Թուրքական պատմակեղծարարության տարածումը ՀՀ-ում

by

Լուսանցք
18.12.2009

Վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հատուկ ուշադրություն են դրսեւորում Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամն ու հատկապես նրա աշխատակից Այբարս Գյորգյուլյուն։ Նա մասնակցել է Երեւանում տեղակայված Կովկասյան ինստիտուտի՝ Ստամբուլում 2008 թ. օգոստոսի 1-4-ին կազմակերպած “Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը” կոնֆերանսին եւ այնտեղ զեկուցում կարդացել “Թուրքիա-Հայաստան հարաբերությունները. հավիտենական փակուղի՞” վերնագրով (ի դեպ, էջատակի ծանոթագրությամբ հայտնվում է, թե այս զեկուցման որոշ մասեր նախապես հրապարակվել են (էջ 124)՝ առանց հստակեցնելու, թե դրանք որտե՞ղ եւ ե՞րբ են հրապարակվել)։ Կոնֆերանսի զեկուցումները լույս է ընծայել կազմակերպիչ ինստիտուտը՝ Երեւանում, 2008թ. նշումով, իր ղեկավարի՝ Ալեքսանդր Իսկանդարյանի խմբագրությամբ, անգլերեն լեզվով։ Կոնֆերանսի կայացմանն ու այս ժողովածուի հրատարակությանը օժանդակել են ՄԱԿ-ը եւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը։

Խմբագիրն իր ներածական խոսքի ավարտին տպել է մի “Հրաժարում” (Disclaimer), ուր նա հայտնում է, թե “այս հատորում տեղ գտած զեկուցումներն արտահայտում են իրենց հեղինակների կարծիքները եւ ոչ Կովկասյան ինստիտուտի, ՄԱԿ-ի, ՇԶՀԳ-ի կամ այլ կազմակերպությունների – ներառյալ՝ նրանց, որոնց առնչված են հեղինակները – կարծիքները” (էջ 6)։

Այս “Հրաժարումով”՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող եւ նույնիսկ ուրացող տեսակետներ ՀՀ-ում տարածելու համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է արվում։ Այդ հանցագործությունը կատարել է հատկապես Ա. Գյորգյուլյուն իր հիշյալ զեկուցման մեջ, ինչը եւ Ալ. Իսկանդարյանն ու նրա ղեկավարած ինստիտուտը ի զուր փորձում են պարտակել “Հրաժարում”-ով՝ դառնալով հանցակից։

Մի կողմ թողնենք Գյորգյուլյուի զեկուցման մեջ տեղ գտած պատմական եւ քաղաքագիտական բացահայտ սխալները, ինչպես հայության՝ մինչեւ 1991թ. սեպտեմբերն առհասարակ որեւէ պետականությունից զուրկ լինելու աղաղակող խեղաթյուրումը հենց զեկուցման ամենասկզբում (էջ 124), Ալեքսանդրապոլի պայմանագրի վերագրումը 1921թ.՝ փոխան 1920թ. (էջ 126, ի դեպ, հեղինակը Կարսի պայմանագիրը հիշատակում է Ալեքսանդրապոլի պայմանագրից առաջ, մինչդեռ երկրորդը նախորդել է առաջինին ավելի քան 10 ամսով), որ Թուրքիա-ՀՀ սահմանների փակված լինելը չի նշանակում “էմբարգո” կամ “շրջափակում”, այլ կարելի է դա բնորոշել իբրեւ “տնտեսական պատժամիջոց” (էջ 131) եւ այլն։ Հենց միայն առաջին փաստը՝ մինչեւ 1991թ. հայոց պետականազուրկ լինելու հերյուրանքը կասկած չի թողնում, որ մենք գործ ունենք թուրքական կեղծարարության հերթական “փայլուն” ներկայացուցչի հետ, կեղծարարներ, որոնց աշխատանքները կազմակերպում, համակարգում եւ ֆինանսավորում է թուրքական պետությունը՝ ի դեմս Ազգային հետախուզության կազմավորման (ՄԻԹ) 6-րդ գլխավոր վարչության՝ Հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչության։

Իր զեկուցման մեջ, դիտարկելով Թուրքիա-ՀՀ վերջին 17 տարիների հարաբերությունների պատմությունը, Գյորգյուլյուն բազմիցս անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, երկկողմանի հարաբերությունների վրա Հայոց ցեղասպանության “պնդումներին” հատկացնելով մի ամբողջ բաժին (էջ 132-134)։ Թուրք հեղինակը բոլոր դեպքերում այս արտահայտությունները տեղադրում է չակերտներում, ինչը նշանակում է, որ նա առնվազն կասկածի տակ է դնում այս պատմական փաստը կամ նույնիսկ ուրանում նրա գոյությունը։ Ավելի շեշտելու համար իր ուրացումը, Գյորգյուլյուն Հայոց ցեղասպանության իր շուրջ 40 հիշատակումներից 6-ում գործածում է “Հայոց ցեղասպանության պահանջներ, պնդումներ” (claims) արտահայտչաձեւը, եւս 6-ում՝ “Հայոց ցեղասպանության անհիմն պնդումներ” (allegations), 9-ում՝ “Հայոց ցեղասպանության խնդիրը” (issue) բառակապակցությունը (որն ունի հեգնական երանգ), մյուս հիշատակումներում խուսափելով որոշակի որակումներից՝ պահպանելով հանդերձ չակերտները։ Հեղինակը թաքուն հրճվանքով նշում է, որ “Հայաստանում չկա հատուկ օրենք, որը քրեականացնում է “Հայոց ցեղասպանության” ուրացումը” (էջ 133-134)։
Փաստորեն, երեւանյան այս հրատարակության միջոցով, հենց ՀՀ-ում ենթահող է ստեղծվում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող թուրքական ուրացողական պետական քարոզչության տարածման համար։ Այս անշնորհակալ, այլեւ դավաճանական գործին իր նպաստն է բերում հատկապես Կովկասյան ինստիտուտը՝ արտասահմանյան փողերից սնվելով։
Ո՞ւր է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՞ւր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ո՞ւր են եւ ի՞նչ են անում ՀՀ պատմաբանները, պատմագիտական կենտրոնները, ՀՀ կուսակցությունները եւ բազմահազար հասարակական կազմակերպությունները։ Ո՞ւր է, վերջապես, հենց ինքը՝ հայ ժողովուրդը…

ՀՀ եւ առհասարակ աշխարհի հայությանը տեղեկացնելով վերոհիշյալի մասին` հայտարարում ենք, որ շարունակելու ենք հետապնդել եւ մերկացնել հայկական միջավայրում գործող բոլոր 5-րդ զորասյուներին, մասնավորաբար՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի ենթարկողներին եւ շարունակելու ենք նրանց կանչել պատասխանատվության՝ այսօր եւ միշտ եւ հավիտյան։

Գեւորգ Յազըճյան
Պատմ. գիտ. թեկնածու,
Հայ ազգայնականների համախմբում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: