Օսկանյանի իրական պրագմատիզմը

by

23.10.2009

Հայ-թուրքական վերջին զարգացումները քննադատվում են ամենատարբեր ճամբարներից և դիրքերից, որոնք խեղաթյուրում են հարցի բուն էությունը: Դրանցից մեկի աչքի ընկնող ներկայացուցիչն է 10 տարի ԱԳՆ-ն ղեկավարած Օսկանյան Վարդանը: Դա նա էր, որ սկսեց հայ-թուրքական բանակցությունները Ժնևում, որոնք այսօր ավարտվեցին այս խայտառակ արձանագրությունների ստորագրմամբ: ՀՀ առաջին պաշտոնյան, որն արտահայտվեց <օկուպացված> տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին` նույնպես նա էր: Ուրեմն ինչն է այսքանից հետո մտահոգում նախկին արտգործնախարարին: Չէ որ, կարծես ամեն բան ընթանում է նաև իր մասնակցությամբ նախագծված ուղով: Իր խոսքերով` երեք բան:

Նախ այն, որ այս արձանագրությունները բացահայտել են կապը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների միջև և հիմա կխոչընդոտեն Ղարաբաղյան կարգավորման բնական ընթացքը: Ի՞նչ նկատի ունի: Դե իհարկե, նրա համար բնական ընթացքը տարածքների հանձնումն է: Իսկ կխախտվի այն, քանի որ, եթե առաջ տարածքները պետք է հանձնվեին կարգավիճակի դիմաց, հիմա, նրա կարծիքով, հանձնվելու են Թուրքիայի ճնշման ներքո` սահմանը բացելու դիմաց:

Երկրորդը` Օսկանյանին մտահոգում է, որ արձանագրություններում չի շրջանցվել մեզ և թուրքերին բաժանող պատմական վերքը և փոփոխության է ենթարկվել Ցեղասպանության խնդրի շուրջ բանավեճի բնույթը: Առանձին վերցրած այս մտահոգությունը մեծ վերապահումով հասկանալի կլիներ, եթե չլիներ այն հպարտ հիշատակումը, որ Հայաստանի ոչ մի վարչակազմ Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել:

Այս վերջինն էլ հենց Օսկանյանի երրորդ մտահոգությունն է: Նրա կարծիքով արձանագրությունները անզգուշորեն ու կոպտորեն են դիպչում սահմանների և հողային պահանջների խնդրին: Ընդամենը` անզգուշորեն: Իր միտումնավոր խճճված բացատրություններում Օսկանյանը կեղտոտ խաղ է խաղում կարևոր հասկացությունների հետ և Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայության իրավունքը փոխարինում է օսմանահպատակ հայերից խլված ունեցվածքի փոխհատուցման հարցով: Օրինակ ասում է, որ ինքն առայժմ չի պահանջում իր նախնիների տունը Մարաշում: Նկատենք` ոչ թե Մարաշը, այլ միայն այնտեղի տունը: Մեկ այլ տեղում նշում է, որ հողային պահանջը 100 տարի առաջ Թուրքիայում հայկական սեփականության հետ կապված պարզունակ զգացական խնդիր չէ, քանի որ հողային խնդիրը նաև ղարաբաղյան հակամարտության կարևորագույն բաղկացուցիչ է: Սրանով էլ, փաստորեն, հավասարության նշան է դնում 1915-20թթ հայության հայրենազրկման և Արցախյան ազատագրական պատերազմի միջև և ակնարկում, որ մեր Աղդամը հանձնելու դիմաց, և Ցեղասպանությունից չհրաժարվելու դեպքում, կարող ենք մի օր նյութական փոխհատուցում պահանջել Թուրքիայից:

Դիվանագիտական մտքի այս գոհարները շարելուց հետո պարոն  Օսկանյանը արդարանում է, որ ինքը ազգայնական չէ, ոչ էլ ծայրահեղական, և շատ էլ կողմ է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելուն, և միայն գանգատվում է, որ իր պես կառուցողական քննադատողներին նույն պիտակներն են փակցնում:

Շտապենք հանգստացնել նրան, քանի որ իրականում <օկուպանտի> հեղինակին ազգայնական լինելու մեջ ոչ ոք չի կասկածում: Իսկ իշխող վարչախումբը իր նմաններին ուրիշ անուն է տվել` նախանձողներ: Այս պատվավոր պիտակով նա հայտնվել է հայ-թուրքական բարեկամության մյուս ջատագովների` Տեր-Պետրոսյանի և նրա ընկերների կողքին, որոնք նույնպես նախանձում են, որ իրենց չհաջողվեց այն, ինչը ենթադրաբար հաջողվելու է գործող <ֆուտբոլասերներին>:

Խոշոր հաշվով <ֆուտբոլասերները> և նրանց նախանձողները քիչ բանով են տարբերվում միմյանցից: Երկուսն էլ, Օսկանյանի խոսքերով ասած, չեն խուսափում նոր հարաբերություններ կերտելու բարդ գործընթացի քաղաքական, հոգեբանական և գործնական դժվարություններից, երկուսն էլ թուրքերի հետ փնտրում են 21-րդ դարին հարիր, անկեղծ և հարգալից, հեռանկարային հարաբերություններ: Միակ տարբերությունն այն է, որ Օսկանյանին թվում է, թե արձանագրությունները վատ են ձևակերպված, լի են հակասություններով և վատ սպասելիքներով, իսկ նրա հաջորդին, հակառակը, թե այս արձանագրությունները հենց այդպիսի հեռանկար են բացում:

Ուստի թուրք-սերժական սերտացումը իրապես դատապարտողները պետք է զգույշ լինեն և հստակորեն սահմանազատվեն հին ու նոր նախկինների կեղծ քննադատություններից: Գոյություն ունի հիշյալ արձանագրությունները մերժելու միայն մեկ հիմնական պատճառ` դրանցով փորձ է արվում օրինականացնել Արևմտյան Հայաստանի զավթումը և հայաթափումը Թուրքիայի կողմից: Անգամ եթե այս գործընթացը ոչ մի կապ չունենար Արցախում տարածքներ հանձնելու մյուս ոտնձգության հետ, միևնույն է այն հայրենիքի ուրացում է և դավաճանություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: