“Հայկական Ընտրություն” կուսակցություն — Հայտարարություն

by

13.06.2009

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպմամբ Արցախյան կարգավորման գործընթացը թևակոխում է Հայաստանի և մասնավորապես Արցախի համար խիստ վտանգավոր մի փուլ, որի հիմնական բնութագրիչներն են.

  • Հայաստանում իշխող ըստ էության անօրինական վարչախմբի և անձամբ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի բազմիցս հայտնած պատրաստակամությունը Արցախյան հիմնախնդիրը Մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորելու վերաբերյալ և դա իրականացնելու անթաքույց վճռականությունը;
  • Սերժ Սարգսյանի նույնպիսի վճռականությունը հայ-թուրքական ներկայիս բաժանարար գիծը որպես միջպետական սահման ճանաչելու և այն բացելու ուղղությամբ, այն դեպքում, երբ Արցախյան կարգավորման գործընթացի ժամանակացույցը ճշգրտորեն համընկնում է հայ-թուրքական <ճանապարհային քարտեզի> ժամանակացույցի հետ և առաջինի շուրջ համաձայնությունը նախապայման է հանդիսանում վերջինիս իրականացման;
  • Իլհամ Ալիևի Մոսկվայում արված հանդիպակաց և իր բնույթով աննախադեպ հայտարարությունը, որում Ադրբեջանի ղեկավարը առաջին անգամ ընդունել է հայերի համար <Լաչինի միջանցքի> կարևոր լինելու հանգամանքը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեով որոշելու մասին խոսելիս չի հավելել ավանդական <Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում> արտահայտությունը;
  • Մոսկվայից և Վաշինգտոնից միաժամանակ հնչող միանման <փորձագիտական> կարծիքները Հայաստանին և Ադրբեջանին <խաղաղություն պարտադրելու> վերաբերյալ վկայում են, որ տարածաշրջանում ազդեցիկ գերպետությունները, տարբեր նկատառումներ ունենալով հանդերձ, կարող են միասնաբար օգտվել հակամարտությունը շուտափույթ կարգավորելու Հայաստանի այժմյա ղեկավարության աննախադեպ նախաձեռնողականությունից;
  • Մեծ պատերազմի սպառնալիքը, որպես միակ այլընտրանք` հաշտության պայմանագիրն անհապաղ չկնքելու դեպքում, որի մասին հետևողականորեն բարձրաձայնում են թե՛ Ադրբեջանը և թե՛ միջնորդները, մինչդեռ Հայաստանյան վարչախումբը այն օգտագործում է ներքին քարոզչության մեջ՝ որպես հանրային բողոքը լռեցնելու միջոց;
  • Համաշխարհային և ներքին տնտեսական ճգնաժամերը, որոնք օգտագործվում են որպես հավելյալ փաստարկներ՝ տարածքային և այլ կարգի զիջումներն արդարացնելու համար;
  • Սերժ Սարգսյանի և պետական վերնախավի ոգևորվածությունը արտերկրից բարձրաձայնվող քաջալերանքով, որը նրանց հիմք է տալիս անտեսել երկրի ներսում հնչող դատապարտության և բողոքի արտահայտությունները;
  • Սերժ Սարգսյանի վարչախմբի լեգիտիմության պակասը, որը օգտագործվում է արտաքին ուժերի կողմից` բաանակցություններում հայկական կողմի կառուցողականությունը ապահովելու համար;
  • Հրապարակում առկա ընդդիմության գործելակերպը, որն ըստ էության համաձայն լինելով կարգավորման առաջարկվող հիմնատարրերին, մտադիր չէ գործնական որևէ խոչընդոտ հարուցել և սպասում է, թե երբ է Սերժ Սարգսյանը վերջնականապես <ծախելու Ղարաբաղը>:

Վերոնշյալ հանգամանքները մեծացնում են ոչ հեռավոր ապագայում Սերժ Սարգսյանի Ադրբեջանի հետ համաձայնության գալու և տարածքային զիջումներ պարունակող փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը:

Հիշեցնում ենք, որ Մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած է Միջազգային ճգնաժամային խմբի եռամյա վաղեմության առաջարկությունը, ըստ որի <Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների մասնակցությամբ> ԼՂ կարգավիճակի վերաբերյալ անորոշ ապագայում նոր հանրաքվե կազմակերպելու համաձայնության դիմաց հայկական կողմը պարտավորվում է Ադրբեջանին հանձնել նախ հինգ շրջան, իսկ հանրաքվեից անմիջապես առաջ և հետո նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները` պահպանելով միայն Բերձորով անցնող ճանապարհից անվտանգ օգտվելու իրավունքը:

Նման փաստաթղթի ստորագրումը, անգամ դրա շուրջ տարվող բանակցությունները, ոչ միայն ի չիք են դարձնում Արցախյան ազատագրական պայքարի բոլոր ձեռքբերումները, այլև ուղղակիորեն սպառնում են Արցախի և Սյունիքի անմիջական հայաթափությամբ և, որպես հետևանք՝ ողջ Հայաստանի գոյությանը:

Մյուս կողմից, անգամ նախնական ստորագրության դեպքում հնարավոր չէ իրագործել մի պայմանագիր, որի յուրաքանչյուր մանրամասն ոչ միայն հանրային բողոքի ալիք է բարձրացնելու, այլև լայնածավալ գործնական հակազդեցություն: Վստահ ենք, որ այս հակազդեցությունը ավելի հուժկու է լինելու, քան օտար պետությունների <խաղաղություն պարտադրելու> կամքն ու հնարավորությունները:

Հուսով ենք, որ հայ ժողովրդին, այդ թվում սփյուռքահայությանը, ազգային-քաղաքական գործիչներին, մտավորականներին, երիտասարդներին, հատկապես արցախցիներին և արցախյան պատերազմի մասնակիցներին, բոլորիս այս անգամ էլ կհաջողվի վիժեցնել հերթական ազգադավ փորձը:

Ավելին, ակնկալում ենք, որ մեր պայքարը այլևս չի սահմանափակվի հանրային գործունեության տեղեկատվական, քարոզչական, փորձագիտական կամ դաստիարակչական հարթություններով, այլ կտեղափոխվի քաղաքական դաշտ, քանզի մեզ միշտ չի հաջողվի կանխել կործանարար զիջումների պարբերական փորձերը, լիարժեք վերաբնակեցնել ազատագրված տարածքը, ապահովել երկրի պաշտպանունակությունը և դիվանագիտական արդյունավետությունը, եթե չունենանք ազգային-պետական իրավունքներին և նպատակներին հետամուտ քաղաքական ընտրանի, ժողովրդի վստահությունը վայելող օրինական իշխանություն:

Հայտարարում ենք.

Արցախն ազատագրված ողջ տարածքով հանդերձ Հայոց հայրենիքի անբաժան մասն է: Նոր պատերազմ սանձազերծելու գինը Ադրբեջանի համար պետք է լինի բռնազավթված մյուս տարածքների՝ Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը:

Սերժ Սարգսյանի ապօրինի վարչախմբի բանակցային դիրքորոշումները ուղղակիորեն սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը, հակառակ են ժողովրդի կամքին, ուստի նրա կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերը հայ ժողովրդի համար օրինական-պարտադիր ուժ չեն կարող ունենալ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: