«Դիվանագիտական Բեմականացումներ»

by

Առավոտ
19.01.2010

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող
խմբի անդամ Արմեն Աղայանն այսպես է բնութագրում ԼՂՀ հարցի շուրջ առաջացած հերթական աշխուժությունը:

— 2010-ի հենց սկզբից ԼՂՀ հարցի շուրջ աշխուժություն է նկատվում. սա համանման հերթական դրվա՞գն է, թե՞ նկատի ունենալով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ այժմ մոտ է ԼՂՀ հարցում շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Սկզբից էլ պարզ էր, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական ընդհանուր հաշտության ծրագրի բաղկացուցիչ մասն է: Այլ կերպ լինել չէր կարող: Եթե Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է թուրքական հարեւանության սպառնալիքից ձերբազատվել ամեն ինչ նրան զիջելու, հայության բոլոր իրավունքներից հրաժարվելու գնով` ուրեմն ինչո՞ւ նա պետք է չուզենար վավերացնել մադրիդյան կոչված սկզբունքները: Սակայն ԼՂՀ հարցի շուրջ 2010-ի սկզբից նկատվող աշխուժությունը կարող է եւ ուղղակի կապ չունենալ որեւէ համաձայնագիր ստորագրելու հետ: Հայտնի է, որ ըստ Սերժ Սարգսյանի ծրագրի` տարածքային զիջումների մասին պետք է հայտարարվի միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո: Թուրքիան այդ մասին գիտի եւ իրականում ուրախ կլինի վավերացնել` անկախ ամեն ինչից իրեն շատ ձեռնտու արձանագրությունները: Վստահաբար կարելի է պնդել, որ Անկարան նաեւ կունենա երաշխիքներ Բաքվի համար: Այդպիսի երաշխիք կարող է լինել Հայաստանի անունից գաղտնի ստորագրված եւ միջնորդներին ի պահ հանձնված շրջանակային համաձայնագիրը: Հնարավոր է, որ այն արդեն ստորագրվել է կամ որոշված է, որ անաղմուկ կստորագրվի թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման նախօրյակին: Դա բոլորովին կարեւոր չէ, որովհետեւ Հայաստանի անունից բանակցողները նոր չէ, որ համաձայնվել են մադրիդյան սկզբունքներին, դրանցում ներառված լայնածավալ տարածքային զիջումներին, հետաձգված կարգավիճակին, խաղաղապահներին եւ մյուս կործանարար կետերին: Սակայն նրանք խնդիր ունեն: Հայ ազգը, այդ թվում արցախահայությունը, բանակը, երիտասարդությունը հնարավոր է՝ կուլ չտան այս դավաճանությունը: Հետեւաբար մշակվել է դիվանագիտական բեմականացումների մի ծրագիր, որի նպատակն է ցույց տալ, թե ինչ բարդ են ընթանում բանակցությունները, թե ինչպես է երկրի ղեկավարությունը դիմադրում միջազգային հանրության՝ գոյություն չունեցող ճնշմանը եւ ինչ տիտանական ջանքերով է պայքարում համաձայնագրի գոնե մեկ-երկու կետ ավելի հայանպաստ դարձնելու համար:

— Oրերս համանախագահները այցելելու են տարածաշրջան, բայց ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն արդեն իսկ հանդիպում ունեցել է ԼՂՀ նախագահի հետ, այն էլ՝ Սարգսյան-Մեդվեդեւ այն հանդիպումից առաջ, որի ընթացքում, ինչպես հայտնի է, պետք է քննարկվեն ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացին վերաբերող խնդիրներ: Տարօրինակ չէ՞ ամերիկացի համանախագահի նման շտապողականությունն այն պարագայում, երբ 2009-ին տարածաշրջանային իրենց վերջին այցերի ընթացքում համանախագահներն ամենատարբեր, հիմնականում անհեթեթ, պատճառաբանություններով չայցելեցին ԼՂՀ:
— Համանախագահները նշածս դիվանագիտական բեմականացման ակտիվ մասնակիցներից են: Եվ քանի որ որոշված է արցախյան դավաճանության պատասխանատվությունը արցախցիների, մասնավորապես՝ ԼՂՀ ղեկավարության վրա գցել, ապա բնական է, որ նրանք ավելի հաճախակի կուզենան հանդիպել Բակո Սահակյանի հետ:

— «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն ասել է. «Ես կարծում եմ, որ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է լուծել հիմնախնդիրը, չնայած անուղղակի ձեւով ԼՂ-ն միշտ էլ մասնակցում է բանակցություններին: (……)Եվ եթե որեւէ մեկը պնդում է, որ ինչ-որ ձգձգումներ կան Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում, դրա կարեւորագույն պատճառներից է հենց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության բացակայությունը: Եվ ինչպես տեսանք, հենց Ղարաբաղի ժողովրդի ձեռքում է գտնվում կարգավորման բանալին: Կարգավիճակի հարցը դա Ղարաբաղի ժողովրդի որոշման հարցն է: Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է կարգավորումը: Ինչքան Ղարաբաղը շուտ մասնակցի այս բանակցություններին, այնքան դա կմեծացնի կարգավորման հնարավորությունները»: Նախարարի նման հայտարարությունները ձեզ ոգեւորում կամ հուսադրո՞ւմ են:
— Բացարձակապես չեն հուսադրում: Ընդհակառակը, ԼՂՀ ղեկավարության ներգրավումը բանակցային գործընթացին կարող է նշանակել միայն մեկ բան. որ գործընթացը ավարտված է, եւ Հայաստանի ապազգային իշխանությունը արդեն կատարել է իր դավաճանությունը: Բայց կարծում եմ, որ ոչ ոք, այդ թվում Երեւանը, չի պատրաստվում բանակցություններին ներգրավել ԼՂՀ ղեկավարությանը: Իսկ Նալբանդյանի «Ազատությանը» տված պատասխանները նույնպես դիվանագիտական թատրոնի մի մասն են, թե՝ տեսեք, ժողովո՛ւրդ, ինչպես ենք ԼՂՀ-ն օգտագործում միջնորդներին ճնշելու կամ նրանց ճնշումներից պաշտպանվելու համար:

— Ղարաբաղի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ վստահում է նրան: Սա չի՞ նշանակում, որ Ղարաբաղը համաձայն է, որպեսզի իր փոխարեն բանակցի Սերժ Սարգսյանը:
— Ես չեմ կասկածում, որ շատ հարգելի գեներալ Հակոբյանը մի ժամանակ իսկապես ճանաչել է Սերժ Սարգսյանին: Բայց այսօր մենք գործ ունենք բոլորովին ուրիշ մարդու հետ: Նա նոր խորհրդականներ ունի, բոլորովին այլ կատեգորիաներով է մտածում: Եթե առաջ համեստ կատարող էր, ապա հիմա հայրենակիցներին եւ թշնամիներին զարմացնում է իր «հավակնոտ վճռականությամբ»: Այսպիսին նրան քչերն են ճանաչում, հատկապես Արցախում: Ամեն դեպքում նախարարի խոսքերը պետք չէ ընկալել որպես Արցախի համաձայնություն: Գուցե, վստահություն հայտնելով, գեներալը փորձում է, առանց զինվորական վարքականոնին հակասելու, կանխել գերագույն հրամանատարի հնարավոր դավաճանությունը: Սա ավելի հավանական է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: