլորովին: Միակամություն չէր կարող լինել այնպիսի մի բազմագլխային ավատական երկրում, ուր այնքան շատ էին հետամնաց տնտեսական ձևերի ձգողությունը դեպի Իրան, մշակութային աստիճանների տարբեր շերտավորումները և այլն: Այն, ինչ միանգամայն հասկանալի էր և ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող էր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական տնտեսություններն էին` մեծամեծ հոտերից բաղկացած:

Այս մեծ անհրաժեշտության հողի վրա էր ահա, մեծ տարակուսանքների և երերումների մեջ, որ անհայտությունից արագ դուրս եկավ և դրությունն իր ձեռքի մեջ առավ և գործել սկսեց մի տոհմ, որ առանձնակի տոհմանուն չի թողել, մերթ կոչվում է Պարթև, մերթ Պահլավ, բայց ավելի հաճախորեն իր հիմնադրի անունով` Գրիգորի տոհմ և որովհետև այս Գրիգորը եկեղեցական գրականության մեջ աստվածացված է Լուսավորիչ տիտղոսով, ուստի սովորական է դարձել անվանել այդ տոհմը Լուսավորիչի տոհմ:

Նա էր, որ մտցրեց Հայաստանում կայսրերի քրիստոնեությունը և գլուխ բերեց նոր պետական կրոնի ամրապնդման դժվար գործը: Բայց այս հաջողությունը հայ Արշակունիների փրկության համար չէր, ոչ էլ երկրի տնտեսական առաջացումն էր ապահովում: Ընդհակառակը:

Պատմական քննադատությանը երբեք չի հաջողվել պարզել այս Գրիգորի իսկական ծագումը: Թեև նա ունի իր պատմությունը, որի շուրջ գոյացել է մի ամբողջ գրականություն, բայց այդ պատմությունն այնքան խճողված է առասպելներով, հրաշքներով, մարդկային միամտությունը հիմարացնելու և խաբելու ճիգերով, որ ճշմարտության մասին միայն ենթադրություններ կարելի է անել, որոնց մեջ միանմանություն անգամ չի կարելի գտնել: Հայ եկեղեցականությանը այսպիսի ողորմելի միջոցով հաջողվել է արդեն բոլոր երկրների և ժամանակների կղերին հատուկ քողարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ կուտակել ու նրանց շատությամբ մոլորեցնել նախապաշարված մարդկությանը և մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին` իբրև հատուցում այն մեծ ջանքերի, որոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն:

Բայց այսքան անհունորեն բարձրացված և փառաբանված գործչի ծագումը մեզ կարող է և չհետաքրքրել: Կարևորն այն չէ, թե հույն էր նա արդյոք, հայացած պարթև, թե մի ուրիշ ազգից ու երկրից: Կարևորը նրա կատարած գործն էր: Եվ այս գործի գնահատության մեջ մենք այնքան էլ անօգնական չենք: Հենց այն պատմությունը, որ հերոսացրել ու սրբացրել է նրան, թողնելով նրա անձը հրաշքների, հիացական օրհներգների մեջ. նույն այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսն իր անվերջ շատախոսություններով մեզ շատ նյութ է տալիս իմանալու համար, թե ինչ տեսակ գործիչ էր Հայաստանը քրիստոնեացնող Գրիգորը:

Ամենից առաջ տեսնում ենք, որ դա աղքատների, զրկվածների և առ-հասարակ խոնարհների հերյուրած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չէ, այլ եկեղեցականացրած, այսինքն` ռազմականացրած, սուր ու հուր հագցրած Քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը, որի ձեռքում միայն մի միջոց կա` համոզելու և խոնարհեցնելու` զինական բռնություն: Հայաստանի դարձի պատմությունը զինվորական արշավների մի պատմություն է: Թագավորը, որին նույնպես շատ փքել-ուռցրել է եկեղեցական ներողականությունը, մի կատարյալ ոչնչություն է այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել է նրան, ինքը մի կողմ քաշվել, երևի գոհ է, որ կատարվում է Կոնստանդիանոսի կամքը և ամրապնդվում է Արշակունիների գահը Հայաստանում: Այդպիսի մի ապիկար բնավորություն առանց այլևայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի եռանդի, ճարպկության և մանավանդ կազմակերպչական մեծ կարողության առաջ:

Եվ երկրի քրիստոնեացումը կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ: Այդ մի գաղափարական շարժում չէր, մտցված ժողովրդական զանգվածների մեջ` համոզում, գիտակցություն առաջ բերելու համար: Այդ մի հրաման էր, ձևական արարողություն: Լուսավորում էր Գրիգորը ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով և երկաթով: Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն էր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստություններ էր կուտակում իր մեջ: Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին` այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ նա, թագավորական զորքերի գլուխ անցած, մի տեղից թռչում էր մյուս տեղը` մեհյաններ քանդելու և քրմեր փախցնելու համար: Ագաթանգեղոսը շարունակ այդպիսի արտահայտություններով է հիշատակում իր հերոսի աստվածային առաքելությունները: Բայց նա չի մոռանում նաև շարունակ և միալար կրկնել, որ կործանված մեհյանի ոսկին ու արծաթը Գրիգորը չէր ոչնչացնում, այլ վերցնում էր նպատակներով գործադրելու համար:

Գաղտնիքը բացված է: Սրբազան թալան` ահա թագավորը, միսիոներության առանցքը, հաջողության մեծ գրավականը: Մեհյանների հարստությունն, իհարկե, մետաղական չէր: Ավատական կարգի մեջ ամենամեծ հարստությունը հողն էր, միանման անկշտությամբ թալանում էին մեհենապատկան հողերը: Այս հարստությունների բաշխման միջոցով էր, որ Գրիգորը կազմակերպում էր քրիստոնեական եկեղեցին Հայաստանում, նրա պաշտոնեությունը, նրա նվիրապետությունը և այն քաղաքական ուժը, որի վրա նա պիտի հենվեր:

Քրիստոնեության այս մուտքը Հայաստան պետք է նկատել իբրև մի ամբողջ ավատական շարժում, որի մեջ տակնուվրայությունների են ենթարկվում հողային հարստությունների բաշխման ավանդական կարգերը` ոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր առաջ քաշելով, մնացողներին կամ ուժեղացնելով կամ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր եկեղեցու կուսակցական շահերը: Այսպիսով, ավատական դասի մեջ գոյանում էին տեսակ-տեսակ խմբավորումներ իրենց ուրույն շահերով, որոնք հակադիր և հակամետ դրություններ էին գոյացնում, փոխհարաբերությունների և շփումների սրությունն ավելի ևս սաստկացնում: Ավատականությունն արդեն ինքնստինքյան դյուրավառ նյութերով հարուստ մի միջավայր էր պատրաստել իր առաջխաղացության մեջ դեպի ընդհանուր և վերջնական հաղթանակ. քրիստոնեությունն ընկնելով այդ դյուրավառ միջավայրի մեջ, բռնկեցնում էր ավատական մի ամբողջ հրդեհ` ավատական հեղափոխությունը փութացնելու համար:

Նոր, ուժեղ և լավատես կազմակերպված ավատական հիմնարկություն էր դառնում քրիստոնեական եկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողաբաժիններ և այդպիսով դառնում էր ճորտային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց եկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարևոր դերը պատկանում էր եկեղեցու պետին, և Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում էր անձնապես իր համար ամենահոյակապ կերպով: Պետն ինքն էր և մի ուրիշին նա այդ տեղը չէր տա, և ահա այդ, իր փառաբանողների բերանով սրբերի ամենավերին դասի մեջ դրվածը, այդ «հրեշտակի մարմինը», այդ գրեթե աստվածը ցույց էր տալիս, որ հաշվի ու շահի լավագիտակ մարդ է, և հարստությունների բաշխման միջոցին անձնապես իրեն էր պահում առյուծի բաժինը: Իբրև քահանապետ նա դառնում է ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ, հետևաբար ամենից ուժեղն ու հեղինակավորն ավատական դասի մեջ: Այս, եթե հարցնելու լինենք մի կղերականի, ոչ թե, իհարկե, իր անձի, իր «հողեղեն շինվածքի» համար, այլ միայն ու միայն Քրիստոսի փառքի համար:

Փավստոս Բուզանդը, մի մոլի կուսակից Գրիգոր Լուսավորչի տոհմի, մի գրեթե անհավատալի թիվ է տալիս նրա կալվածքներին` 15 գավառ3: Իրենց թագն ու պսակը Տարոնի Աշտիշատն էր, «մեհյան մեծագանձ, — ասում է Ագաթանգեղոսը, — լի ոսկով և արծաթով և բազում նվերներ, մեծամեծ թագավորների, նրան ձոնած»4: Բացի իր այս մեծահարուստ բովանդակությունից, մեհյանը հռչակված էր և իր կալվածքների գեղեցիկ դիրքով ու բնական հարստություններով: Գրիգորը նրան տիրացավ մեծ դժվարություններով, մի ամբողջ պատերազմի միջոցով, որ մանրամասն նկարագրված է Զենոբ Գլակի անունով մնացած ավանդությունների մեջ: Մենք այստեղ տեսնում ենք քրմական մի խոշոր ավատական երկիր, որպիսին Տարոնն էր, որ հանում էր Գրիգորի տարած արքունի զորքերի դեմ իր սեփական բանակը, բաղկացած վեց հազար հոգուց և այս ուժը պարտվում է համառ և արյունահեղ դիմադրություն ցույց տալուց հետո: Այսպիսի թանկ գնով ձեռք բերած սքանչելի կալվածքը Գրիգորը սեփականացնում էր:

Եկեղեցու պետից հետո գալիս էին նրա իշխանները` եպիսկոպոսները, որոնք նույնպես բավարար կալվածքներ էին ստանում Գրիգորից: Թե որքանով էր նա առատաձեռն այս երկրային բաշխումների մեջ և մանավանդ թե ինչպես էր նա վերաբերվում հայ ժողովրդին պատկանող հողերին, այս մասին մոտավոր հասկացություն կարելի է կազմել նույն Զենոբ Գլակի անունը կրող ավանդություններից: Այստեղ մենք տեսնում ենք Գրիգորին վերաբերվող մի նամակ, որով նա Արևմուտքից եպիսկոպոսներ և քահանաներ էր հրավիրում` Հայաստանում պաշտոնավարելու համար:

«Մանաւանդ զի — գրում էր նա իր եպիսկոպոսին, — գիտեիք եթէ ամենայն գաւառացս եպիսկոպոս պիտոյ են և քահանայա: Զի թեպետ ոմանք, որք ուստեք եկեալ են ժողովեալ, բայց զի՞նչ են այսոքիկ առ վեց հարիւր և քսան գաւառս հայոց, որև գաւառին մեն մի քահանայ կամ երկու լուկ թե հանդիպի: Զի դեռ երկրիս ի դպրոց են, և ոչ ոք ի նոցանէ բաւականս քահանայութեան… Ապա աղաչեմք զձեզ ի մենջ մի վերջանայք, այլ ամենայն վստահութեամբ գալ զկնի արանցդ, զոր յզեցաք առ ձեզ: Եւ եթէ զայցեք, զամենայն երկիրդ եկեղեաց և Հարքայ ձեռ առաջի ունեմք, յոր վիճակ և բնակեսջիք` ձեր եղեցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք իսկ երկիրն Մամիկոնէից եթէ հաճոյ թուեսցի ձեզ, որպես և դու իսկ առէիր` զիննակնեան տեղիոն ինձ տուր, և անդ լքո եղբայրն իսկ եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, և ըստ կարի աղաչաց զանուն տեղւոյն փոխեցաք յիւր աւելի անուն… Սակայն եթէ ինքն տացե, ի մէնջ լիով է, զի այլ ես յաւելում ի դաստակերտս: Ապա եթե գային, ոչ, սակայն ամենայն երկիր առաջի ձեր է, զոր և տեսանէք տեղի վայելուչ, այն ձեզ»5:

Նկատի ունենալով այս առատաբաշխությունը, լսենք Ագաթանգեղոսին, որ ասում է, թե չորս հարյուր եպիսկոպոսներ կային Գրիգորից ձեռնադրված և վիճակների տեսուչներ նշանակված: Եկեղեցին ուներ և իր մեծ բանակը` վանականություն:

«Եւ դարձյալ — գրում է Ագաթանգեղոսը, — բազում և անհամար գունդս վանականաց ի շենս և յանշէնս շինեկեացս և լեռանկեացս անձաւամուտս և արգելականս հաստատէր»: Սրանց մասին էր, որ Կեսարիայի եպիսկոպոսը գրում էր Գրիգորին: «Եւ ժողուեացես ի նոյն տեղի հարիւր արանց չափ, որոշեսցես ի նոսա գիւղս և աւանս մեծամեծս, որպես զի պէտք վանացնի ի նոցանե վճարեսցի, և ինքեանք աղօթից և ճգնութեան պարապեսցին»:

Ահա որքան հողային տակնուվրայություններ է բերում Հայաստանին չորրորդ դարն իր պաշտոնական քրիստոնեությամբ: Չպետք է մոռանալ, որ երկրի մակերևույթն առանց այն էլ կտրտված էր մեծ ու փոքր մասերի և բաժանված էր աշխարհական ավատատերերի կամ նախարարությունների միջև, իսկ սրանց թիվն, ինչպես ասում են, հասնում էր 900-ի: Եթե նույնիսկ իջեցնենք այդ թիվը մինչև 400-ի, ինչպես առաջարկում են ոմանք, այնուամենայնիվ կունենանք մի երկիր, կտրտված չափազանց մանր մասերի, որոնց գյուղացի ճորտ ազգաբնակչությունը ստիպված էր կերակրել աշխարհական և հոգևորական ձրիակերների անթիվ ոհմակների:

Տարոնի քրմական խոշոր ավատապետության անկման և կտրտման հետ երևի կապ ուներ այն հանգամանքը, որ այդ գավառի մնացած խոշորագույն մասին ¥չհաշված Աշտիշատն ու նրա հարակից հողամասերը¤ տիրում էր Մամիկոնյան նախարարական տոհմը, որի բուն հայրենիքը Սպեր գավառն էր, և որ դառնալով Գրիգորի հետ կալվածակից, անշուշտ ոչ առանց Գրիգորի աջակցության, կապվում էր ամենասերտ կապերով այդ հոգևորական խոշոր ավատապետի տոհմի հետ: Իսկ թե ինչ տեսակ խոշոր նվաճում էր այս բանը հունական քրիստոնեության կողմնակիցների համար, կարելի է եզրակացնել այն փաստից, որ Մամիկոնյանները ժառանգաբար ունեին իրենց ձեռքում հայ բանակի գլխավոր հրամանատարությունը: Այսպիսով, քրմական հարուստ կալվածքը կապում էր եկեղեցին զորանոցի հետ և դառնում էր մի ամուր պատվանդան, ոչ միայն պաշտամունքի, այլև այդ պաշտամունքը գլխավորող խոշոր կալվածատիրական տան շահերի համար:

Իսկ այդպիսի նեցուկ շատ էր հարկավոր Գրիգորի տոհմին: Մեծ հարստությունը, մեծ ուժը, մանավանդ մեծ հեղինակությունը, տանում էին զարմանալի հաջողակ քահանայապետին և՛ դեպի իշխանամոլության, և՛ նրա այնպիսի մի տեսակը, որի նմանը զուր կլինի որոնել քրիստոնեական եկեղեցու այդ և նախընթաց դարերի տարեգրությունների մեջ: Իր իշխանությունը նա տալիս էր իր որդուն և այդպիսով սկզբնավորվում էր մի ժառանգական քահանայապետություն, մի կղերապետական դինաստիա, որ ընդհատումներով տևեց գրեթե մի ամբողջ դար և, ուրեմն, բավական ժամանակ ունեցավ մշակելու իր համար դինաստիական շահեր ու նախապաշարումներ:

Այս էլ մի պետություն էր, դարձյալ ավատական, ինչպես տեսանք, իր անթիվ ու անհամար հողատեր ձրիակերներով, որոնք բառիս բուն նշանակությամբ, լափում էին պետությունը: Այս դրությունը գալիս ընդհարվում էր աշխարհական պետության շահերի հետ: Թագավորական թագը և քահանայապետական խույրը դառնում էին իրար հակադրված ուժեր, և ընդհարումը դառնում էր անխուսափելի:

Պետական քրիստոնեությունից հայ Արշակունիները սպասում էին իրենց խախուտ գահի ամրապնդում, բայց դուրս էր գալիս հակառակը: Բավական չէր Սասանյան Իրանը, բավական չէին նրա կողմնակից հայ ավատական տերերը և ահա գալիս էր մի երրորդ ուժեղ կողմ, որ խարըսխված էր հենց այդ փնտրված բյուզանդականության վրա, բայց իր կուսակցական և դինաստիական շահերով չէր կարող չլինել հակառակորդների շարքերում: Ընդհարումը նրա հետ հասունանում էր արագ կերպով և չորրորդ դարի մի խոշոր մասը լցվում էր այդ ընդհարման անցուդարձերով: Արշակունիներն այդ կռվի մեջ թույլ կողմն էին, որովհետև նախարարական դասի մեջ կողմնակիցներ չունեին: ոսում էին տնտեսական հակամարտ շահերը: Արոտային գոտիների ավատականությունը, լինելով Սասանյանների կողմնակից, հեշտությամբ ենթարկվում էր պարսից արքունիքի գայթակղեցուցիչ խոստումներին` թե իրենց կտրվի Հայաստանի թագը: Մնում էին Մամիկոնյաններն ու նրանց կողմնակից նախարարները: Տարոնը նույնպես հովտային տնտեսության աշխարհ էր: Բացի դրանից նրանց Սասանյաններից հեռացնում էր քրիստոնեությունը, որի պաշտպանն էին և բնականաբար բյուզանդական մի կուսակցություն էին Հայաստանում, ուր նրանց հավաքողը, նրանց գլուխը քահանայապետական դինաստիան էր: Այս կուսակցությունն էր հայ Արշակունիների բնական դաշնակիցը, միայն այն պայմանով, որ թագավորական գահը հպատակեցվի քահանայապետության և վերջինս լինի պետության ճակատագրի կարգադրիչը թե՛ ներսում, և թե՛ դրսում: Օրինակը տվել էր Գրիգորը, առանց որի խորհրդի և թույլտվության Տրդատ թագավորը քայլ չէր անում, և մենք արդեն տեսանք նույն Գրիգորին պետական հողերն աջ ու ձախ ընծայողի դերում, ինչը որ մի ավատական երկրի մեջ նշանակում էր լինել գերագույն իշխանավոր, հավասարազոր թագավորին: Այս դիրքը հատկացրին իրենց և Գրիգորի ժառանգները: Տրդատի որդի Խոսրով Կոտակի ժամանակ պետության տերն ու տնօրենը Գրիգորի որդի Վրթանես կաթողիկոսն էր:

Բայց Գրիգորի ժառանգների մեջ այս կողմից առանձնապես հռչակավոր է Ներսեսը, որին երախտապարտ եկեղեցին հատկացրել է «Մեծ» տիտղոսը: Այս անսովոր եռանդոտ, համարձակ, իր կալվածական հարստությունների մեծ ուժով խրոխտ կղերապետը հանդիսացնում էր իրեն մի երկրորդ Գրիգոր, իր ձեռքի մեջ կենտրոնացնելով ոչ միայն երկրի ներքին կառավարությունը, այլև արտաքին հարաբերությունները, նրա ամբողջ դիպլոմատիան: Հողային հափշտակումների կողմից նա նույնիսկ գերազանցեց Գրիգորին, բաց անելով բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, կղերանոցներ և ապահովելով դրանց գոյությունը հողային անթիվ հատկացումներով: Ձրիակերությունը դառնում էր պետական իդեալ: Մարդիկ կային, որոնք հասկանում էին այդքան մեծ չափազանցությունների անթույլատրելիությունը և այդ տեսակ մարդկանցից մեկը Հայր Մարդապետն էր, որ գնալով Աշտիշատ, հիանում է այդ կալվածքի գեղեցկությամբ և հայտնում է Ներսեսին, թե որքան վատ բան է արել Տրդատ թագավորը այդպիսի մի չքնաղ վայր նվիրելով «կանացազգեստ» մարդկանց, այսինքն` հոգևորականներին: Հեզությունը կամ խոնարհություն կեղծող քրմապետն իսկույն մտնում է Քրիստոսի փեշի տակ և ասում է` թե կալվածքը երբ իրենն է, նշանակում է, թե Քրիստոսինն է: Հարցը սակայն դրանով չի փակվում: Հանդուգն բողոքողը մեկնում է Աշտիշատից, բայց նրա սահմաններից չհեռացած, սպանվում է կալվածական ձրիակերներից մեկի ձեռքով: Հերոսը դարձյալ Քրիստոսի փեշի տակն էր, ինքը չէր սպանել տվել, տվողը Քրիստոսն էր:

Այսպես գործել գիտեր քահանայական դինաստիայի հռչակավոր ներկայացուցիչը և ո՞վ պիտի լիներ նրան հակառակվողը, եթե Հայր Մարդապետի նման ազդեցիկ նախարարը ոչնչացվում էր լոկ մի քանի խոսքերի համար: Փավստոսը մի աննման միամտությամբ կարծում է իր սքանչացրած հերոսին դրած լինել պաշտամունքի աներևակայելի բարձրության վրա, երբ հավատացնում է, թե Ներսեսն իր ներքին բարեկարգություններով դարձրել էր Հայաստանը վանական միաբանության նման մի բան: Մնում էր, ուրեմն, որ այդ վանքպետության գլխից վերցվեր թագավորական թագը և նրա տեղը դրվեր քահանայապետական խույրը: Այսպիսով, Արաքսի հովտում երևան կգար մի տեսակ դալայ-լամայություն, որ սակայն արտաքուստ անկախ լինել չէր կարող, ուստի պիտի գտնվեր Բյուզանդիայի հովանավորության տակ: Սա էր քահանայապետական միապետության իդեալը, որ ինչպես կտեսնենք իր տեղում, ապրում էր նույնիսկ 19-րդ դարի կեսին և պաշտպաններ ուներ նաև եվրոպական կրթություն ունեցող ինտելիգենցիայի մեջ, հարմարվելով, իհարկե, ժամանակի քաղաքական պայմաններին:

Հայ Արշակունիները, չունենալով հանդերձ իրենց կողմը նախարարական դասի միակամությունը, զգում էին կարևորությունը` դիմադրելու կղերական միապետության առաջ բերող վտանգին, և այս ուղղությամբ ի վիճակի կլինեին հանդես բերել ցույց տվածից ավելի տոկուն և հաստատ կարողություն, եթե ընդհանրապես ապիկար և թուլամորթ չլինեին: Նրանցից մի երկուսը, Տիրան և Պապ, փորձեցին նույնիսկ հակառակվել Լուսավորչի ժառանգներին, հենվելով պետական իշխանության վրա: Բայց բռնությունը նրանց համար ուժ չդարձավ: Բռնությունը զոհեր էր առաջացնում, իսկ քրիստոնեական եկեղեցին գիտեր հիանալի կերպով շահագործել իր տված զոհերը` իր հմայքն ավելի ու ավելի բարձրացնելու համար: Այդպես եղան Հուսիկն ու Ներսեսն իրենց մահով` առհասարակ եկեղեցականության տիրապետության և մասնավորապես Լուսավորչյան դինաստիայի համար:

Հայ Արշակունիների համար դեռ մնում էր այն հակակշռող ուժը, որ ներկայացնում էր հռոմեական տիրապետութ-յան ժամանակակից տնտեսական կարգը Արաքսի և Արածանիի հովիտներում, այն է` քաղաքային տնտեսությունն իր առևտրական կապիտալով: Քանի որ կանգուն և գործունյա էր այս կարգը, անսասան պիտի մնար տնտեսական գերագահությունը Հայաստանի մյուս մասերի վրա, տալով դրա հետ միասին և՛ քաղաքական, և՛ մշակութային ուժեղ կենտրոնի դիրք Արարատյան աշխարհին, և լեռնային ավատականությունը պիտի այսպիսով ունենար հակակշիռ արոտային պարզ տոհմատիրական աշխարհավարության դեմ: Բայց տոհմատիրական տնտեսությունը Հայաստանում վաղուց էր մտել զարգացման այն ուղին, որ տանում էր դեպի ավատական տնտեսակարգը և մնում էր մի հեղաշրջմամբ ընդհանրացնել և ամրացնել ավատականությունը:

Այս հեղաշրջումը հատուկ է եղել առհասարակ բոլոր երկրներին, իբրև մի համաշխարհային կարգ տնտեսական զարգացման և մեծագույն մասամբ կատարվել է երկարատև, հաճախ խաղաղ պրոցեսի ձևով, կենտրոնական իշխանության թուլացման և ոչնչացման միջոցով: Բայց Հայաստանում այդ հեղաշրջումը կատարվում էր կատաստրոֆիկ եղանակով, դրսից արշաված բանակների ձեռքով:

Դրսից արշավող Սասանյան մեծ շահերից մեկն էր Շապուհ Երկարակյացը, որ մի քանի նախարարների առաջնորդությամբ և ունենալով իր կուսակցությունը երկրում ապրող ավատականության մեջ, մտնոմ էր Հայաստան` այդտեղի պարթևական կազմակերպությունները վտարելու համար: Իսպառ ոչնչացնել հայ Արշակունիներին նա չկարողացավ, ունենալով իր դեմ բյուզանդական մրցակցությունը, բայց թուլացնել նրանց, մատնել նրանց թագավորությունը մի երկարատև հոգեվարքի, կարողացավ լիուլի չափերով: Պարսկական զորքերը հեղեղեցին Հայաստանը, պարտության մատնեցին ամեն մի դիմադրական փորձ, մեծամեծ կոտորածներ և գազանություններ կատարեցին: Մեծ առևտրական ճանապարհի վրա ծաղկած քաղաքները մեկ-մեկ կործանվեցին, կամ բոլորովին ամայացան, կամ վերածվեցին գյուղերի և ավանների: Շապուհն այդ ամբողջ քաղաքային ազգաբնակչությունը, որ Փավստոսը հաշվում է 131 հազար տուն6, քշեց տարավ Պարսկաստան, ինչպես այդ նույնն արեց` դարձյալ առևտրական կապիտալը Արաքսի հովտից պոկել տանելու համար մի ուրիշ պարսկական մեծ բռնակալ` Շահ-Աբասը 17-րդ դարի սկզբում:

Հաշիվը միանգամայն անսխալ էր: Հայաստանի կենտ- րոնի ժողովուրդը տկարացնելու, անարյուն դարձնելու ամենաիրական միջոցը նրա առաջավոր զարգացման աղբյուրը ցամաքեցնելն էր: Հռոմեական իրականությունը վերանում էր: Շապուհ Երկարակյացի զինվորները ճիշտ նույն վիճակը բերեցին Հայաստանի գլխին, ինչ բարբարոսների արշավանքները հետևյալ հինգերորդ դարում բերեցին իրեն` հռոմեական կայսրությանը, ջնջելով նրա կապիտալիստական տնտեսությունը և հետ շպրտելով երկիրը նորից դեպի ավատականություն: Հայաստանն այս մեծ աղետալի հեղաշրջումից ուշքի գալ այլևս երբեք չկարողացավ: Այնուհետև նա գերազանցորեն մի գյուղական աշխարհ էր. արոտային տնտեսությունն իջավ նաև այն հովիտներն, ուր դեռ ծխում էին Նախիջևանի, Վաղարշապատի, Երվանդաշատի, Զարեհավանի, Զարիշատի և Վանի ավերակները: Ավատական հեղափոխությունը կատարված, լրացած իրողություն էր, կալվածատեր իշխանները կազմակերպված դաս էին դարձել և հավաքական կամք էին ցուցադրում թագավորական իշխանության դեմ: Հայ Արշակունիների ոչնչացումը դառնում էր ժամանակի հարց:

Այս մեծ իրարանցման մեջ անվնաս դուրս էր գալիս Գրիգորի դինաստիան, չնայած որ Շապուհ Երկարակյացի արշավանքի գլխավոր դրդապատճառն էր այդ դինաստիայի հունամոլ քաղաքականությունը: Ավատական հեղափոխությունից դժգոհելու նա ոչ մի առիթ չուներ, որովհետև ինչպես տեսանք, ավատականությունը նրա հարազատ տարրն էր, որի հզոր նեցուկն ու պաշտպանն էր` իբրև նրա առաջնակարգ մի ներկայացուցիչ: Մամիկոնյանների սպարապետական տունը մնաց իր նախկին դիրքի և նշանակության մեջ, իբրև գլխավոր ղեկավար այն նախարարական ուժեղ կուսակցության, որի շահերը կապված էին Լուսավորչի տոհմի և բյուզանդական օրիենտացիայի հետ: Իր ավատական բնույթն ու ավատակարգի ընդհանուր շահերի հետ մերված մնալու տրամադրությունը քահանայապետական դինաստիան ցուցահանում էր մի շատ բնորոշ շարժման մեջ: Երբ Արշակ թագավորը, անշուշտ դիտավորությամբ, որ կործանված քաղաքային տնտեսության գոնե փշրանքները վերականգնի, Մասիսի հարավային ստորոտում, Տրապիզոնից Պարսկաստան տանող առևտրական մեծ ճանապարհի վրա, շինեց Արշակավան քաղաքը, որ Փավստոսի ասելով, սկսեց արագ մեծանալ և հարստանալ, հայ ավատական ազնվականությունը, բնականաբար ծառացավ այդ հակաավատական երևույթի դեմ, և Ներսես «Մեծը» առաջինը եղավ, որ ղեկավարեց ու բորբոքեց նախարարական անբավարարությունը, մինչև որ գրգռված ավատապետերը գնացին քանդեցին, երկրի երեսից անհետացրին իրենց դասակարգային թշնամի Արշակավանը: Թշնամի, մանավանադ այն կողմից, որ այդ մի ազատ քաղաք էր և նրա մեջ ապահով ապաստան կարող էին գտնել նաև իրենց տերերից փախած ճորտ գյուղացիները: Շատ բնորոշ է և այն պատճառաբանությունը, որով կղերական հեղինակն արդարացնում էր նախարարական բարբարոսությունը` իբր թե Արշակավանը լցված էր անբարոյականությամբ: Բայց այս մի սովորական մեղադրանք է, որ դնում էր հայ կղերը բոլոր այն միջնադարյան քաղաքների վրա, ուր ծաղկած էր առևտրական կապիտալը և մարդիկ ուտում, խմում և զվարճանում էին առատ-առատ (օրինակ Անին, Կարսը, Արծնը և այլն):

Կղերական հնագիտությունը մեծ ճարպկությամբ էր խաբում մարդկային տգետ հավատը` մենք այս տեսանք Գրիգորի տոհմի ձեռքին իբրև ամենահզոր գործիք, որով մեծ բախտ, հարստություն և տիրապետելու անսահման իշխանություն ստեղծեց իր համար: Մի բանի մեջ միայն անհաջողության հանդիպեց հռչակավոր տոհմը և այդ քահանայապետության ժառանգականության տևողականությունն էր: Այս մի մեծ հոգս էր և նրա համար գործադրվել էին արտակարգ միջոցներ անգամ: Ամենից առաջ խախտվել էր եպիսկոպոսական կուսակրոնության կարգը. կաթողիկոսը պետք է ամուսնացած լիներ, որպեսզի ժառանգ թողներ: Գրիգորի որդի Վրթանեսը թողնում էր մի հատ ժառանգ մանուկ հասակում, Հուսիկ անունով, և սակայն, այդ մանուկին կաթողիկոս ձեռնադրեցին: Սրա վրա էլ ընկնում էր ժառանգ ունենալու տոհմային պարտականությունը: Եվ այս մի ամբողջ ցավ ու կրակ է դառնում նրա համար, կամ ավելի ճիշտ ասած, նրա պատմաբան Փավստոս Բուզանդի համար:

Սրա համար Հուսիկը սրբության ու մաքրության ամենաբարձր կատարելատիպն էր, մի, ինչպես ասում են, մարդ-հրեշտակ: Բայց ինչպե՞ս համաձայնեցնել այս պատկերացումն այն փաստի հետ, որ նա հայր էր երկու կատարելապես փչացած տղաների, որոնք հոգևորական չդարձան, բայց շարունակեցին վայելել իրենց պապերի Աշտիշատը, 15 գավառներն էլ: Ի՞նչ ասի Փավստոսը, որ լավ լինի իր հրեշտակատիպ Հուսիկի համար: Նա երդում հավատ է անում, թե Հուսիկը միայն մի գիշեր է քնել իր կնոջ հետ, բայց ինչպես սուրբ մարդ` տեղն ու տեղը իմացել է, իհարկե երկնքի օգնությամբ, որ կինը հղիացավ, պիտի ծնե մի զույգ տղա, երկուսն էլ անարժան կաթողիկոսանալու: Եվ այնուհետև այլևս չէր մոտենում կնոջը:

Ահա ինչեր էին հյուսվում և հերյուրվում քահանայապետական դինաստիան պահպանելու, բարձր և զարդարուն պահելու համար: Բայց Հուսիկից անհամեմատ դժբախտ էր Ներսես Մեծի որդի Սահակը: Սրան բոլորովին չէր հաջողվում ունենալ արու զավակ և նա տխուր ու վշտաբեկ ասում էր. «Յառաջ քան զամս բազումս խորհուրդը զնմխիթարք նեէին զիս, անդադար զմտաւ ածելովե աղաչելով զբարձրեալն շնորհել ինձ մի արու որդի, որպես և նախնեացն իմոց, որք յառաջ քան զիս էին ամուսնացեալք յաղագս որդեծնութեան»7: Բայց նրան վիճակված էր այդպես էլ անմխիթար մտնել գերեզման: Ճակատագիրը ծաղրել էր քահանայապետական միապետության վերջին ներկայացուցչի տոհմային իշխանապետական իղձերից ամենավառը, տալով նրան մի աղջիկ միայն, որ կարող էր ժառանգել դինաստիական 15 գավառները, բայց ոչ խույրը: Նա Մամիկոնյան տան հարս էր և Սահակը նրան տվեց բոլոր կալվածքները: Այսպիսով կալվածորեն վերջ ի վերջո միաձուլվում էին երկու հռչակավոր տոհմերը, և Մամիկոնյաններն այս միաձուլումից ուժեղանում էին, առաջացնելով հայ ավատական դասի մեջ նորանոր կալվածատիրական հակադրություններ և մրցություններ, որոնք հիմք դարձան հինգերորդ դարի կրոնական պատերազմ անունով հռչակված, բայց իրապես կալվածատիրական տակնուվրայությունների համար:

Բայց Լուսավորչի վերջին արու զավակը, եթե ավատական տիրապետողի անձնականությունը կարողանար մի կողմ թողնել, առիթ չէր ունենա այնքան անմխիթար լինելու դինաստիական եսամոլության տեսակետից: Ճիշտ է, Գրիգորի սերունդն անհետանում էր Հայաստանի իշխանապետական իրականությունից, բայց դրա փոխարեն թողնում էր մի նոր Հայաստան, որի հոգին էր նրա կազմակերպած և գործի կանգնեցրած եկեղեցականությունը: Սահակի մեռնելու ժամանակ ոչնչացած էր Արշակունիների ստվերային միապետությունը, բայց նրա տեղը հաստատված էր հոգևորականների միապետությունը, որը շատ լավ կարողացավ կենսական արմատներ գցել Հայաստանի ավատական բազմագլխության մեջ և դառնալ նրա մի չափազանց կարևոր մասը` պահելով իր գերիշխանությունը բոլոր ավատական տերերի վրա հենց նրանով, որ թեև ինքն էլ ուներ ավատական կազմակերպություն, բայց անվթար և ուժեղ պահեց ծայրագույն կենտրոնացնող իշխանությունը` հանձին քահանայապետական գլխավորության: Եկեղեցու մեծ ուժը աշխարհիկ ավատական իշխողների հետ եղբայրանալն էր: Ինքը` Սահակն, այս գործի մեջ ահագին դեր էր կատարում, հիմնադիր հանդիսանալով հայերեն գրականության, որ հմայք և հեղինակություն էր ստեղծում եկեղեցու համար, բայց որ իր մի խոշոր մասով գերազանցորեն ավատական էր:

Այս մի վերջնական և անդիմադրելի նվաճում էր, որ կատարում էր հայ եկեղեցականությունը հայ ժողովրդի գլխին նստելու և նրա ամբողջ ճակատագիրն իր ձեռքի մեջ առնելու համար: Եվ այսպես էր, որ հայ ժողովուրդը, մի հարազատ բեկոր արևելյան Միջնադարի, վերածվում էր մի կրոնական համայնքի, որի առանձնահատուկ, ընդմիշտ դրոշմված և անջնջելի անունն էր` Գրիգորից ստացած, լուսավորչականություն: Այս միայն անուն չէր, այս սպառիչ բովանդակություն էր, որ փաթաթում, ծրարում էր այդ կրոնական համայնքը նեղ ու թանձր, սահմանափակող ու կղզիացնող ավանդավորության մեջ: Քաղաքական կյանքի համար թույլ, անպտուղ և ապիկար, այդ համայնքն ապշեցնող համառությամբ և տոկունությամբ լուսավորչական էր իր հոգևորականության հրամանով: Չկար զոհվելու և ոչ մի եղանակ, ոչ մի չափ ու աստիճան, որ հայ կղերը չպահանջեց հայ ժողովրդից` լուսավորչականությունը պահպանելու համար: Եթե այդ ժողովրդի պատմությունը հյուսված է աղետներից, ամենամեծ աղետն այն էր, որ նա պարտավոր էր լինել լուսավորչական, չէր կարող լուսավորչական չլիներ: Այս էր հիմքն այն քաղաքականության, որ հայ կղերը ժառանգել էր Լուսավորչի տոհմից` գործադրելու համար ոչ միայն երկրի ներսում, այլ առավելապես և ստիպողաբար արտաքին հարաբերությունները վարող դիվանագիտության մեջ, որի կղերական մենաշնորհ դարձնողն ու իր եկեղեցուն ավանդողը եղել էր, ինչպես տեսանք, ինքը Գրիգորը, լուսավորչականության հիմնադիրն ու առաքյալը:

* * *

Միանձնյա կղերապետության դիվանագիտական գիծը շատ ուղղաձիգ, շատ պարզ, անկնճիռ էր և մանավանդ դյուրըմբռնելի: Եթե կամենանք մի հատ բառով բնորոշել այդ գիծն իր սկզբնավորումից իսկ ելնելով, ամենից հարմարը, կարծում ենք կլինի արևմտամոլությունը: Աշխարհագրաան այս բովանդակությունը կղերական դիվանագիտությանը տալիս էր քրիստոնեության տարածումը: Հայաստանից էլ առաջ դեպի արևելքի քրիստոնեությունը, իբրև հաստատուն և երկարատև համատարածություն, ոչ ոք չգնաց, և այս երկիրը կախվեց Մերձավոր Արևելքի մեջ իբրև քրիստոնեության առաջավոր պահակ` միացած, ճիշտ է մի քանի մանր դրացիների հետ, բայց ընդհանրապես ինքն էլ փոքր, թույլ, մենակ: Ամեն ինչ, որ քրիստոնեությունն ուներ` ուժ, հզորություն, ահարկու տեսք և ամենից առաջ, իհարկե, աշխարհակալություն, նվաճողականություն, գտնվում էր Արևմուտքում: Կղերական հասկացողությամբ, աշխարհի վրա կարող է գոյություն ունենալ միայն մի շահ` քրիստոնությունը: Այս շահի տեսակետից միջազգային հարաբերությունների մեջ չի կարող լինել մի այլ հզոր կապ, բացի կրոնակցությունից:

Հայաստանն, իբրև քրիստոնյա երկիր, բնականաբար գտնվում է ¥այդպես էր ըմբռնումը¤ բյուզանդական մեծ պետության ամբողջ ուժի հովանու տակ և նրա իրավունքն է միշտ պաշտպանված լինել, քրիստոնյա լինելուց բխող և անժխտելի հետևանքով, այդ մեծ պետության կողմից: Այս բնական իրավունքը, որ կղերական մտածողությունը հատկացնում էր ամեն մի այն տեսակ երկրի, որին կրոնակցությունը կապել է մի ուժեղ պետության հետ, միանգամայն բավական էր, որ հայերն արհամարեն նրանց կրոնն ու մշակույթը, այլ նույնիսկ նրանց պետական ուժը: Այս ուժը, որ ուղարկում էր Հայաստան հարավից և արևելքից, Իրանն էր:

Եվ այսպես էլ անում էր քահանայապետական դինաստիայի ձևակերպած դիվանագիտությունը: Փավստոսը գործ է ածում բոլորովին աներկմիտ արտահայտություններ` «վասն խաղաղութեան ուխտին միաբանութեան դաշինն, որ էր աշխարհին հայոց ընդ կայսերն յունաց»8: Այս դաշինքով կղերական միապետությունը դարձնում էր Հայաստանը բյուզանդական մի գավառ կամ ինչպես անվանում է Եղիշեն «դաստակերտ»9:

Պաշտամունք դարձնելով արևմտամոլությունը, հայ կղերական դիվանագիտությունը իրեն դարձնում էր այդ պաշտամունքի կույր, մոլեռանդ քուրմը և հենց սկզբից մեծամեծ զոհերով էր պատվում ու փառաբանում իր այդ կուռքը: Առաջին նշանավոր զոհը Պապ թագավորն էր, Ներսես Մեծի հակառակորդը:

Շապուհ Երկարակյացի փռած ավերակներն է ժառանգություն ստանում այս թագավորն իր հայր Արշակից և հանդես է բերում կամքի ուժ, վճռականություն և պետական ուժեղ շինարարություն, որոնք բոլորովին հատուկ չէին հայ Արշակունիներին: Եվ սկսվեց անխուսափելին` պայքար աշխարհական և հոգևորական միապետությունների միջև: Ահավոր բախում էր տեղի ունենում երկու սկզբունքների միջև. Ներսեսի համար ամբողջ պետությունն իր ամբողջ ժողովրդով եկեղեցու համար էր, իսկ երիտասարդ թագավորը հակադրում էր դրան բոլորովին հակառակ սկզբունքը` պետության և ժողովրդի նախամեծարությունը: Պապը ջախջախեց արևմտամոլության չափազանցությունը, բարեկամական հարաբերություններ սկսեց նաև Պարսկաստանի հետ: Այս մերձեցումը կդադարեր կասկածելի լինել միայն այն դեպքում, եթե կանգնեցվեր կամ առնվազն մեղմացվեր Հայաստանի բյուզանդականացումը: Ոչ միայն այս հանգամանքը, այլև իր պետության ուղիղ հասկացված շահը, թելադրեցին Պապին մի շարք արմատական միջոցներ այս ուղղությամբ: Հիմնահատակ քանդվեց այն վանական կառուցվածքը, որ Ներսեսը տվել էր Հայաստանին: Հետ վերցվեցին վանքերին ու եկեղեցիներին հատկացված հողերը, փակվեցին այն բազմաթիվ կրոնական հաստատությունները, որոնք ծծում էին պետության կենսական հյութերը` իրենց մեջ սնուցելու համար մի բազմամբոխ քրիստոսասեր ձրիակերություն, բաղկացած վարդապետներից, կույսերից և ուրիշ տեսակ հոգևոր տզրուկներից:

Այս անխնա մարտի մի հրավեր էր, որ համարձակ Արշակունին խփում էր քահանայապետական միապետության և Հայաստանի տերը դարձած սանձարձակ բյուզանդականության դեմքին: Եվ հասկանալի է, թե ինչ տեսակ անհնարին ցասում պիտի բորբոքվեր հակառակորդների բանակում: Ներսեսը, որ սովորել էր տեսնել ամեն ինչ խոհարհված իր միապետական կամքի առաջ, չկարողացավ տանել Պապի հարվածները և մեռավ: Կղերական կատաղության մասին հասկացություն տալիս է Լուսավորչի տան խանդավառ երկրպագու Փավստոսը, ամեն տեսակի հեքիաթային այլանդակություններ բարդելով ատելի թագավորի անձի վրա: Նա իբր թե հրեշ էր, և դև էր, նրա ծոցում օձերն էին բնակվում, հավատացնում է կղերական չարախոսը մի շինծու միամտությամբ:

Ներսեսի մահը, դրան կից Պապի ամբողջ արտաքին և ներքին քաղաքականությունը, առիթ էր դառնում, որ մահվան դատապարտվի և ինքը` թագավորը: Սպանությունը կատարում էին բյուզանդական զորքերը, բայց հայերին անհայտ չմնաց, որ այդ գործի բուն հեղինակը քաջ և բազմահռչակ Մուշեղ Սպարապետն էր, ինչ ասել կուզե, Մամիկոնյան տոհմից, որպես և այս վայել էր Լուսավորչյան տան պաշտպան տոհմին: Պապի սպանությունը բերում էր իր հետևից և այս Մուշեղի սպանությունը, որ կատարվեց թագավորի կողմնակիցներից մեկի ձեռքով: Երկրի համար այս մի մեծ կորուստ էր: Եվ այդ դժբախտության վրա ավելանում էր մեծագույնը` ամբողջ միջազգային պատերազմ Մամիկոնյան և թագավորական կողմնակիցների միջև:

Այս արյունահեղ իրականացումներն ամենևին չվարկաբեկեցին կամ գեթ չթուլացրին հայ կղերական դիվանագիտության պաշտամունքը` արևմտամոլությունը:

Մուշեղ Սպարապետի գումարած ժողովն, իհարկե, ուրիշ վճիռ չէր կարող կայացնել: Նա ասում էր այն, ինչ կասեր Գրիգոր Լուսավորչի տոհմի ամեն մի ներկայացուցիչ: Կղերական դիվանագիտության սկզբունքը, գործադրված աշխարհականների ձեռքով, մի բան, որ սովորական էր դառնում այս առաջին օրինակից հետո: Եվ Մուշեղ Սպարապետի սպանությունը արդյոք մի բողոք չէ՞ր այդ նախարարական վճռի դեմ:

Իսկ ի՞նչ փոխադարձություն էր ստանում այսքան զոհերով ու զրկանքներով Հայաստանում բյուզանդական քրիստոնեության տնկած ու սնուցած արևմտամոլությունը:

Այս հարցին պարզ ու մեկին պատասխանում էր բյուզանդական դիվանագիտությունը:

Նա, իհարկե, քրիստոնեական էր ոտից մինչև գլուխ, նա, իհարկե, երկնքի փառքին էր ծառայում, գիտեր կրոնակցության նշանակությունը միջազգային հարաբերությունների մեջ, գիտեր և արժեքավորել նրան, հարկավոր դեպքում, նաև պատերազմի հիանալի կերպով շպարված առիթ: Նա սիրառատ ժպիտներով էր նայում բյուզանդականացած Հայաստանին, ընդունում էր նրա խոնարհ ու հիացական երկրպագությունները, նրա բերած խունկն ու աղոթքը, մի մեծ ու հզոր պետության վայել վեհ ողորմածությամբ: Բայց այս բոլորը դեռ չէր նշանակում, թե Հայաստանի անկախությունը շատ է թանկ նրա սրտին: Հայաստանի կրոնակցությունը նյութ էր, որից բյուզանդական դիվանագիտությունը իր համար խաղեր էր ստեղծում` իր սեփական շահերը հաղթանակող դարձնելու համար: Առարկան ինքը` Հայաստանը չէր, այլ Բյուզանդիայի հզոր մրցակիցն Արևելքում` Իրանը: Մենք տեսնում ենք բյուզանդական զորքերը Հայաստան մտած` հայերի հետ միասին Շապուհի դեմ կռվելու համար: Այստեղ լիովին իրականացած էր երևում հայ կղերական դիվանագիտության իդեալը: Բայց այս չի խանգարում բյուզանդական քրիստոսասեր դիպլոմատիային գրեթե միաժամանակ համաձայնություն կայացնել նույն Շապուհ Երկարակյացի հետ և բաժանել Հայաստանը Իրանի և Բյուզանդիայի միջև:

Այս գործողությունը, որ կատարվեց 384-ին, խողխողում էր հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը: Հայաստանն այսուհետև այլևս չկարողացավ մի քաղաքական ամբողջություն գոյացնել թեկուզ ավատական բովանդակությամբ:

Այս բավական չէ ավազակային հափշտակության գործողությունն ըստ արժանավույն գնահատելու համար: Մենք այստեղ գեղեցիկ առիթ ունենք համեմատության դնելու հայ կղերի համար պաշտամունք դարձած արևմտյան պետական քրիստոնեությունը նույն այդ կղերի ատած և մեծամտաբար արհամարված հեթանոս Պարսկաստանի քաղաքականության հետ:

Ստանալով Հայաստանի արևմտյան բաժինը, Բյուզանդիան երկու տարվա մեջ վերջ դրեց նրա առանձին թագավորության և սկսեց արագ և անողոք կերպով ապազգայնացնել այդ երկիրը, հունացնել: Մինչդեռ պարսկական բաժին դարձած Արևելյան Հայաստանում հայ Արշակունիները շարունակեցին իրենց թագավորությունը դեռ էլի 40 տարուց ավելի և այնտեղ էլ կենտրոնացավ ամբողջ հայ մտավորական և նյութական մշակույթը:

Չնայած, սակայն, այս բացարձակ և ակնբախ իրողության, արտաքին քաղաքականությունն իր ձեռքում պահող հայ հոգևորականությունը Պարսկական Հայաստանից, մորթված բյուզանդական Հայաստանի վրայով, իր զույգ աչքերը հառած էր Բոսֆորի ափերի վրա, համարում էր այնտեղի քրիստոնյա կառավարությունն իր միակ պաշտպանն ու փրկիչը կրոնակցության օրենքով:

Վերևում մենք տեսանք Սահակ կաթողիկոսի հոգեկան տագնապը արու զավակ չունենալու պատճառով: Այդ վշտի մեջ նրա համար մխիթարությունն էր այն, որ իր առանձին խնամքի տակ պահում էր ավագ թոռին` Վարդան Մամիկոնյանին, որի իշխանապետական պատիվը բարձրացնելու համար հատուկ ուղևորություն կատարեց Միջագետք, Սասանյան Տիզբոն մայրաքաղաքը: Այդ Վարդանն իր հռչակավոր պապի միջնորդություններով, բայց մանավանդ ժառանգություն տված հողային ահագին հարստություններով հայ ավանդական ազնվականության առաջին շարքն էր մտնում, մարմնացնելով իր մորապապերի և իր սեփական հայրենի տոհմի ավանդները, այսինքն հունամոլ կղերական քաղաքականությունը: Մամիկոնյանների այնքան ուժեղացումն ու բարձրացումը բնական հակառակություններ ու կուսակցական ընդդիմամարտություններ էին առաջացնում ավատական կալվածատիրության մեջ, որոնք, ինչպես ամենուրեք է տեղի ունենում այս տնտեսական կարգի մեջ, արագ փոխվում էին կռվի` ավատական գահերեցության տիրանալու համար: Իսկ կռիվը կողմեր է կազմակերպում և իրական ուժերի զոհաբերություններ ստեղծում: Վարդանի կողմն ուժեղ էր: Սահակ կաթողիկոսն այդ ժամանակ կենդանի չէր, բայց նրա անխոնջ հոգսերով պատրաստված հունամոլ հոգևորականությունը նրա սիրելի թոռան ամենագործունյա օգնականն եղան, և այսպիսով ավատական պայքարին հաղորդվեց կրոնական հանգամանք: Հակառակ կողմին, Վասակ Սյունու գլխավորությամբ, մնում էր ըստ հին սովորության, հենվելով Սասանյանների ուժի վրա, գրգռելով նրանց ժառանգական կասկածը բյուզանդականության դեմ, մի կասկած, որ արդեն մի քանի անգամ հանգել էր հակաքրիստոնեական հալածանքների, որոնց զոհ էին դարձել սիրիացիները: Այժմ Սասանյան ֆանատիկոսությունը Հայաստանում էր ընդհարվում բյուզանդամոլ ֆանատիկոսության հետ և հայ հոգևորականությունը գրգռում էր մի հախուռն և կորստարար ապստամբություն` դրոշակ ունենալով Սահակ Պարթևի թոռան:

Կղերական ապստամբությունը գիտեր, իհարկե, որ իր դեմն ուներ ամբողջ ահարկու Իրանը, բայց մեծ հույս ուներ բյուզանդական օգնության վրա, որ ապստամբության առաջնորդները գրեցին Թեոդորոս կայսրին, և որ կարող է հայ կղերական դիվանագիտության առաջին գլխավոր հաղորդագրությունը համարվել, ինչպես նաև նմուշ այն մեծագույն իմաստության, որով նա կործանում էր իրեն` զարդարված ամեն ժամանակ, մինչև իսկ մեր ժամանակներում:

Դիմողները չէին մոռացել նաև նշել հայ ժողովրդի բարեմասնությունները: Հիշեցնում էին, որ Հայաստանը մի ժամանակ հռոմեացիների համար եղել է «մեծ և սիրելի դաստակերտ», որ Տրդատը Հռոմում է ապաստանվել և թագ ստացել, որ քրիստոնեությունն էլ Հռոմի սուրբ եպիսկոպոսից է ստացվել Հայաստանում:

Ինչպես հեշտ կարելի է տեսնել, հինգերորդ դարի այս դիվանագիտական դիմումը գրեթե ոչնչով չէր տարբերվում 19-րդ և 20-րդ դարերում եղած անթիվ ու անհամար դիմումներից: Հայ կղերական դիվանագիտությունը այս միակ լեզուն է կարողացել մշակել 14-15 դարերի ընթացքում:

Բայց Ի՞նչ եղավ այդ դիմումից: Թեոդորոս կայսրը մե- ռած էր, երբ հայ պատգամավորությունը հասավ Կ. Պոլիս: Իսկ նրան հաջորդած Մարկիանոսը ոչ միայն օգնություն չի ցույց տալիս, այլ դարձնում է Հայաստանը ստոր վաճառքի առարկա: Այս շատ լավ գիտե և Եղիշեն:

Եվ չէին իմանում հայ խակամիտ քաղաքագետները, թե ինչու եղավ այսպես: Նրանք կարծեցին, թե կայսրի խորհրդականներն էին վատ մարդիկ, ուստի այսպիսի տխուր վախճան ունեցավ իրենց քրիստոսասիրական մուրացկանությունը: Եվ դարձյալ մնաց այն հավատը, թե կրոնակցությունն Արևմուտքի հետ այն միակ փրկությունն է, որին կարող է ակնկալել հայ ժողովուրդը:

Նկատենք այստեղ հայ կղերական դիվանագիտության մի առանձնահատկություն էլ` ամբողջ հայության անունից նշանաբաններ ձևակերպելը: «Մահ աստվածապաշտությամբ, քան զկեանս ուրացությամբ» — այս նշանակում էր, մի ամբողջ աշխարհ պիտի մեռնի` քրիստոնեության, կամ ավելի ճիշտ, լուսավորչականության համար: Եվ դուրս էր գալիս, որ մի բուռ մարդիկ մի ամբողջ ժողովրդի ֆիզիկական գոյության տեր ու տնօրեն էին դարձնում իրենց և մատնում էին նրան կոտորածի և բնաջնջման` հանդեպ սրանից շատ ուժեղ հակառակորդ կողմի: Հայ կղերական դիվանագիտության ներկայացուցիչները չգիտեին և երբեք չէին իմացել համրել հայ ժողովրդից խլած բոլոր զոհերը: Հախուռն, անշրջահայաց, անպատասխանատու են եղել և այս պատճառով մի փոքրիկ և տկար ժողովրդի ողջակիզումը կատարել են խղճի հանգստությամբ: Եղիշեն իր փառապանծ Վարդանանց դժբախտ և աղետալի ապստամբությունն արդարացնելու և հիմնավորելու համար, հավատացնում է, թե ամբողջ աշխարհն ուզում էր մեռնել իր կրոնի համար և ամենը վազում էին դեպի պատերազմի դաշտը, ինչպես ոչխարները` դեպի աղը: Այս բանաստեղծություն է, որ երբեք չի պակասել կղերական դիվանագիտությանը` թե՛ իրեն և թե՛ ուրիշներին խաբելու համար: Ղազար Փարպեցին տալիս է նույն պատերազմի նկրագրությունը և մենք այստեղ տեսնում ենք ավատական իշխանների հրամանով Ավարայրի դաշտը քշված ճորտ գյուղացիների ամբողջ զանգվածներ, որոնք փախչում են դաշտից, պատերազմը դեռ չսկսած:

Ավատական Հայաստանը քարուքանդ եղավ այդ պատերազմից, որը պարսիկները ճնշեցին ամենայն անգթությամբ: Բայց կղերական դիվանագիտությունը չսարսափեց այդքան զոհերից, ոչ էլ խրատական դասեր առավ ժողովրդական մեծ աղետից: Եկեղեցու մեջ կար մի գիրք, որ կղերի մեծագույն նեցուկներից մեկն էր կազմում և որի անունն էր «Տոնացույց»: Այս գրքի մեջ մտցվեց այսպիսի հիշատակություն. «Սրբոց Վարդանանց զորավորանց մերոց հազար երեսուն եվ վեց վկայից, որ կատարեցան ի մեծի պատերազմին»: Կղերական դիվանագիտությունն այս շնորհն էր անում կոտորված ժողովրդին և այնուհետև կարող էր հանգիստ շարունակել իր վարքագիծը:

Այլևս կարիք չկա, որ մենք շարունակենք պատմական որոնումները մեր ընտրած նյութի վերաբերյալ: Շարունակել` կնշանակեր վերլուծել մեր պատմության մի խոշոր մասը հինգերորդ դարից հետո, մինչև մեր օրերը: Այսօր մեր առջև այդպիսի խնդիր չկա: Մեր կատարած ուսումնասիրությունն էլ, կարծում ենք, միանգամայն բավարար է, որպեսզի ընթերցողին պարզ լինեն մեծ և ճակատագրական երևույթի երեք գլխավոր հանգամանքները` սկզբնավորությունը, հայ կղերական դիվանագիտության վերաբերմունքը դեպի բյուզանդականությունը և վերջինիս վերաբերմունքը դեպի կրոնակից Հայաստանը:

Ինչ որ տեսանք մինչև այժմ, նույնը կրկնվում է և այսուհետև, երկար և երկար դարերի ընթացքում: Եվ չի էլ կարելի ասել, թե հոգևորականությունն այսպիսի ղեկավարող դեր երկրի քաղաքական ճակատագրի վերաբերմամբ խաղացել է շնորհիվ այն հանգամանքի, որ նա քաղաքայկան իշխանության անկման և ոչնչացման շրջաններում եղել է հայ ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչը: Նախ` այս հանգամանքը բացասում է մեր 4-րդ և 11-րդ դարերը, վերջինս Անիի թագավորության մեջ, երբ գոյություն ուներ թագավոր ¥Գագիկ¤, բայց խաղալիք էր Պետրոս կաթողիկոսի ձեռքում, մի շահամոլ և զզվելիորեն ագահ կղերականի, որ միացած մի քանի ավատական տերերի հետ, վաճառեց Հայաստանի այդ գավառային անկախությունը բյուզանդացիներին, բայց և այնպես, կղերական գրականության մեջ ոչ միայն չի ստացել որևէ կշտամբանք այդ պղծալի գործի համար, այլ դեռ զարդարվել է հրաշագործ սրբի ¥«գետադարձ»¤ լուսապսակով: Երկրորդ` խնդիրը ներկայացուցիչ լինելը կամ չլինելը չէ: Խնդիրը սկզբունքն է, բովանդակությունը, ըմբռնումն է, աշխարհայացքը: 19-րդ և 20-րդ դարերում մենք ունենք մի շարք փաստեր, երբ կղերական դիվանագիտության վարիչները հոգևորականներ էլ չեն, այլ աշխարհականներ, անգամ այնպիսիները, որոնք համարում էին իրենց «սոցիալիստներ»:

Մեզ մնում է երևույթի ամբողջ տևողականության վերաբերմամբ պատմական ճշմարտությունը պահպանած լինելու համար, վերցնել բյուզանդականություն տերմինը և նրա տեղը դնել քրիստոնյա Եվրոպա: Էությունն այս փոփոխումից մազի չափ չի վնասվի երկու կողմերի համար և դրությունը կմնա հավերժական` մի կողմը, այն է` հայ կղերական դիվանագիտությունը` լացող, մուրացկան «Քրիստոսի սերին», իսկ մյուս կողմը` քրիստոնեական դիպլոմատիան` ստախոս, խաբեբա, դավաճան, ազգերի արյունը առևտուր դարձնող, ինքն էլ վաճառվող մի բոզ:

Թե որքան չարաղանդ մի մոլորություն էր հայ կղերա- կան դիվանագիտության պաշտամունքը, այս հանգամանքը հայոց պատմությունն էլ ընդգծել է մի շարք խոշոր փաստերով: Առաջին փաստը մենք տեսանք, Պապ թագավորը` զոհ: Նրանից հետո էլ հայ իրականության մեջ երևացել են գործիչներ, որոնք հասկացել են, թե երկրի քաղաքական շահերը բարձրաբարբառ հրամայում են ձեռք վերցնել կրոնակցության թշվառ հենարանից փոխադարձության լեզու գտնել հարևան ուժեղ, տիրապետող, բայց ոչ քրիստոնյա պետությունների հետ: Պապից հետո երկրորդ տեղը պատկանում է Թեոդորոս Ռշտունուն ¥7-րդ դար¤, որը հիասթափվելով Բյուզանդիայի խարդախ քաղաքականությունից, դաշնակցեց արաբների հետ` Հայաստանի համար շատ ձեռնտու պայմաններով` ընդդեմ Բյուզանդիայի, բայց դրա համար նրա դեմ թշնամություն բարձրացրեց ժամանակի հունամոլ կաթողիկոս Ներսես Շինողը:

Ավելի փառավոր օրինակ ներկայացնում է Կիլիկիայի Մլեհ իշխանը ¥12-րդ դար¤, մի շատ բացառիկ երևույթ հայոց պատմության մեջ: Նա դաշնակցում է հարևան մահմեդական պետությունների հետ, նրանց օգնությամբ հաղթական պատերազմ է մղում տեղական լատինական իշխանությունների դեմ: Այս միակ մարդն էր, որ մի կողմ նետելով կրոնական նախապաշարումները, հենց այդ միջոցով ուժեղացավ այնքան, որ պատերազմներ մղեց մինչև իսկ Բյուզանդիայի դեմ և երբեք չպարտվեց, մինչև որ Մանվել կայսրը ստիպված եղավ հաշտություն կնքել նրա հետ:

Բայց այսպիսի մի երևույթ չէր կարող տանել հայ կղերական դիվանագիտությունը և Մլեհը սպանվեց յուրայինների ձեռքով, հազիվ կարողանալով վարել իր իշխանությունը հինգ տարի:

Մի ուրիշ օրինակ` ավելի ևս զարմանալի: Նույն Կիլիկիայի Հեթում թագավորը ¥13-րդ դար¤, որ մոնղոլական աշխարհավեր արշավանքներից իր երկիրն ազատելու համար դաշնակցություն կնքեց մոնղոլների մեծ խանի հետ և դրա համար մի տաժանելի և անսովոր ճանապարհորդություն կատարեց Միջերկրական ծովի ափից մինչև Մոնղոլիայի Կարակորում մայրաքաղաքը: Հեթումը պարտավորվեց իր զորքերով օգնել մոնղոլական բանակներին, բայց դրա փոխարեն պահպանեց իր պետության խաղաղությունն ու անկախությունը:

Հայ ժողովուրդն, ուրեմն, միանգամայն զրկված չէր իրերն իրենց իսկական արժեքով, նշանակությամբ տեսնելու և կշռադատելու ընդունակությունից: Բայց մեր բերած այս վկայությունները մնում են կղզիացած ու առանձնացված, իբրև անհասկանալի, հալածվող բացառություններ հայ կղերական դիվանագիտության կատարյալ և անսահմանափակ տիրապետության ներքո:

1 Այս դրությունների մասին տես իմ հոդվածը` «Հայոց պատմության հարցերից» Հայաստան, պետ. համալսարանի տեղեկագիր, երկրորդ գիրք, Երևան, 1927, էջ 293-432:

2 Քաղաքային տնտեսություն ասելով չպետք է կարծել գյուղային տնտեսության կատարյալ բացակայություն քաղաքներում: Միջնադարյան քաղաքը Եվրոպայում ուներ իր մեջ և հողագործ ազգաբնակչություն, որ անասնապահ էլ էր, և այսպիսով, ինչպես ասում է մի հետազոտող, միջնադարյան քաղաքի մեջ թագավորում էր գյուղական մթնոլորտ: Այսպես էր և մեզանում մինչև իսկ նորագույն ժամանակներում, օրինակ, Երևանը:

3 «Փաւստոս Բիւզանդոյ Պատմութիւն Հայոց» Վենետիկ, 1832, եր. 114:

4 Ագաթանգեղոս, Վենետիկ, 1832, եր. 606:

5 Զենոբ Ասորի. «Պատմութիւն Տարոնայ», Վենետիկ, 1832, եր. 13:

6 Փավստոս, եր. 172-175: Այս թվից 75 հազար հրեա, մնացածը հայ: Մի հանգամանք, որ ցույց է տալիս, որ հայերը չորրոդ դարում արդեն նշանավոր տոկոսով քաղաքային ազգաբնակչություն էին կազմում: Բացի այդ բոլորից, Վանից գերի տարվեցին. հրեա` 18 հազար տուն և հայ` 5 հազար տուն:

7 Ղազար Փարպեցի, «Պատմություն Հայոց», Թիֆլիս, 1908, եր. 50:

8 Փավստոս, եր. 79:

# Եղիշե, Թեոդոսիա, 1861, եր. 109:

«Հայ Արիներ» Թիվ 42, 43, օգոստոս, 2004թ.

Թողնել մեկնաբանություն