Հայաստանը եւ Սփյուռքը ապրում են տարբեր անջրպետներում

by

iranahayer
22.04.2011

Հարցազրույց Հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհրդի անդամ, «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր` Մովսես Քեշիշյանի հետ

— Ակներեւ է, որ ադրբեջանական նավթը կատարում է իր գործը: Ադրբեջանը սպառազինվում է, սպառնում է եւ նոր բարեկամներ է շահում, իսկ մե՞նք:
— Նավթարդյունաբերող երկրներից, չկա մի օրինակ, որ նավթ կամ այլ հումք վաճառելով եւ դրա հաշվին զինվելով, գերուժի վերածված լինի: Չկա, նույնիսկ, նավթարդյունաբերղ պետություն, որ տնտեսական եւ ընկերային առումով լուրջ զարգացում ապրած լինի: Նման երկրներում, մեծավմասամբ, բռնապետական` տոտալիտար պետություններ են ձեւավորվում, որովհետեւ դրա համար, ունեն բավարար ռեսուրս եւ հովանավորներ, ինչը բացառված է ՀՀ-ի պարագայում: Ուստի հակառակ, ներկա Ֆինանսական առավելություններին` սղաճ, օտարերկրյա պետություններից կախվածություն, առավել կոռուպցիա եւ հետեւաբար տագնապ եւ ոստիկանական իշխանության դրույթ է սպասում Ադրբեջանին: Ու թեեւ Ադրբեջանը, հավանաբար, մեր նկատմաբ մարտավարական հաջողություններ արձանագրի, սակայն ռազմավարականորեն ձախողելու է, իհարկե պայմանով, որ մենք նորմալ պետության վեածվենք: Իսկ մեր լոբբիստական անհաջողությունների առյուծի բաժինը, վերադառնում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դատարկությանը, առավել` չաշխատելու, անհետեւողականության եւ անկազմակերպվածության: Ցավոք, դիվանագիտության ոլորտում հաճախ տպավորություն ստեղծելը իրականությունից ավելի կարեւոր է:

— Ի՞նչ վիճակում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. նկատեցինք, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի տարելիցին, ՀՀ գրեթե բոլոր թերթերը հանգամանորեն զբաղվեցին այդ հարցով, մինչ Սփյուռքում, երեւի թե, միայն մեկ կազմակերպություն եւ թերթ անդրադարձավ այդ հարցին. իսկ Հրանդ Դինքի սպանության տարելիցին, մինչ սփյուռքահայ բազմաթիվ թերթեր, առվել թուրքական հառաջադիմական մտավորականությունն ու լրատվությունը խոսեց այդ մասին, հայաստանյան միայն մեկ թերթ հիշեց այդ թվականը. ի՞նչպես հասկանալ այս հակասական երկությունը:
— Հաղորդակցության հեղափոխության ժամանակաշրջանում, Հայաստանը եւ Սփյուռքը ապրում են տարբեր անջրպետներում: ՀՀ պատասխանատուների այցելությունները Սփյուռքի հայկական համայնքեր, մեծավ մասամբ` ցուցադրական, ուստի եւ ապարդյուն են: Սփյուռքահայ թերթերի մեծամասնությունը կուսակցական օրգաններ են, հետեւաբար նրանք չեն հանդիսանում սփյուռքահայության հայելին: Այդ օրգանները ՀՀ իրադարձություններն նայում են յուրովի ըմբռնումներով եւ նկատառումներով, նրանք նույնպես ունակ են իրենց համայնքի ցանկացած իրադարձությունը անտեսել կամ չտեսնել ձեւանալ: Ավանդաբար, նրանք ավելի ունակ են անդրադարնալու իրենց կազմակերպած բովանդակազուրկ ճաշակերույթներին քան Հայության առնչվող լուրջ հարցերին: Իսկ մյուս կողմից, Հայաստանում, քաղաքացիական տարրական իրավունքները ոտնահարվող պայմաններում, հաճախ ռազմավարական եւ կենսական հարցերը կարող են ետին պլան մղվել: Հայաստանում ազգային հարցերի լուծումը, հասկանալիորեն, պայմանավորում են քաղաքացիների իրավունքների հարգման եւ երկրում ընտրյալ, ժողովրդավար եւ օրինապահ պետության կայացման հետ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները տեղքայլի մեջ են:

— Ո՞րն է, ըստ ձեզ, ՀՀ նորմալ եւ զարգացող պետություն դառնալու գերխնդիրը` հիմնական խոչընդոտը: Որտե՞ղից սկսել` Հայաստանում հարյուրավոր տնտեսական եւ հասարակական հին ու նոր խորքային պրոբլեմներ կան:
— Հայաստանում շարունակվող լուրջ օրինախախտումների գերակշռող մասը, ոչ թե նպատակ, այլ ընդամենը միջոցներ են: Խոշոր օրինախախտումները տնտեսական մոնոպոլիտ բուրգերի անօրեն շահը ապահովելու համար են իրականացվում: Այնքան ժամանակ, որ ՀՀ-ում տիրում են մենաշնորհյալները` ովքեր թալանում են պետությանը, ժողովուրդին, գործարարներին եւ երկրի բնական հարստությունը, Հայաստանը նորմալ պետության չի կարող դառնալ, անկումն ու օրինախախտումը շարունակվելու է համատարած կերպով, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխող, կամ ով է երկրի առաջնորդը: Երբեմն լսում ենք, որ այս ուղղությամբ քայլեր չնախաձեռնելը, պայմանավորված են երկրում տագնապ չառաջացնելու մտահոգությամբ, մինչդեռ, այս դրության շարունակությունը, ոչ միայն տագնապալից, այլեւ խորտակիչ ու պայթունավտանգ է: Ուստի մինչեւ այս հարցի նկատմամբ քաղաքական կամք չդրսեւորվի, ընտրակեղծիքները, դատական համակարգի փտածությունը, ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան, աղքատությունն ու սղաճը, լրատվական մոնոպոլիան, պետպաշտոնյաների համառությունն ու պաշտոնների առ ու վաճառքը…, շարունակվելու են: Չկա աշխարհում երկիր, ուր տնտեսության հիմնական ռեսուրսները մոնոպոլացված լինեն, բայց ինստիտուտները աշխատեն նորմալ: Տնտեսությունը կապանքների մեջ չի կարող զարգանալ, իսկ տնտեսական աճի մասին խոսելն նման պայմաններում, մեղմ ասած, անմտություն է: Կիրակին շաբաթից ավելի շուտ չի կարող գալ:
Հայատստանը մի կողմից ցանկանում է մոտենալ Եվրոպային, իսկ մյուս կողմից պայքարում է եվրոպական հասարակական կյանքի նվաճումների դեմ: Իսկ ձեր գնահատմամբ, իշխանությունը ի զորու է դա անելո՞ւ:
Հայաստանում տնտեսական ոլորտում առկա վիճակը պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Ցանկացած իշխանություն, եթե կամենա, կարող է օրինականություն հաստատել երկրում:

— ՀՀ ընդդիմության առաջնորդները խոստանում են փոփոխություն: Դուք Հայաստանի ներկա ընդդիմությանը ալտերնատիվ համարում ե՞ք:
— Ալտերնատիվը` նախ եւ առաջ նպատակային պետք է լինի եւ այնուհետ է, որ նշանակություն են ստանում նպատակը իրականացնող մարդիկ` լիդերները: Առաջնորդները` ինքնին, ալտերնատիվ չեն կարող համարվել, եթե ծրագրային առումով համապատասխան առաջադրանքներ չներկայացնեն: Ընդդիմությունը ՀՀ-ում, իհարկե, բազմաշերտ է, սակայն Հայաստանում հաճախ քննադատում են գործիչներին եւ նվազ` երեւույթներին: Իսկ, չմոռանանք, որ ներկա իրավիճակը չի ստեղծվել վերջին տարիներին, դրանք արմատ են նետել առնվազն 15 տարի առաջվանից սկսյալ: Այնպես, որ ներկա կացության համար նույնքան ու դեռեւս ավելի պատասխանատու են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները:

— ՀՀ երրորդ հանրապետության երեք նախագահներին համեմատելով իրար հետ, ի՞նչպես կգնահատեք նրանց գործունեությունը:
— Արտերկրից նման դատողություններ անելը ճիշտ չեմ համարում: Ձեր հարցումը անպատասխան չթողնելու համար, միայն կարող եմ ասել` Տեր-Պետրոսյանի չափից ավելի ենթարկվող, Քոչարյանի չափից ավելի կոպիտ եւ Սարգսյանի չափից ավելի անորոշ գործելոճը իրենց չեն արդարացրել:

— Ըստ Ձեզ` ի՞նչ դեր ունեն արտաքին ուժերը ՀՀ ներքին խնդիրներում եւ հասարակական մոբիլիզացիայի գործում. իսկ իշխանություն-ընդդիմություն համախոհությունը կարող է նվազեցնել օտարերկրյա միջամտությունը:
-Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների կոնկրետ պատկերացում չունենք: Սակայն, երկիրը լուրջ հարցերի դեմ հանդիման է կանգնած. Հայաստանը կորցրել է իր բնակչության, առնվազն, մեկ երրորդը: Ցանկացած փորձ, լինի դա երկխոսության ձեւով կամ հասարակական ուժի մոբիլիզացիայով, որ կարող է արգելակել արտագաղթը եւ քաղաքացուն իր վաղվա նկատմամբ վստահություն ներշնչել, օժանդակելու է ՀՀ պետականության ամրագրմանը, այլապես դեռ ավելի է աճելու արտաքին ուժերի ազդեցությունը երկրում, նրանք օգտվելու են նաեւ Հայաստանում առճակատումներից եւ լարվածությունից:

— 24 Ապրիլի առիթով, ի՞նչ պատգամ կուղղեք հայ ժողովրդին:
-Պատգամս այն է, որ Թուրքիայի նկատմամբ մեր իրավունքների հարցը չհավասարեցնել ցեղասպանության ճանաչման բարոյախոսության հետ: 1965-ին, Խորհրդային սահմանափակումների տարիներում, կես միլիոն հայություն Երեւանում բացականչեց` «Մեր հողերը», այսօր, անկախացած Հայաստանի օրերում, չասենք միայն` «մեր զոհերը» եւ անտեսենք նրանց երազանքը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: