Սարգիս Նաջարյանի Մեծարանքի Հանդիսությունը

by

Ազգ
27.11.2010

Սարգիս եւ Զվարթ Նաջարյանները ճանաչված անուններ են լիբանանահայ գաղթօջախում, մասնավորաբար հայ կաթողիկե համայնքում: Իր համեստությամբ ու հեզահամբույր բնավորությամբ հատկանշվող Սարգիսը երկար տասնամյակներ մաս է կազմել ՍԴՀԿ գլխավոր պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթի եւ հայ կաթողիկե պատրիարքարանի «Մասիս» պարբերաթերթի խմբագրություններին (ճգնաժամային պահերին միայնակ խմբագրել է «Արարատը»), նրանցում եւ այլ սփյուռքահայ պարբերականներում հանդես եկել հայությանը հուզող խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումներով: Երկար տարիներ նա ղեկավարել է Հայ կրթական բարեսիրական միությունը, որին է պատկանում Լիբանանի մայրաքաղաքի Սին էլ Ֆիլ արվարձանում Սահակյան-Լեւոն Մկրտիչյան քոլեջը եւ Բեյրութի Նոր Հաճըն թաղամասի Ս. Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ բուժարանը: Ամենահաս Ս. Նաջարյանը նաեւ աշխույժ մասնակցություն է ունեցել եւ դեռ ունի Հայ կաթողիկե պատրիարքության զանազան մարմիններում: Լիբանանի քաղաքացիական ամենադժնդակ տարիներին` 1980-ականներին, նա գլխավորել է Հայ մարմնամարզական միության վարչությունը եւ նախաձեռնել ֆալանգիստ ծայրահեղականների ականահարած` ՀՄՄ-ի Բեյրութի ակումբի վերականգնման աշխատանքները: Անբասիր ու ժրաջան գործունեության համար նա արժանացել է բազմաթիվ պարգեւների, այդ թվում` Հռոմի Հովհաննես-Պողոս Բ պապից եւ հայ կաթողիկե նախկին եւ ներկա պատրիարքներից, ու ամենակարեւորը` իրեն ճանաչողների անվերապահ հարգանքին ու սիրուն: Իսկ Սարգիսի կողակիցը` տիկին Զվարթը, տարել է մանկավարժական աշխատանք` երկար տարիներ վարելով Բեյրութի Զալքա արվարձանում հայ կաթողիկե Ս. Խաչ եկեղեցու կից գործող «Գեւորգ Հարպոյան» վարժարանի տնօրենությունը: Վերջին տարիներին նա գլխավորում է կաթոլիկ եկեղեցու «Կարիտաս» բարեգործական կազմակերպության հայկական բաժանմունքը, որն ավելի քան մեկուկես տասնամյակ իր գործունեությունը ծավալել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Ջավախքում:

Հովանավորությամբ հայ կաթողիկե կաթողիկոս-պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ Թարմունու եւ կազմակերպությամբ հայ կաթողիկե պատրիարքարանի Ս. Գրիգոր Նարեկացի կենտրոնի (Վարդան վրդ. Գազանճյան եւ Վարդան Թաշճյան), պատրիարքարանի «Արարատյան» սրահում նոյեմբերի 21-ի երեկոյան տեղի է ունեցել Սարգիս Նաջարյանի լրագրական-հասարակական գործունեության 50-ամյա հոբելյանի հանդիսավոր նշումը: Ավելի քան 250 հոգիների առաջ հոբելյարին ներկայացրել եւ իրենց սրտի խոսքն են ասել գլխավոր բանախոսներ` Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ Ջերեջյանն ու Լիբանանի խմբագիրների արհմիության ներկայացուցիչ Իլիաս Աունը: Բանախոսները հատկապես շեշտել են Նաջարյանի հաշտարար էական դերը տարբեր, երբեմն գաղափարապես ներհակ կողմերի տեսակետները մոտեցնելու գործում եւ բուռն բանավեճերը խաղաղ ելքով դիրքորոշումների հանգեցնելու նրա ունակությունը: Հանդիսության ընթացքում ընթերցվել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի ողջույնի գիրը (ի դեպ, Ս. Նաջարյանը անդամ է հիշյալ երկու լրագրողական միություններին եւ գլխավոր կապավորներից մեկն է լիբանանյան արաբական ու հայկական լրագրողական շրջանակների միջեւ` սիրված երկու կողմից էլ): Իր ելույթում, հոբելյարը, հայտնապես հուզված իր նկատմամբ այս ջերմ վերաբերմունքից, հավաստել է, թե այսուհետեւ եւս շարունակելու է ծառայել հայ թերթին, հայ դպրոցին ու հայ մարդուն: Նա շեշտել է իր հոր` վաստակաշատ հրապարակագիր, խմբագիր, ուսուցիչ եւ հասարակական-կուսակցական գործիչ Միհրան Նաջարյանի ճակատագրական դերակատարությունը իր կյանքի ուղու ընտրության հարցում:

Ս. Գրիգոր Նարեկացի կենտրոնն ու Լիբանանի խմբագիրների արհմիությունը Ս. Նաջարյանին պատվել են երախտիքի հուշատախտակներով:

Հանդիսության ավարտին, սրահի վերեւի հարկում տեղի է ունեցել Սարգիս Նաջարյանի` «Դեմ առ դեմ» խորագիրը կրող հրապարակումների ժողովածուի շնորհանդես-գինեձոնը (ժողովածուին կանդրադառնանք «Ազգի» մշակութային հավելված-ներդիրի հետագա համարներից մեկում):

Երկար տարիների կյանք եւ բեղուն գործունեության անխափան շարունակություն ենք մաղթում Սարգիս Նաջարյանին: «Պատի՛վս արժանավորաց»:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
ԲԵՅՐՈՒԹ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: