Ազգային Պետության Ծնունդը

by

19.05.2010

 Մեր պատասխանը Չեմբերլենին

Անցել է արդեն երկու տարի, սակայն կան մարդիկ, որ դեռ նոր են իրենց համար հայտնագործում Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» հոդվածը` դրանում առկա ազգային սպառնալիքի հետ միասին: Ես առաջիններից մեկն էի, որ բոլորի ուշադրությունը հրավիրեցի այդ հոդվածի վրա և հանդես եկա պատասխան հոդվածով: Այն ժամանակ ես դեռ մատյան չէի վարում և պատասխանս այստեղ չտեղադրեցի: Իսկ երբ հիշատակում եմ, որ այդպիսի հոդված եմ գրել, ապա մատենավար-ընկերներիցս մի քանիսի մոտ պատասխանս կարդալու ցանկություն է առաջանում: Ուստի որոշեցի տեղադրել այն: Կոչվում է.

Ազգային Պետության Ծնունդը

Զգուշացնում եմ, շատ մեծ է: Գուցե Տիգրանի հոդվածից էլ մեծ: Եվ շատ ցանկալի է, որ կարդաք Տիգրանի հոդվածին ծանոթանալուց հետո:

ՆԱԽԱԲԱՆ
Մեկ տարի առաջ (հիմա արդեն երկու տարի եղավ)` վարչապետ նշանակվելու նախօրյակին, Տիգրան Սարգսյանը հանդես եկավ իր հերթական աշխարհայացքային հոդվածով: Այն բավարար ուշադրության չարժանացավ գլխավորապես այն պատճառով, որ հանրությունը հոդվածի հեղինակին և պետության վարչապետին շարունակում է քաղաքական կամակատար, ժամանակավոր և երկրորդական դերակատար համարել: Ըստ որոշ կանխատեսումների` նա իր տեղը վաղուց պետք է զիջած լիներ Ռոբերտ Քոչարյանին: Մյուսների կարծիքով Տիգրան Սարգսյանը պետք է քավության նոխազ դառնար դրամի փոխարժեքի անկման կամ դեռ դառնալու է տնտեսական ճգնաժամի հետ կապված այլ առիթով:
Իրականում, սակայն, Տիգրան Սարգսյանը ոչ միայն Սերժ Սարգսյանի ամենավստահելի թիմակիցն է, այլև ամենաազդեցիկ անձն է ներկայիս իշխանական թիմում, նրա գաղափարախոսն ու մեթոդաբանը: Վարչապետը ներկայանում է որպես նոր սերնդի գործիչ ոչ այնքան տարիքային, որքան գաղափարական-քաղաքական հայացքների առումով: Նրա ներկայությամբ գործող իշխանությունը դադարում է սոսկ կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգ լինել: Առաջնորդվելով Տիգրան Սարգսյանի փիլիսոփայական մոտեցումներով` իշխանությունն արդեն այսօր նախաձեռնողական ակտիվություն է դրսևորում երկրի և ժողովրդի համար կենսական մի շարք ուղղություններով, այդ թվում` Ղարաբաղյան “կարգավորման” և հայ-թուրքական “հաշտեցման: Զուգահեռաբար, վարչապետի գաղափարները քաղաքական դաշտում առաջ մղելու նպատակով փորձ է արվում ձևավորել նոր, “արմատական և ուժեղ” քաղաքական միավոր` “ապագայի կուսակցություն”, որն ավելի կհամապատասխանի “հետինդուստրիալ” դարաշրջանին, որտեղ “չի լինի վայրի կապիտալիզմ, չի լինի ազատ մրցակցություն, կլինեն համագործակցային գաղափարի վրա հիմնված հարաբերություններ:
Այս համատեքստում Տիգրան Սարգսյանի հեղինակած հոդվածները, հատկապես դրանցում առկա վիճահարույց և նույնիսկ սպառնալի մտքերը, ավելի մեծ ուշադրության են արժանի: Առանց դրանց ծանոթանալու` դժվար է հասկանալ Սերժ և Տիգրան Սարգսյանների իշխանության քայլերի իրական տրամաբանությունը: “
Պետության վախճանը” հոդվածը որոշ չափով քննարկվել է հիմնականում հեղինակին համախոհ անձերի և սովորող երիտասարդների մասնակցությամբ: Շուրջ մեկ տարի անց ներկայացվող այս պատասխան հոդվածի նպատակն է ընդլայնել Տիգրան Սարգսյանի հեղինակած իշխանությունների նոր փիլիսոփայության հանրային քննարկումը` դրանում ներառելով նաև քննադատական տեսակետները: 
 

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ
* * *
Տիգրան Սարգսյանի “Պետության վախճանը”, ինչպես նաև դրան նախորդած “Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն” և այլ հոդվածների հայտարարված նպատակը Հայաստանի ապագայի վերաբերյալ նոր պատկերացում տալն է` աշխարհում մեծ արագությամբ տեղի ունեցող փոխակերպումների համատեքստում: Որպես գիտնականի կարծիք, որպես հայացք այլ դիտանկյունից` դրանք իհարկե հետաքրքիր են: Ու թեև շատ դրույթներ, համոզված եմ, վիճելի են, սակայն դրանց պատասխանելն այնքան էլ իմաստ չուներ, որովհետև յուրաքանչյուր կարծիք, հատկապես հեռու ապագայի վերաբերյալ, գոյության իրավունք ունի:
Այսօր, սակայն, երբ Տիգրան Սարգսյանը ոչ միայն վարչապետ է, այլև վարչախմբի յուրօրինակ գաղափարախոսը, նրա` պաշտոնը ստանձնելու նախօրյակին գրված հոդվածները նոր նշանակություն են ձեռք բերել: Հոդվածներում տեղ գտած մտքերը, դրանց ավելի հանրամատչելի և հարաբերականորեն դյուրամարս ածանցումները հետևողականորեն ներդրվում են ինչպես Տիգրան, այնպես էլ Սերժ Սարգսյանների ելույթներում: Դրանք փաստորեն դարձել են իշխող վարչախմբի բավականին “հավակնոտ” և “նախաձեռնողական” գործունեության փիլիսոփայության արտահայտիչներ ու կարծես կոչված են հաստատելու հեղինակի հիշեցումն այն մասին, որ “ապագան այսօր ավելի արագ է մոտենում, քան երեկ”:
Այստեղ էլ հենց ծնվում է առաջին հարցականը: “Ապագան” ինքն է՞ մոտենում, թե՞ մոտեցնում ենք արհեստականորեն: Այսինքն, երբ ասում ենք, որ “պետությունը վախճանվելու է”, արդյո՞ք դա համարում ենք պատմականորեն անխուսափելի, թե ինչ որ մեկի ցանկություն-ծրագիրն է դա: Իսկ գուցե՞, խոսելով հեռավոր ապագայում պետության վախճանի մասին, ակնկալում ենք, որ արդեն այսօր մարդիկ դրսևորեն որոշակի, մեզ համար նպաստավոր վարքագիծ կամ առնվազն “ըմբռնումով վերաբերվեն” կառավարության որոշ գործողություններին:
Մենք էլ ենք այն կարծիքին, որ “պետություն” հաստատությունը շարունակելու է ենթարկվել հիմնարար կառուցվածքային ձևափոխության ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ինչի արդյունքում նրա ներկայիս տեսակը վաղ թե ուշ անպայման կվերանա: Սակայն վստահ ենք, որ դա չի հանգեցնի պետության վախճանին ընդհանրապես: Ընդհակառակը, ազգերը և նրանց կազմակերպական կառուցվածքները (իսկ դրանք նույնպես պետություն են կոչվում) շարունակելու են հանդես գալ որպես համամարդկային համակեցության հիմնական գործող անձեր` միաժամանակ ենթարկվելով ինչպես աստիճանական, այնպես էլ թռիչքային փոփոխությունների:
Որքան էլ որ մեծանա անհատի դերը համաշխարհային գործընթացներում, այն երբեք էլ “գլխավոր օղակ” չի դառնա, առավել ևս չի փոխարինի առարկայորեն ավելի հարատև գործող անձերին` ազգային կազմավորումներին, իր կյանքի կարճաժամկետության պատճառով: Իսկ պետությունը, բացի որոշակի տարածքի վրա որոշակի բնակչության նկատմամբ հարկադրանքի համակարգ լինելուց, նաև սեփական հայրենիքում ազգերի կենսագործունեության կազմակերպական ձև է: Հնարավոր չէ խոսել պետության և նրա վախճանի մասին` չնկատելով նրա էության այս մյուս` մեր կարծիքով շատ ավելի կարևոր երեսը:
Օրինաչափ մտավախություն է առաջանում, որ, հայտարարելով պետության վախճանի մասին, դրան նպաստելով, իրականում մենք չենք վերացնի իշխանական հարկադրանքը, պարզապես դրա կենտրոնը մեր երկրի տարածքից կտեղափոխենք համաշխարհային մայրաքաղաքներ, իսկ փոխարենը կկորցնենք ինքնիշխանությունը և դրանով էապես կսահմանափակենք մեր ազգային ինքնակազմակերպման հնարավորությունները` զրկվելով վերջինիս համար շատ կարևոր տարածքային բաղադրիչից:
Տեղին է հիշատակել բոլշևիկյան հանրահայտ օրինակը: Համայնավարները նույնպես պետությունը բռնության գործիք էին համարում ու կանխատեսում էին, որ իշխող դասակարգի վերացմամբ կվերանա նաև պետությունը, սակայն արդյունքում ամենուր ստեղծեցին դաժան բռնապետություններ: Նրանք նույնպես հորդորում էին ժողովուրդներին կառչած չմնալ իրենց ազգային պետական կաղապարներից և տարածքներից. չէ՞ որ առջևում համաշխարհային հեղափոխությունն էր և մոլորակի աշխատավորների համերաշխությունը:
Այս զուգահեռը Տիգրան Սարգսյանի հոդվածին վերաբերող միակ քննադատությունը չէ: Բայց մեր խնդիրը բոլորովին էլ հոդվածը և նրա հեղինակին դատապարտելը չէ: Այնտեղ կան բազմաթիվ կարևոր դիտարկումներ, որոնք իրոք բազմակողմանի մեկնաբանության և ճշմարիտ եզրահանգումների կարիք ունեն: Հենց դա էլ մենք կփորձենք անել այս պատասխան հոդվածում, ինչպես նաև կփորձենք ուրվագծել Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումը, որը նույնպես կտրված չէ աշխարհում մեծ արագությամբ տեղի ունեցող փոխակերպումների համատեքստից:

* * *
Ի՞նչ է պետությունը: Տիգրան Սարգսյանը երեք հատկանիշ է դիտարկում: Դրանք են. “հարկադրանքի գործիք”, “գաղափարախոսության կրող” և “որոշակի տարածքում բնակչության կառավարիչ” լինելը:
Այն, որ պետությունը կամ պետական իշխանությունը հարկադրում է, ապա դա նրա հատկություններից մեկն է միայն, որը տարբեր ժամանակներում և տարբեր տեղերում շատ տարաբնույթ դրսևորումներ է ունեցել` ծայրահեղ կամայական բռնապետությունից մինչև կատարյալին մոտ իրավական պետություն: Պետությունը նաև կազմակերպում է, պաշտպանում է, բաշխում և վերաբաշխում է, դատում է, լուսավորում է, ներդրումներ է իրականացնում և այլն, և այլն: Սրանք բոլորը պետության գործառույթներ են, որոնք լավ կամ վատ անում են կամ պետք է որ անեն բոլոր իշխանավորները: Դրանցից ոչ մեկը հնարավոր չէ միանշանակորեն համարել բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում գործած պետությունների գլխավոր հատկանիշ:
Գաղափարախոսության ձևավորումը և վարքագծի կանոնների սահմանումը նույնպես մեծ վերապահումով կարելի է պետության հիմնական հատկանիշ համարել: Գաղափարախոսություն-պետություն հարաբերակցության մեջ հաճախ առաջնայինը գաղափարախոսությունն է, այլ ոչ թե պետությունը: Բազմաթիվ պետություններ և անգամ պետականության տեսակներ ուղղակի ստեղծվել են այս կամ այն գաղափարախոսության հաղթարշավի հետևանքով, հետո հեռացել են այդ գաղափարախոսությունից և նույնիսկ հակասել նրան: Ճիշտ է, երբեմն նվաճված երկրներում օտար իշխողները փորձում են իրենց գաղափարախոսությունը պարտադրել և թելադրել իրենց տիրապետությունը դյուրացնող վարքագիծ, սակայն պատմությանը հայտնի են նաև դեպքեր, երբ նվաճողներն իրենք էին յուրացնում գրաված երկրներում տիրապետող գաղափարախոսությունը և վարքագծի կանոնները: Բացի այդ, բազմաթիվ պետություններ գործում են գաղափարական ներքին վիճաբանության պայմաններում կամ գաղափարախոսություն են հռչակում “գաղափարախոսություններից հրաժարվելը”:
Շատ ավելի կարևոր է տարածքի նկատմամբ ունեցած գերիշխանությունը: Սա է պետության գլխավոր հատկանիշը: Առանց հարկադրանքի և գաղափարախոսության պետություն կարող է լինել, իսկ առանց տարածքի` ոչ: Եթե “պետության վախճան” ասելով նկատի ունենք, որ տարածքն այնքան անկարևոր կդառնա, որ այն այլևս ոչ մեկին որպես իշխանության առարկա չի հետաքրքրի, ապա դա այնքան էլ շուտ չի լինի: Տարածքը միայն գյուղատնտեսական հանդակները և ընդերքի հարստությունները չեն: Դրանում կհամոզվենք, եթե հպանցիկ հայացք նետենք այսօր աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական բնույթի մրցակցությանը: Տարածքի հետ ուղղակի կապ ունեն նրա բնակիչները, որոնք միաժամանակ հանդես են գալիս որպես պետության հպատակներ կամ քաղաքացիներ: Տարածքը և նրա բնակչությունը միասին կազմում են պետական իշխանության առարկան:
Այդ իշխանության անվանական և փաստացի կրողները կարող են փոփոխվել: Անվանական իշխանությունն այսօր ժառանգական միապետերից անցել է քաղաքացիների մեծամասնությանը: Փաստացի իշխանությունը զինվորական ազնվականությունից փոխանցվել է դրամատերերի խավին: Մի օր այն իսկապես կարող է պատկանել առավել խելոք և շնորհալի անհատներին: Այդ դեպքում իշխանության մարմինները և համապետական որոշումներ կայացնելու եղանակները կարող են զանազան կերպարանափոխությունների ենթարկվել. հարկադրող կառույցների փոխարեն կառաջանան ցանցային ինքնավարությունը համադրող բազմակենտրոն համակարգեր: Սակայն համապետական կառույցները և կազմակերպական մարմինները չեն կարող ընդհանրապես վերանալ: Տարածքի և բնակչության կողքին կառավարման ինքնիշխան մարմինների առկայությունը պետության գոյության երրորդ պարտադիր պայմանն է:
Տիգրան Սարգսյանը պետությունը սահմանում է երեք կետերով, որոնցից մեկը իսկապես նման է պետության սահմանմանը, որովհետև ձևակերպված է որպես որոշակի տարածքում բնակչության կառավարման ձև, իսկ մյուս երկուսը` հարկադրանքը և գաղափարախոսությունը, կարծում ենք, սահմանման հետ ընդհանրապես կապ չունեցող հավելագրումներ են:
Եթե ընդունում ենք, որ պետությունը տարածք-բնակչություն-ինքնիշխան կառավարություն երրորդությունն է, ապա այդ երրորդության վերանալու դեպքում միայն կարող ենք խոսել պետության վախճանի մասին: Գալով նման եզրահանգման` հեղինակը փաստորեն կանխատեսում է ոչ այնքան պետական հարկադրանքի վերացումը, որքան վերոհիշյալ երրորդության իմաստափոխումը և վերացումը, թեև, չգիտես` ինչու շեշտադրում է պետության հարկադրանքի համակարգ լինելու վրա: Միգուցե դա արվում է այն պատճառով, որպեսզի մարդիկ հանգիստ ընդունեն պետականության կորուստը. չէ՞ որ այն ընդամենը հարկադրանքի համակարգ էր, այլ ոչ թե հայրենիք և ազգային ինքնավարություն:
Ինչպես է Տիգրան Սարգսյանը նկարագրում տարածքի, բնակչության և կառավարության հետ ենթադրաբար տեղի ունենալիք փոփոխությունները: Հեղինակը կարծիք է հայտնում, որ կառավարությունը պետք է վերանա` իր լիազորությունները մաս-մաս փոխանցելով դեպի վերև, կողք և ներքև:
Լիազորությունների թեկուզ մասնակի փոխանցումը դեպի վեր մեզ քաջ ծանոթ համաշխարհայնացումն է: Այս ուղղության գերակայության արդյունքում ազգային կառավարությունները կվերածվեն համաշխարհային կառավարության: Այլ կերպ ասած` 200 պետությունները կդառնան մեկ գերպետություն:
Ազգային պետությունների բացակայության պայմաններում համաշխարհային կառավարությունից անմիջապես ներքև կգտնվեն համայնքները, որոնք ավելի ինքնավար կլինեն, որովհետև նախկին պետական լիազորությունների երկրորդ մասն էլ նրանց փոխանցված կլինի: Բազմահազար համայնքների հետ ուղղակի շփվելը, առավել ևս կառավարելը դժվար է և անխուսափելիորեն կառաջանան տարածաշրջաններ և միգուցե ենթատարածաշրջաններ, որոնք ենթադրաբար ազգային գունավորում չեն ունենա: Այսինքն` Հայաստան չի լինի, այլ կլինի, օրինակ` Հարավային Կովկաս:
Բացի այդ, պետության լիազորությունների երրորդ մասը դեպի կողք փոխանցելու արդյունքում կստեղծվեն մասնագիտացված հասարակական կառույցների բազմաշերտ և խիտ ինքնավար ցանցեր:
Այս ամենը պատկերացնել փորձող հայ մարդու գլխում անխուսափելիորեն հարց կծագի. իսկ ազգերը, որպես ինքնուրույն գործող անձեր, ի՞նչ մարմնով պետք է հանդես գան: Այսինքն` բոլոր այն համայնքները, որտեղ հիմնականում հայեր են ապրում, արդյո՞ք չեն փորձի միավորվել ազգային միության մեջ, թե՞ տնտեսական, հաղորդակցային կամ այլ նկատառումներով Մեղրին կնախընտրի միանալ Թավրիզի, Ալավերդին` Թիֆլիսի, Ստեփանակերտն էլ` Բաքվի հետ: Կամ, եթե մի տարածաշրջանի քառորդ մասը հայերով բնակեցված լինի, արդյո՞ք չեն փորձի նրանք անջատվել մնացած տարածաշրջանից և ունենալ սեփական առանձին հայկական տարածաշրջանը և այդ ձևաչափով քննարկել իրենց խնդիրները: Իսկ հասարակական կառույցների ցանցում արդյո՞ք չեն գոյանա առանձնացված ազգային ենթացանցեր, որոնցում շփվող մարդիկ միմյանց ավելի հոգեհարազատ կլինեն:
Եթե անպետություն դարաշրջանում հայկական համայնքները նորից միավորվեն, ապա նրանք անխուսափելիորեն իրենց գործառույթների մի մասը կփոխանցեն այդ միությանը: Իսկ առանձին տարածաշրջան դառնալու նրանց ձգտումը շատ նման կլինի ինքորոշման և անկախացման պայքարի: Ազգայնացված հասարակական ցանցերն էլ հիմնական դերակատարություն կունենան վերակազմյալ ազգային միավորի ինքնակառավարման գործում: Այսպիսով կվերականգնվեն պետության բոլոր երեք հայտանիշները և ազգային պետությունն ինքը: Եվ այդ բանը տեղի չի ունենա միայն մեկ դեպքում, եթե ազգերը փաստացի մահացած լինեն: Միգուցե այդ ժամանակների մասի՞ն է պատմում Տիգրան Սարգսյանը, թեև կասկածելի է, որ երբևէ կգան նման ժամանակներ:
Ազգային իրականության մեջ կարևոր են թե’ տարածքը` իր հայրենիք նշանակությամբ, թե’ բնակչությունը` իր ազգ նշանակությամբ, թե’ ինքնիշխան կառավարությունը` որպես ազգ-գործող անձի կազմակերպական ձև: Ազգային պետության վախճանը հնարավոր է միայն ազգերի չգոյության դեպքում, որը տեսանելի և կանխատեսելի ապագայում հաստատ չի սպասվում:

* * *
Հետարդյունաբերական դարաշրջանի նկարագրություններում առանցքային տեղ է հատկացվում գիտելիքին և այն կրող անհատին: Ենթադրություն է արվում, որ գիտելիքի կուտակումը կդառնա հիմնական վարքագիծ, ինչը կհանգեցնի կառավարման ցանցային ձևի որդեգրմանը և տարածմանը: Համաձայն ենք ինչպես այս կանխատեսմանը, այնպես էլ այն մտքին, որ այս ամենում անհատն իսկապես կարևոր տեղ է զբաղեցնելու: Այսինքն` մարդը և նրա գիտելիքը ավելի կարևոր կդառնան, քան դրամագլուխը կամ հողն ու մնացած բնական հարստությունը:
Սակայն երբ Տիգրան Սարգսյանն իր քննարկվող հոդվածի վերնագրի համատեքստում է հայտարարում, որ անհատը հանդես կգա` որպես աշխարհում տեղի ունեցող գործընթացների գլխավոր օղակ, ապա ստացվում է, որ նա` որպես գլխավոր օղակ, պետք է փոխարինի ազգերին և պետություններին:
Պետք է նկատել որ “պոստինդուստրիալիզմը” առաջին “իզմը” չէ, որ փորձում է “կարևորել” անհատ-մարդկություն բևեռային զույգը` ի վնաս “ազգ-համայնք-ընտանիք” միջին օղակների: Ուստի, մեր առարկությունը ավելի հիմնավոր շարադրելու համար համառոտ անդրադառնանք մարդկության բնական կառույցին:
Մարդ տեսակի մասին խոսելիս բացարձակ հստակությամբ կարելի է առանձնացնել նրա միայն երկու` ամենաբարձր (կամ համընդհանուր) և ամենացածր (կամ անբաժանելի) մակարդակները: Դրանք են ամբողջ մարդկությունը և առանձին անհատները: Միջանկյալ օղակները` ընտանիքները, գերդաստանները, համայնքները, ազգերը, ռասսաները առանձնացվում են որոշ մոտավորությամբ: Համայնքների, ազգերի, նույնիսկ ռասսաների սահմանները էլ ավելի անորոշ են դարձել խառնամուսնությունների, բազմակի ամուսնությունների, բնակչության շարժի, լեզվամշակութային փոխազդեցությունների ծավալման պատճառով: Սակայն դա չի նշանակում, որ այդ սահմաններն ընդհանրապես գոյություն չունեն:
Ազգային, կրոնական, ռասսայական և համայնքային տարբերությունները, դրանց միջև առկա հակասությունների պատճառով գոյացող հակամարտությունները մեծ գլխացավանք են պատճառում մարդկությանը: Մյուս կողմից թվում է, թե ավանդական ընտանիքը սահմանափակում է անհատական` հատկապես կանանց և երիտասարդների ազատությունը: Ու քանի որ թե’ ազգերը, թե’ ընտանիքները “անորոշ” և “փոփոխական” կազմավորումներ են, ոմանք շատ են ցանկանում ընդհանրապես ազատվել դրանցից ու դրանց առաջացրած գլխացավերից: Այդ փորձերն էլ հենց հանգեցնում են աշխարհաքաղաքացիական տեսությունների ի հայտ գալուն, որոնք մի կողմից կարևորում են ամբողջը` համայն մարդկությունը, մյուս կողմից` անբաժանելի միավորը` անհատին` ի վնաս միջանկյալ օղակների` ազգերի, ընտանիքների:
Այնուամենայնիվ, ռասսաների, ազգերի, համայնքների, ընտանիքների գոյությունը ակնհայտ և անհերքելի իրողություն է, իսկ դրանց դերի նվազմանը վերաբերող դատողությունները` բավարար չափով չհիմնավորված կարծիք: Ավելի մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ դրանք կլինեն այնքան ժամանակ, որքան ինքը` մարդկությունը:
Ազգերը կլինեն, որովհետև “համայն մարդկությունը” չի կարող հանդես գալ որպես մեկ գործող անձ, քանի որ իր մակարդակում երկրորդ և երրորդ մարդկություններ գոյություն չունեն, որոնց հետ նա համակեցության մեջ հարաբերվի: Մարդկություն համակեցության տիրույթում միշտ առանձնանալու են հավաքական գործող անձեր, և այդ բաժանման հիմքում լինելու են նրանց ազգային հատկանիշները: Կամ այն հատկանիշները, որոնք կլինեն բաժանման հիմքում, ընդունված է կոչել “ազգային” և դրանք բնութագրում են անհատների գիտակցական ինքնաճանաչողական պատկանելությունը գենետիկ-մշակութային խմբին:
Իսկ ընտանիքներն էլ միշտ կլինեն, որովհետև իրականում ընտանիքն է “փոքրագույն” և “անբաժանելի” միավորը, այլ ոչ թե անհատը: Անհատները չեն կարող ապրել առանց ընտանիքի: Ընտանիքում է տեղի ունենում սեռերի և սերունդների հիմքային փոխհարաբերությունը, առանց որի մարդկային կյանքն ընդհանրապես գոյություն չի ունենա: Անհատների բազմաթվությունը և պատմական առումով կյանքի կարճատևությունը ստեղծում են մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրի անձը, նրա շարժառիթները դառնում են շատ անկարևոր: Դրա փոխարեն անհատական վարքագիծը ամբողջությամբ պայմանավորվում է տվյալ անձի ինքնագիտակցությամբ, որը նախ և առաջ ընտանեկան է և ազգային, նաև համայնքային, գերդաստանային կամ ռասսայական, երբ ծագում է այդպիսի ընտրության անհրաժեշտություն:
Եթե ընտանիքը “փոքրագույն միավորն” է, ապա ազգը “հիմնական տեսակն” է (բայց ոչ միակ): Այն մի կողմից համակեցություն է նման ծագում ունեցող և նույնամշակույթ ընտանիքների համար, մյուս կողմից միասնական գիտակցությամբ օժտված պատմական գործող անձ է և բավականաչափ անկախ է իրեն պատկանող անհատների, անգամ առանձին սերունդների գիտակցությունից: Համամարդկային համակեցության մեջ անհատների գործունեությունը գլխավորապես պայմանավորված է ազգային գիտակցությամբ (կամ դրա անբավարարությամբ) և երբեք չի կարող ավելի կարևորվել ազգի հավաքական կենսագործունեությունից:
Պետական օրենսդրությունները փորձում են հստակ սահմանել և առանձնացնել ազգերը և ընտանիքները: Այդ նպատակին են ծառայում քաղաքացիություն երևույթը և քաղաքացիական կացությունը գրանցող համակարգերը: Դրանց համաձայն ֆրանսիացի է համարվում ֆրասիայի քաղաքացին, թեկուզ իրականում արաբ լինի, իսկ ընտանիք են համարվում արձանագրված ամուսինները և նրանց զավակները, այդ թվում որդեգրվածները: Համայնքները նույնպես որոշվում են գրանցման ինչ-որ կարգի համաձայն:
Օրենսդրության և իրականության մեջ միշտ առկա է որոշ հակասություն: Ապարանցին Երևան տեղափոխվելուց հետո դեռ երկու սերունդ ապարանցի է մնում, ինչպես որ հայը երեք-չորս սերունդ հայ է մնում այս կամ այն երկրում: Երեխան օտար ընտանիքի կողմից որդեգրվելուց հետո էլ շարունակում է կրել իր կենսաբանական ծնողների գեները: Բազմաթիվ ամուր ընտանիքներ ապրում են առանց արձանագրության, իսկ երբեմն էլ կեղծ ամուսնություններ են արձանագրվում: Սակայն, մյուս կողմից, ֆրանսիացիները հիմնականում ապրում են Ֆրանսիայում կամ Ֆրանսիայի քաղաքացի են, ընտանիքների մեծ մասը պաշտոնապես արձանագրված են:
Այսպիսով յուրաքանչյուր մակարդակում գործող բնածին միավորին փորձ է արվում համապատասխանեցնել մի արհեստածին միավոր, ինչի արդյունքում մարդկության իրական կառուցվածքի բուրգին զուգահեռ գոյանում է մեկ այլ` իրավաբանական անձերի արհեստածին բուրգ, որտեղ ոչ ճշգրիտ կերպով ընտանիքին համապատասխանում է արձանագրված ընտանիքը, համայնքին` տեղական ինքնավարությունը, ազգին` պետությունը, մարդկությանը` ՄԱԿ-ը: Այս համատեքստում նույնպես պետությունը կվախճանվի այն ժամանակ, երբ վախճանվեն ազգերը` որպես պետականածին միավորներ:

Որոշ ազգերի հետ այդպես էլ կատարվում է: Կենսական ուժը կորցրած, բավարար չափով չվերարտադրվող եվրոպական ազգերը մեծաքանակ մարդուժ են ներգրավում այլ երկրներից: Ինքուրույն չկարողանալով մարսել հարուստ երկրներ ձգտող այլազգիների ներհոսքը, նրանք փորձում են միավորվել: Արդյունքում եվրոպական ազգերը կորցնում են իրենց ինքնատիպությունը ոչ միայն այլազգիների ներհոսքի, այլև եվրոպական մյուս ժողովուրդների հետ փոխձուլման արդյունքում: Եվրոպական ինտեգրացիայի էությունը եվրոպական ազգերի մահանալու ցավալի գործընթացն է: Եվրամիությունը նրանց ծերանոցն է:
Նման գործընթացներ են տեղի ունենում նաև Եվրամիությունից արևելք: Բնակչության չափազանց ցածր վերարտադրություն, համատարած ամուսնություններ օտարների հետ, անկայուն ընտանիքներ: Անկախ ռուս կանանց ծնելիության խրախուսման փորձերից, 4-5 տասնամյակ անց, թրքախոս մահմեդականների և ռուսների թվաքանակը մոտավորապես հավասարվելու է: Եվրասիականության դուգինանման տեսությունների նորաձև լինելն էլ պայմանավորված է ռուս ժողովրդի մահացման ոչ պակաս ցավալի ընթացքով: Դրա հաջորդ փուլը կարող է դառնալ ՌՖ և միջինասիական թյուրքական երկրների միաձուլումը:
Բազմագույն, բազմազգ, բազմակրոն, բազմալեզու խառնածիններով բնակեցված ամերիկյան երկրները նույնպես կարող են մի օր միավորել իրեց տարածքները` այդպես էլ չհասցնելով ձևավորվել որպես առանձին ազգեր: Այդ միության մեջ պետականածին ազգի դերը կարող է կատարել ծագումով մասամբ հնդկացի, իսպանախոս և հարաբերականորեն կենսունակ զանգվածը: Աշխարհի այլ անկյուններում նույնպես կարող են նման զարգացումներ տեղի ունենալ:
Վերը շարադրված պատճառներով կարող է տպավորություն ստեղծվել, թե շուտով բոլոր ազգերն էլ մահանալու են կամ միաձուլվելու են: Պետությունների վերանալը և միավորվելը կարող է լինել դրա հետևանք և արագացուցիչ: Սա ընդամենը կանխատեսում է, որն այս հոդվածում վիճարկելն իմաստ չունի: Բավարարվենք միայն այն հաստատումով, որ, իրոք, ազգերի վերացման դեպքում պետությունները նույնպես կարող են վերանալ: Այլ հարց է, թե մենք` հայերս, ուզո՞ւմ ենք վերանալ, թե՞ ոչ, երբ խոսում ենք պետության վախճանի մասին: Իսկ մյուս կենսունակ ազգերը ի՞նչ են մտածում այդ կապակցությամբ:

* * *
Տիգրան Սարգսյանն իր հոդվածում չի խոսում ո’չ ազգերի և ո’չ էլ ընտանիքների վերացման մասին: Ընդհակառակը, պետությունը “սպանելով”, նա հայերի համար “Հայկական աշխարհ” է փորձում կառուցել: Իսկ հետարդյունաբերական շրջանի փոփոխությունների մասին խոսելիս հեղինակը օգտագործում է “հասարակություն” բառեզրը և նրա կազմակերպական ձևի մասին խոսում է` չկարևորելով հանրության ազգային բովանդակությունը: Վերացական հանրության փոփոխությունն է, որ ըստ նրա հանգեցնում է դրա կազմակերպական ձևի` պետության վախճանին և դա, ըստ նրա, կատարվելու է բոլոր ժողովուրդների հետ:
Մինչև հիմա մենք հերքում էինք պետության վախճանի հնարավորությունը` շեշտադրելով նրա ազգային բնույթը: Հիմա փորձենք տեղափոխվել հեղինակի դիտակետ, որտեղից ազգերը չեն երևում, և այդ դիրքից իմաստավորել նրա հիմնական եզրահանգումը:
Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք “հասարակության կազմակերպական ձևի փոփոխություն” արտահայտության վրա: Խոսքը պետության մասին է, սակայն արդյո՞ք փոփոխությունը անպայման վերացում է նշանակում, թե՞ դա կարող է պարզապես պետության ձևի փոփոխություն լինել:
Միջնադարում պետությունը անսահմանափակ իշխանությամբ, “Աստծո կողմից օծված” միապետն էր: Միջնադարյան մարդու պատկերացումներով այսօրվա պետությունների մեծամասնությունը ընդհանրապես պետություններ չեն: Նա շատ կզարմանար, եթե իմանար, որ մի օր եվրոպական միապետերն այլևս ոչինչ չեն որոշի իրենց երկրներում և ընդամենը դեկորի դեր կկատարեն, իսկ ծաղրածուներին` օրինակ` այսօրվա երգիչներին, ասպետական տիտղոսներ կշնորհվեն: Անթագավոր Ֆրանսիայի կամ Իտալիայի մասին իմանալով` նա էլ կարող էր եզրակացնել, որ այդ երկրներում “պետությունը վախճանվել է”: Բայց մենք այսօր չենք կասկածում, որ Ֆրանսիական հանրապետությունը աշխարհի առաջատար պետություններից մեկն է:
Միջնադարում պետության գլխավոր հատկանիշ կարող էր համարվել ժառանգական իշխանությունը, և նա, ով կկանխագուշակեր ժառանգական միապետությունների վախճանը, նույնպես կարող էր հայտարարել, որ պետությունը կվերանա: Սակայն հանրային փոփոխությունների արդյունքում, գոնե հայերենում, փոփոխվեց միայն պետությանը նախորդող բառարմատը` “միա”-ն դարձավ “հանրա”: Սա հանրության և նրա կազմակերպական ձևի հիմնական փոփոխության ամենատիպական օրինակ է:
Այսօր դժվար է ավելի մեծածավալ հանրային փոփոխություններ պատկերացնել, քան այն փոփոխությունները, որ տեղի ունեցան արդյունաբերական հեղափոխության և դրամատիրության հաղթարշավի ժամանակներում: Դրանք իսկապես հիմնովին փոխեցին պետության տեսքը, սակայն չսպանեցին այն: Մինչինդուստրիալից ինդուստրիալ և ինդուստրիալից հետինդուստրիալ անցումները հեղինակի մոտ ներկայանում են որպես համարժեք փոփոխություններ: Եթե այն ժամանակ պետությունը չվերացավ, ինչո՞ւ հիմա այն պետք է վերանա: Պետական հաստատությունները և հանրային կառուցվածքը կարող են անճանաչելիորեն փոխվել, բայց չվերանալ:

* * *
Մի կողմ դնենք պատմական զուգահեռները և փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է Տիգրան Սարգսյանը հիմնավորում, որ “հենքային գործընթացի” ներկա փոփոխությունը և “հետինդուստրիալ” դարաշրջանի կայացումը անխուսափելիորեն կհանգեցնեն պետության վախճանին` դարձյալ հիշելով, որ վերացական ենք խոսում: Այսինքն` խոսում ենք “պետություն” հաստատության մասին ընդհանրապես, այլ ոչ թե ազգերի կազմակերպական ձևերի, որոնց հեղինակը տեղափոխում է մշակութաբանական հարթություն:
“Զանգվածային ժողովրդավարությամբ բյուրոկրատական պետության” վախճանի գլխավոր հիմնավորումներից մեկն այն է, որ անընդհատ բարդացող աշխարհում մեծամասնության ձևավորած քաղաքական իշխանությունը աստիճանաբար կորցնում է մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում որոշումներ կայացնելու ունակությունը: Բյուրոկրատական ապարատի շրջանակներում պետության կայացրած որոշումները շատ հաճախ անիմաստ են դառնում նույնիսկ մինչև դրանց ուժի մեջ մտնելը, ինչը, ըստ հեղինակի, ապացուցում է տեխնոլոգիական զարգացման սլացքին համապատասխանելու ժամանակակից պետության անկարողությունը:
Ենթադրաբար այդ պատճառով են առաջանում ոչ այնքան պետական “անկախ” մարմինները, ինչպիսիք են` կենտրոնական բանկերը, արժեթղթերի, հակամենաշնորհային, հանրային ծառայությունները կարգավորող և այլ հանձնաժողովները, որոնք ենթադրաբար հետարդյունաբերական դարաշրջանին համապատասխանող կառավարման հաստատություններ են: Սակայն վերոհիշյալ մարմինները ավելի պակաս բյուրոկրատական և պակաս դանդաղաշարժ չեն: Դրանք ամենաիսկական պետական մարմիններ են, որոնք, ի դեպ, պետության կողմից օժտված են նաև հարկադրանքի լծակներով: Էական ոչինչ չէր փոխվի, եթե կենտրոնական բանկի պարտականությունները դրված լինեին ֆինանսների կամ ասենք դրամաշրջանառության նախարարության վրա:
Անգամ եթե պատկերացնենք, որ կենտրոնական բանկը կամ արժեթղթերի հանձնաժողովը (վերջինիս վերաբերող հայաստանյան փորձառությունը ուղղակի ծիծաղելի է և նման հաստատությունների արհեստածնության վկայություն է) մի օր կվերածվեն հասարակական կազմակերպությունների, և նույնպիսի հասարակական կազմակերպություններով կփոխարինվեն կրթության, առևտրի, գյուղատնտեսության և մյուս նախարարությունները, անգամ բանակն ու ոստիկանությունը, միևնույն է, դա չի հանգեցնի պետության վերացմանն ընդհանրապես, այլ միայն կփոխի պետական մարմինների կազմավորման կարգը, գործառույթները և գործելաոճը: Պետություն կկոչվեն իրենց ձևով ավելի շատ այսօրվա ոչ-կառավարական կազմակերպություններին նմանվող և մասնագիտական տարբեր ոլորտներում մրցակցությունը կամ համագործակցությունը կարգավորող կազմավորումները և կամ դրանց համախումբը:
Ժամանակակից պետությունում կառավարումը պայմանականորեն կարելի է երկշերտ համարել: Շերտերից մեկը քաղաքական դաշտն է, մյուսը` մասնագիտական բյուրոկրատիան: Ենթադրաբար, մասնագիտական բյուրոկրատիան քաղաքական դաշտին սպասարկող դերակատարություն պետք է ունենար: Սակայն տարբեր պետություններում միշտ գերիշխել է բյուրոկրատական օղակների ինքնաուռճացման, նրանց կողմից քաղաքական իշխանության փաստացի յուրացման կամ առնվազն դրա վրա արդյունավետ ազդելու միտումը:
Տիգրան Սարգսյանը նկարագրում է քաղաքական և բյուրոկարատական իշխանությունների միաժամանակյա վախճանը, սակայն տպավորություն է ստեղծվում, որ իրականում նա խոսում է քաղաքական դաշտի նկատմամբ բյուրոկրատիայի վերջնական հաղթանակի մասին, այն օրերի մասին, երբ խորհրդատուներն ու փորձագետները կդառնան իշխող դասակարգ: Բայց իշխող դասակարգի առկայությունը պետության ամենաիսկական դրսևորումներից մեկն է:

Երկրորդ կարևոր հիմնավորումն այն է, որ համաշխարհայնացումը հարթեցնում է համաշխարհային խաղադաշտը, վերացնում է սահմանները և բացառիկ հնարավորություններ է ստեղծում բավարար մտավոր ներուժ ունեցող անհատների համար: Համաշխարհային համակեցությունը, այնտեղ սահմանված խաղի կանոնները տեղականներից ավելի կարևոր են դառնում: Հետինդուստրիալ աշխարհը “ապազանգվածայնացվում” է:
Իսկապես աշխարհը փոքրացել է, և հատկապես տնտեսական գործունեության ոլորտներում խաղի համաշխարհային կանոնները շատ կարևոր են դարձել, և պետական իշխանության մարմինները նույնպես դա կարևորում են: Պետությունները մի կողմից հավաքաբար են սահմանում այդպիսի կանոններ կամ կամավոր-պարտադրված ընդունում են միջազգային ոչ-պետական մասնագիտական կառույցների առաջարկները:
Միջազգային ոչ-կառավարական կամ միջպետական տարատեսակ կազմակերպությունների օրեցօր ծավալվող համաշխարհային ցանցը լայն հորիզոններ է բացել նախկին պետական բյուրոկրատների աշխատանքային առաջխաղացման համար: Դրանց թվի արագ աճը ձևավորել է աշխարհաքաղաքացիների ազդեցիկ և նորքուստ լավ կազմակերպված համայնք:
Օրինակ “UNESCO”-ի մի բարձրաստիճան պաշտոնյա, եթե նրա աշխատանքային պայմանաժամկետը ավարտվում է նախքան թոշակի տարիքին հասնելը, հեշտությամբ աշխատանքի է անցնում ասենք Միջազգային Կարմիր Խաչում կամ երիտասարդ առաջնորդների ինչ-որ միջազգային շարժման գլխավոր գրասենյակում: Նման կարևոր մասնագետներին մշտապես աշխատանքով ապահովելու նպատակով ստեղծված են մասնավոր ընկերություններ, որոնք մասնագիտացած են աշխատանքային մրցույթներ անցկացնելու գործում: Այսինքն` իրականում նրանք են որոշում, թե այսինչ միջազգային կազմակերպության ընտրված խորհուրդը ում պետք է գլխավոր քարտուղար նշանակի: Ընդ որում, որպես կանոն, մի կազմակերպությունից մյուսը տեղափոխվող երեց կառավարիչը առնվազն պահպանում է իր նախկին աշխատավարձը, եթե անգամ նրա նոր հիմնարկը ավելի աղքատ է:
Միջազգային, միջպետական և ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարությունները միասին կազմում են մի յուրօրինակ համաշխարհային կառավարություն: Դրանում խոշոր դրամատերերի համաշխարհային կոհորտան այսօր դեռ զգալի ազդեցություն ունի, սակայն չենք բացառում, որ վաղն այն իր տեղը ամբողջությամբ կարող է զիջել “գիտելիքի մարդկանց”:
Համաշխարհային կառավարության իշխանության մեծացումը իհարկե սահմանափակում է առանձին պետությունների դերակատարությունը: Հստակ ազգային գունավորում չունեցող կամ այն կորցնող ժողովուրդներն ու պետությունները ժամանակի ընթացքում ամբողջությամբ ենթարկվելու են այդ համաշխարհային կառավարությանը և հավանաբար նաև ինքնալուծարվելու են: Ազգ-պետությունները դժվարությամբ են դիմակայելու այդ հզոր մարտահրավերին: Սակայն այս ամենը չի նշանակում, որ պետություն երևույթը ընդհանրապես վերանում է: Բացարձակ գլոբալացման դեպքում էլ պահպանվելու են նրա սահմանման բոլոր երեք բաղադրիչները` տարածքը, թեկուզ դա ամբողջ երկրագունդը լինի, բնակչությունը` թեկուզ դա ամբողջ մարդկությունը լինի, և համաշխարհային կառավարությունը` թեկուզ նա հարյուր անգամ ավելի խճճված և անորոշ տեսք ունենա, քան այսօր է:
Ինչ վերաբերում է զանգվածայնությանը, ապա պետության ծայրաստիճան խոշորացման դեպքում ժողովրդի կառավարումը նույնպես ծայրաստիճան զանգվածային է լինելու: Հեռահաղորդակցության և քարոզչական միջոցների ժամանակակից հնարավորությունները արդեն հանգեցրել են համամարդկային զանգվածի առաջացմանը: Ընդ որում այս զանգվածը ապագաղափարականացված է և ավելի շատ կառավարվում է նորաձևությամբ: Նրան հնարավոր չէ հավաքել մեկ հրապարակում, ընդհանուր դրոշի ներքո, բայց կարելի է գամել հեռուստացույցի կամ համակարգչի առջև: Միաժամանակ միշտ կլինի մարդկանց մի շերտ, որը իր հոգևոր և մտավոր որակների, նպատակամղվածության, ճշմարիտ ինքնաճանաչողության և աշխարհաճանաչողության շնորհիվ դուրս կմնա զանգվածային քարոզչության ազդեցությունից:

Պետության մոտալուտ վախճանը ավետող երրորդ հանգամանքը, ըստ Տիգրան Սարգսյանի, կազմակերպման ցանցային ձևի լայն տարածումն է, ինչին մեծապես նպաստում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները: Դրանց միջոցով մարդիկ ազատորեն և անձամբ կարող են մասնակցել ցանկացած տեսակի քննարկմանը և քաղաքական որոշումների կայացմանը:
Արդյո՞ք խորհրդարանի փոխարինումը էլեկտրոնային հանրաքվեով վերացնում է պետությունը: Մենք առանց այդ էլ ապրում ենք ժողովրդավարություն հռչակած պետություններում: Շվեյցարիայի քաղաքացիները այսօր էլ տարեկան երկու անգամ հանրաքվեների մասնակցելու հնարավորություն ունեն: Տեղեկատվական տեխնոլոգիաները կնպաստեն այն բանին, որ մի օր ամբողջ աշխարհում մարդիկ ամեն օր հանրաքվեով օրենքների ընդունմանը մասնակցելու հնարավորություն կունենան: Ավելին, նրանք դա կանեն ունենալով հարցերի վերաբերյալ բավականաչափ տեղեկություն ստանալու և սեփական կարծիքը քարոզելու լայն հնարավորություն: Սակայն դա ոչ թե կհանգեցնի պետության վախճանին, այլ ընդհակառակը` կկատարելագործի ժողովրդավարական կոչվող համակարգը:
Այնուամենայնիվ կազմակերպման ցանցային ձևի լայն կիրառումը էական փոփոխություններ կմտցնի և անճանաչելիորեն կփոխի պետության տեսքը: Սակայն այդ տեսքը նկարագրելուց առաջ երկու բան պետք է տարբերել` վիրտուալ աշխարհը մի բան է, իսկ ցանցային կառավարումը` բոլորովին այլ բան: Այն, որ վիրտուալ աշխարհը ցանցային կառուցվածք ունի, դեռ չի նշանակում, որ դրանք նույնն են:
Համակեցության առումով վիրտուալ աշխարհը ակումբային երևույթ է. մարդիկ այնտեղ միավորվում են ըստ նախասիրությունների, կամավոր հիմունքներով: Նույն երևույթը գոյություն ունի նաև իրական կյանքում` ակումբներ, հասարակական կազմակերպություններ և այլն: Պարզապես տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ լայնանում են դրանց սահմանները, ինչպես նաև դրանցում որոշակիորեն փոխված է մարդկային փոխհարաբերությունների բնույթը` պայմանավորված մասնակիցների անանուն և անհասանելի լինելու հնարավորությամբ:
Ցանցային ձևով կազմակերպված է ոչ միայն վիրտուալ աշխարհը, այլ նաև իրական կյանքի բազմաթիվ ոլորտներ: Հեղինակը հիշատակում է արժեթղթերի շուկան` որպես ցանցի, ու ֆոնդային բորսաները` որպես այն սպասարկող կենտրոնների օրինակ: Մենք կարող ենք ավելացնել մնացած բոլոր շուկաները, ինչպես նաև ոչ տնտեսական ոլորտները նույնպես: Մասնավորապես, հավատը և եկեղեցիները, կրթությունը և համալսարանները, բնապահպանական, իրավապաշտպան և այլ հասարակական շարժումները և դրանց առաջատար կազմակերպությունները, արվեստի տեսակները և նրանց օջախները նույնպես բազմակենտրոն ցանցեր են: Նման բազում օրինակներ կարելի է բերել ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային հարթություններում: Մենք` հայերս, անգամ կարող ենք հաղթանակած բանակի օրինակ բերել, որն ունեինք 1991-94թթ, և այն երկար ժամանակ և զգալի չափով ցանցային բնույթ ուներ` ճիշտ է աստիճանաբար վերածվելով ուղղահայաց կառույցի: Նման օրինակներ են պարտիզանական և դիմադրական շարժումները Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես նաև 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծի Հայ հեղափոխական շարժումը: Իսկ ինչ կատարյալ և ապատարածքային ցանց ուներ անպետություն հայ առևտրականությունը դարեր շարունակ:
Փաստորեն ցանցային կազմակերպման ձևը նոր չէ ի հայտ եկել և բոլորովին էլ պայմանավորված չէ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ: Կամավոր մասնակցությամբ բոլոր շարժումները, հավաքական գործող անձերը ցանցային ձևով են կազմակերպված: Եթե անգամ նման շարժումները սպասարկող կենտրոններից մեկը գերակշիռ ազդեցություն է ձեռք բերում կամ էլ հատուկ ստեղծվում է համակարգող ղեկավար մարմին, միևնույն է, դրան զուգահեռ միշտ կարող է առաջանալ նույն կամավորական շարժումը սպասարկող մեկ այլ անկախ կենտրոն:
Ցանցային ձևը իհարկե հակադրված է ներկայիս պետություններում գերիշխող ուղղահայաց-բուրգային կառուցվածքին: Վերջինիս համեմատ` հանրային կյանքի տարբեր ոլորտների կազմակերպման ցանցային-ապակենտրոն ձևը միանշանակ պետք է առաջադիմական և նույնիսկ հեղափոխական համարել: Այն առաջին հերթին առաջադիմական է` որպես ազգային-պետական ինքնակազմակերպման ձև, որովհետև լավագույնս համապատասխանում է ազգերի բնական, բազմաշերտ-ցանցային կառուցվածքին և լայնորեն կարող է կիրառվել ապագայի պետական կաղապարներում` ոչ միայն չսպառնալով պետության գոյությանը, այլև նպաստելով իսկապես ազգային պետության կայացմանը:

* * *
Տիգրան Սարգսյանի համար պետության վախճանի մասին դատողությունների մեկնակետ է ծառայել պոստինդուստրիալիզմի տեսությունը:
Պետք է որ թերի լինեն ապագային վերաբերող այն տեսությունները, որոնք, փոխանակ այդ ապագայում ծնվելիքի վրա շեշտը դնելու, իրենց դատողությունները կառուցում են ներկայի առանձնահատկությունների մահանալու վրա: Քննարկվող տեսության մեջ ապագան անգամ իր սեփական անունը չունի, և դրան փոխարինում է “հետարդյունաբերական” բառը: Այս մեթոդը մեկը մյուսից չի առանձնացնում, միասնաբար է դիտարկում անցյալի` միմյանցից շատ տարբեր ժամանակաշրջանները, այն դեպքում, երբ, օրինակ, Մարքսիզմը խոսում է նախաարդյունաբերական երեք տարբեր շրջանների մասին: Վերջինս ավելի համապարփակ պատմական օրինաչափություն է փորձում ներկայացնել և ավելի կոնկրետ է խոսում հաջորդ փուլի` համայնավարության մասին, սակայն շեշտը դնում է արդարության, շահագործումից զերծ լինելու վրա: Գիտելիքը այստեղ հիշատակվում է գիտատեխնիկական առաջընթացի և արտադրության միջոցների զարգացման, ինչպես նաև աշխատուժի որակի բարձրացման համատեքստում:
Տեսություններից ոչ մեկով հիացած չլինելով, բայց նաև չմերժելով` նկատենք, որ ապագան կանխատեսելիս երկուսում էլ կարևոր տեղ է հատկացվում մարդուն, գիտելիքին, ինչպես նաև հարկադրանքի կամ շահագործման վերանալուն: Եվ իրոք, դժվար է շահագործել բժիշկին, իրավաբանին, ճարտարագետին, այլ բնագավառների գիտակ մասնագետներին, փորձագետներին, խորհրդատուներին:
Մենք կարող ենք կատարել նման տեսություններին չհակասող երեք հաստատում.
1) Մարդկային կարողությունները, տվյալ դեպքում ոչ թե ֆիզիկական աշխատուժը, այլ մասնագիտական և ընդհանուր գիտելիքը, աստիճանաբար ավելի կարևոր դերակատարություն են ստանալու, քան ունեին վերջին երկու դարաշրջաններում` ներկայիս ինդուստրիալ-կապիտալիստականում, որտեղ կարևորը կուտակված դրամագլուխն է` մասնավորապես արտադրության միջոցները, և մինչինդուստրիալ-ֆեոդալականում, որտեղ կարևորը բնական հարստությունն էր` հողը:
2) Այսօր մարդու կարողությունների գլխավոր բաղադրիչը դառնում է գիտելիքը: Այն չի կարող սեփականացվել ուրիշների կողմից և շահագործվել, ինչպես որ նախկինում շահագործվում էր ֆիզիկական աշխատանքը: Ավելին, գիտելիքի մարդիկ իրենք են որոշակի առավելություն և նույնիսկ իշխանություն ձեռք բերում այլոց նկատմամբ: Պոստինդուստրիալ կամ համարժեք այլ անունով հասարակությունում սոցիալիստական “յուրաքանչյուրին ըստ աշխատանքի” սկզբունքը ներկայանում է մի քիչ վերաիմաստավորված` “յուրաքանչյուրին ըստ գիտելիքի” նույնքան արդար, նույնիսկ նույնական սկզբունքով:
3) Գրագետ, գիտակ, մասնագետ և ամբողջագետ, մեթոդաբար մտածող և մտահաղորդակցության մեջ հմուտ, ինքնաճանաչ և աշխարհաճանաչ մարդկանցից բաղկացած հանրույթը կազմակերպվելու և կառավարվելու է պետականության բոլորովին այլ ձևերով: Ամենայն հավանականությամբ տիրապետող է լինելու ցանցային ձևը` բազմաշերտ, ինքնակազմակերպվող և ինքնակառավարվող ցանցերի համակարգը:
Տիգրան Սարգսյանի հոդվածում առկա են բազմաթիվ հաստատումներ, որոնք հիմնավորում են վերոհիշյալ երեք կետերը, այն տարբերությամբ, որ երրորդ կետում շարադրվածը նա պետություն կամ պետականության ձև չի համարում:

***
Երբ միապետությունները վերածվեցին հանրապետությունների, իշխանությունը զինվորական ազնվականներից, որոնք նաև կալվածատերեր էին, անցավ խոշոր դրամատերերին: Հիմա մենք համաձայնվեցինք Տիգրան Սարգսյանի հետ, որ այն պետք է անցնի գիտելիքի մարդկանց, և այդպիսի փոփոխությունը իսկապես հեղափոխություն կլիներ: Ինչպե՞ս այն կանդրադառնա պետության վրա:
Այստեղ դարձյալ պետք է հիշենք, որ պետությունը նաև ազգային ինքնակազմակերպման իմաստ ունի: Այս հանգամանքը դրսևորվել է բոլոր ժամանակներում, և բոլոր ժամանակներում էլ եղել են շեղումներ պետության ազգային էությունից: Միապետերը ժամանակին ազգերի զինվորական առաջնորդներն էին, որոնք պաշտպանում էին իրենց ցեղը և կենսատարածք նվաճում նրա համար: Սակայն նույն միապետերը իրենց էին ենթարկեցնում նաև այլ ժողովուրդների, ջնջում էին ազգային սահմանները: Միապետերի և ազգերի միջև կապը վերջնականապես խզվեց այն ժամանակ, երբ հարևան երկրներից սկսվեցին արքայատոհմեր ներմուծվել, իսկ նրանց ներկայացուցիչները ամուսնանում էին այլ երկրների արքայադստրերի հետ: Գահերը սկսեցին ապրել ազգերից անկախ:
“Ազգերը” հակադրվեցին իրենց “ապազգային” ազնվականությանը: Իշխանությունը անցավ դրամատերերին: Սկզբնական շրջանում նրանք որոշակի կապ էին տեսնում իրենց անձնական շահերի և ազգային-պետական շահերի միջև հատկապես այն պետություններում, որոնք տիրապետում էին գաղութների կամ այլ ձևով շահագործում էին ուրիշ ժողովուրդների: Որոշակիորեն կարելի է պնդել, որ բուրժուազիայի ազգային ինքնագիտակցությունն էր, որ գահընկեց արեց թագավորներին: Ազգային-պետական շահերի դրամատիրական ընկալումը, սակայն, հանգեցրեց կայսրապաշտական դրսևորումների և կործանարար պատերազմների, ի վերջո կայսերական ազգերի բարոյալքմանը: Ազգային պետությունները շատ նեղ դարձան դրամատիրական շահերի ձևակերպման և իրացման համար: Ձևավորվեցին միջազգային ընկերություններ, ազգային շուկաները բացվեցին օտար դրամագլուխների համար: Կալվածատիրական ազնվականության պես խոշոր դրամատիրությունը նույնպես վերազգային և ապազգային դարձավ: Այսօր սա պետությունների գլխավոր հակասությունն է:
Թե’ միապետերն ու ազնվականությունը, և թե’ դրամատերերը սկզբնական շրջանում որոշակի ազգային ինքնագիտակցության կրողներ էին, որ ժամանակի ընթացքում կորցրեցին այդ որակը: Պետք է ենթադրել, որ ազգային ինքնագիտակցության կրողներ են լինելու նաև “գիտելիքի մարդիկ”, երբ փոխարինեն դրամատերերին: Այսինքն` նոր պետությունները գոնե պատմական որոշ ժամանակաշրջանում ավելի ազգային էություն են ունենալու: Այլ կերպ ասած` հին պետությունը կազմաքանդելը և նրա տեղում նոր տեսակի պետություն կառուցելը թեև համաշխարհային երևույթ է եղել, սակայն տեղերում այն որոշակիորեն ձևակերպվել է` որպես ազգային խնդիր: Հիմա էլ հավանաբար այդպես է լինելու:
Ասվածը անուղղակի հաստատում է նաև Տիգրան Սարգսյանը, երբ որպես գիտելիքի մարդ խոսում է “հայկական աշխարհի” մասին: Այդպես է նա ձևակերպում վերոհիշյալ “ազգային խնդիրը” հայերիս համար: Սակայն, որքան էլ փորձենք խնդիրը տեղափոխել մշակութաբանական հարթություն, կտրենք տարածքից, միևնույն է հայկական աշխարհը ինքնակազմակերպվելու է և դա անելու է իր գիտելիքի մարդկանց ջանքերով, աշխարհով մեկ, բայց հատկապես իր հայկական աշխարհում` հայրենիքում կամ առնվազն նրա հետ կապակցված, նրա համար:

* * *
Այն հաստատումը, որ պետությունը և հատկապես ազգային պետությունը չի վախճանվելու, չի պակասեցնում Հայաստանի ապագայի վերաբերյալ նոր պատկերացման փնտրտուքի անհրաժեշտությունն ու կարևորությունը: Հայ ժողովուրդը այդ աշխատանքը կատարելու է նախ իր համար, բայց բացառված չէ, որ դա օգտակար և ընդօրինակելի կլինի նաև այլ ազգերի համար: Պետության նոր տեսակը անշուշտ շատ էականորեն է տարբերվելու իր նախորդներից, և մենք պետք է փորձենք կանխագուշակել և նկարագրել այդ տարբերություններից հիմնականները, որոնք մի գուցե ընդհանուր կլինեն մի շարք ժողովուրդների համար: Կարծում եմ, որ սա շատ ավելի օգտակար է, քան պետության վախճանի մասին ավետելը:
Արդյունաբերական կամ դրամատիրության դարաշրջանին հատուկ է պետության այն կաղապարը, որում իշխանությունը տեսականորեն պատկանում է քաղաքացիներին, նրանց կողմից ընտրված ներկայացուցիչներին, և որը մենք սովոր ենք հանրապետություն անվանել: Հանրապետություններից շատ չեն տարբերվում նաև արդի խորհրդարանական միապետությունները: Այս երկուսը փոխարինեցին մինչարդյունաբերական շրջանի բացարձակ միապետություններին, որոնցից տարբերվում են շատ սկզբունքային հարցերում: Ըստ նույն տրամաբանության` պետք է ենթադրել, որ նոր դարաշրջանում, հիմնարար փոխակերպումների արդյունքում, հանրապետությունն էլ իր տեղը կզիջի սկզբունքորեն այլ տեսակի պետական համակարգին:
Մենք համաձայնվեցինք, որ ապագայում խոշոր դրամագլուխների և ընդարձակ կալվածքների համեմատ շատ ավելի մեծ նշանակություն է ունենալու գիտելիքը: Վերջինս մարդկանց կամ ժողովրդին է պատկանում: Ճիշտ է, ինչպես և դրամագլուխը, մտավոր կարողությունը նույնպես անհավասար է բաշխված մարդկանց միջև: Միգուցե դա ավելի մեծ անարդարություն է, քան ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև արդյունաբերական-դրամատիրական ժամանակաշրջանում: Սակայն այդ “անարդարության” դեմ բողոքելն իմաստ չունի, նախ, որովհետև գենով փոխանցված խելքը ավելի բնական երևույթ է համարվում, քան ժառանգված, կասկածելի ծագում ունեցող հարստությունը, և հետո` “գիտելիքի մարդկանց” իշխող դասակարգին հնարավոր է անդամակցել սովորելով, ինչն այսօր բավականին մատչելի է դարձել, և գրագիտության ընդհանուր մակարդակը անընդհատ բարձրանում է: Բացի այդ անհատի ինքնահաստատումը` որպես գիտելիքի մարդու, ուղղակիորեն կապված է այլոց հետ իր գիտելիքները կիսելու, այսինքն` մյուսներին կրթելու հետ: Ուստի գիտելիքի բաշխումը մարդկանց մեջ երբեք չի կարող բևեռացվել այնքան, որքան բևեռացված է այսօր դրամագլուխը:
Հաշվի առնելով մարդկային գործոնի կանխատեսվող ազդեցիկությունը նոր ժամանակներում` պետք է ենթադրել, որ պետական նոր համակարգը ավելի ժողովրդավարական բնույթ կունենա: Սակայն այս հաստատումը բավական անորոշ է, որովհետև տեսականորեն ներկայիս հանրապետությունները նույնպես ժողովրդավարություններ են, և նրանցից էականորեն տարբերվող քաղաքական համակարգերը չեն կարող նույն բնութագրումն ունենալ: Ուրեմն պետք է ավելի հստակ սահմանենք այդ երկու “ժողովրդավարությունները”, որպեսզի տեսնենք նաև դրանց տարբերությունները:
Ներկայիս պետական մշակույթում ժողովրդավարություն է կոչվում ընդհանուր և հավասար ընտրական իրավունքը: Իրենց լիազորությունների շրջանում իշխանության մարմինները ընդունում են հարյուրավոր օրենքներ և կայացնում են հազարավոր գործադիր որոշումներ: Դրանց մի մասին ընտրող քաղաքացին կարող է համաձայն լինել, մյուսներին` դեմ, սակայն ստացվում է, որ նա նախօրոք կողմ է քվեարկել բոլորին, որովհետև այսինչ այսինչյանին ընտրել է նախագահ, իսկ այնինչ այնինչյանին` պատգամավոր: Ավելին, որպես կանոն այդ քաղաքացին քվեարկելիս չի էլ իմանում, թե առաջիկա տարիներին ինչ հարցեր են լինելու իր ընտրյալների օրակարգում և լավագույն դեպքում ընտրությունը կատարում է անձնական համակրանքի հիման վրա, իսկ վատագույն դեպքում` խաբվելով քարոզչությանը կամ ձայնը վաճառելով:
Խիստ մոտենալու դեպքում ներկայումս աշխարհում տարածված ընտրական ժողովրդավարությունը ընդհանրապես չի կարելի ժողովրդավարություն համարել: Իրականում այն ժողովուրդներին կառավարելու համակարգ է, որը, սակայն, կառավարվող առարկայի, այսինքն` ընտրողների մոտ ինքնիշխանության պատրանք է ստեղծում: Բնական է, որ ժամանակակից քաղաքական մշակույթի անբաժան մասն են կազմում սուտն ու կաշառքը, որոնք լայնորեն կիրառվում են ժողովրդավարության իրական գործող անձերի` նյութական իշխանության կուսակցականացված թիմերի կողմից: Կատարյալին մոտ կուսակցական ժողովրդավարությունների երկբևեռ համակարգերում, ըստ խաղի կանոնների, նրանք ձևավորում են այն զույգ թիմերը, որոնք հաղթելու համար պետք է իրենց կողմը ձգեն առավելագույն թվով ընտրողների: Դրա օրինական համարվող միջոցը քարոզչությունն է: Արդյունավետ քարոզչությունը, սակայն, բավական թանկ արժե: Էլ չենք խոսում անօրինական միջոցների` ընտրակաշառքների կամ ուժային ճնշումների մասին, որոնք տարածված են պակաս կատարյալ ժողովրդավարություններում: Այլ կերպ ասած, մենք գործ ունենք հարստություն-իշխանություն-հարստություն վերարատադրական շղթայի հետ, որում ընտրազանգվածը միայն հումքի դեր է կատարում:
Ժողովրդավարական համակարգի կարևոր բնութագրիչներից մեկն այն է, որ առավելագույնս պարզեցված է քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կյանքին: Հինգ տարին մեկ ընտրությանը կարող են մասնակցել նույնիսկ կյանքից հոգնած զառամյալ ծերունիները, բոլոր սերիալները հերթով նայող տնային տնտեսուհիները, հեշտ կառավարելի հասարակությունը` բառի բուն իմաստով: Որպեսզի նրանք չհոգնեն հազարավոր թեկնածուներից մեկ կամ երկու հարյուրին ընտրելիս, նրանց առաջարկվում է ընտրություն կատարել տասնյակից ոչ ավել, իսկ հաճախ երկու կուսակցությունների կամ, ինչպես Հայաստանում է տեղի ունենում, իշխանության և ընդդիմության միջև: Որպեսզի չխճճվեն գաղափարախոսությունների միջև, նրանց առաջարկում են ընտրել հակիրճ և ոչինչ չասող կարգախոսներ: Ընդ որում, կողմնորոշվելու համար նրանց տրվում է բավականին քիչ ժամանակ, որի ընթացքում տեղի է ունենում ուղեղների լվացում: Անգամ ամենաժողովրդավարի համբավ ունեցող երկրներում ընտրողների գերակշիռ մասը գաղափար չունի, թե ինչու է ընտրում այս, այլ ոչ թե այն թեկնածուին: “Հանրային կապերի” տեխնոլոգները, կերպար կերտողները և զանգվածային լրատվամիջոցները վաղուց մարդկանց հիմարացնելու գիտական մեթոդներ են մշակել, որոնք անընդհատ կատարելագործվում են: Ավելին, այն քաղաքացիներին, որոնք այսօր գլխի են ընկնում ընտրական գործընթացների անիմաստության մասին, համոզում են, որ նրանց կառավարող բոլոր այս տեխնոլոգիաները նորմալ են, և որ, իր բոլոր թերություններով հանդերձ, ժողովրդավարաթյունը լավագույն համակարգն է և այլընտրանք չունի:
Այստեղ կարևոր է շեշտել, որ մենք չենք խոսում ժողովրդավարությունից շեղումների մասին, այլ հենց տեսական կամ տեսականին մոտ առավել կատարյալ մոդելների մասին, որի հետ իրավունք ունենք համեմատել այլ, դեռևս չկիրառված տեսական մոդելներ: Ընդ որում, պետք է շեշտել, որ ժողովրդավարության կանխատեսվող կամ փնտրվող այլընտրանքը ոչ թե գործելու է նրա հետ միաժամանակ կամ նրան զուգահեռ, ինչպես, օրինակ, բռնապետությունն է, այլ փոխարինելու է ժողովրդավարությանը ժամանակի մեջ, դառնալու է ապագա դարաշրջանում գերիշխող համակարգ, ինչպիսին այսօր ժողովրդավարությունն է:
Նրանք, ովքեր հավատում են, որ ժողովրդավարությունը այլընտրանք չունի, փորձում են կատարելագործել այն զանազան տեխնիկական նորարարությունների միջոցով: Համացանցով հանրաքվեներ անելու տեխնիկական հնարավորությունը ինքնին չի վերացնի ներկայացուցչական ժողովրդավարությունը, որովհետև այդ դեպքում համաժողովրդական որոշումները կարող են լինել շատ փոխհակասական և մասնագիտական առումով թերի: Ուստի, անգամ համացանցի դարաշրջանում, ընտրողներին կվստահեն միայն առաջնորդների “ընտրությունը”, և ոչ մի կապ չունի, թե այդ քվեարկությունը կկազմակերպվի քվեաթերթիկներով, թե համացանցով:
Ժողովրդավարության հիմնական թերությունը ոչ թե ընտրակեղծիքներն են կամ ընտրողների անբավարար տեղեկացվածությունը, այլ համընդհանուր և հավասար ընտրական իրավունքն ինքնին: Տիգրան Սարգսյանի հոդվածում կան բազմաթիվ մտքեր, որ մատնանշում են ժողովրդի որոշումներ կայացնելու իրավունքը սահմանափակելու և այն մասնագիտական տարբեր օղակներին փոխանցելու անհրաժեշտության մասին: Սակայն խնդիրն այն է, որ ժողովուրդը իրականում ոչ մի այդպիսի իրավունք էլ չունի այսօր: Ժողովրդավարական համակարգում նա քաղաքականության սուբյեկտ չէ, այլ օբյեկտ` պարան, որին երկու կողմից քաշում են մրցակից քաղաքական թիմերը: Ուստի խնդիրը ոչ թե ժողովրդին որոշումներ կայացնելուց հեռացնելն է, այլ քաղաքական-կուսակցական գործիչներին: Հենց դա էլ այսօր տեղի է ունենում, երբ ստեղծվում են տարատեսակ մասնագիտական հանձնաժողովներ և այլ “ոչ այնքան պետական մարմիններ”:
Բայց արդյո՞ք սա այն էական փոփոխությունն է, որը կարելի է համեմատել միապետությունների փլատակների վրա հանրապետությունների հաստատման հետ: Իհարկե ոչ: Իրական իշխանության տերը սրանով չի փոխվում: Պարզապես դրամատիրական խմբիշխանությունը փոխում է իր իշխանության վերարատադրության եղանակը և փորձում է այն իրացնելու ավելի արդյունավետ ձևեր կիրառել: Որոշ իմաստով սա ոչ թե հեղափոխություն է, այլ հեղափոխության կանխում կամ հակահեղափոխություն:

* *
Իսկ որը՞ կլիներ իսկական հեղափոխությունը: Իսկական հեղափոխություն կարող են անել միայն պատմություն կերտող գործող անձերը` ազգերը: Նրանք հերթական անգամ պետք է պետական-քաղաքական համակարգերը համապատասխանեցնեն ազգային բնական կառույցներին, որոնք, ի դեպ, ինքնին շատ ցանցային են: Ի՞նչ կաղապար կարելի է այս իմաստով առաջարկել որևէ ազգի, օրինակ` հայությանը:
Տիգրան Սարգսյանը, կանխատեսելով տարածքային պետության վախճանը, հայ ժողովրդին առաջարկում է ստեղծել մի վիրտուալ “հայկական աշխարհ”: Սրանով մենք ենթադրաբար պետք է փոխհատուցենք պետության կորուստը և այդպիսով ինքնուրույն դերակատար մնանք համաշխարհային ասպարեզում: Որպես դրան հակառակ մոտեցում դիտարկենք ազգային պետության շինարարությունը: Ընդ որում, տվյալ դեպքում “ազգային պետություն” բառեզրը վերաբերում է ոչ թե անկախությանը, այլ բնութագրում է պետականության ապագա կերպը, որը որոշակիորեն հակադրված է ներկայիս եվրաստանդարտ երրորդ հանրապետությանը:
Ի դեպ, 2004-06թթ. ազգային պետության շինարարության խնդիրը որոշ շրջանակներում քննարկվում էր “Չորրորդ հանրապետություն” անվան ներքո: Խնդրի նման ձևակերպունը հուշում էր, որ խոսքը գնում է ոչ թե երրորդ հանրապետությունը բարեփոխելու, այլ նրանից հիմնովին տարբերվող, սկզբունքորեն նոր և Հայ ժողովրդի սեփական ծրագրով իրագործվելիք պետականության ձևի փոփոխության մասին: Այն միաժամանակ հայկական պետականության մոտ մեկդարյա վերընթաց զարգացման նախորդ երեք փուլերի տրամաբանական շարունակությունը պետք է լինի: Այդ քննարկումների ընթացքում ձևակերպված խնդիրը պահանջում էր գտնել ներկայիս եվրաստանդարտ պետության և ազգային բնական կառույցի հիմնական հակասությունները: Դրանից հետո պետության կազմակերպման արհեստական սկզբունքները պետք էր համապատասխանեցնել ազգային ինքնակազմակերպման բնական սկզբունքներին: Ի վերջո մենք առանձնացրեցինք չորս հիմնական փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվածը կարելի կլիներ համարել ազգային պետություն: Մշակեցինք դրանցից բխող մի քանի կոնկրետ առաջարկություններ: Իսկ քննարկումների ավարտին մասնակիցներից մեկը առաջարկեց հրաժարվել “Չորրորդ հանրապետություն” անունից և խոսել “Առաջին ազգապետության” մասին:
Այս պատասխան հոդվածում հնարավոր չէ և իմաստ էլ չունի ներկայացնել այդ չորս փոփոխվելիք սկզբունքներն ամբողջությամբ, սակայն նկատենք, որ դրանցում կան ինչպես բացահայտ նմանություններ Տիգրան Սարգսյանի կանխատեսումների և առաջարկությունների հետ, այնպես էլ արմատական հակադրություններ:

Տեղին է նշել, որ չորս փոփոխություններից մեկը վերաբերվում է կառավարման ուղղահայաց-բուրգային ձևից ապակենտրոնացված բազմաշերտ ցանցային համակարգին անցնելուն, որովհետև բազմաշերտ և ցանցային է նաև ազգային հանրության բնական կառուցվածքը: Մասնավորապես, որպես հավատացյալներ մենք եկեղեցու անդամներ ենք, որպես զինապարտներ` բանակի, որպես սպառողներ, ներդնողներ, աշխատողներ` տնտեսության, որպես ուսուցիչներ ու աշակերտներ` կրթության համակարգի, որպես հիվանդներ և բժիշկներ` առողջապահության, և այլն, և այլն:
Անցնելով բազմաշերտ ցանցային ինքնավարության` մենք կազատվենք բյուրոկրատական բազմաթիվ սահմանափակումներից, ինչպես նաև բոլոր շերտերից վեր կանգնած “իշխանություն” երևույթից: Իհարկե, գործնականում բոլորը չեն կարող արդյունավետ մասնակցել առանձին ոլորտների կառավարմանը և պետք էլ չէ, սակայն բոլոր ընտանիքները պետք է ունենան դրա հնարավորությունը: Ի վերջո կմասնակցեն ընտանիքների և համայնքների միայն այն ներկայացուցիչները, որոնք ավելի պատրաստակամ կլինեն աշխատելու, կդրսևորեն մասնագիտական, կազմակերպչական, մտահաղորդակցային և այլ գիտելիքներ ու հմտություններ: Այլ կերպ ասած, նոր պետության առանձին շերտերի կառավարմանը մասնակցելու “իրավունքից” օգտվելը շատ ավելի բարդ կլինի, քան այսօրվա ընտրություններին մասնակցելն է, բայց շատ ավելի արդյունավետ և “իշխանավորների” կողմից չսահմանափակված:
Բազմաշերտ պետական համակարգում, եթե անգամ պահպանվեն ներկայիս ժողովրդավարական մեխանիզմները կամ դրանց առանձին բաղադրամասերը, ապա դրանք կկիրառվեն ոչ թե միասնական իշխանական բուրգ ձևավորելու համար, այլ որպես առանձին ցանցերի կամ ազգային հաստատությունների ինքնավարության ներքին մեխանիզմներ: Դրանք հատկապես կպահպանվեն այն առանձին շերտերում, որտեղ հնարավոր չի լինի կամ իմաստ չի ունենա հրաժարվել բուրգային կառուցվածքներից: Օրինակ` բանակում: Իսկ ահա կրթության բնագավառը առանց նախարարության շատ ավելի լավ կզարգանա: Այստեղ իսկապես ամենաարդյունավետը կլիներ ցանցային ձևը` ոլորտը համակարգող մեկ կամ մի քանի ինքնաբուխ կենտրոններով:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է փոխհարաբերությունների “քաղաքացի-պետություն” կառուցվածքի փոխարեն “ընտանիք-համայնք-ազգ” բնական կառույցին ավելի համապատասխանող համակարգի ներդրմանը: Այս սկզբունքի կիրառությունը կնպաստի նրան, որ 14-րդ ընտրատարածում ապարանցիները չհակադրվեն աշտարակցիներին, իսկ ընտանիքների անդամները ստիպված լինեն ձևակերպել իրենց ընտանքիների միասնական դիրքորոշումը` նախքան համայնքային մակարդակում այն ներկայացնելը: Երկրորդ սկզբունքի փոփոխությունը ենթադրում է մի շարք նորամուծություններ:
Մասնավորապես, նախատեսվում է ընդարձակել համայնքային (շիրակցիներ, վանեցիներ, սասունցիներ, արցախցիներ, ապարանցիներ, մարդակերտցիներ, ազատավանցիներ) ինքնավարությունը և տարանջատել այն տարածքային (մարզեր, քաղաքներ, գյուղեր) կառավարումից: Այս դեպքում ազգային որոշումների կայացմանը մասնակից են դառնում համայնքների ներկայացուցիչները, այլ ոչ թե տարածքների: Միաժամանակ բազմահամայնք տարածքների կամ բնակավայրերի կառավարմանը վերաբերող օրենքները փոխվում են այնպես, որպեսզի այնտեղ բնակվող համայնքների ներկայացուցիչները դրան համամասնորեն մասնակցելու հնարավորություն ունենան, այլ ոչ թե պայքարեն միմյանց դեմ` գյուղում կամ քաղաքում ամբողջ իշխանությանը տիրանալու համար:
Ըստ առաջարկվող մեկ այլ փոփոխության` հաստատվում է միասնական ընտանեկան քաղաքացիություն: Անհատական ընտրական իրավունքը փոխարինվում է համայնքային կամ ազգային տարբեր խնդիրների քննարկմանը ընտանեկան մեկ ներկայացուցչով մասնակցելու հնարավորությամբ: Ընդ որում, ընտանիքները մասնակցում են ազգային խնդիրների նախնական քննարկմանը իրենց համայնքներում, իսկ որոշումների կայացմանը արդեն մասնակցում են համայնքների ներկայացուցիչները: Անհատական նյութական իրավունքն ու պատասխանատվությունը նույնպես փոխարինվում են ընտանեկանով:
Սեփականության ազգային, համայնքային և ընտանեկան ձևերի տարանջատմամբ կառաջանա նաև դրանց համապատասխան տնտեսությունը վերակազմակերպելու անհրաժեշտություն: Օրինակ` քարշակ կամ բնական մոնոպոլիա հանդիսացող ձեռնարկությունները ազգային նշանակություն ունեն և չեն կարող ամբողջությամբ առանձին ընտանիքների սեփականությունը լինել: Նույնպես և որևէ ավանի միակ գործարանը չի կարող կապ չունենալ այդտեղ բնակվող համայնքի(ների) հետ:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է պետության կողմից արհեստականորեն մրցակցային (տնտեսական-շուկայական, քաղաքական-կուսակցական, դատաիրավական-փաստաբանական, ընդունելության քննություններ և այլն), հարաբերություններ պարտադրող կանոնների լուծարմանը: Ընդ որում, մրցակցության այլընտրանք է ներկայանում ոչ թե, այսպես կոչված, փոխշահավետ համագործակցությունը, այլ ընտանիքների կամավոր և անշահախնդիր մասնակցությունը նախ համայնքային և ապա ազգային գործունեությանը:
Առանձին ոլորտների կառավարմանը ընտանիքների ուղղակի, իշխանությամբ չմիջնորդված մասնակցության չափը պայմանավորված կլինի տվյալ ոլորտում նրանց ունեցած դերով (միայն սպառող է և հարկատու, թե նաև ներդրող և մասնագետ, միայն հիվանդ է, թե նաև բժիշկ և այլն), ինչպես նաև խնդիրների լուծմանը մասնակցելու պատրաստակամության աստիճանով և տվյալ բնագավառում ունեցած գիտելիքների ծավալով: Զտումը պետք է որ տեղի ունենա շատ բնականորեն, առանց ենթակայական միջամտության, հարցերի քննարկման ընթացքում և աշխատանքային մթնոլորտում:
Այս ամենը ենթադրում է այսօր օրենսդրությամբ սահմանված արհեստական խոչընդոտների վերացում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստակամ են անմիջականորեն մասնակցել առանձին ոլորտներում ազգային կամ համայնքային խնդիրների լուծմանը: Իսկ ընդհանուր իշխանություն ձևավորելու անհրաժեշտության վերացումը հնարավորություն կտա հրաժարվել “համընդհանուր, ուղղակի և հավասար ընտրական իրավունքից” և այդ պատճառով ծագող խնդիրներից: Այլ կերպ ասած, քաղաքացիական պարտքը այլևս չի սահմանափակվի հինգ տարին մեկ քվեաթերթիկը ինչ-որ տուփի մեջ գցելով, այլ կպահանջի որոշ զոհողություններ` մասնակցություն ժողովների, առաջարկությունների ներկայացում և ուրիշներին համոզելու ջանք:

Վերջապես չորրորդ փոփոխությունը ենթադրում է հրաժարում իրավունքի կեղծ ֆետիշացումից և իրավահարաբերությունների պահանջատիրական բնույթից: Փոխարենը կարևորվում է իրավունքի հակառակ երեսը` պարտավորությունը: Այն էլ ոչ այնքան հարկադրական, որքան կամավոր ստանձնված և բարոյական պարտավորությունը:
Օրինակ` ոչ թե երեխան ունի կրթության կամ առողջության իրավունք, այլ նրա ընտանիքը ունի իր երեխային կրթության և առողջության հարցերը հոգալու, ըստ էության, բարոյական պարտավորություն: Նման պարտավորություն ունեն նաև ազգը և համայնքները` սերունդների կրթվածության կամ առողջության պահպանման ծավալը և որակը բարելավելու մասով: Եթե ընտանիքին չի բավարարում ազգային կամ համայնքային մասնակցության չափը և բնույթը, ապա դա նրան ոչ թե բողոքելու և պահանջելու իրավունք է տալիս, այլ ազգային և համայնքային մակարդակով կրթության կամ առողջապահության հարցերին ավելի գործուն միջամտելու հավելյալ պարտավորություն է առաջացնում:
Շեշտադրման այս կարգի փոփոխությունը առաջացնում է քրեական, քաղաքացիական և մնացած բոլոր օրենսդրությունները հիմնովին վերանայելու անհրաժեշտություն: Մասնավորապես, արդարադատության համակարգում ազգը և համայնքները ձեռք են բերում համընդհանուր ընդունված պարտավորությունները չարամտորեն և ի վնաս այլոց չկատարողների վրա ճնշում գործադրելու պարտավորություն, որը այլևս չի կարող սահմանափակվել այդ անպատասխանատուների ենթադրյալ իրավունքներով:
Ընդ որում, այդ ճնշումը չի կարող գործադրվել “անկախ”, այսինքն` անտարբեր և այդ պատճառով հաճախ կաշառակեր դատարանների միջոցով, մեռած և ձևական օրենսդրությամբ կաշկանդված: Երկու եղբայրների վեճը պետք է լուծի երրորդ եղբայրը, այլ ոչ թե կողմնակի անծանոթը, ինչ-որ տեքստի տառին համապատասխան: Համայնքի երկու անդամների վեճը կարող է լուծել միայն համայքը: Ուստի դատարանները պետք է ունենան համապատասխանաբար համայնքային և ազգային մանդատներ և լինեն պակաս արհեստավարժ, ավելի ներկայացուցչական և քաղաքական:
Որևէ համայնքի դեմ առանձին անհատների կատարած գործողությունների համար որոշ պատասխանատվություն պետք է կրեն նաև նրանց ընտանիքները, ազգի դեմ գործած արարքների համար` նաև համայնքները: Հետևաբար անհատներին դատելու առաջին իրավունքն էլ պետք է պատկանի նրանց ընտանիքներին, հետո միայն համայքներին` ներքևից վերև: Իր անդամին արդարացնող ընտանիքը կամ համայնքը ինքնաբերաբար կիսում են նրա արարքի պատասխանատվությունը:

Նման սկզբունքների կիրառությունը ապագայի պետության սահմանադրությունում հիմնովին կփոխի մեզ սովոր պետության դեմքը: Օրինակ` այդ պետությունում կամ պետք է լինեն բազմաթիվ օրենսդիր մարմիններ, կամ խորհրդարանը պետք է լինի բազմապալատ` յուրաքանչյուրը իր մասնագիտացումով, իր հատուկ դիտակետից պետք է որոշի այս կամ այն ազգային որոշման նպատակահարմարությունը: Կառավարությունը նույնպես չի կարող ձևավորվել քաղաքական մեծամասնության կողմից, որպես մեկ թիմ: Նախ, որովհետև այդ մեծամասնությունը չի լինի, և հետո` հիմնական ոլորտները բավականաչափ ինքնավար կլինեն և նշանակովի նախարարի կարիք չեն ունենա: Իհարկե, համակարգող մարմնի անհրաժեշտություն կծագի և այն կարող է նույնիսկ կառավարություն կոչվել, սակայն նա կազմված կլինի ոլորտները համակարգող, այսօրվա հասկացությամբ ոչ այնքան պետական մարմինների ներկայացուցիչներից: Դատավորները հավանաբար ցծերություն չեն նշանակվի, այլ կընտրվեն համայնքի կողմից, երբեմն միայն մեկ գործ քննելու համար և մի գուցե իրավաբան էլ չլինեն: Իսկ դատախազին կարող է փոխարինել հանրային մեղադրողը: Իսկ ահա պետության նախագահի պաշտոնը հաստատ անիմաստ կդառնա:
Մենք չենք պնդում, առավել ևս այս հոդվածում, որ առաջարկվող փոփոխությունները միմիայն դրական նշանակություն կունենան և խնդիրներ չեն հարուցի: Կարելի է պատկերացնել, թե ինչ “ջախջախիչ” քննադատության և որակումների կարող է ենթարկվել այս ծավալի նորամուծություններ պարունակող ծրագիրը: Բայց ենթադրում ենք, որ առաջարկվող փոփոխությունների շնորհիվ պետականորեն կանոնակարգված հարաբերություններն ու կառուցվածքը մեծապես կհամապատասխանեցվեն պետությունից անկախ մեզանում առկա բնական-ազգային կառուցվածքին և փոխհարաբերությունների բնույթին: Այս ենթադրությունն է, որ մեզ իրավունք է տալիս խոսելու պետության նոր տեսակի մասին, իսկ դրան անցումը գնահատելու որպես հեղափոխական:

* * *
Որքանով է Հայաստանի ապագայի մասին մեր պատկերացումը բխում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից և որքանով է ընդունելի մյուս ժողովուրդների համար:
Առաջին հայացքից բազմաթիվ կետերում այն հակասում է համաշխարհային գործընթացների ուղղվածությանը: Կասկած չկա, որ մեր պատկերացրած փոփոխությունները իսկապես հակադրված են երկրների փոխսերտաճման և համաշխարհայնացման միտումներին, գերիշխող շուկայական և ժողովրդավարական պատկերացումներին: Սակայն արդյոք վերջիններս շարունակելու են հավերժ տիրապետող մնալ:
Հնարավոր է, որ արդեն ներկա ճգնաժամը, սովորական գործիքներով այն հաղթահարելու և ապագայում նման ճգնաժամերը կանխարգելելու անհնարինությունը էական փոփոխություններ կմտցնեն համաշխարհային և ազգային տնտեսությունների կառավարման մոտեցումներում և կանոններում: Այն, որ արդեն հայտարարվել է, թե բնույթով համաշխարհային ճգնաժամից ելքը ազգային կառավարություններն ինքուրույն պետք է փնտրեն, արդեն ծանր հարված է հասցնում համաշխարհայնացմանը: Իսկ կառավարությունների լայնածավալ և ուղղակի մասնակցությունը տնտեսության իրական հատվածի փրկությանը, ինչպես նաև գնագոյացումը վերահսկելու փորձերը հիմք են տալիս ենթադրելու, որ պետական միջամտության տարատեսակ գործիքները ավելի հաճախակի կգործադրվեն ապագայում և նույնիսկ կարող են վերաճել ազգային տնտեսությունների պետական ծրագրավորման և գնանշման լիարժեք համակարգերի: Այլ կերպ ասած, հնարավոր է, որ մենք դրամատիրական-արդյունաբերական կամ առնվազն շուկայական ազատականության դարաշրջանի ավարտի ականատեսները դառնանք:
Սակայն անգամ եթե հիմա դա տեղի չունենա, և տնտեսական ճգնաժամի ներկայիս փուլը հաղթահարվի գործող պետական-քաղաքական համակարգերի կողմից, միևնույն է, բազմաթիվ երկրներ կկանգնեն լուրջ, ոչ այնքան տնտեսագիտական, որքան տնտեսա-քաղաքական խնդիրների առջև, որոնց հաղթահարումը հնարավոր չի լինի առանց համակարգային փոփոխությունների:
Մասնավորապես, պետությունները, որոնք դեռ գոյություն ունեն և համաշխարհային հարթակի պաշտոնական գործող անձերն են, ստիպված կլինեն վերանայել և հավանաբար նաև կսահմանափակեն “համաշխարհային կառավարության” գործունեությունը կամ առնվազն դրա ազգային կառավարություններից անկախ մասը: Այս միտումը կուժեղանա հատկապես միաբևեռ աշխարհակարգի փլուզմանը զուգահեռ, որին ներկայիս ճգնաժամը կարող է բավականին նպաստել:
Նախքան ճգնաժամը փոքր և հատկապես ազգային պետություններին ուղղակի պարտադրվում էին ինչպես խաղի միջազգային կանոնները, այնպես էլ ներքին խնդիրների լուծման նույնօրինակ “դեղատոմսերը”: Ճգնաժամի ամենադառը պտուղները համտեսելուց հետո, անգամ ամենաթույլ ազգային կառավարությունները, անկասկած, ավելի վճռական կլինեն միջազգային “խորհրդատվությունից” հրաժարվելու հարցում: Դա անհրաժեշտ կլինի անել նաև այն պատճառով, որ այդ “խորհրդատվությունը” չի հասկանում և միշտ չէ, որ հաշվի է առնում ազգային խնդիրները, պարտադրում է մի սկզբունք, ըստ որի վերացական և համընդհանուր տնտեսական նպատակները միշտ գերակա են քաղաքական և ազգային հիմնախնդիրների նկատմամբ”: Այդ սկզբունքի տևական կիրառությունը կարող է ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներ ծնել:
Մասնավորապես, Հայաստանի պարագայում բոլորովին հաշվի չէր առնվում աշխատուժի մեծ ավելցուկի խնդիրը, որի չլուծվածությունը ժողովրդագրական ճգնաժամի պատճառ է դարձել: Շուկայական պայմաններում այդ հիմնախնդրի միակ հնարավոր լուծումը աշխատուժի զանգվածային արտագաղթն էր: Սակայն դա վերացական աշխատուժ չէր, այլ հայ ժողովուրդը, նրա ընտանիքներն ու բանակը: Անհրաժեշտ էր շուկային հակառակ պետական միջամտություն: Հիմնախնդիրը կարող էր լուծվել միայն պետական տնտեսվարման և ներդրումների շնորհիվ, ինչը խստիվ արգելված էր “խորհրդատուների” կողմից: Բացի այդ, եթե հարևան տնտեսությունների տարածաշրջանային փոխներառումը տնտեսապես կարելի է շահեկան համարել նույնիսկ Հայաստանի տնտեսության համար, ապա դրա քաղաքական հետևանքները, ներառումը և ձուլումը թուրքական միջավայրում, կարող են վտանգել հայ ժողովրդի գոյությունը: Եվ այստեղ մեզ չի փրկի մեր հարևանների եվրոպական մշակութային-արժեհամակարգային “կողմնորոշումը”, առավել ևս որ ինքներս էլ այդպիսի “կողմնորոշման” կրողներ չենք:
Նման հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել, երբ տնտեսությունը թելադրող է, այլ ոչ թե սպասարկող: Իսկ սեփական ազգային խնդիրները սպասարկող տնտեսությունները չեն կարող կառավարվել միջազգային կառույցների կողմից` լինեն դրանք միջկառավարական, թե ոչ-կառավարական:
Ընդհանրապես, առարկայական որոշ հանգամանքներով պայմանավորված համաշխարհայնացման գործընթացը չի կարող չհանգեցնել պատմական գործող անձերի` ազգերի աճող դիմադրությանը: Բացառված չէ, որ այդ դիմադրությունը հաղթահարվի և ազգերը մահվան դատապարտվեն, սակայն ավելի հավանական է թվում, որ ապագա զարգացումները ընթանան հենց այդ դիմադրության գերիշխող ազդեցության ներքո:
Բացի այդ, համաշխարհայնացման ներկայիս գործընթացը հիմնված է Արևմտյան քաղաքակարթության արժեքային համակարգի վրա: Սակայն իր ժողովրդագրական խնդիրների պատճառով, շատ հնարավոր է, Արևմուտքը չկարողանա ավարտին հացնել համաշխարհայնացման իր ծրագիրը:
Այլ կերպ ասած հետարդյունաբերական դարաշրջանի տեսությունը ընդամենը տեսություն է, կանխատեսում: Իսկ պետության ենթադրյալ վախճանի մասին պնդումը ընդամենը վարկած է: Համարժեք տեսական կանխատեսում է նաև մեր այն համոզմունքը, որ ապագայում` գիտելիքի դարաշրջանում, ազգերը հերթական անգամ պետք է փորձեն պետական կառույցներին ազգային բովանդակություն հաղորդել: Իսկ այդ դեպքում պետությունները ոչ միայն չեն վերանա, այլև նոր, ազգային շունչ կստանան և կհարմարեցվեն եկող դարաշրջանին: Մեր այս վարկածը իրականանալու հավանականության առումով չի զիջում Տիգրան Սարգսյանի վարկածին, իսկ ազգային նպատակահարմարության տեսակետից շատ ավելի ցանկալի է:
Ինչ վերաբերում է “Չորրորդ հանրապետության” կամ “Առաջին ազգապետության” մեր նախագծին, ապա այն իհարկե կանխատեսում չէ, այլ ընդամենը առաջարկություն: Այն հասցեագրված է հայ ժողովրդին, սակայն կարող է նաև օգտակար լինել մյուս ազգ-պետություններին: Միաժամանակ առաջարկությունը հնարավոր չէ տարածել համայն մարդկության վրա, որովհետև ժողովուրդների մեծ մասի մոտ ազգային, համայնքային, ընտանեկան որակները ավելի թույլ են արտահայտված, իսկ որոշ դեպքերում գրեթե բացակայում են: Նման ժողովուրդների համար ավելի բնական են մրցակցային վիճակները և պետությունն էլ պետք է կառուցված լինի այդ մրցակցությունը կանոնակարգելու, իրավունքները հակակշռելու և կարգուկանոն հարկադրելու, լավագույն դեպքում նաև փոխշահավետ համագործակցություն կազմակերպելու վրա: Սակայն, պետք է ենթադրել, որ տարբեր պետությունների հետ տեղի ունենալիք փոփակերպումների ընդհանուր սկզբունքը լինելու է այն, որ արհեստածին կառույցները պետք է համապատասխանեցվեն տվյալ երկրի բնակչության ազգային կազմին համապատասխանող բնական փոխհարաբերություններին: Պարզապես ազգ-պետություններում դրանք որակապես այլ են, բազմազգներում` այլ, ապազգայիններում` այլ, և դրանց համապատասխանող պետություններն էլ այլ կլինեն:
Մենք համոզված ենք, որ վաղ, թե ուշ Հայաստանում պետականության եվրաստանդարտ ձևին կփոխարինի հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին առավել համապատասխանող պետական համակարգ: Եվ վստահ ենք, որ այն միանգամայն համահունչ կլինի աշխարհում մեծ արագությամբ տեղի ունեցող փոխակերպումներին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: