Հայկական կողմը պետք է վերաբնակեցներ տարածքները

by

Լրագիր

Ապրիլի 8-ին կայացավ ասուլիս Ադրբեջանահայերի համագումար, երկրորդ լիագումար նիստ թեմայով, որին մասնակցում էր Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի փորձագետ, պատմ. գիտ. թեկն. Հրանուշ Խառատյանը: Բացման խոսքում Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը ասաց, որ մամլո ասուլիսը կայանում է համագումարի երկրորդ լիագումար նիստի նախօրեին: Համագումարի առաջին լիագումար նիստը կայացավ մարտի 13-ին, որտեղ քննարկվեցին ադրբեջանահայության խախտված իրավունքների և դրանց վերականգման վերաբերյալ տեսակետներ:
 
Մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվեց Թուրքիայում 1915-23 թթ. և Ադրբեջանում 1988-94 թթ. հայտնի ողբերգական իրողությունների և նրանց արձագանքների միջև առկա օրինաչափ զուգահեռները: Ադրբեջանահայերի կողմից բազմիցս հիշեցվել է,  որ Արցախի ինքնորոշման հայտարարությունից հետո 1988 թ սկսվեցին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և Ադրբեջանական ԽՍՀ մյուս տարածքների հայերի ջարդերը: Արցախում հայությունը կարողացավ ինքնակազմակերպվել և դիմադրել Ադրբեջանական ԽՍՀ-ի ցեղասպան գործողությունների առաջընթացին: Արդյունքում այդ ԽՍՀ-ի տարածքը ադրբեջանահայերի համար բաժանվեց 2 մասի: Մի մաս, որտեղ նրանց չեն սպանում, դա Բաքվի ռեժիմից ազատագրված տարածքներն են և մյուսը, որտեղ նրանց սպանում են, դա Բաքվի ռեժիմի կողմից օկուպացված ու բռնազավթված մեր հայրենիքի մի մասն է:
 
Թուրքիայում 1915-23 թթ իրականացրած ցեղասպանությունը և Ադրբեջանական ԽՍՀ 1988-94 կատարված ողբերգությունները և նրանց պետական ատյանների քայլերը այնքան են համընկնում, որ ձևավորվում է համոզմունք, որ ամբողջը  մի կետից է կազմակերպվել և իրագործվել: Եվ եթե դա այդպես  է,  ապա ադրբեջանահայերը առաջարկում են ձևավորել հանձնաժողով ուսումնասիրելու, թե ինչ է կատարվել 1988-94 թթ Ադրբեջանում հայության հետ: Դեռ ողջ են վկաներն ու ականատեսները, մարդիկ, որոնք կորցրել են հարազատներին, սեփականություն, հայրենիք, ամեն ինչ: Այդ ուսումնասիրությունները Թուրքիային ցույց կտան, թե ինչ է եղել այնտեղ 1915-23-ին, ու Թուրքիան կարիք չի ունենա արխիվներում ճշմարտություն փնտրելու:
 
Այս առումով խիստ խորհրդանշական էր ինքնաթիռների թռիչքի հետ կապված վերջին իրադարձությունները: Այն, որ Բաքվի ռեժիմը հայտարարեց, թե կոչնչացնի Ստեփանակերտ- Երևան չվերթներն իրականացնող ինքնաթիռները, ադրբեջանահայերը գնահատում են, որ դա նրա ոճին բնորոշ է, բայց ինչու հենց ինքնաթիռներին, չէ որ ըստ Բաքվի, նույն տրամաբանության մեջ են գործում նաև Ստեփանակերտ- Երևան ընթացող մեքենաները, ավտոբուսները և հեծանիվները: Սակայն ամենակարևորը այս միջադեպում հետևյալն է. միջազգային կառույցները և տարբեր պետությունների ներկայացուցիչները կամ դեմ խոսեցին, կամ էլ լռեցին, շատ լավ հասկանալով, որ խոսքը բնաջնջումից հրաշքով փրկված մարդկանց տարրական իրավունքի մասին է, որը հենց իրենք վաղուց արդեն պարտավոր էին ապահովել; Ու միայն Թուրքիայի դեսպանն էր, որ ի լուր աշխարհի հայտարարեց, որ սատարում է Ադրբեջանի այդ քայլերը:
 
Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ  Թուրքիան իր ցեղասպան քաղաքականությունը տարբեր ուղիներով ներմուծում է Ադրբեջան: Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո Թուրքիան հայտարարեց, թե աքսորված հայերը  կարող են վերադառնալ իրենց հայրենիքը: Նրանցից ոմանք հավատացին ու վերադարձան: Հենց այդ մարդիկ 20-21թթ-ին ենթարկվեցին 2-րդ ջարդին: 1988-89 թթ նույնպես խոսք էր գնում փախստականների ընդհանուր վերադարձի մասին, և մի փոքր հատված, իրոք, հետ գնաց, ու նրանք ևս 2-րդ անգամ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը` Ադրբեջանում վարվող ցեղասպան քաղաքականության պատճառով: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ներկայացմամբ հայերից ազատված տարածքները Թուրքիան շատ արագ վերաբնակեցրեց, նույնն էր և 1938-39 թթ, երբ Մուսա լեռան բնակիչները Ֆրանսիայի օգնությամբ փրկվեցին ու լքեցին տարածքները, ինչից անմիջապես հետո Թուրքիան նորից վերաբնակեցրեց այդ տարածքը:
 
Նույն քաղաքականությունը տարավ նաև Ադրբեջանը, երբ բնաջնջելով Ադրբեջանում  բնակվող հայերին` նրանց զբաղեցրած տարածքները նորից վերաբնակեցրեց: Հրանուշ Խառատյանը ցուցադրեց  Անի-Կարս տանող ճանապարհին փակցված ցուցանակների լուսանկարները, որով քարոզչություն է իրականացվում: Ցուցանակներից մեկում, որը թուրքերենով է և ուղղված է տեղի բնակչությանը, գրված է, որ, թեկուզ նահատակվելու գնով, չպետք է թույլ տրվի օտարի ու “անհավատի”  ոտը դրվի այս հողում: Իսկ անգլերենով ցուցանակում գրված է, թե իբր հայերը ջարդել են տեղի բնակչությանը, այսինքն` գրված է այն, ինչ այդ տարածքում ցեղասպանության ենթարկված հայերն են պատմել:
 
“Թուրքիայի պատմական վայրերում գտնվող ցուցանակաները պատմում են, թե ինչպես են  հայերը ջարդել տեղի խաղաղ բնակչությանը, պատռել են հղի կանանց փորերը, այսինքն այն, ինչ հնարել են իրենք` ճիշտ նույն բառամթերքով նկարագրված է”,- ասաց Հ. Խառատյանը` զուգահեռ անցկացնելով նաև Ադրբեջանի միջև, որ նույն քաղաքականությունն է տանում`  հայտարարելով հայերի կողմից կազմակերպված ցեղասպանության մասին: Այս և նման այլ համեմատությունները թույլ են տալիս բազմիցս կրկնված մի ճշմարտություն նորից բարձրաձայնել. Թուրքիան իր ցեղասպան քաղաքականությունը փոխանցել է Ադրբեջանին` իրականացնելով պանթուրքիզմի հանցավոր գաղափարը:
 
Գալով Հայաստանին` Հրանուշ Խառատյանը փաստեց, որ ադրբեջանական կողմը շատ ծանր տարավ այն փաստը, երբ 2000-ականներին հայկական կողմը փորձեց վերաբնակեցնել ազատագրված տարածքները: Ցավոք, այդ տարածքները հայկական կողմը չկարողացավ լիովին  վերաբնակեցնել` համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով, “ինչի կապակցությամբ Մինսկի խումբը  տառացիորեն մի քանի օր առաջ իր գոհունակությունն է հայտնել”:
 
“Մենք միանշանակ գտնում ենք, որ Մինսկի խմբի գնահատականները բոլորովին ադեկվատ չեն գործընթացներին: Այսինքն` Մինսկի խումբը երեբեք չի անդրադարձել պատերազմի բուն պատճառին, չի անդրադարձել բացահայտ լկտի ռասիզմին, բարբարոսությանը, որը հայ բնակչության նկատմամբ է կիրառվել”, ասաց նա:
 
Անդրադառնալով Հայաստանի պետական մոտեցմանը` ազգագրագետը նշեց. “Սկսած 2000 թվականից առ այսօր ադրբեջանահայ փախստականների մի քանի ՀԿ-ների և ակտիվ անձանց հետ մենք բազմաթիվ անգամներ դիմումներ ենք տարել ԱԳՆ` խնդրելով հայ փախստականների խնդիրը մտցնել քաղաքական քննարկումների օրակարգ, և որևէ պատասխան չեն ստացել”:
 
Նա նշեց, որ պետք է ամեն ջանք գոծադրվեր, որպեսզի փախստականներից նրանք, ովքեր կարող էին և ուզում էին, բնակեցվեին ազատագրված տարածքներում: Ինչպես հայտնեց Հրանուշ Խառատյանը, այս ուղղությամբ հայկական կողմի քայլերը բավական չեն, պետք էր ի սկզբանե դրանք վերաբնակեցնել` ստեղծելով պայմաններ:

One Response to “Հայկական կողմը պետք է վերաբնակեցներ տարածքները”

  1. shoshanna Says:

    ազատագրված տարածքների վերաբնակեցումը հիանալի միտք է, բայց այդ քայլի խելացի իրականացումը կառավարության մտքի ճարպկության աստիճանից է կապված և ժամանակը այդ հարցի օգտին չէ գործում : Ինչպես լատինական ասացվածքն է ասում,- Շտապիր դանդաղ:
    Հիանալի, ազգասեր երիտասարդ հայ ազատ սերունդ է մեծանում արտասահմանյան բազմաթիվ երկրներում :Այդ սերնդի օգտագործումը հիանալի ճանապարհ է ազատագրված տարածքների վերաբնակեցման իրականացման համար:

Թողնել մեկնաբանություն