Հայտարարություն- Հայ ժողովուրդն իրավունք ունի ունենալ այնպիսի առաջնորդող քաղաքական կազմակերպություն …

by

25.03.2010

Հայ ժողովուրդն իրավունք ունի ունենալ այնպիսի առաջնորդող քաղաքական կազմակերպություն, որը

—          Ցեղասպանության համար Թուրքիայից կպահանջի ոչ միայն բարոյական, այլև իրական` տարածքային հատուցում,

—          Կմերժի թուրքական զավթման արդյունքում ամրագրված և Արևմտյան Հայաստանը մեզանից անջատող բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու յուրաքանչյուր փորձ,

—          Կբացառի որևէ տարածքի հանձնում Արցախում, լիարժեք կբնակեցնի ազատագրված բոլոր շրջանները և կբարձրաձայնի Գանձակի, Նախիջևանի և մյուս հայկական շրջանների Ադրբեջանի կողմից բռնազավթված լինելու հանգամանքը

—          Կհրաժարվի օտար արժեհամակարգային կողմնորոշումներից, արտաքին ուժերի կողմից Հայաստանին պարտադրվող քաղաքական լուծումներից և կվերանայի Եվրոպայի մեջ ներառնվելու քաղաքական ուղեգիծը

—          Տնտեսական համակարգը, կրթությունն ու մշակույթը կծառայեցնի ազգային բարդագույն հիմնախնդիրների սպասարկմանը, կապահովի ազգային ներուժի համախմբման համար անհրաժեշտ արդարություն և օրինականություն

Հայ ժողովրդի իրավունքն է տեսնել ազգային նպատակներին հետամուտ այդ կազմակերպությունը ոչ թե քաղաքական դաշտի լուսանցքում, այլ հաղթական բևեռում:

Ազգային գործիչների պարտքն է հավաքաբար և հնարավորինս արագ ձևավորել այդպիսի կազմակերպություն:

Ֆուտբոլային դիվանագիտությունը չի ավարտվել: Հայ-թուրքական հաշտության գործընթացի տապալման մասին այսօր հնչող կանխատեսումները խիստ չափազանցված են: Ոչ ՀՀ ՍԴ որոշման մեկնաբանական մասը, ոչ միջազգային պայմանագրերի մասին օրենքում կատարված փոփոխությունները և ոչ էլ դրանց հիման վրա ստորագրությունը հետ կանչելու կեղծ սպառնալիքները դեռ չեն նշանակում, թե պաշտոնական Երևանը հրաժարվել է իր «հավակնոտ նախաձեռնողականությունից»: Ընդհակառակը, փաստացի իրողությունն այն է, որ ՍԴ-ի դրական եզրակացությամբ թուրքական զույգ արձանագրությունները արդեն ուղարկված են ԱԺ և խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է դրանք առաջինը վավերացնել: Ավելին, անգամ խորհրդարանական ընդդիմությունը երբեմն խոսում է ոչ այնքան արձանագրությունները մերժելու, որքան ինչ-ինչ վերապահումներով դրանք վավերացնելու մասին: Փաստորեն, Հայաստանի քաղաքական ողջ վերնախավը ընդունել է իշխանությունների հորդորը և «հաշվի է նստում նոր իրողության» հետ:

Անկարան, նույնպես, հակառակ ցուցադրական դժգոհությանը, ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ գործընթացից, այլև շարունակում է այն տրամաբանական ավարտին հասցնելուն ուղղված իր բաժին քայլերը: Նա հաճույքով մասնակցում է Ցեղասպանության խնդրի նենգափոխմանը նվիրված անդրօվկիանոսյան և եվրոպական շոուներին, խաղում է իր բաժին` նեղացածի դերը, քանի որ գիտի, որ շարունակվող ճանաչումները ոչ միայն չեն սպառնում Թուրքիայի ներկայիս տարածքի ամբողջականությանը, այլև ազատում են իրեն Օսմանյան կայսրության մեղքերի համար պատասխանատվությունից և, ամենակարևորը, Արևմտյան Հայաստանը վերադարձնելու պարտավորությունից, ինչը նաև արձանագրությունների էությունն է: Մյուս կողմից, ճանաչումները օգնում են, որպեսզի Երևանը, առանց դեմքը կորցնելու, նույնպես ընդունի Արևմտյան Հայաստանի թրքապատկանությունը: Ավելին, տուժողի կեցվածք ընդունելով, Թուրքիան համարժեք միջազգային ճնշում է պահանջում Հայաստանի նկատմամբ` մասնավորապես Արցախում տարածքների հանձնումը արագացնելու հարցում:

Այնուամենայնիվ, Երևանն ու Անկարան, մնալով արձանագրային գործընթացի մեջ, կարծես թե որոշ փոփոխություններ են մտցրել դրա ժամանակացույցում: Պատճառներից գլխավորը թերևս այն է, որ ծրագրավորված սրընթաց հաշտությունը չհաջողվեց և Հայաստանում իշխող վարչախմբին ավելի երկար ժամանակ է հարկավոր խնդրի էությունը իմաստափոխված ներկայացնելու և ազգային դիմադրությունը բավարար չափով կոտրելու համար: Դրան են ծառայում, մասնավորապես, Թուրքիայի նկատմամբ գործադրվող արտաքին ճնշման մասին իշխանական քարոզչության անհիմն և մտացածին պնդումները, որոնց նպատակը տպավորություն ստեղծելն է, թե իրականում արձանագրությունները ձեռնտու չեն ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային, որ վերջինս իբր իր կամքին հակառակ է դրանք ստորագրել և հիմա, վավերացումը ուշացնելու պատճառով, նորից ենթարկվում է արտաքին ճնշման: Սրա քարոզիչները հույս ունեն, թե այսպիսով` ենթադրաբար Թուրքիայի շահերին հակասող արձանագրությունները ավելի ընդունելի կդառնան դրանք մերժող հայության համար: Իրականում, Թուրքիայի նկատմամբ ճնշում չի եղել և չկա: Նման ճնշում գործադրելը, եթե անգամ հնարավոր է, ապա տվյալ հարցում այն անիմաստ է, քանի որ արձանագրությունները միանշանակ բխում են Թուրքիայի շահերից: Ավելին, դրանք վտանգում են և Թուրքիայի ողորմածությանն են հանձնում Հայաստանն ու Հայ ազգի ապագան: Անկարան անպայման վավերացնելու է այս արձանագրությունները, երբ Երևանը պատրաստ կլինի գործնականացնել խոստացած զիջումները` մասնավորապես Արցախում:

Մադրիդյան սկզբունքները նույնպես օրակարգում են: Ադրբեջանը, որ նախապես կամ չէր հասկացել իր օգուտը կամ կասկածանքով էր վերաբերվում Երևանից բխող այս նախաձեռնությանը, այլևս դրա լիարժեք մասնակիցն է` հրավիրված ոչ միայն Անկարայի, այլև Երևանի կողմից: Նրա շահագրգիռ պատրաստակամությունը` Մադրիդյան սկզբունքների շուրջ Հայաստանի հետ շուտով համաձայնության հանգելու հարցում, լիովին տեղավորվում է հայ-թուրքական հաշտության ընդհանուր տրամաբանության մեջ: Միաժամանակ այն նույնպես հայկական կողմի դեմքը փրկելու, այսինքն Ղարաբաղյան պարտվողական կարգավորումը որպես հայ-թուրքականից անջատ մի գործընթաց ներկայացնելու որոշ հնարավորություն է թողնում Երևանի համար:

Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում խորհրդարանական որոշ ընդդիմադիրների վարքագիծը: Պարտվողական հաշտության գործընթացը ամբողջությամբ և խստորեն մերժելու, ինչպես նաև դրանք հայ ժողովրդի վզին փաթաթողների դեմ պայքարելու փոխարեն, նրանք շարունակում են համագործակցել վարչախմբի հետ` բավարարվելով այսպես կոչված «կառուցողական քննադատությամբ» և, ժամանակ առ ժամանակ ընդունելի համարելով արձանագրությունների վավերացումը, ինչ-ինչ` քաղաքական վերնախավի դեմքը փրկող վերապահումների պայմանով: Նրանք մեկ պահանջում են, որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի արձանագրությունները, մեկ էլ ողջունում են ճիշտ հակառակ որոշումը` այն մտահոգությամբ, որ «հանկարծ Թուրքիան դրանց ձախողման համար չմեղադրի Հայաստանին»: Մեկ համոզմունք են հայտնում հաշտեցման գործընթացի արդեն տապալված լինելու մասին, մեկ էլ որպես հայության հաղթանակ են ներկայացնում դրան նպաստող անդրօվկիանոսյան շոուները:

Այսպիսով, առաջիկա ամիսներին և տարիներին Հայաստանում իշխող վարչախումբը ոչ միայն չի կասեցնելու, այլև համոզված և հետևողական կերպով շարունակելու է առաջ մղել իր նախաձեռնած ձևով հայ-թուրքական, ներառյալ հայ-ադրբեջնական, «հաշտեցման» գործընթացները` դրանցում տեսնելով բազում ընթացիկ և հեռանկարային օգուտներ սեփական իշխանության համար: Բնական դիմադրությունը, որին վարչախումբն անխուսափելիորեն կհանդիպի յուրաքանչյուր քայլը կատարելիս և անգամ նման դիմադրության կանխատեսումը հաճախ կհարկադրեն նրան հետաձգել հերթական գործողությունները: Սակայն Հայաստանի և հայության ապագային սպառնացող այս ծրագիրը ամբողջությամբ տապալելը, դրանից մեկընդմիշտ հրաժարվելը հնարավոր չէ առանց իշխանափոխության:

Միաժամանակ, իշխանափոխությունն անիմաստ է, վստահ ենք, որ նաև անհնար է, եթե այլընտրանքը ազգային կարևորագույն խնդիրներում ունի նույնպիսի դիրքորոշում, որն և գործող վարչախումբը: Խնդիրը չի կարող լուծել նաև իրեն ազգային համարող այնպիսի ընդդիմությունը, որը չի համարձակվում ձեռնոց նետել հակազգային վարք դրսևորող իշխանությանը, նաև խուսափում է հստակ ձևակերպել իրական ազգային պահանջները այն դեպքերում, երբ թվում է, թե դրանք չեն տեղավորվում միջազգային հանրության թելադրած կաղապարներում:

Հայ ժողովուրդը բովանդակությամբ ազգային և քաղաքականապես կարող այլընտրանք ունենալու իրավունք ունի: Մենք ողջունում ենք բոլոր ազգային գործիչների և խմբերի ջանքերն այդպիսի այլընտրանք ձևավորելու ուղղությամբ:

Ողջունում ենք բոլոր ակումբներին, որոնցում ընթանում է գաղափարախոսական որոնումը և հատկապես նրանց, որոնք զբաղված են նաև ազգային գործիչների նոր սերնդի դաստիարակությամբ: Միաժամանակ ցանկանում ենք, որ այդ աշխատանքը միտված լինի ոչ միայն ապագային, այլև փորձություն բռնի ընթացիկ քաղաքական պայքարում:

Ողջունում ենք «Չորրորդ հանրապետության» կամ «զուգահեռ պետական համակարգ ձևավորելու» ազգային պետականաշինական նախագծերի գործուն մասնակիցներին: Միաժամանակ հաստատում ենք, որ ապագա ազգային պետության սաղմերը պետք է ձևավորվեն այսօր, սակայն ոչ թե գործող քաղաքական համակարգի լուսանցքում, այլ նրա ներսում, որպես հաղթական բևեռ:

Հույս ունենք, որ բոլոր այս ջանքերը ավելի մեծ չափով կհամադրվեն և ծնվող ազգային շարժումը կվերածվի ազդեցիկ և հաղթական քաղաքական կազմակերպության:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: