tert.am
15.05.2011
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրել էր, որ Ղրղըզստանում ապրող համշենահայերի ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Համշենահայերի հայրենադարձության հարց եղել է նաև 1984թ.«Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կրոնափոխ համշենահայերի հայրենադարձության նախաձեռնություն եղել է դեռևս 1984թ.:
Սերգեյ Վարդանյանը պատմեց, որ խորհրդային տարիներին ևս Ղրղըզստանի կրոնափոխ համշենահայերը ցանկանում էին բնակություն հաստատել Հայաստանում։ «Նրանք, իհարկե, կուզեին գնալ Աջարիա, որտեղից աքսորվել էին 1944-ին, սակայն Վրաստանը նրանց չէր ընդունում», — նշեց նա։
Ներկայացնելով Ղրղըզստանի համշենահայերի համայնք իր այցելությունը՝ նա նշեց, որ վերադարձին նախաձեռնությունը ներկայացրել էր պատկան մարմիններին և լրատվամիջոցներին խնդրել էր պահպանել խոհեմ լռություն՝ գործին չխոչընդոտելու և այդ մարդկանց՝ իրենց տարածքում ավելորդ հարվածի տակ չդնելու համար։ Սակայն հասարակության լայն շրջանակներում քննարկվում էին «վերադարձի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են՝ Երևանում նրանց համար մզկիթ կառուցելը և այլն»։ «Ասում եմ՝ նրանք այնտեղ էլ շատ գյուղերում մզկիթ չունեն: Դե, Խորհրդային Միություն էր՝ եկեղեցիները, մզկիթները շատ տեղերում արգելված էին, իսկ այստեղ շարունակում էին քննարկել հավանական և անհավանական վարկածներ: Ցանկացած գործ, երբ դեռ չես արել, բարոյական իրավունք չունես այդ մասին հայտարարել»,- ասաց Սերգեյ Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ հնարավոր չէ կանխատեսել, թե Ղրղըզստանի համշենահայերից քանիսը կկամենա վերադառնալ, քանի որ կան նաև խառնամուսնություններով ընտանիքներ, և դժվար է թողնել ընտանիքի կեսը, բնակության վայրը և այլն։ Նրանց մի մասի ազգականները բնակվում են Կրասնոդարի, Ռոստովի և Վորոնեժի մարզերում և ոմանք ցանկանում են մեկնել այնտեղ: «Մարդիկ 1944-ից՝ այսինքն արդեն յոթ տասնամյակ ապրում են Ղրղըզստանում և տուն-տեղ թողնել-գալը բոլորի համար հեշտ չի լինի։ Բայց արդեն իսկ հայտարարվում է հնարավոր ամենամեծ թիվը՝ 200 ընտանիք. այնտեղ հենց այդքան կրոնափոխ համշենահայ ընտանիք կա, և հայտարարվում է, թե նրանք գալիս են։ Իսկ բարձրացված այս աղմուկից հետո, բնականաբար, այնտեղ կընկնեն նրանց տների գները, գույքը դժվար կլինի վաճառել, մարդիկ իրապես կկանգնեն խնդիրների առաջ»,- նշեց նա։
Ադրբեջանը հասցրել է օգտվել բարձրացված աղմուկից
Սերգեյ Վարդանյանը շեշտեց, որ չարված գործի շուրջ բարձրացված այս աղմուկից արդեն իսկ հասցրել է օգտվել Ադրբեջանի իշխող կուսակցությունը՝ նամակ հղելով ԵԱՀԿ համանախագահներին, թե Հայաստանը փորձում է վերաբնակեցնել «գրավյալ տարածքները»։ Նա ասաց, որ Թուրքիան արդեն քանի տարի է՝ Արևմտյան Հայաստանի տարածքում բնակեցնում է Միջին Ասիայից ու Աֆղանստանից հրավիրված տարբեր ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների, բայց այդ մասին ոչ մի աղմուկ չի բարձրացնում: Վարդանյանը նշեց նաև, որ Թուրքիան բավականին ազդեցիկ լծակներ ունի Միջին Ասիայի հանրապետություններում, որոնցում ակտիվ գործում են թուրքական մի շարք կազմակերպություններ, որոնք կփորձեն խանգարել այս վերաբնակեցմանը:
«Ես համշենահայերի խնդիրներին ծանոթ եմ արդեն տասնամյակներ՝ տարբեր երկրներում այցելել եմ այդ մարդկանց, զրուցել եմ նրանց հետ, նրանց մասին արդեն 7 տարի է հրատարակում եմ ամսաթերթ, ծանոթ եմ Ռուսլան Կարաբաջակովին, ով եկել էր Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և Ղրղըզստանի համայնքին ներկայացնելու համար, որպես հին ծանոթներ հանդիպեցինք և զրուցեցինք, նրան նվիրեցի 2009 թ. լույս տեսած իմ գիրքը` «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը», որում տպագրվել էին նաև նրա և ծնողների լուսանկարները: Շատ հուզվեց: Մեծ ցավ եմ ապրում, որ խորքային խնդիրների նկատմամբ զանգվածային լրատվամիջոցները ցուցաբերում են այսքան մակերեսային վերաբերմունք: Դա վնասում է ցանկացած գործի»,- ասաց Ս. Վարդանյանը:
Սփյուռքի նախարարությունը որևէ դիմում չի ստացել
Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Սփյուռքի նախարարությունում ասացին, որ իրենց ոչ ոք չի դիմել համշենահայերի վերադարձի հարցով: «Մեզ հետ ոչ ոք նման բան չի քննարկել և այդ տեղեկատվությունն ու դրա ծրագրի ընդգրկումը կամ ֆինանսավորումը ես չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարաձության բաժնի պետ Արսեն Հակոբյանը։ Նա տրամադրեց 2003թ. պաշտոնական տվյալներ՝ ըստ որոնց, Ղրղըզստանում ապրում են 1364 հայ և 1500 մուսուլման համշենահայեր։ «Նրանց կողմից պաշտոնական դիմում, հայրենադարձության որևէ ծրագիր մենք չենք ստացել»,- կրկնեց նա։
Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը պետք է օգտագործի համշենահայերի՝ հայկական արմատներին վերադառնալու ցանկությունը, նրանց մեջ ազգային ինքնագիտակցության զարթոնքը և վերաինտեգրի նրանց հայությանը։
30 Մայիսի, 2011, ժ. 12:21 ա. |
“Պետք չէ աղմուկ բարձրացնել կրոնափոխ համշենահայերի վերադարձի հարցում”
I would say just the qontrary,fussing about this subject will bring more non Christian Armenians into our region, and will keep the dogs in fear.