«Հայրենիքի այդ կտորին տիրապետում եմ ոչ թե ճանապարհից-ճանապարհ, այլ բարձունքից-բարձունք».

by

armar.am
19.01.2010

Այսօր անհրաժեշտություն չկա ճշգրտելու, թե որքան մարդ է ապրում ազատագրված տարածքներում: Կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդումն ունի հայրենիքի այդ հատվածի վերահայացման և զարգացման գործում: Իսկ Քարվաճառի նվիրյալներներից մեկը պատմաբան, քաղաքագետ, աստվածաբան Ալեքսանդր Քանանյանն է: Նրա անձի և ձեռքբերումների մասին կարելի է անվերջ գրել` սկսած այն պահից, երբ թիֆլիսահայերի զավակը, որոնց ընտանիքում շուրջ հարյուր տարի ոչ ոք հայերեն չէր խոսել` որոշեց վերադառնալ իր արմատներին:

«Արցախյան ազատագրական պայքարն ինձ համար բախտորոշ նշանակություն ունեցավ, որովհետև ես ծնվել եմ Թիֆլիսում, ապրել եմ վրացական միջավայրում և միայն շատ տեսական իմացությամբ գիտեի, որ պատկանում եմ հայ ազգին: Բայց որևէ գործնական առնչություն հայոց լեզվի, հայոց մշակույթի հետ բացարձակապես չունեի: Կրթությունս ռուսական դպրոցում եմ ստացել: Որպես պատմությամբ հետաքրքրված անձ, կարդացել եմ հայոց պատմությունը, գիտեի առանցքային դեպքերը, գիտեի մի քանի թագավորի անուն, պատկերացում ունեի Հայաստանի պատմական սահամանների մասին, Հայաստանի տխուր քաղաքական ճակատագրի մասին, բայց դրանք կրկին մնում էին սոսկ տեսական գիտելիքներ և դրանք ընկալում էի որպես փաստ` ինչպես Բյուզանդիայի, Իրանի կամ Ֆրանսիայի պատմությունից»:

Լինելով դասարանի 36 աշակերտներից` 7 հայերից մեկը` Ալեքսանդր Քանանյանը նաև միակն էր, ով ընդհանրապես հայերենին չէր տիրապետում: Սակայն, ի տարբերություն 1988 թվականի  դրությամբ 7 հայերից 5-ի, որոնք փոխելով ազգանունները դարձել էին վրացի և վերածվել վրացական զգայնամոլության մոլեռանդ ջատագովների, Ալեքսանդր Քանանյանը ոչ միայն չփոխեց ազգանունը, այլև վերադարձավ արմատներին և մի կողմ դրեց այն համոզմունքը, որի համաձայն դպրոցն ավարտելուց հետո խորապես զբաղվելու էր օրգանական քիմիայով:

«Այդ ժամանակահատվածում Թիֆլիսում մեր վրա գնալով աճում էր բարոյական ճնշումը: Այդ ժամանակ ավելի ու ավելի հակված էի իմ արմատներին վերադառնալուն, բայց դրանք դեռևս մնում էին զուտ տեսական մտորումներ: Բայց 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժը վերջնականապես ինձ համոզեց, որ ես պետք է իմ ժողովրդի, իմ ազգի հետ լինեմ: Եվ վերցնելով Խորհրդային մեծ հանրագիտարանը` այնտեղից արտագրեցի Հայոց այբուբենն ու սկսեցի հայերեն սովորել: Բավական բարդ էր սովորել, շատ եմ չարչարվել, քանի որ ուսուցիչներ չկային»:

Սակայն ուսուցիչների բացակայությունը նրան չստիպեց հետ կանգնել արմատներին վերադառնալու հաստատակամ որոշումից այն աստիճան, որ երկու տարի հետո` արդեն 1991թ. հայոց լեզվին այնպես էր տիրապետում, որ  կարողացավ քննություններ հանձնել և ընդունվել Էջմիածնի հոգևոր ճեմարան, ապա` ուսանել Եվրոպայում: Սակայն մինչ այդ`Արցախյան ազատամարտի օրերին ռազմական գործողությունների քարտեզն անգիր գիտեր և այն գծում էր շատերի համար, իսկ վիրահայության շրջանակներում ներկայացնում էր Արցախում տիրող իրավիճակը, մեր զբաղեցրած դիրքերը:

«Ուսման տարիներին ինձ մոտ  ցանկություն առաջացավ ուսումն ավարտելուց հետո ոչ միայն բնակվել Հայաստանում, այլև` ազատագրված Արցախում: 1998 թվականին ուսումս արտասահմանում ավարտելով հետ եկա Հայաստան և առաջին գործը որ արեցի` գնացի Արցախ: Շատ հետաքրքրիր զգացումներ ունեի, որովհետև քարտեզով` ամեն տեղը գրեթե անգիր գիտեի, բայց մի բան է քարտեզն իմանալը, այլ բան` աչքով տեսնելը: Արցախում մեկ անգամ ևս համոզվեցի, որ տեսական գիտելիքը չի կարող փոխարինել գործնական շփումը` հայրենիքի նվիրական դարձած հատվածի հետ»:

1998 թ. Ալեքսանդր Քանանյանը որոշել էր ապրել Արցախում, մնում էր հստակեցնել վայրը: Նրան խորհուրդ տվեցին բնակություն հաստատել Ստեփանակերտում, որտեղ նա կկարողանար համալսարանում դասավանդել: Սակայն նրա համար Ստեփանակերտը ցանակալի լուծում չէր և նա նախընտրեց ավելի բարդ , բայց իր համոզմամբ, ավելի գեղեցիկ լուծում, և ընտրությունը կանգ առավ Քարվաճառի վրա, որն ինչպես ինքը բնութագրեց` Հայոց Լեռնաշխարհի ամեն կարգի բնական գեղեցկությունների միաձուլումն է: 1998-2001թ., հատկապես ամռան ամիսներին, պարբերաբար մեկնել է Քարվաճառ և ոտքով անցել ավելի քան 4.000 կմ, բարձրացել  Քարվաճառի տարածքի տասնյակ գագաթներին և այսօր ոչ թե հպարտությամբ, այլ միայն շատ բան իմացող մարդուն հատուկ համեստությամբ կարող է ասել, որ շատ քիչ գագաթներ կան, որտեղ դեռևս չի եղել: Եվ ինչպես ինքն է ասում. «Հայրենիքի այդ կտորին տիրապետում եմ ոչ թե ճանապարհից-ճանապարհ, այլ բարձունքից-բարձունք»:

«2000թ. առաջին անգամ փորձեցի բնակություն հաստատել Քարվաճառում, սակայն ինձնից անկախ ինչ-ինչ խնդիրներ ծագեցին, որոնք 2002 թվականին այլևս չէին կարող կանխել իմ հաստատումը Քարվաճառում: Ստանալով վերաբնակչի կարգավիճակ` նաև վարչական առումով  ճակատագիրս կապեցի Քարվաճառի հետ: Քարվաճառ տեղափոխվելն ինքնանպատակ չէր: Ազատագրված տարածքում ֆիզիկական ներկայությունն ապահովելուց բացի` կամենում էի զբաղվել կրթական նախագծով: Ցանկանում էի ստեղծել մի պատանեկան ակումբ տեղի պատանեկության համար, որտեղ կանցկացնեի հայոց պատմությանը, մշակույթին, գրաբարին վերաբերող դասընթացներ` կամավոր և անվարձահատույց մասնակցության սկզբունքով»:

2002 թվականին Ալեքսանդր Քանանյանը փորձել է իրականացնել հայագիտական ուղղվածությամբ պատանեկան կենտրոն ստեղծելու ծրագիրը, սակայն ծագած խոչընդոտներ թույլ չեն գաղափարը կենսագործել հաստատուն կառույցի տեսքով: Բայց դա նրան չի խանգարել ունենալ մի շարք աշակերտներ Քարվաճառից և գյուղերից, որոնց հետ անհատապես պարապել է` Քարվաճառ  տեղափոխելով համարյա 2.000 հատորանոց հայագիատական գրադարանը:

«Արցախի պետական համալսարանից հետո հայագիտական գրականության հագեցվածությամբ իմ գրադարանն Արցախում երկրորդն է` որոշ նյութերի և գրքերի առկայությամբ` մինչև իսկ առաջինը: Երբեք չեմ ափսոսացել Քարվաճառ տեղափոխվելու որոշմանս համար, չնայած հեշտ որոշում չէր: Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ ամեն ինչից անկախ` կարելի է բնակվել Քարվաճառում և կապ պահպանել գիտության, հասարարակական գործունեության և Երևանի հետ, ինչպես նաև սեփական համեստ ներդրում ունենալ ազգային-պետական խնդիրների լուծման ոլորտում»:

Ալեքսանդր Քանանյանի անձնական գրադարանից օգտվում են բազմաթիվ ուսանողներ` դա արդեն իսկ կայուն ավանդույթ է: Բացի այդ` նա ժամանակ առ ժամանակ կազմակերպում է ուխտագնացություններ` նպաստելով հյուրերի և բնակիչների տեղանքի նկատմամբ հոգևոր և իմացական կապի խորացմանը:

«Նախախնամության կանխորոշած պատեհությանն եմ հանձնում հայագիտական պատանեկան կենտրոնի կայացման երազանքս, սակայն գերագույն խնդիրն ընդմիշտ լուծված է. այսօր ես ազատագրված տարածքի` Քարվաճառի բնակիչ եմ»:

Իսկ այն հարցին, թե որքան է Քարվաճառի բնակչության թիվը` Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց. «Ես կկարևորեի ոչ թե մարդկանց թիվը, այլ տեղի բնակիչների որակը, բազում նվիրյալների վերաբերմունքը վերահայացող հայրենի եզերքին: Եթե վերաբնակեցման առաջին տարիներին տարածք էին տեղափոխվում նաև այնպիսի ընտանիքներ, որոնց համար այդտեղ բնակվելը ժամանակավոր երևույթ էր, ապա այսօր նրանցից շատերը փոխել են իրենց նախնական վերաբերմունքը: Այսօր, փառք Աստծո,  մենք կարող ենք այսուհետ հաստատել, որ տարածքում բնակվում են մարդիկ, որոնք իրենց և իրենց երեխաների, մինչև անգամ ննջեցյալների ճակատագիրը հանձնել և կապել են այս հողի հետ:  Ազատագրված տարածքներում ծնունդ է առնում մի սերունդ, որն իրեն անվերապահորեն համարում է` քարվաճառցի, կովսականցի, բերձորցի…, որոնք մեկ այլ տեղից վերադառնալով ասում են`   մենք տո’ւն ենք հասել…»:

Արմենուհի Կարեյան

One Response to “«Հայրենիքի այդ կտորին տիրապետում եմ ոչ թե ճանապարհից-ճանապարհ, այլ բարձունքից-բարձունք».”

  1. haikuhiareyan Says:

    շատ ապրես Արմենուհի Կարեյան
    հիանալի հոդված է
    հույսով եմ հոդվածը գոյություն ունի նաև ֆեյսբուկում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: