Մի՛ պղծեք «Արմենիա» սուրբ անունը

by

22.01.2008

Թվում է, թե «Արմենիա» պարտավորեցնող անունը պետք է համապատասխան վերաբերմունքով արտահայտվի: Սակայն մեր իրականության մեջ, ուր ամեն ինչ, նույնիսկ ամեն սրբություն ենթակա է դարձել առուծախի եւ խեղաթյուրման, այս անունը եւս ոմանք կարող են պղծել եւ այն էլ՝ հակազգային հեռահար նպատակներով:
Այստեղ չեմ անդրադառնալու «Արմենիա» կոչվող հեռուստաընկերության եթերով ամեն վայրկյան սփռվող խուժանային «հայերենին», թուրքա-ադրբեջանական մուղամները կապկող «հայերեն» երգերին եւ նման ապազգային ու հակազգային երեւույթներին: Դա առանձին թեմա է: Սակայն այն ինչ պատահեց ինձ եւ շատ շատերի հետ ս. թ. հունվարի 12-ի նկարահանման, այնուհետեւ «Արմենիայի» հունվարի 15-ի երեկոյան հեռասփռման հետ՝ թույլ չի տալիս ինձ լռել: Այս դեպքում՝ լռելն աններելի հանցագործություն էր լինելու նախեւառաջ իմ խղճի հանդեպ:
Արդարեւ, «Արմենիա» հեռուստաընկերությունն իր «Հեռուստադուել» ծրագրի այս տարվա առաջին հաղորդման համար թեմա էր ընտրել հայ-թուրքական հարաբերությունները՝ բարդագույն մի հարց, որն առնչվում է հենց ՀՀ եւ առհասարակ հայության գոյատեւման գերխնդրին: Երկամարտի (սա, ի գիտություն այս հեռուստածրագրի պատասխանատուների, «դուել» օտար բառի հայերենն է) էին հրավիրված Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ, Հայկոմկուսի շրջկոմի նախկին քարտուղար, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու քաղաքագիտության դոկտոր, պատմագիտության թեկնածու, «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Երկամարտիկների ինքնությունից ավելի, ինձ եւ շատերին «Արմենիայի» ստուդիա էր մղել թեմայի այժմեականությունն ու, ինչպես նշեցի, մեր գոյատեւման գերխնդրին ուղղակիորեն ու անմիջականորեն առնչումը՝ թեեւ ջերմաստիճանը մինուս տասից էլ ներքեւ էր ցույց տալիս Երեւանում: Սակայն հենց սկզբից հուսախաբ եղա, եւ ոչ միայն ես…
Նախ՝ եթե որեւէ մեկին հրավիրում եք, տարրական քաղաքավարությունը պահանջում է հանգստավետության նվազագույն պայմաններ ապահովել հրավիրյալի համար, այլապես՝ պետք չէ հրավիրել՝ չխայտառակվելու համար: Հրավիրողը իվերջո պատասխանատվություն է կրում հրավիրյալի ապահովության, առողջության եւն.ի համար: Բայց այս բոլորը ճիշտ են կենցաղավարության այս պարզ նորմերից հասկացողների համար: Այս իմաստով՝ ճիշտ հակառակին հանդիպեցինք «Արմենիայում».
1. Սրահը ջեռուցված չէր եւ ջերմաստիճանն այնտեղ մոտ էր զրոյին: Մի՞թե միլիոնների (արտարժույթով) եկամուտ ունեցող հեռուստատեսությունը չէր կարող մի քանի հազար դրամ էլեկտրաէներգիա ծախսել եւ սրահը նախապես ջեռուցել՝ թեկուզ ջեռուցման շարժական, «նախնադարյան» էլեկտրական սարքերով, որոնցից Հայաստանում եղել են նույնիսկ խորհրդային ժամանակներում: Սրահի ջերմաստիճանը բավական էր համոզելու ներկաներին, որ հեռուստածրագրի պատասխանատուները կատարյալ անլրջությամբ էին մոտեցել քննարկվող թեմային, ավելի շուտ՝ մարդկանց հրավիրել էին թամաշայի եւ իրենց բեմադրած խեղկատակությանը ֆոն ստեղծելու համար: Ավելին, իրենց այս բացթողումը քողարկելու նպատակով, ծրագրի հեղինակ Գեւորգ Ալթունյանը եւ ստեղծագործական խմբի այլ անդամներ ներկաներից պահանջեցին հանել գլխարկներն ու վզնոցները (խորին շնորհակալությո՜ւն նրանց, որ չպահանջեցին վերարկուները հանել): Եվ այդ պահանջը նրանք ասում էին վերջնագրային տոնով՝ սպառնալով անհնազանդներին վտարել սրահից: Բանը հասավ նրան, որ պր. Այվազյանից եւս պահանջեցին հանել վզնոցը, որ նա ստիպված էր կրել երկամարտի առաջին փուլից հետո՝ ամբողջովին չսառչելու համար, ինչն Այվազյանն իրավացիորեն մերժեց:
2. Մի պահ ենթադրենք, թե սրահը ջեռուցելն անհնար էր: Բայց միթե՞ անկարելի էր ներկաներին մեկական բաժակ թեյով հյուրասիրելը՝ նրանց «խաթրը» առնելու եւ գոնե մի քանի տասնյակ րոպե նրանց մարմինը տաքացնելու համար: Բնական է, որ շուրջ երեք ժամ տեւած նախապատրաստության եւ նկարահանման վերջում ներկաները «փետանային»: Անկասկած, նրանց մի զգալի մասը հաջորդ օրերն անցկացրեց անկողնում՝ տառապելով ցրտահարությամբ՝ «շնորհիվ» հեռուստահաղորդման ստեղծագործական անձնակազմի չափազանց վառ «ստեղծագործական» անփութության:
3. Սառչելու էլ լինեինք՝ իրավունք չունեինք սրահը թողնելու նկարահանման պահերին, քանի որ դա խստորեն արգելված էր, ինչպես եւ արգելված էին ռեպլիկներն ու ամեն տեսակի ուղղակի կամ կողմնակի փսփսուքները: Ներկաներին մեծահո՜գաբար «իրավունք» էին տվել միայն… ծափահարելու:
Հիմա անցնենք բուն երկամարտին:
Այստեղ եւս կային լրջագույն թերիներ, ավելի շուտ՝ հաղորդման կանխամտածված ուղղվածությունն ապահովելու բացահայտ քայլեր: Այսպես, հայտնի չէր, թե ինչ չափորոշիչներով էին ընտրվել չորս դատավորները: Մեր համոզմամբ, որեւէ դատական կազմի որեւէ անդամ պետք է բավարարի առնվազն երկու պարտադիր պայմանի՝ անաչառություն եւ բանիմացություն: Բացի Հայաստանի նկարիչների միության նախագահ պր. Կարեն Աղամյանից (այն էլ՝ վերապահությամբ), մյուս երեք դատավորների մոտ այս երկու նախապայմաններից առնվազն մեկը բացակայում էր ակնհայտորեն: Այսպես, 20-25 տարեկան մի երիտասարդ եւ մի երիտասադուհի, առաջինը՝ Էֆ. էմ. 107 ռադիոկայանի տնօրեն (այդ ռադիոալիքի վրա հեռասփռող հայաստանյան ռադիոների ջախջախիչ մեծամասնությունը, բացի «Վեմից», զզվելի երաժշտություն կամ զավզակություններ է հաղորդում), երկրորդը՝ կրոնագիտության ուսանողուհի, երկուսն էլ շատ հեռու հայ-թուրքական բարդագույն կնճռի (որից հաճախ գլուխ չեն հանում քաղաքականության մեջ թրծված գործիչներն անգամ) տարրական հարցերի իմացությունից: Իսկ չորրորդ դատավորն էր «Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանը, որն սկզբից մերժելի պետք է լիներ, քանի որ միանշանակորեն կողմնակալ էր: Դա «Հեռուստադուելի» պատասխանատուները գիտեին նախօրոք, քանի որ տիկ. Հակոբյանը անցյալ տարվա վերջին հյուրընկալվել էր հենց Գ. Ալթունյանի մոտ՝ պաշտպանելով առանց հայկական կողմի ներկայացվելիք նախապայմանների հայ-թուրքական հաշտեցման տեսակետը, որի սկզբունքային հակառակորդներից է պր. Այվազյանը: Այսինքն՝ առնվազն Ալթունյանը (հավանաբար նաեւ վերեւներում) ամեն ինչ արել էր Այվազյանի հակառակորդի «հաղթանակն» ապահովելու համար:
Նշենք եւս մեկ կարեւոր փաստ:
Հեռուստադիտողների մեծագույն մասի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ «Հեռուստադուել» հաղորդումը սփռվում է ուղիղ եթերով, մինչդեռ դա այդպես չէ: Սա կարելի էր հասկանալ, եթե չլիներ եւս մեկ փաստ՝ հեռախոսազանգերի հաշվառման շինծու, կեղծիք լինելը: Ես ու ինձ նման շատ շատեր, իմ կարծիքով՝ ամենաքիչը մի քանի հազար մարդ, փորձել են հեռասփռման պահին հայտարարված հեռախոսահամարներին զանգելով արտահայտել իրենց համաձայնությունը երկամարտի այս կամ այն մասնակցին: Ի զուր: Երկու հեռախոսահամարներն էլ համառորեն զբաղված էին ցույց տալիս: Հարց է ծագում. հաղորդման պատասխանատու պարոնա՛յք, եթե տեխնիկապես չեք կարող ապահովել հեռախոսազանգերի համաժամանկյա ստացումը, ինչո՞ւ եք այդ դեպքում հրապարակ իջել, ավելին՝ ստից-մտից թվերով հասարակությունը խաբում եք «զանգողների», իրականում՝ ձեր, ավելի շուտ՝ ձեր տերերի կողմնորոշումներով: Այդ ո՞ւմ եք էշի տեղ դրել՝ մե՞զ, թե՞ ինքներդ ձեզ: Թե՞ արդեն մտածում եք. ի՞նչ կա որ, եթե ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ այլուր թվանկարում են տարբեր ընտրությունների արդյունքները, մենք՝ «արմենիականներս» ինչո՞վ ենք պակաս…
Ներկաների եւ հեռուստադիտողների վրդովմունքն էր առաջացնում երկամարտիկների խոսքի եռուն ժամանակ դանակի պես իջնող «ընդմիջո՛ւմ» կտրուկ հրահանգը, երբ խոսողը փորձում էր կարեւոր տեսակետներ հայտնել կամ վերլուծություններ անել: Սա ի՞նչ էթիկա է, սա պարզապես անկրթություն է: Լա՛վ, մի պահ այդ անպատվությունն էլ կուլ տանք, ինչպես ստիպված արեցին նաեւ երկամարտիկները: Սակայն ոչ միայն վրդովեցուցիչ, այլեւ զայրացուցիչ է այն փաստը, որ հաղորդման մոնտաժման ժամանակ դուրս էիք թողել պր. Այվազյանի հույժ կարեւոր մի շարք փաստարկներ, որոնք ձեր կանխորոշված բեմադրությանն անհարիր էին ակներեւաբար: Սա՞ է ազնիվ մոտեցումը հրավիրյալների եւ հեռուստադիտողների նկատմամբ, սա՞ է անաչառությունը:
Նշենք պր. Այվազյանի ելույթի հիմնական մտքերից մկրատված մի քանիսը.
— Ա. Այվազյանը գրպանից հանելով ընթերցեց Իլհամ Ալիեւի՝ իր ժողովրդին ուղղած ամանորյա ելույթից մի հատված, որտեղ նա, հերթական անգամ, բացահայտորեն, շատ հստակ եւ չափազանց կոշտ կերպով արտահայտում է իր ռազմաշունչ տեսակետները. «Մենք երբեք զիջումներ չենք անի մեր տարածքային ամբողջականության հարցում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվի։ Ադրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդը երբեք դրան չեն համաձայնվի։ …[ընթացող] բանակցությունների էությունն այն է, որ ադրբեջանական բոլոր բռնագրավված տարածքներն ազատագրվեն զավթիչներից, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները՝ գաղթականները, վերադառնան այդ հողերի վրա, այդ թվում Լեռնային Ղարաբաղ։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որից անգամ մի քայլ չենք նահանջելու։ Որքան շուտ Հայաստանում հասկանան դա, այդքան լավ իրենց համար։ Մենք երբեք թույլ չենք տա ադրբեջանական հողի վրա հայկական երկրորդ պետություն ստեղծել։ Եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ուզում են ինքնորոշվել, ապա թող անեն դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իսկ եթե նրանք դա չեն ուզում, թող հեռանան Լեռնային Ղարաբաղից և իրենց երկրորդ պետությունն ստեղծեն այլ վայրում։ Ամեն դեպքում՝ ադրբեջանական հողի վրա հայկական երկրորդ պետության ստեղծումն անհնար է… մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք… Մենք ամրացնում ենք մեր բանակը, որպեսզի յուրաքանչյուր րոպե պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողերը զավթիչներից»:
Այստեղ ուշագրավ էր Գեւորգ Ալթունյանի հարցում-ռեպլիկը. «Պր. Այվազյա՛ն, ի՞նչ է, դուք ամանորի գիշերը նախագահ Քոչարյանի հեռուստատեսային ուղերձի փոխարեն Իլհամ Ալիեւի՞ն եք լսել»: Սա սովորական ռեպլիկ չէ, այլ լրիվությամբ տեղավորվում է այդ ելույթը եւ նման հայտարարությունները ՀՀում ամբողջովին անտեսելու, հայ հասարակությունը դրանց տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքից զրկելու՝ իշխանությունների, «ընդդիմության» ու սրանց մանկլավիկ ԶԼՄ-ների քաղաքականության մեջ, ինչի եւս մեկ փաստն եղավ Այվազյանի մեջբերած ալիեւյան սպառնալիքների մոնտաժում-հանումը «Արմենիայում»:
— ՀՀի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի նախապայմանները՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին, ադրբեջանցիների վերադարձը Արցախ եւ ազատագրված տարածքներ, Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդումից հրաժարումը, Թուրքիայից հողային որեւէ պահանջ չունենալու ՀՀ պաշտոնական հայտարարությունը եւն., որոնց վերջին շրջանին ավելացել է մի թուրք քաղաքական գործչի եւս մեկ պահանջը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժումը: Այս նախապայմանները եւս, որպես նախածրագրված սցենարի մեջ չտեղավորվող տեսակետներ, հանվել էին պր. Այվազյանի ելույթից:
— Պր Խ. Հարությունյանը պաշտպանում էր այն տեսակետը, թե ՀՀի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը կնպաստի հայ եւ թուրք հասարակությունների միջեւ փոխըմբռնման եւ նորմալ դրացիական հարաբերությունների հաստատմանը: Այս տեսակետը հնչեց նաեւ եթերում: Սակայն հանվել էր պր. Այվազյանի հակընդդեմ փաստարկը՝ այն իրողությունը, թե նախաեղեռնյան շրջանին հայերն ինտեգրված էին օսմանյան տնտեսական համակարգում, սակայն դա թուրքերին չխանգարեց (իմ կարծիքով՝ դա նույնիսկ խթանել է,- Գ. Յ.), որ հայոց ցեղասպանությունն իրագործեն: Պր. Այվազյանը մեր ժամանակակից պատմությունից բերեց ամենացցուն օրինակը. Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների տնտեսությունները ամբողջովին ինտեգրված էին Խորհրդային Միության տնտեսական համակարգում, սակայն դա ադրբեջանցիներին չխանգարեց իրականացնելու սումգայիթները, կիրովաբադներն ու բաքուները, չկանխեց արցախյան պատերազմը: Այս փաստարկները եւս, որպես հեռուստահաղորդման նախօրոք մշակված սցենարի հետ անհամատեղելի, հանվել էին հեռուստաեթերից:
Վերոնշյալ փաստերը բավարար են եզրակացնելու, թե «Հեռուստադուել» հաղորդաշարի՝ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Խոսրով Հարությունյան — Արմեն Այվազյան երկամարտը, հաղորդաշարի պատասխանատուների ու նրանց տերերի ցինիկ վերաբերմունքի պատճառով, հաղորդման նկարահանմանը ներկաների եւ հեռուստադիտողների արժանապատվության ոտնահարում էր, այլ ոչ թե հայ-թուրքական շատ բարդ հարցերի լուծումների որոնման ազնիվ փորձ: Դա քաղաքական պատվեր էր՝ քարոզելու հայ-թուրքական անգո բարեկամությունը, բթացնելու մեր ազգի զգոնությունը՝ ցեղասպանությունները կրկնել տալու համար: Վկա՛ ՀՀ բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունը, այն էլ՝ խոսրովհարությունյանների այդքան գովերգած Եվրոպայի հենց կենտրոնում, վկա՛ հայ-թուրքական խաղաղ գոյակցությանը հավատացած, դա ամենուրեք քարոզած եւ իր կյանքով հատուցած Հրանտ Դինքը:
«Հեռուստադուելի» ս. թ. հունվարի 12-ի նկարահանման ու մասնավորապես հունվարի 15-ի հաղորդման այս փաստերը ամոթալի են պարզապես, անթույլատրելի՝ որեւէ քաղաքակիրթ հասարակության մեջ:
Հիշյալ հաղորդումը մի անգամ եւս ապացուցեց, որ ՀՀում կան միայն տեսականորեն ազատ ԶԼՄներ, բայց չկա՛ անկախ ԶԼՄ:
Որեւէ անհատի եւ իրավաբանական անձի անկախությունը նախեւառաջ ներքին ազատության, հասարակության նկատմամբ հարգանքի եւ պատասխանատվության դրսեւորում է, հատկանիշներ, որոնք հիմնովին բացակայում են մեր ԶԼՄ-ների մեծագույն մասի, տվյալ դեպքում՝ նաեւ «Արմենիա» սուրբ անունը կրող հեռուստաընկերության մոտ:
Գեւորգ Յազըճյան
(հայրենաբնակ սփյուռքահայ լրագրող,
պատմական գիտությունների թեկնածու)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: