2009-ի դասերը

by

21.12.2009

Տարին ամփոփելու առիթով հոդված գրեցի Անալիտիկոնի համար:

Անցնող տարվա գլխավոր իրադարձությունը, անկասկած, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր: Դեռ պարզ չէ, թե երբ դրանք կվավերացվեն կամ, ընդհանրապես, կվավերացվեն արդյո՞ք: Սակայն միայն ստորագրման փաստն արդեն բավարար է, որպեսզի Հայ ժողովուրդն իր համար քաղի մի քանի դառը, բայց շատ օգտակար դասեր:

Մենք ազգային պետություն չունենք: Սա դասերից ամենաէականն է: Մինչև հիմա մենք դժգոհում էինք Հայաստանի կոնկրետ կառավարիչների անօրինություններից, շահամոլությունից, ազգային հիմնախնդիրները լուծելու անկարողությունից, պետական համակարգի ընդհանուր փտածությունից: Բայց, այնուամենայնիվ, մեզ թվում էր, թե, բոլոր այդ արատներով հանդերձ, մեր սեփական անկախ պետությունն ունենք: Չէինք կարող պատկերացնել, թե մի օր այդ պետությունը, ոչ թե անգործության կամ անկարողության պատճառով, այլ սեփական նախաձեռնությամբ և վճռական դիտավորությամբ հակահայ նպատակներ կհետապնդի: Ընդ որում, որքան էլ փորձենք, կատարվածի պատասխանատվությունը հնարավոր չէ միայն ներկա վարչախմբին վերագրել: <Ֆուտբոլային դիվանագիտության> գաղափարական հիմքերը դրվեցին և նախապատրաստական քայլերն իրականացվեցին նախորդ վարչախմբերի օրոք: Ինչո՞ւ մենք սա չէինք տեսնում: Ինչո՞ւ էինք հավատում, թե թուրքերի հետ սիրաբանությունը ընդամենը դիվանագիտական խաղ էր: Ինչպե՞ս ամեն գնով թուրքերի հետ հաշտվելը դարձավ հայկական պետության գերնպատակը: Ինչո՞ւ չէինք հասկանում, որ <առանց նախապայմանների> ասվածը միայն հայերիս էր վերաբերվում և նշանակում էր հրաժարվել Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև նպատակ ուներ քողարկելու պաշտոնական Երևանի կողմից թուրքական բոլոր նախապայմանները ընդունելու պատրաստակամությունը: Ինչպիսին էլ լինեն կոնկրետ հարցերի պատասխանները, դրանց ընդհանուր հայտարարը նույնն է: Հայաստանի երրորդ հանրապետությունը բոլորովին էլ Հայոց ազգային պետությունը չէ: Նրա գոյության տարիները ապացուցում են, որ այն ունակ չէ գործելու որպես հայության հավաքական կամքը արտահայտող, ազգային նպատակների շուրջ նրան համախմբող կազմակերպական կառույց և միայն գործիք է ծառայում նյութապաշտ և օտարամոլ քաղաքական վերնախավի ձեռքին:
 
Երկրորդ կարևոր դասը թերևս այն է, որ Արցախյան հիմնախնդիրը հնարավոր չէ բաժանել հայ-թուրքական ընդհանուր հակամարտությունից: Սա կարծես առաջ էլ էր ենթադրվում, սակայն այսօր այն գիտակցվում է նոր որակով: Նախ, թուրքերի հետ նոր հարաբերությունները կարող են կառուցվել միայն դարավոր հակամարտության հանգուցալուծումից հետո: Թուրքիան և նրա դուստր պետությունը չեն շտապում, պատրաստ են անվերջ շարունակել այս հակամարտությունը և սպասել իրենց համար նպաստավոր հանգուցալուծմանը: Նրանք բացառում են անկախ և թեկուզ միայն Արցախում թուրքերին մի քիչ հաղթած Հայաստանի հետ որևէ հարաբերություն: Ուստի շատ տրամաբանական է, որ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի ձգտումը թուրքերը ընկալում են որպես Հայաստանի թուլության, հակամարտությունը շարունակելու անկարողության, այլ կերպ ասած, պարտության խոստովանություն: Եթե Հայաստանը հանձնվում է Թուրքիայի ողորմածությանը, ապա նա չի կարող անզիջում գտնվել Արցախում: Անկարային հետաքրքրող Հայաստանը բոլոր հավակնություններից հրաժարված, ռազմավարական ինքնուրունությունը կորցրած, տարածաշրջանում թուրքական (նեոօսմանական) գերիշխանությունը ճանաչող Հայաստանն է միայն: Ուստի թուրքերի հետ հաշտվելու Երևանին առաջադրված գինը միշտ պարունակել է երկու զիջում` ընդմիշտ հրաժարվել Արևմտյան Հայաստանի նկատմամբ որևէ հավակնությունից և Արցախյան հաղթանակից, և այլ կերպ լինել չէր կարող:  
Այս փաստը վաղուց հայտնի է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել ձգտող բոլոր վարչախմբերին: Բայց, ազգային ոգին առևտրականի պրագմատիզմով փոխարինած Հայաստանի բոլոր կառավարիչները, գնին քաջատեղյակ լինելով, այնուամենայնիվ քայլեր են  կատարել դեպի Թուրքիա: Փոխանակ վերջինիս նկատմամբ ավելի անզիջում և պահանջատեր դառնալու, նախընտրել են վճարել պահանջվող գինը, Արևմտյան Հայաստանից հրաժարվելուց բացի, ընդարձակ տարածքային զիջումներ են խոստացել նաև Արցախում: Մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո այլևս գաղտնիք չէ, թե կարգավորման ինչպիսի տարբերակների շուրջ են այսքան տարի բանակցել Երևանն ու Բաքուն: Ինչո՞ւ էինք մենք այսքան ժամանակ հավատում, թե սա դիվանագիտական խաղ է, թե երբեք տարածքներ չեն հանձնվելու: Ինչո՞ւ չէինք հավատում Հայաստանի պաշտոնատարների հայտարարություններին, նրանց լուռ համաձայնությանը միջնորդների ոչ հայանպաստ գաղտնազերծումներին, բայց հավատում էինք կուրծք ծեծող իշխանական մանկլավիկների դատարկ մեկնաբանություններին: Ուզում էինք հավատալ, որ պետություն ունենք, և որ այդ պետությունը չի կարող մեզ դավաճանել: Ոմանք այսօր էլ են դեռ հավատում կամ ձևացնում են, թե հավատում են, և փորձում են արդարացնել իշխանությունների բացահայտորեն հայրենակործան դիրքորոշումները: Մինչև ե՞րբ:
 
Երրորդ դասը դեռ ոչ բոլորն են յուրացրել: Տակավին շատերին թվում է, թե Հայաստանի քաղաքական վերնախավը գործում է գերազանցապես միջազգային հանրության ճնշման ներքո, և որ այդ ճնշմանը նա ենթարկվում է իր լեգիտիմության պակասը լրացնելու համար: Սակայն, որքանով հեռանում ենք ընտրական օրերից և որքանով թուլանում է ընդդիմադիր շարժումը, այնքան անիմաստ են դառնում գործող վարչախմբի ոչ-լեգիտիմության մասին խոսակցությունները: Իրականում, լեգիտիմության խնդիր ունեցող ոչ մի կառավարիչ չէր համարձակվի դիմել ժողովրդական լայն շերտերի կողմից այսչափ դատապարտվող, ռիսկային քայլերի: Ու երբ հետևում ենք Սերժ Սարգսյանի բոցաշունչ ելույթներին, ապա ակնհայտ է դառնում, որ դրանց հեղինակը բոլորովին էլ ճնշման ներքո չի գործում, այլ իր ներքին համոզմունքով ուզում է վարակել լսարանին և նյարդայնանում է, երբ չեն վարակվում: Իրականում սա նորություն էլ չէ: Միջազգային հանրությունը Երևանին երբեք չի պարտադրել հրաժարվել ազատագրված տարածքներից կամ Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր իրավունքներից: Դա Հայաստանի կառավարիչները արել են կամավոր, չհավատալով սեփական ժողովրդի ազգային ներուժին, պայքարելու և հանուն ազգային նպատակների զրկանքներ կրելու պատրաստակամությանը, ձգտելով դուր գալ միջազգային հանրությանը և ենթադրելով, որ այդ միջազգային հանրությունը իրենցից հենց այդպիսի զիջումներ է ակնկալում: Հարստանալու մոլուցքով տարված, նրանք ցանկացել են ժամ առաջ ազատվել արտաքին սպառնալիքներից: Թշնամիներին հաղթել փորձելու փոխարեն, նախընտրել են զիջել և այդպիսով հաշտվել: Ընտրել են գերազանցապես թուրքաբնակ տարածաշրջանում ներառնվելու իրենց համար դյուրին, բայց հայության համար կործանարար ուղին, հուսալով, որ, ի վերջո, մեր թուրքական շրջապատն էլ է եվրոպականացվելու և այդպիսով անվտանգ է դառնալու: Այս առումով գործող վարչախումբը իր նախորդների արժանի հետևորդն է, միայն թե, նրանց համեմատ, փորձում է աչքի ընկնել ավելի մեծ արդյունավետությամբ:
 
Թվարկված դասերից ածանցվում է ևս մեկը: Հայաստանի քաղաքական վերնախավը միշտ խաբել է և այսօր էլ խափում է սեփական ժողովրդին: Դրա նորագույն վկայությունները կեսգիշերային դիվանագիտական անակնկալներն էին: Երբ թուրքական մամուլը հրապարակեց ապրիլյան ճանապարհային քարտեզի մանրամասները, մեզ խորհուրդ էին տալիս չհավատալ թուրքական ներքին քարոզչությանը: Սակայն արդեն սեպտեմբերին պարզ դարձավ, որ դա բոլորովին էլ ներքին քարոզչություն չէր, այլ թուրք ժողովրդի տեղեկացում նոր դիվանագիտական հաղթանակի մասին, որը ամիսներ անց պետք է պաշտոնապես հրապարակվեր նախաստորագրված արձանագրությունների տեսքով:
Հիմա էլ են մեզ հորդորում չհավատալ ղարաբաղյան նախապայմանի մասին թուրքական կողմի պնդումներին, ինչպես նաև քննարկվող մադրիդյան սկզբունքների ադրբեջանական մեկնաբանություններին: Սակայն, ո՞վ կարող է այսօր երաշխավորել, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը արագացնելու նպատակով իշխող վարչախումբը գաղտնիաբար չի ստորագրի ղարաբաղյան կարգավորման շրջանակային համաձայնագիրը: Առավել ևս, որ դրա բոլոր կետերի վերաբերյալ մեր պաշտոնատարները վաղուց և բազմիցս հայտնել են իրենց համաձայնությունը: Կստորագրի և միայն կխնդրի, որ հերթական գիշերային անակնկալը հայ ժողովրդին (այս անգամ հատկապես արցախցիներին) մատուցվի թուրքական արձանագրությունների վավերացումից մեկ-երկու ամիս անց, գուցե նույնիսկ Շուշիի ազատագրման օրը: Իսկ հետո էլ արցախյան արմատներով Հայաստանի նախագահը կշրջի Հադրութից Մարդակերտ և գյուղացիներին աչքալուսանք կտանի, որ մեր տարիների պայքարը վերջապես արդյունքներ է տալիս, որ ճանաչվել է ԼՂ ժամանակավոր կարգավիճակը և մի փոքր հույս կա, որ մի 15 տարի անց այն մշտական կդառնա, որ վերջապես թուրքերը ընդունել են Գորիսի հետ ավտոճանապարհով կապվելու Ստեփանակերտցիների իրավունքը, որ հիմա մենք կարող ենք մի լավ կրճատել Պաշտպանական բանակը, որովհետև <մեր հայրենիքը չհանդիսացող> Աղդամում, Արաքսի երկայնքով և նույնիսկ թիկունքում բնակեցվող թուրքերից մեր անվտանգությունը այլևս հուսալիորեն ապահովելու են օտար խաղաղապահները:
Այս զավեշտալի վիճակին մենք մի օրում չհասանք: Միթե չէինք տեսնում, թե Հայաստանը կառավարող վարչախմբերը տարիների ընթացքում ինչպես էին քարոզչական մշակման ենթարկում սեփական ժողովրդին: Նախ խեղաթյուրեցին հայկական կողմի պահանջը` սահմանափակվելով միայն երկու կետով` Ստեփանակերտի անկախությունը Բաքվից և ցամաքային ճանապարհ դեպի Հայաստան: Հետո ազատագրված տարածքները հայտարարեցին ուրիշի հայրենիք և հանձնման ենթակա անվտանգության գոտի: Հիմա էլ, տարածքների հանձնումը զիջում չհամարելով, փորձում են մեզ համոզել, թե կարելի է առևտուր անել, հանձնել արևմուտքում և ստանալ արևելքում, հանձնել վաղուց կորցրածը և վերջապես ստանալ ԼՂՀ անկախության ճանաչման թուղթը:
Նույն կերպ տարիների ընթացքում խեղաթյուրվեց Ցեղասպանության ճանաչման իմաստը: Այն կտրվեց Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջատիրությունից և վերածվեց անիմաստ, սոսկ բորայական հարցի: Նախ հայտարարվեց, որ Ցեղասպանությունը միայն Սփյուռքի խնդիրն է, իսկ հայաստանցիների շահերից բխում է Թուրքիայի հետ հաշտ ապրելը: Հետո, Սփյուռքին դուր գալու համար, Հայաստանի կառավարիչները սկսեցին ճառել Ցեղասպանության մասին: Դրանով քողարկվելով, նրանք շարունակեցին թուրքերի հետ հաշտվելու քաղաքականությունը, երբեք կասկածի տակ չառան գոյություն ունեցող սահմանը և Թուրքիայի գերիշխանությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Բանակցությունները դարձան գաղտնի և ավարտվեցին ստորացուցիչ արձանագրությունների ստորագրմամբ:
Նման քարոզչական խաբեությունները շարունակվում են նաև այսօր և միշտ են լինելու, քանի դեռ պետությունը գործում է ազգային առաքելությանը և կամքին հակառակ: Դրանք շատ արդյունավետ չեն: Քաղաքական վերնախավը ավելի շատ ինքն իրեն է համոզում, թե իր որդեգրած հակահայ դիրքորոշումները միակ հնաարավորն են և շահեկանը: Իսկ դա չհասկացող սեփական ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար քարոզչական ստախոսությանը միշտ կարելի է գումարել նաև իշխանության հարկադրանքը և բռնությունը:
 
Իշխանությունից հուսահատ ժողովրդի հայացքը միշտ ուղղվում է ընդդիմությանը: Սակայն այստեղ էլ դառը դասեր ենք ստանում: Մասնավորապես անցնող տարում մենք վերջնականապես համոզվեցինք, որ ապազգային ընդդիմությունը ապազգային իշխանության գործընկերն է: Հատկապես այն դեպքում, երբ այդ ընդդիմությանը առաջնորդում են նախկինում իշխած վարչախմբի ներկայացուցիչները, շրջապատված ժամանակին իշխանական կերակրամանից շռայլորեն օգտված կուսակիցներով: Ինչպե՞ս նրանք կարող են ընդդիմանալ թուրքերի հետ հաշտվելու քայլերին, երբ իրենք են եղել այդ քաղաքականության հիմնադիրն ու ակտիվ իրականացնողը: Կլինեն նաև դրա շարունակողը, եթե մի օր նորից տիրանան պետության ղեկին: Արդյունքում անհանդուրժողական և արմատական հորջորջված ընդդիմությունը զարմանալի <կառուցողականություն> և հանդուրժողականություն դրսևորեց: Թուրքական արձանագրությունների վերաբերյալ նրա <դաժան> քննադատությունը սահմանափակվեց փաստաթղթի ոչ էական մեկ մանրամասնով: (Կարծես թե շատ կարևոր է, թե ինչ կորոշի Ցեղասպանությունը ուսումնասիրող ենթահանձնաժողովը, երբ նույն փաստաթղթով Հայաստանը արդեն հրաժարվում է Արևմտյան Հայաստանից:) Արցախի հարցում նրանք ավելի հեռու գնացին: Ցինիկաբար հայտարարեցին, որ քանի որ արցախցիները հանդուրժում են Երևանի դրածո իրենց իշխանություններին, ուրեմն նրանք նաև համաձայն են Արցախի վերաբերյալ երևանյան իշխանությունների քաղաքականությանը, համաձայն են մադրիդյան սկզբունքներով հարցը կարգավորելուն: Ուստի Կոնգրեսը ստիպված է հարգել արցախցիների այդ ինքնասպանական որոշումը:
Ապազգային ընդդիմության անգործության պայմաններում ընդդիմության դերին նորից հավակնեց կոալիցիայից հեռացած Դաշնակցությունը: Ավանդական կուսակցության դժգոհությունը թուրքական արձանագրություններից բնական և հասկանալի էր: Թվում էր, թե Դաշնակցությունը հենց այն կազմակերպությունն է, որը կարող է և պետք է առաջնորդեր ընդդիմադիր ալիքը այս օրերին: Սակայն պարզվեց, որ ժողովուրդը չի վստահում ընդդիմադիր դարձած նախկին իշխանամետներին: Արդար է, որովհետև շուրջ տասը տարի դաշնակցականները լուռ հետևում էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարվող բանակցություններին և նույնիսկ փորձում էին քողարկել կամ արդարացնել իշխանությունների դավաճանական քայլերը: Մյուս կողմից նախկին իշխանամետներն էլ պատրաստ չէին վերածվել իրական ընդդիմության: Նրանք կորցրել էին կապը ժողովրդի հետ, հեղինակազրկվել էին իշխանության հետ համագործակցության տարիներին, հոգեբանորեն պատրաստ չէին հրաժարվել քաղաքական վերնախավում գտնվելու արտոնություններից և նորից հալածվելու որպես ընդդիմադիրներ: Նաև իշխանությունների չափ վախենում էին իշխանափոխությունից, կարծելով, թե այդ դեպքում հաղթողն անպայման Կոնգրեսն է լինելու: Նրանք նախընտրեցին մնալ իշխանությունների տեսակետից կառուցողական դերում և հրաժարվեցին արմատական դրսևորումներից: Արդյունքում ժողովրդի կողմից պիտակավորվեցին որպես կեղծ ընդդիմություն, որի նպատակը նույն ժողովրդի դիմադրողական կամքը փոշիացնելն է:
 
Այս դառը դասերը շատերին կարող են հիասթափեցնել և հուսահատեցնել: Սակայն չհուսահատվողները կանեն շատ կարևոր եզրակացություններ: Իհարկե, Հայ ժողովուրդը պարտավոր է վիժեցնել Հայաստանում իշխող վարչախմբի դավաճանական ծրագրերը: Սակայն որպեսզի ապագայում նորից չհաայտնվենք իշխանությունների հակահայ քայլերին, ինչպես նաև ընդդիմադիմադիրների հանցակցությանը կամ անզորությանը դեմհանդիման, անհրաժեշտ է հաղթահարել ազգային պետական ճգնաժամը: Այլ կերպ ասած, պետք է ընդունել, որ Անկախությունը միայն առաջին, անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլն էր: Իրապես ազգային պետությունը իր գաղափարախոսությամբ, կառուցվածքներով և ավանդույթով պետք է համապատասխանի մեր ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին և բնական առանձնահատկություններին, ինչպես նաև կարողանա դիմակայել արդի և ապագա մարտահրավերներին, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական և այլ սպառնալիքներին: Ուստի անհրաժեշտ է շարունակել և ավարտին հասցնել Հայոց ազգային պետության շինարարությունը: Նման նպատակ հետապնդող ազգային շարժումը ստիպված է պայքարել ոչ միայն իշխող վարչախմբի, այլև ընդդիմադիր դաշտը զբաղեցրած նրա գործընկերների, ապազգային պետության ողջ քաղաքական դաշտի դեմ: Խնդիրը բարդ է, բայց ոչ անհնար: Ավելին, գաղափարական <հանուն> նպատակը ժողովրդին համախմբելու ավելի մեծ ներուժ ունի, քանի գաղափարազուրկ <ընդդեմ> նպատակները, որոնցով հայաստանյան հանրությունը տառապել է վերջին տարիներին: Այս վերջին դասը մենք հավանաբար սերտենք արդեն 2010-ին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: