Հոգեբանական ահռելի արտագաղթ

by

lragir.am
21.05.2011

Շատ է խոսվում եւ շատերն են խոսում Հայաստանում արտագաղթի վտանգավոր չափերի հասնելու մասին: Հայաստանը դատարկվում է, եւ դատարկվում է բավական արագ տեմպերով: Բայց արտագաղթի համատեքստում մենք միայն ուշադրություն ենք դարձնում այսպես ասած ֆիզիկական արտագաղթի վրա, այսինքն այն իրողության, երբ մարդիկ հեռանում են եւ իրենց հետ տանում նաեւ ընտանիքի անդամներին:
Մինչդեռ Հայաստանում կա արտագաղթի մեկ այլ, թերեւս ոչ պակաս կարեւոր մի շերտ, որի վրա չի կարելի ուշադրություն չդարձնել: Խոսքը բարոյական, հոգեբանական արտագաղթի մասին է, երբ մարդը ֆիզիկապես Հայաստանում է, ոչ մի տեղ չի գնացել, նույնիսկ շրջանից Երեւան չի եկել, բայց բարոյապես, հոգեպես նա վաղուց է արտագաղթել Հայաստանից:

Արտագաղթի այդ տեսակը իր չափերով անհամեմատ գերազանցում է ֆիզիկական արտագաղթին: Եվ այդ չափերը պակաս վտանգավոր չեն պետության ապագայի համար, քան ֆիզիկապես հեռացողների թիվը:

Որեւէ պետություն չի կարող ամուր, հեռանկարային, մրցունակ լինել, երբ այդ պետության քաղաքացին, այդ պետությունում ապրող մարդը ֆիզիկապես երկրում է, իսկ մտովի, հոգեպես, բարոյապես նա ոչ մի կապ արդեն չունի երկրի հետ, այդ կապերը կորցրել է, կորցրել է հույսը, որ կարող է իր երկրում ապրել, ապագա ունենալ, ապագա ապահովել իր զավակների համար:

Եթե պետությունը գրավիչ չէ իր քաղաքացու համար, եթե քաղաքացին իր պետության մեջ է մնացել ընդամենը հեռանալու հնարավորություն չունենալու պատճառով, ապա այդ մնալն արդեն պետական անվտանգության տեսանկյունից որեւէ նշանակություն չունի:

Մինչդեռ ում համար է գաղտնիք, որ Հայաստանում այդպիսի մարդկանց թիվը ահռելի մեծ է, ինչը պայմանավորված է երկրում տիրող սոցիալական անարդարությամբ, իրավական ամենաթողությամբ, կոռուպցիայով, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհների առկայությամբ, ինչն էլ պաշտպանվում է քաղաքացու հանդեպ բռնացող ոստիկանությամբ, բանակով, որոնք պետք է որ քաղաքացուն պաշտպանեին իր պետության մեջ, մինչդեռ իր պետության մեջ հալածում են քաղաքացուն:

Այդ խնդիրը շատ լուրջ է, որովհետեւ քաղաքացիով է պետությունը պետություն: Բայց ոչ թե քաղաքացու թվաքանակով, այլ հոգեվիճակով, տրամադրությամբ, տրամադրվածությամբ, մտածողությամբ:

Հայաստանում թերեւս դա պետք է շատ ավելի լավ գիտակցվեր, որովհետեւ մեր իսկ օրինակով ենք դրան եղել ականատես: 1990-ականների առաջին կեսին, Ղարաբաղի պատերազմի տարիներին, պետության վիճակը անհամեմատ ավելի ծանր էր, ֆիզիկական արտագաղթի ծավալներն անհամեմատ ավելի մեծ, բայց պետությունը, որպես հասարակության հավաքական միավոր, որպես հասարակության գործիք, շատ ավելի ուժեղ էր, քան այժմ, որովհետեւ ուժեղ էր քաղաքացին, ուներ այլ հոգեվիճակ, ուներ այլ տրամադրվածություն, այս պետության հետ ուներ կապող երազանքներ, ապագայի տեսլական, ներկայի հասկանալի նպատակներ եւ թիրախներ, որովհետեւ քաղաքացին բարոյապես արտագաղթած վիճակում չէր:

Եվ հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ պատերազմում հասնել հաջողության, չնայած պետության չափազանց ծանր սոցիալ-տնտեսական վիճակին եւ անասելի մեծ թվով ֆիզիկական արտագաղթին: Դա հենց վառ վկայությունն է այն բանի, որ արտագաղթն իր ֆիզիկական իմաստով փաստացի այդքան սարսափելի չէ, որքան բարոյական, հոգեբանական արտագաղթը, որը Հայաստանում ներկայումս հասել է ահռելի չափերի եւ որը պահանջում է կանխարգելիչ անհապաղ քայլեր:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: