Արարատ
23.01.2004
«Մի՛ փնտրեք ողջեր մեռելներուն մեջ»
Աստուծո Միածինը
Նկատի ունենալով, աշխարհի տարողությամբ, հայագիտության մեջ պարզված վերջին տարիներու իրողությունները, ամիսներ առաջ, ի շարս այլոց, գրած էինք. «Մենք լուրջ մտավախություն ունինք, որ հենած իրենց տեղացի համախոհներուն վրա, ամերիկյան հայագետները պիտի փորձեն «Հայկական դիմադրություն» համակարգի հիմնասյուներեն եղող հայկական ազգային պատմագիտության պարիսպը խորտակել, կամ, առնվազն, մեծ ճեղքեր բանալ անոր մեջ, չարաշահելով հայրենաբնակ հայագետներու մեծագույն մասի կյանքի ողբերգական պայմանները» (տե՛ս մեր «Առճակատումը սկզբունքային-հայեցակարգային է, ոչ թէ տեղայնական» հոդվածը, «Արարատ», Բեյրութ, 28 մարտ – 4 ապրիլ 2003, էջ 5)։ Ուրիշ հրապարակման մը մեջ դիտել տված էինք, թե 2003-ի սեպտեմբերի կեսերուն Երեւանի մեջ տեղի ունենալիք Հայագիտական միջազգային առաջին համաժողովի «բուն նպատակը մեկն է՝ հայագիտության ամերիկյան դպրոցի…ՀՀ-ի մեջ ներկայության բացահայտման հռչակումն ու հայագիտության ազգային դպրոցի ջախջախումը իր սեփական օջախին մեջ իսկ» («Մտորումներ հայագիտութեան համաժողովին ընդառաջ», «Զարթօնք», Բեյրութ, 13 մայիս 2003, էջ 2)։ Մեր այս կանխատեսումները, ցավոք, իրականացան։ Ադոր առաջին մեծ դրսեւորումներեն մեկն եղավ 9 դեկտեմբեր 2003-ի հետմիջօրեին Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության կազմակերպված տապալումը ՀՀ Գիտություններու ազգային ակադեմիայի Պատմության հիմնարկին մեջ, որով հայագիտության ապազգային դպրոցի ու վերջինիս անդրծովյան տերերուն կարկառուն դեմքերը կկարծեն, թե գլխատած կըլլան հայագիտության ազգային դպրոցը ի՛ր իսկ բնօրրանին մեջ։ Քանի մը խոսք Արմեն Այվազյանի մասին։ 1964-ին ծնած Ա. Այվազյանը 1990-ականներու սկիզբը եղած է ԵԱՀԿ Մինսկի խումբին մոտ ՀՀ-ի պատվիրակության ղեկավար. ներկայիս, ան Մատենադարանի ավագ գիտաշխատող է, Երեւանի պետական համալսարանին մեջ պատմության, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանին մեջ՝ քաղաքագիտության դասախոս, պատմական գիտություններու թեկնածու։ Հեղինակն է բազմաթիվ գիտական հոդվածներու եւ ութը մենագրություններու, որոնց շարքին՝ 1998-ին Երեւանի մեջ լույս տեսած «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» գիրքին, ուր ան կմերկացնե ամերիկյան հայագիտության կեղծարարությունները եւ կապացուցե անոնց՝ աշխարհաքաղաքական նպատակներու ծառայեցումը։ Բնական է, որ այս գիրքը հառաջ պիտի բերեր հայագիտության ամերիկյան դպրոցի ու անոր դաշնակից աշխարհասփյուռ նպաստընկալներուն կատաղի հակազդեցությունը, որը կշարունակվի արդեն հինգ տարի… Ավելորդ չէ այստեղ նշել, որ այս մենագրությունը լույս տեսած է ԵՊՀ-ի Պատմության բաժանմունքի Գիտական խորհուրդին որոշումով, որու այն ատենվան նախագահ Բաբգեն Հարությունյանն այսօր Այվազյանի գաղափարական հակառակորդներու գլխավոր պարագլուխներեն մեկն է… Ահա թե ո՛ւր կրնա հասնիլ ոմանց բարոյական անկումը…
Վերադառնանք ատենախոսության հրապարակային պաշտպանության։
ՀՀ ԳԱԱ Պատմության հիմնարկի նիստերու դահլիճը լեփ-լեցուն էր, շատերը նույնիսկ ոտքի կանգնելու տեղ ճարելու դժվարություն ունեին։ Ներկաներուն մեջ կային ուսանողներ,դասախոսներ, հասարակական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ եւ գիտնականներ, որոնց շարքին՝ ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանը (երբեմնի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ) եւ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը։
Հետաքրքրությունը մեծ էր հատկապես այն պատճառով, որ ըստ տարաձայնությանց, նախօրոք որոշված էր տապալել Ա. Այվազյանի ատենախոսության պաշտպանությունը, այդպիսով իբր զորավոր հարված հասցնելով ամերիկյան ճնշումներուն հակադարձել փորձող քանի մը խելագար հայագետներուն։ Հստակ էր, որ պատվեր կար դուրսեն՝ մեկուսացնել Այվազյանն ու անոր գաղափարակիցները։ Ա՛յդ էր նաեւ Ամերիկայի Հայագետներու ընկերակցության 24 հուլիս 2002-ի հայտարարության բուն էությունը։
Պաշտպանությունը, որը կձայնագրվեր ու կտեսագրվեր, տեւեց ավելի քան 5 ժամ։Մատենադարանը (ուր Այվազյան երկար տարիներու տքնաջան աշխատանքով պատրաստած է իր ատենախոսությունը), առաջատար կազմակերպություն1 ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնը (վարիչի պաշտոնակատար՝ պատմական գիտություններու դոկտոր Բաբգեն Հարությունյան), Պատմության հիմնարկի Միջին դարերու պատմության բաժինը(վարիչ՝ ակադեմիկոս Հրաչ Բարթիկյան) ու երեք պաշտոնական ընդդիմախոսները2 հաճախ տրամագծորեն հակառակ գնահատականներ կուտային Արմեն Այվազյանի «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» վերնագիրով ատենախոսությանը, զոր 2003-ի գարնանը առանձին գիրքով լույս տեսավ Երեւանի մեջ։ Մինչ Մատենադարանը եւ ընդդիմախոսներեն ակադեմիկոս Մանվել Զուլալյանը շատ բարձր գնահատեցին ատենախոսությունը, մյուս ընդդիմախոսները՝ պատմական գիտություններու դոկտորներ Վալտեր Դիլոյանն ու Էդիկ Դանիելյանը ավելի զուսպ էին իրենց գնահատականներուն մեջ։ Այդուհանդերձ, բոլոր ընդդիմախոսները իրենց կարծիքի ավարտին կմիջնորդեին Մասնագիտական խորհուրդին3 առջեւ՝ Ա. Այվազյանին շնորհելու պատմական գիտություններու դոկտորի գիտական աստիճանը։
Հայրենաբնակ պատմաբաններուն համար գաղտնիք չէ, որ պատմագիտական ուղղություններու հարցերով Ակադեմիային մեջ տերն ու տիրականը Ակադեմիայի փոխնախագահ, հիշյալ Մասնագիտական խորհուրդի նախագահ, գիտական շրջանակներուն մեջ «Ակադեմիայի գորշ կարդինալ» անունով հայտնի, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն է, իսկ ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին ու պատմության
1 Առաջատար կազմակերպություն կկոչվի գիտական այն մարմինը, ուր կղրկվի ատենախոսությունը՝ քննարկվելու եւ գնահատվելու համար։
2 Թեկնածուական ատենախոսությանց պաշտոնական ընդդիմախոսները երկու հոգի կըլլան, որոնցմե գոնե մեկը պետք է գիտություններու դոկտոր ըլլա։ Դոկտորական ատենախոսությանց պարագային՝ պայման է երեք ընդդիմախոսի առկայությունը, ընդ որուն՝ երեքն ալ պետք է գիտություններու դոկտոր ըլլան։
3 Ատենախոսություններու պաշտպանությունները կկայանան հրապարակայնորեն, Մասնագիտական խորհուրդներու առջեւ, որոնց անդամները կնշանակե ՀՀ-ի Բարձրագույն որակավորման հանձնաժողովը՝ տվյալ գիտական ոլորտի ճանչցված մասնագետներեն, թեեւ ԽԾԲ (խնամի-ծանոթ- բարեկամ) եւ այլ գործոններ երբեմն ավելի որոշիչ կըլլան։ բաժանմունքին մեջ՝ հիշյալ Մասնագիտական խորհուրդի փոխնախագահ Բաբգեն Հարությունյանը։ Հիշյալները, չափազանց սերտ կապեր ունենալով արտասահմանի կեղծարար հայագիտական «տիտաններուն» հետ, իհարկե, պիտի հաճոյանային վերջիններուս՝ տապալելով Ա. Այվազյանին, իրենց կառքին լծելով իրենցմե կախյալ (պաշտոնի բերումով եւ/կամ ֆինանսապես) գիտնականները, հատկապես՝ հիշյալ Խորհուրդին անդամներն ու մայր համալսարանին դասախոսները։ Վերջիններուս համար իսկապե՛ս որ ծանր է. մեկ կողմեն՝ խիղճը, մյուս կողմեն՝ անգործ մնալու ահավոր հեռանկարը։ Նմանապես, շատ ծանր է դեռ վերջերս Պատմության հիմնարկի տնօրեն նշանակված ու դոկտորական ատենախոսություն պաշտպանած, հակումներով դաշնակցական Աշոտ Մելքոնյանի վիճակը. մեկ կողմե՝ խիղճն ու ինքզինք ազգային հայտարարող կուսակցության նկատմամբ հավատարմությունը, մյուս կողմե՝ արտասահմանի բարեկամները չվշտացնելու խնդիրը, գումարած՝ նախանձը։ Եւ այս բոլոր զգացմունքներն ու աղտոտ հաշիվները ջուրի երես ելան այս պաշտպանության ժամանակ։ Մասնագիտական խորհուրդի նախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն ու Խորհուրդի քարտուղար, պատմական գիտություններու թեկնածու Կարեն Խաչատրյանը փորձեցին ընթացակարգային խախտումներ անցկացնել՝ Այվազյանին ճզմելու համար։ Թվարկենք ընթացակարգային հիմնական խախտումները.
1. ՀՀ ԲՈՀ-ի կանոնադրությամբ, բոլոր կարծիքները, գրավոր տեսքով, պետք է ատենախոսին հանձնված ըլլան Խորհուրդի քարտուղարին ձեռքով, պաշտպանութենեն ոչ ուշ, քան տասը օր առաջ։ Տվյալ պարագային, Միջին դարերու պատմության բաժինին՝ նոյեմբերի 4-ին պատրաստ կարծիքը Այվազյանին փոխանցված էր մեկ շաբաթ առաջ՝ 2 դեկտեմբերին։ Ավելի արտառոց էր ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին վարքը. ամբիոնը բարեհաճե՜ր էր ատենախոսության քննարկումը կատարել 3 դեկտեմբերին ու իր կարծիքը ատենախոսին հանձնել 4 դեկտեմբերին։ Այս ուշացումները դիտավորյալ էին, որպեսզի Այվազյանը ժամանակ չունենար գիտական պատշաճ մակարդակով պատասխանելու անոնց մեջ նշված քննադատություններուն։
2. Ռիչըրդ Հովհաննիսյանի երեւանյան երկրպագուներեն պատմական գիտություններու դոկտոր Էմմա Կոստանդյանը, չես գիտեր որո՞ւն հաճոյանալու համար, գրավոր կարծիք գրած էր (վստահաբար՝ խիստ բացասական), որը փորձվեցավ Այվազյանին փոխանցել…պաշտպանության նիստին ժամանակ։ Այվազյանի վճռական մերժումին հանդիպելով, նիստին նախագահող Վլ. Բարխուդարյանը դիմեց պաշտպանությանը ներկա եղող, ՀՀ ԲՈՀ-ի փոխնախագահ, բանասիրական գիտություններու դոկտոր Լիլիթ Արզումանյանին, որը բավարարեց Այվազյանի մերժումը։ Բազմաթիվ անտեղի, թույլ հիմնավորված կամ չհիմնավորված քննադատություններ կպարունակեր Պատմության հիմնարկի Միջին դարերու պատմության բաժինին կարծիքը։ Այվազյանին նկատմամբ անբարյացակամության դրսեւորում էր այս բաժինին կողմե Այվազյանին իմաց չտալը բաժինին մեջ քննարկման օրվան մասին, ինչը անգիր կանոն է։ Ցավալի է արձանագրել, որ այս բաժինը, ուր կան ակադեմիկոս եւ գիտություններու դոկտորներ ու թեկնածուներ, «ազգայնականություն» եզրի սահմանումը շփոթեր էր «ազգայնամոլության» հետ։ Սա «մանրուք» թվացող մանրամասնություն մըն է, բայց շատ բան կբացահայտե, եթե նկատի ունենանք ամերիկյան աշխարհակուլ բռնակալության հիվանդագին մոտեցումը ամեն «ազգայնականի» նկատմամբ… Հիշյալ բաժինը իր կարծիքին մեջ մինչեւ իսկ ժպրհած էր ցեխ նետել Մատենադարանին վրա, «զարմանք» հայտնելով, թե Մատենադարանը ինչպե՞ս թույլ տված է իր ներսը նման անորակ (sic!) աշխատություն պատրաստել… Փաստորեն, բաժինը կասկածի տակ դրած էր Մատենադարանի կարծիքին անաչառությունը։ Շատ ավելի դատապարտելի էր առաջատար կազմակերպություն հանդիսացող ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին կարծիքը։ Հիշյալ ամբիոնը, իր երբեմնի վարիչ, այս Մասնագիտական խորհուրդի անդամ, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի առաջարկությամբ, 19 դեկտեմբեր 2001-ին որոշում ընդունած էր՝ ամերիկյան հայագիտության հակահայկական ու հակագիտական նկրտումները դատապարտող, իսկ այժմ, անդրովկիանոսյան հայագիտության «Տրովադայի ձիերեն» Բաբգեն Հարությունյանի ճնշման տակ, ամերիկացի «բոսերուն» հաճոյանալու վարքագիծ կտանի՝ ամերիկյան առատության եղջյուրեն որոշակի ակնկալիքներով (ոմանց համար՝ ուսանողներեն գանձվող կաշառքը երեւի բավական չէ՝ «լավ» ապրելու համար)։ Սույն ամբիոնը դույզն իսկ դրական բան չէր գտած Այվազյանի ատենախոսության մեջ, եւ առանց գիտական որեւէ հիմնավորման ճամարտակություններ եւ դատողություններ ընելով՝ կմիջնորդեր Մասնագիտական խորհուրդին մոտ՝ Այվազյանին դոկտորի աստիճան…չշնորհել։ Ավելին, ամբիոնի՝ հայտնապես հապճեպորեն եւ բազմաթիվ սխալներով գրված կարծիքի ավարտին կար անսովոր նորություն մը. կհայտնվեր__________, որ ամբիոնի այս պաշտոնական կարծիքին կողմ է քվեարկեր ամբիոնի տասը դասախոսներեն իննը, իսկ մեկը՝ ձեռնպահ (մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ վերջինս Գեղամ Բադալյանն է)։ Այս «նորույթը» մեկ օղակն էր պաշտպանության տապալման նախօրոք գծված սենարիոյին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այս ամբիոնի վարիչի պաշտոնակատար Բաբգեն Հարությունյանն ու երկու դասախոսներ Մասնագիտական խորհուրդի անդամ են։ Ի դեպ, մեկ ուրիշ «մանրուք». Խորհուրդի քարտուղար Կարեն Խաչատրյանն ու նախագահ Վլ. Բարխուդարյանը փորձեցին խախտել Ա. Այվազյանի հետ պայմանավորվածությունը՝ Միջին դարերու պատմության բաժինի կարծիքին փոխարեն անկե առաջ ընթերցելով ամբիոնին կարծիքը՝ Այվազյանին հոգեպես ճզմելու համար։ Վերջինս ձախողության մատնեց անոնց այս նկրտումը եւս։ Ան իր պաշտպանությունը գերազանց էր պատրաստած՝ հակառակ իրեն «շնորհված» 4-5 օրերուն՝ կարգով նախատեսված առնվազն 10 օրվան փոխարեն։ Ան մեծ մասամբ չընդունեց ատենախոսությանն ուղղված քննադատությունները բոլոր վերոհիշյալ կարծիքներուն մեջ, անոնց պատասխանեց մեկ առ մեկ՝ իր պատասխանները հիմնավորելով համապատասխան աղբյուրներե մեջբերումներով, գիտական լուրջ եւ տրամաբանական կուռ փաստարկներով։ Ան հիմնահատակ ջախջախեց ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնին կարծիքը՝ ապացուցելով անոր անհիմնությունն ու կանխամտածվածությունը՝ շատ նեղ դրության մատնելով իր սկզբունքային-հայեցակարգային հակառակորդները։ Պաշտպանության ընթացքին զուգահեռ, Մասնագիտական խորհուրդի անդամներեն ոմանց վիճակը հետզհետե կծանրանար, քանի որ Այվազյանը հստակորեն կապացուցեր իր նկատմամբ անբարոյական մոտեցման առկայությունը։ Կ. Խաչատրյանը փորձեց իր կատաղությունը թափել ներկա խուռներամ բազմության վրա, վերջինիս այվազյանամետ անթաքույց համակրանքը «քաղաքական շոու» հայտարարելով, թեեւ ի՛նք էր, որ իր խորհրդակիցներեն ոմանց նման, քաղաքական պատվեր կկատարեր։ Իսկ լիովին անճրկած Աշոտ Մելքոնյանը արտառոց, մինչ այդ չլսված բան (իր իսկ խոսքով՝ «կոմպրոմիս», այսինքն՝ փոխզիջում) առաջարկեց՝ Այվազյանի ատենախոսության համար Մասնագիտական խորհուրդի անդամներուն քվեարկությունը ուրիշ օրվա հետաձգել (կարծԵք ներկաները արեւելյան բազար եկած ըլլային, ուր կարելի է ամեն ինչ սակարկել)։ Այվազյանը կտրականապես մերժեց այս առաջարկը, նախընտրելով ջուրի երես հանել ամբողջ խայտառակությունը, քան ստոր գործարք կնքել գիտական աստիճաններ ունեցող խումբ մը անբարոյականներու հետ։ Վերջիններս, հայտնապես կատղած Այվազյանի հաստատակամութենեն, շարունակեցին մինչեւ վերջ հասցնել իրենց սկսած աղտոտ խաղը։ Պահեր եղան, երբ մթնոլորտը այնքան շիկացավ, որ տիկ. Արզումանյանը ստիպված էր միջամտել նիստի ընթացքին, բոլորը կարգի հրավիրել եւ, ի հեճուկս նիստին նախագահող Վլ. Բարխուդարյանի, ընթացակարգային որոշ հարցեր տեղվույն վրա լուծել։ Տիկ Արզումանյանն ինչ իմանար, թե «Գորշ կարդինալը» ընթացակարգային մեկ այլ խախտում եւս կատարած էր՝ չհրապարակելով Մայր աթոռ Ս. Էջմիածինեն ստացված կարծիքը ատենախոսության վերաբերյալ։ Արդարեւ, հիշյալ պարոնը, որը նաեւ Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդի անդամ է (այսքան հզօր լծակ-պաշտոններ շատ չե՞ն մեկ հոգիի, այն ալ՝ հիշյալ պարոնին նման մեկու մը համար, որը միշտ պաշտոնի վրա է բոլոր վարչակարգերու եւ բոլոր նախագահներու ժամանակ), շաբաթներ առաջ ատենախոսությունը ղրկած էր Ս. Էջմիածին, անոր կցելով նամակ մը, ուր ան Մայր աթոռին կհուշեր բացասական կարծիք հայտնել։ Մայր աթոռը, բարեբախտաբար, չինկավ այս թակարդը։ Իր պատասխանին մեջ, Մայր աթոռը կհայտներ, որ դավանաբանական առումով, ատենախոսությունը որեւէ հակասություն չունի Հայ եկեղեցվո պաշտոնական դավանաբանության հետ, իսկ պատմական առումով՝ ինքը իրավասու չէ կարծիք հայտնել։ Ահա այս պատասխանն էր, որ Բարխուդարյան չհրապարակեց, քանի որ, այլապես, ավելի՛ պիտի պարզվեր, թե ո՛ւր է թաղված շան գլուխը…
Կարծիքներու ընթերցումեն ու անոնց հետեւած ատենախոսի պատասխաններեն ետք, ելույթ ունեցան Մասնագիտական խորհուրդի շուրջ 10 անդամներ, նաեւ՝ ակադեմիկոսներ Ռ. Ղազարյանն ու Ս. Արեւշատյանը։ Ակադեմիկոսներ Մանվել Զուլալյանն ու Հրաչիկ Սիմոնյանը կոչ ըրին Խորհուրդի անդամներուն՝ քվեարկելու «խղճով», Այվազյանի նմաններուն մեջ տեսնելով «մեր պատմագիտության հուսալի ապագան»։ Հր. Սիմոնյանը անբարոյական որակեց 1999-2003-ի կեսեր ժամանակահատվածին իր վարած ամբիոնին կարծիքը։ Ան ուղղակիորեն հայտարարեց, թե Այվազյանի նկատմամբ բացասական վերաբերմունքն անմիջական հետեւանքն է ամերիկյան հայագիտության կեղծարարությունները մերկացնող ու խարազանող անոր գիրքին։ Այվազյանի հակառակորդները, մասնավորաբար Բաբգեն Հարությունյանը, չընդունեցին այս տեսակետը, թեեւ բոլորին ալ ակնհայտ է այս ճշմարտությունը։ Իրենց ելույթներուն մեջ, թե՛ ատենախոսությունը եւ թե՛ ատենախոսին մինչ այսօր գիտական գործունեությունը բարձր գնահատեցին Խորհուրդի անդամներեն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտություններու դոկտոր Մհեր Կարապետյանը, պատմական գիտություններու դոկտոր Վլադիմիր Ղազախեցյանը եւ «Պատմաբանասիրական հանդես» եռամսյա պարբերականի գլխավոր խմբագիր, ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը։ Ցավոք սրտի, Խորհուրդին մյուս անդամները չանսացին «խղճով, գիտական ազնվությամբ եւ ոչ վրեժխնդրությամբ» քվեարկելու հորդորներուն։ Մասնագիտական խորհուրդը իր կազմեն ընտրեց քվեարկության Հաշվեքննիչ հանձնաժողով, եւ բոլորը, բացի Խորհուրդին անդամներեն, դուրս եկան սրահեն։ Փակ, գաղտնի քվեարկությունը պարզեց հետեւյալ արդյունքը՝ 7 թեր, 8 դեմ եւ 3 անվավեր քվե։ Երբ այս արդյունքը հայտարարվեցավ վերստին սրահ մտած ներկաներուն, ամեն կողմե լսվեցան վարկաբեկիչ արտահայտություններ՝ «Թուրքե՛ր», «Ամո՛թ ձեզ», «ստորնե՛ր, սրիկանե՛ր»… Ակադեմիկոս Վ. Միքայելյանն ալ չկրցավ կիրքը զսպել ու նետեց Խորհուրդի՝ Այվազյանին հակառակորդ անդամներուն երեսին. «Թքե՛լ եմ ձեր վրա»…
Հաղթեցին անբարոյականությունն ու անսկզբունքայնությունը, նաեւ՝ ամերիկյան հակահայկական հայագիտությունը։Ինչպես կսպասվեր, հակազդեցությունը այս բացահայտ անարդարության՝ չուշացավ։Հաջորդ օրը, ակադեմիկոսներ Վ. Միքայելյանն ու Հր. Սիմոնյանը հանդես եկան ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Ա. Թռչունյանին ուղղված «Հայտարարությունով», ուր կըսվի, որ նախորդ օրը կայացած նիստը իրենց «մի անգամ եւս» այն համոզման է բերած, «որ այդ Խորհրդում ստեղծված մթնոլորտը թույլ չի տալիս կատարել գիտական հարցերի անկողմնակալ քննարկում եւ լուծում», որու արդյունքով, անարժաններու գիտական աստիճաններ կշնորհվին, մինչդեռ «փակվում է ճանապարհը շնորհալի երիտասարդ կադրերի առջեւ»։
Ստորագրողները նիստի ղեկավարը, այսինքն՝ Վլ. Բարխուդարյանը կմեղադրեն կամայականության մեջ։ Իրենց հայտարարության ավարտին, երկու ակադեմիկոսները «անիմաստ» կգտնեն իրենց «հետագա մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին»։
Հինգշաբթի, 11 դեկտեմբերին, երեւանյան չորս պարբերականներ գրեցին այս աղաղակող անարդարության մասին. Ա. Հ. [Արմեն Հակոբյան], «Վրեժխնդրությո՞ւն էր»
(«Հայոց աշխարհ»), Գեւորգ Յազըճյան, « «Իսկական պաշտպանություն» Պատմության ինստիտուտում» («Ազգ»), Արսեն Ալթունյան, «Աննախընթաց ատենախոսության աննախընթաց տապալումը» («Նովոյե վրեմիա»), անստորագիր, «Ո՞վ է պատվիրած Արմեն Այվազյանին» («Գոլոս Արմենիի»)։ Վերջինս, հակիրճ տեղեկատվության ավարտին, կխոստանար իր մոտակա թիվերուն մեջ անդրադառնալ «այս ամոթալի պատմության»։«Հայոց աշխարհը» իր 12 դեկտեմբերի թիվին մեջ հրապարակեց նույն Արմեն Հակոբյանի հարցազրույցը Հր. Սիմոնյանի հետ՝ «Դա վրեժխնդրություն է եւ խայտառակություն միաժամանակ»՝ մեկնաբանության չկարոտող վերնագիրին տակ։
Մեր ունեցած տեղեկություններով, իսկապե՛ս խայտառակ այս նիստին ներկա, ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հովհաննես Ասրյանն ու երկու անդամները զեկուցագիր մը պատրաստած են այս մասին, իսկ Մատենադարանն ալ կպատրաստվի պաշտոնական բողոք ներկայացնել ՀՀ ԲՈՀ-ին։
Կսպասվի, որ «Գոլոս Արմենիի»-ն իր 16 դեկտեմբերի թիվին մեջ երկարորեն անդրադառնա այս «ամոթալի պատմության»։Այս զարգացումները տակնուվրա ըրած են ՀՀ-ի պատմագիտական շրջանակները,մասնավորաբար՝ 9 դեկտեմբերի ներկայացման գլխավոր դերակատարները, որոնց համազգային խայտառակություն կսպասե (ինչին հաճույքով պիտի մասնակցինք)։ Վիճակը ա՛լ ավելի կբարդանա այն փաստով, որ 19 դեկտեմբերին կսպասվի այսօրվան դրությամբ ԵՊՀ-ի Պատմության բաժանմունքի տնօրենի (դեկան) պաշտոնակատար, ոչինչով աչքի ինկող Էդիկ Մինասյանի դոկտորական ատենախոսության «պաշտպանությունը»։ Վերջինիս հաջող ավարտը ա՛լ ավելի երեւան պիտի հանե հայրենական պատմագիտության մեջ տիրող անբարոյականությունը, թեեւ բացառված չէ, որ այս միջոցառումը հետաձգվի կամ չկայանա։
Ա. Այվազյանի գիրքին դեմ «Հայկազեան հայագիտական հանդէսին» մեջ զազրախոսական «գրախոսությամբ» հանդես եկած ամերիկահայ կեղծարար ու ապազգային հայագետ Լեւոն Ավդոյանը ՀՀ-ի Ակադեմիան «մեռելածին կառույց» կհայտարարեր4։ 9դեկտեմբերի այս խայտառակությունը ապացուցեց Ավդոյանի…ճշմարտացիությունը։
Աստուծո Միածինը ըսած էր նաեւ. «Ձգե՛, որ մեռելնե՛րը թաղեն մեռելները»։
Երեւան, 14 դեկտեմբեր 2003 Գեւորգ Յազըճյան
պատմական գիտություններու թեկնածու
4 Ի դեպ, Ակադեմիան եւ անոր հիմնարկները մինչեւ օրս չեն պատասխանած իրենց հասցեին տարիներ առաջ հնչած այս «հաճոյախոսության», ինչը եւս մեկ վկայություն է այս գիտական կառույցի ղեկավարությանց մեջ տիրող ապառողջ բարքերուն մասին։
Հ. Գ. «Գոլոս Արմենիի» թերթի 16 դեկտեմբերի համարին մեջ լույս տեսավ թերթի գլխավոր խմբագիրի տեղակալ Լեւոն Միքայելյանի «Հատուկ պատվեր Մասնագիտական խորհուրդին» վերնագիրով հրապարակումը։ Անկե կիմանանք, որ Մատենադարանն արդեն իր բողոքագիրը ՀՀ ԲՈՀ-ին ղրկած է։__
Թողնել պատասխան