Դաշնակցության մտածելու ժամանակը սպառվում է

by

21.10.2009

<Այսօր այս հարցերը թողնենք և ասենք՝ Սերժ Սարգսյա՛ն, հեռացի՞ր։ Սերժ Սարգսյանին աթոռից իջեցնենք, Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն նստեցնենք իր աթոռին։>

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի այս տեսակետը շատ անկեղծ է թվում և վկայում է ինքնավստահության խիստ պակասի մասին, որն առկա է այսօր Դաշնակցությում:

   Շատերն այսօր Դաշնակցությունից ավելին են սպասում քան պարզապես ստորագրահավաք, հանրահավաք կամ հացադուլ: Մարդիկ գիտակցում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի կապիտուլյացիան կանխելու միակ միջոցը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից: Դրա համար բավարար չէ նույնիսկ հրաժարական պահանջելը, որովհետև պարզից էլ պարզ է, որ ոչ ոք, հենց այնպես, հրաժարական չի տա: Սակայն անգամ նման պահանջից Դաշնակցությունը խուսափում է: Ինչո՞ւ:

   Ասում են, թե այդ դեպքում Տեր-Պետրոսյանը կգա: Ինչպե՞ս: Ո՞վ այդ հաշվարկն արեց: Նման բան չկա և չի կարող պատահել: Եթե որևէ ուժ կարողանա Սերժին հեռացնել իշխանությունից, ապա հենց այդ ուժի ներկայացուցիչն էլ կզբաղեցնի նրա տեղը: Առաջին նախագահը վաղուց այդ ուժը չէ: Բացի այդ, քաղաքային ընտրությունները ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանը արդեն այն ժամանակ կորցրել էր իր շուրջ 400 հազար համակիրներից առնվազն 300 հազարին, որոնք նրան էին միացել իշխանափոխության հույսով: Այսօր այդ հույսին ավելի մեծ չափով կարող էր և գուցե դեռ կարող է տեր կանգնել Դաշնակցությունը: Մի թե՞ իսկապես վախենում են, որ իրենց պայքարի պտուղներն ուրիշը կվայելի: Անհեթեթություն է: Իրական պատճառը պետք է ուրիշ տեղ փնտրել:

   Ամենայն հավանականությամբ Դաշնակցությունը Լևոնից չի վախենում, այլ Սերժից: Պարզ է, որ իշխանափոխության իրական հզոր ալիք առաջնորդելը հրահրելու է իշխանությունների ոչ պակաս հզոր հակազդեցությունը` այն էլ առանց միջոցների միջև խտրականություն դնելու: Վտանգվելու են բիզնեսներ և պաշտոններ, հետապնդվելու և ձերբակալվելու են մարդիկ, բռնությամբ ցրվելու են ցույցեր և այլն: Որքանո՞վ է պատրաստ Դաշնակցության կառույցը նման փորձության և զոհողությունների:

   Եվ պատրաստ է, և պատրաստ չէ: Եթե Դաշնակցության ղեկավարները անձամբ պատրաստ լինեն նման զոհողության, ապա դա հաղթանակի վստահություն կներշնչի շարքերին, համակիր քաղաքական միավորներին և ի վերջո ալիքի նման կտարածվի ժողովրդի մեջ: Սակայն Դաշնակցության 2009-ի ղեկավարները տարբերվում են իրենց 90-ականների առաջին կեսի տեսակից: Նույն մարդիկ են, բայց այսօր մի քիչ ծերացած ու կորցնելու ավելի շատ բան ունեն: Իշխանափոխությունը միշտ ռիսկ է: Իսկ ռիսկի են դիմում նրանք, ովքեր կորցնելու ավելի քիչ բան ունեն, քան ստանալու:

   Մյուս կողմից, այսօր պատմությունը Դաշնակցությանը հազվագյուտ առիթ է մատուցել: Դրանից չօտվելու գինը կարող է ավելի մեծ լինել, քան օգտվելու հետ կապված ռիսկը: Կհաղթահարի արդյո՞ք 2012թ. Դաշնակցությունը 5 տոկոսանոց շեմը, եթե ոչինչ չկարողանա հակադրել Ցեղասպանությունից հրաժարվելուն և ներկա սահմանը ճանաչելուն, ինչպես նաև Ադրբեջանին տարածքներ հանձնելուն: Խիստ կասկածելի է: Իսկ թե ի՞նչ կկատարվի կուսակցության հետ դրանից հետո` կարելի է պատկերացնել:

   ՀՅԴ ղեկավարներից է կախված, թե որ ռիսկը նրանք ավելի մեծ կհամարեն: Կարծում եմ կլինեն ու արդեն կան ներքին բարդ տարակարծություններ և, ինչպես միշտ, կհանգեն վատագույն լուծման` ինչ-որ անհասկանալի փոխզիջման: Ափսոս, որովհետև, վճռական որոշման դեպքում, վստահ եմ, հեղափոխության համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը շատ արագ կհավաքվեր: Այն նվազագույնը կհետաձգեր կտրուկ քայլեր կատարելու իշխանական փորձերը ընդհուպ մինչև հաջորդ ընտրություններ: Իսկ ընտրությունների ժամանակ` իսկապես հեղափոխական Դաշնակցությունը իր ավանդական մոտ 100 հազար համակիրներին կգումարեր Կոնգրեսից հույսները կտրած առնվազն 300-350 հազարին, գումարած ևս մոտ 150-200 հազար, որոնք նախկինում պասիվ էին մնացել` չուզենալով աջակցել ոչ Լևոնին, ոչ Սերժին, կամ պատահական ընտրություն էին կատարել: Տեր-Պետրոսյանից անհամեմատ ավելի մեծ համակիրների զանգված, ավելի կազմակերպված կառույց, հեռուստատեսություն, և ամենակարևորը, իսկապես ազգային-հեղափոխական գաղափար ունենալով, նրանք ուղղակի դատապարտված կլինեին հաղթելու:

   Իսկ առայժմ Դաշնակցությունը զբաղված է անիմաստ գործերով` դեպուտատներին համոզելով: Չեն համոզվելու, վավերացնելու են, հետո էլ Արցախում են տարածքներ հանձնելու: Իսկ Բյուրոյին վճռական որոշում կայացնելու համար հատկացված թանկարժեք ժամանակը սպառվում է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: