Որ ասում է, ուրեմն մի բան գիտի: Բայց ի՞նչ…

by

03.06.2010

«7 օր»-ի փոխանցմամբ, ըստ Լևոն Զուրաբյանի՝ 1998թ. ծագումով ղարաբաղցի բարձրագույն պաշտոնյաները միջազգային հանրության հետ գործարքի մեջ են մտել։ «Գործարքի իմաստն այն էր, որ Հայաստանում իշխանության է գալիս ծագումով ղարաբաղցի մի մարդ, որը պետք է բանակցություններ վարեր՝ ներկայացնելով ոչ միայն  Հայաստանը, այլ նաև Լեռնային Ղարաբաղը։ Դա ստեղծում էր շատ հարմար իրավիճակ միջազգային հանրության համար, և դա էլ եղավ»։ Պատասխանելով այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է արդյոք, որ 1998թ. իշխանափոխությունը միջազգային ծրագիր էր՝ ՀԱԿ համակարգողն ասել է, թե վստահ է, որ իշխանափոխությունն այդպիսի տարր պարունակում էր։

Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող էին «ծագումով ղարաբաղցի բարձրագույն պաշտոնյաները», 1998-ին, այսինքն նախքան իրենց ՀՀ բարձրագույն պաշտոնյա դառնալը, գործարքի մեջ մտնել «միջազգային հանրության» հետ: Արդյո՞ք այն ժամանակ նրանք ունեին այդ կշիռը և բավարար վարկ միջազգային գործընկեր դառնալու համար: Եթե անգամ եղել է նման մի գործարք, ապա դրա գլխավոր մասնակիցը գուցե պետք է լիներ Վազգեն Սարգսյանը, որը ոչ միայն պալատական հեղաշրջման ղեկավարն էր, այլև թիվ մեկ անձը դրանից հետո: Սակայն դա էլ բավարար չէր լինի: Նման գործարքը անհնար կլիներ, եթե դրան չմասնակցեր ինքը` առաջին նախագահը, եթե նախապես նա Ռոբերտ Քոչարյանին Երևան չբերեր և Սերժ Սարգսյանին սուպերնախարար չդարձներ, դրանից հետո «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» չգրեր, որպեսզի հետո, այդ առիթով հրաժարական տար: Բոլոր այս քայլերը անհրաժեշտ էին, որպեսզի «ծագումով ղարաբաղցիները» դառնային «բարձրագույն պաշտոնյաներ» և գործարքը կայանար: Հետևաբար ԼՏՊ-ի մասնակցությունը նման գործարքին ոչ միայն անհրաժեշտ, այլև բավարար պայման էր: Նրա մասնակցելու դեպքում ոչ միայն «ղարաբաղցիների», այլև Վազգենի մասնակցությունը այդ գործարքին արդեն ավելորդ կդառնար: Նրանք նույնիսկ կարող էին տեղեկացված չլինել դրա էությանը:

Եթե «միջազգային հանրության» հետ կնքված գաղտնի գործարք իրոք եղել է, ապա դրա մասին Լևոն Զուրաբյանը կարող էր տեղեկանալ միայն գործարքի բուն իրականացնողից: Այլ կերպ ասած, եթե Զուրաբյանը պնդում է, որ 1998թ հեղաշրջումը պարունակում էր «միջազգային ծրագրի» տարր, և եթե նա իրոք ինչ-որ բան գիտի, ուրեմն այդ տարրը Տեր-Պետրոսյանն է, որովհետև իրականում հենց նա էր սեփական հրաժարականի սցենարի իսկական հեղինակը: Այլապես ինչպես բացատրել, թե ինչո՞ւ ԼՂՀ անկախության և բանակցություններին ինքնուրույն մասնակցելու ջատագով նախկին նախագահը հարևան «անկախ հանրապետության» նախագահին հանկարծ վարչապետ է նշանակում Երևանում: Սա էլ ընդունում է, որովհետև «ղարաբաղցի բարձրաստիճանները» այդ օրերին դեռ Լևոնի ձեռքի խաղալիքներն էին, որոնք, ըստ սցենարի, Վազգենի և ապագա «պատերազմի կուսակցության» մյուս ներկայացուցիչների հետ միասին, պետք է երկրի ղեկին նստեին և շատ արագ բացահայտեին իրենց ապաշնորհությունը պետության կառավարման հարցերում, հանձնեին Արցախը, որից հետո 1996թ «Լևոն, հեռացիր» վանկարկող ժողովուրդը պետք է խնդրեր վերադառնալ Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին:

Իրականում, որևէ պետություն, որն ընկալվում է որպես «միջազգային հանրության» կամարտահայտիչ, նման կասկածելի, առավել ևս իր համար անիմաստ գործարքներ չի կնքում: Տեր-Պետրոսյանը միշտ էլ աչքի է ընկել «միջազգային հանրության», միջազգային իրավունքի և միջազգային ամեն ինչի նկատմամբ տածած անհիմն, ցռանվերգոյական սարսափով: Հենց այդ սարսափի պատճառով նա ամեն ինչ արեց, որպեսզի ինքն անձամբ որևէ պատասխանատվություն չկրի Արցախյան պատերազմի արդյունքների համար: Դրանով էին պայմանավորված նրա փախուստները երկրից բոլոր խոշոր հարձակումների օրերին: «Տեսեք, միջազգային հանրություն, Ադրբեջանի տարածքը ես չեմ գրավում, այլ անվերահսկելի, ղարաբաղցի դաշտային հրամանատարները»: Նույն այդ սարսափն էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանի աշխատակազմում հանկարծ հիշեցին «Կարմիր Քուրդիստանի» մասին, որպեսզի արդարացնեն Քաշաթաղի ազատագրումը: Սակայն լևոնական սարսափի գլխավոր գլուխգործոցը ԼՂՀ-ի ստեղծումն էր: ԽՍՀՄ օրենքի տառի հիման վրա անկախանալու մասին հեքիաթը հորինվեց հենց այդ մարդու սարսափը սպասարկելու համար: Արդյունքում, Տեր-Պետրոսյանի քմահաճույքով Արցախը անկախացավ ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից, որի կազմում էր գտնվում արդեն երկու տարի և որի խորհրդարանում, դեռ ԽՍՀՄ ժամանակներից, 12 պատգամավոր ուներ: ՀՀ արցախցի քաղաքացիները մինչ օրս զրկված են ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքներից: Դրանով հիմք դրվեց նաև հայաստանցի-ղարաբաղցի խայտառակ պառակտմանը:

Արցախը Հայաստանի մարզ է և շատ բնական է, որ Հայաստանի ղեկավարն է բանակցում Ղարաբաղյան կարգավորման շուրջ, որովհետև դա իրականում հայ-ադրբեջանական և նույնիսկ հայ-թուրքական դարավոր հակամարտության մի դրվագ է: Այլ հարց է, որ Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարները խուսափել են ներկայացնել հայ ժողովրդի իրական դիրքորոշումը: Ուսուցչի սարսափը փոխանցվել է նրա «ծագումով ղարաբաղցի» հհշ-ական աշակերտներին` Ռոբերտին ու Սերժին: Այդ սարսափի պատճառով առ այսօր չեն բնակեցվում ազատագրված տարածքները: Նույն սարսափի պատճառով պարբերաբար ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայոց պետությունը շարունակում է արդարանալ Հայոց հայրենիքը ազատագրելու համար: Տեր-Պետրոսյանի, Լիպարիտյանի, Դավիթ Շահնազարյանի, Քոչարյանի, Օսկանյանի, Սերժի, Նալբանդյանի և սրանց նմանների թեթև ձեռքով մեր ազատամարտիկները և մենք բոլորս միջազգային հանրության աչքերում դարձել ենք զավթիչներ: Իսկ եթե հանկարծ խոսք բացենք Գանձակի կամ Նախիջևանի մասին, ապա կդառնանք իսկական կրկնահանցագործներ:

Միջազգային ճգնաժամային խմբում պաշտոնավարած Զուրաբյանը, որը ժամանակին Ղուկասյանին կոչում էր «Ղարաբաղի հայկական համայնքի առաջնորդ», իր շեֆի հետ միասին, շատ լավ հասկանում է իրենց արածի իրական նշանակությունը: Սակայն, Հայաստանի անկախության շրջանի բոլոր մյուս հանցագործությունների նման, այս մեկը նույնպես փորձում է բարդել սանիկների վրա, որպեսզի քավորին ազատի պատասխանատվությունից: 

Մեկնաբանություն

Արդեսվիտ: Խոստովանեմ՝ դուրս գալիս է, որ միշտ զգոն ես մնում ու անմիջապես դիմակազերծում ես ամեն մի նոր լեվոնական առասպել:
Հարց՝ քո կարծիքով ինչո՞ւ է Զուրաբյանը նման հայտարարություններ անում այս պահին: Հնարավո՞ր է, որ հիմք է պատրաստում միջազգային տարրերի նոր ակտիվ գործողությունների համար:

ԱԱ: Չեմ կարծում, թե միջազգային նոր ակտիվացման հետ սա կապ ունենա: Ավելի շատ ներքաղաքական, նախընտրական նախաակտիվացման համատեքստում է: Պարզապես սրանք ուզում են բոլորին համոզել, թե միջազգային հանրությունը շուտով լուծում է պարտադրելու ու դրանից հետո հաստատ իշխանափոխություն է լինելու: Սա կարծես իրենց ակտիվ համակիրների վերջին հույսն է դարձել:

Արտեսվիտ: Դատարկ հույս է իմ կարծիքով: Նույնիսկ եթե միջազգային ուժերը լուծում պարտադրեն, իշխանությունը այլևս չեն տա սրանց: Նոր մարդկանց կտան: Համաճա՞յն ես:

ԱԱ: Իհարկե դատարկ հույս է, բայց տաքացվում է, որովհետև «շարժումը» առանց հույսի մեռնում է:
Արտաքին ուժերի համար Հայաստանի ներքին քաղաքականությունը ընդհանրապես հետաքրքիր չէ: Լևոնենք էլ նկատի չունեն, որ դրսից իշխանություն կպարտադրվի: Նրանք պնդում են, որ երբ Սերժը տարածք հանձնի, ապա ժողովրդական ընդվզումն ու նրա իշխանազրկումը անխուսափելի կլինեն: Իսկ դրանից հետո իրենց հնարավորությունները ենթադրաբար ամենամեծն են: Բայց դա էլ է դատարկ հույս ու Լևոնը դա գիտի, բայց նրան պետք է մի բանով խաբել իր հետևորդներին, որ չցրվեն:

ֆրիտոմ: Այս հարցը շատ էական է, այս անհեթեթ վիճակը գնալով խորանում է, հիմա էլ նոր «փրկություն» են գտել, թե Արցախը բանակցի առանց Հայաստանի… մի գեղեցիկ օր էլ որ հանկարծ Ադրբեջանը համաձայնվեց լրիվ էշացած վիռակում է հայտնվելու Հայաստանը մաբողջ հայությունը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: