Մի շտապեք պահանջել

by

19.07.2010

Մի խումբ մատենավար-ընկերներ պահանջում են մեծարել այն զինվորին, որը սպանել է թուրք դիվերսանտին:
Բայց կան ոչ պարզ հարցեր, ուստի առաջարկում եմ չշտապել:

Այս մեկնաբանությունը գրեցի նաեւ Թալինցու մոտ

Ես շատ լավ հիշում եմ, թե մեկ տարի կամ ավելի առաջ ինչպես մեծարեցին այն երեք զինվորներին, որոնք դիմակայել էին թուրքական խմբի հարձակումը՝ կարծեմ երկուսին սպանել, երկուսին վիրավորել էին, իրենք էլ չէին տուժել:Նրանց մեդալ ու սերժանտի աստիճան տվեցին, նախագահն ընդունեց ու նման բաներ:
Մի խոսքով, ընդհանուր առմամբ համաձայն լինելով, որ հերոսների մեծարման հարցում թերությունները գուցե շատ են, այս վերջին կոնկրետ դեպքում, ենթադրում եմ, որ չմեծարելու պատճառ կա:
Ավելին, հնարավոր է որ դատական պատասխանատվության հարց էլ լինի, եթե վերջնականապես հաստատվի, որ այդ զինվորը պոստում կանգնած լինելու փոխարեն, առանց փոխարինող կանչելու, զուգարան էր գնացել ու հնարավորություն տվել, որ մի թուրքը կարողանա իր քնած ընկերների մեծ մասին սպանել: Թե ինչու էին մնացածը քնած, այլ հարց է:
Ամեն դեպքում ես այդ երիտասարդին շատ չեմ մեղադրում, որովհետեւ ցավոք սա պոստերի ընդհանուր վիճակն է: Նաեւ ուրախ եմ, որ այդ երիտասարդը աղմուկը լսելով չի թաքնվել կամ փախել, այլ եկել է ու սատկացրել այդ թուրքին: Բայց արդյոք դա բավարար է նրան մեծարելու համար: Առանց այդ էլ, կարծում եմ, որ զոհված ընկերների տեսարանը նրան ամբողջ կյանքում հետապնդելու է, իսկ եթե դրա հաշվին նրան մի հատ էլ պարգեւատրեն…
Այս պահանջը փաստորեն հիմնված է պաշտոնական կեղծ, անբավարար տեղեկատվության վրա: Ուստի ես առաջարկում են այն հետաձգել մինչեւ ամբողջ ճշմարտությունն իմանալը:

Փոխարենը կարելի է պահանջել, որ պարգեւատրվեն դեպքից երեք օր անց հարավային ուղղությամբ պատասխան գործողության մասնակիցները, եթե այդպիսի գործողություն իսկապես եղել է: Չէ որ զինծառայողների միջոցով անպաշտոն տեղեկատվություն է տարածվում, թե նրանք երեքին են սպանել ու երեքին էլ գերի վերցրել, ու իրենցից ոչ մեկն էլ չի վիրավորվել: Գոնե այդ ձեւվով այս ասեկոսեների պաշտոնական հաստատումը կստանանք:

Մեկնաբանություն

Քօռեօլեն: Արմեն, դեպքեր կան, երբ բացարձակապես կարևոր չի, թե ինչ է եղել իրականում ու որն է իրականությունը: Ու ամեն իրականություն չի, որ պետք է բարձրաձայնվի:

ԱԱ: Ես հակառակ կարծիքին եմ: Իրականությունը շատ կարեւոր է: Ամեն իրականություն պետք է չխեղաթյուրվի: Ճշմարիտ տեղեկատվությունը պետք է օգնի մեզ ապագայում: Սուտը երբեք, ոչ մեկին օգուտ չի տվել: Մի սուտը մյուսով լրացնելով մենք խճճվում ենք այնպիսի կեղծիքի մեջ, որում ոչ մի լավ բան չի կարող ծնվել, որովհետեւ ճշմարտությունը միեւնույն է մի օր բացվում է, ու այդ դեպքում արդյունքը կործանիչ է լինում:

Քօրեօլեն: Դե եկեք հրապարակենք պետական գաղտնիք պարունակող բոլոր տեղեկությունները, թող մարդիք իմանան, թե ինչ է եղել իրականում: Չի կարելի այդպես աբսալյուտիզացնել “միմիայն ճշմարտություն և ուրիշ ոչինչ”: Օրինակ եկեք, երբ մենք ենք հրադադարը խախտում, ասենք, որ մենք ենք խախտել ու ադրբեջանցիների վրա չբարդենք: Ճակտային գծում շատ բան է կատարվում, որի մասին կողմերը լռում են կամ ներկայացնում են իրականությունից տարբերվող վարկածներ: Ադրբեջանում բամբասանքները պակաս արագությամբ չեն տարածվում, քան Հայաստանում, բայց փորձեք գտնել թեկուզ մի ադրբեջանցու, ով բարձրաձայն կասի, թե իրականում այնպես չի եղել, ինչպես պաշտոնական կողմն է ասում, այլ ուրիշ ձև:

ԱԱ: Պետական գաղտնի՞ք: Եկեք պրոպագանդան դրա հետ չշփոթենք: Հինգ զինվոր է սպանվել, ի՞նչ պետական գաղտնիք: Վաղը ուրիշ հինգ զինվոր է պոստում քնելու ու սպանվելու ռիսկի ենթարկվելու: Նրանց օգնում է՞ այդպիսի պետական գաղտնիքը: Մյուսները պոստում կանգնած դողացնելու են երեւակայական ադրբեջանական դիվերսանտներից, որոնք կազմ եւ պատրաստ, Ալիեւի առաջին իսկ խոսքով, աննկատ մոտենում են, աննկատ սպանում ու որոնց դեմն առնելու ձեւ չկա: Իսկ եթե ասվեր ճշմարտությունը, ապա մյուսները ավելի զգոն կլինեին, պոստում քնելը կդադարեցնեին ու ամենազոր չէին համարի գոյություն չունեցող դիվերսիոն խմբերին:
«փորձեք գտնել թեկուզ մի ադրբեջանցու» Նման բաներով ինձ ամաչեցնել հնարավոր չէ: Նախ, որովհետեւ մենք հայ ենք, ու ադրբեջանցիների նման ադաբրյամս ասող չենք եղել, չենք ու չենք լինելու, ու դա մեր մեծագույն առավելությունն է: Իսկ պատկերացրեք, թե ինչ «լավ» կլիներ, եթե Սերժը կամ իր նախորդներն ասեին «Աղդամը մեր հայրենիքը չէ», «չենք օկուպացրել, բայց զբաղեցրել ենք, որ հետո առեւտուր անենք, հանձնենք» ու մեքն բոլորս ասեինք «այո, հանձնելու ենք»: Դա էլ է, չէ՞, մեր պաշտոնական կողմի ասածը, ինչու՞ չենք անում:
Երկրորդը՝ ադրբեջանցիների հետ մեր շփումների սակավության պայմաններում, ես հանդիպել եմ առնվազն երեք շարքային ադրբեջանցու, որոնք անձամբ ինձ այնպիսի բաներ են պատմել, որ անգամ Բլեյանի մտքով չէր անցնի: Ու դա նույնպես այն պատճառով, որ Ադրբեջանում պաշտոնական քարոզչությունը հիմնված է ստի վրա: Արդյո՞ք, մենք էլ ենք ուզում գովաբանել ամեն բան, երբ առանձին դեպքերում վիճակը ճիշտ հակառակն է, ու ստանալ այն արդյունքը, ինչն այս պահին ունի Բաքուն:
Փոխհրաձգությունները այսօր նորմալ են ու դրա մասին ձեւական ապատեղեկատվությունը նույնպես նորմալ է: Ես այս աստիճան չեմ բացարձակացնում: Այդ ստի մեջ սուտ չկա, որովհետեւ բոլորն էլ դա դիվանագիտություն են համարում: Սակայն, երբ ասվում է, որ Ալիեւը Պետերբուրգից զայրացած եկավ, հրամայեց ու 20 հոգանոց դիվերսիոն խումբը սպանեց 5 հոգու ու երեքին էլ վիրավորեց: Սա սուտ է, որի նպատակը ոչ թե Ադրբեջանին կամ միջազգային հանրությանը, այլ ինձ ու քեզ, մյուս զինվորներին ու այդ տղաների ծնողներին խաբելն է:
Ես այս ստի դեմ եմ բողոքում, բայց չեմ էլ բողոքում, ուղղակի ասում եմ, որ սրանք սեփական ժողովրդին խաբող են: Իսկ եթե կան մարդիկ, որ հայրենասիրություն են համարում այս ստախոսությանը ձայնակցելը, դա իրենց գործն է: Ես այդպես չեմ կարող:

Թալինցի: Կարծում եմ հիմա մեզ ոգևորող պատմություններ են պետք, իսկ դառը ճշմարտությունն առանց դրա էլ առկա է, քանի որ կան 5 զոհեր, քնած վիճակում: Բացի այդ “ոգևորող կերպարը” լեգենդ չի և ստի վրա չի հիմնված, որովհետև ամեն դեպքում նրա քայլը խրախուսման արժանի է:
Իսկ դատական պատասխանատվության հարցը չի տուժի, որովհետև զինվորներից շատերը իրենց պարտականությունը չեն կատարել:
Լավ գաղափար է նաև դրանից մի քանի օր հետո հերոսություն արած զինվորների պարգևատրումը: Ընդհանրապես պետք է առօրյա մտցվի ժամանակակից զինվորների հերոսական արարքների առթիվ հանրային պարգևատրումը և նրանց կերպարների օրինակելի դարձնելը: Այս դեպքը կարող է սկիզբը դառնալ նման պրակտիկայի

Մոնք: Շատ չծավալվեմ, ուղղակի ասեմ, որ առաջնագծում պատժիչ գործողություններ իրականացնող զինվորները հիմնականում միշտ էլ պարգևատրվում են: Պարզապես նպատակահարմար չի համարվում բարձրաձայնելը` հաշվի առնելով հրադադարի գոնե ձևական պահպանման մեր կողմի որդեգրած դիրքորոշումը: Ճիշտ է դա, թե սխալ, արդեն մի քիչ հարաբերական է:
Իսկ ցավալի միջադեպը, որ կատարվել է, պոստում չի եղել, այլ բլինդաժում, որտեղ նորմալ էր զինվորների քնած լինելը: Այդ պոստի դիրքը մի քիչ բարդ է, այն տեսնել է պետք, հասկանալու համար, թե իրականում ինչ է եղել: Պոստն ավելի բարձր է գտնվում, բլինդաժը` մի փոքր ներքև: Դա իհարկե ոչնչով արդարացում չէ, բայց սխալը եղել է նախ այն, որ դիվերսանտը կարողացել է շրջանցել պոստը և հայտնվել թիկունքում, և երկրորդ, որ բլինդաժի մուտքի մոտ հերթապահը տեղում չի եղել: Մի խոսքով մի քիչ բարդ իրավիճակ է, և կարծում եմ սխալ է առանց ողջ ինֆորմացիային տիրապետելու դատողություննե անել:

Թողնել մեկնաբանություն