Երեք հարց «Առավոտից»

by

07.04.2010

  1. «Առավոտի» հետ զրույցում ազգային ժողովրդավարական ճակատի ջատագովներից «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը կարծիք հայտնեց, որ իրենց սերունդն այդ գործի համար արդեն ծեր է, իսկ երիտասարդ սերնդի մոտ «մի տեսակ շինծու է. չեմ հավատում այսօրվա հայրենասիրական-ազգային շարժումներին»: Ազգային-հայրենասիրական մի նախաձեռնության անդամ էլ դուք եք` ինչպե՞ս կարձագանքեք այդ տեսակետին, ինչո՞ւ է մարդկանց մոտ նման տպավորություն ստեղծվում:
  2. «Հայկական ընտրություն» նախաձեռնությունը, որի անդամ եք, վերջերս հերթական հայտարարությամբ հանդես եկավ եւ ազգային գաղափարներով մտահոգ անձանց ու ուժերին միավորվելու կոչ արեց: Ժիրայր Սեֆիլյանի, ով ձեր վաղեմի ընկերն է եւ ում հետ հանուն նույն գործի անցած ճանապարհ ունեք, հետ ձեր հարաբերությունները խզվեցին նրա` ՀԱԿ-ին հավատալու եւ վստահելու համար. համատեղ գործունեություն ծավալելու ծրագրեր ունե՞ք, թե՞ շարունակում եք պահպանել ձեր թերահավատությունն առաջին նախագահի եւ նր հետ համագործակցողների նկատմամբ:
  3. Սերժ Սարգսյանի որոշ ընդդիմախոսներ, վերջին շրջանում` նկատի ունենալով նրա վերջին այցերը եւ ելույթները (Սիրիայում, Դեր Զորում), ոգեւորված են եւ հայտարարում են, որ իրեն «հայավարի» է պահում: Նաեւ երեկ գերմանական «Շպիգել»-ին տված հարցազրույցում հայ-թուրքական հարաբերությունների մասով բավականին կոշտ եւ սկզբունքային դիրքորոշումներ է հայտնել հստակ ասել է, որ գերակայությունը պետք է տրվի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշմանը, այդ ինքնորոշումը պետք է ճանաչվի եւ իրագործվի: Հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հայտարարությունների անկեղծությանը:

  1. Մեր սերունդն էլ արդեն երիտասարդ չէ: 20 տարուց ավելի է, ինչ քաղաքականության մեջ ենք: Ես էլ եմ, երբեմն, թերհավատությամբ նայում ինձնից երիտասարդներին: Սա մարդկային է, բայց սխալ է: Այնուամենայնիվ, պետք է հավատալ երիտասարդներին: Նրանց վերաբերմունքով և գնահատականներով է պետք չափել բոլոր գաղափարների և նախաձեռնությունների արժեքավորությունը և հեռանկարայնությունը:
    Մյուս կողմից, ասելիք ունեցողի համար տարիքը կապ չունի: Ասելիք ունեցող ծերերը միշտ էլ շրջապատված են լինում իրենց լսող, իրենց խոսքերը գործի վերածող երիտասարդներով: Կարծում եմ այսպես բողոքելու և «շինծու» որակելու իրական պատճառն այն է, որ կոնկրետ այդ հեռացած գործիչները շրջապատված չեն եղել սեփական երիտասարդներով: Նրանց գաղափարները, փաստորեն, մերժվում են երիտասարդների և ոչ միայն երիտասարդների կողմից:
    Բայց կարծես անժառանգ չեն գնացել: Իրենք են խոստովանում, որ իրենց գաղափարները հաջողությամբ այսօր իրականացնում է Սերժ և Տիգրան Սարգսյանների վարչախումբը: Եթե դա է եղել ազգային-ժողովրդավարների գործը, ապա բնական է և շատ լավ է, որ հայության նոր սերունդը իրենց քիմքին չի գալիս:
    Դեռ Հայաստանի անկախացման նախօրյակին Վազգեն Մանուկյանի և մյուսների կողմից հռչակվեց մի ռազմավարություն, որը մի կողմից ենթադրում էր արժեհամակարգային ինտեգրացիա Արևմուտքի հետ, մյուս կողմից` ինտեգրացիա թուրքական հարևանության հետ: Այդ գիծը անշեղորեն շարունակեցին Հայաստանում իշխած և միևնույն ակունքից սերող բոլոր վարչախմբերը: Մենք այսօր վայելում ենք այդ քաղաքականության պտուղները` արտաքին հարաբերություններում, ներքին կյանքում, տնտեսությունում: Այդ քաղաքականությունը կարելի է դեմոկրատական կոչել, բայց չեմ հասկանում, թե ի±նչ կապ ունի այն ազգայինի հետ, երբ բազմաթիվ առումներով սպառնում է ազգային գոյությանը:
    Ազգային գործիչների նոր սերունդը դա արդեն հասկանում է: Նա հարցականի տակ է դնում եվրաինտեգրացիոն կողմնորոշման, ինչպես նաև հատվածական մրցակցության սկզբունքի վրա հիմնված քաղաքական և տնտեսական համակարգերի նպատակահարմարությունը, ուղիներ է փնտրում Հայաստանի զարգացումը ի հեճուկս թուրքական շրջապատի ապահովելու համար: Սրանով այս սերունդը իհարկե արմատապես հակադրվում է նախորդ սերնդի գաղափարներին: Դրա փոխարեն այդ գաղափարներին հավատարիմ են մնում արևմտամետ և իշխանատենչ ուժերը:
    Սա ես ասում եմ առանց չարության: Հասկանում եմ, որ ամեն մի սերունդ իր առաքելությունն է կատարել` իր ուժերի ներածի չափով: Եվ մենք շնորհակալ ենք նրանց ինչպես նվաճումների, այնպես էլ սխալների համար, որոնց շնորհիվ սովորում ենք: Հաջորդ սերունդներն էլ մեր սխալների վրա են սովորելու:
  2. Առաջին, միջանկյալ և վերջին նախագահների, ինչպես նաև այլ գաղափարական հակառակորդների հետ համագործակցության որևէ եզր չենք տեսնում և երբեք չենք տեսնի:
    Հայտնի է, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ մենք գաղափարական վեճ չունենք: Դա ևս մեկ անգամ հաստատվեց «Սարդարապատ» շարժման գաղափարական սկզբունքների հրապարակման ժամանակ: Դրանցում իհարկե առկա էին առանձին մտքեր, որոնց հետ անձամբ ես կամ ուրիշները համաձայն չէին, բայց դրանք ամենակարևոր կետերը չէին և տեղավորվում էին գաղափարակիրների միջև հնարավոր տարաձայնությունների սահմաններում:
    Փոխարենը մենք շարունակում ենք տարակարծիք մնալ մարտավարական հարցերում: Մասնավորապես «Սարդարապատ» շարժումը շարունակում է հնարավոր համարել համագործակցությունը գաղափարական հակառակորդների հետ իշխանափոխության հարցում, իսկ մենք այդպիսի իշխանափոխությունը ընդհանրապես իշխանափոխություն չենք համարում, այլ հետ սերնդափոխություն` միևնույն իշխանության ներսում, որին օժանդակելը ոչ միայն անիմաստ է, այլև շատ վնասակար: Երկրորդ տարակարծությունը վերաբերում է գործող քաղաքական համակարգի հնարավորությունները օգտագործելուն: Մենք դրա կողմնակիցն ենք, իսկ «Սարդարապատը» հայտարարեց, որ բացառում է գործող քաղաքական համակարգի հետ որևէ շփում: Սա, փաստորեն, անխուսափելի է դարձնում հերթական ընտրություններում գաղափարական հակառակորդներին սատարելը, ինչը մենք բացառում ենք:
    Փոխարենը «Սարդարապատի» հետ մենք կարծես համակարծիք ենք ապագայի Հայոց պետության սաղմերը, այսօր, գործող համակարգին զուգահեռ, ձևավորելու հարցում: Սա համատեղ գործելու որոշ դաշտ է ստեղծում: Եթե մենք գտնենք մի ձև, մի հարթակ, որը բաց լինի նախկինում տարբեր ճամբարների հարած ազգային գործիչների համար, և որտեղ մենք մեր տարակարծությունների լուծումը կկարողանանք հանձնել համակիրների համեմատաբար լայն բանակին, որը, իրականում, բոլորիս համար ընդհանուր է, ապա տեղի կունենա այն, ինչի հույսը «Հայկական ընտրության» նախաձեռնող խումբը հայտնել էր իր հայտարարությունում:
    Հայ ժողովրդի իրավունքն է ունենալ ազգային նպատակներին հետամուտ մի կազմակերպություն և տեսնել նրան ոչ թե քաղաքական դաշտի լուսանցքում, այլ հաղթական բևեռում:
  3. Անկեղծությանը հավատալու խնդիր իրականում չկա, քանի որ Սերժ Սարգսյանի «հայավարի» թվացող հայտարարությունները ոչինչով չեն հակասում նրա մյուս` «ոչ հայավարի» հայտարարություններին: Դրանք իհարկե որոշ քարոզչական, մոլորեցնող երանգ պարունակում են և գտնում են իրենց ոչ մեծաթիվ հասցեատերերին: Կան հայրենասեր մարդիկ, ովքեր չեն ուզում ընդդիմադիր դառնալ սեփական երկրում, ովքեր ուզում են հավատալ, որ իրենց երկրի ղեկավարը, այնուամենայնիվ, լավն է: Այնքան են ուզում, որ պատրաստ են նրա արտասանած մի քանի բառի հետևում տեսնել մտքեր, որոնք իրականում չեն ասվել, տեսնել հրաժարում նախկին հակազգային քաղաքականությունից կամ գոնե դրա տապալում: «Հայկական Նյուրենբերգի» նման գեղեցիկ, բայց բացարձակապես անիմաստ արտահայտությունները հաշվարկված են բավարարելու նման անկեղծ մարդկանց ակնկալիքները: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը չի ասել որևէ բան, որը կհակասեր իր հեղինակած «ֆուտբոլային» դիվանագիտությանը, ներառյալ «մադրիդյան» կարգավորմանը:
    Ձևական առումով «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման» հարցը բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի կողմից վաղուց զիջված կետերից է` դեռևս հայր Ալիևի ժամանակներից: Մադրիդյան սկզբունքներում, որոնք Ադրբեջանը ընդունում է, այն նույնպես արձանագրված է: Սակայն խոսքը գնում է ԼՂԻՄ-ի մասին, որի անկախությունը Ադրբեջանը փաստացի չպետք է ճանաչի, դրան ադրբեջանական համայնքի անբավարար մասնակցության պատրվակով: Բաքվին դա պետք է` այսօր դեմքը փրկելու, իսկ վաղը Արցախը ուժով հետ բերելու հնարավորությունը պահպանելու համար: Արցախի հարցի առանցքը շարունակում են մնալ ազատագրված շրջանները` Արաքսի ափը, Քարվաճառը, որոնք չհանձնելու մասին ոչ մի պաշտոնյա չի խոսում: Ավելին, Սիրիայում Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ ինքը դիտավորյալ թույլ չի տալիս բնակեցնել և շահագործել այդ շրջանները, քանի որ դրանք ենթակա են հանձնման:
    Հակասություն չկա նաև Ցեղասպանության հետ կապված արտահայտություններում: Մի առիթով ասել եմ, որ պատմաբանների ենթահանձնաժողովը իրականում Անկարայի կողմից, վերջինիս համար անվնաս կերպով, Ցեղասպանությունը ճանաչելու համար է ստեղծված: Ճանաչում առանց տարածքային հատուցման, մեղքը Օսմանյան կառավարության վրա գցելով, ծավալները փոքրացնելով և միայն այն բանից հետո, երբ Հայաստանը հրապարակային և միջպետական պայմանագրով հրաժարվի Արևմտյան Հայաստանից: Արդյո՞ք այդպիսի ճանաչումը ինչ-որ կապ ունի Նյուրենբերգի հետ: Եվ արդյո՞ք մեր ուզածը այդպիսի ճանաչումն է:
    Մի խոսքով Երևանն ու Անկարան ժամանակավորապես «կոշտ դիրքորոշում» և «հայրենասիրություն» են խաղում: Պատճառն այն է, որ «հաշտության» գործընթացի սրընթաց տարբերակը չստացվեց: Հատկապես Երևանին ավելի շատ ժամանակ է պետք «դեմքը փրկելու» և հանրային դիմադրությունը հաղթահարելու, ինչպես նաև մինչ ստորագրումը և դրանից հետո իշխանությունը պահպանելու համար: Ոչ մի իրական քայլով չշեղվելով իրենց ճանապարհային քարտեզից, կողմերը, այնուամենայնիվ, ավելի երկարաշունչ ժամանակացույց են որդեգրել: Սակայն մենք չենք կարող հավերժ հետաձգել այդ ժամանակացույցը, եթե քաղաքական դաշտում ազգային հաղթական բևեռ չձևավորվի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: