Ժողովրդավարությունը Չորրորդ Հանրապետության Սահմանադրությունում

by

21.11.2009

Մի անգամ էլ կրկնեմ, որ Չորրորդ հանրապետությունն ինձ համար երրորդի բռնությամբ կործանումը և դրա ավերակների վրա նոր պետության կառուցումը չէ, ոչ էլ ՀՀ և ԼՂՀ միավորումը նոր կազմավորման մեջ (ինչին շատ էլ կողմ եմ), այլ, ոչ ավել, ոչ պակաս, սահմանադրությունում և մնացած օրենքներում ամրագրված պետականության հիմնարար սկզբունքների արմատական փոփոխություն: Այն աստիճան արմատական, որի դեպքում միայն իսկապես իմաստ կունենա փոխել հանրապետության հերթական համարը:
Բնական է ենթադրել, որ առաջին հերթին այդ ապագա սահմանադրությունում պետք է կատարելագործվի պետական որոշումների ընդունման և գործադրման այն համակարգը, որն այսօր ժողովրդավարություն է կոչվում: Դա էլ կփոփոխվի այնքան, որ դրան այլ անուն տալու անհրաժեշտություն կծագի: Օրինակ` Ազգային ինքնավարություն: Այն նույնքան պուպուշ է, որքան ժողովրդավարությունն այսօր, և ինչպես այսօր ժողովրդավարությունն ունի իր քըխ, ավելի քըխ և ամենաքըխ այլընտրանքները` ավտորիտարիզմ, բռնապետություն և այլն, այնպես էլ ազգային ինքնավարությունը, երբ կայանա, հավանաբար կունենա նման բացասական այլընտրանքներ:
Եվ այսպես, ինչո՞վ է Չորրորդ հանրապետության ազգային ինքնավարությունը տարբերվելու ոչ միայն երրորդ հանրապետության, այլև եվրաստանդարտ բոլոր ժողովրդավարություններից: Քննարկման համար առաջարկվող իմ կարծիքը

Ժողովրդավարության տեսական սուբյեկտը (գործող անձը) ժողովուրդն է: Նույն տրամաբանությամբ, ազգային ինքնավարության սուբյեկտը պետք է լինի Ազգը:

Ոմանց համար սրանք, հնարավոր է, նույնն են: Սակայն ավելի ազգայնական շրջանակներում ընդունված է տարբերակել ազգ և ժողովուրդ հասկացությունները: Ասում են ազգը հոգևոր հարթության կամ ոգևեղեն երևույթ է, իսկ ժողովուրդը նրա մարմինն է: Բացի այդ ազգը հարատև է, նաև պատմությունն է և ապագան, իսկ ժողովուրդը` տվյալ պահին առկա անհատների ամբողջությունն է:

Ազգն էլ, ժողովուրդն էլ գործող անձեր են: Ասում ենք <հայերը ազատագրեցին Արցախը>, նաև <ժողովուրդը ընտրեց Դեմիրճյանին>: Եթե տեղերը փոխենք ու ասենք, որ <ժողովուրդը ազատագրեց Արցախը> կամ <հայերը ընտրեցին Դեմիրճյանին>, ապա անհեթեթություն կստացվի: Մի դեպքում կոնկրետ մարդիկ կամավոր մեկնում էին Արցախ կամ գոնե մասնակցում էին 1988-ի հանրահավաքներին` որպես հայեր, իսկ մյուս դեպքում հանդես էին գալիս որպես կյանքից դժգոհ և կարոտախտով հիվանդ բազմություն:

Երկու դեպքում էլ թվում է թե նույն մարդիկ են գործում, և գործում են միանգամայն ինքնուրույն: Սակայն դա այդպես չէ:

Առաջինի նման դեպքերում, իրականում, գործում է ազգը, իսկ իրենց ազգային պատասխանատվությունը գիտակցող մարդիկ ընդամենը կատարում են <Ազգի հանձնարարությունները>: Ճիշտ է, նրանցից յուրաքանչյուրն ինքն է ենթադրում, թե Ազգն իրեն ինչ է հանձնարարել, սակայն տարօրինակ կերպով բոլորի ենթադրածը նույնն է լինում կամ առնվազն նույնավեկտոր: Ու ազգային պատասխանատվությունն էլ, որ երեկ կարծես թե չկար, բոլորի մոտ միաժամանակ է արթնանում (1887-1890, 1918, 1965, 1988):

Երկրորդի նման դեպքերում մարդիկ, ղեկավարվելով յուրաքանչյուրը սեփական շահով, սովորաբար խաբված են լինում ինչ-որ քարոզչական գաղափարով, ակամա կատարում են քարոզող կուսակցական սուբյեկտի հանձնարարությունը: Այս դեպքում էլ մարդիկ իրենք են ընտրում, թե ում խաբվեն, բայց սովորաբար հիմնական զանգվածը խաբվում է լավագույն խաբողին կամ խաբողներին:

Այսպիսով ունենք երկու սահմանում:

1) Ժողովրդավարությունը մի համակարգ է, որտեղ մարդիկ ղեկավարվում են սեփական շահերով և մեծամասնության կամքը դառնում է որոշում: Սեփական շահերը ավելի արդյունավետորեն առաջ մղելու նպատակով նրանք միավորվում են կուսակցությունների շուրջ և հավաքաբար են առաջ մղում իրենց հավաքական, բայց ամբողջի համեմատ, այնուամենայնիվ, հատվածական շահը: Կուսակցությունները, միմյանց հաղթելու նպատակով, պետք է խափեն (քարոզեն), կաշառեն (խոստումներով կամ փողով) և իրենց կողմը գրավեն ավելի շատ ընտողներ: Դա նրանց վերածում է քաղաքական համակարգի իրական սուբյեկտների, իսկ իշխանության աղբյուր համարվող ժողովրդին` նրանց պայքարի օբյեկտի, որը գրեթե ոչինչ չի որոշում անգամ ամենակատարյալ ժողովրդավարության դեպքում:

2) Ազգային ինքնավարությունը պետական որոշումների կայացման այնպիսի համակարգ է, որին քաղաքացիները մասնակցում են միայն ազգային պատասխանատվությամբ առաջնորդվելու դեպքում: Ուստի նրանք հատվածների բաժանվելու և միմյանց դեմ պայքարելու պատճառ չունեն: Որոշումները կայացվում են ընդհանուր կամ շատ լայն համաձայնությամբ, նախընտրական քարոզչությունից շատ ավելի որակյալ մտահաղորդակցության մթնոլորտում: Նույն` որակյալ մտահաղորդակցության շնորհիվ նվազագույնի են հասցվում այդ որոշումների վրա հատվածական շահերի և օտար գաղափարախոսությունների ազդեցությունները:

Ոմանց այս երկրորդը ուտոպիա է թվում, իսկ ինձ համար խնդիր է, որ փորձում եմ լուծել: Ուրիշները պնդում են, թե սա նույնպես ժողովրդավարության տարատեսակ է, կամ էլ դրա կատարյալին մոտ դրսևորումը: Դա այդպես չէ, բայց չվիճենք: Միայն հաստատենք, որ անգամ եթե դա ժողովրդավարություն է, ապա մեզ ծանոթ ժողովրդավարություններից շատ տարբեր է:

Ինձ նաև մեղադրում են, թե <հեծանիվ եմ հայտնագործում>: Բայց մեր ամբողջ կյանքն է բաղկացած հեծանիվներ հայտնագործելուց: Եթե մարդկությունն արդեն հայտնագործել է անիվն ու ատամնանիվը, ղեկն ու հեծանը, փոխանցման շղթան և առանցքակալները, ապա հեծանիվ հայտնագործելը ոչ թե մեղք է, այլ հասունացած անհրաժեշտություն:

<Հեծանիվի հայտնագործումը> սկսենք մի քանի սկզբունքների շարադրումից, որոնք, իմ կարծիքով, պետք է լինեն ազգային ինքնավարության կամ, եթե կուզեք, ազգային ժողովրդավարության հիմքում: Դրանք են ժողովրդավարականին նման գործընթացի (1) անկուսակցականությունը, (2) իշխանությամբ չմիջնորդավորվածությունը, (3) բազմաշերտությունը, (4) անընդհատությունը, (5) ապապարզունակացումը, (6) բազմակողմանիությունը և այլն: Իսկ սկզբունքների որոշման սկզբունքը պետք է լինի պետական կառուցվածքների համապատասխանությունը ազգային ներքին և բնական փոխհարաբերությունների բնույթին և կառուցվածքին:

Անկուսակցականություն: Ինչո՞ւ: Որովհետև կուսակցականությունը պառակտում է: Մրցակցության մեջ երբեք ճշմարիտ ազգային որոշումներ չեն կարող ծնվել, այլ միայն մի հատվածական շահը կարող է գերակայել մյուսի նկատմամբ: Բանավեճին այստեղ փոխարինում է քարոզչական խորամանկությունը, երբեմն նաև բիրտ ուժը:

Ինձ կարող են հակաճառել, թե անկուսակցականություն ընդհանրապես չի կարող լինել և երբեք չի եղել, թե մարդիկ միշտ կբաժանվեն թիմերի: Դա այդպես չէ: Օրինակ, գոյություն ունեն <ներկուսակցական ժողովրդավարության> այնպիսի մոդելներ, որոնցում կուսակցություններ (ֆրակցիաներ) չկան: Դա միայն նպաստում է ներկուսակցական բանավեճերի արդյունավետությանը, քանի որ կոնկրետ խնդիրներ քննելիս մարդկանց փաստարկների ճշմարտացիությունն է հետաքրքրում, այլ ոչ թե սեփական թիմի հաղթանակի ազարտը: Թիմերի ժամանակավոր բաժանումներ կուսակցությունների ներսում առաջանում են գլխավորապես կադրային հարցերի քննության ժամանակ` երբ պաշտոնը շահավետ է: Բազմաթիվ կուսակցություններ հաջողությամբ միմյանցից տարանջատում են շահ պարունակող հարցերը և մնացած որոշումները, նաև փոքրացնում են կադրային հարցերում շահի չափաբաժինը: Նման մեխանիզմներ պետք է փնտրենք նաև մենք` պետության համար:

Մի խոսքով, եկեք պատկերացնենք, թե ազգովի մի կուսակցություն ենք, ընդ որում, ներքին ժողովրդավարությամբ օժտված կուսակցություն, այլ ոչ թե այնպիսին ինչպիսիք ՀՀ կուսակցություններն են: Այստեղ էլ ինձ կարող են մեղադրել, թե եթե (մյուս) կուսակցություններն արգելվեն, ապա կլինի միակուսակցական բռնատիրություն: Նախ, ոչինչ պետք չէ արգելել, որքան ուզում են, թող լինեն կուսակցություններ: Թեպետ, տվյալ դեպքում, դրանք կլինեն սովորական հասարակական կազմակերպությունների, նույնիսկ ակումբների նման, որովհետև քաղաքական կյանքին մասնակցելու համար կուսակցական լինելը նախապայման չի լինի: Երկրորդը, միակուսակցության դեպքում կա ընդունելություն և հեռացում, կա կուսակցականներ-անկուսակցականներ բաժանում, իսկ անկուսակցականության դեպքում բոլոր չափահասներն էլ քաղաքացի են և ոչ ոք չի կարող սահմանափակել նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը:

Այստեղ էլ ինձ կարող են առարկել, թե միլիոնավոր ընտրողների հնարավոր չէ տանել կուսակցական ժողովների: Ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է, եթե այդ մարդիկ պատրաստվում են ազգային որևէ խնդրի վերաբերյալ հիմնավորված կարծիք հայտնել: Ժողովը անպայման անիմաստ և ձանձրալի ճառեր լսելը չէ, այլ միասին քննարկելու և որոշելիք խնդիրը բազմակողմանիորեն ընկալելու հնարավորություն: Մեր օրերում հավաքական քննարկումների շատ արդյունավետ ձևեր կան մշակված: Քաղաքացիներից շատերը կորոշեն, որ իրենց խելքի բանը չէ և չեն մասնակցի: Դա նրանց կողմից կլինի շատ ավելի պատասխանատու վերաբերմունք, քան այսօրվա վիճակը, երբ հարյուր հազարավոր անտեղյակ և անտարբեր մարդիկ քարոզչական ապակողմնորոշման կամ խոստում-կաշառքների ազդեցության ներքո տրված քվեով քաղաքական որոշումներ ընդունելու մանդատը հանձնում են շահամոլների այս կամ այն խմբին:

Իշխանությամբ չմիջնորդավորվածությունը: Այո, ճիշտ հասկացաք, իշխանություն չպետք է լինի: Այսինքն չպետք է լինի լիազորությունների այնպիսի կուտակում մեկ խմբի ձեռքում, որը նրան մյուսների վրա իշխող կդարձնի: Քաղաքացիների ինքնիշխանությունը պետք է իմաստափոխվի և վերածվի ազգային-պետական որոշումների կայացմանը մասնակցելու մշտական (բարոյական) պատասխանատվության և (իրական) հնարավորության, այլ ոչ թե սահմանափակվի իշխելու մանդատը հատվածական շահամոլների հերթական խմբին հանձնելով:

Եթե քաղաքացին կարևոր ասելիք ունի կրթական քաղաքականության վերաբերյալ, ապա շատ անարդյունավետ է, երբ նա դա անում է մասնակցելով խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների: Փոխարենը, բոլոր քաղաքացիներին կարելի է ուղղակի կրթական քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն տրամադրել` իրենց պատրաստակամությանը համեմատ:

Այստեղից էլ բխում է ազգային ինքնավարության մյուս սկզբունքը` բազմաշերտությունը:

Ազգային ներքին կառույցը իրականում բազմաշերտ է: Որպես զինապարտներ մենք բանակի անդամ ենք, որպես ներդրողներ և սպառողներ` տնտեսության, որպես հավատացյալներ և հոգևորականներ` Եկեղեցու, որպես ուսուցիչներ և աշակերտ-ծնողներ` կրթության, որպես բժիշկներ և հիվանդներ` առողջապահության և այլն: Ուստի շատ ավելի նպատակահարմար է, որ յուրաքնաչյուր շերտում լինի սեփական ինքնավարությունը, այլ ոչ թե ամեն բան ենթարկվի իշխանական մեկ բուրգին: Ձևականորեն նման անկախություն այսօր ունի միայն Եկեղեցին: Մնացածը ստորադասված են իշխանական բուրգին:

Յուրաքանչյուր շերտում ինքնավարության տեսակը կարող է և պետք է տարբեր լինի: Բանակի (պաշտպանության և անվտանգության) դեմքում այդ ինքնավարությունը ավելի բուրգային կլինի, կրթության դեպքում` գուցե ավելի ազատական, տնտեսության դեպքում այն կարող է շատ ավելի բարդ կառուցվածք ունենալ, բայց յուրաքանչյուրի դեպքում դա պետք է առավելագույնս համապատասխանի տվյալ շերտի բնական կառուցվածքին:

Բացի այդ շերտերը պետք է որոշակիորեն փոխկապակցված լինեն ցանցի մեջ: Օրինակ, եթե բանակը դժգոհ է զինակոչիկների առողջությունից կամ կրթության մակարդակից, ապա պետք է ներկա գտնվի կրթական և առողջապահական շերտերում որոշումների կայացմանը: Այդպես էլ կապահովվի բազմաշերտ ինքնավարության միասնականությունը: Կառավարությունը ոչ թե մեկ նախագահի կամ վարչապետի նշանակած թիմը կլինի, այլ բոլոր ոլորտները ներկայացնող նախարարների խորհուրդ: (նախարար բառը այստեղ համընկնում է իր բուն իմաստի հետ) Այսպիսի կառավարությունը տարին մեկ կարող է փոխել իր ժողովների նախագահին, որը, ի տարբերություն այսօրվա նախագահի, իշխանավոր չի կարող դառնալ:

Առաջին հայացքից այս համակարգը շատ բարդ է թվում, երբ ենթադրում ենք, թե հարյուր հազարավոր մարդիկ կկամենան բոլոր շերտերում մասնակցել որոշումների կայացմանը: Անգամ եթե այդպես լինի, ապա մենք կունենանք տասնյակից ավելի ժողովրդավարություններ` ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: Սակայն ես հակված եմ ենթադրել, որ նման համակարգի գոյության ժամանակ կձևավորվեն տարբեր բնագավառների ընտրանիներ և այդ ընտրանիները ձևավորող, նրանց հեղինակությունը ճանաչող, բայց միաժամանակ հետևող և հսկող ավելի ստորին շերտեր: Շերտերից յուրաքանչյուրը բավականաչափ բազմամարդ կլինի, որպեսզի ներկայացնի ողջ ազգը, միաժամանակ շատ ավելի փոքրաթիվ, քան ներկայիս ընտրազանգվածը:

Անընդհատություն: Սովորաբար ժողովրդավարական համակարգերում ընտրությունները տեղի են ունենում մի քանի տարին մեկ: Դրանց միջև ընկած ժամանակահատվածում կայացվում են բազմաթիվ մեծ ու փոքր պետական որոշումներ, իսկ ժողովուրդը ընդհանրապես խաղից դուրս է: Միայն կարող է մասնակցել անիմաստ հանրային քննարկումներին և բողոքի ցույցեր անել: Իսկ մեր դիտարկած ներկուսակցական ժողովրդավարական մոդելները ավելի անընդհատ են և չեն սահմանափակվում ղեկավար մարմնի ընտրությամբ, այլև ընդհանրական որոշումներ են կայացնում բոլոր խնդիրների վերաբերյալ:

Դրա ամենապարզ տարբերակը հաճախակի հանրաքվեներն են: Սակայն այնքան կարևոր չէ որոշումների միասին ընդունումը, որքան քննարկման միջոցով ընդհանուր համաձայնության ձեռք բերումը: Ցանկացած, այդ թվում քաղաքական բանավեճերի իմաստը պետք է լինի ոչ թե սեփական ճիշտը անցկացնելը, այլ ընդհանուր ճշմարտության հանգելը, անկախ նրանից դա տեղի է ունենում դիմացինին համոզելու, նրանից համոզվելու, թե միջինին հանգելու ձևով:

Ուստի տեսականորեն կարելի է կիրառել այսպիսի մի տարբերակ: Քննարկումից անկախ, յուրաքանչյուր ոլորտի համար ունենալ վիճակահանությամբ ընտրված որոշում կայացնողների թիմեր (դատական ատենակալների նման): Ըստ անհրաժեշտության ծավալել բանավեճեր, որոնց հետևելով նրանք կարող են որոշում կայացնել միաձայնությամբ կամ գրեթե միաձայնությամբ: Նման համակարգի լավ աշխատելու դեպքում, բանավեճերը պետք է հանգեն ընդհանուր համաձայնության դեռ նախքան որևէ մարմնում հարցի քվեարկումը: Նման համաձայնության չգոյության դեպքում բանավեճը պետք է շարունակվի: Անհրաժեշտության դեպքում կարող են փորձնական և ժամանակավոր որոշումներ կայացվել:

Նման քննարկումներին մասնակցելը շատ ավելի բարդ է, քան հինգ տարին մեկ, երկու ամիս հեռուստացույց նայելուց հետո, քվեատուփի մեջ թերթիկ գցելը: Սա էլ ապապարզունակացման սկզբունքն է: Բոլոր քաղաքացիները, մյուսներին հավասար, հանրային կյանքի բոլոր շերտերում որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն ունեն, սակայն դրանցից օգտվելու համար նրանք պետք է որոշ ջանք թափեն և ավելի շատ ժամանակ ծախսեն: Իսկ ամենակարևորն այն է, որ ավելի շատ ջանք թափողն ու ժամանակ ծախսողը ավելի մեծ չափով կարող է ազդել վերջնական արդյունքի վրա:

Օրենսդիր մարմնի ձևավորման գործընթացում մեզ ծանոթ ընտրատեղամասին կարող է փոխարինել տեղական ժողովը: Այն նախնական քննարկում է բոլոր օրակարգային հարցերը և ընտրում իր ներկայացուցիչներին հետագա քննարկումներին մասնակցելու համար: Ընտրում են միայն նրանք, ովքեր մասնակցում են ժողովներին և իրենք էլ պատրաստակամ են ընտրվել և մասնակցել հետագա քննարկումներին ու ընտրություններին: Ընտրությունը կարող է լինել նույնիսկ վիճակահանությամբ: Հետո ներկայացուցիչները մասնակցում են ընտրատարածքային, համայնքային կամ մարզային քննարկումների և ընտրությունների, որի վերջնարդյունքում թարմացվում է օրենսդիր մարմինը` մեկ երրորդով կամ մեկ քառորդով:

Սրանից դուրս առանձին ընթացիկ և կոնկրետ հարցերի շուրջ քննարկումները, ինչպես նաև հանրային հարցումները կարող են շարունակվել: Որոնք շատ կարևոր կլինեն այն պատճառով, որ պատգամավորները որոշումները պետք է կայացնեն գրեթե ընդհանուր համաձայնությամբ, հետևաբար նրանց պետք է համոզել:

Գործադիր մարմինների ձևավորումը կսկսվի ոչ թե տեղամասերում, այլ համապատասխան կոլեկտիվներում: Օրինակ` եթե կրթության ազգային խորհրդում և վարչությունում պետք է ներկայացված լինեն ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ, գործատուներ, կրթության հոգաբարձուներ և այլն, ապա նրանց ընտրությունը պետք է տեղի ունենա կրթության ընթացիկ խնդիրների քննարկմանը զուգահեռ դպրոցներից, համալսարաններից, հետո անցնի համայնքային և մարզային մակարդակները:

Համազգային որոշումներն արդյունավետ կայացնելու համար, դրանք պետք է քննարկվեն բազմակողմանի, քանի որ ցանկացած որոշում միշտ ունենում է բազմակի ազդեցություններ: Ես սովորաբար առանձնացնում եմ այդպիսի 9 ազդեցություն: Նախ որոշումները ազդում են մեր (1) հոգևոր, (2) նյութական և (3) մտագործունեական որակների վրա: Դրանցով մենք նաև ազդում ենք (4) արտաքին աշխարհի և ներազգային կառույցի հիմնական օղակների` (5) ընտանիքների և (6) համայնքների վրա: Բացի այդ մեր որոշումները մեզ պետք է պաշտպանեն (7) արտաքին և (8) ներքին բացասական ազդեցություններից: Վերջապես որոշումները ազդում են մեր (9) ապագայի վրա: Յուրաքանչյուր որոշում համակողմանի կշռադատված կլինի, եթե քննարկվի և ընդունվի բոլոր այս տեսանկյուններից:

Դրա համար, օրինակ, ապագա խորհրդարանը ես պատկերացնում եմ բաղկացած 9 հանձնաժողովներից, որոնցից յուրաքանչյուրը ընտրվում է առանձին և ոչ թե ընտրվելուց հետո է բաժանվում:

Բացի այդ օրեսդիր որոշումները, որպեսզի իսկապես կատարվեն, պետք է ընդունվեն նաև բոլոր գործադիր օղակների կողմից: Այսինքն, եթե այսօր նախագահն է, որպես գործադիրի ղեկավար վավերացնում դրանք, ապա վաղը, ուժի մեջ մտնելու համար, օրենքները պետք է ստորագրվեն բոլոր նախարարների կողմից, իսկ առարկությունների դեպքում դրանք պետք է վերստին քննարկվեն և համաձայնեցվեն:

Չորրորդ հանրապետության խորհրդարանի նախագիծ

135 անդամ, 9 պալատ 15-ական անդամով: Նախագահություն` բաղկացած հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներից, այդ թվում տարին մեկ փոխվող նախագահության նախագահ: Որոշումները ընդունվում են խիստ որակյալ մեծամասնությամբ` չորս հինգերորդով, բոլոր պալատների պարտադիր համաձայնության պայմանով (առնվազն երկու երրորդով): Որոշումները ուժի մեջ են մտնում, երբ ստորագրվում են նախարարների խորհրդի նախագահի և տվյալ օրենքի գործադրող ճանաչված բոլոր նախարարությունների կողմից:

Պալատների կազմը ամեն տարի թարմացվում է մեկ երրորդով: Դա տեղի է ունենում հերթով, հատուկ այդ նպատակով հրավիրված համապետական ներկայացուցչական ժողովներում, որոնք քննարկում են տվյալ պալատին վերաբերող ընթացիկ հիմնախնդիրները, լսում են դրանց վերաբերյալ թեկնածուների կարծիքները:

Ժողովի կազմը (մոտ 200) ձևավորվում է մոտ 50 այլ ժողովներում, որոնք գումարվում են խոշոր համայնքներում կամ փոքր համայնքների միավորումներում: Այդ ժողովները նախապես նույնպես քննարկած են լինում նույն հիմնախնդիրները, լսում են թեկնածուների հավակնորդներին, ընտրում են համապետական ժողովի իրենց ներկայացուցիչներին և մասնակցում են թեկնածուների առաջադրմանը:

Այդ ժողովների մոտ 5000 մասնակիցները (յուրաքանչյուր ժողովը` միջինը 100 մասնակից) ընտրվում են շուրջ 1500 գյուղական կամ թաղային տեղամասային ժողովներում: Ընդհանուր գործընթացին կարող են մասնակցել մոտ 100000 մարդ: Այսինքն 7 ընտանիքից մեկը կարող է ներկայացուցիչ ունենալ դրանում: Եթե մասնակցել ցանկացող ընտանիքների թիվը շատ մեծ լինի, ապա կարելի է ավելացնել ինչպես ժողովների քանակը, այնպես էլ յուրաքանչյուրին մասնակցողների թիվը: Սակայն, եթե հաշվի առնենք, որ ամեն տարի այսպիսի 9 գործընթաց պետք է տեղի ունենա, ապա, ենթադրում եմ, որ մասնակիցների թվերը շատ մեծ չեն լինի:

Համեմատության համար, այսօր ՀՀ-ում կա 74 կուսակցություն, որոնք ենթադրաբար ունեն առնվազն 2000-ական անդամ, որոնք պետք է որ մասնակցեն կուսակցական ժողովներին: Մասամբ դա սուտ է, բայց որոշ կուսակցություններ ունեն 2000-ից շատ ավելի շատ անդամներ: Ու դեռ տասնյակ հազարավոր քաղաքականապես ակտիվ մարդիկ համոզված անկուսակցականներ են: ԽՍՀՄ տարիներին կոմկուսի անդամ էր 200000 մարդ, որոնք հաստատ մասնակցում էին զանազան ժողովների: Իսկ 88-ին պարզվեց, որ դրանցից բացի հազարավոր ակտիվ անկուսակցականներ կային:

 

* * *

Ինչու եմ ես համոզված, որ այս սկզբունքների փոփոխությունը պետությունը ավելի ազգային կդարձնի: Համոզված չեմ: Բայց գիտեմ, որ անգամ ամենանյութապաշտ մարդը, երբ շահ չունի, գործում է միայն ազգային պատասխանատվությամբ: Ես դա շատ եմ տեսել: Հիմա ուզում եմ նույնը տեսնել նաև պետական համակարգում: Ուզում եմ բաժանել մարդկանց շահը, ազգային որոշումների կայացումից: Երկրորդը, համոզված եմ, որ մարդկանց նյութապաշտական սկիզբը ոչինչով ավելի ուժեղ չէ ազգայինից: Այն, ինչ հիմա տեսնում ենք, դա խաղի մրցակցային կանոնների ազդեցությունն է: Ես համագործակցություն են առաջարկում և փորձում ներդնել պետության հիմքում: Ուզում եմ պատասխանատվությունը իրավունքից կարևորել: Եվ ուզում եմ պետության արհեստական կաղապարը համապատասխանեցնել ազգային բնական կառույցին, դրա բազմաշերտությանը, ընտանեկան և համայնքային սուբյեկտայնությանը նույնպես, որի մասին այստեղ գրեթե ոչինչ չասեցի: Եթե ճիշտ լուծումները գտնենք, այդ դեպքում Հայոց պետության տերը կլինեն հայերը: Մարդիկ որոշումների ընդունմանը կմասնակցեն որպես հայեր, այլ ոչ թե որպես օլիգարխներ, նրանց ծառաներ, գլուխը մի կերպ պահող միջին խավ կամ գործազուրկներ:

Ես վստահ եմ, որ հնչեցրածս նպատակներիս համեմատ կոնկրետ առաջարկություններս կարող են նկատելի և դեռևս աննկատ թերություններ ունենալ: Դրանք շտկելու համար ցանկացած, այդ թվում քննադատական օգնություն ընդունելի է, բայց ինձ մի համոզեք, թե հնարավոր չէ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: