“Իշխանափոխության Գործիքը” Մաշվեց Եվ Նորոգման Ենթակա Չէ

by

13.06.2009

Որևէ կասկած չկա, որ իշխող վարչախումբը հերթական անգամ կեղծեց ընտրությունը: Այս անգամ նա կարծես թե չբավարարվեց վարչական ռեսուրսով, տարատեսակ ընտրակաշառքներով, կաշառված ընտրողներին տեղամասեր բերման ենթարկելով և <կարուսելներ> կազմակերպելով: Ըստ երևույթի քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում տեղի ունեցան ավելի լուրջ հանցագործություններ նույնպես: Ամեն դեպքում Գագիկ Բեգլարյանին և ՀՀԿ-ին վերագրված 47 տոկոսը իրողության հետ որևէ կապ չունեցող անհեթեթություն է: Այդպիսի թվի հրապարակումը նշանակում էր մեկ բան: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում հանձնել իշխանությունը, չի պատրաստվում այն կիսել որևէ մեկի հետ, չի հանդուրժի որևէ առնետավազք իր նավից, ու այդ ամենին հասնելու համար միջոցների միջև խտրականություն չի դնելու:

Որքան էլ մեծ լինեին ընտրակեղծիքները, դրանք սպասելի և կանխատեսելի էին: Սերժ Սարգսյանը չէր կարող թույլ տալ, որպեսզի իր գլխավորած կուսակցության թեկնածուից բացի որևէ մեկը քաղաքապետ դառնար: Փոխարենը ավելի մեծ ուշադրության է արժանի ընտրությունների մեկ ուրիշ, շատ ավելի կարևոր արդյունք: Այն է. առաջին նախագահի պարտությունը, ավելի ճշգրիտ, անսպասելիորեն մեծ թվով ձայների կորուստը: Քաղաքապետի թեկնածու Տեր-Պետրոսյանը ավելի քան հարյուր հազղարով կամ շուրջ 60 տոկոսով պակաս քվե ստացավ նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանից: Ընդ որում պակասած ձայների միայն մի փոքր մասը գողացվեց: Իսկ մնացած ընտրողները ոչ միայն մնացին տանը նստած, նրանց կեսից ավելին նույնիսկ քվեարկեցին ասֆալտապատողների օգտին: Ինչո՞ւ:

Շատերը զարմացան, երբ Կոնգրեսի առաջնորդ նախկին նախագահը հայտարարեց քաղաքային ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին: Ոմանք հիացան նրա հերթական ձիու քայլով և ոգևորվեցին, ոմանք տարակուսեցին, թե ինչու նա իջավ նախագահական բարձունքից: Եղան նաև վախեցողներ: Պատճառներ կային: Նախագահական ընտրությունների ժամանակ Երևանում նա ստացել էր գրեթե այնքան քվե, որքան այս ընտրություններում արձանագրվեց իշխանական կուսակցության օգտին: Այն ժամանակ էլ էին ընտրությունները կեղծվել, բայց շուրջ 180 հազար մարդ այնուամենայնիվ քվեարկել էր ընդդիմության առաջնորդի օգտին: Բացի այդ Տեր-Պետրոսյանը վարպետորեն խաղից հանեց Րաֆֆի Հովհաննիսյանին և մնաց միակ ընդդիմադիր ուժը: Իսկ իշխանական թևը ներկայանում էր միմյանց հետ մրցակցող, նույնիսկ հակամարտող կուսակցություններով: Ավելին, միայն Երևանում քվեատուփերը հսկելը շատ ավելի հեշտ էր, քան ողջ երկրում, իսկ Կոնգրեսը արդեն որոշ չափով կազմակերպված կառույց ուներ: Մի խոսքով, հաղթելու բոլոր նախադրյալներն առկա էին:

Սակայն հաղթանակի օգտին խոսող այդ նախադրյալների կողքին կար մեկ ծանրակշիռ պատճառ, որը կանխորոշեց պարտությունը: Ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մեծ մասի կողմից առաջին նախագահը այլևս չէր ընկալվում որպես արագ իշխանափոխության հասնելու գործիք: Եվ նրանք իրավացի էին: Մարդիկ հոգնել էին Տեր-Պետրոսյանի պատմագիտական վերլուծություններից, նրանից հեղափոխություն էին ակնկալում, սակայն ստացան <սահմանադրական պայքար>: Մարտի 1-ին ընդդիմության առաջամարտիկները բարիկադներ կառուցեցին, անձնազոհաբար կռվեցին և կարող էին հաղթել, սակայն այդպես էլ մնացին առանց առաջնորդ: Ոչ ոք չէր կասկածում, որ քաղաքային ընտրությունները նույնպես կեղծվելու էին, որից հետո սահմանադրական պայքարը շարունակելը անիմաստ էր լինելու: Հասկանալի էր նաև, որ եթե անգամ, եթե Տեր-Պետրոսյանը դառնար քաղաքապետ, նա անմիջապես չէր զարգացնելու հաջողությունը, այլ կաբելային հեռուստատեսություն էր ստեղծելու:

Տեր-Պետրոսյանը առաջին գործիչը չէ, որ փորձեց օգտագործել ժողովրդի ատելությունը իշխանությունների հանդեպ: Սակայն, եթե մյուսները դա անում էին իշխանության հասնելու կամ առնվազն խորհրդարանում ներկայացված լինելու համար, ապա <հիմնադիր> նախագահը շատ լավ հասկանում էր, որ ինքը նորից նախագահ չի դառնալու, պատգամավոր դառնալ էլ չէր երազում: Շարժումը նա օգտագործեց պատմության առջև ինքնամաքրվելու, Արցախը ծախողի, թուրքամետ և արևմտամետ գործչի պիտակներից ձերբազատվելու, իր կառավարման տարիների սխալների ու հանցանքների համար արդարանալու, նախկին ընդդիմախոսների հետ ունեցած հին վեճերը իր օգտին լուծելու և ժողովրդի հիշողության մեջ որպես ժողովրդավարության առաջամարտիկ և ծանրակշիռ քաղաքական գործիչ մնալու համար: Որպեսզի այս ամենը կարողանար անել, առաջին նախագահին մեծ և ուշադիր լսարան էր պետք իր երկար վերլուծական ճառերի համար: Իսկ 20 հազար մարդու, Լևոնին լսելու ակնկալիքով, հրապարակում կարող էր հավաքել միայն արագ իշխանափոխության հույսը: Եվ նա տվեց այդ հույսը, ներկայացավ որպես լավագույն <գործիք>, որին օգտագործելով ժողովուրդը վերջապես կարող է հասնել իր նպատակին:

Սակայն հիմա իշխանափոխության գործիքը այլևս մաշված է: Բոլոր գործիքներն էլ վաղ թե ուշ մաշվում են և անպիտան դառնում: Իրենց առաջին վերելքից հետո նույն բախտին են արժանացել Վազգեն Մանուկյանը, Դեմիրճյանները, Գեղամյանը: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքը առանձնահատուկ է: Գործիքների այդ տեսակի մեջ նա լավագույնն էր և պետք է ենթադրել կլինի վերջինը: Նրա հետ միասին բարոյապես մաշվում է նման <գործիքների> հին սերունդը: Քաղաքական պայքարի նոր գործիքներ են պետք, ոչ թե անհատներ, այլ կառույցներ, ոչ թե ամբոխվար կուռքեր, այլ ընտրված առաջնորդներ, որոնք հայ ժողովրդին կհամախմբեն և կառաջնորդեն ոչ թե <ընդդեմ> իշխանավոր անհատների, այլ <հանուն> ազգային նպատակների:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: