Արաբական ժամանակակից հեղափոխությունների քաղաքակրթական բաղադրիչը

by

artsakhnews.am
08.04.2011

Երբ 2010 թ. տարեվերջին աշխարհի վերլուծական կենտրոնների մասնագետները կազմում էին ավարտին մերձեցող տարվա արդյունքները պարունակող եզրափակիչ զեկույցները, նրանցից շատերը հազիվ թե կարող էին երեւակայել, որ գալիք տարվա առաջին իսկ ամսում Միջերկրականի հարավային ափերին կծավալվեն այնպիսի սրընթաց եւ ազդու զարգացումներ, որոնց տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական տարողությունը հեղաշրջիչ բնույթ կունենա նախորդ տասնամյակներին Մագրիբի համակողմանիորեն լճացած քաղաքական կացությունն ալեկոծելու եւ վերափոխելու առումով: Արդեն իսկ տեղի ունեցած եւ անընդմեջ զարգացող արաբական հեղափոխությունների նոր ալիքի քննությունը հարուցում է բազմաթիվ առարկայական բնույթի դժվարություններ, որոնց մեծ մասը կապված է գործընթացի անավարտության, մի շարք առանցքային գործոնների ոչ թափանցիկ լինելու, տեղեկատվության պակասի եւ «մերձավորության վրիպման» (аберрация близости) երեւույթի ներազդման հետ:

Իրադարձությունների այլեւայլ խորքային ծալքերի մեջ խորաթափանց լինելու համար դեռեւս պետք է անցնի բավական ժամանակ, բայց այսօր էլ մենք ի վիճակի եւ պարտավոր իսկ ենք անաչառ եւ սթափ քննությամբ ուսումնասիրել իրավիճակը եւ կատարել հրատապ եզրահանգումներ` իրադարձությունների բնույթի եւ մեր տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությունները բացահայտելու եւ դրանցից բխող առավել ակնառու սպառնալիքները կանխարգելելու համար:  Միեւնույն ժամանակ, հարկ է ջանադրաբար խուսափել հետադիմական քաղաքական վերնախավերում տարածված` ներկայիս արաբական հեղափոխությունները բացառապես դավադրամոլության (conspirology) ապաքաղաքագիտական տեսության շրջանակներում մեկնաբանելու գայթակղությունից: Նման ծավալի եւ համապարփակության յուրաքանչյուր գործընթաց, որքան էլ այն նախապես «ծրագրավորված» ու կառուցվածքապես «կանխորոշված» լինի, պարունակում է տարերային զարգացումների ահռելի պաշար, ուստի եւ ըստ սահմանման լիովին կառավարելի լինել չի կարող:

Հաշվի առնելով սույն տեսակի հոդվածներին բնորոշ ծավալային սահմանափակումը` բավարարվենք հետեւյալ ընդհանուր հարցադրումների ուրվագծային դիտարկմամբ.

ա. Արաբական նոր հեղափոխությունների բնույթը,

բ. Հեղափոխական ալիքի կարճաժամկետ եւ հեռահար հետեւանքներն արաբական աշխարհի համար եւ զարգացումների քաղաքակրթական բաղադրիչը,

գ. Արաբական հեղափոխական զարգացումների աշխարհաքաղաքական տարողությունը եւ Հայաստանի ու հարակից տարածաշրջանի վրա վերջինիս ներազդման հնարավոր եղանակները:

2010 թ. դեկտեմբերի կեսերին Թունիսում բռնկված զանգվածային դժգոհությունը սկզբնապես համաշխարհային հանրության պատշաճ ուշադրության չէր արժանացել: Իհարկե, այն որոշակի մտահոգությունների առիթ էր ընծայել Եվրամիության այն երկրներին, որոնք ավանդաբար սերտ տնտեսաքաղաքական կապեր ունեին այդ երկրի հետ` էներգակիրների ներկրման, ապօրինի միգրացիայի վերահսկման կամ, պարզապես, զբոսաշրջության ոլորտներում: Անգամ 2011 թ. հունվարին, երբ թունիսյան իշխանափոխությունն արդեն կայացած փաստ էր, իրավիճակը դեռեւս դիտարկվում էր որպես տեղայնական բնույթի հուժկու ցնցում: Նկատենք, որ թունիսյան իշխանափոխությունը, բնակչության հուժկու հեղափոխական դժգոհության արդյունքը լինելով հանդերձ, կառուցվածքապես էվոլյուտիվ էր, քանզի երկրից հեռացած նախագահի լիազորությունները ժամանակավորապես անցել էին նրա իսկ կառավարության վարչապետին: Բնականաբար, այս վերջինը նույնպես ի վիճակի չէր երկարորեն պահպանել իշխանության ղեկը եւ, ենթարկվելով հանրության անզիջում պահանջին, երկու ամիս անց կամովին (այսինքն` անարյուն) հրաժարական է տվել: Սակայն երկրում արձանագրված փոփոխությունների տարողությամբ թունիսյան դեպքերն, այնուամենայնիվ, պետք է որակվեն որպես հեղափոխություն: Փոխվել էին ոչ միայն իշխանական վերնախավի բոլոր առանցքային դեմքերը, այլեւ երկրի ընդհանուր մթնոլորտը: Սակայն մթնոլորտի փոփոխության որակական բնութագրիչների մասին տեղին է խոսել քիչ անց` հոդվածի երկրորդ բաժնում:

Թունիսյան իրադարձություններին ժամանակագրորեն անմիջապես հաջորդած եգիպտական հեղափոխությունն իսկական համաշխարհային ցնցում է առաջացրել, որովհետեւ ներքին «հարվածի» տակ է հայտնվել ոչ միայն Միջերկրականի ռազմաքաղաքական առումով ամենաառանցքային եւ կայուն երկրներից մեկը, այլեւ բոլորին հասկանալի դարձավ, որ արաբական աշխարհը համակած հեղափոխական ալիքը համապարփակ նոր երեւույթ է եւ ունի համընդգրկուն` մերձակա եւ հեռահար հետեւանքների տեսանկյունից ամբողջապես չկանխատեսվող բնույթ: Եգիպտոսը խորապես սասանած հեղափոխական ցնցումներն անմիջական ազդակ հանդիսացան տարիներ շարունակ «կայուն» (Սիրիա, Լիբիա, Հորդանան, Բահրեյն, Միացյալ Արաբական Էմիրություններ) կամ «խարխափողաբար» անկայուն (Եմեն, Ալժիր, Մարոկո) համարված երկրներում հանրության զանգվածային բողոքի պոռթկմանը: Եվ հիրավի երկրորդական է, որ որոշ երկրներում հեղափոխությունը, որպես այդպիսին` ողջ ծավալով ցայժմ տեղի չի ունեցել: Արաբական աշխարհը դուրս է եկել տասնամյակներ տեւած քաղաքական համակարգային լճացումից եւ ծագած նոր գործընթացներն ու զարգացման ուղենշային միտումներն այլեւս անդառնալի են:

Արաբական նոր հեղափոխությունների կամ հեղափոխամերձ գործընթացների շղթան դիտարկելիս` օրինաչափ հարց է ծագում, թե որքանով դրանք ծրագրավորված կամ տարերային էին: Միանշանակ պնդել որեւէ վարկածի օգտին պարզապես անլուրջ է: Գործընթացների նախապատրաստության փուլում արտաքին շահագրգիռ օղակների միջամտությունը, ամենայն հավանականությամբ, բացառել չի կարելի: Այսօր դեռեւս դժվար է գեթ մոտավորապես պարզել հեղափոխական ալիքի ակունքում ենթադրվող «ծրագրավորված» նպատակները: Արեւմուտքը «հոգնե՞լ» է արաբական աշխարհի տասնամյակներ չփոփոխվող դաշնակից առաջնորդների «կարծրացած» բռնապետական իշխանությունից, համաշխարհային առաջատար ուժի կենտրոնները որոշել են սկսե՞լ մահմեդական Արեւելքը հիմնովին վերաձեւելու գործընթաց… Այս հարցերին դեռ երկար ժամանակ անհնար կլինի տալ դավադրամոլական տարրերից զուրկ պատասխան: Որքան էլ զարմանալի է, այդ պատասխաններն այսօր գործնական արժեք չեն ունենա, քանզի անկախ ուժային գերկենտրոնների նախաձեռնած փոփոխություններից, համաշխարհային գործընթացները կառավարվում են հստակ, անփոփոխ եւ մարդկային վերահսկողության սահմաններից դուրս գտնվող պատմական անշեղ օրինաչափություններով` պատմության փիլիսոփայության ընձեռած արձանագրողական գիտելիքների համատեքստում:

Պատմության փիլիսոփայությունը` մարդկության համընդհանուր քաղաքական փորձառության շրջանակներում, անթիվ անգամներ վկայել է, որ կատարելապես անհնար է նախաձեռնել տարբեր էթնոքաղաքական եւ քաղաքակրթական ուրույն միավորները ներքաշող համապարփակ ծավալի որեւէ գործընթաց եւ վերջինիս նկատմամբ իրականացման բոլոր փուլերում պահպանել լիարժեք եւ վճռորոշ վերահսկողություն: Անկառավարելիության, նախագծային ընթացքից շեղվելու միտումները զորեղ են անգամ անչափ ավելի փոքր ծավալի գործընթացներում: Այս օրինաչափությունները միանգամայն անիմաստ են դարձնում որեւէ դավադրամոլական տեսություն, որը յուրաքանչյուր փոքր կամ մեծ իրադարձության կամ գործընթացի ետեւում ձգտում է տեսնել արտաքին ուժի կամ գործոնի ազդեցություն: Միանգամից նկատենք, որ դավադրամոլությունը եւ երեւույթները գնահատելու դավադրամոլական կաղապարը համարյա բացառապես հատուկ են թույլ, լճացած, ներքուստ սպառված քաղաքական ու գաղափարական շրջանակներին, որոնք սեփական անկենսունակությունն ու անխուսափելի կործանման առջեւ երկյուղը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար թաքցնում են «չարակամ արտաքին ուժի» մասին դատողությունների ներքո: Պատահական չէ, որ ոչ միայն արաբական աշխարհի սոսկում ապրած «ալեւոր» երկարակյացները կամ նրանց ժառանգները, այլեւ հետադիմական բնույթի լճացած իշխանական համակարգ ունեցող այլ երկրների «վերնախավերը» դավադրության մասին պնդումները վերածել են անհեշտալուր տաղտկալի մուղամի: Սակայն, ազգային անվտանգությանն այլ պետությունների շահերից բխող բուն սպառնալիքների չեզոքացումը, բնականաբար, չպետք է շփոթել իրենց իսկ երկրի շահերին արմատապես հակոտնյա վերնախավերի ինքնապահպանման մոլուցքի հետ:

Ուստի, անգամ եթե առկա էր Մերձավոր Արեւելքն ու Մագրիբն էապես վերաձեւելու ինչ-ինչ աշխարհաքաղաքական գերկենտրոնի կողմից նախապես մշակված ծրագիր, ապա այն, հատկապես հեռահար կտրվածքով, որեւէ էական ազդեցություն չէր ունենա զարգացումների համապատկերի վրա, որի բաղադրիչների տարերային անկառավարելիության մակարդակը (այն ենթադրաբար ծրագրավորած ուժի տեսանկյունից) յուրաքանչյուր նոր փուլում էապես աճելուց բացի կկառավարվեր արդեն իսկ հիշատակած անշեղ եւ անփոփոխ պատմական օրինաչափությունների կողմից:

Արաբական հեղափոխությունների հետեւանքները գնահատելու համար հարկ է քաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք սոսկ բուն գործընթացների նախափուլում: Այս իմաստով հեղափոխությունների առաջին ալիքից հետո ստեղծված իրավիճակը խիստ անկայուն եւ անորոշ լինելուց բացի, ինքնաբերաբար, ենթակա չէ համարժեք գնահատման: Երկրորդ աշխարհամարտից հետո պատմության ընթացքի եւ դրան հարակից օրինաչափ երեւույթների` պատերազմների ու սահմանային դրության փոփոխությունների նկատմամբ բնականոն երկյուղը, ինչպես նաեւ բազմամշակութության (multiculturalism) միջոցով քաղաքակրթական արժեհամակարգային համապարփակ մրցակցային հակասություններն Արեւմուտքի, ապա նաեւ համաշխարհային չափագծով (ՎՈրՔՑՈո) փարատելու պատրանքը նպաստել է «պատմության ավարտ» քաղաքական-փիլիսոփայական կաղապարի (paradigm) առաջացմանը: Ամեն ինչ «սառեցնելու», անկանխատեսելի զարգացումները «զսպելու», արեւելյան «բռնապետների» հետ իրապաշտական եւ փոխշահավետ համագործակցություն պահպանելու  մտակաղապարի քաղաքական բյուր դրսեւորումներից էր նաեւ արաբական աշխարհի առանցքային երկրներում տասնամյակներ պահպանված կատարելապես լճացած դրությունը: Ի դեպ, հազիվ թե արդարացի է արեւմտյան տերություններին մեղադրել արաբական աշխարհի հիշյալ դրությունը «հանդուրժել-շահագործելու» մեջ: Հարաբերությունների այդ կաղապարը, որը հիմնված էր «բաժանիր, որ տիրես» սկզբունքի ցինիկ գործադրման եւ «կայունության գրավական» կեղծժողովրդավարական (Եգիպտոս, Ալժիր, Թունիս, Լիբիա, Սիրիա, Եմեն եւ այլն) կամ միապետական (Սաուդյան Արաբիա, Հորդանան, Բահրեյն եւ այլն) հզոր առաջնորդների կամ թագավորական հարստությունների վրա, ապահովում էր ինքնին անկայուն եւ էներգակիրների առումով կենսական եւ ժողովրդագրական տեսանկյունից հարձակողական քաղաքակրթապես խորթ աշխարհի համեմատական կանխատեսելիությունը: Բնականաբար, այդ երկրներում առանձին բռնապետների իրագործած զանգվածային չարաշահումները, ապօրինությունները եւ մարդկանց տարրական իրավունքների եւ անգամ կյանքի նկատմամբ տածած արհամարհանքն «իրապաշտորեն» անտեսվում եւ աննկատ էին թողնվում: Ո՞րն էր այլընտրանքը: Այսօր այն արդեն ուրվագծվում է եւ հազիվ թե կարող է ոգեւորել «պատմության ավարտի» պատրանքով ապրել կամեցող Եվրոպային:

Բազում հետազոտողներ արդարացիորեն նշում են, որ «հետարդյունաբերական» ժամանակաշրջանում դասական գաղափարախոսությունների ազդեցությունը նվազում է` իր տեղը զիջելով քաղաքակրթական առավել խորքային ներազդմանն ունակ գործոններին: «Արդյունաբերական» շրջանի` կրոնական գործոնը «գերազանցապես» հաղթահարված համարելու ինքնավստահ համոզվածությունն իրերի ներկայիս բերմամբ չի հաստատվում: Կրոնական գործոնի թերագնահատման սխալը բխում է կրոնը` որպես երեւույթ ու համակարգ ի սկզբանե (a priori) համապարփակ տարողությամբ չընկալելու հանգամանքից: Շատերին պարզունակաբար թվում է, որ կրոնը զուտ գերբնական ինչ-որ ուժին կամ էակին հավատալն է եւ` համապատասխան կրոնական հաստատության սահմանած ծիսական եւ վարքագծային կանոնները պահպանելը: Մինչդեռ կրոնը լրջագույն քաղաքակրթական եւ մինչեւ իսկ մարդաբանական երեւույթ է, որը փոխադարձաբար ներգործում է եւ միաժամանակ սնվում է տվյալ մարդկային հանրության ընդհանրական արժեհամակարգային, վարքագծային եւ աշխարհահայացքային ենթագիտակցական խորքերից: Արաբական եւ, առհասարակ, մահմեդական աշխարհի պարագայում կրոնական եւ քաղաքակրթական գործոններն այնքան փոխկապակցված են, որ գործնականում տարանջատելի չեն: Դրանց փոխհյուսվածությունը պայմանավորված է նաեւ դարերով մահմեդականություն դավանած հանրությունների համանման արժեքային եւ կացութաձեւային ընտրությունների հանդեպ էթնոհոգեբանորեն դրսեւորված նախապատվությամբ: Պետք չէ մոռանալ նաեւ այն ակնբախ եւ ինքնին ոչ դատապարտելի իրողությունը, որ մահմեդականությունն ի սկզբանե քարոզվել եւ գործադրվել է որպես «հոգեւորն ու աստվածայինը» քաղաքականից չտարանջատող, այլ մարդու եւ հանրության կյանքի բոլոր ոլորտները միասնական կառավարմանը («իսլամ» բառը հենց հնազանդություն է նշանակում) ենթարկող կրոնաքաղաքական համակարգ:

Այդ իսկ պատճառով ողջ 20-րդ դարի ընթացքում արաբական եւ համայն մահմեդական աշխարհին խրախուսվող կամ պարտադրվող «ժողովրդավարական» կառավարումն ու «աշխարհիկ իսլամը» եզրութաբանական անհեթեթություն էր (contradictio in terminis), որն այդ հանրությունների համար պետության իրավաքաղաքական կազմակերպման երկարաժամկետ եւ կայուն մոդել լինել չէր կարող: Այսինքն, արաբական վերջին հեղափոխությունների երեւույթը բացատրել սոսկ սոցիալական անհանդուրժելի չափերի հասած անարդարությունների դեմ բնակչության ուղղորդված կամ տարերային ապստամբությամբ կամ Մագրիբն ու Միջին Արեւելքը վերաձեւելու որեւէ ծրագրով, նշանակում է գիտակցված պատեհապաշտությամբ կամ չգիտակցված թեթեւամտությամբ աչք փակել բուն իրականության վճռորոշ խորքային ծալքերի վրա: Ինչպես ամենուր աշխարհում, այնպես էլ արաբական երկրներում տեղի է ունենում քաղաքակրթապես «չհիմնավորված» պետությունը կազմակերպելու արհեստածին (հետեւաբար` անկենսունակ) մոդելների բնական անկման գործընթաց: Ի դեպ, կայացած իսլամական պետություններում կրոնական բնականոն սահմանափակումներով հանդերձ ժողովրդավարական կառավարումը նույնպես իրագործելի է. Հոլանդիայի պետական այրերից մեկը դիպուկ անկեղծությամբ ասել է, որ պետության «աշխարհիկ» սահմանադրության փոխարինումը «շարիաթով» նույնպես կարող է լինել բնակչության մեծամասնության ժողովրդավարական ճանապարհով արտահայտված ընտրություն:

Այսպիսով, մենք գտնվում ենք նոր համընդգրկուն փոփոխությունների շեմին: Դրանց ծավալն ու ազդեցությունը մեր տարածաշրջանի, ինչպես եւ ողջ աշխարհի վրա, անտարակույս մեծ է լինելու: Սակայն Հայաստանը եւ հարակից տարածաշրջանն, այնուամենայնիվ, այլ գոտի է: Ըստ այդմ, կարելի է բաժանել մարտահրավերները  երկու խմբի.

ա. Անմիջական հարեւաններից բխող մարտահրավերները չեն փոխվել: Դրանք շարունակում են մնալ ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ` քաղաքակրթական: Թուրքիայի եւ Ադրբեջանի բնական ձգտումը` բնաջնջելու հայոց պետականության վերընձյուղված ծիլերն ի զորու են եւ հարատեւ: Այստեղ գործում է բացարձակ անհամատեղելիության այն աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կաղապարը, որը հատուկ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: Այստեղ լայն իմաստով «խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հնարավոր չէ պատերազմը»: Ռազմաքաղաքական համապարփակ հավասարակշռության եւ պետության գոյաբանական ներուժի պահպանումը մնում են անվտանգության միակ գործող երաշխիքը: Միաժամանակ, Թուրքիայում պետության «աշխարհիկ» հիմնասյունների վրա սողացող իսլամացումն այլեւս ակներեւ եւ, ըստ էության, բնական անշեղությամբ մեկնարկած գործընթաց է: Թուրքական «ճակատի» մասին խոսելիս` անհնար է չանդրադառնալ սույն գործոնի աշխուժացմանը ոչ միայն նախկին խորհրդային Միջին Ասիայում եւ Իրանական Ատրպատականում, այլեւ անգամ Չինաստանի հյուսիս-արեւմտյան թուրքալեզու ույգուրներով բնակեցված ինքնավարության տարածքում:

Հյուսիսային Կովկասում մահմեդական քաղաքակրթական «զարթոնքի» գործընթացը, որը ռազմական բուռն փուլն ունեցավ 90-ականների չեչենական երկու պատերազմների օրոք, այժմ թեւակոխել է ավելի դանդաղ եւ ինստիտուցիոնալիզացված փուլ. վկա` Կադիրովի վարած համընդհանուր «խոհեմ»  իսլամականացման քաղաքականությունը, հյուսիսկովկասյան հանրապետություններում ահագնացող անկայունացման նոր հուժկու միտումները եւ չեչենական կապիտալի եւ ժողովրդագրական ծավալապաշտությունը Ստավրոպոլի եւ Կրասնոդարի մարզերի ուղղությամբ:

Իրանի հետ կրոնական զանազանության գործոնը մեծապես դարմանվում է թե° թուրքական ընդհանուր սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությամբ, եւ թե° վաղնջական շրջանից ժառանգված եւ գիտակից շրջանակներում դեռեւս բավարար չափով գիտակցվող քաղաքակրթական երբեմնի ընդհանրության շնորհիվ:

Ընթացող եւ ակնկալվող զարգացումների աննախադեպ տարողությունը ստեղծում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային լուրջ անկայունության վտանգ: Բնական է, որ ներկայումս խիստ փոխկապակցված աշխարհում յուրաքանչյուր խոշոր աշխարհաքաղաքական ցնցում մեծապես վտանգավոր է` Հայաստան-թուրքական շրջապատ եւ Հայաստանին հարակից տարածաշրջանում չկարգավորված կամ դեռեւս սկզբնավորման փուլում գտնվող այլ հակամարտությունների բռնկման առումով:

բ. Ներքին մարտահրավերներ. դրանք բազմազան եւ խորն են: Առանց խորանալու վերջիններիս համակարգային դասդասման մեջ նշենք գլխավորը` հայոց քաղաքական վերնախավի, պետական հիմնարար հաստատությունների եւ հասարակական դաշտի ակներեւ անհամապատասխանությունը երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Ապագայում ռազմաքաղաքական եւ գոյաբանական մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է վերստին գիտակցել հայոց ինքնակա քաղաքակրթական էության դերը, համակարգել ազգային անսպառ ներուժի գեթ փոքր մասը` ընդհանուր ազգային-պետական նպատակների իրականացման ուղղությամբ: Հայաստանն ու հայությունը պետք է հրաժարվեն «սովորական» ազգ ու սեփական ճակատագիրը տնօրինելու անընդունակ «երրորդ կարգի» պետություն լինելուց, մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով, ինքնասպանական ու կեղծ կաղապարից:

Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ

Արցախի Արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի անդամ

Քարվաճառ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: