Չի բացառվում, որ հաջորդ ընտրություններին կունենանք նաև աղանդավոր «ընտրյալներ»

by

azg.am
28.05.2011
Ինգա Պետրոսյան

Աղանդավորական զանազան կազմակերպությունների համար Հայաստանը պարարտ հող է` հարմար անկյուն, որն արդեն իսկ ծառայում է նրանց հեռահար նպատակներին: Սկզբում սոցիալական ծանր պայմաններից դրդված` մարդիկ ընդգրկվում են աղանդավորական կառույցներում` ակնկալելով վերջիններից ֆինանսական աջակցություն, բայց ժամանակի ընթացքում միայն նյութական աջակցության կարիք զգացող քաղաքացիները ձեռք են բերում հոգեբանական կախվածություն աղանդավորական կառույցներից, որտեղ, ոչ ավել, ոչ պակաս, կատարում են «ուղեղների լվացում»:

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը երեկ «Հենարան» ակումբում նշեց, որ այս տարվա դրությամբ` հանրապետությունում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որից միայն 9 են պատկանում Հայ առաքելական եկեղեցուն, իսկ մյուսներն աղանդավորական կառույցներ են: Տարեցտարի աղանդավորներն ավելի ակտիվ ու ագրեսիվ են դառնում. ապացույցն օրերս Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվածն էր: Հաճախ կարծիքներ են հնչում, թե աղանդավորների դեմ եկեղեցին լավ չի պայքարում, դրա համար էլ դրանց թիվն ավելանում է, իսկ վարքագիծն ավելի սանձարձակ դառնում: Անդրադառնալով այս հարցին`ասուլիսի մյուս բանախոս` Շմավոն քահանա Ղեւոնդյանը հավելեց. «Հայ հոգեւորականներս պայքարում ենք ոչ թե ժողովրդի, այլ աղանդավորների գաղափարախոսության դեմ, որը ջլատում է երկրի պետականությունը: Հետեւաբար մեր մարտավարությունը փոխելու նպատակ չունենք»:

Բանախոսները համամիտ էին, որ փոփոխությունները պետք է արվեն օրենսդրությունում, պետք է մշակվի այնպիսի օրենք, որը ոչ միայն կզսպի, այլեւ հարկ եղած դեպքում կպատժի օրենքը խախտող աղանդավորին: Ալեքսանդր Ամարյանի խոսքով` աղանդավորական կառույցները դարձել են պետություն պետության մեջ. «Եվ այդ կառույցներն անպատժելի են, ինչից էլ օգտվում են աղանդավորները: Թեեւ նրանք անընդհատ բողոքում են, թե իրենց ճնշում են, սակայն իրականում նրանց ճնշողներ չկան»: Նշենք, որ աղանդավորական կառույցներն ունեն եւ իրավաբաններ, որոնք արտասահմանից լավ էլ «կլորիկ» գրանտներ են ստանում: Եվ օգտվելով օրենքի անկատարությունից ու քայքայիչ կառույցներին տրամադրվող «կլորիկ» գումարներից` աղանդավորները շարունակում են քարոզել հրապարակավ, մինչդեռ, ըստ Շմավոն քահանայի, օրենքով Հայաստանում հրապարակային քարոզչություն կարող է անել միայն Հայ առաքելական եկեղեցին: Աղանդավորները բացահայտ քարոզում են, սակայն օրենքը խախտելու համար նրանցից որեւէ մեկը չի պատժվում: Որպեսզի մոտավորապես պատկերացնենք, թե ինչպիսի բյուջեների հետ գործ ունեն աղանդավորները` Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրեց, որ միայն մորմոնների համաշխարհային բյուջեն կազմում է 40 միլիարդ դոլար:

Եթե մեզանում «Եհովայի վկաների» թիվն օրեցօր ավելանում է, ապա ի տարբերություն վերջիններիս` այստեղ մորմոններն իրենց թիվն ավելացնելու նպատակ ու ձգտում չունեն: Ըստ պարոն Ամարյանի` Հայաստանում 2000 մորմոնականներ կան, ու նրանց նպատակը բնավ հայերին իրենց աղանդի հետեւորդ դարձնելը չէ: «Ազգի» դիտարկմանը` իսկ ո՞րն է նրանց նպատակը, տեր հայրը պատասխանեց. «Այստեղ հետախուզություն կատարելը: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն ամեն տարի հաշվետվություն է տալիս ու դա անում է հենց մորմոնների հետախուզության հաշվին»: Ալեքսանդր Ամարյանն էլ տեղեկացրեց, որ մեր երկրում Միացյալ Նահանգները 70 մորմոն միսիոներ ունի: Նրանք այստեղ սովորում են հայոց լեզու, ուսումնասիրում մեր նիստուկացն ու կենցաղավարությունը, իսկ 2 տարի անց, երբ տեղափոխվում են իրենց բնակավայրը, այնտեղ նրանց բոլորին հաճույքով ընդունում են աշխատանքի հատուկ ծառայություններում: Պարոն Ամարյանի փոխանցմամբ` մորմոնների ղեկավարների ցանկում կա մի հաստիք, որն անպայման պետք է լինի դեսպանատան աշխատակից. «Մորմոնների հիմնական բազաներն այնտեղ են, որտեղ կան զորամասեր, օրինակ` Արտաշատում մորմոնական եկեղեցին գտնվում է հենց ռուսական սահմանապահ զորքերի կողքին` ընդամենը 200 մետր հեռավորության վրա»: Պարոն Ամարյանի տվյալներով` կրոնական կառույցների ղեկավարներն առաջիկա ընտրությունների առնչությամբ արդեն սկսել են բանակցել որոշ կուսակցությունների հետ, հետեւաբար չի բացառվում, որ հաջորդ ընտրություններին կունենանք նաեւ աղանդավոր թեկնածուներ ու «ընտրյալներ»: «Չի բացառվում, որ արդեն ունենք», հավելեց Շմավոն քահանան:

Աղանդավոր դառնալը, ըստ բանախոսների, դժբախտաբար, մեկ այլ տեսանկյունից եւս ձեռնտու է դարձել: Հայաստանը լքելու, օտար երկրում բնակվելու համար միայն Աստված գիտի, թե ինչ քայլերի ու հնարամտությունների են ընդունակ մարդիկ` ընդհուպ աղանդավոր կդառնան, որպեսզի ուրիշ երկրից կրոնական ապաստան խնդրեն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: