Հանրապետականը նվիրեցին Տիգրան Սարգսյանին

by

18.11.2009

Կարդալով տարատեսակ անհեթեթ մեկնաբանություններ Տիգրան Սարգսյանի հանրապետականացման մասին, չդիմացա, և որոշեցի ասել ճշմարտությունը:

Հակառակ տարածված կարծիքի, Տիգրան Սարգսյանին, իշխանական թիմում, ոչինչ չի սպառնում: Նա շարունակում է մնալ միակ մարդը, որի խորհուրդներին Սերժ Սարգսյանը հետևում է առանց առարկությունների: Ընդ որում այդ խորհուրդները վերաբերում են ոչ այնքան տնտեսությանը, որը վարչապետի իրավասությունն է համարվում, այլ արտաքին և ներքին քաղաքականության մյուս խնդիրներին, մասնավորապես, հայ-թուրքական կարգավորմանը վերաբերող հավակնոտ նախաձեռնություններին:

Ավելին, Տիգրան Սարգսյանի անդամագրումը ՀՀԿ-ին նշանակում է, որ նա շուտով դառնալու է այդ կուսակցության առաջնորդը, իր հայեցողությամբ ձևավորելու է և անձամբ գլխավորելու է այդ կուսակցության ցուցակը ԱԺ հերթական ընտրություններում:

Վստահ եմ, որ սա զուտ Տիգրանի ընտրությունն է եղել, որը նա կատարել է ունենալով սեփական քաղաքական թիմը ձևավորելու երկու այլընտրանքային հնարավորություն: Ըստ նախնական, բայց արդեն մերժված տարբերակի` իր թիմը նա պետք է ձևավորեր առանձին, Հանրապետականից և գործող կոալիցիայից դուրս:

Ոչ բոլորին է հայտնի, որ Սերժ Սարգսյանի ընկերների մի թևը, որին պատկանում են նաև Տիգրան Սարգսյանը և <Ֆլեշի> նախագահ Բարսեղ Բեգլարյանը, մի քանի տարի փորձում է ձևավորել իր կուսակցությունը կամ միանգամից մի քանի կուսակցություն: Ինչո՞ւ է ռամկավարների մնացորդի ղեկավար Հարութ Առաքելյանը այդքան <սիրում> վարչապետին: Որովհետև նա նույնպես մասնակցում էր այդ նախագծին, սակայն նրան դուրս շպրտեցին դրանից` հավանաբար Սամվել Բաբայանի հետ գործարքի մեջ մտնելու պատճառով, և հիմա պառակտեցին ՌԱԿ-ը: Մի խոսքով, այս փուլում արդեն կան ՀԺԱՄ-ը և ռամկավարներից պոկված արմենականները: ՀԺԱՄ-ը հիմա նոր նախագահ ունի, ով համատեղության կարգով նաև <Ֆլեշի> կողմից ֆինանսավորվող <Բարեպաշտ սերունդ> հիմնադրամի նախագահն է: Իսկ արմենականները նույն այդ հիմնադրամի հարկի տակ գրասենյակ են ստացել: Դրանցից բացի այս թիմում կան նույն <Ֆլեշի> կողմից ֆինանսավորվող մի քանի այլ մասնագիտացված ՀԿ-ներ:

Ըստ հեղինակների մտահղացման, այս ամենը նախ պետք է ծառայեր որպես Սերժի այլընտրանքային հենարար, իսկ նրանից հետո վերածվեր Տիգրան Սարգսյանի հիմնական հենարանի: Սա Տիգրան Սարգսյանի նոր թիմին կազատեր հանրապետականների անցյալի բեռից: 2012-ին Տիգրանը կարող էր սեփական կուսակցությունների դաշինքով մասնակցել ԱԺ ընտրություններին և Հանրապետականի հետ կոալիցիա կազմել: Իսկ արդեն 2017-ին այդ կուսակցությունները կարող էին մեծամասնություն կազմել և ապահովել 2018-ին Տիգրանի նախագահ դառնալը:

Սակայն կուսակցաշինական գործերը դանդաղ են ընթանում: Ուստի Տիգրան Սարգսյանը ընտրեց իշխանությունը ժառանգելու և իր ապագա թիմը ձևավորելու մյուս, պակաս ցանկալի, բայց արդեն պատրաստի տարբերակը: Իր խնդրանքով Սերժ Սարգսյանը նրան նվիրեց Հանրապետական կուսակցությունը:

Սա ՀՀԿ-ի կենսագրությունում նոր երևույթ է: Նախկինում հանրապետականները իրենք էին ծախվում հերթական իշխանապետին: Նախ ծախվեցին ԼՏՊ-ին` երկու անգամ, հետո Վանոյին` անհաջող, ապա Վազգենին` վերջինիս համար անհաջող, Քոչարյանին` ազատելով նրան Հոկտեմբեր 27-ից, վերջապես Սերժին` կանխորոշելով Քոչարյանի հետ նրա առճակատման ելքը: Այս անգամ Սերժը նրանց կարծիքը չհարցրեց, այլ պարզապես նվիրեց իր հավատարիմ օգնականին, ժամանակակից աշխարհի տենդենցներին քաջատեղյակ խորհրդատուին և քաղաքական ժառանգորդին: Շուտով պետք է սպասել, որ Տիգրան Սարգսյանի արհեստավարժները նույնպես կվերածվեն կարկառուն նժդեհականների, իսկ նախկին նշդեհականներից ոմանք կարող է ատեստավորում չանցնեն:

Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք վարչապետը լրիվ է հրաժարվել իր նախնական պլանից, թե փորձելու է համարդել դրանք` ինքը լինելով հանրապետական, ունենալ նաև այլընտրանքային կուսակցություններ: Պարզ չէ նաև, թե արդյո՞ք կիրականան Տիգրան Սարգսյանի հարափոփոխ, բայց միշտ իշխանատենչ և ապազգային պլանները: Գաղտնիք չէ, որ փորձված աղվեսները երկու ոտքով են թակարդն ընկնում: Բայց մի բան պարզ է, որ Սերժի իշխանության դեմ պայքարողները արդեն շատ են ուշացել: Համակարգը փոխելու համար պետք է պայքարել այդ համակարգի ապագայի դեմ: Իսկ այդ ապագան այսօր ներկայանում է Տիգրան Սարգսյանով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: