Հայոց Առնչված Արաբերեն Հրատարակություններն Իրար Հաջորդում Են Եգիպտոսում

by

Ազգ
05.06.2009

Եգիպտոսում ՀՀ դեսպանության, Կահիրեի ՀԲԸՄ մասնաճյուղի ղեկավարության, նրա տրամադրության տակ գտնվող «Սաթենիկ Ճ. Չագըր» հիմնադրամի եւ ընդամենը մեկուկես տարի առաջ հիմնված` Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայկական հետազոտությունների կենտրոնի (ԿՀ ԲՖ ՀՀԿ) համագործակցությունը տալիս է իր փայլուն արդյունքները: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Կահիրեում լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները. 

— Եգիպտոսում ՀՀ դեսպանության մամուլի գրասենյակը փետրվարին թողարկել է դեսպանության «Ախբար Արմինիա» («Հայաստանի լուրեր») պարբերականը` Ա-4 չափի 4 էջ (0.5 տպ. մամուլ) ծավալով: Պարբերականի առաջին համարն ունի երկու ներդիր հավելված` յուրաքանչյուրը նույն չափի 2 էջ ծավալով. առաջինը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի զրույցն է արաբական աշխարհում մեծ կշիռ ունեցող եգիպտական մեծագույն օրաթերթի` «Ալ Ահրամի» հետ, երկրորդը խորագրված է` «Հակիրճ տվյալներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»: Համարի նյութերը վերաբերում են փետրվարի վերջին օրերին Էդ. Նալբանդյանի Եգիպտոս, Սիրիա եւ Լիբանան կատարած պաշտոնական այցերին: Տպագրությունը գունավոր է (հրատարակչի ուշադրությանն ենք հանձնում, որ ՀՀ պետական զինանշանում առյուծների հետնաբեմի գույնը պետք է լինի կարմիր, արծիվներինը` կապույտ եւ ոչ թե ընդհակառակը):

— Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայկական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, երկար տարիներ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայ-արաբական պատմական հարաբերությունները» ուսումնասիրությունը: Վերջինս հեղինակի` հիշյալ կենտրոնի բացման հանդիսության ժամանակ ընթերցած դասախոսությունն է: Ա-5 չափի 52 էջ, տպարան «Նուպար», Կահիրե, 2008: Գրքույկի «Մուտքը» հեղինակել է Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր Ահմեդ Զայեդը, իսկ «Ներածությունը»` Եգիպտոսում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների թեկնածու (այժմ՝ դոկտոր) Ռուբեն Կարապետյանը: Բուն ուսումնասիրությունը գրավում է գրքույկի 7-47-րդ էջերը, որոնց հաջորդում են հեղինակի կենսագրությունը, գիտական հետաքրքրությունների թեմաները եւ հրատարակված մենագրությունների մի ցանկը: Ուսումնասիրության մեջ հակիրճ ներկայացվում է հայ-արաբական հարաբերությունների պատմությունը Տիգրան Մեծի օրերից մինչեւ մեր օրերը, շեշտվում, թե այդ հարաբերությունները կրել են հիմնականում բարեկամական բնույթ (հասկանալի պատճառներով, հեղինակը միայն հարեւանցիորեն է անդրադարձել Հայաստանի արաբական գրավման դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին 7-10-րդ դարերում եւ Կիլիկիայի հայկական պետության ժամանակ հայ-եգիպտական (մեմլուքյան) պատերազմներին):

— ԳՀ ԲՖ ՀՀԿ-ի առաջին հրատարակությունն է Կահիրեի հայերեն «Արեւ» թերթի նույնանուն արաբերեն ամսական հավելվածի խմբագիր, երիտասարդ հայագետ, պատմական գիտությունների թեկնածու Մուհամմեդ Ռիֆաթ ալ Իմամի «Հայերը, Արեւմուտքը եւ իսլամը. ոճրագործներ, զոհեր եւ ամբաստանյալներ» խորագրված հատորը: Ա-5 չափի 164 էջ, տպարան «Նուպար», Կահիրե, 2008: Հեղինակն իր այս մենագրությունը նվիրել է իր կնոջը` «այս աշխարհի եւ անդենականի հուրիին» (էջ 3): «Մուտքի» հեղինակն է հրատարակիչ կենտրոնի տնօրեն, գիտությունների դոկտոր Զեյնաբ Աբու Սիննան: Տպված եւ անտիպ արխիվային փաստաթղթերի, տարբեր լեզուներով մենագրությունների, բազմաթիվ երկրների պարբերական մամուլի չափազանց հարուստ աղբյուրային հիմքի վրա հեղինակը ներկայացնում, քննարկում եւ վերլուծում է 1890-ականների հայկական ջարդերի մեջ կրոնական գործոնի շահագործումը թե՛ հայերի, թե՛ թուրքերի եւ թե՛ մանավանդ Արեւմուտքի տերությունների կողմից, ինչի հետեւանքով` հայ-թուրքական ազգամիջյան հակամարտությունը հաճախ ներկայացվում էր որպես կրոնական հակամարտություն քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ: Հեղինակն ամեն կերպ աշխատում է իբրեւ կրոն իսլամը անմեղսակից ներկայացնել հայոց նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդի եւ նրա ձեռքին գործիք դարձած մոլեռանդ մուսուլմանների գազանություններից` իր այս սեւեռուն գաղափարին ծառայեցնելով այնպիսի դատողություններ ու եզրահանգումներ, որոնք մոտենում, երբեմն էլ համընկնում են թուրքական կեղծ պատմագիտության տեսակետներին: Օրինակ, ըստ ալ Իմամի, «Օսմանյան պետությունը տարբեր դավանանքների եւ ցեղերի հանդուրժողական գոյակցության վարչական տիպարի օրինակ է տվել» (էջ 133), իբր հայերը բռնի կրոնափոխության չեն պարտադրվել, քանի որ իսլամը մերժում է բռնությամբ կրոնափոխությունը եւ այլն (հեղինակը բացառություն է համարում քրիստոնյա ընտանիքներից արու երեխաների բռնախլումը` դեւշիրմեն, էջ 139): Մեր համոզումով, հեղինակը կրոնական հարցում արաբների հանդուրժողականությունը անհիմն կերպով տարածել է թուրքերի վրա` նսեմացնելով իր ուսումնասիրության հիրավի բարձր գիտական մակարդակը: Ալ Իմամը պետք է խուսափեր այս մոտեցումից: Այդուհանդերձ, մենագրությունը գիտական ուշագրավ հավելում է հայոց պատմության, մասնավորաբար Հայոց ցեղասպանության վերաբերյալ արաբերեն գրադարանի մեջ:

— ԳՀ ԲՖ ՀՀԿ-ի հաջորդ հրատարակությունը 2008-ի ապրիլի 29-ին այս կենտրոնում կայացած գիտաժողովում հնչած զեկուցումներն ընդգրկող «Արաբ-հայկական հարաբերությունները. անցյալը եւ ներկան» խորագրով ժողովածուն է: 17.5 x 24 սմ. չափի 186 էջ, Կահիրե, 2009, տպարան «Նուպար», հովանավոր` Կահիրեի ՀԲԸՄ: Խմբագիրն է Մուհամմեդ Ռիֆաթ ալ Իմամը: Նա նաեւ ներածականի հեղինակն է (բովանդակության ցանկում սխալմամբ տպագրվել է դեսպան Ռուբեն Կարապետյանի անունը, էջ 185): Ներածականում նա հայտնում է, թե գիտաժողովին զեկուցումներով մասնակցել են ուսումնասիրողներ եւ գիտնականներ Եգիպտոսից, ՀՀ-ից, Սիրիայից եւ Լիբանանից, որոնց զեկուցումները հիմնականում կենտրոնացել են երկու առանցքների շուրջը` ա. հայ-արաբական հարաբերությունները` հատկապես միջին եւ նոր դարերում, բ. արաբական աշխարհի, մասնավորաբար Եգիպտոսի, Երուսաղեմի, Սիրիայի ու Լիբանանի հայկական գաղթօջախների դերը: 16 զեկուցողներից տասը արաբներ են, վեցը` հայեր: Զեկուցումները վերաբերում են Հայաստանի արաբերեն վիմագրություններին, հայոց պատմության, հայ գրականության, Հայ եկեղեցու պատմության, բարձրագույն կրթության եւ հարակից բնագավառներում հայ-արաբական առնչություններին:

«Արաբ-հայկական հարաբերությունները. անցյալը եւ ներկան» ժողովածուն կարեւոր եւ շնորհակալ ներդրում է արաբական հայագիտության եւ հայ-արաբական գիտական գործակցության ասպարեզում:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: