Փորձագիտական հայտարարություն

by

13.06.2009

Արցախյան կարգավորմանը վերաբերող Մոսկովյան հռչակագրի կուսակցական գնահատականներն ու փորձագիտական մեկնաբանությունները չափազանց խայտաբղետ են և փոխհակասական: Դրանցից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ մինչև վերջ բացատրել իրողությունը և սպառիչ պատասխանել առկա հարցադրումներին:

Գլխավոր պատճառն այն է, որ ներկա գործընթացը նախաձեռնողների շարքում քաղաքական գործիչներն ու փորձագետները չեն դիտարկում գլխավոր դերակատարին` անձամբ Սերժ Սարգսյանին: Լավագույն դեպքում նա ներկայացվում է որպես պատասխանող կողմ` ռուսական կամ ամերիկա-արևմտյան նախաձեռնություններին ու ճնշումներին: Այժմյա ընդդիմադիրների կարծիքով, լեգիտիմության պակասի պատճառով նա շատ խոցելի է և չի կարողանում դիմադրել միջազգային հանրությանը: Իշխանամետ շրջանակների պնդմամբ, ընդհակառակը, առայժմ նրան հաջողվում է գործընթացը պահել հայանպաստ սկզբունքների շրջանակներում:

Իրականում, ոչ Հայաստանի և ոչ էլ անձամբ Սերժ Սարգսյանի վրա ոչ մի անհաղթահարելի ճնշում չկա և երբեք էլ չի գործադրվել: Մինսկի խմբի առաջարկություններում միշտ հաշվի են առնվել բանակցող կողմերի, այդ թվում Հայաստանի ղեկավարների, բոլոր պահանջները, իսկ մնացած հարցերում` զիջելու պատրաստակամությունը: Մադրիդյան սկզբունքների դեպքում մոտեցումը նույնն է: Սերժ Սարգսյանից չի պահանջվում ոչ մի հավելյալ բան, բացի այն զիջումներից, որոնց գնալու պատրաստակամության մասին նա բազմիցս հայտարարել է սկսած 2001թ-ից:

Լեգիտիմության պակաս Սերժ Սարսյանը նույնպես չի զգում: Ճիշտ է, նա նախագահ է դարձել խայտառակ ընտրակեղծիքներով և իշխանությունը պահպանելու համար հարկադրվել է բռնի ուժ կիրառել, սակայն այսօր թե՛ Մոսկվան ու Վաշինգտոնը, մյուս կառավարություններն ու միջազգային կառույցները, թե՛ ներքին ընդդիմությունը, այդ թվում տեր-պետրոսյանական ավարտվող շարժումը փաստացիորեն նրան են նախագահ համարում: Բովանդակազուրկ են նաև այն ենթադրությունները, թե ինչ-ինչ արտաքին կամ ներքին ուժեր կարող են կամ նույնիսկ սպառնում են գահընկեց անել Սերժ Սարգսյանին:

Այսպիսով, Սերժ Սարգսյանն առաջնային և նախաձեռնող դերակատարություն ունի արդեն տեղի ունեցած և դեռևս սպասվող իրադարձություններում: Նա, առանց որևէ պարտադրանքի, գիտակցաբար և միանգամայն ազատ կամքով իրապես կամենում է «լուծել» արցախյան հակամարտությունը իր պատկերացրած «փոխզիջումային» սկզբունքով և բացել հայ-թուրքական սահմանը: Սերժ Սարգսյանը համոզված է, որ դա բխում է ոչ միայն անձամբ իր, այլև Հայաստանի շահերից:

Փաստորեն, Սերժ Սարգսյանի գործողությունները բոլորովին էլ պայմանավորված չեն Ռուսաստանի կամ ԱՄՆ ճնշմամբ, այլ արցախյան հակամարտությունը ներկա փուլում լուծելու իր իսկ ընդունած որոշմամբ: Մոսկվան, տեսնելով Հայաստանի ղեկավարի նման նախաձեռնողականությունը, որոշեց օգտագործել այն`Հարավային Կովկասում իր դիրքերը ամրապնդելու համար, մինչդեռ Միացյալ Նահանգները փորձեցին խոչընդոտել ռուսական նախաձեռնություններին: Նրանց հաջողվեց գործընթացը պահել իրեն, ըստ էության, սպառած Մինսկի խմբի շրջանակներում, որովհետև այդպես կամեցավ Սերժ Սարգսյանը: Սակայն վերջինս նախապատվությունը տալիս է նվազ հավակնոտ միջազգային գործընկերներին` մասնավորապես եվրոպական կառույցներին: Սերժ Սարգսյանը նաև փորձում է նվազեցնել միջնորդների դերը` ուղղակի կապեր ստեղծելով, օրինակ, Թուրքիայի հետ:

Սերժ Սարգսյանի նախաձեռնողական ակտիվությունն ունի որոշ գաղափարախոսական հիմնավորում: Լևոն տեր-Պետրոսյանի օրոք և վերջինիս գաղափարական հզոր ազդեցության ներքո ձևավորվելով որպես քաղաքական գործիչ` նա իրապես համոզված է, որ Հայաստանը չի կարող զարգանալ թշնամի պետությունների հարևանությամբ` շրջափակման պայմաններում: Ուստի պետք է ամբողջովին հրաժարվել պահանջատիրական կեցվածքից, ինչ-որ կերպ հաշտվել նրանց հետ, որպեսզի բացվեն առևտրահաղորդակցային ուղիները և Հայաստանն ունենա զարգացման հեռանկար: Այս հարցում Սերժ Սարգսյանի մոտեցումները միանգամայն համընկնում են Հայ ազգային կոնգրեսում խմբված կուսակցությունների տեսակետներին:

Ավելին, Սերժ Սարգսյանի շրջապատում ծնվել են նոր «հանճարեղ» գաղափարներ, մասնավորապես, որ շուտով, «պոստինդուստրիալ» դարաշրջանում, պետությունների տարածքի ազգային-քաղաքական նշանակությունն ընդհանրապես կորելու է և մնալու է միայն այս կամ այն տարածքում մարդկանց ներդաշնակ համակեցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Գաղափարախոսական այս հայեցակարգի համաձայն մարդիկ բնակության վայրն ընտրելու են մշակութաբանական չափանիշներով, ուստի «պոստինդուստրիալ» հասարակարգի տրամաբանությունը երկխոսության և համագործակցության լուրջ հիմք է ստեղծելու եվրոպական մշակույթի ու արժեհամակարգի հետ նույնականանալ ձգտող հայերի, թուրքերի և ադրբեջանցիների համար ու նրանք «ինդուստրիալ» դարաշրջանում են թողնելու իրենց հակամարտությունները: Հայերը իրենց վիրտուալ հայկական աշխարհն են կառուցելու և այդպիսով իրացնելու են իրենց մրցակցային առավելությունները` երկրորդական համարելով, թե ում է պատկանում իրական Հայոց հայրենիքը:

Նման «հզոր» գաղափարախոսությամբ զինված և «պոստինդուստրիալ հասարակարգի» մոտալուտ գալստյանն ապավինած Սերժ Սարգսյանը, դեռ նախընտրական շրջանում հայտարարում էր բանակցային գործընթացը նույն տեղից շարունակելու և հաջողությամբ «պսակելու» իր պատրաստակամության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններն անպայմանորեն բարելավելու մտադրության մասին: Այսօր, արդեն գործնական քայլերով, նա պատրաստվում է 2009 թվականի ընթացքում կարգավորել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները, որպեսզի հետագա տարիներին Հայաստանը նորից երկնիշ տնտեսական աճ արձանագրի, ու մի գուցե դրանից հետո ժողովուրդը կգիտակցի, թե ինչ սխալ է արել 2008-ին` կամավոր կերպով չընտրելով Սերժ Սարգսյանին:

Տեր-Պետրոսյանը տեսնելով, որ Սերժ Սարգսյանը միանգամայն կամավոր կերպով պատրաստվում է տարածքներ հանձնել Ադրբեջանին և բարեկամանալ Թուրքիայի հետ, իր կողմից արեց ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս շուտ: Դա հիանալի առիթ կլիներ` ազատվելու «թուրքամետ» և «Արցախը ծախող» գործչի պիտակներից, որ ինքը վաստակել էր իր նախագահության տարիներին: Ավելին, կպարզվեր, որ 1998 թ. հեղաշրջումը զուրկ էր գաղափարական պատճառներից, և այն, ինչ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր այն ժամանակ, նրա ընդդիմախոսների ճամբարի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանն անում է այսօր: Առաջին նախագահի կարծիքով, հավանաբար, սա իր լիակատար արդարացումը կլիներ պատմության դատարանի առաջ:

Այսպիսով, արցախյան կարգավորման առումով, Սերժ Սարգսյանը նախատեսում է նախ Ադրեբջանի նախագահի հետ ստորագրել նախնական պայմանագիր հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, որտեղ նշված կլինեն ինչպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնպես էլ ԼՂԻՄ բնակչության ինքնորոշման իրավունքը: Դրանից հետո և նախքան հաշտության պայմանագրի ստորագրումը, նա փորձելու է հայ ժողովրդին համոզել, որ այդ սկզբունքներով հարցի լուծումը հայ ժողովրդի հաղթանակն է: Զուգահեռաբար, նախաձեռնող նախագահը շարունակելու է շփումներն իր թուրք գործընկերների հետ, որպեսզի նրանք համոզեն Ադրբեջանին մի քիչ նահանջել իր արմատական դիրքերից, չմերժել պայմանագրի առաջարկվող տարբերակը, առավել ևս որ նրանք մի քանի հազար քառ.կմ տարածք են նվեր ստանալու: Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է կարգավորի նաև Թուրքիայի հետ հարաբերությունները` նրա ներկայիս սահմանները ճանաչելու դիմաց խնդրելով ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը: Դրանից հետո Թուրքիայի համար սարսափելի չի լինի նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը:

Սերժ Սարգսյանի վերոհիշյալ քաղաքականությունը հայ ժողովրդի համար կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ: Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը կվերացնի Հայաստանի արևելքում ոչ միայն պատմական, այլև բնական և անվտանգ սահմանները վերականգնելու հեռանկարը: Արևմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գերիշխանության ճանաչումն էլ մեզ կզրկի Հայ ժողովրդի ավանդական կենսատարածքը վերակագնելու հույս-հեռանկարից: Այս պայմաններում Հայաստանի ներկայիս տարածքի առևտրատնտեսական և հաղորդակցային ներառումը թուրքական միջավայրի մեջ կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել Հայոց պետականության վախճանին:

Հայաստանի լուսանցքային դարձած «ժողովրդավարակերպ» ընդդիմությունը, Սերժ Սարգսյանին այս հարցում միանգամայն համակարծիք լինելով, բոլորովին էլ չի ցանկանում և ոչ էլ կարող է կանխել գործընթացը: Իրական «ազգային» ընդդիմությունը, որը գաղափարական առումով խիստ և նույնչափ հակադրված է թե՛ իշխանությանը, թե «ժողովրդավարական» ընդդիմությանը, առայժմ քաղաքական առումով կազմակերպված չէ և ստիպված է դա անել շատ արագ և անչափ դժվար պայմաններում: Ազգային ընդդիմության ջանքերով Սերժ Սարգսյանի պետականակործան ծրագրի տապալումը պետք է նպաստի Հայաստանի քաղաքական դաշտի զտմանը և գաղափարական փոխակերպմանը` երկրի համար կենսական ու առանցքային սկզբունքների շուրջ և, ի վերջո` հանգեցնի պարտադիր և իրական իշխանափոխությանը: 

Արմեն Աղայան, Ալեքսանդր Քանանյան, Վաչագան Վահրադյան

17 նոյեմբերի 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: