Ինչպիսին չպետք է լինի վերաբնակեցումը

by

lastak.biz
01.02.2011

Արդեն շուրջ երեք տարի Արցախի տարածքում վերաբնակեցումը փաստացիորեն կասեցված է: Շատերը, թերևս, համաձայն չեն լինի իմ այս հաստատմանը. կառարկեն, որ պաշտոնական հաղորդագրությունների և երկրի բարձրագույն իշխանության մակարդակով հնչող հավաստիացումների համաձայն վերաբնակեցումն ընթացքի մեջ է և գրանցում է նորանոր հաջողություններ: Իրականությունը, ցավոք, կատարելապես այլ է և մեծապես մտահոգիչ:

Փաստերից փախչել և ակնհայտը խոստովանելուց խուսափել անհնար է` 2007 թվականից սկսած վերաբնակեցման գոտում, ընդհանուր առմամբ, բնակելի տների շինարարությունը կանգնել-կասեցվել է: Պատահական չէ, որ գրում եմ «ընդհանուր առմամբ»: Վերաբնակեցման չափերը երբևէ գոհացուցիչ չեն եղել, երբևէ ռազմավարական համապետական քաղաքականության բնույթ չեն կրել: Բայց գոնե եղել է մի ժամանակ, երբ տարեկան 100-200 տուն էր նորոգվում: Այժմ կարիք չկա խոսելու այդ վերանորոգումների որակի մասին: Գոհունակությամբ խոստովանենք, որ 2001-2007 թթ. ընթացքում շինարարության որակը նկատելիորեն բարելավվել է: Այդ շինարարությունը հնարավոր էր դարձնում ազատագրված տարածքներում բնակություն հաստատել կամեցող ընտանիքների մի մասին տնով ապահովել և տեղավորել: Վերաբնակեցման մասին ԼՂՀ օրենքի տառի որոշակի խախտմամբ նորակառույց շինությունների մի մասը հատկացվում էր նաև տարածքում ստեղծվող նոր ընտանիքներին: Դա մեծապես խրախուսում էր այդ ընտանիքների կապվածությունը տարածքին: Ասեմ, որ դա շատ արդյունավետ միջոց էր:

Իսկ ի՞նչ ունենք այսօր: Պաշտոնական տեղեկատվությունը խոսում է բնակելի տների, մինչև իսկ բնակարանային բազմահարկ շենքերի կառուցման մասին: Թող ինձ ներվի, բայց դա վերաբնակեցում չէ և խնդիրը չի վերաբերվում միայն շինարարության չնչին ծավալների: Նախ` ասենք, որ եթե խոսվում է բնակելի նոր առանձնատների կառուցման մասին, ապա դա համարյա միշտ բազմազավակ ընտանիքների պետական աջակցության ծրագրի շրջանակներում է արվում: Վերաբնակեցման, այսինքն` նոր ընտանիքների հաստատման գործընթացի հետ այն կապ չունի: Դա որոշ սոցիալական խավերին պետականորեն աջակցելու շրջանակն է: Իսկ եթե մատնանշվում է բազմահարկ բնակելի տների շինարարությունը, ապա ես չվրդովվել չեմ կարող: Ազատագրված տարածքում բազմահարկ շինություն կարող է լինել դպրոցը, վարչակազմը, զինանոցը, բայց բնավ ոչ բազմաբնակարանային բնակելի շենքը: Մարդկանց հողին կապելու առաջին միջոցը` նրանց հողամաս և տնամերձ հատկացնելն է: Բազմաբնակարանային շենքերը սպասարկելու են մայրաքաղաքից մի քանի տարով տարածք ժամանող «խոպանչի» պաշտոնյաներին կամ ծառայության բերմամբ տարածքում ժամանակավորապես բնակվող զինվորականներին: Դա, ներեցեք, վերաբնակեցում չէ: Շատ լավ է նաև, որ նոր դպրոց կամ «մարզադպրոց» է կառուցվում: Բայց որոշ ոչ մեծ ներդրումների շնորհիվ Քարվաճառի այժմյա դպրոցն, օրինակ, կարող էր ևս 10 տարի սպասարկել շրջկենտրոնի դպրոցահասակ երեխաներին: Եղած դպրոցի մարզադահլիճը նորոգվելուց հետո դեռ տարիներ շարունակ կապահովեր պատանիների մարզային դաստիարակությունը: Որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե քանի-քանի բնակելի տներ կվերանորոգվեին այդ գումարով: Ես կասեի` առնվազն 70: Դա կնշանակեր Քարվաճառ քաղաքի բնակչության թվի 35% աճ: Տասնյակ ընտանիքներ անմիջապես կտեղափոխվեին, եթե միայն լինեին նոր բնակելի տներ: Եվ պետք չէ այս փաստերի ետևում որոնել ինչ-ինչ քաղաքական ենթատեքստեր, թե տարածքի քաղաքական ապագան դեռ «անորոշ» է: Արցախի ողջ տարածքի ապագան վաղուց ի վեր որոշված է այստեղ կանգնած մեր զինվորով և մեր տների գոյությամբ: Խնդիրը, ինչպես հաճախ լինում է, շատ ավելի ճղճիմ ու մակերեսային է: Հասկանալի է, որ Ստեփանակերտում իրար հետևից տասնյակ նոր բազմաբնակարանային շենքեր կառուցելը շատ առումներով ավելի «նպատակահարմար» է, այսինքն` շահութաբեր: Բայց այս դեպքում ազնվություն ունեցեք վերաբնակեցումից չխոսելու: Ճիշտ է, թե՛ Քաշաթաղը և թե՛ Քարվաճառն արդեն կայացել են: Մենք կանք և կմնանք, բայց կամ տներ կառուցե՛ք, կամ էլ վերաբնակեցումից մի՛ խոսեք: Այս է նրանց ուղղված մեր պատգամը:

Ալեքսանդր Քանանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: