«Ցանկացած» բառի եւ այլ բառերի ու բառակապակցությունների անցանկալի գործածության մասին

by

01.06.2010

Աշխարհասփյուռ հայության մեջ շատ ջնջին տոկոս են կազմում նրանք, ովքեր գիտեն, թե Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը եւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը իրարից անկախ ու իրարից անտեղյակ (կեցցե ՀՀ-Սփյուռք անգո «համագործակցությունը»…) 2007 թվականը հռչակել են «հայ լեզվի տարի»:
Մի կողմ թողնելով մեր ոսկեղենիկի ամենվայրկյանական հոշոտումները թե’ սփյուռքում եւ թե’ հայոց հայրենիքից քիչ-շատ հայկական մնացած այս տարածքում, անդրադառնանք ժառանգություն մնացած ռուսաբանություններին` ՀՀ-ում գործածվող հայերենում (վերջինս հասկանալ առանց չակերտների եւ չակերտներով), որոնք համաճարակի վերածվելուց հետո, թափանցել են արդեն արեւմտահայերենի մեջ եւ այնտեղ էլ ավերներ են գործում: Այս հիվանդության տարածման եւ համաճարակի վերածման մեջ մեծ մեղք ունեն ՀՀ լրատվամիջոցները, ՀՀ պետական ու ոչ պետական այրերն ու էգերը, ի վերջո` մենք բոլորս:
«Սա», «դա», «նա» բառերի փոխարեն «այն» (ռուսերենի «ֆՑՏ») բառի գործածումը ուղղակի բռնաբարում է մեր ականջներն ու աչքերը: Արժանահիշատակ Լեւոն Հախվերտյանը ափերից դուրս էր գալիս աննպատակ ու սխալ «այն»-եր կարդալիս ու լսելիս: Նա նույնիսկ հոդվածներով հրապարակ եկավ այդ երեւույթի դեմ, բայց ապարդյուն: «Այն»-ը անարգել շարունակում է իր ավերները հայկական միջավայրում:
Հախվերդյանի չափ, եթե ոչ ավելի, ինձ հոշոտում է «ցանկացած» բառի անցանկալի գործածությունը: Ռուսերենի «սþոՏռ»-ը փոխանակ թարգմանվելու «ամեն», «որեւէ», «յուրաքանչյուր» եւ այլն, ամեն տեղ հայտնվում եւ մնում է անցանկալի «ցանկացած»: Երեւույթը հասնում է նույնիսկ անհեթեթության: Օրինակ, լսում ու կարդում ենք` «ցանկացած հիվանդության դեպքում…», «ցանկացած ավթովթարի պարագային…», նույնիսկ` «ցանկացած մահվան դեպքում…»: Այսպես գրող-մրոտողներն ու ցաբռտողները երեւի ցանկանում են հիվանդացնել ու մեռցնել հենց հայոց լեզուն:
Մեկ այլ վայրագություն է ռուսերենի «տՏսցփՌՑՖրÿ» բայի «ստացվել» պատճենումը: Կարդում ենք ու լսում. «Փորձում եմ խուսափել խցանումից: Չի ստացվում»: Սիրելիներս, ի՞նչ չի ստացվում: Հայերենով պետք է ասել` «չի հաջողվում»: Մեկ այլ հոշոտում է «ստացվել» բայի գործածությունը «պատահել»-ի փոխարեն. օրինակ` «Ստացվեց այնպես, որ նստեցի նրա կողքին»: Պետք է ասել ու գրել` «Պատահեց այնպես, որ …»: Կարելի է նույնիսկ «այնպես»-ը զեղչել:
Հայոց լեզվում եւս մեկ մոլախոտ է «խոսք է գնում» ռուսաբանությունը: Հայը լինելիական ժողովուրդ է: Եթէ ռուսների կամ այլոց մոտ խոսքը կարող է «գնալ», «գալ» եւ այլն, հայոց մոտ խոսքը կարող է միայն «լինել»: Հետեւաբար, պետք է օգտագործել «Խոսքը այսինչի մասին է» ձեւը, եւ ոչ թե «խոսքը գնում է այսինչի մասին»:
Մի այլ արտառոցություն-ավելորդություն է «բանը (հարցը, եւ այլն) նրանում է, որ…» (ռուսերենի «ՊպսՏ Չ ՑՏՎ, փՑՏ…»-ն): Հայերեն ճիշտ ձեւն է` «Բանն այն է, որ…»: Ավելի ճիշտ է ընդհանրապես դուրս գցել այս մոլախոտը հայերենից: Փորձեք այդպես անել եւ կնկատեք, որ ձեր ասելիքի իմաստից ոչինչ է պակասում:
Նույնպիսի ավելորդաբանություններ են եւ հայերենին անհարիր են «կայանում է նրանում», «իրենից ներկայացնում է», «հանդիսանում է» եւ նման արտահայտչաձեւերը: Մի անգամ փորձեք դրանք չգրել ու չարտաբերել, եւ կնկատեք, որ ձեր ասելիքի իմաստից նորից ոչինչ է պակասում:
Ի դեպ, կրկնակի ժխտումն էլ հայերենին հարիր չէ, սակայն չգիտենք ինչու, արդեն այնքան է համատարած դարձել, որ շիտակ խոսողը կամ գրողն է սխալ ընկալվում: Չի կարելի գործածել «ոչ մի բան չի հաջողվում» արտահայտչաձեւը. ճիշտ ձեւերն են` «ոչ մի բան է հաջողվում» կամ, նախընտրաբար` «որեւէ բան չի հաջողվում»:
Մեկ այլ ավելորդություն է կրավորական ձեւերի գործածումը, փոխան ուղիղ ձեւերի: Օրինակ` «Թուրքիայի կողմից զավթված…»: «Թուրքիայի զավթած…» ձեւը օգտագործելիս իմաստը փոխվո՞ւմ է: Ամենեւին: Այդպես նաեւ ավելի կարճ է:
Ի դեպ, հենց «օգտագործել» բայն էլ է գործածվում սխալ իմաստներով: Այս բարդ բառը կազմված է երկու արմատից` «օգուտ» եւ «գործ»: Հետեւաբար, անհեթեթ է բացասական իմաստ արտահայտող նախադասություններում «օգտագործել»-ի գործածումը: Օրինակ` լսում ենք ու կարդում` «սառը զենքի օգտագործմամբ սպանեց…», «թմրեցուցիչի օգտագործումը վնասակար է», «դաժան ծեծի ենթարկեցին բռունցքների օգտագործմամբ…»: Ծիծաղելի է, չէ՞: Նման պարագաներում պետք է օգտագործել միայն եւ միայն «գործածել»-ը:
Հետեւաբար, եկեք ճիշտ օգտագործենք հայոց լեզուն եւ դեն նետենք այնտեղ «հանգրվանած», «ձվադրած» ու բազմացող մակաբույծներին` ո’ր լեզվից էլ դրանք թափանցած լինեն մեր սուրբ լեզվի մեջ:
Եկեք ազգովի հայանանք:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: