Եկեք ընտրենք Այլընտրանքային Խորհրդարան

by

22.04.2011

Սա դեռ նախանախագիծ է: Համահեղինակները ողջունվում են իրենց բարեփոխման առաջարկներով և նույնիսկ այլընտրանքային տարբերակներով:

ԲԱՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում ենք արդեն 2011թ.-ի աշնանը, քաղաքացիական հանրության ջանքերով, ընտրել ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, գուցե նաև ձևավորել ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:

Առաջարկությունը հասցեագրված է քաղաքացիական ողջ հանրությանը, սակայն հատկապես այն քաղաքական միավորներին, որոնք իրավամբ դժգոհում են, որ ժողովրդավարությունը Հայաստանում ոտնհարված է և ընտրությունների կեղծման ձևավորված ավանդույթը անարդյունավետ և նույնիսկ անիմաստ է դարձնում իրենց մասնակցությունը պաշտոնական ընտրություններին:

Ակնհայտ է, որ նման առաջարկությունը չի վերաբերում իշխանական ճամբարի միավորներին, որոնք, մեծ ցանկության դեպքում, դյուրությամբ կարող են իմաստազրկել այն` ընդունելով արդար ընտրական օրենսգիրք և չկեղծելով հերթական պաշտոնական ընտրությունները:

Կասկածում ենք, որ մեր առաջարկությանը անտարբեր կամ նույնիսկ դեմ կլինեն այն քաղաքական միավորները, որոնք, իրենց կարծիքով, գերիշխող դիրք ունեն ընդդիմադիր դաշտում կամ դրա որևէ հատվածում և հակված են խուսափել բաց քաղաքական մրցակցությունից` չվտանգելու համար իրենց ներկայիս դիրքը:

Փոխարենը, առաջարկությունը որոշ հնարավորություններ է ստեղծում մյուս ընդդիմադիր քաղաքական միավորների, ինչպես նաև քաղաքացիական խմբերի և անհատների համար: Դրանք բազմաթիվ են և յուրաքանչյուրը կարող է տեսնել հատկապես իրեն հետաքրքրողը, սակայն հատուկ ուշադրության են արժանի Այլընտրանքային խորհրդարանի հետևյալ ընդհանրական հնարավորությունները.

• Այլընտրանքային խորհրդարանում տարբեր գաղափարներ ունեցող քաղաքական միավորները և քաղաքացիական խմբերը կարող են միաժամանակ թե մրցակցել, թե համագործակցել` զարգացնելով Հայաստանի քաղաքական դաշտում, այդ թվում ընդդիմադիր բևեռում խիստ պակասող ժողովրդավարական մշակույթը:

• Այլընտրանքային խորհրդարանը կարող է դրսևորման ասպարեզ հանդիսանալ նոր գաղափարների և դրանց նոր կրողների համար` պայմաններ ստեղծելով քաղաքական դաշտի վաղուց պահանջված գաղափարական և անվանական սերնդափոխության համար, և վերջ տալով բոլոր ժամանակների հայաստանյան ընդդիմության պատեհապաշտական, ռևանշիստական, կռապաշտական և ամբոխվարական ավանդույթին:

• Այլընտրանքային խորհրդարանը կարող է ծառայել որպես ընդդիմության միավորման իսկապես ժողովրդավարական հարթակ: Պաշտոնական ընտրություններին համատեղ մասնակցելու անհրաժեշտության դեպքում, Այլընտրանքային խորհրդարանի ընտրությունները կարող են ծառայել որպես միասնական ցուցակի ձևավորման առարկայական հիմք, իսկ դրանց ընթացքը` որպես հավելյալ քարոզչության և համակիրների զորաշարժի միջոց:

• Իշխանության ճգնաժամի դեպքում Այլընտրանքային խորհրդարանը և նրա ձևավորած Ստվերային կառավարությունը կարող են հանդես գալ, որպես ճգնաժամի հաղթահարման կազմակերպական կենտրոններ և ժամանակավոր իշխանության պատրաստի մարմիններ:

• Վերջապես, Այլընտրանքային խորհրդարանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ կձևավորվի, որպես այդպիսին կճանաչվի և հանրությանը կներկայացվի Հայոց պետականաշինության հաջորդ փուլի գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը:

Այլընտրանքային խորհրդարանը` այս առաջարկությունը պաշտպանողների կազմից և խնդիրներից կախված, կարող է ունենալ տարբեր կառուցվածք և ընտրության կարգ, սակայն խիստ ցանկալի է, որպեսզի դրանց հիմքում դրված լինեն հետևյալ սկզբունքները:

• Այլընտրանքային խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իրավունք և հնարավորություն պետք է ունենան բոլորը: Այն կարող է ծառայել իր նպատակին միայն ընտրողների զանգվածային մասնակցության և թեկնածուների բազմազանության պայմաններում:

• Միաժամանակ այդ մասնակցությունը պետք է լինի պատասխանատու: Դրա լավագույն միջոցը ինքնաֆինանսավորումն է: Այլընտրանքային խորհրդարանի ֆինանսավորումը հիմնականում պետք է իրականացվի դրան ընտրող քաղաքացիների մասնակցության վճարներից: Թեկնածուների, նրանց սատարող քաղաքական միավորների և քաղաքացիական խմբերի ֆինանսական մասնակցությունը, ինչպես նաև կողմնակի նվիրատվությունները, պետք է սահմանափակվեն, որպեսզի չազդեն մյուսների մասնակցելու հնարավորության և քվեարկությունների արդյունքների վրա:

• Ընտրողները պետք է միանգամից բազմաթիվ թեկնածուներ ընտրելու և թեկնածուներին վարկանշելու հնարավորություն ունենան:

• Ընտրությունը պետք է լինի պակաս կուսակցականացված: Կուսակցությունների մասնակցությունը պետք է ողջունվի, սակայն դա չպետք է սահմանափակի անհատ թեկնածուների հնարավորությունները: Ընտրողները չպետք է ստիպված լինեն ընտրել կուսակցությունների միջև, պետք է հնարավորություն ունենան ընտրել ինչպես տարբեր ցուցակների պատկանող թեկնածուներ, այնպես էլ միևնույն ցուցակի իրենց նախընտրած թեկնածուներին:

• Քվեարկությանը պետք է նախորդի նախընտրական քարոզչությունը: Ընտրողները պետք է ստանան բոլոր թեկնածուների տրամադրած նյութերը, հնարավորություն ունենան հետևելու բանավեճերին, հարցեր տալու: Միայն դրանից հետո նրանք պետք է ընտրություն կատարեն:

• Քարոզչության, ինչպես նաև ընտրողների գրանցման և քվեարկության կազմակերպման նպատակով լայնորեն պետք է օգտագործվեն համացանցի հնարավորությունները

• Այլընտրանքային խորհրդարանում կարող են գործել ինչպես կուսակցական խմբակցություններ, այնպես էլ խմբեր ըստ նախասիրությունների:

• Այլընտրանքային խորհրդարանի ընտրությունը և ընթացիկ գործունեությունը պետք է լինեն բացարձակ հրապարակային:

• Այլընտրանքային խորհրդարանի որոշումները հիմնականում հավաքական դիրքորոշումներ են, որոնք արտահայտվում են հայտարարությունների և այլընտրանքային ծրագրերի տեսքով: Դրանք պետք է կայացվեն որակյալ մեծամասնությամբ: Փոքրամասնությունը այդ որոշման համար պատասխանատվություն չի կրում և անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել, որոշմանը զուգահեռ, իր հատուկ կարծիքի հրապարակումը:

• Այլընտրանքային խորհրդարանի անդամները պաշտոնական ընտրություններին կարող են մասնակցել Այլընտրանքային խորհրդարանի անունով: Պաշտոնական ընտրություններին մասնակցելու, չմասնակցելու կամ դրանք բոյկոտելու հարցը որոշվում է պատեհ պահին, ղեկավարվելով քաղաքական նպատակահարմարությամբ: Թեկնածուների ցուցակը ձևավորվում է կամ Այլընտրանքային խորհրդարանի վերջին ընտրության արդյունքների հիման վրա կամ կազմակերպվում է հատուկ քվեարկություն: Պաշտոնական ընտրություններին մասնակցելու որոշմանը դեմ, դրանք բոյկոտող թեկնածուների կամ խմբակցությունների քվեները հանվում են ընդհանուր հաշվարկից:

• Ստվերային կառավարությունը պետք է ձևավորվի Այլընտրանքային խորհրդարանի որակյալ մեծամասնության հավանությամբ և միշտ վայելի այդպիսի մեծամասնության աջակցությունը:

————————————————————

Ընդհանուր առմամբ հետաքրքրիր նախագիծ ա: Ստվերային կառավարության առումով, կարծում եմ, դեռ շուտ ա խոսել, խորհդարանը ինքնին դեռ լուրջ խնդիր ա: Մի քնաի վերապահում, կարծես ունեմ: Մի կողմից ասում ես, որո բոլորի համար բաց ա, բայց ոնց որ մեջը գաղափարախոսության տարր ես դնում: Ասենք,ասում ես “կներկայացվի Հայոց պետականաշինության հաջորդ փուլի գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը:”: Բայց, եթե ես օրինակ էս պահին կարիք չեմ տեսնում նման բանի, արդյո՞ք չեմ կարող լինել էդ խորհդարանում: մեկ էլ ոնց որ լավ չհասկացա ձեւավորման մեխանիզմը

ԱԱ Բոլորն էլ կարող են մասնակցել` իրենց գաղափարախոսություններով հանդերձ: Բայց տարբերենք գաղափարախոսությունները: Կուսակցական ծրագրերի հիմքում էլ կա գաղափարախոսություն, սահմանադրության հիմքում էլ կա որոշ, ավելի ընդհանրական գաղափարախոսություն ու փիլիսոփայություն: Նշածդ դեպքում երկրորդն է: Եթե փոխելու կարիք չես տեսնում, կարող ես ընտրվել ու դա ասել: Մյուս կողմից կա նաև գաղափարախոսության առաջին` կուսակցական իմաստը, բայց հոգնակի թվով, որովհետև խորհրդարան է ու դրանց մրցակցության հարթակ է:

ԱԱ Խորհդարանի անդամները ընտրվում են:

Նախնական ընտրությունները կարող են օգտակար լինել բոլոր քաղաքական ուժերին, եթե դրանք ինչ որ <ֆյուրերի> սպասարկող անձնակազմ չեն, այլ մտածող մարդկանց ամբողջություն: Այդ պատճառով իրենց ներքին աստիճանակարգումը նախնական ընտրությունների միջոցով որոշելու պատրաստ չեն կարող լինել ոչ միայն իշխանական կուսակցությունները, այլ նաև ՀԱԿ-ը և այլ ընդդիմադիր ուժեր: Այս առաջարկը օգտակար կլինի եթե ընդդիմադիր բազմաթիվ փոքր ուժերը ուզենան միավորվել, ինչը քիչ հավանական է:

Եթե քաղաքական դաշտի երևացող ուժերից, օրինակ` Ժառանգությունը, որոշի բացել իր դռները և նախնական ընտրությունների միջոցով կազմակերպել իր նախընտրական ցուցակի ձևավորումը, ապա առաջարկվող խորհրդարանի ու ստվերային կառավարության ձևավորումը ավելի հավանական կդառնա:

Նույնիսկ <Սարդարապատ>-ը կարող է մասնակցել նախնական ընտրության` հետագայում համապետական ընտրություններին չմասնակցելու իրենց դիքորոշմանը մնալով:

Այլընտրանքայնությունն ինքնին ողջունելի գաղափար է: Չենք կարող ժխտել, որ հասարակությունում գոյություն ունեն ժողովրդի մի ստվար հատվածի շահերն ու կարծիքները ներկայացնող խմբեր, որոնք տեղ չունեն (կամ ոչ համապատասխան տեղ ունեն) պաշտոնական խորհրդարանում, սակայն մյուս կողմից մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ առաջարկվող այլընտրանքային խորհրդարանը մոտավորապես չի արտապատկերելու պաշտոնական խորհրդարանի ուժային բաշխվածությունը: Եթե այլընտրանքային խորհրդարանի գոյությունն ու գործունեությունը պետք է հաստատվեն ու սահմանվեն օրենքով, ապա բնական է, որ այդ օրենքն ընդունող ուժերը փորձելու են հնարավորինս կառավարելի ու իրենց համար կանխատեսելի դարձնել այլընտրանքային խորհրդարանը: Իսկ եթե այն ստեղծվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ ու առանց օրենքով կարգավորվելու, ապա ինչպե՞ս կարող է այն ազդել պետական մակարդակի որոշումներ ընդունելու վրա բացի խնդիրների ու ծրագրերի մասին բարձրաձայնելուց. Առավել ևս՝ ինչպե՞ս կարող է նրա կողմից ձևավորված ստվերային կառավարությունը պետության ղեկը վերցնել իր ձեռքը քաղաքական ճգնաժամերի ժամանակ, ընդ որում, երբ նմանատիպ հանգամանքների համար գոյություն ունեն օրենքով սահմանված գործընթացներ ու փոխարինող մարմիններ:

ԱԱ Այլընտրանքայինի պատկերը կարող է համընկնել պաշտոնականին միայն այն դեպքում, եթե դրա ընտրությանը մասնակցեն բոլորը, այդ թվում նաև իշխանամետները, և եթե նրանք կարողանան կեղծել նաև այդ ընտրությունը: Ակնհայտ է, որ այդպիսի բան տեղի չի ունենա և այլընտրանքային խորհրդարանը, եթե ընտրվի, կլինի հիմնականում ընդդիմադիրների խորհրդարան: Ավելին, գուցե ոչ բոլոր ընդդիմադիրները ուզենան մասնակցել: Օրինակ` լևոնականները կարող է որոշեն, որ դա իրենց պետք չէ, որ մասնակցելով կարող են կորցնել իրենց գերիշխող դիրքը ընդդիմադիր դաշտում, հավասարվել Րաֆֆիին: Նման մի բան կարող է մտածել Դաշնակցությունը, սակայն ընդդիմադիր դաշտի ազգայնական հատվածում իրենց ունեցած գերիշխող դիրքի մասին: Ամեն դեպքում Դաշնակցության մասնակցությունը պետք չէ բացառել, քանի որ պաշտոնական խորհրդարանում նրա ներկայությունը վտանգված է, իսկ այլընտրանքայինում նա առաջատար դիրքերում հայտնվելու շանս ունի և դա կարող է մեծացնել նաև պաշտոնականում հաջողության հասնելու նրա հնարավորությունները` դաշինքով կամ նույնիսկ միայնակ մասնակցության դեպքում: Եթե այլընտրանքայինի ընտրությանը չմասնակցեն ոչ Կոնգրեսը, ոչ էլ խորհրդարանական ընդդիմությունը, ապա մենք կունենանք նոր ընդդիմության ձևավորման հարթակ` քաղաքացիական շարժումների, տարբեր անհատ թեկնածուների և խմբակների մասնակցությամբ: Սակայն ինչ պատկեր էլ որ ստացվի, այն հաստատ նման չի լինի պաշտոնական խորհրդարանին:

Ամենակարևորն հարցն այն է, որ այլընտրանքային խորհրդարանի կամ կուսակցության նախնական ընտրությունների ժամանակ պետք է ապահովել մաքսիմալ ազնվություն: Դատելով ՀԱԿ-ում առկա` ընտրական տեխնոլոգիաներին քաջածանոթ մասսայի առակայությունից, կարելի եզրակացնել, որ ՀԱԿ-ը իր ներսում նախնական ընտրություններ կազմակերպելու դեպքում նույնիսկ չի ունենա իր ընտրազանգվածի կարծիքի ճշգրիտ արտացոլում: Այնպես որ նախնական ընտրությունների կազմակերպման հաջողությունը ապահովելու համար արժե հեռու մնալ նման <փորձառու> ընտրակազմակերպիչներից:

Այո՛, ոչ ՀԱԿ-ին, ոչ էլ ՀՀԿ-ին պետք չեն իրական լակմուսի թղթեր, որոնք հանկարծ կարող են ի հայտ բերել քաղաքական դաշտի իրական պատկերը (գոնե որոշակիորեն քիչ համախոհներ, քան երկուսն էլ ներկայացնում են), սակայն եթե այլընտրանքային խորհրդարանը կարող է ՀԱԿ-ի համար դառնալ այդ թուղթը (քանի որ այն անհրաժեշտ լծակներ ու ռեսուրսներ չունի կեղծելու ընտրությունը), ապա ՀՀԿ-ի համար ավելի հեշտ կլինի ազդել արդյունքների վրա. Մյուս կողմից էլ, չեմ կարծում, թե այնքան հեշտ, որքան պաշտոնական ընտրությունների ժամանակ: Վազող ձիու էֆեկտի տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք համոզված լինել, որ ՀՀԿ-ը գոնե կմտածի այլընտրանքային խորհրդարանը (ԱԽ) գրոհելու մասին՝ փորձելով ԱԽ ընտրությունները դարձնել պաշտոնական խորհրդարանի ընտրությունների նախընտրական քարոզչության մի մաս: Եթե ԱԽ ընտրություններում հաղթի ու ընդգծի իր՝ առաջատարի դիրքը, վազող ձիու էֆեկտը կաշխատի: Հետևաբար, եթե ՀՀԿ-ը զգա, որ չի կարող ԱԽ ընտրությունների ժամանակ քվեների զանգվածային հսկողություն իրականացնել, զերծ կմնա ԱԽ ընտրությունների ցածր արդյունքներով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ստվեր գցելուց: Ուրեմն, ԱԽ ընտրությունների ժամանակ պետք է միայն ապահովել բոլոր կողմերի հավասար պայքարն ու պայմանները, և որոշ ուժեր հոժար կամքով կհրաժարվեն թանը պղտորելուց, բայց թե ինչպես ապահովել այդ պայմաններն ու արդյունավետ վերահսկողությունը…
Ինչ վերաբերում է դաշնակցությանն ու ժառանգությանը, ապա նրանք լրջագույն շանս կունենան ցույց տալու, որ խորհրդարանում իրենց ունեցած տեղերը համապատասխան չեն հասարակության մեջ իրենց աջակցությանը. Ինչու՞ չէ, վազող ձիու էֆեկտն իրենց համար էլ կարող է աշխատել: Ուշագրավ է նաև, որ դաշնակցությունն այլընտրանքային մոտեցումների վերաբերյալ ընդգծված «սեր» ունի

ԱԱ Գրոհներ, մասնակցության ձևով, չեն լինի: Նման բաներ կանխարգելելը դժվար չէ: Փոխարենը կարող են լինել հակաքարոզչական գրոհներ, ծաղրելու փորձեր և այլն: Բայց դա նույնիսկ օգտակար կլինի: Արտակի մնացած ասածմների հետ լրիվ համաձայն եմ:
Տիգրանի նշած «փորձառուներից» էլ շատ պետք չէ զգուշանալ: Կարծում եմ նրանք ավելի շահագրգիռ են «հեռու մնալու» հարցում:

Կարծում եմ այլընտրանքային պետական կառույցների ստեղծումը ոչ մի բանի չի բերելու։ Նման մեկը գործում է “Սարդարապատ” շարժման նախաձեռնությամբ, և՞…

Եկեք եղածը փորձենք փոխել, լա՞վ, կողքից կառույցների տեսքով նորամուծությունները, բան չեն փոխի։ Վաղը մյուս օր էլ մեկը կորոշի այլընտրանքային նախագահի ինստիտուտ ստեղծել։ Չնայած նախատիպը կար 2008–ին ;Ճ Մարդուն մինչև այսօր նախագահ են ասում ոմանք ;Ճ

ԱԱ Սարդրապատի նախաձեռնությամբ ոչինչ չի գործում, այլ Սարդարապատի ներսում է գործում: Դա Սարդարապատի ներքին մի օղակ է, համակիրների ներգրավման մի յուրօրինակ մեխանիզմ, որը պարզապես «խորհրդարան» է կոչվում, ավելի ստույգ` «Սարդարապատի ստեղծելիք ապագա խորհրդարանի հանձնաժողովներ»: Իրականում խորհրդարան կարող է կոչվել քաղաքական տարբեր թիմերիև անհատ թեկնածուների մասնակցությամբ, հազարավոր ընտրողների կողմից ընտրված մարմինը, ինչը որ առաջարկվում է և ինչը որ ոչ Սարդարապատը, ոչ էլ արև այլ թիմ հաստատ չի ստեղծել և միայնակ չի էլ կարող ստեղծել:  Եղած խորհրդարանը փոխելուն կարծում եմ ոչ ոք դեմ չէ, բայց հուսահատության վիճակ կա անարդար օրենսդրության և անգամ այդ օրենսդրության ոտնահարման պատճառով: Իսկ «այլընտրանքայինը» օգտակար կարող է լինել նաև որպես տարբեր ուժերի միավորման հետաքրքիր հարթակ, որոնք նաև այդ միջոցով կարող են մեկտեղել ջանքերը պաշտոնական խորհրդարանը փոխելու ուղղությամբ:

ԱԱ Դե ես հավատում եմ, որ Չորրորդ հանրապետության խորհրդարանը անկուսակցական սկզբունքով է ձևավորվելու: Կարելի է հիմիկվանից դրա վրա աշխատել:

ԱԱ Անկուսակցականները շատ են: Հայաստանում կա մեկ միլիոնից ավել անկուսակցական ընտրող, գուցե գտնվի մի հարյուր անկուսակցական քաղաքական գործիչ, որ կուզենա մասնակցել նման նախագծի: Բայց այդպիսինները դժվար կազմակերպվող և հաաճախ իրար չհավանող մարդիկ են: Նրանց պետք է կողքից ուրիշները կազմակերպեն: Այս գործին երիտասարդ կամավորականներ են պետք:  Ովքեր ուզում են որպես համահեղինակներ միանալ Այլընտրանքային խորհրդարանի բաց առաջարկությանը, կարող են իրենց համաձայնությունը հայտնել այստեղ. http://alternative.ucoz.ae/blog/ar_39_ajark/2011-04-26-1 : Մեկնաբանությունների մասում կարելի է արձանագրել նաև բարեփոխման առաջարկությունները, լրացումները, հատուկ կարծիքները, այլընտրանքային գաղափարները, բողոքներն ու անհամաձայնությունները:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: