ՀՀ հանրակրթական դպրոցի բնույթը ապազգային է

by

15.07.2009

«Լուսանցքը» ս.թ. հոկտեմբերի 9-15-ի համարում Աստղինե Քարամյանի գրչով արծարծեց մի հույժ կարևոր հարց՝ ՀՀում կրթության էության խնդիրը՝ «Ապազգային դպրոց. Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը» վերնագրի տակ։ Իմ համոզմամբ՝ վերնագրում կա հակասություն. Արդարև, իսկական հայկական կրթակարգը չի կարող խեղել հայի, առավել ևս՝ հայ երեխայի հոգեբանությունը, այլ ընդհակառակը՝ կամրապնդի մեր նոր սերունդների՝ իբրև հայ անհատ ձևավորման ընթացքը։ Հետևաբար, ճիշտ կլիներ վերնագրում «Հայկական կրթակարգը» բառերը փոխարինել «ՀՀ կրթակարգը»-ով, մանավանդ որ 2004թ. գարնանն «ընդունված» այդ փաստաթուղթն էլ զուրկ է ազգային բնութագրիչից և պաշտոնապես կոչվում է «Հանրակրթության պետական կրթակարգ»։
Ա. Քարամյանը շատ ճիշտ և տեղին քննադատում է հայ երեխայի ապազգայնացմանն ուղղված անգլերեն դասագրքի փաստը։ Ցավոք, այդ փաստերն այնքան շատ են ՀՀ այսօրվա դպրոցում, որի դիմաց միջնադարի հեղինակը կասեր՝ «զո՞րն ասեմ, զո՞րը խոստովանիմ»։
Եվ սա զարմանալի չէ երբեք, քանի որ հենց վերոհիշյալ «Հանրակրթության պետական կրթակարգ» փաստաթուղթն ինք է «օրինականացրել» այս ամբողջ ապազգայնացումը, թեև մինչ այդ փաստաթղթի ընդունումն էլ ՀՀ կոչվող իբրև թե անկախ պետությունում գործող կրթակարգը աշոտբլեյանների, սերգեյերիցյանների ու նման ապազգային-հակազգային մարդանման էակների դավերով արդեն մեծ առաջընթաց էր արձանագրել ապազգայնացման ուղու վրա։
Այդ տարիներին աշխատում էի ՀՀ կառավարության առընթեր մի կառույցում, որի ղեկավարը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հանձնարարություն էր ստացել ուսումնասիրել կրթակարգի նախագիծը և կարծիք հայտնել։ Տողերս ստորագրողը սիրով համաձայնեց խորքային ուսումնասիրության ենթարկել կրթակարգն ու նրա շուրջ, հաճախ բեմականացված «քննարկումները» ու իր կարծիքը ներկայացնել իր պետական հիմնարկի ղեկավարության։ Այդ կարծիքը բացասական էր (բերվում է ներքևում)։ Փաստաթուղթը մեկ շաբաթ անց քննարկվեց հիմնարկի փորձագետների շրջանակում, և մի քանի ոչ էական փոփոխություններով փոխանցվեց վարչապետին։ Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, նժդեհական ցեղակրոնությունից բարբառող կուսակցության ղեկավար վարչապետի գլխավորությամբ, նույնությամբ հաստատեց Համաշխարհային բանկի հովանավորությամբ «մշակված» կրթակարգը։ Երբ հետագայում հարցրեցի իմ պատրաստած և հիմնարկի փաստորեն վավերացրած կարծիքի նկատմամբ ՀՀ կառավարության, մեղմ ասած, թքած ունենալու մասին, ինձ պատասխանեցին, թե ՀԲ հայաստանյան կառույցի ղեկավարները ՀՀ վարչապետին սպառնացել են կրթակարգը նույնությամբ չընդունելու դեպքում վերանայել ՀՀին տրամադրվող վարկերի չափերն ու մարման ժամկետները։
Այսքանից հետո, կարելի՞ է ասել, թե ՀՀ-ն անկախ պետություն է…
Ի դեպ, կրթակարգը ընդունվելուց հետո շուրջ հինգ տարի դա կիրառության դրվեց կրթության և գիտության ՀՅԴ անդամ նախարարների օրոք, իսկ այսօր իր հաղթական երթն է շարունակում հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ… Այս փաստերից հետո կարելի՞ է դեռ խոսել ՀՀԿ և ՀՅԴ «ազգայնական» կուսակցություններ լինելու մասին…
Մյուս կողմից, այսօր ՀՀում գործող կրթակարգը լիովին համահունչ է ՀԲ հովանավորած մեկ այլ ծրագրի, ըստ որի՝ ՀՀն 2020 թվականին պատկերացվում է իբրև ծառայությունների (այդ թվում հասկանալ նաև՝ մարմնավաճառության), զբոսաշրջության, բանկային համակարգի և թեթև արդյունաբերության երկիր։ Ընթերցողի ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ այս պատկերացման մեջ բացակայում են ազգային ու պետական անվտանգությունների համար այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը (որպեսզի պարենի հարցում կախված լինենք արտերկրից, մասնավորաբար՝ «բարի հարևան» Թուրքիայից) և գիտատար ճյուղերը (ծանր և քիմիական արդյունաբերություններ, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն)։ Այստեղից էլ՝ ՀՀ գիտական հսկայական ներուժի փոշիացմանն ուղղված դավաճանական քաղաքականությունը։
Մեր թշնամիները երևի մեզնից շատ շատերից ավելի լավ գիտեն, թե կարելի է որևէ երկրի ու հասրակության հիմքերը քանդել հատկապես հանրակրթության ու հանրային հեռուստատեսության միջոցով։ Ահա թե ինչու նրանք ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել այդ ռազմավարական նշանակության ոլորտները ու քանդում են, հա քանդում՝ մեզ, հատկապես նոր սերունդներին փորձելով վերածել մանկուրտի, ռոբոտի, կամ, առնվազն, ապազգային մարդանման ինչ-որ էակի։
Ա. Քարամյանի հետ ես ևս հնչեցնում եմ ահազանգը. »Անտարբեր չլինենք. երկրի ապագան դպրոցի ձեռքում է»։ Ես կավելացնեի՝ «Նաև մեր բոլորի, հատկապես մանկավարժների ու ծնողների ձեռքում է»։ Հետևաբար, խիզախ հայուհու հետ կոչ եմ անում իրենց երեխաների ու ազգի ճակատագրով մտահոգված բոլորին՝ դեն շպրտել ՀԲ փողերով տպված մեր դպրոցական դասագրքերում առկա բոլոր այլանդակությունները՝ մինչև ՀՀում կհաստատվի իսկական ազգային իշխանություն, որը կրթակարգը, նման դասագրքերը ու նրանց հեղինակներին կշպրտի հայկական մանկավարժության պատմության աղբանոցը։

Գևորգ Յազըճյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: