Ուսմունքները ու գաղափարախոսություններն գալիս ու գնում են, մնայունն ու հավերժականը ազգն է:

by

idefacto.am
31.05.2011
Մարի Բարսեղյան-Խանջյան

Միսիոներությունը կամ մշակութային և կրոնա-դավանանքային գաղափարներ տարածելու առաքյալությունը նորություն չէ։ Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին հելլենիստական մշակույթը և նրա վերնաշենքը համարվող դիցարանը հրով ու սրով արտահանում էր Արևելքի երկրներ։ Մեզ առավել ծանոթ և ընկալելի է Քրիստոսի և նրա աշակերտների գաղափարախոսական առաքյալությունը, որը հետագայում կրոն դարձավ։ Հետո, երբ այս նոր ուսմունքը հաստատվեց Մերձավոր Արևելքի և Արևմուտքի որոշ ազգերի մեջ, քաղաքական որոշակի նկատառումներով պայմանավորված, ժամանակի հզոր պետությունները` Հռոմը, Բյուզանդիան, Ավետարանի բնագրային ուսմունքը մեկնաբանեցին յուրովի։ Սա 451 թվականն էր։ Քրիստոնեական եկեղեցու առաջին խոշոր բաժանումն էր դա` արևելյան և արևմտյան թևերի։ Արևելյանի մեջ էին հայերը, ասորիները և ղպտիները, արևմտյանի մեջ` ուղղափառ հույները և նրանց միացած վրացիները, որոնք, Հայաստանի քաղաքական թուլացումը տեսնելով, առանց աչք թարթելու, անցնում են ուժեղի կողմը։ 451 թ. Հայ առաքելական եկեղեցին չի մասնակցում հունական Քաղկեդոն քաղաքում անցկացվող դավանաբանական քննարկում-վեճին, քանի որ նրա առաջ դրված էր իրական կրոնական վեճ պարսիկների հետ, որը հանգեցրեց ռազմական բախման։

Միջնադարում Հռոմն այնքան էր հզորացել, որ իր ռազմական հզորությունն ուզում էր ամրագրել նաև կրոնական անկախությամբ. 1054 թ. դավանաբանական նոր վեճ է ծագում ուղղափառ եկեղեցու ներսում և առաջանում է կաթոլիկությունը, ըստ էության` որպես նոր աղանդ։ Ավելի ուշ, կաթոլիկ եկեղեցու հոգևոր և քաղաքական ճնշումների հանդեպ Եվրոպայի որոշ ազգեր հակազդեցություն ցուցաբերեցին, և բողոքականությունը, ավետարանականությունը, ավելի ուշ` լյութերականությունը, առանձնանալով կաթոլիկությունից, ըստ էության, վերջինիս հանդեպ աղանդներ դարձան, քանի որ շատ թե քիչ շեղվել էին Ավետարանը մեկնաբանելու կաթոլիկների սկզբունքներից։ Այսօր վերը նշված դավանաբանական ուղղությունները համարվում են, այսպես կոչված, դասական ուսմունք և որպես աղանդ չեն ընկալվում։ 19-20-րդ դարերի ընթացքում քրիստոնեական կրոնի հիմքի վրա ստեղծված այլ մեկնաբանությունները, որ տասնյակների են հասնում, այսօր եվրոպական երկրներում համարվում են աղանդներ։
Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած պետության անվտանգությունն ապահովում են ոչ միայն բանակը, կայուն տնտեսությունը, այլև երկիրը բնակեցնող ժողովրդի գաղափարական, մշակութային և բարոյահոգեբանական միասնությունը։ Ազգի ներքին պառակտումը, լինի դավանաբանական, թե կուսակցական հիմքի վրա, հանգեցնում է պետության անվտանգության թուլացմանը։ Ի վերջո, անձը, որ ազգի մի մասնիկն է, չի կարող իր իրավունքներով և նեղանձնական շահերով ավելի վեր դասվել։ Ազգի իրավունքը բոլոր մարդկանց իրավունքն է։
Մինչդեռ շատերը սխալ են հասկանում «խղճի ազատության իրավունք» հասկացությունը. գուցե միտումնավոր սխա՞լ են մեկնաբանում։
«Խղճի ազատությունը», ըստ էության, հանդուրժողականություն է մեկ ուրիշի հավատի հանդեպ։ Ի՞նչ է սա նշանակում։ Որպես օրինակ վերցնենք բազմազգ և բազմակրոն Ռուսաստանը. քանի դար ուղղափառ ռուսների կողքին ապրում են կաթոլիկ լեհեր, մահմեդականներ, բուդդայականներ, առաքելական հայերը, և ո՛չ ռուսական իշխանությունները, ո՛չ ուղղափառ եկեղեցին կրոնափոխության պայման չեն դնում այդ ժողովուրդների առաջ։ «Խղճի ազատության» դասական դրսևորում է նաև Իրանում և Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների` դարերով իրենց կրոնը պահելու և անգամ նոր եկեղեցիներ կառուցելու իրավունքը։
Ի տարբերություն Հռոմի` Հայաստանում քրիստոնյա տեղացիների հանդեպ դաժան հետապնդումներ և հալածանքներ չեն եղել։ Ես նկատի չունեմ հարևան Հռոմից և Ասորիքից Հայաստան քարոզչության եկած Հռիփսիմյան կույսերին, պարթև Անակի որդի Գրիգորին` հետագայում Գրիգոր Լուսավորչին և Աբգար թագավորի, Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների ժամանակները։ Մեծ հաշվով դիցաբանական կայուն համակարգ և հավատ ունեցող երկիր թափանցած նոր ուսմունքի քարոզիչներին, բնականաբար, գրկաբաց չպետք է ընդունեին։ Պետությունը, իհարկե, պետք է կանխեր իր ժողովրդի հոգևոր պառակտումը, որը հղի է երկրի ու նրա պետականության անվտանգության թուլացմամբ, հետևաբար նաև կործանման վտանգով։ Հայոց դեպքում այդպես էլ եղավ։ 301 թ. պետականորեն քրիստոնեություն ընդունելուց 86 տարի հետո` 387 թվին, կատարվեց Հայաստանի առաջին բաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։
Երբևէ մտածե՞լ ենք մենք` հայերս, թե ինչու այդ կարճ ժամանակահատվածում այնքան թուլացանք, որ չկարողացանք պահպանել մեր անկախությունը։
Պատճառը ազգի երկփեղկված լինելն էր։ Եթե այդ ժամանակահատվածում գոնե քրիստոնեությունն ընդունած լիներ Մեծ Հայքի ողջ հայությունը, և ազգը լիներ միասնական իր հավատքով, դժվար թե այնքան թուլանար, որ հարևան պետությունները ոտնձգություն անեին նրա պետականության, ինքնիշխանության հանդեպ։ Բայց փաստն առկա է, և մենք պետք է խորհենք. որ երբ որևէ նոր ուսմունքի կամ դավանանքի ենք հետևում, պահպանո՞ւմ ենք մեր մեջ ազգայինը, արդյոք մեր ազգային և պետական շահը չե՞նք ստորադասում այդ ուսմունք-կրոնին կամ այսօրվա ընկալմամբ` աղանդին։ Կարծում եմ` մենք երկա՜ր դարեր, ցավոք, հիմա էլ, անհեռատեսորեն չենք խորանում հարցի` ճակատագրորեն չափազանց լուրջ լինելու մեջ։ Արևմտյան Հայաստանում 19-20-րդ դարերում միսիոներների քարոզած կաթոլիկություն, բողոքականություն և ավետարանականություն ընդունած, իսկ այսօր` մեր օրերում Հայաստանում զանազան աղանդներին հարած մեր ազգակիցները լրջորեն չեն մտածել և չեն պատկերացնում, թե որքան վտանգավոր է իրենց` Հայ առաքելական դավանանքից հեռանալը։ Ես համոզված եմ նաև (նոր աղանդներին հետևող բազմաթիվ մարդկանց հետ եմ զրուցել և բոլորը մեկ մարդու նման ասել են, որ, դե, զբաղմունք է, հետաքրքրություն է, նորություն է. վաղը կարող է մի նոր բան լինել, կամ պարզապես այլևս չհետաքրքրի, կթողնեն այդ աղանդը, կամ, ինչպես իրենք են ասում` «հավատքը»): Բայց դա այդպես չի լինում. դա մանկական խաղ չէ, որ ձանձրանաս կամ նեղանաս ընկերոջից, վերցնես քո խաղալիքները և հեռանաս։ Նրանք, ովքեր քեզ վրա փող են ծախսել, քեզ համար քարոզչություն կատարել, երեխաներիդ ամառանոց, ճամբար են ուղարկել, խմբակներ են կազմակերպել, նյութական և «բարոյական» օժանդակություն են ցուցաբերել, այդպես հեշտությամբ «չեն հրաժարվի» քեզանից. նրանք «ներդրում» են կատարել, հետևաբար, շահույթ պիտի ստանան։ Իսկ շահույթը քաղաքական է. թուլացնել ժողովրդի ներքին միասնությունը: Այստեղից ածանցյալ` կոտրել նրա դիմադրության ոգին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ բնության մեջ եղած ամեն շնչավոր և անշունչ առարկաների` բույսերի և անգամ անօրգանական նյութերի ինքնապաշտպանական` մի դեպքում բնազդը, մյուս դեպքում` տեսակի պահպանման զուտ ֆիզիկական օրենքները` նյութերի դիմադրության ձևով։
Ազգի միատարրությունն ու միասնականությունը կարևոր են և՛ զտարյունությունը պահպանելու հարցում, քանի որ այս դեպքում չի ընդհատվում ազգի ժառանգական շարունակականության շղթան։ Եթե ազգը ստեղծել է պետություն, որն իր ներկա և ապագա գոյության երաշխավորն է, ապա այդ նույն կառույցը` պետությունը, պետք է պաշտպանի ազգը` հենց իր իսկ հետագա գոյությունն ու զարգացումն ապահովելու համար։ Եթե որևէ ազգ չի հասկացել միատարր և միաբան լինելու հույժ կարևորությունն ու ապագա սերնդի հանդեպ ունեցած իր պատասխանատվությունը, ապա նա աներկբայորեն դատապարտված է ոչնչացման։ Իսկ ի՞նչ ենք արել, ի՞նչ ենք անում մենք` հայերս, գոնե վերջին երկու դարում. փորձենք հետ գնալ պատմության առապարներով։ 19-րդ դարում Օսմանյան Թուրքիայում եվրոպական միսիոներները, կարծես, աֆրիկյան-ավստրալական կամ մի այլ` «եվրոպացիների չափանիշներով» մշակութային ցածր մակարդակի վրա եղող ցեղերի մեջ էին հայտնվել և տարածում էին Քրիստոսի ուսմունքի լույսը։
Միսիոներները Հայաստանում բարեգործական և կրթական գործունեության անվան տակ հոգեորսություն էին անում` բառիս բուն իմաստով` առևանգելով հայ հավատացյալին առաքելական եկեղեցու ծխից։ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաները տնտեսական և քաղաքական ծանր պայմաններում էին ապրում, իսկ «անշահախնդիր օգնությունը» և լուսավորչական գործոնը փրկության օղակ էին դառնում, քանի որ հակառակ դեպքում մարդիկ հեռանում էին հայրենիքից։ Շատ հայեր, ընդունելով նոր դավանանքը, սկզբում չէին պատկերացնում, որ դրանով հեռանում են իրենց արմատներից։ Նրանց թվում էր, թե իրենք չափազանց շահեկան վիճակում էին, մանավանդ որ միսիոներները վստահեցնում էին նորեկներին, թե նրանց թիկունքում էին հզոր Վատիկանը, Անգլիան, Ֆրանսիան և այլն։ Հայտնի է, որ Օսմանյան կառավարությունը հանդուրժող չի եղել տեղաբնիկ քրիստոնյաների կրոնական նվիրվածության հանդեպ և ամեն կերպ կրոնական, քաղաքական և տնտեսական բնույթի հալածանքների էր ենթարկում նրանց` դրդելով հավատափոխ և լեզվափոխ լինելու։
Սակայն հատկանշական է, որ միսիոներական գործունեությունը չէր արգելվում։ Ի՞նչ տարբերություն. չէ՞ որ նրանք քարոզում էին ոչ թե մահմեդականություն քրիստոնյաների շրջանում, այլ քրիստոնեական դավանանքի մի ինչ-որ ուղղություն։ Մինչդեռ ցարական Ռուսաստանում արգելված է եղել միսիոներական առաքելությունը։ Ո՞րն էր այս հանդուրժողականության պատճառը։ Պետք չէ քաղաքագետ և հոգեբան լինել` հասկանալու թուրքական կառավարության այս «հանդուրժողականության» հեռահար նպատակները. դավանաբանական տարբեր ուսմունքների հետևող նույն ազգի ներկայացուցիչները արհեստականորեն հեռանում են մեկը մյուսից` եկեղեցական տոների և ծիսակատարությունների տարբերությունների և տարբեր ժամանակ դրանց կատարելու փաստով. եթե միադավան ազգն իր գյուղական կամ քաղաքային համայնքով եկեղեցական տոները և ազգային ծեսերը կատարում է համայնքովին, ապա բազմադավան հասարակության դեպքում հաճախ ազգակցական կապերով մոտ մարդիկ հայտնվում էին ոչ միայն տարբեր բևեռներում, այլև հաճախ անբարյացակամ հարաբերություններում, երբեմն նույնիսկ փոխադարձ անհանդուրժողականությամբ լցված։ Րաֆֆին իր «Կայծեր» վեպում փաստագրական ճշգրտությամբ նկարագրում է Արևմտյան Հայաստանի անգամ փոքրաթիվ գյուղերում և քաղաքներում միսիոներական քայքայիչ գործունեության և դրա տագնապալի հետևանքների մասին։ Գուցե արժե, որ մենք կրկին կարդանք Րաֆֆի և զուգահեռներ անցկացնենք 19-րդ դարի և մեր ժամանակների միջև։ Եթե վերանանք այն ժամանակաշրջանին բնորոշ նկարագրություններից, կթվա, թե մեր օրերի դավանափոխական եռուզեռի մասին է գրում Րաֆֆին։
Հայ ժողովրդի դավանաբանական պառակտումը Օսմանյան կայսրությունում և բուն Արևմտյան Հայաստանում այն շահն էր, որ մեզ համար անտեսանելի, բայց ծրագիրն իրականացնողների և այն իրականացնելու հնարավորություններ տվողի համար չափազանց բացահայտ և անգամ շոշափելի էր.
ա) Հայաստանն առանց հայերի,
բ) ցրել հայերին և օգտագործել նրանց մտավոր ներուժը. երկու ծրագրերն էլ 80-90 տոկոսով իրականացվել են։
Ես ուզում եմ անդրադառնալ նաև մեզ` հայերիս համար ցավոտ մի հարցի։ 1895-96 թթ. և 1915-23 թթ. հայերի կոտորածների և ընդհանրապես ցեղասպանության մասին խոսելիս հաճախ ներքին մի ընդվզում է արթնանում յուրաքանչյուր հայի հոգում. ինչո՞ւ հայերը ինքնապաշտպանության չեն դիմել, այլ պարզապես մորթվել են։
Պատկերացնենք գյուղական կամ քաղաքային մի հայ համայնք, որը տրոհված էր մի քանի դավանանքների` առաքելական, կաթոլիկ, ավետարանական և բողոքական։ Վերջիններիս միսիոներները վստահեցնում էին, որ նրանց սատար կկանգնեն, իսկ անհրաժեշտության դեպքում կպաշտպանեն թուրքական պետության բռնություններից իրենց եկեղեցիներն ու պետությունները։ Սակայն կոտորածների և տեղահանությունների ծավալները փաստում են, որ ոչ ոքի չեն խնայել, քանի որ ոչ ոք ոչ ոքի չի պաշտպանել։ Մինչդեռ այնտեղ, որտեղ հայերը եղել են միադավան կամ վտանգի պահին մի կողմ են դրել արհեստականորեն «պատվաստված» հավատը և դրսից օգնության ակնկալիք չեն ունեցել, հետևաբար եղել են նաև միակամ, գոնե քիչ զոհեր են տվել։
Կիլիկյան թագավորության շրջանում, երբ քաղաքական նկատառումներով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները փորձում են կաթոլիկություն պարտադրել հայերին, ժողովրդի մեծ մասն ընդվզում է և մերժում։ Սակայն մի մասն ընդունում է կաթոլիկություն, և երկրի ժողովուրդը դավանանքի հողի վրա պառակտվում է։ Կիլիկիան մենակ է մնում մամլուքների արշավանքների դեմ հանդիման։ Կիլիկիայի անկումը բոլորիս է հայտնի։
Ինչպես տեսնում ենք, Եվրոպային պետք չէր հզոր Կիլիկիան, այնպես, ինչպես Հռոմին և հետագայում Բյուզանդիային պետք չէր հզոր Հայաստանը։
Պարզվում է` ոչ ոք հզոր հարևան չի ուզում ունենալ։ Այս ծավալուն վերլուծությունը սոսկ մտավարժանք չէ։ Անկեղծորեն ասած` վաղուց էի ուզում անդրադառնալ Հայաստանում աղանդների այսպիսի աննախադեպ տարածվածությանը, բայց ամեն անգամ հետաձգում էի` կարծես սպասելով մի արտառոց դիպվածի։
Օրերս Հայ առաքելական եկեղեցու բակում հոգեորսություն անող երիտասարդ «քարոզիչների» անվայելուչ վարքագիծը և հայ քահանային ծեծելը նրանց անպատժելի լինելու վստահության մասին են վկայում։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են կարողանում 19-20 տարեկան երիտասարդներին այդպես վերափոխել և կտրել նրանց ազգային արմատներից, սովոր ավանդական ընկերական միջավայրից և դարձնել այդպես հեշտ կառավարելի։ Մինչդեռ նրանց տարիքը ինքնահաստատման, հաճախ անհնազանդ վարքագծով է բնութագրվում։ Այդ մասին պիտի խորհեն հենց այդ երիտասարդները։
Այսօր մեր փոքրիկ հայրենիքում աղանդավորների այնպիսի հոծ բանակ է ստեղծվել, որ տագնապ է հարուցում։ Եթե երիտասարդ տղան հրաժարվում է ազգային բանակում ծառայելուց` պատճառաբանելով, թե ատում է զենքը (զենքը, իսկապես սիրելի բան չէ), ապա բնական հարց է ծագում. իսկ ո՞վ պիտի պաշտպանի թշնամուց այդ երիտասարդին և նրա մորը, կնոջը, և վաղը` երեխաներին։ Ո՞Ւմ որդիներն են նրանց պաշտպանելու. խորհե՞լ են, արդյոք, այդ մասին նրանք և իրենց ծնողները։
Մի՞թե մեզ դաս չեն եղել 1915 թ. կոտորածների ժամանակ դավանանքային անմիաբանության պատճառով մարդկային զոհերն ու հայրենիքի կորուստը։
Ես ուզում եմ հարցնել և անկեղծ պատասխան ակնկալել իմ այն ազգակիցներից, ովքեր նոր հավատքի են գնացել կամ կարող են կանգնել այդ ճանապարհին. մեր պապերը ճի՞շտ էին արդյոք, որ նյութական օժանդակություն ստանալու համար 19-րդ դարում Արևմտյան Հայաստանում հարեցին բազմաթիվ դավանանքների և ազգի ու հայրենիքի համար բախտորոշ ժամին դիմադրության մեկ ընդհանուր հզոր ճակատ չկազմեցին մեր ընդհանուր թշնամու դեմ. չէ՞ որ այսօր Հայաստանում և սփյուռքում գրեթե չկա մի հայ, որ ցեղասպանության ենթարկվածների անմիջական սերունդը չլինի։ ՈՒրեմն, կորուստը բոլորինս է։
Հիշենք` գաղափարախոսություններն ու ուսմունքները գալիս ու գնում են, մնայունն ու հավերժականը ազգն է:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: