Ի՞նչ ենք անելու սահմանի վավերացումից հետո

by

11.09.2009

Վաղուց չեմ գրել, տարբեր պատճառներով: Իսկ վերջին 10 օրերին նաև այն պատճառով, որ ամեն ակտիվություն անիմաստ է թվում: Իհարկե հարցազրույցներ եմ տվել, ասուլիս, բանավեճ: Բայց դա իներցիա է, կարելի է ասել անարդյունավետ իներցիա: Իսկ բլոգոսֆերայում ես նոր մարդ եմ ու այստեղ նման իներցիա դեռ չունեմ: 

Ասածս թող հոռետեսական կամ պարտվողական չհնչի, բայց ես արդեն գրեթե չեմ կասկածում, որ Սերժը վավերացնելու է այս սահմանը: Նաև արդար լինենք ու ասենք, որ միայն Սերժը չէ դա անում: Նայեք եթերին: Դա անում է մտավորականությունը, դա անում է Երրորդ հանրապետության ողջ քաղաքական վերնախավը: Ճիշտ է, կա հավանականություն, որ այս անգամ էլ բախտներս մի կերպ բերի և ստորագրվելուց հետո ինչ-որ պատճաառով արձանագրությունները չվավերացվեն: Օրինակ, այդպես կարող է պատահել, եթե Արցախի հարցում Սերժից ավելի շատ զիջում պահանջվի, քան նա այս պահին կարող է մարսել: Բայց դա ընդամենը ժամանակավոր հետաձգում կլինի: Իսկ ավելի մնայունն այն է, որ Երրորդ հանրապետությունը, որը մենք մեր հայրենի պետությունն ենք համարում, ընդհանրապես ի վիճակի չէ ազգային որոշումներ կայացնել, ավելին, բոլոր ուղղություններով նա բացառապես հակահայ որոշումներ է կայացնում: 

Երրորդ հանրապետության ձևավորման օրերից կար ռազմավարական երկընտրանք: Մի ուղին ենթադրում էր հրաժարվել ամեն տեսակի իրավունքներից ու հավակնություններից և ինտեգրվել թուրքական շրջապատին, անվտանգությունը հանձնել թուրքի ողորմածությանը, կորցնել քաղաքական ինքնուրունությունը և ի վերջո անհոգաբար ձուլվել, վերջանալ: Երկրորդը ի հեճուկս թշնամական շրջապատի զարգանալու ուղին էր: Սա պահանջում էր մաքառում, ազգային ներուժի հավաքագրում: Մեկը դյուրին` անդունդը գլորվելու, մյուսը` լեռ բարձրանալու ծանր ուղին էր: 

Մինչ երկրորդ ուղու հավատավորները ազատագրում էին Արցախը, ինտեգրացիայի ջատագովները իրենց համեստ էին պահում, բայց աստիճանաբար գրավեցին ողջ իշխանությունը, յուրացրին սեփականությունը, հետո կասեցրեցին բանակի առաջխաղացումը, Արևմուտքից ընդօրինակեցին արժեհամակարգ և վարչաձևեր ու հիմա տիրապետում են բավարար լծակների իրենց սև գործը ավարտին հասցնելու համար: Եվ հիմա Երրորդ հանրապետության ռազմավարական երկընտրանքը վերջնականապես լուծվում է հոգուտ ինտեգրացիոն ուղու և դա կանխելու արագ և հեշտ ուղիներ չեն երևում: Ազգային իմաստով Երրորդ հանրապետությունը և նրա քաղաքական վերանախավը այլևս սնանկ են, իսկ Հայ ժողովուրդը նորից մնացել է անպետություն: 

Չդադարեցնելով Սերժի ծրագիրը կանխելու փորձերը և հուսալով որ մեզ դա կհաջողվի` ժամանակն է մտածելու այն մասին, թե ինչպես ենք ապրելու սահմանի բացումից և, հնարավոր է, տարածքների հանձնումից հետո: Կարծում եմ ճիշտն այն է, որ որդեգրենք հետևյալ սկզբունքները.

  • Սերժի կամ որևէ այլ ստորագրություն նման փաստաթղթերի տակ հայության համար իրավական ուժ չի կարող ունենալ և չունի, ապագայում անպայման անվավեր է ճանաչվելու:
  • Թիվ մեկ նպատակը Ազգային պետության շինարարությունն է, առանց որի հնարավոր չէ որևէ ազգային հարցի լուծում:
  • Իսկ թիվ մեկ խնդիրը այդ նպատակին հետամուտ արդյունավետ քաղաքական կազմակերպության կայացումն է:

Ի գործ…

Մակնաբանություն

Յուլիա: Արմենի հոռետեսական և հուսահատ պոստը կարդալիս իմ մտքով անցավ, որ նման հոռետեսությունը մի գուցե մեր ազգային բնույթ կրող վախից է: Մենք այնքան ենք վախենում պարտվելուց, կորցնելուց, կոտորվելուց, թուրքերից, ռուսներից, եվրոպացիներից, որ գերադասում ենք չմտնել “քաղաքականություն” կոչվող ազարտային խաղի մեջ` սահմանափակելով մեր պայքարի տակտիկան պատերազմի դաշտով: Իսկ եթե վերանալ այդ վախից? Եթե մտնել խաղի մեջ? Մեր պարտությունը, հողերի հանձնումը, Արևմտյան Հայաստանի հավերժ կորուստը հեչ էլ կանխորոշված չեն, ես դրանում համոզված եմ:
Թուղթը կարելի է ստորագրել, բայց թե ինչ զգացումով ես այն ստորագորում, դա է կարևորը: Կարելի ստորագրել պարտության և հուսահատության զգացումով, այդ թուղթը դիտելով որպես հանձնման մի նշան: Իսկ կարելի ստորագրել ապագա նպատակին հասնելու ռազմավարական և տակտիակական քայլերը մտքում պահելով` դիտելով այն թուղթը որպես մի փոքր տակտիկական զիջում հետագա ավելի խոշոր և նշանակալից ձեռքբերումների ակնկալիքով: Եվ համոզված լինելով, որ այդ ձեռք բերումները անպայման լինելու են:

Հաոզկիպըր:Արմեն, չեմ կարծում, որ մեզ անհրաժեշտ է «մտածել այն մասին, թե ինչպես ենք ապրելու հանձնումից հետո»։ Սա շատ սխալ ու պարտության հետ արդեն համակերպվածի դիրք է։ Մենք հիմա ոչ թե մտածելու ունենք, այլ պայքարելու։ Չի կարելի «չորրորդ հանրապետությունը» հանձնվելուց սկսել։

ԱԱ: Երկու բան բաժանենք իրարից: Իրատեսության հավակնություն ունեցող կանխատեսումս և հոգեվիճակս, որը ոչ հուսահատական է, ոչ էլ պարտվողական: Կանխատեսումներումս երանի թե սխալվեմ: Հավանականությունը փոքր է, բայց կա: Ինձ մտահոգողը վատագույն սցենարի դեպքում շատ ուրիշների հավանական հուսահատվելն է, ինչպես, որ դա այսօր տեսնում են ar-vest-ի մոտ: Իսկ Չորրորդ հանրապետությունը պետք է սկսել բոլոր դեպքերում, որպեսզի ազգային խնդիրներ լուծելու համար ստիպված չլինենք սեփական պետության դեմ պայքարել:

Ջավախք: Այս մտքի վրա ես շատ եմ մտածել, եւ երբ մի 5 տարի առաջ այս մասին գրում էի, մեծ մասամբ չէին հասկանում ինչ եմ “մանրունքների” հետեւից ընկնում…
Ազգային էլիտայի ձեւավորուման պրոցեսը` ազգային օրգանիզմի կաուցման պրոցեսն է: Եթե դպրոցներում ուսուցիչները շատ հայրենասիրական ծրագրերով են դասավանդում, բայց Հայաստանում “էլիտայի” անհատական կազմը որոշվում է հինկականում փողի քանակությամբ եւ արտահայտվում է “լավ” համարներով մեծ ջիպի առկայությամբ, ապա դպրոցում դասավանդված Վարդանանց պատերազմի պատմությունը կարող է նույնքան քիչ դաստիրակչական էֆեկտ ունենալ, որքան որ սովետի ժամանակներում քիչ էֆեկտ ուներ “ցարիզմի դեմ պայքարող հզոր բոլշեւիկների” մասին պատմությունները. այդ պատմություններին հավատացող կար 70-ական թվականներին, բայց 80-ականների վերջերին այդ պատմությունները ոչ ոքի չէին ոգեւորում, որովհետեւ պարտիական ղեկավարները, կոմսոմոլի վաժակները մեր մոտ ընկալվում էին որպես իրենց շահի համար պարտիական տոմս գնած անձինք, ովքեր Սոչիներում կիսամերկ կանանց հետ են հանգստանում, դաչաներ ու մեքենաներ են առնում` դրանք ֆիկտիվ իրենց զոնքանչների անուններով գրանցելով, եւ այլն…

Ազատարար: Իրապաշտությունը չշփոթենք հոռետեսության հետ: Արմենը ընդամենը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ ազգը զրկված է իր ազգային խնդիրները լուծելու հիմնական գործիքից` իր ազգային պետությունից:Ազգն իր պատմության ընթացքում կարող է և պարտություններ կրել, բայց դրանք հաղթահարելու և իրավունքները վերականգնելու համար ազգային պետությունն անհրաժեշտ է: 3 Հանրապետությունը ի վիճակի չէ տեր կանգնել մեր հաղթանակներին, էլ ուր մնաց հնարավոր պարտությունններից դասեր քաղեր:

Յուլիա: Հայ ազգը իրականում ոչ մի բանից էլ զրկված չէ: Այն պարզապես գտնվում է պետական կայացման շրջանում: Կայուն պետությունը մի օրում չի լինում: Եվ կայացման գործընթացը միայն ազտիճանական զարգացումը չէ: Այն կորագիծ է,որն ունի բազմաթիվ անկման և վերելքի կետեր: Ձեզ թվում է, որ շատ հեշտ է ազատվել այն դարավոր հատկություններից, որոնք արմատավորվել են հայերի մեջ` որպես ոչ թե զարգացման այլ մշտապես լոկ գոյատևման ռազմավարությունը ընտրելու արդյունք? Ձեզ թվում է, թե կա ինչ որ իդեալական երկիր, որին հաջողվել է խուսափել նման խմորումներից? Բոլոր այսօր կայացած համարվող երկրները երկարատև և դժվարին ճանապարհ են անցել, անցել են քաղաքացիական պատերազմների, եղբայրասպանության, ջախջախիչ պարտությունների և քաղաքական կոպիտ սխալների ուղիով: Եթե սկսենք համեմատել, ապա կտեսնենք, որ մենք պետականության կայացման գործում հեչ վերջինը չենք:

ԱԱ: Երրորդ հանարպետությունը վաղուց կայացած է: Իսկ քո նշած կայացածներն էլ հաճախ ընդօրինակելի չեն, որովհետև սեփական ազգերի շքեղ դագաղներ են հիշեցնում: Չորրորդ հանրապետությունը ես պատկերացնում սկզբունքորեն այլ տեսակի ազգային-պետական կազմակերպություն:

Յուլիա: Արմեն, մի գուցե բացատրես,ինձ մի քիչ անհասկանալի է չորրորդ հանրապետության վերաբերյալ դիսկուրսը: Որն է այն սահմանագիծը, որը պիտի բաժանի երրորդը չորրորդից: Սովորաբար դասական համարը տալիս են այն դեպքում, երբ շատ սկզբունքային փոփոխություններ են տեղի ունենոււմ /հեղափոխության,հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի հետևանքով/ կամ էլ երկու պետությունների միջև պետականության կորստի շրջան: Աստված չտա, երկրորդը պատահի: Հեղափոխություններ, հեղաշրջումներ, քաղաքացիական պատերազմներ էլ ցանկալի չեն հասկանալի պատճառներով: Ուրեմն, որն է բացատրությունը?

ԱԱ: <Չորրորդ հանրապետությունը> գործիք էր, խնդրի ձևակերպում, որ մենք օգտագործեցինք 2004թ. մեր գրասենյակում ընթացող գաղափարախոսական քննարկումների ժամանակ: Դա նշանակում էր, որ սեմինարների ընթացքում մենք պետք է խոսեինք ոչ թե ներկայիս եվրաստանդարտ պետական կաղապարը բարեփոխելու, այլ սկզբունքորեն այլ կաղապար պետք է առաջարկեինք, որը առավելագույնս կհամապատասխաներ Հայոց ազգային պետությանը:Ասեմ, որ արդյունքները ինձ շատ դուր եկան: Մենք հայտնաբերեցինք եվրաստանդարտ պետական համակարգի չորս հիմնական սկզբունքներ, որոնք խանգարում են, որ պետության մեջ գերակայի ազգայինը, այլ ոչ թե հատվածականը և առաջարկեցինք դրանք փոխարինել ուրիշներով: Հետո այդ մտքերը փորձարկեցի այլ լսրաններում քննարկելովով և համոզվեցի մեր հայտնագործության արժեքավորության մեջ: Եթե այդ ամենը մինչև վերջ մշակվի, վերածվի սահմանադրության և օրենսդրության, ապա ստացվածը հաստատ նոր պետություն կլինի: Փաստորեն, Չորրորդ ասելիս խոսքը հեղափոխության կամ անկախության կորստի մասին չէ, այլ սկզբունքորեն նոր տեսակի սահմանադրության մասին, որը առավելագույնս կհամապատասխանի ազգային պետությանը:Ավելի մանրամասն ես այդ հարցերը ներկայացնելու եմ մեր կուսակցության ծրագրի նախագծի քննարկումների ժամանակ, մոտ մեկ ամսից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: