Իրան-Հայաստան երկաթգծի նշանակութիւնը տարածաշրջանային գործընթացներում

by

iranahayer
22 April, 2011
Ասիան միացնել Եւրոպային

Գլոբալիզացման գործընթացներին զուգահեռ այսօր ակտիւօրէն ընթանում են նաեւ տարածաշրջանային ինտեգրման գործընթացներ, որտեղ իւրաքանչիւր երկիր փորձում է առաւելագոյն չափով ներգրաււած լինել տարբեր քաղաքական եւ տնտեսական միութիւններում ու դաշինքներում: Այդ զարգացումներից զերծ չեն նաեւ Իրանը եւ Հայաստանը: Այսօր Հայաստանի եւ Իրանի տնտեսական քաղաքականութիւնները ուղղւած են տնտեսական համագործակցութեան ակտիւացմանը, տարածաշրջանային անվտանգութեան ամրապնդմանը, տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերում ընդգրկմանը:
Յօդւածում հիմնականում ուշադրութիւն կը դարձնենք հետեւեալ հարցերի վրայ` երկաթգծի նշանակութիւնը տարածաշրջանում, Ռուսաստանի, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները տւեալ նախագծի վերաբերեալ, երկաթգծի դրական ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան եւ Իրանի համար:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս Իրանը, այնպէս էլ Հայաստանը գտնւում են իւրօրինակ աշխարհաքաղաքական շրջապատման մէջ եւ դա կարող է աւելի մերձեցնել ու համադրել մեր պետութիւնների շահերը: Ընդհանրապէս Հայաստանի եւ Իրանի համագործակցութիւնը կարելի է համարել յաջողւած եւ զարգացման նոր հեռանկարներ խոստացող, այդ տեսակէտից, Իրան-Հայաստան երկաթգիծը Հայաստանի եւ Իրանի համար ունի ռազմավարական նշանակութիւն եւ դրա արդիւնաւէտութիւնը կասկած չի յարուցում: Եթէ Հայաստանը ցամաքային երկիր է, գտնւում է շրջափակման մեջ երկու հարեւան երկրների կողմից եւ ցանկանում է դէպի ծով դուրս գալու կայուն հնարաւորութիւններ ունենալ երկաթգծի միջոցով, ապա Իրանի համար այն աւելի շուտ այլընտրանքային նոր ուղի է, որը Իրանի ռազմավարական դերի մեծացման տեսակէտից մեծ նշանակութիւն է ունենալու: Այսինքն, իրանահայկական երկաթգիծը նպաստելու է թէ՛ երկու երկրների տնտեսութիւնների խթանմանը, թէ՛ տարածաշրջանում Իրանի եւ Հայաստանի ռազմավարական նշանակութեան բարձրացմանը:
Ընդհանուր առմամբ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը տարածաշրջանի համար կունենայ`
1. Հաւասարակշռող նշանակութիւն, որը կը չափաւորի Կարս-Ախալքալաք-Բաքու, ինչպէս նաեւ Նախիջեւան-Կարս երկաթգծերի ազդեցութիւնը:
2. Համագործակցութեան նշանակութիւն` այն կը նպաստի Իրանի եւ Հայաստանի տնտեսութիւնների, ինչպէս նաեւ Ռուսաստանի տնտեսութիւնների միջեւ յարաբերութիւնների ամրացմանը եւ աշխուժացմանը:
3.Զուտ տնտեսական նշանակութիւն` երկաթգծի շինարարութիւնը եւ շահագործումը ապահովելու են հանրապետութեան տարեկան համախառն ներքին արդիւնքի եւ բիւջէի մուտքերի աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, տնտեսական կեանքի աշխուժացում:
4. Տարածաշրջանին տնտեսական զարգացում ապահովող նշանակութիւն` այն Հայաստանին եւ Իրանին որոշ հարեւան երկրների տնտեսութիւնների զարգացման համար դրական նշանակութիւն կունենայ, մասնաւորապէս կը նպաստի Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի առեւ-տրատնտեսական յարաբերութիւնների եւ տրանսպորտային բեռնափոխադրումների աշխուժացմանը:
5. Միաւորող նշանակութիւն` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կը միաւորի Իրանի երկաթուղային համակարգը Հայաստանի երկաթուղային համակարգի հետ, ինչը հնարաւորութիւն կը տայ Իրանին եւ այլ ասիական երկրներին Վրաստանի սեւծովեան նաւահանգիստների միջոցով, իսկ հետագայում նաեւ Թուրքիայի տարածքով աւելի ապահով եւ ձեռնտու ելք ապահովել դէպի Եւրոպա: Հայաստանը իր հերթին ելք կունենայ Իրանով դէպի Պակիստան եւ Հնդկաստան, ինչպէս նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներ, այնտեղից Ռուսաստան եւ Չինաստան: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Հայաստանին թոյլ կը տայ դուրս գալ Կասպից ծով եւ Պարսից ծոց` դրանով վերացնելով տրանսպորտային կախւածութիւնը Վրաստանից: Նշենք, որ ներկայումս կառուցւում է երկաթգիծ, որը Չինաստանից Կենտրոնական Ասիայով միանում է Իրանի երկաթուղային համակարգին, ինչով հնարաւորութիւն է ստեղծում Իրանին Եւրոպայից դէպի Չինաստան` երկաթ-գծով դառնալ միջանցք:
6. Անվտանգութիւն ապահովող նշանակութիւն` կը մեծանայ Հայաստանի եւ Իրանի տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական անվտանգութեան մա-կարդակը, դրանով հանդերձ նաեւ տարածաշրջանի անվտանգութեան մակարդակը: Ադրբեջանից եւ Թուրքիայից Իրանի կախւածութիւնը նոյնպէս կը նւազի:
7.Կայունութիւն ապահովող` ստեղծելով տրանզիտային հաւասարակշռութիւն` կը մեծանայ նաեւ տարածաշրջանի կայունութիւնը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը կը հրաժարւեն շրջափակման միջոցով Հայաստանին կոտրելու քաղաքականութիւնից: Արդիւնքում կարող են ընթանալ դրական գործընթացներ` օրինակ աւելի շուտ կապաշրջափակւի թուրք-հայկական սահմանը:
Այսպիսով, երկաթգծի կառուցումը լուրջ տարածաշրջանային նշանակութիւն կունենայ եւ նպատակ է հետապնդում կապելու ասիական երկրները Եւրոպայի հետ` հանդիսանալով դեռեւս օրակարգում գտնւող Հիւսիս-Հարաւ տրանսպորտային նախագծի մի օղակը: Այսինքն Հայաստանը շանս կունենայ դառնալու հանգոյց` իր նշանակութեամբ դառնալով Եւրասիական համագործակցութեան կարեւորութեան բաղա-դրիչներից մէկը:

Սարգիս Մանուկեան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: