Ռուբեն Կարապետյան. «Սիրիայի Տեղն Ու Դերը Արաբ-Իսրայելական Հակամարտությունում (1946-2000)».

by

15.12.2009

Հրատարակություն Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայագիտական կենտրոնի, Կահիրե, 2008, 352 էջ (17 x 24 սմ.)

Արաբ-իսրայելական հակամարտությունը 20-րդ դարի, հատկապես նրա երկրորդ կեսի աշխարհի, մասնավորաբար Մերձավոր Արեւելքի խաղաղության մեծագույն սպառնալիքներից էր, որը տեղափոխվեց 21-րդ դար, թեեւ նրա երկու երեսակներ` եգիպտա-իսրայելականն ու հորդանանա-իսրայելականը կարծես վերջ են գտել երկու երկրների հետ կնքված խաղաղության համաձայնագրերով: Նույնը չի կարելի ասել նրա մյուս երեք հիմնական ուղղությունների` պաղեստինյանի, լիբանանյանի ու հատկապես սիրիականի մասին: Երեքից առաջին երկուքը ստեպ-ստեպ վերածվում են իսկական պատերազմի, ինչպես 2006թ. ամռանը Լիբանանում եւ 2008թ. վերջին ու 2009թ. առաջին օրերին` Գազայի հատվածում:

Արաբ-իսրայելական հակամարտությունը չափազանց բարդ ռազմաքաղաքական կնճիռ է` բազմաթիվ հայտնի ու անհայտ գործոնների ներթափանցումներով, նրա վրա միջազգային մյուս գլխավոր իրադարձությունների անմիջական ազդեցության հատկանիշներով: Հետեւաբար, հույժ դժվար խնդիր է գրել այս հարցի մասին: Ուրախալի է արձանագրել, թե այս մարտահրավերն ընդունել եւ հայկական արաբագիտության մեջ այս թեման համակողմանի ուսումնասիրելու առաջին փորձը կատարել է հայկական արեւելագիտության դպրոցի ճանաչված դեմքերից մեկը` գրքի հրատարակության ժամանակ պատմագիտության թեկնածու, Եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ու Արաբական պետությունների լիգայում եւ Աֆրիկյան միությունում ՀՀ ներկայացուցիչ, այնուհետեւ` դոկտոր ու Իտալիայում եւ Վատիկանում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը: Աշխատությունը հրատարակվել է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայագիտական կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմագիտության դոկտոր, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի խմբագրությամբ:

Գիրքը բացվում է բովանդակության ցանկով (էջ 5-7): «Ներածությանը» հաջորդում են հինգ գլուխներ` յուրաքանչյուրը բաղկացած մի քանի բաժիններից: «Վերջաբանից» հետո տեղ են գտել 10 հավելվածներ (էջ 290-330), որոնք այս հակամարտության վերաբերող երկկողմանի կամ բազմակողմանի-միջազգային փաստաթղթեր են, որոնց մեծ մասն առաջին անգամ է հրատարակվում հայոց լեզվով: Գիրքն ավարտվում է «Օգտագործված գրականության ցանկով» (էջ 331-352):

Ընդգրկված ժամանակաշրջանի 55 տարիների սկիզբը խորհրդանշում է Սիրիայի անկախությունը 1946թ. ապրիլին, իսկ ավարտը` երկրի 30 տարիների միանձնյա ղեկավար Հաֆեզ էլ-Ասադի մահը 2000թ. հունիսին:

«Ներածության» մեջ (էջ 8-13) հեղինակը շարադրում է աշխատության հիմնադրույթները: Նա համաձայն է ԱՄՆ երբեմնի պետական քարտուղար Հենրի Քիսինջերի կարծիքին, թե առանց Սիրիայի` անհնար է արաբ-իսրայելական հակամարտության վերջնական լուծումը (էջ 8, 10), ինչը հեղինակը համարում է իր մենագրության «կարեւորագույն եզրահանգումը» (էջ 10): Ռ. Կարապետյանը հիմնավորում է, թե խնդիրը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել Սիրիայում ազգայնական շարժման պատմությունն ու Պաղեստինի հարցի նկատմամբ Սիրիայի քաղաքականությունը: Այս բոլորը հարկավոր է դիտարկել տարածաշրջանում մեծ տերությունների քաղաքականության համաշարադրանքում: Նույնքան կարեւոր աղերսներ կան հիմնախնդրի եւ Սիրիայի արտաքին, մասնավորաբար պաղեստինյան ու լիբանանյան քաղաքականությունների միջեւ: Հեղինակն ապա գրում է իր օգտագործած աղբյուրների մասին, որոնք բավականին հարուստ են` հայկական, ռուսական, ամերիկյան, իսրայելական աղբյուրներ` արխիվային փաստաթղթեր, մենագրություններ, պարբերական մամուլ, նաեւ` համացանցում գտնվող տարբեր նյութեր: Բավական է ասել, որ բացի վերջին երկու աղբյուրներից, մյուսները կազմում են 356 միավոր` հսկայական մի թիվ նման աշխատանքի համար: «Ներածության» ավարտին Ռ. Կարապետյանն իրավամբ նշում է, որ այս խնդրի խոր իմացությունն ունի մեծ կարեւորություն հայության ու ՀՀ-ի համար, հատկապես նկատի ունենալով, որ ՀՀ անկախացումից հետո արաբական աշխարհի հետ նրա հարաբերությունների ամրապնդումը «ռազմավարական նշանակություն է ձեռք բերել մեր պետության համար» (էջ 13):

Առաջին գլուխը վերնագրված է «Սիրիան եւ արաբ-իսրայելական հակամարտության ծագումը» (էջ 14-60) եւ բաղկացած է երկու բաժնից, առաջինը` երեք ենթաբաժնով: Առաջին բաժնի վերնագիրը` «Սիրիական ազգայնականությունը եւ սիոնիստական գաղափարախոսությունը մանդատային շրջանում` 1920-1943թթ.», մեր կարծիքով, խոտոր է համեմատվում նրա «Օսմանականության ժամանակաշրջան» ենթաբաժնին հետ այն պարզ պատճառով, որ 1920 թվականին, երբ արդեն ավելի քան մեկ տարի Սիրիան ազատվել էր թուրքական չորսդարյա լծից, օսմանականության գաղափարը Սիրիայում ապրում էր իր հոգեվարքը: Առաջին բաժինը, ըստ էության, արաբական ազգայնականության ծննդոցի սիրիական հատվածի պատմությունն է, երբ Օսմանյան կայսրության ապակենտրոնացման կողմնակից արաբ բարեկարգիչների հայացքներին փոխարինեց արաբական միացյալ, անկախ պետության մեջ ապրելու գաղափարը, որ բուռն ծաղկում ապրեց երկրի` քառորդ դար տեւած ֆրանսիական մանդատի շրջանին: Արաբականության գաղափարախոսությունը բարձրացվեց պետական մակարդակի 1963թ. իշխանությանը Բաաս կուսակցության հասնելով ու մանավանդ, 1970թ. նոյեմբերի 16-ի «Ուղղիչ շարժումով» երկրի ղեկավար դարձած Հաֆեզ էլ-Ասադի իշխանության տարիներին, ինչը հեղինակը կոչում է «սիրիական արաբիզմ» (ճիշտը` արաբականություն,- Գ. Յ.) (էջ 44): Երկրորդ` «Իսրայել պետության ստեղծումը եւ նորանկախ Սիրիայի դիրքորոշումը պաղեստինյան հարցի նկատմամբ» վերնագրված բաժնում (էջ 45-60) ներկայացվում է մանդատային, ապա անկախացած Սիրիայի պետության հույժ բացասական մոտեցումը Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու սիոնական շրջանակների եւ մեծ տերությունների ծրագրին: Հեղինակը հակված է կարծելու, որ գործնապաշտ քաղաքականությունը (ռեալպոլիտիկը) սիրիացիներից պահանջում էր համակերպվել այս ծրագրին` հետագա ավելի մեծ վնասներից խուսափելու համար: Ռ. Կարապետյանն ըստ երեւույթին մոռանում է, որ հրեաների հիմնելիք պետության տարածքը արաբների համար իրենց հայրենիքի տարածք էր (այսօր էլ նրանց մեծ մասի համար` դեռեւս է), իսկ հայրենիքի հողի մի թիզն իսկ որեւէ մեկին չեն զիջում, նույնիսկ սեփական կյանքն են զոհաբերում վասն այդ սրբության պաշտպանության…

Երկրորդ գլուխը վերնագրված է «Սիրիան արաբ-իսրայելական պատերազմների հորձանուտում (1948-1967թթ.)» (էջ 61-113) եւ բաղկացած չորս բաժնից, որոնց մեջ քննարկվում են Սիրիայի մասնակցությունը 1948թ. արաբ-իսրայելական առաջին պատերազմին եւ նրա հետեւանքները, Սառը պատերազմի սկիզբը տարածաշրջանում եւ Արաբական Միացյալ Հանրապետության գոյառումն ու մահը (1958-1961թթ.) եւ Սիրիայի բաասական վարչակարգի գաղափարախոսության մեջ Իսրայելի ու սիոնիզմի դեմ պայքարը, 1967թ. հունիսի «վեցօրյա պատերազմը» եւ նրանում արաբների պարտության հետեւանքները Սիրիայի վրա: Ըստ Ռ. Կարապետյանի` 1940-1963թթ. Սիրիայի իշխանությանը տիրացած առաջնորդների համար, «Պաղեստինի խնդիրը ավելի շատ ներքին կայունությանը սպառնացող քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բազում խնդիրներից շեղելու միջոց էր» (էջ 61): Վարչակարգերը վախենում էին, որ երկիրն ու իրենց իշխանությունը կուլ կգնան Հորդանանի եւ Իրաքի հաշիմական թագավորությունների հռչակած «Մեծ Սիրիայի» ծրագրերին, մանավանդ որ երկրում կային այդ ծրագրերին կողմնակից քաղաքական ուժեր եւ աշիրեթներ: Հետեւանքն եղավ 1952թ. Եգիպտոսի իշխանությանը տիրացած արաբ երիտասարդ ազգայնական սպաների հաստատած վարչակարգի հետ մերձեցումը, որն ավարտվելու էր 1958թ. միացումով եւ ԱՄՀ-ի ստեղծումով` եգիպտացի Գամալ Աբդել Նասերի նախագահությամբ: Հեղինակը կարեւորում է 1948թ. պատերազմում սոցիալիստական Չեխոսլովակիայից Իսրայելի ստացած զենքի գործոնը պատերազմը հաղթական ավարտի հասցնելու մեջ, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, թե «ԽՍՀՄ-ն անուղղակիորեն վճռեց առաջին արաբ-իսրայելական պատերազմի բախտը» (էջ 64): Հեղինակը հետանկախական Սիրիայի քաղաքական կյանքը պարբերացնում է չորս հատվածների` 1946-1958, 1958-1961, 1961-1970, 1970-2000, այնուհետեւ գրում Սառը պատերազմի մերձավորարեւելյան դրսեւորումների մասին. ի հակադրություն անգլո-ամերիկյան դաշինքների, որոնց ընդգրկվեցին արաբական երկրներից Իրաքը, Հորդանանն ու Լիբանանում Շամունի վարչակարգը, Եգիպտոսն ու Սիրիան հակվեցին Խորհրդային Միության կողմը: Արաբական աշխարհի այս պառակտումն իր բացասական ազդեցությունն ունեցավ Իսրայելին դիմակայելու արաբական ուժականության մեջ: Ռ. Կարապետյանը Եգիպտոսի դեմ եռակողմ` անգլո-ֆրանս-իսրայելական պատերազմի «ամենակարեւոր արդյունքը» համարում է «Մերձավոր Արեւելքում եվրոպական` Անգլիայի եւ Ֆրանսիայի գերիշխանության դարաշրջանի ավարտը», ԱՄՆ-ի կողմից եվրոպական նահանջի ստեղծած վակուումի փակումն ու ԽՍՀՄ-ի հետ «ակտիվ դիմակայությունը» (էջ 80-81): Նույն պատերազմը Աբդել Նասերին «արաբական հերոս դարձրեց» եւ Սուեզի ջրանցքի ազգայնացման գործընթացը հասցրեց իր ավարտին (էջ 81): Հատկանշական է, որ Խորհրդային Միության նկատմամբ բարեկամական տրամադրված լինելով հանդերձ, արաբները չէին վստահում ո՛չ ԽՍՀՄ-ին, ո՛չ էլ ԱՄՆ-ին: Հեղինակը դիպուկ նկատել է տալիս, թե արաբները «մինչեւ օրս էլ չեն կարողացել հաղթահարել գերտերությունների նկատմամբ ունեցած իրենց բարդույթը (էջ 83), ինչպես նաեւ կարոտախտը «Սառը պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակներից եւ պայմաններից օգտվելու հնարավորությունների նկատմամբ» (էջ 84-85): Կարապետյանը նշում է ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության անարդյունավետության հիմնական պատճառը` Իսրայելի հետ ռազմաքաղաքական դաշնակցությունը եւ, միաժամանակ, արաբական երկրների հետ հարաբերությունների բարելավման ցանկությունը: Ըստ հեղինակի` «Պաղեստինի հարցը արաբական օրակարգ է մտել լրջորեն միայն» 1963-1964թթ.` Սիրիայում եւ Իրաքում իշխանության Բաասի հասնելուց եւ Պաղեստինի ազատագրության կազմակերպության ստեղծումից հետո (էջ 85). ավելին, հեղինակը սա համարում է Բաասի «ամենակարեւոր պատմական առաքելություններից մեկը» (էջ 90), ինչին նա նվիրել է երկրորդ գլուխի ողջ երրորդ բաժինը: Այստեղ նա եզրակացնում է, թե «Իսրայելի եւ նրա հովանավորների դեմ պայքարը համարվեց կուսակցության հիմնական նպատակներից մեկը» (էջ 93): Ռ. Կարապետյանը մեղադրում է Աբդել Նասերին` 1960-ականների կեսերին արաբ-իսրայելական լարվածության աճը հրահրելու եւ նախապատերազմական իրավիճակ ստեղծելու համար: Պատերազմը, հայտնի դարձած իբրեւ «Վեցօրյա պատերազմ», «պայթեց [Աբդել] Նասերի ինքնավստահության հետեւանքով սխալ հաշվարկված քայլերի պատճառով» (էջ 106): Պատերազմի ու Սիրիայի վրա նրա թողած հետեւանքներին է անդրադարձ լինում չորրորդ բաժնում: Հեղինակն իրավացի է արձանագրելով, թե 1967թ. պատերազմը «լրջագույն հոգեբանական հարված հասցրեց արաբական աշխարհին, որը կարողացավ իր ինքնավստահությունը մասնակի վերականգնել միայն 1973թ. պատերազմից հետո» (էջ 107, շղագրումը հեղինակինն է- Գ. Յ.): Պատերազմի արդյունքներից էին արաբական աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների աճը (քանի որ «ԱՄՆ-ը դարձավ Իսրայելի գոյության եւ անվտանգության հիմնական «հովանավորը», էջ 113), ԽՍՀՄ-ի ազդեցության մեծացումն ու Իսրայելի` տարածաշրջանում լուրջ ուժի վերածումը: Հույժ կարեւոր է հեղինակի անդրադարձը Խարթումում արաբական երկրների արտգործնախարարների 1967թ. օգոստոսի 26-ի խորհրդակցության ավարտին երեք «ոչ»երի վրա հիմնված բանաձեւին` ո՛չ Իսրայելի ճանաչմանը, ո՛չ նրա հետ բանակցություններին եւ ո՛չ նրա հետ խաղաղության: Հեղինակը գրում է նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի թիվ 242 բանաձեւի մասին, որ Իսրայելից պահանջում էր դուրս գալ գրաված տարածքներից, եւ որն մինչեւ այսօր սոսկական թղթի արժեք ունի միայն:

Մենագրության երրորդ գլուխը վերնագրված է «Սիրիայի քաղաքականությունը արաբ-իսրայելական հակամարտության խորացման պայմաններում (1967-1978թթ.)» (էջ 114-191) եւ բաղկացած է ութ բաժնից: Հեղինակը հաստատում է, թե ընդհանուր առմամբ, սիրիա-ամերիկյան ուղղակի միջպետական շփումները գրեթե բացակայում էին» 1967-1970թթ.-ին (էջ 117): Ավելին, ամեն կերպ օժանդակելով Իսրայելին, «Վաշինգտոնը ավելի շատ հարվածի տակ էր դնում իր իսկ սեփական շահերը արաբական աշխարհում» (էջ 118. մեր համոզումով` ամերիկյան այս սխալ քաղաքականությունն առ այսօր շարունակվում է- Գ. Յ.): Հատուկ բաժին նվիրված է ՊԱԿ-ի հետ Դամասկոսի հարաբերություններին, որոնք հատկանշվել են մեծ վայրիվերումներով, երբեմն նույնիսկ ռազմական առճակատումներով: Նշելով, թե «Սիրիան երբեք չի ցանկացել պատերազմ Իսրայելի հետ», հեղինակն անմիջապես ավելացնում է, որ արաբ-իսրայելական հակամարտության կրակը «անմար» պահելը բխել է Սիրիայի արտաքին եւ ներքին քաղաքական նկատառումներից (էջ 126): Սակայն, հենց ՊԱԿ-ին պաշտպանելու համար, 1970թ. սեպտեմբերին քիչ էր մնում պատերազմ ծագեր Սիրիայի եւ Հորդանանի միջեւ, երբ վերջինիս թագավոր Հուսեյնը դաժան հաշվեհարդար տեսավ երկրում տեղակայված պաղեստինցի զինյալների հետ: Այս մասին ավելի մանրամասն է գրվել հաջորդ բաժնում: Հորդանանում պաղեստինյան զինյալ ներկայության ավարտը նշանավորեց նույն ներկայության հույժ մեծացումն ու դրան ուղեկցած ներքին լարվածության սրացումը Լիբանանում, ինչպես եւ Սիրիայում Հաֆեզ էլ-Ասադի գլխավորած պետական հեղաշրջումը (այսպես կոչված «Ուղղիչ շարժումը»): Հեղինակը «անհիմն» է համարում պնդումները, թե Սիրիայի` Հորդանան ներխուժման ծրագրի ետին Մոսկվան է գտնվել (էջ 130): Հաջորդ էջերում վերլուծվում են Սիրիայի նոր ղեկավարի ներքին եւ արտաքին քաղաքականության որոշ գծերը. հեղինակը նրա «ամենակարեւոր ձեռքբերումը» համարում է «իր կառավարման ընթացքում կայունության ապահովումը», նաեւ` արաբական աշխարհում Սիրիայի աննախադեպ հեղինակության նվաճումն ու առանցքային դերակատարության ստանձնումը արաբ-իսրայելական հակամարտության մեջ (էջ 133): Հեղինակը մեջբերում է Իսրայելի հետ խաղաղության դիմաց էլ-Ասադյան պայմանները` ո՛չ միայն Գոլանի բարձրունքների վերադարձը Սիրիային, այլեւ պաղեստինցի ժողովրդի արդար իրավունքների ապահովումը, առաջին հերթին` պաղեստինյան պետության ստեղծումը, արեւելյան Երուսաղեմում արաբական գերիշխանության վերականգնումը եւ պաղեստինցի գաղթականների տունդարձը, նաեւ` Լիբանանի հարավում Իսրայելի գրաված տարածքներից նահանջը (մենագրության 252-253-րդ էջերում տե՛ս Հաֆեզ էլ-Ասադի հարցազրույցը «ալ-Ուասաթ» օրաթերթին), պահանջներ, որոնցից Իսրայելի իրարահաջորդ իշխանությունները երբեմն ցանկություն են հայտնում բավարարելու միայն առաջինը, այն էլ` սիրիական գերիշխանության էական սահմանափակումների պայմանով: Հեղինակն ընդգծում է, որ էլ-Ասադը հավատացած էր, թե կարելի է Իսրայելի դեմ պայքարում հաջողության հասնել ռազմական ուժի գերակայության շնորհիվ (էջ 137), ինչին եւ նա դիմեց Եգիպտոսի հետ. հետեւանքն եղավ արաբական նախաձեռնությամբ սկսած 1973թ. «Հոկտեմբերյան» պատերազմը, որին նվիրված է երրորդ գլխի հաջորդ բաժինը: Ըստ հեղինակի` Եգիպտոսն ու Սիրիան «փաստորեն ռազմական տեսանկյունից տանուլ տվեցին պատերազմը» (էջ 144), ընդ որում` «Սիրիան ավելի մեծ կորուստներ կրեց, քան Եգիպտոսը»` կորցնելով հավելյալ 600 քառ. կմ նոր տարածքներ (էջ 142): Այդուհանդերձ, արաբները շահեցին հոգեբանական տեսանկյունից, քանի որ վերականգնեցին ինքնավստահությունը, ինչպես նաեւ հօդս ցնդեցրին «Իսրայելի ռազմական անպարտելիության վարկածը» (էջ 143. դա դրսեւորվեց նաեւ 2006թ. ամռանը Հեզբոլլահի դեմ պատերազմում- Գ. Յ.): Սիրիայի համար, պատերազմն ունեցավ նաեւ մեկ ուրիշ դրական հետեւանք` աճեց նրա հեղինակությունը արաբական աշխարհում, ինչի հետ պարտավոր էր հաշվի նստել նույնիսկ ԱՄՆ-ը: Վերջինիս պետքարտուղար Հենրի Քիսենջերի «քայլ առ քայլ» քաղաքականությանն է նվիրված հաջորդ բաժինը: ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Իսրայելը, հետապնդեցին ոչ թե համաարաբական, այլ` Իսրայելի սահմանակից յուրաքանչյուր արաբական երկրի եւ պաղեստինցիների հետ խաղաղության անջատ համաձայնագիր կնքելու քաղաքական ռազմավարությունը, որը հետագայում հաջողություն ունեցավ Եգիպտոսի ու Հորդանանի հետ միայն, պաղեստինցիների հետ` միայն կիսատ-պռատ հաջողվեց, իսկ լիբանանյան ու հատկապես սիրիական ուղղություններում ձախողության մատնվեց: Հեղինակը նշում է քիսինջերյան քաղաքականության երեք հիմնական բացթողումները, որոնցից է նաեւ Սիրիայի գործոնի թերագնահատումը համապարփակ խաղաղության հասնելու գործընթացում (էջ 157) եւ Լիբանանի քաղաքացիական պատերազմում: Վերջինին էլ նվիրված է նույն գլխի հաջորդ բաժինը: Մեր համոզումով, լիբանանյան «ճահճի» գերհույժ բարդ ծալքերը հեղինակը հաջողել է հաղթահարել, իհարկե, կենտրոնանալով սիրիական դերակատարության վրա: Նա հատուկ շեշտում է եւ «անհերքելի փաստ» է հայտարարում այն, որ Լիբանանում սիրիական միջամտությունը կատարվեց ոչ թե «պաղեստինցիներին կամ էլ քրիստոնյաներին օգնելու, այլ Լիբանանը որպես քաղաքական միավոր փրկելու համար» (էջ 168): Վերջին բաժինը հատկացվել է եգիպտա-իսրայելական Քեմփ-Դեւիդի համաձայնագրի նկատմամբ Սիրիայի հույժ բացասական դիրքորոշումին: Հեղինակը շատ բարձր է գնահատում համաձայնագրի դեմ արաբական ընդարձակ համախմբում («Դիմակայության եւ հակազդման ճակատը») ստեղծելու գործում էլ-Ասադի առանցքային դերակատարությունը, հատուկ ընդգծելով, ԽՍՀՄ-ի նկատմամբ պարզորոշ թեքումով հանդերձ, գերտերությունների միջեւ հավասարակշռությունը պահպանելու եւ ստեղծված, անհուսալի թվացող իրավիճակներից «առավելագույն օգուտ կորզելու նրա հմտությունն ու վարպետությունը» (էջ 179): Հեղինակը փաստորեն համակարծիք է Սիրիայի նախագահի` եգիպտա-իսրայելական անջատ համաձայնագրին տված գնահատականին: Այս առնչությամբ, Ռ. Կարապետյանը հարց է տալիս. «Կարելի՞ է արդյոք հաջողություն համարել մի համաձայնություն, որը փակուղի տարավ մերձավորարեւելյան համապարփակ կարգավորումը, նոր բաժանումներ ստեղծեց տարածաշրջանում եւ է՛լ ավելի ամրապնդեց իսրայելական ծայրահեղական ուժերը» (էջ 188-189), եւ որը «խաղաղության փոխարեն ապակայունացում բերեց տարածաշրջանին» (էջ 189. նույն միտքը` նաեւ էջ 191-ում): Լիովին համաձայն ենք բաժնի (եւ գլխի) ավարտին հեղինակի եզրակացություններին, թե պայքարից Եգիպտոսի դուրս գալուց հետո, «Սիրիային վերապահվեց Իսրայելի հետ եթե ոչ պատերազմելու, ապա կայուն եւ վերջնական խաղաղություն հաստատելու մենաշնորհը», այնուհետ արաբ-իսրայելական լայնածավալ պատերազմի բացառումը, քանի որ «առանց Եգիպտոսի, այլեւս անհնար էր Իսրայելի դեմ պատերազմում ռազմական հաջողության հասնել» (էջ 190):

Չորրորդ գլուխը վերնագրված է «Քեմփ-Դեւիդը ծանր ժառանգություն` արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման ճանապարհին (1978-1991թթ.)» (էջ 192-238) եւ բաղկացած է չորս բաժնից, որոնցում քանարկվում են Սիրիայի մերձավորարեւելյան քաղաքականության հիմնախնդիրները Քեմփ-Դեւիդից հետո, 1982թ. Իսրայելի ներխուժումը Լիբանան, Թաիֆի համաձայնությունը եւ Pax Syriana-ի հաստատումը Լիբանանում եւ ԱՄՆ-Սիրիա հարաբերություններում ահաբեկչության, թմրադեղերի առեւտրի ու մարդու իրավունքների հիմնահարցերը: Հեղինակի կարծիքով, իսրայելյան ներխուժման հետեւանքով Լիբանանում ամերիկամետ, Իսրայելի հետ համաձայնության միտված (եւ 1983թ. մայիսի 17-ին դա իսկապես ստորագրած) վարչակարգի հաստատումը «ավելի լուրջ քաղաքական եւ ռազմական վտանգ էր պարունակում Սիրիայի համար, քան Քեմփ-Դեւիդի գործարքը» (էջ 213), դրա համար էլ Սիրիան փորձեց ամեն կերպ արգելակել վերոնշյալ համաձայնագրի կնքումը, իսկ կնքումից հետո աշխատեց ու հաջողեց տապալել դրա գործնականացումը: Հեղինակը ճիշտ է ախտորոշում, թե Լիբանանում ամերիկյան քաղաքականության անհաջողության ու անարդյունավետության հիմնական պատճառը այդ երկրում «Սիրիայի դերի անտեսումն ու թերագնահատումն» էր (էջ 219): Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացից Սիրիային մեկուսացնելու ԱՄՆ-ի մոտեցումը «է՛լ ավելի հեշտացրեց Ասադի խնդիրը` որեւէ զիջում չկատարել Լիբանանի հարցում» (նույն էջում): Մայիսի 17-ի համաձայնագրի կնքումով թուլացած նախագահ Ամին Ժեմայելը երբ հեռացավ իշխանությունից` սահմանադրական ժամկետի ավարտին, Լիբանանը հայտնվեց իշխանական վակուումի մեջ, որից Սիրիան լավագույնս օգտվեց ո՛չ միայն վերջնականապես թաղելով լիբանան-իսրայելական համաձայնագիրը, այլեւ Սաուդյան Արաբիայի Թաեֆ քաղաքում 1989թ. հոկտեմբերին կնքված ներլիբանանյան համաձայնությամբ (որը մեկ տարի հետո վերջ էր դնելու երկարամյա քաղաքացիական պատերազմին, ինչը հեղինակը համարում է համաձայնագրի «պատմական նշանակությունը», էջ 230), Լիբանանում դարձավ ամենահզոր արտաքին գործոնը, օրինականություն հաղորդեց Լիբանանում գտնվող իր «խաղաղապահ» զորքերին ու «իրավական տեսանկյունից հնարավոր դարձրեց Pax Syriana-ի հաստատումը Լիբանանում» (էջ 229): ԱՄՆ-ն ստիպված էր ո՛չ միայն ճանաչել Լիբանանում Սիրիայի հատուկ շահերի առկայությունը, այլեւ համագործակցել Սիրիայի հետ` Թաեֆի համաձայնության հասնելու համար: Գլխի վերջին բաժնում Ռ. Կարապետյանը կատարում է ուշագրավ դիտարկումներ, որոնց անհնար է չհամաձայնել: Այսպես, նա գրում է, թե «այսօր, «ժողովրդավարության» հաստատման ու «մարդու իրավունքների» պաշտպանության դրոշի տակ Վաշինգտոնը հետապնդում է իր սեփական աշխարհաքաղաքական շահերը» (էջ 236. ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են թաքցնել այս իրողությունը, որ երեխային իսկ հայտնի է նույնիսկ մոր արգանդում- Գ. Յ.): Միանգամայն ճիշտ է նաեւ հեղինակի այն տեսակետը, որ արաբական երկրներում իսկական ժողովրդավարության հաստատման դեպքում, դրանք «կվերածվեն իսլամական պետությունների` Իրանի օրինակով» (էջ 237. որպես օրինակ նշենք Համասի հաղթանակը Գազայի ժողովրդավարական հիմքով ընտրություններում, մի փաստ, որի հետ ԱՄՆ-ն չի ուզում հաշտվել…- Գ. Յ.):

Հինգերորդ գլխի վերնագիրն է «Սիրիան խաղաղության գործընթացի ակտիվ մասնակից (1991-2000թթ.)» (էջ 239-285) եւ բաղկացած է հինգ բաժնից, որոնցում քննարկվում են Սիրիայի մասնակցությունը Ծոցի երկրորդ (իրաքյան գրավումից Քուվեյթի ազատագրության) պատերազմին, Մադրիդի խաղաղության համաժողովին ու Սիրիայի եւ Իսրայելի միջեւ խաղաղություն հաստատելու փորձերին: Հեղինակը հարմար է գտել գլխի վերջին բաժնով անդրադառնալու Հաֆեզ էլ-Ասադի մահվամբ նրա դարաշրջանի ավարտին եւ 21-րդ դարի սկզբում Սիրիայի դիմագրաված ներքին ու արտաքին նոր մարտահրավերներին, որոնք թեեւ ըստ էության չեն մտնում մենագրության ժամանակային շրջանակում, այդուհանդերձ, ընթերցողին թույլ են տալիս պատկերացում կազմել հորից որդուն` Բաշշարին անցման փուլի մարտահրավերների մասին: Նշելով, թե «Ասադը համաձայնվեց միանալ [հակասադդամյան] դաշինքին միայն այն պայմանով, որ Իսրայելը չմասնակցի պատերազմին» (էջ 242), հեղինակը իրավացի է հայտնելով, թե Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի կողքին մասնակցությունն այդ դաշինքին` «վերջ դրեց Սիրիայի մեկուսացմանը արաբական աշխարհում եւ միջազգային ասպարեզում», ինչպես նաեւ իրականացնել «15 տարիների ընթացքում հետապնդած իր նպատակը` կառավարել Լիբանանը» (էջ 243): Սիրիան օգտվեց նաեւ ֆինանսապես` նավթով հարուստ արաբական երկրներից ստացած «նվերներով»: Հեղինակը կարողացել է ընթերցողին ներկայացնել Մադրիդում 1989թ. սկսած խաղաղության գործընթացի նուրբ եւ շատ բարդ ծալքերը, մակընթացություններն ու տեղատվությունները, մասնավորաբար իսրայելական իրարահաջորդ կառավարությունների խուսանավումները, եւ այդ բոլորի մեջ` Սիրիայի աներեր դիրքորոշումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա խարսխված «խաղաղություն հողի դիմաց» կարգախոսի հիման վրա: Մեր կարծիքով, հեղինակը պարտավոր էր իր տեսակետը արտահայտել, թե արդյո՞ք Իսրայելում ներքին պայմանավորվածություն չի եղել «աղավնիների» եւ «բազեների» միջեւ` խաղաղության գործընթացը տապալելու համար իշխանության բերելով կոշտ գծի կողմնակից Նաթանյահուին (դա կրկնվեց նաեւ մեկ տարի առաջ` դարձյալ ժամանակ շահելու իսրայելական խորամանկությամբ` քողածածկված Իսրայելում «ժողովրդավարական» ընտրությունների արդյունքներով…- Գ. Յ.): 275-րդ էջում հանդիպում ենք մենագրության հայկական միակ ուղղակի առնչության, երբ հեղինակը գրում է, թե Թուրքիայի հետ Սիրիայի հարաբերությունների էական բարելավումը բացասաբար ազդեց ՀՀ-ի հետ կապերի վրա, ինչը դրսեւորվեց Հայոց ցեղասպանության սիրիահայերի նշման պետական սահմանափակումներով, այդ մասին հրատարակված գրքերի տպագրության ու ներմուծման, մինչեւ իսկ տպագրվածների վրա արգելանքի հաստատումով, դիվանագիտական հարաբերությունների մակարդակը գործերի հավատարմատարի աստիճանի իջեցնելով եւ այլն (ցավոք, այս սահմանափակումները շարունակվում են առ այսօր, նույնիսկ ավելի են ընդլայնվել` Թուրքիայի հետ հարաբերությունների է՛լ ավելի ջերմացման զուգընթաց- Գ. Յ.): Հեղինակի համոզմամբ, խաղաղության գործընթացն ավարտվեց անարդյունք, «քանի որ Վաշինգտոնը անտեսել էր Դամասկոսի դերը եւ թերագնահատել Սիրիայի կարողությունները տարածաշրջանում» (էջ 276): Գրքի վերջին բաժնում հեղինակը համագումարի է բերում Հաֆեզ էլ-Ասադի շուրջ 30-ամյա իշխանության արդյունքները` Սիրիայի վերածումը «տարածաշրջանային կարեւոր ուժի», «բնակչության լայն զանգվածների տրամադրություններին» համապատասխանող արտաքին, այդ թվում` խաղաղության հաստատման վերաբերյալ` հետեւողականությամբ ու շարունակականությամբ հատկանշվող քաղաքականության վարումը` խուսանավելու «բացառիկ կարողություններով» հանդերձ (էջ 278): Հեղինակը ընդգծում է, որ Բաշշարը շատ հարցերում, մասնավորապես խաղաղության գործընթացում շարունակում է հոր սկզբունքային քաղաքականությունը: Կարապետյանը համոզված է, որ «մինչեւ ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի հանդեպ չենթարկվի փոփոխության, խաղաղության հաստատումը Իսրայելի եւ Սիրիայի միջեւ չի կարող իրականանալ» (էջ 284): Նա միանգամայն ճիշտ է՝ հաստատելով, թե «առանց Սիրիայի, անհնար է նաեւ կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ Պաղեստինում» (էջ 285. 2003-ից հետո դրանց պետք է ավելացնել Իրաքը, որի անապատների ամենակուլ ավազներում եւս խրվել է ամերիկյան վարչակազմի ձախող քաղաքականությունը), ինչպես նաեւ անհնար է վերջ դնել արաբ-իսրայելական հակամարտությանը` Դամասկոսը խաղաղության գործընթացից մեկուսացնելով» (էջ 285):

«Վերջաբանում» (էջ 286-289) Ռ. Կարապետյանը ի մի է բերել մենագրության հիմնական եզրահանգումները, որոնցից ամենաէականն է. «Միմիայն սիրիա-իսրայելական խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ … հնարավոր կլինի հասնել Պաղեստինի հիմնախնդրի արդար կարգավորմանն ու Մերձավոր Արեւելքում տեւական խաղաղության հաստատմանը, այլ ոչ թե հակառակը` իսրայելա-պաղեստինյան համաձայնության արդյունքում Պաղեստինի «պետության» ստեղծումով` այլընտրանք չթողնել Սիրիային եւ պարտադրել նրան համաձայնության գալ Իսրայելի հետ` վերջինիս հարմար պայմաններով» (էջ 289. նույն միտքը` «Ներածությունում», էջ 11):

***

Ռուբեն Կարապետյանը, ընդհանուր վերցրած, հաջողել է ընթերցողին ներկայացնել Մերձավոր Արեւելքի հիմնական հակամարտության սիրիական երեսակի ամբողջական պատկերը, ինչը շատ բարդ, աշխատատար, եւ խոստովանենք՝ ամեն արաբագետ պատմաբան-քաղաքագետի կարողության գործ չէ: Պարզապես հիացնում են հեղինակի` աղբյուրների առատության մեջ ընտրություն կատարելու հմտությունը, ինքնուրույն եւ խորապես հիմնավորված տեսակետներ հայտնելու համարձակությունը, վերլուծելու գերազանց ունակությունը եւ նման` լուրջ գիտնականին հարիր ուրիշ հատկանիշներ: Սակայն այս բարդագույն խնդիրը հաջողությամբ լուծած հեղինակը, չես գիտեր ինչո՞ւ, գրեթե հակառակ հատկանիշներով է հանդես գալիս մենագրության մուտքագրման ու շարադրման, հատկապես լեզվական կողմերի հանդեպ ցուցաբերած անփութությամբ: Գրքում հանդիպող սխալներն ու թերիները ամփոփեք հետեւյալ կետերում.

Լեզվական սխալներ.-

Ռուբեն Կարապետյանն ու գրքի խմբագիր Նիկոլայ Հովհաննիսյանը, կենտրոնանալով գրքի զուտ գիտական, հատկապես վերլուծական կողմին վրա, գրեթե հիմնովին անուշադրության են մատնել աշխատության լեզվական կողմը, որը, ցավոք սրտի, խոցելի է բազմաթիվ տեսակետներից:

Սկսենք հայերենից: Զարմանալի է, թե ինչպես է ամբողջ գրքում բացակայում տողադարձը: Բայց չէ՞ որ տողադարձն էլ մաս է կազմում լեզվական կանոններին: Եթե նույնիսկ անհնար էր ձեռք բերել հայերենի համակարգչային շարվածքի տողադարձի ծրագիր, կարելի էր ընդամենը 2-3 ժամ տրամադրելով տող առ տող կատարել այդ աշխատանքը: Դրանով ոչ միայն ավելի ներկայանալի կլիներ շարվածքի տեսքը, այլեւ էջեր, հետեւաբար` թուղթ կխնայվեր:

Անթիվ-անհամար են շարադրական սխալները, եզակի-հոգնակիի անհամապատասխանությունները, գլխագրումների եւ մուտքագրման սխալները: Աշխատության լեզվամտածողությունը ռուսերեն է, ակնհայտորեն: Ռուսաբանությունները պարզապես վխտում են: Նշենք դրանցից մի քանիսը միայն. «սիրիական զինվոր», «սիրիական գյուղացի» (էջ 77), «իսրայելական ռազմագերի» (էջ 148), «ամերիկյան նախագահ» (էջ 188) (ճիշտն են` «սիրիացի», «իսրայելացի», «ամերիկացի» եւ այլն), «հայտարարությունները այն մասին» (էջ 130. «այն մասին»-ը ավելորդ է), «ՄԱԿ-ի 242 բանաձեւ» (էջ 188. ճիշտն է` «242-րդ բանաձեւ» կամ «թիվ 242 բանաձեւ»): «Սա», «դա», «նա» եւ նման բառերի փոխարեն շարադրանքն «այնախեղդ» է եղել, ինչպես պիտի ասեր արժանահիշատակ ակադ. Լեւոն Հախվերդյանը: Չարաշահվել է նաեւ «կողմից» լեզվական մոլախոտը. իմաստային տարբերություն կա՞ արդյոք, օրինակ, «Խալեդ ալ-Ազմի կողմից կազմված» (էջ 73) եւ «Խալեդ ալ-Ազմի կազմած», «Իսրայելի կողմից գրաված» (էջ 163) եւ «Իսրայելի գրաված», «Ջումբլադի կողմից գլխավորված» (էջ 170) եւ «Ջումբլադի գլխավորած», «բավարարվում էին Մոսկվայի կողմից» (էջ 221) եւ «բավարարում էր Մոսկվան» եւն. արտահայտությունների միջեւ: Առաջարկում ենք շատ զգույշ վերաբերվել հայոց լեզուն խեղդող «ցանկացած» (ռուսերենի «լյուբոյ»-ը), «այն», «կողմից» ու նման բառեր գործածելիս, ավելի ճիշտ կլիներ այդ բառերը գցել լեզվի աղբանոցը… Ի դեպ, ռուսական լեզվամտածողությունը հայաստանյան արեւելագիտության աքիլլեսյան գարշապարն է, ուստի ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ղեկավարությանը առաջարկում ենք անաղարտ հայերենի դասընթացքներ անցկացնել ինստիտուտի աշխատակիցների համար, նաեւ` հայերենով արեւելագիտական բոլոր մենագրություններն ու գիտական հոդվածները պարտադիր հանձնել լեզվական լուրջ խմբագրման: Հայոց լեզուն արժանի է նման հարգանքի, այն էլ` իր իսկ հայրենիքում… Չմոռանանք` հայոց լեզվի անաղարտությունը օրենսդրական պարտավորություն է, իսկ օրենքները բոլորս էլ պարտավոր ենք հարգել ու կիրառել, նամանավանդ` ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները երկրի ներսում եւ արտասահմանում:

Չափազանց շատ են միօրինականացման թերիները: Օրինակ, «Եհուդ», այլ տեղ` «Յեհուդ», «Շարաա», «Շառաա», «ալ-Շառաա»…

Վրիպակներ են հանդիպում նաեւ հղման արաբերեն աղբյուրներում, ինչպես 334-րդ էջում 70-րդ հղման մեջ Խալեդ էլ-Ազմի, հաջորդ էջի 78-րդ եւ 80-րդ հղումներում Միշել Աֆլակի եւ Քերիմ Բագրատունու անուններում տեղ գտած տառասխալները, արաբերենի «ալ-» նախածանցի բացակայությունը որոշ անձնանուններում եւ տեղանուններում («[ալ-] Իխվան ալ-մուսլիմուն» [եւ ոչ թե «ալ-Մուսլիմին»] (էջ 195), Ուալիդ [ալ-]Մուալլեմ` էջ 336, [ալ-] Կահիրա` էջ 335-336) եւ այլն: Անգլերեն եւ ռուսերեն աղբյուրներում կան բազմաթիվ անհարթություններ, մուտքագրման եւ ուղղագրական սխալներ (օրինակ` Կարտեր ազգանունը անգլերենում գրվում է ոչ թե Karter [էջ 340, 187-րդ հղում], այլ` Carter), միօրինականացման թերիներ, գիտական ընդունված չափորոշիչներից մի շարք խախտումներ եւ այլն: «Սովետական Հայաստան» պարբերականի անվան կողքին հարկավոր էր նշել «օրաթերթ»` չշփոթելու համար նույնանուն ամսագրի հետ, իսկ «Եդիոթ Ահարոնոթ»-ի կողքին` փակագծերում պետք էր գրել «եբրայերեն» (երկուսն էլ` էջ 351): Հանդիպում են արաբերենից թարգմանության վրիպումներ. օրինակ` «Ջաբհաթ ալ-սումուդ ուալ-թասադդի»-ն թարգմանվել է «Կայունության եւ Հակազդեցության Ճակատ» (էջ 186, 187, 189), մինչդեռ ճիշտ պիտի լիներ թարգմանել` «Դիմակայության եւ հակազդման ճակատ»:

Թվականների սխալներ.-

Շատ զարմանալի է, որ դիվանագետ հեղինակը սխալվում է որոշ թվականներում, որոնք հանրահայտ են բոլորին, քանի որ ժամանակակիցն ենք այդ` միջազգային մեծ տարողություն եւ հետեւանքներ ունեցած իրադարձությունների: Այսպես, իրանական իսլամական հեղափոխության թվական է նշվել 1978-ը (էջ 118), մինչդեռ հանրահայտ փաստ է, որ նա հաղթանակեց հաջորդ տարվա փետրվարի առաջին կեսին: Գորբաչովի համար գրվել է, թե նա կուսակցության ղեկավար է դարձել 1984թ.-ին, մինչդեռ հիշյալը ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց 1985թ. մարտի 5-ին կայացած ԽՄԿԿ Կենտկոմի պլենումի ընթացքին: Հեղինակը «ցեղասպանություն» եզրի մուտքի տարեթիվ է նշում 1944-ը (էջ 234), մինչդեռ դա շրջանառության մեջ դրվեց այս հրեշավոր հանցագործության վերաբերյալ 1948-ին հրապարակված միջազգային կոնվենցիայով: 277-րդ էջում շարադրանքն այնպիսին է, որ ընթերցողի մոտ կարող է շփոթ առաջացնել, թե 1982 թվականին Իսրայելի` Լիբանան ներխուժման օրերին ԽՍՀՄ ղեկավարը Յուրի Անդրոպովն է եղել (ի դեպ, նրա առաջին անունը նշվել է «Ա.» հապավումով` փոխան «Յուրի» լրիվ անվան): Կան նաեւ ուրիշ սխալներ:

Հատուկ անունների սխալներ.- Ցավոք, սրանք եւս շատ են, մինչդեռ կարելի էր բծախնդիր ընթերցման ու խմբագրման դեպքում նվազագույնի հասցնել: Թվարկենք դրանցից մի քանիսը: Համաշխարհային, այդ թվում` հայկական գրականության մեջ, չես գիտեր ինչո՞ւ, շատ հաճախ անտեսվում է արաբերեն անունների «Աբդել» բաղադրիչը, որը անվան անբաժանելի մասն է: Այս երեւույթին տուրք է տվել նաեւ հեղինակը` համարյա բոլոր հիշատակումներում Գամալ Աբդել Նասերի ազգանունը ներկայացնելով «Նասեր» ձեւով, փոխան ճիշտ «Աբդել Նասերի»: Ի գիտություն հայտնենք, որ «Աբդել»ին հաջորդող բառը Աստուծո բնորոշ անուն է: Օրինակ` «Համիդ»ը նշանակում է «ողորմած», ուստի երբ գրում են «համիդյան կոտորածներ», դուրս է գալիս, որ ողորմածն Աստված այնքան անգութ է, որ կոտորածներ է սարքում… Արաբ պատմաբան Մոհամմեդ Քուրդ Ալիի ազգանունը 12-րդ էջում ճիշտ ներկայացվելուց հետո 17-րդ էջում վերածվել է «Քուրդ»-ի: Իսրայելի` Նեգեւի անապատում գտնվող ատոմային ռեակտորի վայրի Դիմոնայի անունը տպվել է «Դիվոնա» (էջ 106): Ահմեդ Ջիբրիլի ղեկավարած «Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ ընդհանուր հրամանատարություն» կազմակերպության անունը ներկայացվել է «Պաղեստինի Ազատագրութեան Դեմոկրատական Ճակատ — Գլխավոր հրամանատարություն» սխալ տեսքով (էջ 126): Նույնպիսի սխալ է Աբու Նիդալի ղեկավարած «Ֆաթհ — Հեղափոխական խորհուրդ» կազմակերպության անվան մեջ «խորհուրդը» «հրամանատարություն» բառով փոխարինելը (էջ 232): «Ղովմի» անունով ծանոթ «Սիրիական ազգայնական-սոցիալական կուսակցության» անունը մեկ դարձել է «Ժողովրդական կուսակցություն» (էջ 76), մեկ ուրիշ անգամ նշվել «Ազգային-սոցիալիստական կուսակցություն» տեսքով (էջ 166): Ծագումով լիբանանցի ամերիկացի բանագնաց «Ֆիլիպ Հաբիբ»-ի ազգանունը տպվել է «Հաբիբի» ձեւով (էջ 199, 201, 209): Հայերեն գրականության մեջ Երիքով անունով հայտնի քաղաքի անունը դարձել է «Ջերիկոն» (էջ 259) եւ այլն:

Տիտղոսների սխալներ.-

Սիրիայի կոմկուսի ղեկավար Խալեդ Բեկդաշի (տպվել է «Բակդաշ», մեկ այլ տեղ` «Բաղդաշ» ձեւով) համար ասվում է, թե նա «դարձավ խորհրդարանի տեղակալ» (էջ 72). հայտնապես կորել է «նախագահի» բառը վերջին երկու բառերի միջեւ. Խրուշչովի տիտղոսը «ԽՄԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար» է եւ ոչ թե «ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար» (էջ 73). ամերիկյան ազդեցությամբ` հայկական միջավայրում (այդ թվում` «Ազգում») համաճարակի է վերածվել խորհրդարանների նախագահներին «խոսնակ» բառով բնորոշելը, ինչին տուրք է տվել նաեւ հեղինակը սիրիական խորհրդարանի նախագահ Մահմուդ ալ-Զուուբիի (եւ ոչ թե «Զուբի»-ի) մասին գրելիս (էջ 204). 1989 թվականի համար Աբդել Հալիմ Խադդամի տիտղոս է նշվում «փոխվարչապետ»-ը (էջ 240` 2 տեղում), մինչդեռ նա վաղուց Սիրիայի Հանրապետության փոխնախագահներից էր, որ համակարգում էր Սիրիայի արտաքին, այդ թվում` լիբանանյան քաղաքականությունը: Նմանօրինակ կոպիտ սխալ է Լիբանանի վարչապետ Ռաֆիք Հարիրիին հեղինակի «շնորհած» «Լիբանանի նախագահ» տիտղոսը (էջ 280, ծնթ. թիվ 596. Հարիրին ուզենար էլ չէր կարող Լիբանանի նախագահ դառնալ, քանի որ այդ պաշտոնը ավանդույթով ու սահմանադրությամբ վերապահված է միայն մարոնի համայնքի անդամին, մինչդեռ Հարիրին սուննի էր): 247-րդ էջում Բենիամին Նաթանյահուի ազգանունը դարձել է «Բեգին»` շփոթվելով նույն` Իսրայելի վարչապետի պաշտոնն զբաղեցրած մեկ ուրիշ «բազեի»` Մենահիմ Բեգինի անվան հետ:

Տեղեկությունների սխալներ.-

Սրանք եւս քիչ չեն, մինչդեռ անոց ճշգրտությանը կասկածելու դեպքում կարելի էր ստուգել: Հեղինակը մի քանի անգամ շփոթել է «հայրենիք» եւ «պետություն» հասկացությունները, մինչդեռ դրանք էապես տարբեր հասկացություններ են: Օրինակ, միջազգային փաստաթղթերում խոսվում է պաղեստինյան պետություն եւ ոչ թե «պաղեստինյան հայրենիք» (էջ 174, 177, 186) ստեղծելու մասին: Էջ 165-ի թիվ 357 ծանոթագրության մեջ միանգամից տեղ է գտել երեք սխալ. «Քաթայիբ» կուսակցության կարգախոս է ներկայացվում «Աստված, Ընտանիք, Պետություն»-ը, մինչդեռ ճիշտը (նաեւ` ճիշտ հաջորդականությունը) «Աստված, հայրենիք, ընտանիք»-ն է: Նույն ծանոթագրության մեջ` Քամիլ Շամունի ղեկավարած կուսակցության մարտական թեւի անունը ներկայացվել է «Առյուծներ», մինչդեռ պետք է լիներ «Վագրեր» («Նումուր ալ-ահրար»): 212-րդ էջում եւս տեղ են գտել երեք սխալներ. նախ` Բեշիր Ժեմայելի համար գործածվել է «մահափորձ» բառը, մինչդեռ պետք էր գրել «սպանություն» (ամեն մահափորձ չէ, որ ավարտվում է սպանությամբ), նույն անձը նույն էջի 479-րդ ծանոթագրության մեջ ներկայացվել է իբրեւ «Լիբանանի նախագահ», մինչդեռ նա չհասցրեց նախագահական երդումը տալ ու բազմել աթոռին, հետեւաբար պետք էր գրել «Լիբանանի ընտրված նախագահ»: Նույնի համար գրված է, թե նա «1980թ. ոչնչացրեց Քամիլ Շամունի Ազգային լիբերալ կուսակցությունը», մինչդեռ խոսքը վերաբերում է ոչ թե հիշյալ կուսակցության, այլ` նրա մարտական կառույցին` «Վագրերին» (կուսակցությունը շարունակեց ու շարունակում է գործել…): 1958-1961թթ. Եգիպտոս-Սիրիա միասնական պետությանը ակնարկելով, հեղինակը հայտնում է, թե դա «արաբական երկրների նորագույն պատմության ընթացքում միավորման առաջին եւ վերջին փորձն» է եղել (էջ 89). սա հիմնովին սխալ հաստատում է, քանի որ հետագա տարիներին շարունակվեցին այդ փորձերը, իսկ 1974 թվականին հիմնվեց «Արաբական հանրապետությունների միությունը» («Իթթիհադ ալ-ջումհուրիյյաթ ալ-արաբիյյա»)` Եգիպտոսի, Սիրիայի եւ Լիբիայի մասնակցությամբ, իսկ փորձերը շատ եւ շատ են եղել (Բեյրութում մինչեւ իսկ գործում է «Արաբական միավորման ուսումնասիրությունների կենտրոնը»): 202-րդ էջում կարդում ենք. «1981թ. Իսրայելում տեղի ունեցած ներքին քաղաքական իրադարձությունների» հետեւանքով «արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարի պաշտոններում համապատասխանաբար նշանակվեցին ծայրահեղականներ Արիել Շարոնն ու Իցխակ Շամիրը». լեզվի ու տեղեկության ճշգրտության տեսակետից պետք է վերաշարադրել «… պաշտոններում նշանակվեցին համապատասխանաբար Իցհակ (ճիշտն այսպես է. «Իցխակ»-ի «խ»ն գալիս է ռուսերենում «հ» հնչյունի բացակայությունից. ի դեպ, անուններում նմանօրինակ վրիպակներ էլի կան գրքում) Շամիրն ու Արիել Շարոնը»: 227-րդ էջում կարդում ենք, թե «գեներալ Աունը անհաջող «ազատագրական պայքար» սկսեց Լիբանանում սիրիական ներկայության դեմ». հարկավոր է ճշտել` Աունի իսկ բառերով` «ազատագրական պատերազմ» («հարբ ուլ-թահրիր»): 243-րդ էջում տպված է. «1990թ. հոկտեմբերի 13-ին երեք ժամվա ընթացքում Ասադն իրեն ենթարկեց ամբողջ Բեյրութը եւ երկրի հիմնական մասը»: Ուղղակի զարմանալ կարելի է այս հաստատման վրա: Ո՛չ Հաֆեզ ալ-Ասադը, ո՛չ էլ որեւէ մեկը չի կարողացել, ու, իմ համոզումով, չի էլ կարողանա «երեք ժամվա ընթացքում» իրեն ենթարկել Բեյրութի նման մեծ մայրաքաղաքն ու շուրջ 10.5 հազար քառ. կմ տարածք ունեցող Լիբանանի «հիմնական մասը»: Իրականում խոսքը վերաբերում է Բեյրութի մերձակա Բաաբդա ավանում տեղակայված Լիբանանի նախագահական նստավայրում ապաստանած ու դա ամրոցի վերածած, լիբանանյան բանակի հրամանատար Միշել Աունի զորքն այդ նստավայրից հեռացնելուն միայն. այլ բան, որ այդ գործողության հետեւանքով Սիրիան իր ամբողջական տիրապետությունը հաստատեց Լիբանանում` մինչ այդ հանրապետության նախագահ ընտրված Իլիաս Հրաուիի միջոցով: 273-րդ էջում կարդում ենք «Սենատի Ներկայացուցիչների Տուն» արտահայտությունը, մի սխալ, որն անթույլատրելի է նույնիսկ աշակերտների համար: Հեղինակը հայտնապես շփոթել է Կոնգրեսն ու Սենատը, քանի որ ԱՄՆ կոնգրեսն ինքը բաղկացած է երկու պալատներրց` Սենատից եւ Ներկայացուցիչների տնից:

Սխալ կամ չափազանց վիճելի հաստատումներ.-

Պատմագիտության մեջ ընդունված չէ ենթադրություններ անել, մասնավորաբար «եթե»-ով սկսող նախադասություններով դատողություններ եւ նույնիսկ եզրահանգումներ կատարել: Նշենք ընդամենը մի քանի նմուշ:

Անդրադառնալով արաբական զարթոնքի երեւույթին, Ռ. Կարապետյանը հայտնում է, թե «քրիստոնյան սիրիացիները միություններ եւ պարբերականներ էին հիմնում Եվրոպայում, իսկ մահմեդական սիրիացիները` Եգիպտոսում» (էջ 18): Սա, ընդհանուր վերցրած, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ արաբական զարթոնքի շրջանին արձանագրվել են մուսուլման սիրիացիների Եվրոպայում եւ քրիստոնյաների` Եգիպտոսում նմաններ հիմնելու ոչ քիչ փաստեր: Գրվել է, թե Օսմանյան կայսրությունը ծրագրեր է ունեցել խորանալու բազմաթիվ տարածքներում, այդ թվում` «Կենտրոնական Աֆրիկայում» (էջ 28). ճիշտն ասած, նման տեղեկության առաջին անգամ եմ հանդիպում իմ կյանքում: Պարզապես տարօրինակ է կարդալ «Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի շահագրգռություններ» բառակույտը, չէ՞ որ Անգլիան մաս է կազմում Մեծ Բրիտանիայի եւ հիմնականում ինք է որոշում վերջինիս քաղաքականությունը… 38-րդ էջի թիվ 48 ծանոթագրության մեջ հեղինակը հայտնում է, թե «այսօր Սիրիայում բնակվում է շուրջ 150 հազար հայ», մինչդեռ այդ թիվը հեռու է ամենավառ երեւակայությունից անգամ, եւ հարկավոր է առնվազն կիսել, եթե ոչ բաժանել 2.5 թվով: 52-րդ էջում հեղինակը համոզմունք է հայտնում, որ եթե Պաղեստինում ստեղծվեր «երկազգային պետություն», «ապա ոչ միայն հնարավոր կլիներ խուսափել Իսրայելի պետության ստեղծումից հետո տեղի ունեցած արյունահեղությունից ու պատերազմներից, այլեւ Պաղեստինը … կվերածվեր Մերձավոր Արեւելքում առաջընթացի եւ զարգացման աղբյուրի» (էջ 52). հեղինակին խորհուրդ կտայինք, նախքան նման կարծիք հայտնելը, խորությամբ ուսումնասիրել սիոնիզմի գաղափարախոսությունը, որով առաջնորդվել ու այսօր էլ առաջնորդվում է տարածաշրջանում տարատնկված Իսրայելի պետությունը: 218-րդ էջի թիվ 485 ծանոթագրության մեջ կարդում ենք. «1984թ. սեպտեմբերին իրանամետ Հեզբալլահի հրապարակային հայտնությունը ուղղակիորեն հակասում էր Լիբանանում Դամասկոսի հետապնդած շահերին»: Նախ հարկավոր է ճշտել, թե պետք է լինի 1983թ., երբ Բեյրութում ֆրանսիական ու ամերիկյան զորամիավորումների կենտրոնների դեմ անձնասպանական գործողություններով Հեզբոլլահը հրապարակայնորեն հանդես եկավ իբրեւ զգալի ուժ լիբանանյան ասպարեզում (հեղինակն այդ մասին գրել է 213-214-րդ էջերում): Հիմնովին սխալ է հեղինակի մյուս հաստատումը. ընդհակառակը, Հեզբալլահի հայտնությունը նպաստում էր Լիբանանում Սիրիայի շահերին. չմոռանանք, որ այդ տարիներին շարունակվող իրաք-իրանյան պատերազմում Սիրիան բացահայտորեն աջակցում էր Իրանին: 283-րդ էջում կարդում ենք. «Ինչքան էլ զարմանալի կարող է թվալ, այսօր Սիրիայի հետ խաղաղության հաստատման հարցում ամենաշատը շահագրգռված է Իսրայելը». մեզ մնում է զարմանալ պարոն Կարապետյանի … զարմանքի վրա: Վերջին տարիների, հատկապես Բենիամին Նաթանիահուի վերստին վարչապետության շրջանին Իսրայելի գրգռիչ արարքները կասկած չեն թողնում հաստատելու ուղիղ հակառակը` Իսրայելը երբեք շահագրգռված չէ ոչ միայն Սիրիայի, այլեւ մյուս արաբական կողմերի` Լիբանանի ու պաղեստինցիների հետ խաղաղության հասնելու գործընթացով, ընդհակառակը, ամեն ինչ անում է խաղաղության գործընթացը հիմնովին տապալելու համար: Դարձյալ խորհուրդ կտայինք պր. Կարապետյանին` ուշի ուշով ծանոթանալ սիոնիզմի գաղափարախոսության: Նույնը վերաբերում է հեղինակի համոզումին, թե «այսօր Իսրայելը պատրաստ է վերադարձնել Գոլանները Սիրիային» (էջ 288): Ըստ երեւույթին, հեղինակը Իսրայելը շփոթում է ՀՀ-ի հետ, ուր տեղից վեր կացող պետական ծառայողը խոսում է զիջումներից եւ ազատագրված հայրենի հողերը ադրբեջանցի թշնամուն վերադարձնելուց, մինչդեռ իսրայելացիների մեծ մասը չի էլ ուզում լսել Գոլանն (եւ ոչ թե «Գոլանները») ու արեւելյան Երուսաղեմը վերադարձնելու մասին, որի եւս մեկ ապացույցն է կոշտ քաղաքականության կողմնակիցների իշխանության վերադարձը գրախոսվող գրքի լույս ընծայումից մի քանի ամիս հետո… Քննադատության չի դիմանում նույն էջում հեղինակի մյուս դատողությունը, թե «Սիրիայի ապագա տնտեսական բարգավաճումը կախված է Իսրայելի հետ խաղաղության հաստատումից եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացումից» (ճիշտը` բնականոնականացումից- Գ. Յ.)»: Իհարկե, ասվածի մեջ որոշ ճշմարտություն կա, քանի որ Սիրիայի ռազմական ծախսերը կլանում են երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը: Սակայն, ասվածը, ընդհանուր վերցրած, ճիշտ չէ, քանի որ Սիրիան, տնտեսական ճիշտ քաղաքականություն վարելու շնորհիվ, դեռեւս 1980-ականների կեսերից բռնել է տնտեսական կայուն զարգացման ուղին, որ այնքան էլ կախում չունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակից: Համոզված ենք, որ Մերձավոր եւ Միջին Արեւելքում իր շահերն ապահովելու տեսակետից, ԱՄՆ-ն ավելի շատ ի՛նքը կարիքն ունի Սիրիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատման ու պահպանման, քան՝ հակառակը: Դա եւս պարզորոշ երեւաց գրքի լույս ընծայումից հետո, երբ Բարաք Օբամայի վարչակարգն ստիպված եղավ դիմել Ջորջ Բուշ կրտսերի օրոք ամերիկյան կոշտ ճնշումներին հաջողությամբ դիմակայած Սիրիայի հետ քիչ-շատ բնականոն հարաբերությունները վերականգնելուն, որի դրսեւորումներից մեկն էլ Ռաֆիք Հարիրիի սպանության համար ամերիկյան կողմի` Սիրիային մեղադրելուց հրաժարումն է: Այնպես որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

Աղբյուրների շարքում կարելի էր օգտագործել Բաղդադի ուխտի վերաբերյալ պատմագիտության դոկտոր Արա Սանճյանի դոկտորական ատենախոսություն-գիրքը՝ լույս տեսած Լոնդոնում (տողերս ստորագրողը տարիներ առաջ մեկ օրինակ հեղինակի անունից փոխանցել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանին): «Դիվանագիտական միջոցներով Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին» (էջ 77) հանդես եկած Իսրայելի վարչապետ Մոշե Շարետի մասին գրելիս՝ կարելի էր գրել վերջինիս Սիրիա հույժ գաղտնի այցի մասին 1955 թվականին եւ հանդիպումը Սիրիայի բռնատեր Ադիբ ալ-Շիշակլիի հետ Դամասկոսի մերձակա Բլուդան ամառանոցային ավանում (այս մասին տարիներ առաջ գրվեց լիբանանյան արաբական մամուլում, եթե չեմ սխալվում` «ալ-Դիար» օրաթերթում):

Տեղ-տեղ հանդիպում են նաեւ կրկնություններ: Օրինակ, 38-րդ էջի թիվ 48 ծանոթագրության մեջ Սիրիայի ժողովրդագրական պատկերի թվերը մինչ այդ ներկայացվել էին ընթերցողին:

Ամփոփելով, հաստատում ենք, որ Ռուբեն Կարապետյանի գրախոսվող գիրքը, որոշ վերապահումներով հանդերձ, գերազանց աշխատասիրություն է ըստ բովանդակության, սակայն խոցելի է ըստ ներկայացման ձեւի եւ, հատկապես, լեզվի: Աշխատասիրությունը հատկանշանական եւ հույժ օգտակար ներդրում է հայկական արեւելագիտության, մասնավորաբար արաբագիտության մեջ եւ օգտակար ձեռնարկ հայկական դիվանագիտության, քաղաքագետների, արաբագետների, միջազգային հարաբերությունների ուսանողների եւ փորձագետների համար:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: