Եհովայի եւ Բենթլիի վկաները

by

լրագիր
16.05.2011

Մալաթիա Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցած միջադեպը վրդովեցրել է Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասին եւ Հայ Առաքելական եկեղեցուն: Ըստ տարածված տեղեկատվության, մի խումբ Եհովայի վկաներ եկեղեցական արարողության ժամանակ մտել են եկեղեցի եւ սկսել են քարոզը: Երբ եկեղեցու հոգեւոր հովիվը մոտեցել է նրանց եւ դուրս հրավիրել, առաջացել է վեճ, Եհովայի վկաներն աղմկել են եւ ծեծել հոգեւորականին:

Միջադեպն իհարկե տհաճ է եւ դատապարտելի: Անշուշտ, շատ կարեւոր են մանրամասները, թե ինչը ինչպես է տեղի ունեցել, ինչը ինչից հետո: Այդ ամենը թող պարզի քննությունը, եթե իհարկե այն կլինի անաչառ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը երբեք չի թաքցրել իր առանձնահատուկ մոտեցումը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ: Ընդ որում, ոչ թե միայն այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ մոտեցման համեմատ առանձնահատուկ, այլ առանձնահատուկ նաեւ հասարակության հանդեպ իր մոտեցման համեմատ:

Ահա այդ իրողությունն առաջացնում է հավանականություն, որ միջադեպը կարող է քննվել կողմնակալությամբ, փորձելով իրավական հիմքերի ձեւավորման միջոցով ձեւավորել նաեւ Եհովայի վկաների եւ այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ հասարակական գրոհի բարոյական հիմքեր, դրա հետ միաժամանակ նաեւ այդպիսի հիմքեր ստեղծել Հայ Առաքելական եկեղեցուն ինչ որ հարցերում քննադատող քաղաքացիների, հանրային խմբերի համար: Արդեն իսկ նկատելի են բազմաթիվ արձագանքներ, որոնց հեղինակները տեղի ունեցած միջադեպը համարում են Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ ասենք մամուլում հնչող անխնա քննադատության հետեւանք:

Կասկած չկա, որ տեղի ունեցածը դառնալու է այդօրինակ լայնածավալ քաղաքականության առիթ: Բանն այն է, որ իր հանդեպ քննադատությանը Հայ Առաքելական եկեղեցին համարժեքորեն հակադարձելու ռեսուրս չունի: Մնում է ապավինել այդպիսի առիթների եւ փորձել կոնկրետ քննադատությունը տեղափոխել վերացական պատմաբարոյագիտության եւ խրատա-փիլիսոփայական վերացական, ընդհանրական ոլորտ:

Իրականում, եթե երկրում այլ կրոնական կազմակերպությունները ակտիվանում են, իսկ ինչ որ տեղ նաեւ ագրեսիվանում, դա ընդամենը Հայ Առաքելական եկեղեցու պահվածքի հետեւանք է: Որեւէ մեկը չի կարող ասել, օրինակ, որ մամուլում եկեղեցու հանդեպ քննադատությունն ավելի շատ է, քան կրոնական այլ կազմակերպությունների, աղանդների հանդեպ քննադատությունը:

Օրինակ, Հայաստանի ամենազանգվածային լրատվամիջոցների` հեռուստատեսությունների եթերում գրեթե իսպառ բացակայում է եկեղեցու հանդեպ որեւէ քննադատություն: Փոխարենը հեռուստաեթերում կա մի ամբողջ հեռուստաալիք, որը եկեղեցու քաղաքականությունն է քարոզում: Թե այդ, թե այլ հեռուստաալիքներով պարբերաբար հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, հեռուստառեպորտաժներ են ցուցադրվում աղանդների բացասական գործունեության, մարդկանց կյանքի եւ հոգեբանության համար վտանգավոր հետեւանքների եւ այլնի մասին:

Տպագիր մամուլում եւ ինտերնետային տիրույթում Հայ Առաքելական եկեղեցու գործունեության մասին հնչող քննադատությունը ընդամենը կաթիլ է այն քարոզչության եւ այլ կազմակերպությունների քննադատության ծովում, որ առկա է ամենամասսայական լրատվամիջոց հանդիսացող հեռուստաեթերում: Բայց արի ու տես, որ տեղի է ունենում հակառակը` այլ կրոնական կազմակերպությունների հետեւորդներն ավելանում են, այդ կազմակերպություններն ակտիվանում են: Հետեւաբար, առնվազն մոլորություն, միամտություն, կամ էլ ջայլամի քաղաքականություն է այն մեղադրանքը, թե քննադատում եք եկեղեցուն եւ ակտիվացնում աղանդներին:

Այդ մասին խոսողներն օրինակ, լավ կանեն այցելել մոտ ու հեռու գյուղեր, որտեղ բացի հեռուստապետականությունից, մամուլի որեւէ այլ ուղղություն հասանելի չէ: Այդ գյուղերում գաղափար անգամ չունեն եկեղեցու հասցեին քննադատության մասին, բայց գյուղերն ամբողջությամբ անցել են կրոնական այլ կազմակերպությունների “տիրապետության” տակ: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին գերադասում է իր տիրապետությունը հաստատել Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում. որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին գերադասում է հասարակության կյանքով ապրելու փոխարեն հասարակությանը ասել` նվերներն իմ անձնական կյանքն են, մի խառնվեք դրանց. որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցուն չգիտես ինչու գերադասում են թանկարժեք մեքենաներ նվիրել` Կաթողիկոսին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդին, քան թե միջոցներ հատկացնել ասենք որեւէ գյուղում եկեղեցի-հասարակություն շփումն արդիականացնելու համար: Իսկ գուցե այդպիսի նվերներ են անում, որովհետեւ հենց այդպիսին է եկեղեցու պահանջարկը:

Քանի դեռ Հայ Առաքելական եկեղեցին հասարակության փոխարեն գործարքի մեջ է իշխանական եւ օլիգարխիկ շրջանակների հետ, քանի դեռ եկեղեցին ոչ թե փորձում է այդ շրջանակներին տանել դեպի հասարակություն, այլ անում է հնարավորը, որ հասարակությանը թույլ չտա հասնել այդ շրջանակներին` եկեղեցին դարձնելով նրանց զրահ, Հայաստանում միշտ էլ պարարտ հող է լինելու կրոնական այլ կազմակերպությունների աշխույժ եւ արդյունավետ գործունեության համար:

Հայ Առաքելական եկեղեցին չի փորձում ապրել հանրության խնդիրներով, այլ փորձում է հանրությանը պարտադրել իր խնդիրները: Եկեղեցին հասարակության խնդիրն իրենը չի համարում, փոխարենը հասարակությանը փորձում է քարոզել, որ իր խնդիրը հասարակության խնդիրն է. “եթե ես խնդիրներ ունենամ, ուրեմն խնդիրներ կունենաս նաեւ դու” , մոտավորապես սա է եկեղեցու դիրքորոշումը հանրության հանդեպ:

Մինչդեռ, իրավիճակը, պատճառահետեւանքային կապը լրիվ հակառակն է. որքան շատ խնդիր ունենա հասարակությունը, այդքան եկեղեցին է խնդիրներ ունենալու, եթե հանրության խնդիրներն իրենը չհամարի:

Երբ իշխանությունը ծեծում է ու սպանում քաղաքացիներին հանրահավաքների ընթացքում, ոստիկանության բաժանմունքներում, երբ քաղաքացիներին ծեծում են օլիգարխների թիկնապահները, շահագործում են նրանց իրենց ձեռնարկություններում, պարտադրում են քվեարկել իրենց ուզած ձեւով, երբ եկեղեցին չի փորձում քրիստոնեական օրենքով կանգնել աշխարհիկ անօրինություններից տուժող հասարակության կողքին, ապա ամենեւին էլ չպետք է զարմանա, որ հանրության մի զգալի, կամ գուցե ավելի ու ավելի զգալի մաս հրաժարվում է իր կողքին կանգնելուց:

Ի դեպ, դա ամենեւին չի նշանակում, որ հասարակությունը Հայ Առաքելական եկեղեցու փոխարեն ընտրում է կրոնական այլ կազմակերպություն կամ աղանդ: Զգալի մի մաս իհարկե ընտրում է, բայց կա նաեւ զգալի մաս, որ ոչինչ էլ չի ընտրում, այլ պարզապես հավատում է Աստծուն, չհավատալով որեւէ կրոնական կազմակերպության, որովհետեւ Աստված մարդուն է Իր պատկերով եւ նմանությամբ ստեղծել, ոչ թե որեւէ կրոնական կազմակերպության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: