Դիվանագիտական և դաշտային տխուր իրողություններ, որոնց վրա ուշադրություն չդարձրեցինք ֆուտբոլի պատճառով

by

12.07.2010

Վերջապես ֆուտբոլն ավարտվեց:

Իսկ մինչ զբաղված էինք դրան հետևելով, ամերիկացի համանախագահ Բրադկեն ևս մեկ անգամ մեզ հիշեցրեց, որ բանակցային գործընթացում «Ապահովվել է որոշակի առաջընթաց, կողմերը համաձայն են, որ լուծումը պետք է հիմնվի Հելսինկյան սկզբունքների վրա և նրանք ընդունում են վեց տարրերը, որոնք երկու անգամ (միայն երկո՞ւ, 2005թ սկսած ես մի ութ անգամ արդեն հաշվել եմ) ներկայացրել են ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները»։ «Այդ տարրերն են Լեռնային Ղարաբաղի (1) ժամանակավոր և (2) վերջնական կարգավիճակները, (3) զբաղեցված տարածքների վերադարձը (Մամեդյարովն ասում է, որ 5-ի հարցը արդեն լուծել են), (4) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ միջանցքը, (5) փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև (6) խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները: Հելսինկյան սկզբունքների հետ համաձայնեցված վեց տարրերը պետք է տեղ գտնեն շրջանակային համաձայնագրի մեջ»,- ասեց այդ համանախագահը Քլինտոնի տարածաշրջանային այցելության օրերին։

Ճիշտ է այս կետերը ոչ առաջին անգամ են թվարկվում, ոչ էլ, թերևս, վերջին: Նաև, դրանց թվարկումը դեռ չի նշանակում, որ շրջանակային համաձայնագիրը այսօր կամ վաղը կստորագրվի: Ավելին, Քլինթոնի խոսքերը այն մասին, որ «խաղաղությանը հասնելու վերջին քայլերը հաճախ ամենադժվարն են լինում», հույս են տալիս, որ այս անգամ էլ, Ղազախստանում, այդ «դժվարությունը» չի հաղթահարվի: Սակայն հերթական անգամ արձանագրվում է այն, որ սպառնալիքը չի վերացել, այլ միայն մի քիչ հետաձգվել է, և ամեն հետաձգումով այն չի թուլանում, այլ շարունակում է մեծանալ և շատ կոնկրետանալ:

*   *   *

Ֆուտբոլային թեժ օրերին մեր իշխանավորները, իրենց ոչ պաշտոնական խոսնակ թուրքագետ Սաֆրաստյանի բերանով կատարեցին նաև մի հետաքրքիր խոստովանություն: Նա հայտարարեց, որ իր կարծիքով.

ա) 18–ի լույս 19–ի գիշերը իրականացված ադրբեջանական դիվերսիան պատահական չէր, դրա և պետերբուրգյան բանակցությունների միջև ուղիղ կապ կա

բ) դիվերսիոն հարձակումը ադրբեջանական հասարակության ներսում Ալիևի քաղաքականության նկատմամբ, մասնավորապես բանակցային գործունեությունից դժգոհության արտահայտում է

գ) դժվար է ասել, թե ով էր դիվերսիոն հարձակման իսկական հեղինակը, դա կարող էր լինել զինվորական մի օղակի կազմակերպած գործողությունը:

Բայց բոլորս հիշում ենք հեքիաթը Ս.-Պետերբուրգից վաղաժամ վերադարձած, զայրացած Ալիևի և նրա ուղարկած 20 հոգանոց դիվերսիոն խմբի մասին: Հիմա պարզվում է, որ մեղավորը նա չէր, այլ ինչ-որ զինվորականներ, որոնք դժգոհ են հենց Ալիևի պետերբուգյան վարքագծից կամ անհաջողությունից ու իրենց դժգոհությունը մեր երեխեքի գլխին թափեցին:

Իսկ ո՞ւմ էր պետք Սաֆրաստյանի խոստովանությունը: Ո՞ւմ էր պետք Ալիևին պատասխանատվությունից ազատելը: Ի վերջո, եթե դիվերսիոն խումբը եղել է, և գործել է պետերբուգյան հանդիպման հաջորդ գիշերը, անգամ եթե ոչ Ալիևի հրամանով, ապա ինչո՞ւ մեղքը Ալիևի վրա չթողնել, նման դեպքում ո՞վ կարող է հերքել Ալիևի հրամանի առկայությունը:

Դե բանն էլ հենց այն է, որ ոչ մի դիվերսիոն խումբ էլ չի եղել, այլ միայն մեկ անձ` ոչ երիտասարդ պայմանագրային ծառայող Իբրահիմովը, հին կալաշնիկովով և անպատեհ հագուստով, որը, ըստ շրջանառվող և հավաստի թվացող լուրերի, առանց որևէ դիմադրության անցել է խրամատը և բլինդաժում քնած է հայտնաբերել ամբողջ ջոկին, բացի մեկից, որն էլ զուգարանից վերադառնալով նրան սպանել է: Նման փաստը չի կարող ժամանակի ընթացքում հանրահայտ չդառնալ: Դրա համար էլ Սաֆրաստյանը ասում է «դիվերսիոն հարձակում», այլ ոչ թե «դիվերսիոն խմբի հարձակում», ինչը մենք լսում էինք դեպքի օրերի պաշտոնական լրատվության մեջ: Իսկ քանի որ այդպես է, ուրեմն ինչ Ալիև, եթե գոնե մի քսան հոգի դիվերսանտ չուղարկի մեր 8 հոգանոց պահակակետի վրա: Ուրեմն Ալիևը չէ, այլ նրանից խիստ դժգոհ «զինվորական մի օղակ» Իբրահիմովը, որն այնքան է դժգոհել Ալիևի քաղաքականությունից, որ որոշել է մենակով ազատագրել հայերի կողմից օկուպացվածը:

Կարծում եմ այս դեպքը պետք է մեծ աղմուկ բարձրացներ և սրա արդյունքում պետք է պաշտոնանկություններ և դատավարություններ լինեին, ինչպես նաև բարձրաստիճան հրաժարականներ: Իսկ մենք, չգիտես թե ինչու, լռում ենք: Թույլ ենք տալիս, որ մեր զինակոչիկներին վախացնեն գոյություն չունեցող ադրբեջանական ամենակարող դիվերսիոն խմբերով, փոխանակ զգոնության դաս տալու, որ պահակակետում չքնեն և իզուր տեղը չզոհվեն: Ամաչում ե՞նք տեղի ունեցածից, մեր ամոթն ե՞նք թաքցնում, ումի՞ց: Ում որ պետք է, վաղուց արդեն գիտի և քթի տակ ծիծաղում է: Խնդիրը մեր պաշտպանունակությունն է և զինվորների անվտանգությունը, որոնք մեր ամաչկոտության պատճառով, ցավոք, անընդհատ պակասում են:

Հ.Գ. Իսկ մենք դեռ սպասում էինք, որ մերոնք արժանի հակահարված կտան:

Մեկնաբանություն

Թալինցի: Լսել եմ հակահարված եղելէ, բայց դե ո՞ւմ է պետք հակահարվածը, եթե դա չի բարձրաձայնվել

ԱԱ: -Ես էլ եմ լսել, Ֆիզուլիի մասին, իբր թե առանց աղմուկի մի պոստ են գրավել, 3-ին սպանել, 3-ին գերել, ու առանց կորուստների վերադարձել: Բայց հիմա չեմ հավատում: Նախ, որովհետև որևէ, նույնիսկ խիստ մասնակի հաստատում չկա, ոչ մեր պաշտոնական ու անպաշտոն աղբյուրներից, ոչ էլ Ադրբեջանցիներից: Իսկ ադրբեջանցիները դա հաստատ կօգտագործեին, որպեսզի փակեին մերոնց բերանը միջազգային տեղերում: Եվ հետո, եթե մի անգամ ստում են, ապա ինչու չստեն նաև երկրորդ անգամ: Նկատի ունեմ, որ այս կարգի լուրերով կարող են փորձել իրենց դեմքը փրկել: Լուրը, որ ինձ հասել է այնպիսի աղբյուրից է, որին հեշտությամբ կարող էին օգտագործել մեր շրջանակներում “խորհրդապահական” ու “հավաստի” ստեր տարածելու համար: Այնպես որ չեմ հավատում, բայց մոտ օրերս կփորձեմ տեղում դա պարզել:

Նանո: իրոք խնդալու էր Սաֆրաստյանի «օֆֆթոփ» մամլո ասուլիսը։ իրոք, պատվերով համերգ կատարող։
Սաֆրաստյանին պատվիրել են մեր ականջներին մակարոններ կախել, թե պետերբուրգում և այլուր մեր դիվանագիտական հաղթանակներին թուրքերը չեն դիմանում

ԱԱ: Ըհը, ընդ որում ոչ թե Ալիևը, այլ շարքային թուրքերը չեն դիմանում ու շուտով, հերթով, իրենց իզալենտով փաթաթած նիկոլի թվի ԱԿՄ-երով գալու են մեր պոստերը գրավելու: Ուրեմն, պետք է վռազ ստորագրել այն շրջանակային թուղթը, որն այդքան կատաղացնում է թուրքերին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: