Հիմն Անահիտին
Մայրության Խորհուրդ,
Մայր Աստվածուհի,
Դիցամայր Հայոց,
Դու՝ Մայր Զգաստության,
Մայրաց – Մայր Տիկին,
Մայր՝ Հայոց Գոյի,
Քաղցրաբույր ժպիտ,
Դու՝ Աղբյուր վճիտ,
Կենսատրոփ դու սիրտ,
Իմ Մայր Անահի՛տ:
Կաթնաբույր գարնան բարեւաշշունջ,
Հոգեհամբույր, թախծաժպիտ,
Աստղածիծաղ, լուսաշղարշ,
Նազաշորոր, հեզաշշուկ,
Քնքշատաղիկ եւ սիրապար
Զատիկն է ծփում կենաց զարթոնքի,
Որպես հոգեթով, բուրող մեղեդի,
Որպես թախծալի հեռավոր կարոտ,
Որպես բեղմնավոր երանության լույս,
Որպես սերմնացան տոնախմբություն,
Որպես ցողաթաց հողի մայրացում,
Որպես զովաշունչ անձկալի շոյանք,
Որպես արեւշող սիրո տվայտանք,
Որպես հոգեկան շիկնանք երկյուղած,
Որպես ոգեկանչ հեռավոր նախնյաց,
Որպես բազմաշուրթ գովերգում Հողին,
Որպես բյուրհայաց գգվանք Արեւին,
Որպես ջերմ բարե՜ւ Մայր Անահիտին:
Զատիկ
Սակավաթիվ Արիները Նահապետ Մանի (Արի Մարդու-խմբ.) առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Գարուն էր, գարնանային արեւը ժպտում էր Երկրին, եւ Արարատի հողը, սիրո կարոտով ու բեղմնավորման տենչով, սերմնացաններին իր գիրկն էր կանչում:
Արիները սկսեցին վարել հողը: Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, եւ մի ընդհանուր գորշություն էր տիրում:
Մտահոգվել էին Արիները: Նրանք դիմեցին Մանին.
— Ո՜վ, Արիների Նահապե՛տ եւ սիրելի՛դ Անմահ Աստվածների: Այս գորշությունը մահ կբերի Արարատի բնությանը: Ինչ էլ որ ցանենք, միեւնույն է՝ պտուղը գորշ ու լեղի է լինելու: Գույները չքացել են Արարատից: Ասա, ինչպե՞ս զատենք գույները:
Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:
— Ո՜վ, Մայր Անահի՛տ,- դիմեց Մանը,- դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:
Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ նրա մոտ:
— Զավա՛կս,- ասաց Անահիտը,- Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում եւ գորշություն տարածել: Կորել են գույները: Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Միայն դու կարող ես դրանք հանել գետնի տակից:
— Ո՜վ, Մա՛յր,- ասաց Մանը,- թեեւ երկրային, բայց աստված եմ ես եւ ես կբերեմ այդ գույները Յահվահի մոտից, եթե քո օրհնությունը ստանամ:
— Ես իմ մայրական օրհնանքն եմ տալիս քեզ, որդի՛ս,- ասաց Անահիտը,- եւ լսիր ինձ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում եւ բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արեւի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա եւ բազմագույն ձվեր ածում, որով եւ անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու: Տե՛ս՝ Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսինն է երկնքում: Եվ եթե այս լիալուսնին հաջորդող արեգօրը չբերես Հավքը, Արարատի հողը կամլանա եւ այլեւս գույներ չի ընդունի իր մեջ: Քեզ մնացել է միայն մեկ օր:
Եվ Մանը գնաց Հազարան Հավքը բերելու…
… Մանը բարձրացավ Մասիս սար: Զոհ մատուցեց Հայր Արային եւ Ամենազոր Վահագնին…
… – Ո՜վ, Վահա՛գն Ամենազոր,- ասաց Մանը,- ես Արի եմ, Հայր Արայի արյունը ունեմ իմ մեջ: Եվ ստացել եմ Մայր Անահիտի Օրհնությունը, մեր մայրերի, մանուկների ու հարսների մաղթանքն եմ ստացել, ես ստացել եմ իմ նախնիների սուրբ ներշնչանքը: Էլ ի՞նչ զորություն կդիմանա այդ բոլորին:
— Իրոք դու շատ մեծ զորություն ունես քո մեջ, ո՜վ, Արիների առաջնո՛րդ,- ասաց Վահագնը,- Հայր Արայի կամքով ես էլ իմ Զորությունն եմ տալիս քեզ մի օրով: Գնա, Մեծամարտիր Յահվահի հետ, ինչպես վայել է Անմահ Աստվածներին…
…Արի Մանը վերցրեց Հազարան Հավքը եւ լույս աշխարհ ելավ: Եվ արծիվը իր հուժկու թեւերով Մանին հասցրեց Արարատ հենց Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին:
Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: Ու երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ, բազմագույն: Արիները ուրախությունից թռչկոտում էին: Ձվերը ձեռքերին բռնած պարում էին, երգում եւ փառաբանում Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին: Փառաբանում էին նաեւ իրենց նահապետ Մանին:
Անահիտը նույնպես ուրախ էր: Նա իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելով՝ բույն շինել Արարատի լեռների վրա եւ մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.
— Ո՜վ, Արի Մա՛ն, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցանքը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր եւ բազմահամ աստվածային բարիք կտա…
Հատվածներ “Ուխտագիրք Արորդյաց”-ից
23 Ապրիլի, 2011, ժ. 7:28 ե. |
Շատ հետաքրքրական է մեր հին հաւատքի այս տոնակատարութեան հիշատակը որ նշված է հոս։
Լաւագոյն մաղթանքներս կը փոխանցեմ քեզի այս Զատկուան առիթով։
Նորանոր հաջողութիւններ թող ըլլան մեր բոլորիս կեանքերուն մէջ։
Վերածնունդի իմաստն է ամէնակարեւորը։